ԳՐԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄՆԵՐ

Հոդվածներ և գրախոսություններ


ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄ


Ընդհանրապես, այն կարծիքը կա, թե նույն՝ ամենօրյա, աշխատանքը մարդուն տաղտուկ ու միապաղաղ է թվում։ Բայց երբ սիրում ես քո մասնագիտությունը, այն քեզ այլ տեսքով է ներկայանում, նորովի ես ընկալում երևույթներն ու նոր վերաբերմունք ցուցաբերում քո ամենօրյա աշխատանքի նկատմամբ։ Իսկ երբ աշխատանքդ ներծծվում է քո էության մեջ ու դառնում նրա մի մասնիկը, այլևս անհնար է թվում անջրպետվելը։
Ասվածի անվիճելի օրինակ է մեր սիրելի դասախոսի ապրած կյանքը։ Գերազանցապես տիրապետելով ռուս-եվրոպական գրականությանը և որ ամենակարևորն է՝ սիրելով գրականագիտության իր նախընտրական բնագավառը, անկախ տրամադրությունից ու հոգեվիճակից, նա երբեք չի ձանձրանում հրաշքներով լի կախարդական այդ աշխարհն ուղեկցողի իր «դերից» և ամեն դասախոսություն սկսում ու եզրափակում է նոր երանգով, նոր իմաստավորումներով է ներկայացնում «օրվա հերոսներին», ուսանողի առաջ նոր տեսլականով բացում հին ու միջնադարյան գրական համաշխարհային երևույթները։
Օրը գումարվում է օրվան, տարին՝ տարվան։ Ժամանակը մարդուց խլում տանում է կյանքի երիտասարդ տարիները, բայց ավյունը, աշխատելու եռանդը մնում է մարդու հետ։ Եվ եթե այսօր բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լենա Գրիգորյանը վաթսուն տարեկան է՝ դա պարզապես ոչինչ չի նշանակում, նա մեր աչքին՝ նույն թեթևասահն է, գեղեցիկ խոսք ու պատմություններով պարուրված նրա հեզանազ ճեմաքայլն է միշտ մեր մտապատկերում։
Ուսանող-դասախոս՝ ինչպիսի՞ կապ ու փոխհարաբերություն պետք է լինի։ Ես կասեի՝ ընկերական, ավագի ու կրտսերի օրինակով, խորհրդատուի ու խորհրդառուի որակով։ Բայց մի՞շտ է ստացվում արդյոք և բոլորի՞ հետ է այդպես։ Լենա Գրիգորյանի օրինակում բացառությունները բացառված են, կողմնակալությունն ու հովանավորչական երանգավորումները՝ նույնպես։ Նրա նշանակածն՝ արդե՛ն իսկ գնահատական է, ուսանողի ունեցած գիտելիքների ճշգրիտ չափորոշիչ-վկայականը։ Նրա հետ ամեն նոր բացվող օրը նոր երանգ է ավելացնում ուսանողի բազմագունեղ առօրյային, դարձնում նրան ավելի բանիմաց ու մտաճկուն։ Եվ այդպես՝ 35 տարի շարունակ։
Եվ եթե այսօր փաստում ենք, որ մեր սիրելի դասախոսը վաթսուն տարեկան է, ապա դա զուտ օրացուցային առումով է այդպես, կյանքային բոլոր երանգավորումներով՝ նա միշտ նույնն է, նույն կենսախինդ ու ժպտադեմ դասախոսը՝ անխտիր բոլոր ուսանողների կողմից սիրված։
1988-ը վերափոխեց մեր կյանքի բոլոր ոլորտները, մեր մտածելակերպը, աշխատաոճը, գործողությունների ընթացքը։
Իսկ Լենա Գրիգորյանը վերափոխված էր ի սկզբանե։ Նա դեռ 1988-ի փետրվարի 13-ից շատ առաջ էր շարժման մեջ և գաղտնի հանձնարարություններ էր կատարում։ Մայր Հայաստանի հետ վերամիավորման մասին առաջին հռչակագիրը, որը պիտի իրենց ստորագրություններով վավերացնեին ավելի քան 80 հազար արցախահայեր, մշակվել և հաստատվել էր Ասկերանի շրջանի ակտիվիստների գաղտնի հավաքում, որի մասնակիցներից մեկն էլ արցախյան շարժման ամենաակտիվ գործիչ Իգոր Մուրադյանն էր։
Իր ամուսնու՝ շրջանային ընդհատակյա կազմակերպության անգամ, կուսշրջկոմի ու շրջխորհրդի գործկոմի օրգան «Կարմիր դրոշ» թերթի խմբագիր Կոմիտաս Դանիելյանի հանձնարարությամբ Լենա Գրիգորյանն սկսեց այդ գործընթացի մեջ ներգրավել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի դասախոսներին ևս, որոնց մեջ, իհարկե, կային նաև այնպիսիները, ովքեր, մեղմ ասած, անմիջապես հրաժարվեցին ստորագրել հռչակագրի տակ, կամ էլ, լավագույն դեպքում, խորհուրդ տվեցին, որ ինքը նույնպես ձեռնպահ մնա նման վտանգավոր գործերի կատարումից։ Բայց նաև եղան ոգով ամուր տղամարդիկ, ովքեր ամաչեցին ներքուստ՝ կին տեղովն ինչեր է անում, իսկ իրենք ինչպե՞ս մի կողմ քաշվեն։ Ու՝ միացան, Համլետ Գրիգորյանը, Նիկոլայ Ավագիմյանը, Արկադի Թովմասյանը, կին դասախոսներից՝ Արզիկ Մխիթարյանը (ով դեռ 60-ականների Երևանյան ցույցերի մասնակիցներից էր), մյուսները։ Եվ այսպես՝ շարժման նախնական (ընդհատակյա) փուլը մտավ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ։
Լենա Գրիգորյանն այնուհետև շատ ձեռնարկումների մասնակիցը դարձավ։ Ամենից հիշարժանը, թերևս, ուսանողներով-դասախոսներով զինվորական զրահապատնեշը ճեղքելն ու կենտրոնական հրապարակ մտնելն էր, որին հետևեց և ժողովուրդը։ Ստեփանակերտյան առաջին հանրահավաքի կազմակերպված իրականացումը ոգևորեց բոլորին, նոր ձեռնարկումների մղեց։ Լենա Գրիգորյանն այնուհետև էլ կարողանում էր ճշտությամբ կատարել բոլոր հրահանգներն ու գաղտնի առաջադրանքները՝ հաղթահարելով հատկապես այնպիսի արգելքներ, ինչպիսին, թերևս, մանկավարժական ինստիտուտում հայկական ու ադրբեջանական բաժիններում ուսուցման գործընթացների համատեղ իրականացման առկայությունն էր։ Իսկ Արցախում տիրող իրավիճակի իրական պատկերը ներկայացնող փաստաթղթերը, նամակներն ու հեռագրերը պետք էր անհապաղ Մոսկվա հասցնել՝ հանրապետական ու կենտրոնական լրատվամիջոցների կողմից խեղաթյուրված փաստերի ճշմարտացիության գոնե մի մասի վերականգնման համար։
Եվ, ահա, առիթը ներկայացավ.հայ և ադրբեջանցի դասախոսների համար էքսկուրսիա կազմակերպվեց Ստեփանակերտ-Բաքու-Մոսկվա-Վիլնյուս երթուղով։ Ընձեռված հնարավորությունը ձեռքից տալն, անշուշտ, աններելի սխալ կլիներ, ուստի, Լենա Գրիգորյանը, Համլետ Գրիգորյանն ու Նիկոլայ Ավագիմյանը հանձն առան այդ դժվարին առաջադրանքի իրագործման առաքելությունը, և, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, կարողացան տեղ հասցնել սպասված «բեռը»։
Լենա  Գրիգորյանը լայն գործունեություն ծավալեց նաև տեղական ու հայաստանյան մամուլի էջերում։ «Ողջախոհության ձայնին ունկնդիր» (համահեղինակներ՝ Համլետ Գրիգորյան և Արզիկ Մխիթարյան), «Ապրիլյան կրակոցներ», «Ընդհատակում» և շատ այլ հոդվածներ «Խորհրդային Ղարաբաղ», «Դպրություն», մյուս թերթերի միջոցով ընթերցողին ներկայացրեց արցախյան համաժողովրդական շարժման իրական պատկերը՝ արդարության ու ճշմարտացիության բոլոր վկայակոչումներով։
Անուրանալի է բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լենա  Գրիգորյանի վաստակը արցախահայ գրականագիտության զարգացման հարաճուն գործընթացում։ 1974 թվականից սկսած՝ դասախոսական գործունեությանը զուգահեռ, գրականագիտական-քննադատական հոդվածներով բազմիցս հանդես է եկել մի մեծ շարք պարբերականների էջերում, իսկ 1988-ին լույս է տեսել նրա «Արցախ աշխարհի օրհներգիչը», ուր հանգամանալիորեն ներկայացվել է ճանաչված մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի ստեղծագործության իրական պատկերը։
«Արցախի գրական ընտանիքը» բազմընդգրկուն աշխատության մեջ, որը տպագրվել է 2004 թվականին, ներկայացված է արցախահայ գրականության մի մեծ շարք ներկայացուցիչների գրական գործունեության ճշգրիտ նկարագիրը։
Գրական հրատապ հարցեր են արծարծվել նաև նրա մյուս գրքերում («Արշավիր Դարբնի»՝ 1995 թ., «Արվեստագետը 20-րդ դարի արտասահմանյան գրականության մեջ»՝ 2003 թ., «Ուսանողի կերպարը գրականության մեջ»՝ 2004 թ., «Սուրեն Այվազյան»՝ 2005 թ., «Այլանդակի գրական կերպավորումը»՝ 2005 թ., «Նահանջ բանականության»՝ 2006 թ., «Գրականությունը և կյանքը»՝ 2009 թ. և այլն)։ Լենա Գրիգորյանը նաև իրական կյանքից վերցված երգիծական բազում պատումների հեղինակ է, որոնք զետեղված են 2003 թվականին լույս ընծայված «Արցունք և ժպիտ» գրքում, որը վերահրատարակվել է 2008 թվականին։
1992-ի օգոստոսի 6-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի մերձակա բարձունքից Ստեփանակերտ հասած գույժը շատ բան փոխեց Լենա  Գրիգորյանի հոգեվիճակում։ Նա գիտեր, որ ԱրՊՀ-ի պատմության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող իր որդին՝ Նարեկ Դանիելյանը (հինգ երեխաներից՝ առաջնեկը) ճիշտ հետևություն է արել «Հայոց պատմության» դասագրքից, և համոզված էր, որ նույնիսկ վիրավոր վիճակում՝ չի լքի երբեք իր մարտադիրքը։ Ու՝ մնաց։ Անհայտ ճակատագրով...
Բայց Լենա Գրիգորյանի ոգին տոկուն եղավ ավելի։ Չկոտրվեց, թեև թախիծն այսօր մի քիչ շատացել է նրա դեմքին։
Սպասումը հոգեմաշ է անում՝ ասում են, բայց սպասումը մաշում է մարմինը միայն, իսկ հոգին չի եղծվում, չի դալկանում, մնում է ամուր ու անսասան։
Ոգու էլ ավելի տոկունություն մաղթենք մեր սիրելի դասախոսին, շնորհավորենք նրան՝ ապրած ու չապրած 60 տարիների առիթով, շնորհակալ լինենք մեզ պես քանի՜-քանի սերունդների կրթման ու դաստիարակման համար, և հավատանք, որ 60-ի մեջ էլ, թեև ճերմակասաղարթ՝ նա միշտ ջահել է հոգով, թեթևաքայլ ու հեզանազ։
Իսկ կյանքը նորից ընթանում է իր մշտական հունով ու վաղը նա կրկին կմտնի լսարան, նույն թեթևաքայլ նազանքով կրկին ուսանողներին կուղեկցի հեռո՜ւ-հեռու՝ անիրական ու իրական հերոսների մոտ։ Ամեն ինչ կսկսվի նորից։ Ամեն ինչ կլինի նույնը։ Փոխված կլինեն միայն նրա ունկնդիրները՝ նրա հերթական «ուղևորության» նոր մասնակիցները։ Եվ չի ընդհատվի երբեք այդ հավերժ ընթացող գործընթացը, որի միայն մասնակիցներն են փոփոխական, իսկ ոգին, էությունը, շունչը միշտ նույնն է, նույնը՝ իր գործի նվիրյալ Լենա Գրիգորյանի ապրածով ու ապրեցումով։…


ԳՐԱՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ՝ ՀԱՄԸՆԴԳՐԿՈՒՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐՈՎ


Զինաիդա Առաքելյան-Բալայանը  բանաստեղծությամբ մտավ գրական-գիտական աշխարհ։ Տպագրված առաջին գիրքն էլ բանաստեղծությունների ժողովածու էր՝ «Շառավիղեալն» (1995 թ.) խորագրով, երկրորդը՝ «Վիրակապ չհանդուրժող թևը» (2003 թ.)՝ պատմվածքների։ Երրորդ գրքից բացազատվեց գրականագիտական, քննավերլուծական վաղուց արդեն ի հայտ եկած առանձնահատկությունն ու լիովին ամրապնդեց դիրքերը։
Կարծում եմ, ընթերցողը ծանոթ է Զ. Առաքելյան-Բալայանի ոչ միայն գիտական, այլև գեղարվեստական ստեղծագործողի կերպարին, ուստի, չծանրանալով գեղարվեստական ստեղծագործությունների վերլուծության վրա, ուզում եմ միանգամից անցնել հեղինակի գրականագիտական, քննավերլուծական գործերին։
«Արցախը 19-րդ դարի գրականության մեջ և մշակույթում»։ 2004 թվականին էր, երբ ընթերցողի սեղանին դրեց «Արցախը 19-րդ դարի գրականության մեջ և մշակույթում» ուսումնասիրության առաջին գիրքը, որը հանդիսանում է Պլատոն Զուբովի «Ղարաբաղի աստղագետը» պատմավեպի պատմաբանասիրական քննական տեսությունը։
Ռուս հայտնի հեղինակի 1834-ին Մոսկվայում հրատարակված այդ պատմավեպը, որը հայ ընթերցողի սեփականությունն է դարձել դեռևս 1882-ին, Րաֆֆու թարգմանությամբ, ծանոթագրություններով ու ծավալուն առաջաբանով, Զինաիդա Առաքելյան-Բալայանը պատմաբանասիրական քննական վերլուծության է ենթարկում՝ «քննական զուգորդումներով բացահայտելով պատմական երկին հատուկ ժանրային ինքնատիպ միտումները, կերպարային, սյուժետային, պատմական իրողությունների ներդաշնակությունն ու գեղարվեստականացման հնարքները»։
Հայտնի է, որ ռուս հեղինակի նշված գործը ներկայացնում է Արցախի պատմության կարևորագույն շրջաններից մեկը, թերևս՝ ամենակարևորը, քանի որ այն առնչվում է այնպիսի հանգամանքների հետ, ինչպիսիք են պետականության էանիշ հանդիսացող մելիքությունների գործունեությունը, հայկական վաղնջական Շուշի բերդաքաղաքի՝ օտար տարրի կողմից տնօրինումն ու, ինչու՝ չէ, նաև, իբր, նրանց կողմից հիմնադրված լինելու հանգամանքը։
Պլատոն Զուբովը կարողացել է հավաստիորեն ներկայացնել տվյալ ժամանակաշրջանի արցախահայ կյանքը։ Պատմավիպասան Րաֆֆու բնորոշմամբ՝ «արևելյան կենաքը նկարված է իր պարզ, նահապետական գույներով» և «բաւական ճիշտ կերպարով պատկերացնում է մեզ այն աղէտալի հանգամանքները, որոնք Ղարաբաղի հայկական իշխանութիւնների քայքայման և անկման պատճառը դարձան»։
Նպատակ ունենալով՝ վանել մոռացության շղարշը պրոֆեսոր Պ. Զուբովի հայտնի գործից, որին Րաֆֆուց հետո ոչ-ոք այլևս չանդրադարձավ, Զինաիդա Առաքելյան-Բալայանը համակողմանի վերլուծության է ենթարկում այն, առաջնային ասպեկտ համարելով հայախոսական-արցախախոսական քաղաքական կշռույթի հակվածությունը, արցախագիտության վերաբերյալ մշակվող գաղափարակարգը, պատմավեպի հեղինակի ընդգծված ներքին համակրանքը արցախահայության նկատմամբ, և, ինչու չէ՝ նաև քննվող ժամանակաշրջանը, որը որքան բարդ էր ու հակասական, նույնքան էլ հերոսական էր ու հայրենասիրության ոգով տոգորված։
Զինաիդա Առաքելյան-Բալայանի ուսումնասիրությունը կատարված է լայն պատմաաշխարհագրական, հասարակական-քաղաքական, էթնիկ-ազգագրական, գրական-գիտական հարաբերություններ-առնչությունների լույսի ներքո, և միանգամայն հասկանալի է ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը, երբ ասում է. «Ինձ պարզապես զարմացրեց հսկայական այն աշխատանքը, որ կատարել է Զինաիդա Բալայանը «Ղարաբաղի աստղագետը» պատմավեպի հետ առնչվող բոլոր հարցերի, փակագծերի ու պատմական հղումների բացահայտման ուղղությամբ»։
««Զուբովի վեպը Զինաիդա Բալայանը քննաբանում է բնագրագիտական լայն առնչությունների մեջ, ստեղծելով պատմաբանասիրական մի ուսումնասիրություն, որը թեմայի ընդհանուր կառուցվածքի մաս լինելով հանդերձ, ունի ամբողջական ու վերջավորված գիտադրույթ։ Հեղինակը բացահայտում է բազմաթիվ նորահայտ էջեր գրողի կենսագրության, վեպի ստեղծագործական պատմության, ինչպես նաև՝ մելիքությունների փոխհարաբերությունների ու երկրամասի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ»,- գրախոսելով գիրքը՝ գրել է Ս. Սարինյանը, միաժամանակ՝ ավելացնելով, որ աշխատանքն, իրոք, կատարված է աղբյուրագիտական հմտությամբ և գիտական լուրջ արժեք է ներկայացնում։
Լինելով Պ. Զուբովի պատմավեպի առաջին ընդգրկուն ու համապարփակ քննախոսը (Րաֆֆու հայտնի առաջաբանից հետո), ուսումնասիրության հեղինակը կարողացել է իրականցնել իր առջև դրված խնդիրը՝ ներկայացնել քննախոսվող ժամանակաշրջանի Արցախի իրական պատկերը, համակարգել պատմավեպի սյուժեն, կերպարները։ Ուսումնասիրության մեջ համակողմանի քննավերլուծության են ենթարկվել պատմավեպի հիմնական գործող հերոսների (մելիք Շահնազար 2-րդ, աստղագետ Հասան, մելիք Ջումշուդ, Սալիհա, մելիք Հյուսեին, Փանահ խան) կերպարները, տրվել են նրանց իրական կերպավորումները։ Եվ, ինչպես գրքի խմբագիր և գրախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահրամ Բալայանն է նկատում, Զ. Առաքելյան-Բալայանը «...քննության առարկա դարձնելով նմանօրինակ հակասական մի ժամանակահատված, տարիների երկարատև պրպտումների և որոնումների շնորհիվ ընթերցողի սեղանին է դրել արժեքավոր մի գործ՝ պատմաբանասիրական ուսումնասիրություն։ Աշխատության մեջ նախանձելի բծախնդրությամբ հեղինակը հետամուտ է եղել ժամանակագրությանը։ Ամեն մի նշանավոր անձի՝ մելիքի գահակալությունն աշխատել է որոշել ժամանակագրությամբ»։ Հետաքրքիր է նաև Վ. Բալայանի հետևությունը, համոզմունքն առ այն, որ պատմությունը ուսումնասիրության հեղինակի համար ոչ թե սոսկ անցքերի դասավորություն է, «այլ մի գիրք, որտեղ իրադարձությունները պետք է լուսաբանված լինեն, անձերը՝ գնահատված, մի գիրք, որն ընթերցողին պետք է ուղեցույց լինի կյանքի մեջ, առաջնորդելով նրան դեպի առաքինություն և հայրենասիրություն»։
Համապարփակ է ասված և լիովին ներկայացնում է հեղինակի գործը։
Ավելացնենք միայն, որ գիրքը լրացված է հավելվածներով (վավերագրեր, նամակներ, վկայություններ, լուսանկարներ, այլ փաստաթղթերի լուսապատճեններ) և ծանոթագրություններով։ Հեղինակն օգտագործել է թեմայի հետ առնչվող բոլոր սկզբնաղբյուրներն ու քննական-տեսական գրականությունը, պարբերական մամուլ, արխիվներ։
Ուսումնասիրության հասցեագրման շրջանակը ևս բավականին լայն է (արցախագիտությամբ զբաղվող բանասերներ ու պատմաբաններ, ազգագրագետներ ու մշակութաբաններ, ուսանողներ ու... պարզապես՝ ընթերցողներ)։
«Մեսրոպ Մաշտոց երևույթը և հայոց ազգային գաղափարաբանության բարդույթը»։ Աշխատությունը գիտամեթոդական ձեռնարկ-ուսումնասիրություն է հանրակրթական դպրոցների աշակերտների և բուհերի ուսանողների համար, տպագրվել է Ստեփանակերտի «Սոնա» գրահրատարակչության կողմից, 2006-ին։
Զինաիդա Առաքելյան-Բալայանն այս գործով փորձել է ներկայացնել նախ այն դրդապատճառները, որոնք ստիպել են Մեսրոպ Մաշտոցին՝ ծավալել  «բուռն ու բազմաշերտ գործունեություն», որի հիմնական առանցքն ազգային գաղափարաբանությունն է, ինչպես նաև՝ քրիստոնյա ազգերի՝ մեկ միասնական գաղափարի շուրջ համախմբումը։
Թերևս ազգային պետություն չունեցող ժողովրդի համար կորստարար  երևույթ էր հունական, բյուզանդական, պարսկական ազդեցությունների ոլորտում մնալը։ Ուստի,  ժամանակի անհրաժեշտությունը մնում էր ազգային գաղափարաբանական էանիշների երևան հանումը։ Ինչպե՞ս կարող էր ժողովուրդը որպես ազգ գոյատևել առանց ազգային դիմագծի, իսկ ինչպե՞ս պահպանել ազգային դիմագիծն՝ առանց ազգային էանիշների։ Եվ, ահա, մտահղացումը ազգային գրերի գյուտի, որ գտնվեց ժամանակին, անհրաժեշտ էր իրագործել անհապաղ, այլապես՝ հապաղումը կարող էր կործանարար լինել։
Մեսրոպ Մաշտոց երևույթի և հայոց ազգային գաղափարաբանության բարդույթի համադրմանն ու գիտական վերլուծմանը զուգահեռ՝ Զ. Առաքելյան-Բալայանը ներկայացնում է Մեսրոպ Մաշտոցի կերպարի քննման, ուսուցման, ինչպես նաև՝ գնահատման ժամանակակից մեկնաբանությունը։
«Կան երեւույթներ,- գրում է հեղինակը,- որոնց ցոլացումը պատմության մեջ դառնում է ժամանակագիր, ժամանակացուց, որոնք նշանավորում են հասարակության առաջընթացը, գյուտելու մեջ գծելով հասարակականի, քաղաքականի, մշակույթի՝ ազգագրության, կրթության, դպրության (գրական այլևայլ ժանրատեսակներ), գոյատևումի օղակները, ամբողջության մեջ ամփոփելով հեղաշրջումի, հեղափոխականության բարդույթը...»։
Մեսրոպ Մաշտոցն, իրոք, այդպիսի մի երևույթ էր, որ այնպես պարզ և համակողմանիորեն ուսումնասիրվել է ուսումնասիրողի կողմից։
 «Սերգեյ Սարինյանի քննահամակարգը»։ 2006 թվականին լույս ընծայված գրքի հանձնարարականը հուշում է, որ «ուսումնասիրության մեջ առաջին անգամ մեկնության և գնահատման են ներկայացված հայ գրաքննադատական ակադեմիական դպրոցի կարկառուն և նորարար ներկայացուցչի, գրականության  պատմաբանի, տեսաբան-քննադատի, մեթոդաբան-մանկավարժի՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս. Ն. Սարինյանի քննահամակարգի սահմանները»։
Արդիական մեթոդական հրատապ հնչողություն ունեցող ուսումնասիրությունը հասցեագրված է ինչպես գիտությամբ զբաղվողներին և ուսանողությանը, այնպես էլ՝ ընթերցողական լայն շրջանակներին։
Դեռևս  ժամանակին Պարույր Սևակն է «հասկացել», որ «Ս. Սարինյանի հետ մրցել ցանկացողը առնվազն պետք է շատ զգույշ լինի» և խոստովանել, որ չի կարողանում որսալ նրա բնույթը, «ինքն է ու իր սիստեմը»։ Պարույրսևակյան հիանալի բնորոշմամբ՝ «Ս. Սարինյանի լեզուն գիտական է և կուռ, բնորոշումները՝ դիպուկ»։
Զ. Առաքելյան-Բալայանն էլ՝ իր հերթին փորձելով  պարզաբանել-ներկայացնել ակադեմիկոսի քննահամակարգը, բացահայտում է նրա նորարարական խիզախումները, գրականության որոշակի ընդհանրությունների՝ գիտականության բերելը, փորձում պատասխանել այն հարցին, թե «ո՞վ է Ս. Սարինյանը՝ ժամանակաչափակիր ու չափախախտ, չափադիր անհատականությունը» և կետ առ կետ վերլուծում նրա՝ որպես գիտնականի, «մտախառնվածքային գծակիր» ֆենոմենի, կրթական-մանկավարժական-մշակութային, հասարակական-քաղաքական գործչի կերպարը։ Հետազոտողին հաջողվել է համակողմանի ուսումնասիրության արդյունքում ստանալ իր հարցի պատասխանը և հասցնել ընթերցողին։
Հետազոտության մեջ ընթերցողի առաջ պարզորոշ դիմագծվում է բազմաշերտ մտածողությամբ ու բազմաբնույթ «հերքում-եղծումի անողոք, անկասելի ուժով առլեցուն ու թրծված» տեսաբանի ոգեղենն ու տեսլականը։
Գրքում տեղ են գտել նաև Ս. Սարինյանի՝ գրականության հարցերին ու ազգային գաղափարաբանությանը վերաբերող մի շարք ասույթներ, ինչպես նաև՝ գրականության գործիչների՝ Ս. Սարինյանի մասին արված բազմաթիվ հեղինակավոր կարծիքներ, լուսանկարներ։
Մնում է հուսալ, որ «Արցախը 19-րդ դարի գրականության մեջ և մշակույթում» ուսումնասիրության հաջորդ երեք գրքերի («Արցախը Րաֆֆու պատմաբանասիրափիլիսոփայական քննահամակարգում», «Խամսայի մելիքությունները», «Ռուզան») տպագրության գործը ևս շատ չի ուշանա, ժամանակին ընթերցողին կհասնեն նաև նրա մյուս պրպտումները գրականագիտության ոլորտում։




«ԽԱՌՆԱՓՆԹՈՐ ՄՐՄՈՒՆՋՆԵՐ»՝ ԱՐԴԱՐԱՄՏՈՒԹՅԱՆ ԱԿԱՆՋԻՆ


Կառլեն Սողոմոնյանը մեր այն երգիծաբաններից է,
ով տեսավ իր առաջին գրքի... «մահը»,
իսկ երկրորդը լույս աշխարհ եկավ նրա մահվանից հետո։

1995-ին լույս տեսած նրա առաջին գրքի («Մտերմիկ խայթեր») «մահը», թերևս, դաժան հաշվեհարդար կարելի էր համարել ոչ միայն երգիծական գրքի, այլև հեղինակի հանդեպ՝ առողջության համար ծանրագույն հետևանքներով։
Երգիծանքն, անշուշտ, հասարակության հայելին է և անաչառորեն ի ցույց է դնում առկա թերություններն ու բացթողումները։ Ինչի մասին չես կարող բացեիբաց խոսել, ստիպված ես լինում դիմել այլաբանությանը և ներկայացնել դրանք առակների, ֆելիետոնների, երգիծական մանրապատումների ու բանաստեղծությունների տեսքով։
Կառլեն Սողոմոնյան-երգիծաբանի ենթատեքստային հերոսներն, անշուշտ, իսկույն ինքնաճանաչվեցին և անմիջապես էլ... թունավորվեցին «մտերմիկ խայթոցներից», իսկ դրսևորված անհանդուրժողական վերաբերմունքը ճակատագրական դեր խաղաց ինչպես գրքի, այնպես էլ հեղինակի համար, առողջական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնելով նրան։ Ժամանակի կարող ուժերի համառ ու անզիջում ջանքերի շնորհիվ հավաքվեց գրքի ողջ տպաքանակն ու հրո ճարակ դարձավ, իսկ հեղինակը ենթարկվեց ֆիզիկական հաշվեհարդարի, որի հետևանքով Կառլեն Սողոմոնյանը մեկ տասնյակից ավելի տարիներ գրիչ չվերցրեց ձեռքը՝ ինչքան էլ թանձրացան մեր կյանքի արատավոր երևույթները։
Բարոյական ու ֆիզիկական վիրավորվածությունը հյուծեց նրա մարմինը, քայքայեց առողջական վիճակը, արդյունքում՝ երգիծական մանրապատումների երկրորդ ժողովածուն տպագրվեց հետմահու։ 54-ամյա երգիծաբանը, ով դեռ շատ անելիքներ ուներ իր նախընտրած բնագավառում և կյանքի վերջին տարիներին կրկին ստեղծագործական ուղեծիր էր վերադարձել՝ ընդմիշտ հրաժեշտ տվեց երկրային կյանքին։
Բայց արդյո՞ք մարդու կյանքը եզրափակվում է ֆիզիկական մահով։ Ամենևին։ Եվ նրա նոր գրքում տեղ գտած գործերը մրմունջներ են առողջ դատողությամբ օժտված մարդկանց ականջներին, «խառնափնթոր մրմունջներ», որոնք հաճախ են այս կամ այն ձևով հիշեցնում մեր կյանքի արատավոր կողմերն ու մարդ կոչվածների պարսավելի արարքները։ Զորօրինակ՝ «արժանավորին մերժեցին, իսկ նրա տեղի համար նոր մրցույթ կազմակերպեցին անարժանների շրջապատում»։ Կամ՝ «լավ վճարեցին և նա դադարեց ճշմարտությունն ասել»։ Կամ՝ «ավանակների զռռոցը խլացրեց առյուծի մռնչյունը և կենդանիները կորցրին զգոնությունը»։ Երգիծաբանի կարծիքով «գոռոզությունն արժեքի արժեզրկված արժեքն է»։ Իսկ ի՞նչ է վարքագիծը, «արտաքինը պարուրող հանդերձանք»՝ համոզված կասի նա։
Կառլեն Սողոմոնյանն իր կարճ, բայց հատու տողերով մշտապես ահազանգում է սպառողական զամբյուղն ու ագահության կողովը կրողների միջև առկա անդունդի անընդհատ խորացման վտանգի մասին։
Ի վերջո՝ երգիծաբան ու մարդ Կառլեն Սողոմոնյանի դիրքորոշումը մեկն է՝ ասել ճշմարտությունը, թիրախ ունենալով ստորությունն ու անարդարությունը։ Իսկ ճշմարտությունն ասելը իմաստությո՞ւն է՝ կխորհի երգիծաբանն ու կգա այն համոզման, որ ամենևին էլ՝ ոչ, այլ համարձակություն, և իր եզրակացությունը, իր կարծիքը նա կկարողանա արդարացիորեն պարտադրել անաչառ ընթերցողին։




ԵՐԿՈՒ ԽՈՍՔԻ ՓՈԽԱՐԵՆ
կամ գիրք ՝ իրական-կյանքային դրվագապատումներով

Գուրգեն Աղասարյանը գրող երևալու, առավել ևս՝ լինելու հավակնություններ չունի, բայց շարունակում է գրել։ Գրելը նրա համար հոգու պահանջ է, սրտի պարտադրանք։ Գրում է իր ապրած ժամանակաշրջանի ու շրջապատի մարդկանց մասին։
Նրա նախորդ գրքերը («Խնձրիստան գյուղի պատմությունը»՝ 2002, «Ճակատագրերը մարդկանց»՝ 2005, «Արցախի հայ ուսուցիչները Մեծ հայրենականում»՝ 2005) վաղուց գտել են իրենց ընթերցողներին։
Հանրության ուշադրությանը ներկայացվող նոր գրքում ևս հեղինակը հավատարիմ է մնացել իր նախասիրություններին ու սկզբունքներին։
Գրքի նյութը հավաքվել է ողջ կյանքի ընթացքում։ Իմաստային առումով այն բաժանվում է երկու մասի։ Առաջին մասում ներկայացված իրապատումներում նկարագրվող դեպքերը հավաստի են, հերոսները՝ իրական մարդիկ, ովքեր ապրել են հեղինակի հայրենի գյուղում, շրջակա բնակավայրերում։
Գրքի երկրորդ մասն ամբողջությամբ տրամադրված է ողջ կյանքի ընթացքում հեղինակի կողմից հավաքված, ի մի բերված երգիծապատումներին, որոնց մի ահագին մասը ստեղծագործական զուտ արգասիք լինելուց բացի՝ նաև իրական-կյանքային ամուր հիմքեր ունեն։ Իսկ եթե երգիծական որոշ կտորներ հանկարծ ծանոթ թվան ընթերցողին՝ թող շփոթության առիթ չդառնա, պարզապես տարիներ շարունակ այդ երգիծապատումներից նմուշներ են տպագրվել պարբերական մամուլում և անեկդոտների ձևով տարածվել ժողովրդի մեջ։
Գիրքն, ընդհանուր առմամբ, հետաքրքրաշարժ շատ պատումներ է պարունակում իր մեջ, ինչն էլ ստիպում է ընթերցողին՝ չկտրվել գրքից, ընթերցվում է բուռն հետաքրքրությամբ։



ԲԱՐԻ  ՆՊԱՏԱԿ

Վաստակաշատ մանկավարժ Շուրա Հասրաթյանի «Գերդաստանի ճակատագիրը» գրքում 20-րդ դարի դաժան ու անմարդկային իրականության համապատկերի վրա ընթերցողի ուշադրությանն է ներկայացվում մի համեստ ու աշխատասեր գերդաստանի ողբերգական դրվագներով լեցուն ոդիսականը։
Մեր ապրած հասարակարգն էր դա, որ աշխարհում ամենամարդկայինն էր համարվում։ Բայց մարդկության պատմության ողջ ընթացքում մարդկայնության ու բարոյականության ոչ մի կանոնագիրք չի պարունակել այնպիսի դրույթ, համաձայն որի՝ արդար աշխատանքով ձեռք բերված հարստությունը ո՛չ միայն ենթակա լինի բռնագրավման, այլև՝ որակվի որպես հայրենադավություն, սեփական ժողովրդի հանդեպ գործած ծանրագույն հանցագործություն և արժանանա ամենախիստ պատժի՝ աքսորի ու տաժանակրության (առանց դատ ու դատաստանի), և այն էլ՝ ընտանիքներով, ամբողջ տոհմ ու գերդաստանով, չխնայելով ո՛չ նորածիններին, չհարգելով ո՛չ վաստակ, ո՛չ էլ ծերություն։ Բայց այս ամենն իրականություն է և տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ։
Գոնե հիմա՛ հարգենք անհիմն կերպով բռնադատված, համաժողովրդական ատելության ու պարսավանքի արժանացած մեր այն հայրենակիցների, բարեկամների ու մերձավորների հիշատակը, ովքեր անուժ գտնվեցին դիմանալ անմարդային պայմաններին և իրենց վերջնական հանգրվանը գտան հեռավոր սիբիրների հավերժական ձյուներում։
Նրա՛նց տանք մեր հարգանքն ու աջակցությունը, ովքեր դիմացան ամեն փորձության, հաղթահարեցին ամեն դժվարություն ու վերադարձան հարազատ երկրամաս ու կրկի՛ն միացան կոմունիզմի «աշխարհաշեն» բանակին։ Թեկուզ հաշմված ու աշխատունակության մասնակի կորստով՝ կրկի՛ն վերագտան իրենց տեղը կյանքում։
Գիրքն ընթերցվում է հետաքրքրությամբ։


«ՊԱՏԳԱՄ»


Ելենա Մարտիրոսյանը երկար տարիներ աշխատել է տարբեր բնագավառներում, բայց հոգու խորքում միշտ էլ փայփայել է մի նվիրական զգացում բանաստեղծության նկատմամբ։ Իսկ պահը եկել է և նրա բանաստեղծությունը բողբոջել է, վերաճել ծաղիկների։ Այդ ծաղիկները նրա ապրած տառապալից օրերի արտացոլքերն են, դժվար տրված կյանքի վերարտադրանքը։
Եվ պոռթկացել է նրա մեջ ցավը, դարձել բանաստեղծական խոսք ու պատգամ, մտել ընթերցողի սիրտը։ Ու թեև նրա գրվածքներում որոշ առումով մասնագիտական վարպետության պակաս է զգացվում, բայց, այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ նրա բանաստեղծությունը ծնվում է հոգուց, սրտի ջերմ խոսք է նրա ամեն մի տողը և սրտից սիրտ է անցնում։



ՀԵՐԹԱԿԱՆ ՀԻՇԵՑՈՒՄ՝ ՊԱՐՏՔԻ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

Թիվ 34153 զորամասի զինծառայող
հանդիսատեսի դատին հանձնվեց«Մենք մեր սարերն ենք» ներկայացումը

Արձակագիր Կոմիտաս Դանիելյանի համանուն պիեսը, որի հիման վրա ստեղծվել է ներկայացումը, ներառում է բանակային (տվյալ դեպքում՝ պատերազմական ժամանակաշրջանի) կյանքի համարյա բոլոր ոլորտները՝ հետախուզություն, հրետակոծում, մարտի վարում, հակառակորդի զինծառայողների գերեվարում, բուժօգնության ցուցաբերում  և այլն։
Բայց ամեն ինչ՝ սկզբից։
Հայկական վաղնջական բնակավայրը հերթական ռազմագործողության ընթացքում ժամանակավորապես հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Տարհանվել է խաղաղ բնակչությունը, բայց ահա դեռատի կինը, իր փոքրիկ տղայի հետ, չի հասցրել հեռանալ գյուղից։ Պատճառներից մեկն էլ, երևի, հղիության հետևանքով կնոջ ծանրաշարժ լինելն էր։
Ծանր վիճակում հայտնված մարդկանց ամեն րոպե սպառնացող վտանգը ավելի դյուրագրգիռ է դարձնում նրանց, մինչդեռ՝ փոքրիկ տղան գործում է շատ ինքնավստահ, յուրովի հետախուզում շրջակա տարածքը, ինչպես նաև ուտելիք հայթայթում մոր համար։
Ի դեպ, այստեղ հարկ է նշել փոքրիկ տղայի դերակատար Տիգրան Աբաղյանի ինքնավստահությունը, վտանգի սպառնալիքի տակ ճիշտ կողմնորոշվել կարողանալը, մոր դերում հանդես եկող ԼՂՀ վաստակավոր արտիստ Արեգա Պետրոսյանի հետաքրքիր խաղաոճը։
Ներկայացման մեջ ցուցադրվում է ադրբեջանցիներին հարիր մի կարևոր հանգամանք ևս, որը շատ խիստ բնութագրական է նրանց համար, դա  ադրբեջանցի սպայի անողոք վերաբերմունքն է իր հայազգի մոր նկատմամբ։
Դեպքերն, իհարկե, ներկայացման մեջ շատ կտրուկ ու սրընթաց են, իսկ արդյունքում՝ մեր զինված տղաները կարողանում են տիրապետել իրադրությանը, և վտանգի մեջ հայտնված մայր ու որդին, իր ադրբեջանցի որդուց արհամարհված ու հեռացված հայազգի մայրը կարողանում են վերագտնել իրենց հանգիստն ու ապահով առօրյան։ Ավելին, այնպիսի քաջ տղաների, ինչպիսիք են հրամանատար Մարտիկը (Մարտին Ալոյան), ֆիդայիներ Համոն (Գենադի Առուշանյան) ու Սերոն (Դավիթ Ղահրամանյան), վարժ ու գրագետ գործողությունների շնորհիվ գերեվարվում  են նաև հակառակորդի բանակի սպան (ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյան) և իրենց զորքերի առաջխաղացման մասին նյութ պատրաստելու նպատակով առաջին գիծ հասած ադրբեջանցի լրագրողը (ԼՂՀ վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյան)։
Հոգեբանական երանգավորումները ներկայացման մեջ հասցված են կատարելության։ Հանձինս ադրբեջանցի սպայի՝ Քաջիկ Հարությունյանը տալիս է նրա կերպարի իրական բնութագիրը՝ դաժանություն, կոպտություն, գոռոզամտություն և այլն, նաև՝ ծուղակն ընկնելուց հետո՝ այդ ամենի համար մեղքի ուշացած զղջում, սրտի ցավ, հոգու անամոք վիշտ։
Թվում է՝ ներկայացման բոլոր դերերն են գլխավոր և կենտրոնական նշանակություն ունեցող, որովհետև երկրորդական և, մեղմ ասած, անիմաստ ու անտեղի ոչինչ չկա այստեղ։ Գալուստ քեռու կերպարը, որը հետաքրքիր երանգավորումներով հանդիսատեսին է ներկայացնում Սամվել Մկրտչյանը, հարազատներից մերժված ու ազգակիցների մոտ հանգրվանած Ծաղիկը (ԼՂՀ վաստակավոր արտիստ Սվետլանա Թովմասյան) և ընդամենը մեկ դրվագում հանդես եկող բուժքույրը (Մարիաննա Լալայան) հանդիսատեսին են ներկայանում իրենց դերերի նպատակային լինելու կարևորությամբ։
Ներկայացման թեման հանգուցալուծվում է, հակառակորդն այս անգամ էլ իր պարտության հերթական դրվագն է ապրում։ Հերթական անգամ հաղթում է բարությունն ու արդարությունը։
Իսկ զինծառայող հանդիսատեսի ոգևորված ծափերը հաստատում են այն պարզ ճշմարտությունը, որ Արցախի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերախումբը (թատերախմբի ղեկավար՝ Նարինե Պետրոսյան), իրոք, մեծ գործ է կատարել՝ բեմավորելով Կոմիտաս Դանիելյանի «Մենք մեր սարերն ենք» պիեսը (բեմադրիչ՝ Նարեկ Դուրյան), այն պարզ տրամաբանությամբ, որ հայրենի հող ու ջրի, քար ու քարափի, սար ու ձորի համար պիտի հեղվի հայ զինվորի բոսորագույն արյունը, դրանով սրբագործվի, որ ավելի հարազատ ու թանկ դառնա։ Նաև՝ ճշմարտություն է այն, որ ուրիշ ոչ մեկը նրա փոխարեն չի անի դա։
Ներկայացումը զինծառայողներին պարտքի ու պատասխանատվության կոչելու հերթական փորձ էր նաև։


ՍԻՐԱՆՈՒՅՇԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ՝ «ԵՐԿՅՈՒՂԱԾ ԼՌՈՒԹՅԱՄԲ»

Ներկայացումն սկսվեց միանգամից։ Նա դահլիճից մանկասայլակով բարձրացավ բեմ ու միանգամից հայտնվեց թանգարանի՝ մեծանուն դերասանուհու ցուցասրահում։ Ներկայացման միակ հերոսը (չհաշված՝ մանկասայլակում տեղավորված աղջնակը) արդեն մոռացվող և բժիշկների կողմից մահվան դատապարտված դերասանուհին է, ով երեխային բերել է այստեղ, ցույց տալու, թե ում անունն է կրում ինքը։
Եվ ծավալվում են դեպքերը, մեկը մյուսին հաջորդում են Սիրանույշի հիանալի կերպավորումները՝ զուգակցելով մենախոսություններով առ Ճշմարիտը, Վեհն ու Գեղեցիկը։ Դերակատարը հյուրախաղերով Ստեփանակերտում գտնվող դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանն է, ով, իրոք, այնպիսի ապշեցուցիչ երանգավորումներով ներկայացրեց Սիրանույշին, որ ասես ոգեղեն տեսլականն ու առօրեական իրականը միախառնվել-միահյուսվել են իրար։ Հանդիսատեսն, իրոք, զգում էր, որ դերակատարի շրթունքներով խոսում է ինքը Նորին Մեծություն Սիրանույշը։ Խոսում է իր ցավի ու մտատանջության, տառապանքի ու երազների մասին։ Նաև տարակուսանք կա նրա խոսքում՝ մինչև՝ հայկական բեմի Սառա Բեռնար, թեև ողջ կյանքի ընթացքում ձգտել է լինել ու մնալ Սիրանույշ։
Իրոք, ներկայացումն իրատեսական էլեգիա էր, մեծ դերասանուհու ապրածի ու չապրածի մասին, իսկ պատրանքն ու իրականը հաճախ միահյուսվում են իրար, և բժիշկների մոգական ուժի վրա այլևս հույս չունեցող, մահվան հետ հաշտված հերոսուհուն իրական աշխարհ է վերադարձնում մանկասայլակը, երեխայի ճռվողյունը, լացի ձայնը և նա, հանուն այդ երեխայի, ուզում է ապրել։ «Մենք ապրում ենք, մենք ապրելու ենք»,- ասում է նա երեխային՝ փոքրիկ Սիրանին։
Ներկայացումն ամեն դեպքում ավարտվում է դերասանուհու մահով, բայց նրա ոգևորությունը հնչում է դահլիճում. «Քեզ մենակ չենք թողնի»։ Այո,  կապրի նա՝ նոր Սիրանույշը։ Եվ գուցե՝ նույն տաղանդի ուժը ունենա։…
Կարևորն այն է, որ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի հանդիսատեսի կողմից մի խոնարհ նվիրումով հիշվեց մեծ դերասանուհի Սիրանույշի ծննդյան 150-ամյա հոբելյանը և հիշատակի տուրք մատուցվեց մահվան 75-ամյա տարելիցին։




ՈՐՊԵՍ ՂՈՂԱՆՋ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ

Եվ եղավ պատերազմ՝ սոսկալի ու ավերիչ։ Մեր երբեմնի խաղաղ բնակավայրերը վերածվեցին ռազմական հենակետերի, մի մասը՝ ասպատակվեց, կոխկրտվեց ոսոխի կրնկի տակ։ Հայոց հինավուրց Արցախ աշխարհն արյուն էր թքում, սակայն կարճ տևեց հոգեվարքը, թուրքը շատ շուտ զգաց հայ քաջարի բազկի հզոր ուժը։
Եվ սկսվեց հաղթարշավը, որը, սակայն, զոհեր շատ էր պահանջում։ Ու նահատակվեցին նրանք, քանզի գիտեին՝ միայն անձնազոհությունը կփրկի Արցախը ու բաց ճակատով գնացին դեպի «մահ իմացյալ»՝ իրենց մատաղ կյանքը նվիրաբերելով ազատության զոհասեղանին։
«Անավարտ կենսագրություն». այս վերնագիրն է կրում

(շարունակությունը տեղադրված չէ)


ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ


Հատված հուշագրությունից

Ես օրհնում եմ իմ հոգեորդու՝ Արիսի առաջին գիրքը 
և ուրախ եմ, որ նրա կյանքում ունեմ իմ վաստակը։
Գուրգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Գուրգեն Գաբրիելյանի մասին իմ հուշերն ուզում եմ սկսել հեռվից։
...Սկսնակ ստեղծագործող էի, գյուղական կյանքի մասին պատմող թղթակցություններով ու անպաճույճ բանաստեղծություններով հանդես էի գալիս Մարտակերտի շրջանային «Բարեկամություն» թերթի էջերում։ Մի օր էլ, երբ խմբագրության աշխատակիցները ծանոթացան բանաստեղծություններիս հերթական «փնջի» պարունակությանը, նամակների բաժնի վարիչ Լևոն Նանագյուլյանը բազմանշանակ ժպտաց, որին հետևեց նրա հեղինակավոր կարծիքը.
- Ոնց որ այս տղային Գուրգենի մոտ պիտի ուղարկենք։
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Ես չհասկացա, թե ում մասին է խոսքը, բայց, այնուամենայնիվ, զգում էի, որ մի լավ անակնկալ է սպասվում ինձ։ Պարզվեց, որ պետք է մեկնեմ Ստեփանակերտ և իմ բանաստեղծությունները ներկայացնեմ մարզային «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրությանը։ Եվ միայն այնտեղ կարող են համապատասխան «ախտորոշում» տալ իմ գրվածքներին։
Խոստովանեմ, որ Ստեփանակերտում մինչ այդ եղել եմ մի անգամ միայն, երբ դեռ վեց տարեկան էի, և հորս հետ մանկական հիվանդանոցում մեկ տարեկան հիվանդ քրոջս խնամող մորս էի այցի գնացել։ Հիմա, երբ առաջարկվում էր մեկնել Ստեփանակերտ,  ու թեև ես գյուղում ութամյա կրթություն ստանալուց հետո մեկնել էի Դիլիջան ու տեղի միջնակարգ պրոֆտեխուսումնարանն ավարտելու վրա էի արդեն, բոլորովին անծանոթ էի Ստեփանակերտ քաղաքին։
Համադասարանցիս՝ Սարգսյան Սուրիկը, խոստացավ օգնել։
-Գիտեմ,-ասաց,-որտեղ է գտնվում խմբագրությունը, կուղեկցեմ։
Նա մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող էր արդեն և որոշակիորեն ծանոթացել էր քաղաքին։ Ճամպրուկը հանրակացարանի իր սենյակում տեղավորելուց հետո որոշեցինք զբաղվել «իմ հարցով»։ Բայց երբ Սուրիկի հետ մոտեցանք այն շենքին, ուր, նրա կարծիքով, պետք է խմբագրությունը լիներ, պարզվեց, որ... տպարանում ենք («շրջանցելով» խմբագրությունը՝ ես ու ընկերս իմ բանաստեղծություններն ուղիղ տպարան էինք հասցրել)։
Մեզ հուշեցին և խմբագրության շենքը գտանք առանց առանձնակի դժվարության։
ՁԱԽԻՑ՝ Հրաչյա Բեգլարյան, Գուրգեն Գաբրիելյան,
Արկադի Թովմասյան, Արիս Արսենի
Խմբագրության շենքը գտանք, բայց ուր և ում մոտ գնալ՝ Սուրիկն այլևս անզոր էր օգնել ինձ։ Կանգնել էինք մուտքի դռան մոտ ու չգիտեինք ինչ անել։ Նա, որպես «քաղաքաբնակ», քաղաքում կողմնորոշվելու որոշակի փորձ արդեն ուներ, ուստի, խորհուրդ տվեց բարձրանալ աստիճաններով և բախել հենց առաջին դուռը։ Երկրորդ հարկ բարձրացող փայտե աստիճանների վերջում երևացող դուռը մատնացույց արեց։
Բարձրացա աստիճաններով ու կանգնեցի դիմացի դռան առաջ՝ «Խմբագրի տեղակալ՝ Վ.Ս.ՀԱԿՈԲՅԱՆ» ցուցանակի դիմաց։
- Ներս մտիր,- ներքևից հուշեց ընկերս։
Վախվորած բախեցի դուռն ու ներս մտա.
- Կարելի՞ է։
Դիմացինի բարյացակամ վերաբերմունքից որոշ չափով սրտապնդվեցի ու նրան մեկնեցի բանաստեղծություններիս «Բարձունք տանող արահետով» բարձրագոչ վերնագիրը կրող տետրը։ Նա թերթեց մի քիչ, ընթերցեց մի քանի էջ ու ձեռքը դեպի հեռախոսը երկարեց։ Ընկալուչում պատասխան ձայն լսվելուց հետո անմիջապես ասաց.
- Գուրգեն, մոտդ մի տղա եմ ուղարկում՝ սեփական տպարանում սարքած գիրքը ձեռքին։
Ես հասկացա, որ վերջապես... «տեղ» եմ հասել և շուտով կտեսնեմ նրան, ում մոտ ուղարկել են ինձ։
Խմբագրի տեղակալի ուղեկցությամբ երբ նրա  առանձնասենյակը մտա, անմիջապես վեր կացավ նստած տեղից ու հարազատի սրտամոտությամբ ու ջերմ ձեռքսեղումով պատասխանեց բարևիս, և հենց առաջին հայացքից զգացի, որ գործ ունեմ, իրոք, բանաստեղծությամբ ապրող մարդու հետ։ Նա ձեռքն առավ «սեփական տպարանում սարքած» գրքույկս և հենց առաջին բանաստեղծությունից սկսեց կարդալ։

Գիտեմ, որ ես չեմ ընթանա
              ասֆալտապատ պողոտայով,
Պիտ ընթանամ մացառներով,
Անմատչելի կածաններով,
Մինչև դուրս գամ լայն պողոտա...

Գրքի նախերգն  էր դա, որից հետո սկսվում էր «Քեզ համար եմ թախծում անվերջ» շարքը։

Ես չգիտեմ, թե ինչեր են
Ինձ առջևում դեռ սպասվում,
Եվ չգիտեմ՝ ճամփիս ով է
Իր վառ սիրով ինձ սպասում։
Իսկ կա՞ արդյոք նա, թե՞ զուր եմ
Իմ հւյսերը ոսկեջրում...

Էջի վերևի աջ անկյունում դրոշմվեց հավանելու նշանը, որից հետո անցավ հաջորդին։

Մի սիրիր նրան,
Ով քեզ չի սիրում,
Ով տառապում է
Ինչ-որ ուրիշի
Սրբազան սիրով։

Ընդգծեց «սրբազան» բառը, ասաց, որ տեղին չի օգտագործված, կարելի էր ավելի հարմար բառ ընտրել։ Դիտողություններ կային նաև «Քո աչքերը», «Ամեն օր ես քեզ տեսնում եմ», «Անունդ», «Շատ ման արի ու ինձ տես» բանաստեղծությունների համար։ Նկատառումներ ուներ հատկապես անընդհատ կրկնվող «ես»-երի վերաբերյալ.

Ես  անչափ գոհ եմ,
Որ կյանքում միայն
Ես քեզ ընտրեցի...

կամ՝

Ես  քեզ սիրում եմ՝
Ասել է, թե ես...  և այլն։

«Պատասխան» բանաստեղծության մեջ արդեն խմբագրողի գրիչը գործի անցավ, իսկ «Աղբյուրի մոտ»-ը այդ նույն «թեթև» գրչի մի հարվածով դարձավ... «Վերհուշ»։ Երեք երկտողերից բաղկացած բանաստեղծությունից մնաց միայն առաջին երկտողը, որը նոր բանաստեղծության մեջ դարձավ... երրորդ (եզրափակիչ) երկտող։
Իր հավանած բանաստեղծություններից «Սովետական Ղարաբաղի» 1978-ի մարտի 12-ի համարի «Գրական երիտասարդական» էջի համար նախատեսված գործերի շարքում տպագրվեցին նաև իմ երկու («Հրավեր» և «Իմ երգը») բանաստեղծությունները։ Այսօրվա պես հիշում եմ էջում տպագրված Կոմիտաս Դանիելյանի «Երամ» վիպակից առանձնացված «Չմարող լույսեր» գեղեցիկ հատվածը, Միքայել Գասպարյանի, Կիմ Գաբրիելյանի, Հոմեր Վանյանի, Թովիկ Հայրապետյանի, Առնո Դանիելյանի, մյուսների բանաստեղծությունները։
Մարզային թերթում տպագրված տեսնելով իմ բանաստեղծությունները՝ ես ավելի ինքնավստահ դարձա։ «Իմ երգը» բանաստեղծությունս տպագրվել էր առանց որևէ փոփոխության։ Իմը չէին սակայն «Հրավերի» ո՛չ վերնագիրը, ո՛չ էլ բանաստեղծության «հանգուցալուծումը»։
Իմ անվերնագիր բանաստեղծությունն այսպիսի տեսք ուներ.

Գարուն է հիմա այս ջինջ աշխարհում,
Բացվել են գարնան լույս ծաղիկները,
Ու նոր բուրմունքով բուրում է սերը...

Գնա՛նք, թափառենք դաշտ ու անտառում,
Հմայվենք գարնան լույս ծաղիկներով
Ու երգենք սիրով,
Երգենք սուրբ երգը՝
Սիրո,
Վեհության,
Հավատարմության։
Գնա՛ նք, սիրելի՜ս, կանաչ դաշտերը,
Թափառենք այնտեղ խորին հուզմունքով,
Թափառենք սիրով,
Ու գգվենք, փարվենք մենք ծաղիկներին...

...Ծաղիկներն են միշտ ինձ ուրախ պահում։
Ահա, թե ինչու՝
Ձմռանը ես միշտ տխուր եմ լինում։

Առաջին տողում նախ՝ ընդգծեց «ջինջ» բառը, «այս»-ը իմ  դարձրեց, հետո՝ «աշխարհում» բառը՝ լեռնաշխարհում, լավ չէր հնչում նաև «խորին հուզմունքով» բառակապակցությունը, ուստի՝ «խորին»-ը փոխարինվեց «անհուն»-ով։ Խմբագրվելուց հետո բանաստեղծության ավարտը ևս բոլորովին այլ տեսք ստացավ։ Ահա՝ տպագրված բանաստեղծությունն ամբողջությամբ.

ՀՐԱՎԵՐ

Գարուն է հիմա
Մեր լեռնաշխարհում,
Բացվել են գարնան
Լույս ծաղիկները,
Ու նոր բուրմունքով
Բուրում է սերը...
Գնանք, թափառենք
Դաշտ ու անտառում,
Հմայվենք գարնան
Լույս  ծաղիկներով
Ու երգենք սիրով,
Երգենք սուրբ երգը՝
Սիրո,
       Վեհության,
Հավատարմության։
Գնանք, սիրելիս,
Կանաչ դաշտերը,
Թափառենք այնտեղ
Անհուն հուզմունքով,
Թափառենք սիրով,
Ու գգվենք, փարվենք
Մենք ծաղիկներին...
Ես էլ ծաղիկ եմ,
Դու էլ ծաղիկ ես,
Գնանք, մեզանով
Փարթամացնենք
Մեր լեռնաշխարհի
Կանաչությունը...

Դա, իհարկե, ես այնքան էլ ցավագին չընդունեցի։ Կարևորն այն էր, որ իմ բանաստեղծություններին ճիշտ ախտորոշում էր տրվել արդեն և դրանք զետեղվեցին թերթի հերթական համարի՝ ստեղծագործող երիտասարդությանը տրամադրված էջում։
Երեք տարի հետո Գ.Գաբրիելյանի խորհրդով ու գործուն աջակցությամբ ես Ստեփանակերտ տեղափոխվեցի և աշխատանքի ընդունվեցի քաղաքային տպարանում։ Հետագայում մեր հարաբերություններն ավելի սերտացան, ապրեցինք աշխույժ ու լիարժեք գրական կյանքով...