ՍԱՄՎԵԼ ՎԻՐԱԲՅԱՆ ԴԵՐԱՍԱՆԸ

Ա Ղ Ո Թ Ք
ՔՆԱՐԱԿԱՆ ՇԵՂՈՒՄ՝
ԱՌԱՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Աշնանային արևը հաճախ է ՙինքնամոռացության՚ մեջ ընկնում և զգում ես գարնան բույրը, ամռան հմայքը։ Տաք արևը նստում է ուսերիդ ու մոռանում ես, որ շուրջդ... աշուն է։ Բայց երբ կրկին վերագտնում է իրեն՝ շուրջ-բոլորքդ մառախլապատ է դառնում, սկսում բարակ անձրև մաղել։
Քայլում ես աշնանային քաղաքում և մայթեզրի ծառի ճյուղերից ծիկրակին տվող ու արդեն ՙքաղցրացած՚ արևի շողերով ես ջերմանում։
...Գեղեցի՛կ է աշնանային Ստեփանակերտը։ Ընդհանրապես, քաղաքը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին, բայց ուրիշ է աշնան փայլը՝ բազմագույն-բազմերանգ։
Քայլում ես մայթով ու անցորդներն այնքա՛ն ծանոթ են թվում, որ անցնելիս ուզում ես անպայման բարևել, բայց դիմացինի սառը հայացքը հանկարծ ետ է պահում քեզ։ Իսկ եթե փոքրիշատե հայտնի դեմք ես՝ ամենուր շոյվում ես ծանոթ-անծանոթ հայացքներից։
...Նա սիրում էր ճեմել իր հարազատ քաղաքի փողոցներով, Ազատամարտիկների պողոտայով իջնել ներքև՝ գլխի թեթև շարժումով պատասխանելով անցորդների բարևին, իսկ հաճախ էլ՝ կանգ էր առնում, ժամերով զրույցի բռնվում։ Խոսում էր կյանքից, առօրյա հոգսերից, բեմից, բարեմաղթում լավն ու բարին և նոր հանդիպման ակնկալիքով հրաժեշտ տալիս զրուցակցին։
Այո, երիցս ճիշտ էր մեծ անգլիացին, երբ ասում էր, թե կյանքը բեմ է, մարդիկ դերասան, և ամեն մեկն իր դերը յուրովի խաղում անցնում է։ Կյանքի բեմից՝ մահվան կուլիսները։ Եվ ամեն մեկն իր խաղացած դերո՜վ է անմահության դափնիներ վաստակում։ Շատ հաճախ՝ նույնիսկ կենդանությա՜ն օրոք։ Ժողովրդի՜ կողմից։ Նա էլ՝ վաղուց ստացել էր իր մասնագիտական կոչումը։ Ժողովուրդը նրան հենց այդպես էլ կոչում էր՝ արտիստ Վիրաբյան։
Սամվել Միքայելի Վիրաբյանի համար հարազատ քաղաք էր Ստեփանակերտը, ուր ողջ գիտակցական կյանքն էր անցկացրել, արմատներ ձգել, զավակներ ու թոռներ ունեցել։


ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

ՍԿԻԶԲԸ

   ...Ցարական բանակի գեներալ, ղարսեցի Աղաջան Սուքիասի Վիրաբյանի և գյումրեցի գեղջկուհի Սաթենիկի տասներեք զավակներից ամենակրտսերը՝ Միքայելը, ծանր մանկություն է ունեցել։ Վաղ տարիքում զրկվելով ծնողներից, մեծացել է Գյումրիի ամերիկյան որբանոցներից մեկում։ Օնիկ Թաթոսի Կարապետյանը (ապագա մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը) և Հովհաննես Լևոնի Կարապետյանը (Ստեփանակերտի հայկական պետական դրամատիկական թատրոնի ապագա երկարամյա գլխավոր բեմադրիչը) Միքայելի որբանոցային ընկերներից են։ Ինքը՝ Միքայելը, կրթություն ստանալ չի կարողացել, հազիվ գրել-կարդալ է սովորել, բայց Վանաձորում ստեղծած իր ընտանիքում նա միշտ արթուն է պահել սերը արվեստի (մասնավորապես՝ թատրոնի) նկատմամբ։ Եթե մեկ-մեկ ժլատություն էլ է արել, ապա թատրոն հաճախելու համար չի խնայել ոչինչ, վերջին կոպեկն էլ տվել է երեխաներին, որ գնան հերթական ներկայացումը դիտելու։ Հաճախ ինն երեխաների հետ ինքն էլ էր գնում թատրոն ու հիանում դերասանների հմայիչ խաղով, երազում՝ իր փոքրիկներից մեկն ու մեկին տեսնել մեծ արտիստ դարձած։ Երեխաների համար հեքիաթներ, առակներ ու անեկդոտներ էր պատմում, իր բնատուր հրաշալի ձայնով երգում Սայաթ-Նովա ու Ջիվանի։

     ***
     Թատրոնի նկատմամբ տածվող հոր ջերմ սերն ավագ որդուն՝ Սամվելին փոխանցվեց։ Նա դպրոցական տարիներին թեև զբաղվում էր ազատ ոճի ըմբշամարտով, սամբոյով, ծանրաձողով, այլ մարզաձևերով, հոգու մի անկյունում թաքուն տեղ ուներ նաև արվեստի համար, ինչն էլ մի որոշ ժամանակ անց բացարձակվեց. հիմնական զբաղմունքն արդեն քանդակելն էր, նկարելը։ Դա էլ՝ հետո հոգեկան տարերքի վերածվեց։ Բայց հոր խոսքը՝ ՙթատրոնը դպրոցների դպրոցն է՚, փոխեց ամեն ինչ։
     Թատրոնը բարձրացավ նրա աչքում, դարձավ ամենաառաջնայինն ու ամենաանհրաժեշտն իր կյանքում։ Ու թեև միջնակարգն ավարտելուց հետո, 1966-ին, 16-ամյա պատանին մեծ ընտանիքի հոգսերը թեթևացնելու նպատակով այլ աշխատանքով էր վաստակում հանապազօրյա հացը, երեկոներն անց էր կացնում Վանաձորի քիմիական կոմբինատի ակումբում, մասնակցում Աշոտ Գևորգյանի թատերախմբի փորձերին։
     Որոշ ժամանակ անց թատերախումբը, որի լիիրավ անդամն էր պատանի Սամվելը, ժողովրդական թատրոնի կարգավիճակ ստացավ։ Իսկ հետո մետաքսաթելի գործարանի ժողովրդական թատրոնի բեմադրիչի կողմից հրավեր ստանալով՝ իր արժանի մասնակցությունը բերեց այդ թատրոնի կայացմանը։ Բայց երբ ուզում էր որպես դերասան աշխատանքի տեղավորվել Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, մայրը կտրականապես դեմ էր՝ հաշվի առնելով դերասանի չնչին աշխատավարձը։
     Հայրը, սակայն, պաշտպանեց որդուն.
      -Ա՜յ Վարդ, էս լակոտը ծնված պահից է դերասան...
     1968 թվականից Սամվել Վիրաբյանը սկսեց աշխատել Վանաձորի պետական թատրոնում։ Ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի հետ պետթատրոնին առընթեր թատերական ստուդիա հիմնադրեց և դարձավ առաջին սաներից մեկը, իսկ 1971-ին գերազանց գնահատականներով ավարտեց այն։
Ի դեպ, բոլոր շրջանավարտներն էլ, շնորհալի տղաներ ու աղջիկներ, ուզում էին շարունակել ուսումը բարձրագույնում։ Եվ ի հաճոյս բոլորի, նույն՝ 1971-ին, Վանաձորում, մանկավարժական ինստիտուտին առընթեր, բացվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի մասնաճյուղը՝ Ռաֆայել Ջրբաշյանի գլխավորությամբ, ով միաժամանակ դասախոսելու էր և՛ Երևանի մայր բուհում, և՛ Վանաձորի մասնաճյուղում։ Ստուդիայի բոլոր շրջանավարտները որոշել էին մասնաճյուղի ընդունող հանձնաժողովին դիմել լրիվ կազմով (15 հոգով), բայց Սամվելն իր համար հաստատ վճռել էր մեկնել Երևան։ Ու թեև ողջ դասարանով փորձում էին համոզել նրան, հատկապես, որ Վանաձորում ընդունելության ժամանակ այնպիսի մրցույթ չի լինի, ինչպիսին Երևանում է, բայց՝ ապարդյուն։
Սամվելն անդրդվելի էր։ Նա մեկնեց Երևան, գեղարվեստաթատերական ինստիտուտում գերազանց գնահատականներով հանձնեց ընդունելության վեց քննություններն ու 1971-72 թթ. ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից հրամանագրվեց որպես դերասանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող (660 դիմորդների համար այդ ֆակուլտետում միայն ութ տեղ էր նախատեսված)։
Ինստիտուտում նրան դասավանդում էին այնպիսի ճանաչված դեմքեր, ինչպիսիք էին պրոֆեսոր Սերգեյ Քոչարյանը, ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, գիտությունների ակադեմիայի թըղթակից-անդամ Ռուբեն Զարյանը, թատերագետ Լևոն Հախվերդյանը, շեքսպիրագետ, պրոֆեսոր Լևոն Խալաթյանը, մյուսները։
Սամվելը սովորում էր ջանասիրաբար և ընթացիկ քննությունները հանձնում գերազանց գնահատականներով։ Նա օր-օրի կատարելագործում էր իր արտիստական կարողությունները, հաջողությամբ մասնակցում ներկայացումներին, և անընդհատ արժանանում դասախոսների գովեստներին։ Միաժամանակ նկարահանվում էր և՛«Հայֆիլմում» («Рыжий самолет» գեղարվեստական ֆիլմում), և՛ հեռուստաներկայացման («Անձրև վաճառողը») մեջ։ (Ցավոք, այդ երկու գործերն էլ, Արցախ տեղափոխվելու պատճառով, մնացին կիսատ)։
Ռիչարդ Նեշի «Անձրև վաճառողը» պիեսի հիման վրա ստեղծված ներկայացման մեջ Ս. Վիրաբյանը Կարի էր խաղում և շատ լավ էր ստացվում։ Նրա խաղում վարպետության նշաններ կային, որոնք չէին կարող աննկատ մնալ դասախոսների կողմից։ Իսկ բացարձակ ինքնաբացահայտման հասավ Գ. Սունդուկյանի «Պեպոյում»։ Լսարանային քննության ժամանակ Պեպո խաղաց, իսկ պետականի ընթացքում, որպես դիպլոմային աշխատանք, Զիմզիմովի դերակատարմամբ հանդես եկավ։ Երկու դեպքում էլ հաջողությունն աննախադեպ էր, գովեստները՝ շռայլ։ Պրոֆեսոր Սերգեյ Քոչարյանի բեմադրության մեջ կերտած նրա Զիմզիմովը արվեստագիտության դոկտոր, ակադեմիկոս Ռուբեն Զարյանի կողմից բնորոշվեց որպես քանդակ։
-Քո տարիքի՜, քո փորձառությա՜ն, նոր-նոր արվեստի աշխարհ մտնող դերասանիդ համար հիշվելու արժանի, մեծագույն գնահատականի արժանի Զիմզիմո՜վ խաղացիր, ինչ-ինչ տեղերում՝ անգամ հիշեցնելով մեր բեմի մեծագույն վարպետներին,- բեմից հնչեց նրա ազդու խոսքը։
Այնուհետև՝ հարցով դիմեց ուսանողին.
-Ասա՝ տեսնեմ, դու քո այդ տարիքում ի՜նչ մեծություններ ես տեսել բեմի վրա։
-Ի՜նչ մեծություններ, չեմ հասկանում,- հարցին հարցով պատասխանեց Սամվելը։
-Այ, օրինակ, ասենք՝ բեմի վրա կամ կինոյում, տեսե՜լ ես Ավետ Ավետիսյանի խաղը։
-Ավե՜տն ով ա, տո՜,- վրա տվեց նա՝ լոռեցու անկեղծ ու միամիտ անմիջականությամբ, մատն Ավետի պես վեր տնկած։
Ե՜վ բեմում, և՜ դահլիճում՝ միաժամանակ պայթեց ծիծաղը։ Ռուբեն Զարյանը, մեղմ ժպիտը դեմքին, ծնողավարի գրկեց Սամվելի գլուխն ու կրծքին սեղմեց։
-Տղա՜ս,- ասաց նա,- իրոք, շատ լավ ես խաղացել։ Եթե ընտրել ես ա՜յդ ուղին՝ ոչ մի դժվարության առաջ կանգ չառնես։ Գիտեմ, ընտանիք ունես, երկու երեխայի հայր ես, բայց ընտանիքդ սիրելով՝ ամենադժվարին պահին էլ բեմը չթողնես։ Քո տեղը բեմի վրա է։ Քեզ՝ կանաչ ճանապարհ։ Թող բեմական ուղիդ հաղթանակներով լցվի...
Սամվել Վիրաբյանն ինստիտուտն ավարտեց 1976-ին, գերազանցության դիպլոմով։ Ավարտական ներկայացմանը ներկա էր նաև Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Գուրգեն Գաբրիելյանը, որի հրավերով էլ եկավ Արցախ։

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

ՀԱՄԱՌՈՏ ԱՆԴՐԱԴԱՐՁ՝
ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆԸ

...Դեռևս 1932-ի օգոստոսի 11-ին հանդիսատեսի դատին ներկայացված ՙՕղակում՚ (Վ.Վաղարշյան) պիեսի բեմադրությամբ իր ստեղծագործական դժվարին, բայց և պատվավոր ու պատասխանատու ուղին սկսած Ստեփանակերտի հայկական պետական դրամատիկական թատրոնն անցած տասնամյակների ընթացքում լուրջ հաջողություններ է ունեցել։ Թատրոնի հիմնադիր, արվեստի վաստակավոր գործիչ Կարո Սողոմոնի Ալվարյանը, ով Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցում աշխարհահռչակ Վահրամ Փափազյանի դասընկերն էր, կարողացավ կարճ ժամանակամիջոցում համարյա զրոյից թատրոն ստեղծել։ Նրան ըստ ամենայնի աջակցեց Ստեփանակերտ ժամանած շնորհաշատ դերասանուհի Աննա-Մելիքը (Աննա Մելիքսեթյան)։ Կ. Ալվարյանին հաջողվեց այնպես անել, որ արհեստավարժ դերասաններ Միքայել Կորգանյանը, Իվան Հովհաննիսյանը, Հմայակ Դանիելյանը, Գուրգեն Ջանոյանը, Արուս Ղազումյանը, Նինա Հովսեփյանը, Գուրգեն Գրիգորյանը, Հակոբ Մելոյանը, Լեոնիդ Ռշտունին, Մինաս Մինասյանը և շատ ուրիշներ չկարողացան մերժել իր հրավերն ու եկան Ստեփանակերտի նորաբաց հայկական թատրոնում աշխատելու։ Ի դեպ, թատրոնի ստեղծման երկրորդ տարում Ստեփանակերտ ժամանեց նաև Կ. Ալվարյանի աշխարհահռչակ դասընկերը, տեսավ ու հիացավ ընկերոջ աշխատանքով, ՙՊաղտասար աղբարում՚ Օգսեն խաղաց նրա հետ և հիացմունքով ասաց.
-Սիրելի՜ Կարո, այս Պաղտասարն էլ քո՜ Օթելլոն է1...
Աննա Մելիքի և Կ.Ալվարյանի հիասքանչ խաղընկերությամբ իր հանրահայտ Օթելլոն ներկայացրեց, Համլետ, Կորրադո, Դոն Ժուան խաղաց և արվեստասեր հասարակայնությանը հիացրեց իր արվեստով։ Վահրամ Փափազյանից առաջ, նույն՝ 1933-ին, Ստեփանակերտ էր ժամանել և Օթելլո խաղացել Բաքվի հայկական թատրոնի ճանաչված դերասան Ալեքսանդր Հովհաննիսյանը։ 1934-ի դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտ եկավ հայ բեմարվեստի նվիրյալ Իսահակ Ալիխանյանը ու մինչև հունվարի 13-ը բեմ հանեց Է. Վոյնիչի ՙԲոռը՚, Ս. Բաղդասարյանի ՙԱրյունոտ անապատը՚, Լ. Ֆուլդայի ՙՀիմարը՚ և Ա. Օստրովսկու ՙԱնմեղ մեղավորները՚, իսկ 1935-ի հուլիսյան Ստեփանակերտն ամբողջությամբ լցված էր Ժասմենով, ում ՙՍևիլն՚ անչափ հիացրել էր համանուն պիեսի հեղինակ Ջաֆար Ջաբարլուն.
-Ես հենց այդպիսին էի պատկերացնում իմ Սևիլին։ Ինչ լա՛վ է, որ Դուք կաք և շունչ ու կենդանություն տվիք իմ հերոսուհուն2,- հիացմունքով բացականչել է նա՝ դիմելով տաղանդաշատ ու հմայիչ դերասանուհուն։
Ի դեպ, 1930-ականների Բաքվի հայկական թատրոնում գործում էր հայ թատերարվեստի մի հիասքանչ աստղաբույլ։ Իսկ առանձին-առանձին՝ մի ուրույն թատերաշխարհ էին ներկայացնում Հովհաննես Աբելյանը, Վահրամ Փափազյանը, Ժասմենը, Ալեքսանդր Հովհաննիսյանը, Աստղիկ Երամյանը, Խորեն Հարությունյանը, ովքեր հաճախակի էին հյուրախաղերով լինում Ստեփանակերտում, հիացնում թատերասերներին, ոգևորում տեղի թատրոնի դերասաններին3։
Կ. Ալվարյանը, որոշակի ընդհատումներով, մինչև 1963 թվականը գլխավորել է թատրոնի գործունեությունը (1932-35 թթ., 1947-63 թթ.)։ Անցած տասնամյակների ընթացքում թատրոնի գեղարվեստական միտքն ուղղորդել են բեմադրիչներ Գուրգեն Թավրիզյանը  (1935-37 թթ., 1945-47 թթ.),  Բենիկ Բժիկյանը (1938 թ.), Հրայր Գրիգորյանը (1939-44 թթ.), Իվան Հովհաննիսյանը (1958-68 թթ.), Հովհաննես Կարապետյանը (1968-1979 թթ.), Ռեմ Սարգսյանը (1974 թ.), Արտաշես Հովսեփյանը (1979-82 թթ.), Լեոնիդ Հարությունյանը (1987-88 թթ., 1995-2008թ թ.), Անդրանիկ Գամջյանը (1991 թ.), Կարեն Աբրահամյանը (1994 թ.)4։ Առանձին պիեսների բեմադրություններով հանդես են եկել բեմադրիչներ Լևոն Երամյանը, Թադևոս Սարյանը, Ժիրայր Ավետիսյանը, Մանվել Ավագյանը, Վահե Շահվերդյանը, Ալֆրեդ Հակոբյանը և ուրիշներ։
Արցախի թատրոնի բեմում փայլատակել են տարբեր ժամանակներում հյուրախաղերով Ստեփանակերտ ժամանած բեմական այնպիսի աստղեր, ինչպիսիք են Հովհաննես Աբելյանը, Վահրամ Փափազյանը, Իսահակ Ալիխանյանը, Ժասմենը, Արուս Ոսկանյանը, Ալեքսանդր Հովհաննիսյանը, Ավետ Ավետիսյանը, Դավիթ Մալյանը, Կարպ Խաչվանքյանը և ուրիշներ։ Այստեղ իրենց բեմական կյանքն են իմաստավորել տաղանդաշատ դերասաններ Աննա Մելիքը, Միքայել Կորգանյանը, Գուրգեն Հարությունյանը, Արուս Ղազումյանը, Օվսաննա Սարիբեկյանը, Թամարա Մելքումյանը, Նինա Հովսեփյանը, Սուրեն Համզոյանը, Բենիկ Օվչյանը, Մարգո Բալասանյանը, Նվարդ Ասատրյանը, Մամիկոն Միքայելյանը, Զինավոր Գևորգյանը, Միքայել Հարությունյանը, Ժորա Մովսիսյանը և թատրոնի բազում այլ նվիրյալներ։
Ստեփանակերտի թատրոնում բեմական կյանք են ստացել ՙՕթելլո՚, ՙՀամլետ՚, ՙՁմեռային հեքիաթ՚, ՙԴոն Ժուան՚, ՙԿորրադո՚, ՙՍեր և խարդավանք՚, ՙԱվազակներ՚, ՙԲոռ՚, ՙՌուս մարդիկ՚, ՙՌուսական հարց՚, ՙԱնմեղ մեղավորներ՚, ՙՀացի խնդիր՚, ՙՍոս և Վարդիթեր՚, ՙՄելիքի աղջիկը՚, ՙՌուզան՚, ՙԳևորգ Մարզպետունի՚, ՙՄխիթար Սպարապետ՚, ՙՎարազդատ՚, ՙԱնահիտ՚, ՙՍամվել՚, ՙՊեպո՚, ՙԽաթաբալա՚, ՙՔանդած օջախ՚, ՙԷլի մեկ զոհ՚, ՙՔաոս՚, արտասահմանյան ու հայրենական բազմաթիվ հեղինակների դասական ու ժամանակակից հարյուրավոր ստեղծագործություններ։ Ստեփանակերտի թատրոնը միակն է հայ թատերարվեստի պատմության մեջ, որտեղ բեմադրվել են Ալեքսանդր Շիրվանզադեի բոլոր պիեսները5։
Անցյալ դարի 70-ական թվականներին միանգամայն հաստատուն դիմագիծ ուներ թատրոնը։ Բեմի վրա էր հանրաճանաչ դերասանների մի հրաշալի համաստեղություն՝ Թամարա Մելքումյան, Մարգո Բալասանյան, Սուրեն Համզոյան, Բենիկ Օվչյան, Նվարդ Ասատրյան, Մամիկոն Միքայելյան, Իվան Հովհաննիսյան, Շուշիկ Գրիգորյան, Վահան Առուշանյան, Գուրգեն Գրիգորյան, Բոգդան Բաբայան, Ասյա Սիմոնյան, Ժորա Մովսիսյան, Միքայել Հարությունյան, Զինավոր Գևորգյան, Ժաննա Գալստյան, Քաջիկ Հարությունյան, Արեգա Պետրոսյան,  Արմելա Առաքելյան, Ղարիբ Սարգսյան, Սամվել Եվրիյան, Ջուլյա Ստեփանյան, ուրիշներ։
Այդ համաստեղությունում իր ինքնատիպ փայլն ու ինքնադրսևորման ուրույն զգացողությունն ուներ Սամվել Միքայելի Վիրաբյանը՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի գերազանցության դիպլոմով շրջանավարտը, ով, 1976-ին Ստեփանակերտի հայկական պետական դրամատիկական թատրոնում մշտական աշխատանքի հրավիրվելով, կարճ ժամանակամիջոցում կոլեկտիվի լիիրավ անդամը դարձավ։


ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

ԱՌԱՋԻՆ ԼՈՒՐՋ ՔԱՅԼԵՐԸ
ԵՎ ՙԱՄԵՆԱՄԵԾ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՚

Արցախի մայր թատրոնի համար երևի թե դա ամենաարգասավոր շրջանն էր։ ՙԹատերախումբն ինձ ընդունեց ջերմորեն, առաջին իսկ օրվանից օտարություն չզգացի։ Ես ամենաերջանիկ դերասաններից մեկն եմ, ում բախտ է վիճակվել գալ թատրոն այն ժամանակ, երբ, կարելի է ասել, մեր թատրոնի ամենածաղկուն շրջանն էր, երբ բեմի վրա էին նրա տաղանդավոր ուժերը6՚,- տասնամյակներ հետո, մի հարցազրույցի ընթացքում, կխոստովանի Սամվել Վիրաբյանը։
Անմիջապես ներգրավվելով Մ. Աթեշի ՙՍկեսրոջ սնդուկը՚ պիեսի արդեն պատրաստի բեմադրության մեջ, որի առաջնախաղը տեղի ունեցավ նույն 1976-ի հունիսի 26-ին, Ս. Վիրաբյանը ներկայացրեց Ֆիքրեթի դերը։ Ներկայացման գլխավոր դերում (Շարաֆ) զբաղված էր հանրապետության ժողովրդական արտիստ Թամարա Մելքումյանը։ Մյուս դերերում հանդես եկան արտիստներ Ա. Օհանյանը (Մինավար), Ռ. Գրիգորյանը (Դիլշաղ), երիտասարդ դերասաններ Ս. Եվրիյանը (Աքիֆ), Ջ. Առաքելյանը (Թարգյուլ) և Բ. Գևորգյանը (Նահիդ)։ Որպես փոխարինող դերասաններ՝ ներկայացման մեջ զբաղված էին նաև Շ. Գրիգորյանը (Շարաֆ), Ա. Հարությունյանը (Ֆիքրեթ), Մ. Ավագյանը (Աքիֆ)7։
Թատրոնի 44-րդ թատերաշրջանում գլխավոր բեմադրիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Կարապետյանի ինչպես այս ու հաջորդ բեմադրություններում (ՙՄեծ լոռեցին՚, ՙՆամուս՚, ՙՁմեռային հեքիաթ՚, ՙՁեռներեց մարդիկ՚, ՙԱյստեղ ապրել է մարդը՚), այնպես էլ՝ բեմադրիչներ Ալֆրեդ Հակոբյանի (ՙՍոֆիկի սխալը՚) ու Լեոնիդ Հարությունյանի (ՙԴավիթ Կոպերֆիլդ՚) ձեռնարկած ներկայացումներում ևս Սամվել Վիրաբյանը կարողացավ ինքնադրսևորվել ու դրվատանքի արժանանալ։
Օգոստոսի 16-ին բեմ բարձրացած ՙՍոֆիկի սխալը՚ ներկայացման մեջ նա որոշակի հաջողությամբ հանդես եկավ Ռաֆայել Դավոյանի, իսկ ՙՄեծ լոռեցին՚ պիեսում (առաջնախաղը՝ հոկտեմբերի 23-ին)՝ Սաքոյի դերերում։
ՙՄեծ լոռեցին՚ (Վ. Օվյան) ներկայացման մեջ զբաղված էին հանրապետության ժողովրդական արտիստներ Բենիկ Օվչյանը (Հովհ. Թումանյան), Թամարա Մելքումյանը (Փեփել), թատրոնի գլխավոր բեմադրիչ, վաստակավոր արտիստ Հովհաննես Կարապետյանը (Խորհրդավոր ծերունի), վաստակավոր արտիստներ Իվան Հովհաննիսյանը (Գաբո), Սուրեն Համզոյանը (Հաթամ), արտիստներ Մամիկոն Միքայելյանը (Բարեկենդան), Քաջիկ Հարությունյանը (Մոսի), Սամվել Եվրիյանը (Սարո) և ուրիշներ8։ Սամվել Վիրաբյանի՝ Սաքոյի դերի հաջող անձնավորումը գրավեց հանդիսատեսի ուշադրությունը։
Արցախի թատրոնում երրորդ անգամ բեմ հանված ՙՆամուս՚ (Ալ. Շիրվանզադե) ներկայացման (1934 թ., 1968 թ., 1976 թ.) մեջ միանգամից մի քանի դեր զբաղեցնելով՝ Ս. Վիրաբյանը լուրջ հաջողություններ գրանցեց իր հաշվին։
Բարխուդարի կերպարում նրան հաջողվեց խտացնել տվյալ ժամանակաշրջանի ողջ ներկապնակը՝ հին նահապետական բարքերն ու սովորությունները, ավանդապաշտությունը, դրանք ներկայացրեց հավաստի երանգավորումներով։ Բեմի վրա, իրոք, հեղինակային մտահղացումն էր և դերասանն իր փայլուն խաղով հավատարիմ մնաց Ալ. Շիրվանզադեի նկարագրած գավառական տիպաբանության ամենաբնորոշ հատկանիշներին։ Վիրաբյանի Բարխուդարը հենց այդպիսին էլ կար՝ շիրվանզադեական մեկնաբանությանը համապատասխան՝ և՜ արտաքնապես (ՙբարձրահասակ, հաստ և բավական երկայն բեղերով, սափրած երեսով, խիտ հոնքերով, որոնց տակ տեղավորված էին նրա շագանակագույն աչքերը՚9), և՜ հոգեվիճակային ընդգրկումներով։
Բարխուդարի դժբախտության պատճառներից ամենահիմնականը երևի թե նրա տաքարյունությունն էր, ՙեթե զայրացավ, ոչ ոք իրավունք չուներ առարկելու ոչ տանը, ոչ էլ արհեստանոցում՚, ինչն էլ, վիրաբյանական փայլուն խաղով, ցայտունորեն ներկայացվեց բեմի վրա։ Եթե իր հին ու հավատարիմ բարեկամ Հայրապետի նման մեղմ ու բարեսիրտ լիներ՝ գուցե թե  դեպքերի ընթացքն այդ աստիճան ողբերգական սրություն չունենար։
Նույն կոպտությունն ու կոշտությունը երևաց Ս. Վիրաբյանի խաղում, երբ նա անձնավորում էր Ռուստամի կերպարը։
Բարխուդարի պես նա ևս ավանդապաշտ էր, նամուսի, ադաթի գերի, որն էլ նրան մարդասպանության հասցրեց։ Բայց այդ կատաղի մարդը, որի դեմքից միայն դաժանություն էր կաթում, Սեյրանի խոստովանությունից հետո զղջաց իր արածի համար։ Այդ լայնաթիկունք, ուժեղ տղամարդն ասես հանկարծ դարձավ թույլ ու անօգնական։
Ներկայացումից հետո անմիջապես էլ՝ հետևեց մամուլի արձագանքը։ Հանրապետության վաստակավոր արտիստ Սուրեն Համզոյանը Բաքվի ՙԿոմունիստ՚ (հայերեն) թերթում գրեց, որ ՙկարճ ժամանակամիջոցում հանդիսատեսի ուշադրությանն են արժանանում Ս. Վիրաբյանի անձնավորած մի շարք դերեր։ Շնորհալի երիտասարդը տքնաջան աշխատանքով, ուժերի լարումով հասնում է կերպարը մեկնաբանելու ինքնատիպության։ Դժվարին ու պատասխանատու այդ աշխատանքը միաժամանակ լայն հնարավորություն է տալիս դերասանին՝ արվեստում կատարելագործվելու, իր սեփական ոճն ստեղծելու համար՚։ Այնուհետև թվարկելով Ս. Վիրաբյանի հաջող անձնավորումները Գրիգոր Տեր-Գրիգորյանի ՙՍոֆիկի սխալը՚ (Դավոյան), Վազգեն Օվյանի ՙՄեծ լոռեցին՚ (Սաքո), Ալեքսանդր Շիրվանզադեի ՙՆամուս՚ (Բարխուդար), Վիլյամ Շեքսպիրի ՙՁմեռային հեքիաթ՚ (Կամիլո), Վասիլի Շուկշինի ՙՁեռներեց մարդիկ՚ (Ճաղատ), Չարլզ Դիքենզի ՙԴավիթ Կոպերֆիլդ՚ (Բրուքս), Ժորա Հարությունյանի ՙԱյստեղ ապրել է մարդը՚ (Ադամյան), Սամեդ Վուրղունի ՙՎագիֆ՚ (Էլդար) պիեսների բեմադրություններում, թատերախոսն ավելացրեց. ՙԵրիտասարդ դերասանն ունի հաճելի ձայն, բեմի վրա ֆիզիկական լավ տվյալներ, պարզ ու հետաքրքիր առոգանություն... Նա գտնվում է ստեղծագործական որոնումների մեջ։ Վիրաբյանի մարմնավորած դերերն ասում են, որ հանդիսատեսները դեռ շատ առիթներ կունենան հիանալու երիտասարդ դերասանի բեմական արվեստով՚10։
Անդրադառնալով ՙՆամուսում՚ կերտած նրա Բարխուդարին՝ Ստեփանակերտի պետթատրոնի գրական մասի վարիչ, արվեստի վաստակավոր գործիչ Իսահակ Ալավերդյանն իր ՙՍիրով ու հավատով՚ դիմանկարում նշեց, որ Բարխուդարի հաջող դերակատարումը ՙարտիստի պոտենցիալ կարողությունների առհավատչյան դարձավ՚։ ՙՎիրաբյանի Բարխուդարն ավանդապահ է, տաքարյուն, խստասիրտ։ Նրա խստությունը դաժանության է հասնում, որովհետև վախենում է նոր բարքերից, նա դողում է սեփական պատվի համար, աղջկա պատվի համար։ Նրա Բարխուդարն անողոք է, բայց մարդ է, հայր. աղջկան ծեծելուց հետո, զգում ես, որ կծկվել է սիրտը, Հայրապետին իր տնից հեռացնելուց հետո սրբում է աչքերը։ Եզրակացությունը պարզ է՝ մեղավոր են անմարդկային սովորություները, որոնք ստրկացրել են Բարխուդարին։ Վիրաբյանի Բարխուդարը պրոֆեսիոնալ կատարում էր, ստեղծագործական որակ՚11,- գրեց նա։
1977-ի փետրվարի 17-ին տեղի ունեցավ  ՙՁմեռային հեքիաթի՚ առաջնախաղը։ Դա անգլիացի մեծ դրամատուրգի՝ Ստեփանակերտի պետթատրոնի թատերախմբի կողմից ներկայացված երրորդ գործն էր (ՙՕթելլոյից՚ ու ՙՀամլետից՚ հետո), որը լավագույնը ճանաչվեց թատերաշրջանում։ Բեմադրությունն իրականացրեց ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Կարապետյանը։ Ներկայացման մեջ Ս. Վիրաբյանի Կամիլոյին զուգակցվեց Բենիկ Օվչյանի (Լեոնտես), Միքայել Հարությունյանի (Պոլիքսենես), Մարգո Բալասանյանի (Հերմիոն), Իվան Հովհաննիսյանի (Անտիգոնես), Ժաննա Գալստյանի (Պերդիտա) մյուս տարեց ու երիտասարդ դերասանների հիանալի խաղընկերությունը։
Աբգար Դանիելյանի ՙԱյրվող պատիվ՚ պիեսը բեմ բարձրացավ Հովհ. Կարապետյանի անխոնջ ջանքերի շնորհիվ, 1973-ի դեկտեմբերի 30-ին, և 207 անգամ ներկայացվեց հանդիսատեսի դատին։ Թատրոնի գլխավոր բեմադրիչը վերականգնեց ներկայացումը՝ լրացնելով նոր դերասաններով։ Ս. Վիրաբյանը, ստանձնելով Վռամի դերը, կարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը՝ ողջ խորությամբ ներկայացնեց Վռամի զգայուն ներաշխարհը, ներքին էությունն ու բարդ հոգեվիճակը։
Ընդհանրապես, շատ հուզիչ է ՙԱյրվող պատիվ՚ պիեսի թեման՝ Վարդաբլուր գյուղի երջանիկ ընտանիքներից մեկի ողբերգական ճակատագրի մասին12։ Իհարկե, ողջ դրամատիզմի հիմնական պատճառը կարելի է պատերազմը համարել, բայց ոչ պակաս էին նաև տեղական թափթփուկները, որոնք, օգտվելով առիթից, անում էին ամեն հնարավորը՝ ռազմաճակատում գտնվող Արմեն Ազարյանի և նրա սիրող կնոջ՝ գյուղական ուսուցչուհի Զարուհու, անուններն արատավորելու համար։ Արմենի դերում զբաղված էր հանրապետության ժողովրդական արտիստ Բենիկ Օվչյանը։ Մյուս դերերում հանդես եկան հանրապետության ժողովրդական արտիստ Թամարա Մելքումյանը (Շուշանիկ), վաստակավոր արտիստներ Զինավոր Գևորգյանը (Հարություն), Նվարդ Ասատրյանը (Զարուհի), արտիստներ Մամիկոն Միքայելյանը (Բուդաղ), Քաջիկ Հարությույանը (Սարգիս Կարպիչ), Գուրգեն Գրիգորյանը (Վարդան Գեղամիչ) և ուրիշներ13։
Հովհ. Կարապետյանը նույն թատերաշրջանում վերականգնեց նաև 1971-ի փետրվարի 11-ին բեմական կյանք ստացած ՙՏոսկանայի արծիվը՚ (Արտաշես Բաբայան) ներկայացումը, ուր Ս. Վիրաբյանին ֆաշիստ սպայի դերն էր հատկացվել։ Երիտասարդ դերասանը մինչ այդ արդեն հասցրել էր հաջողությամբ հանդես գալ գլխավոր ու պատասխանատու մի շարք դերերում (Դավոյան, Սաքո, Բարխուդար, Ռուստամ, Կամիլո և այլն)։ Ֆաշիստ սպայի դերում ևս Ս. Վիրաբյանը գտավ իրեն, դարձավ այդ դերի ճշմարիտ մեկնաբանը։ Եվ նրա նոր հաջողությունը ներկայացման հաջողությունը դարձավ։ Նրան ՙընկերացան՚ Բ. Օվչյանի Անտոնիոն, Մ. Բալասանյանի Լուչիան, Զ. Գևորգյանի Զիբերտը, Ս. Համզոյանի Վինչեցոն և մյուսները14։
Վ. Շուկշինի՝ ՙսատիրայի ժանրով թատրոնի համար գրված պատմվածքը15՚՝ ՙՁեռներեց մարդիկ՚ խորագիրը կրող գործը (Ա. Դավթյանի հաջող թարգմանությամբ) մեկ ընդմիջումով հիանալի ներկայացման վերածվեց, ուր կատարողական ինքնատիպ վարպետությամբ առանձնացավ Սամվել Վիրաբյանի անձնավորած Ճաղատը։ Իրենց արտիստական բարձր մակարդակի վրա մնացին նրա խաղընկերները։ ՙՁեռներեց մարդիկ՚ թատերախոսության16 մեջ  Իսահակ Ալավերդյանը նշեց, որ, իրոք, ՙիսկական սատիրական ներկայացում՚ է ստացվել։ ՙԲեմադրության մեջ մերկացվում և դատապարտվում են ՙսեփական գրպանի ձեռներեցները՚,- գրեց նա,- որոնք իրենց ՙանմաքուր ձեռքերը՚ խոթում են պետության գրպանը։ Սատիրական ծաղրի է ենթարկվում նրանց ընչաքաղցությունը և անասնական վախը, երբ պիտի պատժվեն՚։
Ի. Ալավերդյանը ներկայացումը վերլուծող հոդվածում առանձնակի կարևորություն է տվել Ս. Վիրաբյանի անձնավորած Ճաղատին, նշելով, որ իր խաղով նա լավ մակարդակ է դրսևորել։
Խաղաշրջանի հաջորդ ներկայացումը, որը նոր փայլով բացահայտեց Ս. Վիրաբյանի դերասանական կարողությունները, բեմ բարձրացավ մայիսի 28-ին և արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Չ. Դիքենզի ՙԴավիթ Կոպերֆիլդում՚ նրա կերտած Բրուքսը որակական նոր աստիճանի հասցրեց դերասանի կատարողական արվեստը, որոշակիացրեց Ս. Վիրաբյանի ստեղծագործական որոնումների ճանապարհը, նրան ինքնահաստատման կայուն արդյունքի հասցրեց։ Բրուքսի հետ դրան նպաստեցին նրա նախորդ ու հետագա մի շարք դերերի անձնավորումները՝ Բարխուդարը, Ռուստամը, Կամիլոն, Ադամյանը, Նիլը, Կապիտան Չորնին, Ծմակի մարդը և այլն։ Բրուքսի կերպարի փայլուն անձնավորումը յուրահատուկ ուշադրության արժանացավ, բարձր գնահատվեց հանդիսատեսի և  քննադատության կողմից։
1977-78 թթ. թատերաշրջանը Ս. Վիրաբյանի համար սկսվեց Ժորա Հարությունյանի ՙԱյստեղ ապրել է մարդը՚ (ՙԽաչմերուկ՚) պիեսի բեմադրությամբ, ուր անձնավորեց գլխավոր հերոսի՝ Վարդան Ադամյանի կերպարը։ Ի դեպ,  այդ դերի բեմականացումը դերասանի հերթական լուրջ քննությունն էր, որի համար նրան շնորհվեց երիտասարդ կատարողների հանրապետական ստուգատես-մրցույթի հաղթողի դիպլոմ։ Պարբերական մամուլի արձագանքը ևս չուշացավ, մարզային ու հանրապետական թերթերն իրենց հրապարակումներում դրվատանքի ջերմ խոսքերով էին անդրադառնում նրա անկրկնելի դերակատարմանը։ ՙԱյո, արտիստին հաջողվել է իր խաղով ընդգծել մարդու մեջ մարդկայինը, ազնիվը, ամենահաղթ բարությունը, մարդասիրությունը։ Ադամյանի դերակատարությամբ  Վիրաբյանը ինքնաբացահայտման լուրջ քայլ կատարեց17՚,- գրեց մարզային ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթը։ Սամվել Վիրաբյանը վաղուց արդեն փնտրված դերասան էր, ով իր անձնվեր վերաբերմունքով, ստեղծագործական լուրջ կարողություններով ու բնական օժտվածությամբ կարողացավ ժամանակին հաղթահարել ՙբեմարվեստի դժվարությունները, կանգնել ինքնահաստատման ճանապարհին18՚։
Իր խաղընկերների հետ նա կարողացավ երկու մասից բաղկացած դրամատիկական պատմությունը բեմի վրա ջերմ մթնոլորտով լեցուն միջավայրի վերածել՝ կյանքային իրական դրվագապատում դարձնելով այն։
Ստեփանակերտցի դերասաններն ՙԱյստեղ ապրել է մարդը՚ (ՙԽաչմերուկ՚) պիեսի բեմադրությամբ հանդես եկան նաև Ս. Վիրաբյանի հայրենի Վանաձոր քաղաքում։ ՙՀայրս, որ վատառողջ էր և մորս հետ եկել էր ներկայացումը դիտելու, այդպես էլ չկարողացավ կողմնորոշվել, որ ես եմ գեներալի կերպարը մարմնավորում՚,- հետագայում հիշում է անվանի դերասանը19։
Ներկայացումն ավարտվելուց հետո որդին հոր շնորհավորանքին էր սպասում, իսկ հուսահատ հայրը դիմելով որդուն՝ խեղճ-խեղճ ասաց. ՙՏղա՜, դու էն գեներալի դերը խաղացողի պես արտիստ պիտի դառնաս, որ քեզնով հպարտանամ՚։ Բայց երբ իմացավ, որ թատրոնի ՙգեներալը՚ հենց իր որդին էր՝ զարմանքից հապաղեց մի պահ, ապա հուզմունքը հաղթահարելով՝ հայացքը դեպի վեր ուղղեց և արտաբերեց արցունքախառն. ՙՏե՜ր Աստված, տանս արտիստ ծնվեց...՚։ Դա ամենամեծ գնահատականն էր, որը երբևէ ստացել է Սամվել Վիրաբյանը թատերական բնագավառում ունեցած իր երկարամյա գործունեության համար։


ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ

ՀԱՄԱՌՈՏ ԱՆԴՐԱԴԱՐՁ՝
ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿԱՊԵՐԻՆ
(սկզբից մինչև 1988 թվականը)

1977-ի դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտի պետթատրոնի գլխավոր բեմադրիչ Հովհ. Կարապետյանը երրորդ անգամ  բեմ հանեց Ս. Վուրղունի ՙՎագիֆ՚ դրաման, ուր Ս. Վիրաբյանն իր վարպետ խաղով անձնավորեց Էլդարին։
Ի դեպ, ՙՎագիֆին՚ բեմական կյանք էին պարգևել դեռևս թատրոնի նախկին գլխավոր բեմադրիչներ Հրայր Գրիգորյանը (1940-ի մայիսի 12-ին) և Կարո Ալվարյանը (1949-ի հունիսի 7-ին), որոնց շնորհիվ այն հասցվել էր մասնագիտական բարձր մակարդակի։ Երախտագետ հանդիսատեսների հիշողության մեջ երկար մնացին Ադր. ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Թամարա Մելքումյանի Խուրամանը, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Սարգսյանի Վագիֆը, Գուրգեն Գրիգորյանի Էլդարը, Ա. Արշակունու (Հարությունյան) Կաջարը, Ադր. ԽՍՀ ժողովրդական արտիստ Իվան Հովհաննիսյանի Վիդադին։
Ներկա բեմադրության մեջ Հովհ. Կարապետյանին հաջողվեց ոչ միայն պահպանել նախկին ավանդույթները, այլև նոր որակ ու բեմական գունավորում հաղորդել ներկայացմանը։
Ընդհանրապես, հանուն ճշմարտության պետք է խոստովանել, որ Ստեփանակերտի հայկական պետական թատրոնի բեմում իր ուրույն տեղն ուներ ադրբեջանական դասական ու ժամանակակից դրամատուրգիան։ Թերթելով թատրոնի պատմության էջերը,20 տեսնում ենք, որ համարյա յուրաքանչյուր թատերաշրջան ունեցել է իր բաժին ավանդն այդ գործում։ Իսկ դրամատիկական մի շարք երկեր բազում անգամ են բեմական կյանք ստացել մեր դերասանների անձնվեր ու պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ։ Հարկ է առանձնացնել Ջափար Ջաբարլու պիեսները, Սամեդ Վուրղունի ՙՎագիֆը՚ (որի մասին արդեն խոսվեց), Միրզա Իբրահիմովի, Ուզեիր Հաջիբեկովի, Սաբիթ Ռահմանի, Էլդար Մամեդխանլու, Միրզա Ֆաթալի Ախունդովի, Սուլեյման Ռուստամի, Բախտիյար Վահաբզադեի, Նաբի Խազրու, Իմրան Կասումովի, Անարի և շատ ուրիշների հինգ տասնյակից ավելի թատերական ստեղծագործություններ։ Միայն ՙՍևիլը՚ բեմ է բարձրացվել վեց անգամ։ Այդ ստեղծագործությանը թատրոնի գործունեության տարբեր ժամանակաշրջաններում անդրադարձել են թատերական անվանի գործիչներ Կարո Ալվարյանը, Ժասմենը, Գուրգեն Թավրիզյանը, Արզո (Արտաշես) Արզումանյանը, Հովհաննես Կարապետյանը և Իվան Հովհաննիսյանը։
Հետաքրիր է նաև այն հանգամանքը, թե անցած տասնամյակների ընթացքում հայկական թատերարվեստն ինչ վերաբերմունքի է արժանացել Բաքվում։ Հիշեցման կարգով նշենք, որ Բաքվի հայկական թատրոնը գործում էր դեռևս 19-րդ դարի 70-ական թվականների սկզբից։ Ավելի ստույգ՝ թատրոնի բացումը տեղի է ունեցել 1870-ի փետրվարի 28-ին և տեղակայված էր Ն. Կրասիլնիկյանի նորակառույց տանը21։ Թատրոնի գոյության առաջին տարում թատերախումբը բեմադրեց երկու, իսկ երկրորդ տարում՝ հինգ պիես։ 1880-ին, այլ գործերի թվում, բեմադրիչ Ստեփան Սաֆրազյանը հանդիսատեսի դատին ներկայացրեց նաև ՙՎարդան Մամիկոնյան՚ թատերերկը։ Թատրոնի կայացմանը մեծապես նպաստել են Ալեքսանդր Շիրվանզադեն, Ալեքսանդր և Հովհաննես Աբելյան եղբայրները։ Այստեղ իրենց բեմական գործունեությունն են ծավալել Սիրանույշը (Մերոպե Գանթարճյան),  Գևորգ Պետրոսյանը, Գրիգոր Ավետյանը, Պողոս Արաքսյանը, Արամ Վրույրը, Զարուհին (Նունե Վրույր), Արշակ Հարությունյանը, Իսահակ Ալիխանյանը, Վարդուհին (Աննա Նամուրազյան-Չիլինգարյան), Սաթենիկ Ադամյանը և շատ ուրիշներ։ Բաքվի հայկական թատրոնում բեմական կյանք են ստացել Վ. Շեքսպիրի, Ֆ. Շիլլերի, Ալ.Դյումա-որդու, Ալ.Օստրովսկու, Գ. Սունդուկյանի, Հ. Պարոնյանի,  Ն. Գոգոլի բազմաթիվ ստեղծագործություններ։
Հայ դերասաններն ու բեմադրիչները մասնակցել են նաև Բաքվի ադրբեջանական թատրոնի գործունեությանը։ Ադրբեջանական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ Դեզդեմոնա է խաղացել Ե. Մելիք-Շահնազարյանը (1910-ին)՝ խաղընկեր ունենալով Հ. Արաբլինսկուն (Օթելլո), իսկ առաջին անգամ բեմ բարձրացված ՙԱրշին մալ-ալան՚ (Ուզ. Հաջիբեկով) կատակերգության Ասյային բեմական կյանք է շնորհել հանրահայտ Արուս Ոսկանյանը (1913-ին)։
Հայ թատերական մի շարք գործիչներ իրենց օժանդակությունն են բերել Բաքվի կոմունայի գործունեությանը, իսկ 24-ամյա դերասանուհի Ժասմենը (Մարիամ Գրիգորյան) որպես գթության քույր մասնակցել է Կոմունայի պաշտպանությանը22։
1920-ին Բաքվի հայկական թատրոնը պետական կարգավիճակի արժանացավ, իսկ 1939-ից ստացավ հանրապետական նշանակություն՝ անվանվելով Ադրբեջանի Լևոն Երամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն։ 1920-30-40-ական թվականներին որակական նոր բարձրության հասցվեց հայկական թատերարվեստը Բաքվում՝ բեմականացնելով հայկական, ռուսական, ադրբեջանական, եվրոպական դասական ու ժամանակակակից դրամատուրգիայի լավագույն նմուշները։ Եվ թեկուզ բեմադրությունների հիմնական մասն ադրբեջանական դրամատուրգիան էր կազմում (բեմադրվել են Ջ. Ջաբարլու բոլոր պիեսները), այնուամենայնիվ, 1948-ի մարտի 11-ին Ադրբեջանի Լևոն Երամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը փակվեց վերջնականապես ու անդառնալիորեն23։
Ստեփանակերտի թատրոնը ստիպված էր իր ուսերին առնել Բաքվի ու Ադրբեջանի հայաբնակ շրջանների բնակչության սպասարկման ոչ դյուրին գործը ևս։
Ճշմարտության առաջ չմեղանչելու համար պետք է խոստովանենք, որ մեկ տարի հետո՝ 1949-ին, Երևանում նույնպես փակվել է ադրբեջանական պետական դրամատիկական թատրոնը24, բայց 1967-ին այն կրկին վերաբացվել ու շարունակել է իր գործունեությունը մինչև արցախյան պահանջատիրության համաժողովրդական շարժման բռնկումը։




ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՇՐՋԱՆ

Ինչևէ, վերադառնանք 1977 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ասացինք, որ այդ օրը առաջնախաղն էր երրորդ անգամ Ստեփանակերտի պետթատրոնի բեմ բարձրացած ՙՎագիֆ՚ դրամայի, ուր Ս. Վիրաբյանը Գուրգեն Գրիգորյանի վարպետությանը հարիր մարմնավորել էր Էլդարի կերպարը։
Թատրոնի գլխավոր բեմադրիչ Հովհ. Կարապետյանը թատերաշրջանի հերթական բեմադրությունը (իր իսկ հեղինակած ՙԻնչ կապույտ է երկինքը՚ պիեսը) հանդիսատեսի դատին ներկայացրեց 1978-ի մարտի 31-ին։ Ս. Վիրաբյանը ներկայացման մեջ հաջողությամբ անձնավորեց Տիգրանի կերպարը։
Սամվել Վիրաբյանի դերասանական շնորհքը փայլուն կերպով դրսևորվեց Մ. Գորկու ՙՔաղքենիներ՚ պիեսի բեմավորման մեջ։ Բեմադրությունը ձեռնարկել էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի 1976-ի շրջանավարտ, երիտասարդ բեմադրիչ Լեոնիդ Հարությունյանը, ով մինչ այդ հաջողությամբ էր իրականացրել ՙԵրջանկության որոնումներ՚ (1976 թ.) և ՙԴավիթ Կոպերֆիլդ՚ (1977 թ.) պիեսների բեմականացումը։
ՙՔաղքենիներ՚ դրաման որոշակի բարդություններ ուներ, որոնք առանձնապես կապված էին 20-րդ դարասկզբի հեղափոխական գաղափարների պրոպագանդման և գորկիական խորիմաստ մտածողության ու ճաշակի ճշտորեն ընկալման ու վերամարմնավորման առումով։ Բեմադրիչ Լ. Հարությունյանը կարողացավ ճշտորեն ընկալել ներկայացվող ժամանակաշրջանի ոգին և ճիշտ ուղու վրա դնել դերասանների աշխատանքը՝ հնի ու նորի, հայրերի ու որդիների, կաղապարվածի ու հեղաշրջողական բնավորության ճշտորեն բացահայտման համար։
Բեմադրիչի ու դերասանների հիմնական նպատակը ռուս մեծ գրողի անունը կրող թատրոնում Մ. Գորկուն, իրոք, արժանի ներկայացում ունենալն էր։
ՙՔաղքենիները՚ Մ. Գորկու երկրորդ պիեսն էր, որ բեմ էր հանվում Ստեփանակերտում։ Դեռևս 1937-ին (իսկ այնուհետև՝ 1968-ին) բեմ հանվեց մեծ գրողի ՙՀատակում՚ պիեսը, որը թեև բարդ ու պատասխանատու գործ էր, այնուամենայնիվ, բեմադրիչ Ի. Հովհաննիսյանը կարողացավ հաջող ընթացք տալ ներկայացմանը։
ՙՔաղքենիների՚ բեմադրությունը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Մամուլի արձագանքը ևս չուշացավ։ Թատերախոսության մեջ առանձնացվեցին Մ. Հարությունյանի Բեսսեմենովը, Մ. Միքայելյանի Պերչիխինը, Ս. Վիրաբյանի Նիլը, Ժ. Գալստյանի Ելենան, Ա. Պետրոսյանի Պոլյան։ ՙՀեղաշրջող ոգու քննություն է բռնում Նիլը։ Նա առաջինն է հեռանում քաղքենի, ճղճիմ միջավայրից՝ իր հետ տանելով Պոլյային (Ա. Պետրոսյան) դեպի բանվորական աշխարհը։ Ս. Վիրաբյանի Նիլը ուղղաձիգ գաղափարական է։ Արտիստը եռանդով, համարձակ արտասանում է տեքստը, որի խոհերն ընդունելի են, հեղափոխական։ Նրա խաղը հավաստի գույներ է ստանում Պոլյային սեր բացատրելիս՚,-գրեց թերթը25։
Ներկայացումը բեմադրիչից ու դերասաններից պահանջեց ՙգորկիական խորիմաստ խոսքի ընկալում, ճաշակ, մետաորային մտածողության կարողություն՚։
Սեպտեմբերի 10-ին բեմ բարձրացած ՙՄարդը մարդ ունի՚ (Անար) ներկայացման մեջ ևս Ս. Վիրաբյանը հաջողությամբ անձնավորեց Ալի Այրիզադեի կերպարը։ Ներկայացման բեմադրիչ Ի. Հովհաննիսյանին հաջողվեց ճիշտ կողմնորոշել թատերախմբին և անսխալ ներկայացնել պիեսի մտահղացումը։ Ս. Վիրաբյանի անկաշկանդ ու անբռնազբոս խաղի մասին մարզային թերթը գրեց. ՙՄիայն մի տեսարանում է հանդես գալիս Վիրաբյանը ՙՄարդը մարդ ունի՚ կատակերգությունում և հիշողության մեջ դրոշմվում է նրա Ալի Այրիզադեն՝ փողով հարբած, կնամեծար, ամբարտավան. և այս ամենը՝ համոզիչ, հավաստի խաղագույներով26։
1979-ի հունվարի 16-ին բեմ բարձրացավ Գրիգոր Յաղջյանի ՙՄի կաթիլ արև՚ պիեսը (բեմադրությունը՝ Ալֆրեդ Հակոբյանի), ուր Ս. Վիրաբյանը զբաղված էր Սուրենի դերի անձնավորումով։ Արտիստի կատարողական վարպետության մասին անմիջապես ՙարձանագրվեց՚ մարզային թերթում27. ՙԲարեխիղճ աշխատանքի արդյունք է Ս. Վիրաբյանի Սուրենը՝ բարեսիրտ, ուղղամիտ՚։ Թատերախմբի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ ներկայացմանը տալ բարձր որակ, այն հանդիսատեսին ներկայացնել որպես թատերարվեստի մի հիանալի նմուշ։ Նման եզրահանգման եկավ նաև թատերախոսության հեղինակը. ՙԵվ եթե արվեստն այն է, ինչ մարդուն դարձնում է ավելի լավ, ավելի մարդկային, ապա մաքրագործող ուժ ունեցող այս ներկայացումն էլ իսկական արվեստի օրինակ էր՚,- հոդվածի վերջում գրեց նա։
1979-ի մայիսի 27-ին Ստեփանակերտի պետթատրոնում Ի. Հովհաննիսյանի ջանքերով վեցերորդ անգամ բեմ բարձրացած ՙՍևիլում՚ (Ջ. Ջաբարլի) Ս. Վիրաբյանն անձնավորեց Բալաշի կերպարը։
Բեմադրիչ Ալֆրեդ Հակոբյանի հաջորդ ներկայացման մեջ ևս (Ա. Կոլոմեց, ՙԿապույտ եղնիկներ՚) կարևոր ու պատասխանատու դեր էր հատկացվել Ս. Վիրաբյանին (Կապիտան Չորնի), որը նույնպես դերասանական փայլուն կատարումով նշանավորվեց։
Ի դեպ, Ս. Վիրաբյանը 1976-ից ի վեր մշտապես զբաղված էր բոլոր նոր ներկայացումներում և ստանձնած դերերի փայլուն կատարումների համար բազում անգամ է արժանացել թատերագետների բարձր գնահատականին ու թատերասեր հասարակայնության ջերմ համակրանքին ու վստահությանը։
1979-ի տարեվերջը նշանավորվեց Վազգեն Օվյանի ՙԵվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց՚ պիեսի բեմադրությամբ, որի առաջնախաղը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին։ Ներկայացման մեջ կերտած նրա Ծմակի մարդը մի իսկական թատերական գլուխգործոց էր։ Հանդիսատեսն առանձնակի հուզմունքով էր հետևում արտիստի ամեն մի շարժուձևին, ձայնի ելևէջներին։ ՙԾմակի մարդու համակրելի կերպարի՚ հիանալի անձնավորման մասին մամուլը գրեց. ՙՆա շիտակ խաղաձևերով կերպարին հաղորդում է ըմբոստ ոգու անսքող գործելակերպ։ Նրա սերը հմայիչ է և ինչ որ տեղ բանաստեղծական, որից այն դառնում է կենդանի, իսկ վերջին տեսարանում՝ դրամատիկ28՚։
Բեմադրության մեջ Պըլը-Պուղու կերպարն անձնավորել էր ժողովրդական արտիստ Բենիկ Օվչյանը։ ՙՀյութեղ, կոլորիտային կերպարներ էին Մ. Միքայելյանի Պետոն, Ժ. Գալստյանի Մալայիկը, Ս. Վիրաբյանի Ծմակի մարդը, Ղ. Սարգսյանի Չալի բեկը, Ժ. Մովսիսյանի Վիտիս բեկը, Ի. Հովհաննիսյանի Կաթողիկոսը, Մ. Հարությունյանի Մելիք Շահնազարը՚,- գրեց թատերախոսը29։
1980-ին, Ալեխանդրո Կասոնայի ՙԾառերը կանգնած են մահանում՚ (առաջնախաղը՝ մարտի 25-ին) և Վարդան Հակոբյանի ՙՀայելիներ՚ (առաջնախաղը՝ մայիսի 11-ին) պիեսների բեմականացման ընթացքում Մաուրիսիոյի և Գենոյի դերերի հիանալի անձնավորումով Ս. Վիրաբյանը հաջողությամբ եզրափակեց իր չորրորդ թատերաշրջանը։
Չորս թատերաշրջանի ընթացքում Ս. Վիրաբյանը մասնակցեց 20 նեկայացման, անձնավորեց 23 կերպար և կարողացավ ոչ միայն արժանանալ հանդիսատեսի ջերմ համակրանքին, ավելին, գտավ դեպի երկրպագուների սիրտը տանող ճանապարհը, որովհետև ինչպես ժամանակի մամուլը նշեց, ՙհենց սկզբից դրսևորեց բեմական արվեստի շոշափելի իմացություն՚, որի արդյունքում էլ ՙնրան վստահվեցին անձնավորելու ժանրով և բնույթով միանգամայն տարբեր շատ պատասխանատու դերեր30՚։


ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ

ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐ

Հաջորդ թատերաշրջանում Ս. Վիրաբյանը հանդես եկավ Մաքսիմ Գորկու ՙՎասսա Ժելեզնովա՚ (Ժելեզնով), Ազատ Աբդուլինի ՙ13-րդ նախագահը՚ (Վյուգին), Անարի ՙԱմառը քաղաքում՚ (Աղառեֆի) և Վարդան Հակոբյանի ՙՔո սերը քո տունն է՚ (Գարեգին) պիեսների բեմադրություններում։
Մարզային թերթում հրապարակված ՙԽղճի դատ՚ թատերախոսության մեջ վերլուծելով ներկայացումը՝ թատերագետ Ի. Ալավերդյանը Ս. Վիրաբյանի ներկայացրած Վյուգինի մասին գրեց. ՙԾավալուն չէ Վյուգինի դերը, բայց ընդգծված բնավորություն է դառնում Ս. Վիրաբյանի կատարմամբ։ Պատումի մեջ պահելով առողջ, կյանքային հումորը, ճշմարիտ ներկայացնելով հաշմանդամի իրավիճակը, արտիստը կենցաղային հավաստիության է հասցնում կերպարը31՚։
Ս. Վիրաբյանի Վյուգինին անդրադարձավ նաև ՙԿոմունիստ՚ (հայերեն) հանրապետական թերթը, նշեց, որ ՙիր (Ս.Վիրաբյանի - հեղ.) խոսքը շաղախելով կենսախինդ, առողջ հումորով... արտիստի Վյուգինը դառնում է շատ համակրելի, սիրելի կերպար32՚։
1981-82 թթ. թատերաշրջանում Ս. Վիրաբյանի անձնավորումով հանդիսատեսին հասան այնպիսի խոսուն կերպարներ, ինչպիսիք են Անուշավան Ենգոյանը՝ ՙՈ՜վ է սպանել՚ (Արտ. Բաբայան) պիեսում, Դևդարիանին՝ ՙՄեղադրական եզրակացությունում՚ (Ն. Դումբաձե), Պրեզիդենտը՝ ՙՍեր և խարդավանքում՚ (Ֆ. Շիլլեր) և այլն։
1982 թվականի ամռանը հանդիսավորությամբ նշվեց Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի 50-ամյա հոբելյանը։ Թատրոնի կեսդարյա բեղմնավոր ուղին նշանավորվեց կառավարական բարձր պարգևով՝ ՙՊատվո նշան՚ շքանշանով։ Թատրոնի ստեղծագործական կազմը նոր եռանդով լծվեց հայ թատերավեստի զարգացման գործին։
Հոբելյանական տարին Ս. Վիրաբյանը եզրափակեց Ա. Իլովայսկու ՙՄարդն ու նամարդը (Երեք դեղահաբ)՚ պիեսի Ռեմ Սարգսյանի բեմադրության մեջ ներկայացրած Ալեհեր Ջինի անձնավորումով։
1983-ին Ս. Վիրաբյանն անձնավորեց Ակոբի (Ա. Ցագարելի՝ ՙԽանումի արարքները՚), Հովումյանի (Ժ. Անանյան՝ ՙԲնակարանամուտ՚) և Սալեհի (Մ. Իբրահիմով՝ ՙԿինը կանաչ դռան ետևում՚) կերպարները։
Ռեմ Սարգսյանի բեմադրած ՙԽանումի արարքները՚ ներկայացման մեջ Ս. Վիրաբյանի հիանալի դերակատարման մասին մամուլը գրեց. ՙՎիրաբյանը հին Թիֆլիսի վարքն ու բարքը ներկայացնող կոլորիտային հյութեղ կերպար է ստեղծել... Եվ բնորոշ ինտոնացիան դերախոսքով, էքսցենտրիկ խաղագույներով արված պար ու երգով դերակատարումը վերածվում է իսկական համերգային համարի33՚։
Հետաքրքիր ու գունեղ խաղաոճով հանդես եկավ Ժ. Անանյանի ՙԲնակարանամուտ՚ պիեսի բեմադրության ժամանակ։ Ս. Վիրաբյանը կարողացավ ստեղծել մի այնպիսի իրավիճակ, ուր ողբերգականն ու ծիծաղելին միախառնվեցին իրար ու դարձան մի անտրոհելի ամբողջություն։ Ինչպե՜ս դուրս գալ նման իրավիճակից։ Վիրաբյան-Հովումյանը կարողացավ ինքնատիրապետել և իրավիճակը  ներկայացնել հավաստի ու համոզիչ խաղաերանգներով։
Մամուլը բարձր գնահատեց դերասանի խաղը։ Մարզային ու հանրապետական թերթերում Ի. Ալավերդյանը հանդես եկավ թատերախոսություններով։ ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթի հրապարակումը նվիրված էր բեմադրության վերլուծությանը, իսկ ՙԿոմունիստում՚ անվանի թատերագետը հանրապետության հայ թատերասեր հասարակայնությանը ներկայացրեց երիտասարդ դերասանի արածն ու մտահղացումները։ ՙԱնձնավորելով ամենատարբեր խառնվածքի (կատակերգական, դրամատիկ, ողբերգական) կերպարներ, Վիրաբյանը կանգնել է ճշմարիտ արվեստի կախարդիչ ճանապարհի վրա34՚,- խոստովանեց նա։
Թեև կահույքի ֆաբրիկայի տնօրեն Հովումյանը ՙխիստ հակասական ապրումներով հարուստ մի կերպար էր՚, բայց դերասանին հաջողվեց հաղթահարել բոլոր ՙիրարամերժ ապրումներն՚ ու ՙսուր կատակերգական իրավիճակները՚ մեկնաբանել ՙհոգեբանորեն համոզիչ, հավաստի՚ գույներով։
ՙԻր աթոռն ամուր պահելու միտումով, անսալով վերադասի հեռախոսազանգ-հրամանին՚, ֆաբրիկայի տնօրենը, մեղանչելով իր խղճի դեմ, ՙանձուկ պայմաններում ապրող Սերոբին հասանելիք բնակարանը փորձում է տալ վերևից հրահանգված մարդուն՝ Հաբեթին35՚, ով իր հարմարավետ բնակարանն ընդլայնել է ուզում, բայց ծանր հոգեվիճակում հայտնված Հովումյանը երկընտրանքի մեջ է՝ ի՜նչ անել, անսալ իր խղճի ձայնի՜ն, թե՜ կատարել վերադասի հեռախոսազանգ-հրամանը։ Վիրաբյան-Հովումյանի տառապանքը տեսանելի է բեմի վրա, որն, ի վերջո, ինքնամերկացման է հասցվում։ Արտիստն իր վարպետ կատարումով կարողանում է ազդել հանդիսատեսի մտքին ու զգացմունքների վրա, հատկապես, երբ նրա մեջ հաղթում է արդարամտության զգացումը և ա՜յն համոզմուքը, որ ՙամեն մարդ նախ և առաջ պետք է պատասխան տա իր խղճի առաջ՚։ Իր ՙբարոյական կոնֆլիկտը՚ նա կարողանում է լուծել ՙարդարացիորեն, մարդասիրաբար36՚։
Լ. Հարությունյանի (Գ. Խուգաև՝ ՙԱնդրոն ու Սանդրոն՚) և Ռ. Սարգսյանի (Ջ. Պատրիկ՝ ՙՏարօրինակ միսիս Սևիջը՚, Ի. Էֆենդիև՝ ՙԱյրված օրագրեր՚) 1984-ին բեմադրած երեք ներկայացումներում ևս Ս. Վիրաբյանը ինքնարտահայտման նոր ձևեր գտավ ու նորովի ներկայացավ հանդիսատեսին։ Կարողանալով ՙմանրամասնորեն մշակել բեմական կերպարի արտաքինը, շարժուձևը, խոսքը և ստեղծել ամենատաբեր խառնվածքի դերապատկերներ՝ իրենց ներաշխարհով, հոգեկան նրբերանգներով37՚,  Ս. Վիրաբյանը վաղուց արդեն արժանացել էր թատերասեր հասարակայնության ջերմ համակրանքին։
1985-ին պետթատրոնի ներկայացրած չորս բեմադրություններից երեքում Ս. Վիրաբյանն իր արժանի մասնակցությունը բերեց։
Ռեմ Սարգսյանը ապրիլի 30-ին բեմ հանեց Ա. Դուդարևի ՙՇարքայիններ՚ պիեսը, ուր հիանալի Բուշտեց խաղաց Ս. Վիրաբյանը։ Նա բեմադրիչի մյուս ներկայացման (ՙԵ. Շվարց՝ ՙՁյունե թագուհին՚) Խորհրդականը ևս կարողացավ փայլուն կերպով բեմ հանել, ճշգրտորեն բացահայտելով իրեն վստահված դերերի հոգեբանության էությունը։
Հայ դասական հեղինակների ստեղծագործությունների բեմադրումն իր եզրափակումն էր գտել Գաբրիել Սունդուկյանի՝ 1978-ին բեմ հանված ՙԷլի մեկ զոհով՚, որին անմիջապես հետևեց ժամանակակից հեղինակների էստաֆետի ընդունումը Գրիգոր Յաղջյանի և Արամաշոտ Պապայանի կողմից։ Բեմադրիչներ Ալրեդ Հակոբյանի և Լեոնիդ Հարությունյանի կողմից հաջորդ թատերաշրջանում բեմավորվեցին նրանց ՙՄի կաթիլ արև՚ ու ՙԳնա մեռիր, արի սիրեմ՚ պիեսները։
1980-ականներն, ընդհուպ՝ մինչև պատմական 1988-ը, չգիտես՝ ինչու, ՙամենևին էլ նպաստավոր չէին՚ դասական հեղինակների համար։ Ի հակակշիռ դրա՝ հանդիսատեսին ՙներկայացան՚ հայ ժամանակակից դրամատուրգիայի լավագույն ներկայացուցիչները։ Բեմադրիչ Լեոնիդ Հարությունյանն իրար ետևից բեմ հանեց Վարդգես Պետրոսյանի ՙՎերջին ուսուցիչը՚ (1985 թ.), Արտաշես Քալանթարյանի ՙՄովսես ապերը, Խ. Ավագյանի ՙԱնահիտը՚՝ (երկուսն էլ՝ 1986 թ.) և այլն։
1985-ի նոյեմբերի 25-ին Ստեփանակերտում Լ. Հարությունյանի կողմից բեմ հանված ՙՎերջին ուսուցիչը՚ ներկայացումը ցնցող ազդեցություն թողեց հանդիսատեսի վրա։ Այս անգամ էլ Ս. Վիրաբյանը հանդիսատեսին գերեց իր հիանալի Մամյանով։
1986-ի թատերական տարին ևս բեղմնավոր էր Ս.Վիրաբյանի համար, նա իր անկրկնելի թատերախաղով մասնակցեց տարվա բոլոր հինգ ներկայացումներին, Գարուշ խաղաց ՙՄովսես ապերում՚ (Ա.Քալանթարյան), ՙԲյուրեղապակյա դղյակում՚ (Ի. Էենդիև) ներկայացման մեջ՝ Բայանդուր, ՙԱնահիտում՚ (Խ. Ավագյան)՝ Վարուժան, ՙԹահմինա և Զաուրում՚ (Անար)՝ Զաուր, ՙԲուրատինոյի նոր արկածներում՚ (Ա. Կոզլովսկի)՝ Արտեմո։
1987-ին Ս. Վիրաբյանն զբաղված էր տարվա բոլոր նոր բեմադրություններում։ Նրա Արքան ու Քաղաքագլուխը՝ ՙԵրջանիկ արքայազնում՚ (Ա. Շահինյան), Տանուտերը՝ ՙԳողացված երջանկությունում՚ (Ի. Ֆրանկո), Կուլիկովը՝ ՙԱյգին առանց հողի՚ (Լ.Ռազումովսկայա) պիեսում, մյուս դերակատարումները կրկին անգամ հիացրին հանդիսատեսին։



ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԶԱՐԹՈՆՔԻ
ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

1988-ին, հասկանալի պատճառներով, միայն երկու նոր բեմադրություն եղավ։ Մարտի 15-ին բեմադրիչ-դերասան Մանվել Ավագյանը բեմ հանեց Վահե Քաչայի ՙԳիշատիչների խնջույքը՚ պիեսը, իսկ հուլիսի 6-ին թատրոնի գլխավոր բեմադրիչ Լեոնիդ Հարությունյանը հանդիսատեսի դատին ներկայացրեց Ալ. Շիրվանզադեի ՙՉար ոգին՚ (Արցախի բեմում՝ երկրորդ անգամ, Ի. Հովհաննիսյանի 1964-ի բեմադրությունից հետո), կրկին անդրադառնալով հայ դասական դրամատուրգիային։
Ս. Վիրաբյանն զբաղված էր միայն երկրորդ ներկայացման մեջ՝ Գիժ Դանիելի դերում։ Նա իրեն հատուկ խաղաոճով կարողացավ ոչ միայն պահպանել այն լավ ավանդույթները, որ թողել էր Գիժ Դանիելի նախորդ դերակատար Գուրգեն Հարությունյանը, այլև նորովի մեկնաբանել իր հերոսի հոգեվիճակը։ Բայց մի չար զուգադիպություն, այնուամենայնիվ, եղավ. ՙչար ոգին՚ կրկին իրեն զգացնել տվեց, երկրաշարժի զոհ դարձած մինուճար դստեր՝ Մանուշակի մահը սգացող հոր դերակատարը տարեվերջյան ահավոր երկրաշարժի ժամանակ հարազատներ կորցրեց ավերակված Գյումրիում։ Երկրաշարժը կրկնապատկեց սումգայիթյան եղեռնագործության ցավը։
Ցավը՝ ցավ, բայց որ 1988-ն արդեն նոր դարագլուխ էր բացել հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ, դա արդեն իսկ՝ կատարված փաստ էր և ոչինչ այլևս հնարավոր չէր փոխել. արցախահայությունն էր ոտքի ելել՝ իր ոտնահարված իրավունքների պաշտպանության համար։
Դեռևս 1985-ին ամբողջ Խորհրդային միությունով մեկ հայտարարված Վերակառուցումը, Բացախոսությունն ու Ժողովրդավարությունը Արցախ-Հայաստան մշակութային կապի սերտացման հույսի ներշնչում էր միայն։ Հայաստանի կողքին, բայց Հայկական թատերական ընկերությունից արհեստականորեն անջատված ու մեկուսի գործող Ստեփանակերտի հայկական պետական դրամատիկական թատրոնի բեմի վրա անցած տասնամյակների ընթացքում իրենց բեմական կյանքն էին ստացել արտասահմանյան ու խորհրդային ժողովուրդների թատերական հարյուրավոր ստեղծագործություններ։ Հայ դերասաններն այնպիսի ոգևորությամբ էին խաղում դրանք, որ, բառիս բուն իմաստով, հայացնում էին օտարաշունչ ցանկացած ստեղծագործություն, բայց ժամանակ առ ժամանակ պոռթկում էին հայրենասիրության ու ազատատենչության վեհ գաղափարներն ու բեմի վրա հանկարծ հայտնվում էր... ՙՄխիթար Սպարապետը՚, ՙԳևորգ Մարզպետունին՚, ՙՍամվելը՚, ՙՌուզանը՚, ՙԱնահիտը՚, ՙՄելիքի աղջիկը՚, հայ ազատատենչ ոգին մշտարթուն պահող մյուս գործերից որևէ մեկը։ Մի արգելք սակայն՝ մշտապես մնում էր անբեկանելի. Ստեփանակերտի հայկական թատրոնի թատերախումբն իրավունք չուներ հյուրախաղերով հայտնվել Հայաստանի տարածքում։
1988-ի համաժողովրդական զարթոնքի օրերին լուծվեց նաև ա՜յդ հարցը։ Թերևս, 1988-ը ծնվեց նաև ա՜յդ հարցին լուծում տալու համար։ 1988-ի աշնանը վերջապես բացվեց ՙմեր հոգսերի վարագույրը՚. Ստեփանակերտի հայկական պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալվեց Երևանում և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում ներկայացրեց Ա. Կասոնայի ՙԾառերը կանգնած են մահանում՚, Ժ. Անանյանի ՙԲնակարանամուտ՚ և Լ. Ռազումովսկայայի ՙԱյգի առանց հողի՚ պիեսները։ Աննկարագրելի էր համայն հայության մայրաքաղաքի թատերասեր հասարակայնության ընդունելության ջերմությունը։ ՙԴահլիճը պայթում էր ծափերից, փոթորկվում՚,- գրեց ՙԳարուն՚ ամսագիրը38։ ՙՀայրենիքի ձայն՚ թերթը հանդես եկավ ծավալուն մեկնաբանությամբ39։
Սամվել Վիրաբյանը ներկայացված երեք գործերից միայն մեկում էր զբաղված. ՙԲնակարանամուտի՚ ֆաբրիկայի տնօրեն Հովումյանի դերում։ Բեմադրությունը Երևանի հանդիսատեի դատին ներկայացվեց երկու անգամ՝ լեփ-լեցուն դահլիճում։ Արցախցի հայրենակարոտ դերասանների հմայիչ խաղաոճով, հերոսների գեղեցիկ կերպավորումներով հիացած էր հանդիսատեսը, որովհետև, ինչպես ՙՀայրենիքի ձայն՚ թերթի հրապարակման մեջ էր նշվում, ստեփանակերտցի դերասանները տաղանդի անվիճելի դրսևորումներով ՙԲնակարանամուտ՚ կատակերգությամբ երևան հանեցին ազգային բնավորության, ՙկատակերգական վառ ու գունեղ բնավորությունների կերտման, նաև չափի զգացումով վերահսկվող իմպրովիզի կարողությունը՚։
Անդրադառնալով կահույքի ֆաբրիկայի տնօրենի դերակատարի խաղին՝ թերթը գրեց. ՙՀրաշալի է Սամվել Վիրաբյանը ֆաբրիկայի տնօրեն Հովումյանի դերում, նա կարողանում է նրբորեն ու անկեղծորեն հաղորդել կերպարի իրարամերժ կողմերը։ Մեկ՝ նա անհուսալի բյուրոկրատ է, մեկ՝ կարգին մարդ, որն անտարբեր չի կարող լինել վաստակած բանվորի ընտանեկան ծանր պայմանների պատմությանը։ Դերակատարը հաղորդում է թե՛ կերպարի սեփական, բնածին բարեմասնությունները և թե՛ օտարածինը՝ իբրև ստացյալ, խորթ մի բան, կյանքի մերժելի ընտելությունների ծնունդ՚։
Ստեփանակերտցի դերասանները Մայր-Հայաստանից վերադարձան հուսավառված ու ամրապինդ ոգով։ Բայց երկրամասի տնտեսական լիովին կազմալուծման պայմաններում հնարավոր չէր թատրոնի ինտենսիվ ու կայուն աշխատանքի ապահովումը պահպանելը։ Մի շարք հեղինակավոր դերասաններ (Բենիկ Օվչյանը, Ժաննա Գալստյանը, ուրիշներ) իրենց վրա վերցրին քաղաքական անհնազանդության դիմած ժողովրդին առաջնորդելու սրբազան առաքելությունը։
Այնուամենայնիվ, արդեն վերանվանված (Վահրամ Փափազյանի անվամբ) թատրոնը շարունակում էր գործել, թեև 1988-ի պես 89-ին ևս հաջողվեց ընդամենը երկու նոր ներկայացում հանձնել հանդիսատեսի դատին։ Փետրվարի 23-ին Մանվել Ավագյանը բեմ հանեց ՙԴավաճանություն՚ (Ա. Յուժին-Սումբատով) ներկայացումը, ուր Ս. Վիրաբյանն զբաղված էր Սմբատի և Անանիա Գլախայի դերերում։ Թատերաշրջանի մյուս՝ ՙՎաճառքի ենթակա չէ՚ (Արտաշես Քալանթարյան) ներկայացման մեջ, որի բեմադրությունն ու երաժշտական ձևավորումն իրականացրել էր Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, Ս. Վիրաբյանը հանդես եկավ Սեկոյանի դերում։
1990 և 1992 թվականներին նոր բեմադրություններ չեղան։
1991-ին թատրոնի նորանշանակ գլխավոր բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Անդրանիկ Գամջյանը բեմ հանեց Նաիրի Զարյանի ՙԱրա Գեղեցիկ՚ դրաման և Աղասի Այվազյանի ՙԴիպլիպիտո՚ պիեսը։ Ս. Վիրաբյանն իր խաղընկերների հետ կարողացավ վարպետորեն իրականացնել Նինոսի (ՙԱրա Գեղեցիկ՚) և Զաբոզլյանի կերպարների անթերի բեմավորումը։
Հանդիսատեսի կողմից ջերմորեն սիրված դերասանը 1993-ին ևս նույն վարպետությամբ մասնակցեց ՙԱդելաիդան նորահարս՚ (Տ. Վարդազարյան) և ՙՎարազդատ՚ (Լ. Միքայելյան) պիեսների բեմադրությանը։
1994-ին Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերախմբի հետ արդեն նոր գլխավոր բեմադրիչ էր աշխատում՝ Կարեն Աբրահամյանը։ Նա հանդիսատեսի դատին ներկայացրեց Ժիրայր Անանյանի ՙԹռչող ափսեից իջած մարդը՚ և Վարդան Հակոբյանի ՙԱրցախյան բալլադ՚ պիեսները, ուր հերթական անգամ հաջող քննություն բռնեց Ս. Վիրաբյանը։ Նրա արտիստական մեծ վարպետությունն ընդգծված ձևով ներկայացավ հատկապես Գյումրեցի զինվորի դերում (ՙԱրցախյան բալլադ՚)։
1995-ին Ստեփանակերտի թատրոն վերադարձավ Լեոնիդ Հարությունյանը։ Նա թատրոնի գեղարվեստական ղեկավար վերանշանակվեց և նորովի սկսեց իր գործունեությունը Ստեփանակերտում։
Հրադադարի հաստատումից անցել էր մեկ տարի, բայց պատերազմ ապրած երկրամասում կյանքը բնականոն հունի մեջ մտնելու որևէ միտում դեռևս չէր նկատվում՝ ավերված տնտեսություն ու բնակավայրեր, մարդկային խեղված ճակատագրեր։ Բայց ոգով ամրապինդ ժողովուրդը, որը կարողացավ հաղթանակով դուրս գալ հակառակորդի կողմից պարտադրված պատերազմից, սկսեց խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով զբաղվել։ Թեև թատրոնի դահլիճն այդպես էլ երկար ժամանակով մնաց կիսադատարկ, թատերախումբն, այնուամենայնիվ, շարունակում էր նոր բեմադրություններ ներկայացնել հանդիսատեսի դատին։
1995-ին երեք նոր բեմադրություն բեմ բարձրացվեց։ Իվան Հովհաննիսյանը Գուրգեն Թավրիզյանի ՙՄելիքի աղջիկը՚ (հայ մեծ պատմաբան ու պատմավիպասան Լեոյի համանուն վեպի հիման վրա) պիեսը հանդիսատեսի դատին էր ներկայացրել դեռևս 1955 թվականին՝ Գրիգոր Ծատուրյանի պատմականի ու արցախյան ազգային կոլորիտի համադրումներով կատարված գեղեցիկ ձևավորմամբ40։ Ազգային ազատագրական շնչով ներարկված ստեղծագործության բեմավորմանը կարոտ արցախցիները, ինչպես նաև՝ բաքվաբնակ հայությունը մեծ խանդավառությամբ էր ընդունել ներկայացումը։ Արժանի գնահատականով հանդես էր եկել նաև ժամանակի մամուլը41։
Վաստակաշատ բեմադրիչի՝ ուղիղ քառասուն տարի անց երկրորդ անգամ, նկարչական նոր ձևավորմամբ, ստեփանակերտցի հանդիսատեսի դատին ներկայացված բեմադրությանն արդեն հաջորդել էր արցախյան ազգային ազատագրական հուժկու շարժումը, զինված պայքարն ու փայլուն հաղթանակը։ Հանդիսատեսը, ով արդեն տեսել ու հաջողությամբ դիմակայել էր ադրբեջանական ռազմական մեքենայի սարսափազդու բոլոր գործողություններին, ապրել պատերազմական ժամանակաշրջանի ողջ դաժանությունը, նահատակված հարազատների ու ավերակված հայրենի տան կորստի կսկիծն ու դառնությունն ատամների տակ սեղմած իր արժանի մասնակցությունը բերել համազգային պայքարին, և, վերջապես, զգացել եղբայրության դիմակով խորհրդային հանրապետությունների ընտանիք ներխուժած արյունարբուի իսկական վարքագիծը, նորովի ընկալեց 18-րդ դարի՝ բեմում իրար հաջորդող ողբերգական իրադարձություններն ու արժանի գնահատականը, հայրենասիրության ջերմ զգացումներով համակված իշխանադուստր Գայանեի ոգեղեն կերպարը։ Քառասուն տարի առաջ Գայանեի անկրկնելի դերակատարումով հանդես եկած Մարգո Բալասանյանն այս անգամ ինքնատիպ կատարումով ներկայացրեց Աննա խաթունին, Բենիկ Օվչյանը՝ նույն արյունռուշտ Սուլեյման բեկին։ Գայանեի դերը բեմավորեցին Ա. Հարությունյանն ու Ն. Ավետիսյանը, մյուս դերերում հանդես եկան թատրոնի տարեց ու երիտասարդ դերասանները։ Սամվել Վիրաբյանն այս ներկայացման մեջ մարմնավորեց թուրք տասնապետ Ահմեդի դերը, հանդիսատեսի առաջ հետաքրքիր խաղաոճով բացեց նրա խարդախ ու խորամանկ ներաշխարհը՝ ամբարտավան գործելակերպն ու ինքնահավան գոռոզությունը, իսկ վտանգի ու պարտության պահին՝ խուճապի մատնվելն ու սարսափը, մահվան նկատմամբ ունեցած անասնական վախը։
Լեոնիդ Հարությունյանը հանդիսատեսի դատին ներկայացավ ՙԱռլեկինը՝ արքա՚ (Դ. Ռեկարդու) և ՙՏարեմուտի հրաշքներ՚ (Լ. Հարությունյան) պիեսների բեմադրությամբ։ Երկու ներկայացումներում էլ՝ Ս. Վիրաբյանն առանցքային ու պատասխանատու դերեր էր զբաղեցնում, հատկապես, հաջողությամբ բեմ հանեց Բոեմոնդի դերը՝ նոյեմբերի 20-ին հանդիսատեսի դատին ներկայացված ՙԱռլեկինը՝ արքա՚ պիեսի բեմադրության մեջ։
1996-ի թատերական տարում թատերախումբը, նախորդ տարիների համեմատությամբ, ավելի լայն խաղացանկով ներկայացավ հանդիսատեսին։ Եթե պատերազմական տարիներին ընդամենը երկու (իսկ լավագույն դեպքում՝ երեք) բեմադրությամբ էր հանդես գալիս թատերախումբը, նույնիսկ՝ ցրտի ու սովի որոշ տարիների նոր բեմադրություններ չեղան, 1996-ին չորս նոր ներկայացում բեմ հանվեց։ Անակնկալներից մեկն էլ այն էր, որ ՀՀ թատերական գործիչների միությունը կազմակերպեց ՙՍյունիք-96՚ թատերական փառատոնը և մասնակցության հրավեր ուղարկեց նաև Արցախի մայր թատրոնի թատերախմբին։
1996-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանը վերականգնեց 1980-ին բեմ հանած ՙԾառերը կանգնած են մահանում՚ (Ա.Կասոնա) բեմադրությունը, բեմադրեց Հովհ. Շիրազի ՙՍիամանթո և Խջեզարե՚, ինչպես նաև՝ Ռ. Աբրահամյանի ՙՀարսեր... Կեսուրներ...՚, իսկ Ժաննա Գալստյանը՝ Ե. Չապովեցկու ՙԱրջուկն ու քոթոթը՚ գործերը։
Ս. Վիրաբյանը Մաուրիսյո (ՙԾառերը կանգնած են մահանում՚), Բաքո (ՙՍիամանթո և Խջեզարե՚), Ամուսին և Դե Բուշ (ՙՀարսեր... Կեսուրներ...՚) դերակատարումներով կրկին նվաճեց հանդիսատեսի ջերմ համակրանքը։
Ստեփանակերտցի դերասանները 1996-ի մայիսին տեղի ունեցած ՙՍյունիք-96՚ թատերական փառատոնին ներկայացան երկու բեմադրությամբ (ՙԱռլեկինը՝ արքա՚, ՙՍիամանթո և Խջեզարե՚)։
1997-ին միայն երկու նոր բեմադրություն հնարավոր եղավ իրականացնել։ Ապրիլի 6-ին բեմ բարձրացավ ՙԱյլանդակ Էլզան՚ (Է. Ռսլակկի), իսկ հոկտեմբերի 26-ին՝ ՙԱնդրոմաքեն՚ (Եվրիպիդես)։ Առաջին բեմադրության մեջ Ս. Վիրաբյանը հանդես եկավ Էրկիի, իսկ երկրորդում՝ Մենելայոսի դերերում։ Երկու բեմադրություններն էլ հաջողությամբ իրականացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանը։ Ավելին, նա այնպիսի քայլ ձեռնարկեց, որը, չգիտես ինչու, դուրս էր մնացել Արցախի մայր թատրոնի բեմադրիչների տեսադաշտից. դա անտիկ աշխարհի ողբերգակների գործերի բեմադրությունն էր։ Արցախցի բեմադրիչների ու դերասանների այդ ՙթերությունը՚ վերացվեց միայն 1997-ին՝ Եվրիպիդեսի ՙԱնդրոմաքե՚ ողբերգության բեմադրությամբ։
Ի դեպ՝ նույն տարում երկու բեմադրություններն էլ ներկայացվեցին Հայաստանյան թատերական փառատոններում։ ՙԱյլանդակ Էլզան՚ և նախորդ թատերաշրջանում բեմ հանված ՙՀարսեր... Կեսուրներ...՚ ներկայացումներն արժանացան ՙԼոռի-Շիրակ՚, իսկ ՙԱնդրոմաքեն՚՝ ՙԱնտիկ աշխարհը և մենք՚ թատերական փառատոնների հանդիսատեսների ու թատերագետների ուշադրությանն ու համակրանքին։
Նկարահանվել և Հայաստանի հեռուստատեսության առաջին ալիքով ցուցադրվել են ստեփանակերտցի դերասանների ջանքերով բեմ բարձրացված ՙԱյգի առանց հողի՚ և ՙԱռլեկինը՝ արքա՚ ներկայացումները։
1998-ին ևս երկու նոր ներկայացում բեմ հանվեց։ Ճանաչված դերասան ու  թատերագիր Զինավոր Գևորգյանը ներկայացրեց իր իսկ հեղինակած ՙՊապ, կրակում են...՚, իսկ հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանը՝ Խ. Ասատրյանի ՙՁկնորս Սանոն և որսորդ Վանոն՚ պիեսները։ Ս. Վիրաբյանն զբաղված էր երկու պիեսներում էլ՝ իր վարպետությանը հարիր թատերախաղով։
ՙՁկնորս Սանոն և որսորդ Վանոն՚ մեկ գործողությամբ կատակերգության մեջ Ս. Վիրաբյանը (ձըկնորս Սանո) և Մ. Միքայելյանը (որսորդ Վանո) կարողացան իրենց վարպետ խաղով իրականություն դարձնել թատերագրի ու բեմադրիչի մտահղացումը՝ բեմում ստեղծելով, իրոք, կատակերգական իրավիճակ։
Թատերախմբի՝ 1999-ին հանդիսատեսի դատին ներկայացրած հինգ բեմադրություններից միայն երկուսում էր զբաղված Ս. Վիրաբյանը։ Էդուարդո դե իլիպպոյի ՙՑիլինդր՚ պիեսում (բեմադրությունը՝ Էդ. Հակոբյանի) նա անփոխարինելի Անտոնիո էր, արժանի խաղընկերներ ունենալով Նաիրա Աղաջանյանին (Ռիտա), Քաջիկ Հարությունյանին (Ռոդոլո), Մամիկոն Միքայելյանին (Ագոստինո), Նվարդ Ասատրյանին (Բեթինա), Միքայել Հարությունյանին (Աթիլիո), Արման Ասլանյանին (Արթուրո) և Կարեն Մկրտչյանին (Միքելե)։
Ստեփանակերտցի հանդիսատեսի վրա ցնցող տպավորություն թողեց Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 10-րդ տարեդարձի առթիվ բեմադրված ՙՍուրբ Շուշանիկ՚ (Ռ. Աբրահամյան) թատերախաղը, որն իր յոթ հուշատեսիլների միջոցով ներկայացրեց հայոց ոսկեդարի կեսերին տեղի ունեցած ողբերգական որոշ դրվագներ։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանը կարողացել է համախմբել թատերախաղում ներգրավված դերասանների բոլոր ջանքերը՝ հանդիսատեսի մտքին ու զգացմունքներին ազդելու համար։ Եվ, կարելի է ասել, դա նրան լիովին հաջողվեց։
Սուրբ Գրիգոր Լուսավորչի շառավիղը՝ Սահակ Պարթևի թոռ ու Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկը, ով կնության էր տրված Գուգարաց բդեշխ Վազգենին, չկարողացավ համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և իր մեջ ոգու անբավ ուժ գտավ աշխարհիկ կյանքի բոլոր դժվարություններին դիմակայելու համար։
Կարելի է կարծել, որ իր տիրույթների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով Ս. Վիրաբյան-Վազգենն ուրացավ իր կրոնն ու այլադավան դարձավ։ Բայց նման պատճառաբանությունը երբեք չէր կարող ընդունել հայ քրիստոնյա կնոջը վայել ամուսնական երդմանն անմնացորդ հավատարմությամբ ծառայած իշխանուհին։ Ամուսնու արարքը նա ո՛չ միայն ստորացուցիչ համարեց, այլև՝ դավաճանություն, և չանսալով ո՛չ եպիսկոպոսի հորդորներին, ո՛չ զավակների ու Ջոջիկ իշխանի թախանձանքներին, Քրիստոսահավատ Ժ. Գալստյան-Շուշանիկը պատերազմ հայտարարեց նախնյաց սուրբ հավատքը ոտնակոխ անողների դեմ։ Դիմանալով ամուսնու բոլոր դաժանություններին, եռակի կապանքներով շըղթայված՝ Ուփրեթի բերդի մահապարտների խցում, սնվելով միայն ջրով ու չոր հացով, նա յոթ տարի մարտունակ ոգով մաքառեց հանուն իր ճշմարիտ հավատքի վերահաստատման՝ պատվիրան ունենալով ՙխաչով՝ հավատքը, սրով՝ երկիրը՚ պահպանելու գաղափարը։
Ներկայացման ողջ ընթացքում դեմ-դահլիճ տարանջատում չկար։ Դահլիճը լրիվությամբ համակվեց ներկայացմամբ, ապրեց բեմի վրա կատարվող իրադարձություններով, տառապեց Ժ. Գալստյան-Շուշանիկի ցավով, ատեց Ս. Վիրաբյանի անզուգական  վարպետությամբ ներկայացված անողոք իշխանի պարսավելի վարքագիծը, հասկացավ ժողովրդական արտիստ Մամիկոն Միքայելյանի, վաստակավոր արտիստներ Միքայել Հարությունյանի, Ժորա Մովսիսյանի, Քաջիկ Հարությունյանի, արտիստներ Ռուդոլ Ղևոնդյանի, Սվետլանա Թովմասյանի, մյուսների՝ անբռնազբոս ու անկեղծ կերպավորումները։
2001-ի հինգ ներկայացումներից միայն երեքում էր զբաղված Ս. Վիրաբյանը, ՙԳիքորում՚ (Հովհ. Թումանյան) բազազ Արտեմ խաղաց, ՙԾաղկասարում՚ (Ա. Բարսեղյան)՝ Երվանդ բիձա, դերասանական փայլուն մասնակցությամբ նպաստեց ՙԵկել ենք, կանք ու գալու ենք դեռ՚ պիեսի բեմականացման հաջող ընթացքին։
2002-ը հոբելյանական տարի էր Արցախի Վ. Փափազյանի անունը կրող մայր թատրոնի համար։ Հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հանդիսատեսի դատին ներկայացվեց հինգ նոր բեմադրություն, որոնցից միայն երկուսում էր զբաղված Ս.Վիրաբյանը։ Անատոլ րանսի ՙՀամր կինը՚ պիեսում նա հաջողությամբ բեմականացրեց Լեոնարդո Բոտալի, իսկ Սամվել Խալաթյանի ՙՔառասուն օր համբառնալուց առաջ՚ տրագիկոմեդիայում՝ Գոգիի կերպարները։
Մամուլի արձագանքը չուշացավ, ներկայացման առաջնախաղից ընդամենը ինն օր անց ՙՀայրենիք՚ թերթը գրեց. ՙՍտեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը իր հոբելյանական՝ 70-րդ տարին բոլորելուն հինգ օր մնացած՝ (լրացավ օգոստոսի 11-ին...) հանդես եկավ հետաքրքիր առաջնախաղով։ Ավելի ճիշտ կլիներ ասել՝ համարձակ ներկայացմամբ։ Դրա համար նախ և առաջ արժանին պիտի հատուցել թերևս ՙՔառասուն օր համբառնալուց առաջ՚ պիեսի հեղինակին։ Շատերը չէ, որ հանդգնում են արվեստի նյութ դարձնել այսօրը, ճշմարտապես մտածելով՝ առարկաները լավ են երևում... հեռավորությունից...42՚։ Ներկայացնելով բեմադրությանը խանգարող օբեկտիվ ու սուբեկտիվ պատճառաբանվածությունները, բեմադրության մեջ զբաղված և ՙբնական, անսուտ, չգունազարդված կերպարներ՚ ստեղծելուն ունակ դերասանների անզուգական խաղը, թատերախոսության հեղինակը կարևորեց ՙգող ու մարդասպան դարձած Գոգիի կերպարի՚ Վիրաբյանական վերարտադրությունը։ Մեջբերենք։ ՙԱնկեղծ լինելու համար թերևս պետք է անսամբլից փոքր-ինչ առանձնացնենք (պայմանով, որ դա դույզն-ինչ ստվեր չի նետելու մյուսների վրա) Գոգի-Վիրաբյանի խաղը։ Գող ու մարդասպան դարձած Գոգիի կերպարն է հենց դարձել ներկայացման քվինտ-էսենցիան։ Այդ անկյալ հրեշտակն է, որ իր անօրինակ-անզիջում անկեղծությամբ... անկեղծության է մղում և մյուսներին։ Սամվել Վիրաբյանը, որքան նկատել եմ տարիների ընթացքում, ՙհանգիստ՚ խաղալ չի իմանում, և դա դառնում է հաջողության կռվան։ Զգացմունքայնությունից ասես խեղդվող այդ դերասանը ձգտում է ինքնամոռացման, մինչ այդ՝ հասցնելով հանդիսատեսին ևս վառել նույն կրակով։ Ներկայացման ընթացքում ես նույնիսկ ահ էի զգում, թե ահա-ահա՝ նա կուժատվի, որովհետև ներքին էներգիա խնայել չունի, թե ուր որ է՝ չի հերիքի շունչը, կբեկվի ձայնը...42՚։
ՙԱզատ Արցախ՚ թերթը գրեց43. ՙԲավականաչափ թրծված հարուստ կերպարներում՝ Վիրաբյանի վարպետության կուտակած հարուստ փորձը ժայթքեց ՙՔառասուն օր համբառնալուց առաջ՚ պիեսի Գոգիի կերպարում, համամարդկային մի կերպար կարծես, որ տարավ հանդիսատեսին դեպի մաքրագործում... Եվ կարծես ներկայացման ընթացքում ողջ դահլիճը խաղի մեջ էր Վիրաբյանի հետ, հանդիսատեսը, պարզ ասած, ապրում էր Վիրաբյանի խաղով՚։
Օգոստոսի 11-ին հանդիսավորությամբ նշվեց մայր թատրոնի ստեղծման 70-ամյա հոբելյանը, թատերական մի խումբ գործիչներ արժանացան կառավարական պարգևների, հանրապետության ժողովրդական ու վաստակավոր արտիստի կոչումների։ Թատրոնն իր 70-ամյա գործունեության համար պարգևատրվեց ՙՄեսրոպ Մաշտոց՚ շքանշանով։ Սամվել Վիրաբյանը Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ունեցած ՙվաստակաշատ աշխատանքի համար և թատրոնի 70-ամյակի կապակցությամբ՚ պարգևատրվեց ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով։
...Անցան տոնական օրերը։ Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան ՙՊատվո նշան՚ (ԽՍՀՄ) և ՙՄեսրոպ Մաշտոց՚ (ԼՂՀ)  շքանշանակիր պետական դրամատիկական թատրոնի աշխատանքը կրկին սովորական հունի մեջ մտավ։
2003-ին երրորդ անգամ ստեփանակերտցի հանդիսատեսի դատին ներկայացվեց Ալ. Շիրվանզադեի ՙՉար ոգի՚ պիեսը։ Սա ոչ թե 1988-ի բեմադրության վերականգնված տարբերակն էր, այլ բոլորովին նոր ներկայացում, որովհետև համարյա այլ դերասանական կազմ էր ընդգրկված ներկայացման մեջ, փոխված էին բոլոր գլխավոր դերակատարները, բացի Սամվել Վիրաբյանից, ով Գիժ Դանիելի դերի կերպավորմանը զուգընթաց ստանձնել էր նաև Ուստա Ոսկանի դերը (այդ դերում, փոխարինաբար, հանդես էր գալիս նաև Քաջիկ Հարությունյանը)։
ՙԱզատ Արցախ՚ թերթը թատրոնի միջազգային օրվա առթիվ անդրադառնալով ՙթատրոնի շնչառությանը՚՝ ՙՉար ոգի՚ պիեսի երրորդ բեմականացման մասին գրեց45. ՙՀենց առաջին արարից ներկայացման մեջ ընդգրկված բոլոր դերասաններն իրենց խաղով գրավեցին դահլիճում նստածների ուշքն ու միտքը և մինչև վերջ այդպես էլ պահեցին իրենց ՙձեռքում՚... Ահա Գիժ Դանիելը, որի դերը (արդեն երկու անգամ) հիանալի խաղաց փորձառու դերասան Սամվել Վիրաբյանը։ Ճակատագրից հալածված նրա հերոսը կորցրել է հոգեկան հավասարակշռությունը՚, որովհետև ահավոր երկրաշարժի ժամանակ քարերի տակ  էր մնացել Մանուշակը՝ միակ դուստրը։ Հուզված է դերասանը, ՙգիժ-դանիելավարի՚ է նրա շարժուձևը, որովհետև աչքերի առաջ են 1988-ի Գյումրին, ահավոր երկրաշարժի հետևանքով նահատակված հարազատները, ուստի, նրա աչքերում հայտնված արցունքները չեն կարող չհուզել նաև  հանդիսատեսին...
ՙՉար ոգի՚ և ՙՔառասուն օր համբառնալուց առաջ՚ պիեսների բեմադրությամբ թատերախումբը 2003-ին հանդես եկավ ՙԵրևանյան մեծ փառատոնում՚՝ արժանանալով հանդիսատեսների ջերմ ընդունելությանն ու թատերագետների արժանի գնահատանքին։ 2003-ին բեմ բարձրացվեցին նաև Գ. Սարգսյանի ՙԴաս կանանց՚ ու Գ. Խանջյանի ՙԲոլերո՚ պիեսները։ ՙԴաս կանանցում՚ Ս. Վիրաբյանն անձնավորեց Հայկարամի կերպարը, իսկ ՙԲոլերոյում՚՝ Առաջին տղամարդուն։
Թեև բավականին ուշացումով, եկավ նաև Սամվել Վիրաբյանի վաստակի գնահատման ժամանակը։ 2004-ին նա տարվա լավագույն դերասան ճանաչվեց46 և Բազազ Արտեմի (ՙԳիքորը՚), Գիժ Դանիելի (ՙՉար ոգի՚), Գյումրեցու (ՙԱրցախյան բալլադ՚), Գոգիի (ՙՔառասուն օր համբառնալուց առաջ՚) ու այլ դերակատարումների համար արժանացավ ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակին47։ 2005-ը ևս կրկնակի տոնական էր հանդիսատեսի կողմից ջերմորեն սիրված դերասանի համար, տարեսկզբին (հունվարի 21-ին) լրացավ Ս. Վիրաբյանի ծննդյան 55-րդ տարեդարձը, իսկ հունիսի 4-ին, ԼՂՀ նախագահի հրամանագրով, ՙբարձր վարպետության, արվեստի զարգացմանը նպաստող գործունեության և Հայոց գրերի գյուտի ու Ամարասի դպրոցի հիմնադրման 1600-ամյակի կապակցությամբ՚48 նրան շնորհվեց ԼՂՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։
2005-ին Ս. Վիրաբյանը մասնակցեց ՙԿողոպուտ կեսգիշերին՚, ՙԲոլերո՚ (երկրորդ բեմադրություն) և ՙՄեսրոպ Մաշտոցն Ամարասում՚ ներկայացումներին։
Միրոսլավ Միտրովիչի ՙԿողոպուտ կեսգիշերին՚ կատակերգությանն արցախցի հանդիսատեսը ծանոթացել էր դեռևս 1970-ին, բեմադրիչ Իվան Հովհաննիսյանի շնորհիվ։ Թատրոնի նորօրյա ղեկավարությունը գտավ, որ խորհրդային ժամանակաշրջանում գրված այդ պիեսը այսօր էլ արդիական է հնչում, որովհետև մարդկության զարգացման բոլոր հասարակարգերում էլ եղել են նրանք՝ անպատժելիության հիանալի միջոցով (պաշտոնով) օժտված ՙհեղինակավոր՚ գողերը։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանն այդ պիեսի վերաբեմադրությունն իրականացնելով ոչ միայն առաջնորդվեց ՙամեն նորը լավ մոռացված հինն է՚ հայտնի ասացվածքը կարգախոս դարձնելու միտումով միայն, այլ անդրադառնալով պիեսի թեմային՝ ուզում էր մշտարթուն պահել հասարակության միտքը, թեկուզ՝ ծիծաղով, թեկուզ՝ կես կատակ կես լուրջ ասված խոսքով։ Ներկայացման մեջ զբաղված դերասանները (Ք.Հարությունյան, Մ. Հարությունյան ու Ժ. Մովսիսյան՝ ԼՂՀ ժողովրդական արտիստներ, Ս. Վիրաբյան, Ա. Պետրոսյան՝ ԼՂՀ վաստակավոր արտիստներ, Կ. Առաքելյան, Ա. Գաբրիելյան, Ա. Առաքելյան՝ արտիստներ) համադրելով իրենց բոլոր ունակությունները՝ կարողացան իրականացնել բեմադրիչի մտահղացումը։
2005-ին համայն հայությունը նշեց Հայոց գրերի գյուտի 1600-ամյակը։ Հանդիսություններն ավելի գունեղ ու բովանդակալից անցան հատկապես  Արցախում, որովհետև զուգահեռաբար  տոնվում էր նաև Ամարասում Մեսրոպ Մաշտոցի հիմնադրած առաջին դպրոցի հոբելյանը։
2005 թ. հունիսի 2-ին Արցախի պետական համալսարանի նիստերի դահլիճում միջազգային գիտաժողովի անցկացումից հետո, հաջորդ օրվա առավոտյան տոնակատարության մասնակիցների համար կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Ամարաս։ Հենց Ամարասի վանքային համալիրի բակում, Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվը ներկայացրեց Սոկրատ Խանյանի ՙՄեսրոպ Մաշտոցն Ամարասում՚ (Վարդան Հակոբյանի համանուն պոեմի մոտիվներով) պիեսի բեմադրությունը, ուր ԼՂՀ վաստակավոր արտիստ Սամվել Վիրաբյանը հանդես եկավ Առան իշխանի դերում։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանը կարողացավ բեմադրությունը դարձնել խոսուն և գունագեղ, վառ երևակայությամբ վերարտադրել պատմական այն օրերը, երբ Հայոց Հայրապետի օրհնությամբ Մեսրոպ Մաշտոցը եկավ Արցախ և Ամարասի վանքում ՙբացեց առաջին դպրատունը՚49։
Առան իշխանի դերում Ս. Վիրաբյանն, արդեն քանիերորդ անգամ, վերահաստատեց թատերարվեստում ունեցած իր մասնագիտական հմտությունները ցուցադրելու ունակությունը, վարպետ խաղով վերստին արդարացրեց հանդիսատեսի սպասելիքները։



ԿԱՐՃ ՎԵՐՋԱԲԱՆ

...Սամվել Վիրաբյանը դեռ շատ անելիքներ ուներ Արցախյան թատրոնի բեմում, երազում էր նույնիսկ Օթելլո խաղալ, բայց անողոք ցավը նրան ընդմիշտ գամեց հիվանդանոցային մահճակալին։ Իսկ մեկ-մեկ, երբ թեթևանում էին ցավերը, նա՝ արդեն անկարող մասնակցել ներկայացումներին, մի կերպ, հևալով, հասնում էր թատրոն՝ շնչելու կուլիսների այնքա՛ն ծանոթ ու հարազատ օդը։ Եվ նա ասես դրանից թեթևություն էր ստանում։
Երկարատև, ծանր հիվանդությունը բջիջ առ բջիջ հյուծեց նրա մարմինը, և 2006-ի ապրիլի 11-ին, 56-ամյա Մեծ Մարդը՝ արցախահայ թատերարվեստի ազնիվ ու անմնացորդ նվիրյալը, կնքեց իր մահկանացուն։
Ապրիլի 13-ին նա վերջին անգամ բեմ բարձրացավ։ Հանդիսատեսներն արտասվում էին ու ծափահարում մեծ արտիստին։ Բայց ո՜չ բուռն ծափահարությունները, ո՜չ էլ որոտընդոստ բացականչություններն այլևս անկարող էին կրկին բեմ հրավիրել արդեն կուլիսներն անցած բեմի անմնացորդ ու անշահախնդիր վարպետին։

***
...Որքան հեռանում ենք մարդու ապրած ժամա նակաշրջանից, այնքան ավելի տեսանելի են դար. նում նրա արածն ու թողածը, իսկ այն, որ հանրաճա նաչ դերասան, ԼՂՀ վաստակավոր արտիստ Սա վել Միքայելի Վիրաբյանի կյանքն անցել է բոլորիս աչքի առաջ, պարտավորեցնում է մեզ՝ անսալ մեր քաղաքացիական պարտքին ու գիտակցականու թյանը և հարգել հիշատակը մի մարդու, ով բոլո րանվեր տրվել է արցախահայ բեմարվեստի զար գացմանը։

17.10.2005-19.04.2007
ք.Ստեփանակերտ



Ծանոթագրություններ
1. Իսահակ Ալավերդյան, Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական դրամատիկ թատրոն – 50, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1983, էջ 7։
2. Ժասմեն, (ալբոմ-ժողովածու), Երևան, 1976, էջ 202։
      Տե՜ս նաև՝  Վ. Թերզիբաշյան, Ժասմեն, Երևան, 1959։
3. Նվարդ Սողոմոնյան, ...Եվ վարագույրն այլևս չի փակվի (Ադր. ՍՍՀ ժողովրդական արտիստուհի Թամարա Մելքումյանի մասին), ՙՍովետական Ղարաբաղ՚, թիվ 154 (13146), 28 հունիսի 1981 թ., էջ 4։
4. 2008-ից, Լեոնիդ Հարությունյանից հետո, թատրոնի գեղարվեստական ղեկավարը բեմադրիչ Մարատ Դավթյանն է (ծան.՝ հրատ.)։
5. Իսահակ Ալավերդյան, Մեր թատրոնի ուղեկիցը (Ալ. Շիրվանզադեի պիեսները Ստեփանակերտի թատրոնում), ՙՍովետական Ղարաբաղ՚, 6 մայիսի 1983 թ.։
6. Անահիտ Քոչարյան, Նրա անունը միշտ իր հետ է՝ արտիստ Վիրաբյան, ՙՍտեփանակերտ՚, թիվ 23, 31 օգոստոսի 2004 թ., էջ 3։
7. Թատերական Երևան (Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական թատրոն), Հայկական թատերական ընկերություն, թիվ 24 (642), 1977, էջ 21։
8. Նույն տեղում, էջ 10։
9. Ալեքսանդր Շիրվանզադե, Երկեր հինգ հատորով, հատոր երկրորդ, ՙՍովետական գրող՚ հրատ., Երևան, 1986, էջ 13։
     Տե՜ս նաև՝  Արսեն Տերտերյան, Շիրվազադեի գրական տիպերի հանրագիտարանը, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 1959, էջ 153։
10. Սուրեն Համզոյան, Շատերից երկուսը, ՙԿոմունիստ՚ (հայերեն), Բաքու, թիվ 49 (16380), 26 փետրվարի 1978 թ., էջ 4։
11. Իսահակ Ալավերդյան, Սիրով ու հավատով, ՙՍովետական Ղարաբաղ՚, թիվ 34 (12726), 9 փետրվարի 1980 թ., էջ 4։
12. Արիս Գրիգորյան, ...Եվ այսպիսի ճակատագիր, ՙՊոլիգրա՚, Ստեփանակերտ, 1998, էջ 13։
13. Թատերական Երևան, նույն տեղում, էջ 26։
14. Նույն տեղում, էջ 31։
15. Նույն տեղում, էջ 30։
16. Իսահակ Ալավերդյան, Ձեռներեց մարդիկ, ՙՍովետական Ղարաբաղ՚,  թիվ 133 (11922), 9 հունիսի 1977 թ., էջ 4։
17. Իսահակ Ալավերդյան, Սիրով ու հավատով, ՙՍովետական Ղարաբաղ՚, թիվ 34 (12726), 9 փետրվարի 1980 թ., էջ 4։
18. Սուրեն Համզոյան, Շատերից երկուսը, ՙԿոմունիստ՚ (հայերեն), Բաքու, թիվ 49 (26380), 26 փետրվարի 1978 թ., էջ 4։
19. Դավիթ Միքայելյան, Պարզապես արտիստ Վիրաբյան... ՙՀայաստանի Հանրապետություն՚, 9 փետրվարի 2005, էջ 5։
20. Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան ՙՊատվո նշան՚ և ՙՄեսրոպ Մաշտոց՚ շքանշանակիր հայկական պետական դրամատիկական թատրոնի արխիվ։
     Իսահակ Ալավերդյան, Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական դրամատիկ թատրոն – 50, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1983։
      Իսահակ Ալավերդյան, Գուրգեն Հարությունյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1972։
      Իսահակ Ալավերդյան, Մարգո Բալասանյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1981։
      Իսահակ Ալավերդյան, Բենիկ Օվչյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1989։
      Կարինե Ալավերդյան, Լեոնիդ Հարությունյան, Ստեփանակերտ, ՙԱզատ Արցախ՚ հրատ., 2000 թ.։
     Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն. 1932-2002 (կազմեց՝ Կարինե Ալավերդյանը), Ստեփանակերտ, ՙԱզատ Արցախ՚ հրատ., 2003 թ.։
      Սովետահայ թատրոնի տարեգրություն, հատոր երկրորդ, Երևան։
21. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, ՀՍՀ  գլխավոր խմբագրություն, 1976, էջ 344-345։
22. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր չորրորդ, Երևան, ՀՍՀ  գլխավոր խմբագրություն, 1978, էջ 283։
23. Իսահակ Ալավերդյան, Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական դրամատիկ թատրոն – 50, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1983, էջ 7։
24.  Հայկական սովետական հանրագիտարան, հատոր երրորդ, Երևան, ՀՍՀ  գլխավոր խմբագրություն, 1977, էջ 566։
25. Իսահակ Ալավերդյան, Երկու ներկայացում, ՙՍովետական Ղարաբաղ՚, թիվ 230 (12324), 6 հոկտեմբերի 1978 թ., էջ 4։
     Տե՜ս նաև՝  Իսահակ Ալավերդյան, Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական դրամատիկ թատրոն – 50, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1983, էջ 65։
26. Իսահակ Ալավերդյան, Սիրով ու հավատով, ՙՍովետական Ղարաբաղ՚, թիվ 34 (12726), 9 փետրվարի 1980 թ., էջ 4։
27. Իսահակ Ալավերդյան, Մի կաթիլ արև, ՙՍովետական Ղարաբաղ՚, թիվ 44 (12438), 21 փետրվարի 1979 թ., էջ 4։
28. Իսահակ Ալավերդյան, Սիրով ու հավատով, ՙՍովետական Ղարաբաղ՚, թիվ 34 (12726), 9 փետրվարի 1980 թ., էջ 4։
29. Իսահակ Ալավերդյան, Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական դրամատիկ թատրոն – 50, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1983, էջ 70։
30. Իսահակ Ալավերդյան, Սիրով ու հավատով, ՙՍովետական Ղարաբաղ՚, թիվ 34 (12726), 9 փետրվարի 1980 թ., էջ 4։
31. Իսահակ Ալավերդյան, Խղճի դատ, ՙՍովետական Ղարաբաղ՚, թիվ 93 (13085), 17 ապրիլի 1981 թ., էջ 4։
     Տե՜ս նաև՝  Իսահակ Ալավերդյան, Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական դրամատիկ թատրոն – 50, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1983, էջ 72։
32. Իսահակ Ալավերդյան, Ինքնահաստատման ճանապարհին, ՙԿոմունիստ՚, 25 սեպտեմբերի 1983 թ.։
33. Նույն տեղում։
34. Նույն տեղում։
35. Իսահակ Ալավերդյան, Բնակարանամուտ, ՙՍովետական Ղարաբաղ՚, թիվ 156 (13748), 7 հուլիսի 1983 թ., էջ 4։
36. Նույն տեղում։
37. Իսահակ Ալավերդյան, Ինքնահաստատման ճանապարհին, ՙԿոմունիստ՚, 25 սեպտեմբերի 1983 թ.։
38. Մեր հոգսերի վարագույրը, ՙԳարուն՚, 1988 թ.։
39. Ստեփանակերտի թատրոնը Երևանում, ՙՀայրենիքի ձայն՚, թիվ 250 (1218), 23 նոյեմբերի 1988 թ.։
40. Իսահակ Ալավերդյան, Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական դրամատիկ թատրոն – 50, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1983, էջ 27-28։
41. ՙՍովետական Ղարաբաղ՚, 1955 թ., դ 33։
42. Ն. Արամյան, Բեմում՝ ինչպես... կյանքում, ՙՀայրենիք՚, թիվ 37, 15 օգոստոսի, 2002 թ., էջ 7։
43. Նույն տեղում։
44. Վարդիթեր Հակոբյան, Համբառնալու ուժով..., ՙԱզատ Արցախ՚, 12 դեկտեմբերի 2002 թ., էջ 11։
45. Սիրուն Բաղդասարյան, Մեր թատրոնի շնչառությունը, ՙԱզատ Արցախ՚, 27 մարտի 2004, էջ 5։
46. ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության հրաման, թիվ 172/Մ, 29 դեկտեմբերի 2004 թ., ք. Ստեփանակերտ։
47. ՙԼՂՀ  կառավարության՝ Եղիշեի անվան ամենամյա մրցանակաբաշխության 2004 թ. արդյունքների մասին՚ ԼՂՀ  կառավարության որոշում, թիվ 527, 21 դեկտեմբերի 2004 թ., ք. Ստեփանակերտ։
Տե՜ս ՙԱզգ՚, թիվ 230 (3161), 22 դեկտեմբերի 2004 թ., էջ 3 //  ՙԱզատ Արցախ՚, թիվ 149 (1669), 31 դեկտեմբերի 2004 թ., էջ 6 // ՙԵղիցի լույս՚, թիվ 1 (49), 2005 թ., էջ 1 //  ՙՀայաստանի հանրապետություն՚, թիվ 7 (3623), 19 հունվարի 2005 թ., էջ 4 //  ՙԱզատ Արցախ՚, թիվ 27 (1696), 8 մարտի 2005 թ., էջ 7 //  ՙՍտեփանակերտ՚, թիվ 8 (300), 12 մարտի 2005 թ., էջ 1։
48. ՙԼՂՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին՚ ԼՂՀ նախագահի հրամանագիր, ՆՀ-217, 4 հունիսի 2005 թ., ք. Ստեփանակերտ։
Տե՜ս ՙԱզատ Արցախ՚, 9 հունիսի 2005 թ., էջ 8 // ՙԼուսարար՚, թիվ 13-14 (99-100), 30 հունիսի 2005 թ., էջ 1։
49. Սվետլանա Խաչատրյան, Մաշտոցյան գրերի ճամփան անհատնում է, ՙԼուսարար՚, թիվ 13-14 (99-100), 30 հունիսի 2005 թ., էջ 1։



Դերակատարումների տարեգրություն
ԼՂՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ
ՍԱՄՎԵԼ ՎԻՐԱԲՅԱՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
__________________________________________________________________________ ԴԵՐԸ             ՊԻԵՍԸ                    ՀԵՂԻՆԱԿԸ                        ԲԵՄԱԴՐԻՉԸ          ԱՌԱՋՆԱԽԱՂԻ
                                                                                                                                                  ՕՐԸ
__________________________________________________________________________   1                         2                                 3                                                     4                                   5  
__________________________________________________________________________
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
(1966)
ՎԱՆԱՁՈՐԻ ՄԵՏԱՔՍԱԹԵԼԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
(1967)
ՎԱՆԱՁՈՐԻ ՀՈՎՀ. ԱԲԵԼՅԱՆԻ ԱՆՎ.
ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
(1968-1971)
ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԹԱՏԵՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ
ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
1976
Կարի                   Անձրև                      Ռ. Նեշ
                                   վաճառողը
Պեպո                   Պեպո                        Գ.Սունդուկյան          Ս.Քոչարյան
Զիմզիմով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ Մ. ԳՈՐԿՈՒ (1988-ԻՑ՝ Վ. ՓԱՓԱԶՅԱՆԻ) ԱՆՎ. ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
1976
Ֆիքրեթ            Սկեսրոջ սնդուկը    Մ.Աթեշ                        Հ.Կարապետյան      26 հունվ.
Դավոյան          Սոֆիկի սխալ         Գ.Տեր-Գրիգորյան      Ա.Հակոբյան              16 օգոստ.
Սաքո                 Մեծ լոռեցին            Վ.Օվյան                       Հ.Կարապետյան      23 հոկտ.
Ռուստամ,       Նամուս                      Ալ.Շիրվանզադե        Հ.Կարապետյան      30 դեկտ.
Բարխուդար,
Սերգեյ բեկ,
Ջավադ և
  խաչեղբայր
1977
Կամիլո        Ձմեռային հեքիաթ     Վ.Շեքսպիր                   Հ.Կարապետյան        17 փետրվ.
Ֆաշիստ      Տոսկանայի արծիվ     Ա.Բաբայան                 Հ.Կարապետյան        1971,11 փետր.
      սպա
Վռամ            Այրվող պատիվ         Ա.Դանիելյան              Հ.Կարապետյան          1973,30 դեկտ.
Ճաղատ       Ձեռներեց մարդիկ    Վ.Շուկշին                    Հ.Կարապետյան           27 ապր.
Բրուքս         Դավիթ Կոպերֆիլդ    Չ.Դիքենզ                     Լ.Հարությունյան          28 մայիսի
Ադամյան     Այստեղ ապրել է       Ժ.Հարությունյան      Հ.Կարապետյան           31 օգոստ.
                         մարդը (Խաչմերուկ)
Էլդար            Վագիֆ                         Ս.Վուրղուն                 Հ.Կարապետյան          30 դեկտ.
1978
Տիգրան        Ի՛նչ կապույտ է          Հ.Կարապետյան        Հ.Կարապետյան           31 մարտի
                                  երկինքը
Նիլ                 Քաղքենիներ              Մ.Գորկի                       Լ.Հարությունյան           25 օգոստ.
Ալի Այրի-    Մարդը մարդ ունի     Անար                             Ի.Հովհաննիսյան          10 սեպտ.
         զադե
1979
Սուրեն,       Մի կաթիլ արև            Գ.Յաղջյան                    Ա.Հակոբյան                  16 հունվ.
Արջ
Բալաշ         Սևիլ                                  Ջ.Ջաբարլի                 Ի.Հովհաննիսյան     27 մայիսի
Կապիտան  Կապույտ եղնիկներ   Ա.Կոլոմիեց                Ա.Հակոբյան                  4 օգոստ.
    Չորնի
Ծմակի        Եվ Պըլը-Պուղին              Վ.Օվյան                Ա.Հովսեփյան       25 դեկտեմ.
   մարդ          մի առակ պատմեց
1980
Մաուրիսյո  Ծառերը կանգնած        Ա.Կասոնա            Լ.Հարությունյան  25 մարտի
                             են մահանում
Գենո           Հայելիներ  (Մար-            Վ.Հակոբյան          Ա.Հակոբյան         11 մայիսի
                                դու անունը)
Ժելեզնով    Վասսա Ժելեզնովա        Մ.Գորկի                Ա.Հովսեփյան        30 դեկտեմ.
1981
Վյուգին       13-րդ նախագահը            Ա.Աբդուլին            Ա.Հովսեփյան        22 փետրվ.
Աղառեֆի         Ամառը քաղաքում     Անար                    Ա.Նեյմաթով          4 ապրիլի
Գարեգին         Քո սեր քո տունն է      Վ.Հակոբյան         Ա.Հովսեփյան       17 հունիսի
Անուշավան    Ո՜վ է սպանել...           Ա.Բաբայան           Տ.Զահալյան         12 դեկտեմ.
   Ենգոյան
 1982
Դևդարիանի   Մեղադրական            Ն.Դումբաձե          Լ.Հարությունյան   27 մարտի
                          եզրակացություն
...                 Բանովշայի սերը               Մ.Իբրահիմով        Ի.Հովհաննիսյան  10 օգոստ.
Պրեզիդենտ Սեր և խարդավանք      Ֆ.Շիլլեր                 Ռ.Ջրբաշյան         28 օգոստ.
Ալեհեր Ջին Մարդն ու նամարդը      Ա.Իլովայսկի          Ռ.Սարգսյան         28 դեկտեմ.
1983
Ակոբ            Խանումի                             Ա.Ցագարելի          Ռ.Սարգսյան        10 մարտի
                            արարքները
Հովումյան   Բնակարանամուտ       Ժ.Անանյան           Ռ.Սարգսյան         10 հունիսի
Սալեհ         Կինը կանաչ            Ռ.Իբրահիմբեկով  Ի.Հովհաննիսյան  23 դեկտեմ.
                         դռան ետևում
1984
Անդրո         Անդրոն ու Սանդրոն Գ.Խուգաև              Լ.Հարությունյան  16 մարտի
Ջեֆռլի        Տարօրինակ միսիս  Ջ.Պատրիկ            Ռ.Սարգսյան        31 օգոստ.
                         Սևիջը
Ադալաթ      Այրված օրագրեր    Ի.Էֆենդիև            Ռ.Սարգսյան        30 դեկտեմ.
1985
Բուշտեց      Շարքայիններ        Ա.Դուդար               Ռ.Սարգսյան        30 ապրիլի
Խորհրդա-   Ձյունե թագուհին    Ե.Շվարց                Ռ.Սարգսյան        25 հուլիսի
           կան
Մամյան      Վերջին ուսուցիչը    Վ.Պետրոսյան       Լ.Հարությունյան  27 նոյեմբ.
1986
Բայանդուր  Բյուրեղապակե       Ի.Էֆենդիև             Ռ.Սարգսյան        15 հունվ. 
                            դղյակում
Գարուշ       Մովսես ապեր         Ա.Քալանթարյան   Ռ.Սարգսյան        26 մարտի
Վարուժան  Անահիտ                  Խ.Ավագյան          Լ.Հարությունյան    6 օգոստ.
Զաուր         Թահմինա և Զաուր Անար                    Ա.Զիյադխանով     15 նոյեմ.
Արտեմո      Բուրատինոյի          Ա.Կոզլովսկի         Վ.Շահվերդյան     31 դեկտեմ.
                        նոր արկածները
1987
Արքա,         Երջանիկ                 Ա.Շահինյան         Լ.Հարությունյան  30 հունվ.
Քաղաքա-              արքայազնը
      գլուխ
Տանուտեր   Գողացված երջան- Ի.Ֆրանկո            Մ.Ավագյան           27 մարտի
                                    կություն
...                 Բախտավոր           Ժ.Հարությունյան  Լ.Հարությունյան   15 մայիսի
                                    մարդիկ
Կուլիկով     Այգի առանց հողի   Լ.Ռազումովսկայա Ա.Էլբակյան            27 հուլիսի
...                 Մսյո Ժորդանը և       Մ.Ախունդով          Ն.Ծատուրյան       16 նոյեմբ.
                      վիշ Մասթալի շա-
                      հը, Լենքորանի
                      խանության վեզի-
                      րի արկածները
Մարդակեր  Դարի չարագոր-     Վ.Քոչարյան          Լ.Հարությունյան   29 նոյեմբ.
                    ծությունը

1988
  ...              Գիշատիչների         Վ.Քաչա                 Մ.Ավագյան           15 մարտի
                                   խնջույքը
Գիժ Դանիել Չար ոգի                  Ալ.Շիրվանզադե    Լ.Հարությունյան    6 հունվ.
1989
Սմբատ,      Դավաճանություն    Ա.Յուժին-Սումբա- Մ.Ավագյան           23 փետրվ.
Անանիա                                                          տով
     Գլախա
Սեկոյան    Վաճառքի ենթակա չէ  Ա.Քալանթարյան      Վ.Շահվերդյան        7 հուլիսի
1991
Նինոս         Արա Գեղեցիկ         Ն. Զարյան            Ա.Գամջյան           26 հունվ.
Զաբոզլյան Դիպլիպիտո            Աղ.Այվազյան        Ա.Գամջյան           24 մայիսի
1993
...                 Ադելաիդան նորա-  Տ.Վարազդատյան Զ.Գևորգյան           4 հունիսի
                                        հարս
...                 Վարազդատ            Լ.Միքայելյան       Ի.Հովհանննիսյան   25 նոյեմբ.
1994
...                 Թռչող ափսեից       Ժ.Անանյան           Կ.Աբրահամյան    27 մարտի
                             իջած մարդը
Գյումրեցի  Արցախյան բալլադ  Վ.Հակոբյան          Կ.Աբրահամյան      5 հունիսի
1995
Ահմեդ         Մելիքի աղջիկը      Գ.Թավրիզյան       Ի.Հովհանննիսյան 25 փետր.
Բոեմոնդ     Առլեկինը՝ արքա     Դ.Ռեկարդու          Լ.Հարությունյան   20 նոյեմբ.
...                Տարեմուտի հրաշք- Լ.Հարությունյան   Լ.Հարությունյան   25 դեկտեմ.
                                          ներ
1996
Մաուրիսյո Ծառերը կանգնած  Ա.Կասոնա             Լ.Հարությունյան   29 հունվ.
                           են մահանում
Բաքո          Սիամանթո և Խջե-  Հովհ.Շիրազ          Լ.Հարությունյան     4 ապրիլի
                                        զարե
Ամուսին,     Հարսեր...Կեսուրներ...Ռ.Աբրահամյան      Լ.Հարությունյան       4 նոյեմբ.
Դե Բուշ
1997
Էրկի           Այլանդակ Էլզան    Է.Ռսլակկի            Լ.Հարությունյան    6 ապրիլի
Մենելայոս  Անդրոմաքե             Եվրիպիդես           Լ.Հարությունյան   26 հոկտ.
1998
...                Պապ, կրակում են... Զ.Գևորգյան         Զ.Գևորգյան         18 մարտի    
Ձկնորս       Ձկնորս Սանոն և     Խ .Ասատրյան      Լ.Հարությունյան   28 հունիսի
       Սանո        որսորդ Վանոն
1999
Անտոնիո    Ցիլինդր                   Էդ. դե Ֆիլիպպո    Էդ.Հակոբյան          3 փետրվ.
Վազգեն      Սուրբ Շուշանիկ      Ռ.Աբրահամյան    Լ.Հարությունյան   27 սեպտ.
2001
Բազազ Ար- Գիքորը                   Հովհ.Թումանյան  Լ.Հարությունյան   27 մարտի
             տեմ
Երվանդ Բի-  Ծաղկասար              Ա.Բարսեղյան          Զ.Գևորգյան           25 հուլիսի
              ձա
...                Եկել ենք, կանք       Լ.Հարությունյան   Լ.Հարությունյան    2 սեպտ.
                      ու գալու ենք դեռ
2002
Լեոնարդ     Համր կինը              Ա.Ֆրանս               Հ.Մեհրաբյան       13 փետրվ.
       Բոտալ
Գոգի          40 օր համբառնա-  Ս.Խալաթյան         Լ.Հարությունյան     6 օգոստ.
                                լուց հետո
...                Հաջողակ որս          Ե.Չեպովեցկի        Լ.Հարությունյան   26 դեկտեմ.
2003
Ուստա        Չար ոգի                 Ալ.Շիրվանզադե    Լ.Հարությունյան
       Ոսկան,
Գիժ Դանիել
Հայկարամ  Դաս կանանց         Գ.Սարգսյան
Տղամարդ    Բոլերո                    Գ.Խանջյան          Մ.Դավթյան          10 հուլիսի
   առաջին
2005
Դյոլա         Կողոպուտ               Ս.Միտրովիչ          Մ.Դավթյան
                       կեսգիշերին
Տղամարդ    Բոլերո                    Գ.Խանջյան          Մ.Դավթյան
   առաջին
Առան         Մեսրոպ Մաշտոցն  Ս.Խանյան                                          3 հունիսի
    իշխան            Ամարասում
82 ներկայացման մեջ խաղացել է 94 դեր։