Ծաղկած տխրություն


ՀՈՐՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ

                                                                           
Քո գնալուց հետո
Իմ ու մահվան միջև
Սահմանը բաց մնաց...

Հա՛յր, նման եմ հիմա
Այն մենավոր ծառին,
Որ կանգնել բաց դաշտում
Եվ օրորվում  է
Թույլ քամիների՛ց անգամ...

20.04.04, Կոճողոտ


Ո՞ՒՐ  ԵՍ, ՀԱՅՐԻ՛Կ

                                                                         

        
Քո ծաղկած դեմքին
Գարո՜ւն էր, հայրի՛կ,
Բայց դու... հո՛ղ դարձար
Հունդերին գալիք...

Պահը հավերժ է,
Կյանքը՝ անցողիկ,
Անցյալը հուշ է,
Անհունը՝ գալիք...

Քո ծաղկած դեմքին
Գարունն է նիրհում,
Իսկ դո՞ւ... դու... չկա՜ս
Այս ծաղկանիրհում...

26.01.05,  Ստեփանակերտ 


ԵՍ ՔՈ ՈՐԴԻՆ ԵՄ ՆՈՐԻՑ ԼԻՆԵԼՈՒ
                                                                          

                    2008-ի մայիսի 21-ին դաժան մահով նահատակված
                   սիրասուն մորս` Ելենա (Լենա) Ներսեսի  Գրիգորյանի
                       (Մակյանի)անմար հիշատակին, անամոք ցավով


1
Ես կհամբուրեմ, մայր իմ, ձեռքերդ`
Երբ հորիզոնը աչքիս դեմ մթնի,
Երբ հոգնած միտքս հանգիստն իր գտնի`
Ես կհամբուրեմ, մայր իմ, ոտքերդ։

Ամեն ինչ ունայն, դատարկ է, թերի,
Անգամ… ածխացած ակնախորշերդ,
Ես կհամբուրեմ, մայր իմ, աչքերդ`
Երբ հորիզոնը աչքիս դեմ մթնի։

2
Երբ հորիզոնը աչքիս դեմ մթնի`
Ես ո՞ւմ որդին եմ, ասա, լինելու,
Ե՞րբ ես ինձ նորից անուշ ժպտալու,
Երբ հորիզոնը աչքիս դեմ մթնի՞...

Մթության միջով երբ քայլեմ հեռու`
Ինձ քո երազը նորից կգտնի՞,
Երբ հորիզոնը հանգիստն իր գտնի,
Մայր իմ, բա ինձ հետ ի՞նչ է լինելու։

3
Մայր իմ, բա ինձ հետ ի՞նչ է լինելու,
Նորից կվազեմ գիրկդ երևի`
Կորչեմ օղակում քո գիրգ ձեռքերի,
Այնպե՜ս ամուր ես դու ինձ գրկելու...

...Մեզ էլ ոչ մի ուժ չի բաժանելու`
Քո գրկի մեջ թող մանկանամ կրկին,
Կարոտ չմնամ մայրական գրկի,
Ես քո՛ որդին եմ նորից լինելու...

4
Ես քո որդի՛ն եմ նորից լինելու՝
Ինչքան էլ բախտը մեր լինի դաժան,
Ինչքան էլ, մայր իմ, Աստված անարժան
Հնար որոնի կրկին պատժելու։

Վաղ թե ուշ, մեկ է, քո գիրկն եմ գալու,
Կտեսնե՞մ նորից աչքերդ բարի,
Որ գգվի խինդդ ինձ մայրավարի,
Թե՞ մենք այլևս... չենք հանդիպելու...

5
Թե մենք այլևս չենք հանդիպելու`
Էլ չե՞մ նայելու աչքերիդ թովիչ,
Ինձ աչքերիդ մեջ փնտրելու եմ միշտ`
Թեև էլ երբեք քեզ չեմ տեսնելու։

Մի՞թե էլ երբեք
 քեզ չեմ տեսնելու,
Կպահվեք տարբեր պարունակներո՞ւմ...
...Առանց քեզ, մայր իմ, ինչպե՞ս եմ ապրում,
Ե՞րբ եմ քեզ կրկի՛ն որդի լինելու...

14.04.2012 թ.,Ստեփանակերտ

ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏԻՍ
            
                    Եղբորս հիշատակին

...Հազար իննհարյուր վաթսունյոթ թվի
Հունիսի ութի վաղ առավոտյան
Դեռ քնաթաթախ գյուղի ականջում
Հնչում է մի ձայն։

Եվ կիսամութում ձայնն այդ ալիքվում,
Պատեպատ խփվում, փնտրում բաց դռներ.
- Լսե՜ք, մեր Լենան մի ոսկեգանգուր
Տղա է բերե՜լ...

Ձա՜յնն է ալիքվում մոր աչքերի մեջ։
Երկունքի ցավից կարծրացած-լցված
Երկու պիրկ կաթիլ իրար հրելով
Գլորվում են ցած...

Ձա՜յնն է ալիքվում...
Ու հայրը տուն է շտապում կրկին,
Հայրը՝ խնդության պարկը շալակած
Շտապում է տուն, որ իր բալիկին 
Տեսնի ժամ առաջ։

Իսկ մանկիկն անհոգ վերուվարում է
Ոտ ու թաթերի կապանքները պինդ,
Ու նայում, նայում մի լուռ հայացքով՝
Աշխարհին անհայտ...

12.05.94, Շուրաբադ (ԿՊՇ, գործող բանակ)


ԿԳԱ

                    Գաղթի օրերից

Տեսնես որտե՞ղ է հիմա փոքրիկ Նելսոնը,
Դպրոցի զանգն էլ նրան դասի չի կանչում,
Մարտակերտում ավեր է դեռ իրենց տունը,
Մարտակերտում՝ դեռ կրակ, ավար ու արյուն։

Բայց ետ կգա նա մի օր՝ ինչ էլ որ լինի,
Ինչ էլ լինի՝ նա հեռվում երկար չի մնա,
Կգա, որ շեն պահի իր տունը հայրենի,
Մարտակերտի նորակերտ հավատը դառնա...

15.09.93, Ստեփանակերտ


ԽԱՂԱՂ ԷՐ ՊԱՀԸ...

                    Քրոջս առաջնեկի՝
             Նելսոնի թարմ հիշատակին


Օտար ձեռքը քեզ ճի՛շտ դեղ էր տալիս,
Բայց սրտիդ ցավը... սրտիցդ էր գալիս։

Եվ հիվանդության անունն էր... կարոտ...
Ու հեռվում մնալ էլ չէիր կարող։

Եկա՛ր... Երկիրը շատ էր բարեհաճ,
Մարտակերտը՝ շեն, խաղաղ, բարգավաճ։

Սակայն... կարոտդ տանջանք էր դառել,
Եվ այնպե՜ս էր քեզ մահը ծարավել...

Իսկ դու, որ պիտի դառնայիր գալիք,
Հողեղեն էիր՝ հո՛ղ դարձար, բալի՛կ։

Աստված քեզ սիրեց ու տարավ իր մոտ,
Կբուժվի՛ այնտեղ սիրտդ հիվանդոտ...

16.02.02, Ստեփանակերտ


ԿԱՐՈՏԻ ԱՆՐՋԱՆՔ

1. ԱԿՐՈՍՏԻՔՈՍ՝  ԵՂԲՈՐՍ

Այնպե՜ս տխուր, հանգիստ ու լուռ
Նայում ես դու աշխարհին,
Դողում է սիրտն իմ անհագուրդ,
Րոպեն թվում է տարի,
Անցնում ես ու... ինձ չես նայում,
Նայի՛ր, սրտիս պաղ ալիք,
Ինձ թվում է՝ խաղ ես անում,
Կյա՜նքս դարձրած խաղալիք...

18.02.86, Կոճողոտ

2. ԱՆԱՀԻՏԸ

Միշտ թեքվում էր Անահիտը եղբոր սնարին,
Օրորում էր, որ քնեցնի, բայց ինքն էր քնում,
Հիմա քնած է եղբայրը, տե՛ս, քանի՜ տարի,
Հիմա անհույս ցավից քրոջ քունը չի տանում...

3. ԱՆՈՒՇԻԿԸ

Հետամուտ էր Անուշիկին ցավը խելագար,
Այն աստիճան՝ նույնիսկ եղբոր գերեզման չկար,
Հեռուներում էլ չէր կարող, մի օր էլ եկավ,
Գերեզմանից զոհված եղբոր կարոտը առավ...

20.12.01, Ստեփանակերտ

4. ԱԼՎԱՐԴԸ

Նա ու եղբայրը՝ միշտ միասին,
Թախծում է անվերջ եղբոր մասին,
Իսկ եղբայրն՝ անմասն այս ամենին...
Տխո՜ւր են անցնող օրերը սին։

5. ԱՐԵՎԻԿԸ

Արևիկն էլ է թախծում անվերջ,
Եղբայրացավը կրում իր մեջ,
Սակայն... մեկնել է հեռո՜ւ, հեռո՛ւ,
Թվում է՝ էլ չենք հանդիպելու...

6. ԾՆՈՂՆԵՐԻ ՑԱՎԸ

Նկարին է նայում որդու՝
Գուցե խոսի՞ մոր հետ թաքուն,
Հայրը գիտե՝ որդին չկա,
Ու... ծերանում են ակամա։

7. ԵՎ... ԵՍ

Ցրի՛ր մշուշ իմ սրտից
Դառնություն ու վիշտ,
Թե եղբայր ես եղել ինձ՝
Եղբայր եղիր միշտ։

Ճակատագրով դառնացած
Քո եղբայրն եմ ես,
Ինչ էլ լինի՝ ինձ երբեք
Մտահան չանե՛ս...

19.04.93, Ստեփանակերտ


ԵՂԲՈՐՍ <<ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻՑ>>

1. Դեռ պատանյակ՝ այս նկարում, 
Բայց հայացքից հուր է ցայում։

2. Քեզ թվում է՝ մեծ ես արդեն,
Բայց ինձ համար շատ փոքր ես դեռ։

3. ...Որպես մի վերջի՜ն լուսանկար՝
Հայացքը խոսուն, իսկ հույսը՝ մա՛ռ։
 

ԱՅԼ... <<ՊԱՏԿԵՐՆԵՐ>>


1. Մեր ավեր տունը՝ Կոճողոտում
Դեռ հուշն է պահում քո մանկության,
Իսկ սիրտս ցավի որդն է ուտում,
Որ չկաս էլ դու, իմ լա՛վ եղբայր։

2. Թուրքը տեսել է մեր գյուղը ծաղկուն,
Թուրքը տեսել է Մռավն հաղթապանծ,
Հրճվել է վայրի հոգին վաչկատուն,
Բայցև ... չքվել է նա անվերադարձ...

3. Այստեղ ես հանգչում։ Դիրքավորված՝
Ընկերներիդ հետ՝ երկու շարքով,
<<Գրաված>> վերջին բարձունքից այս՝
Հսկում եք կրկին քուն ու անդորր...

1997, ամառ, Ստեփանակերտ


ՏԽՈՒՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ

                    Մոխրաթաղցի Սլավիկին

Լավ առիթով չէր մեր հանդիպումը,
Աստված կպարզի ողջ իսկությունը։

Դու անհիշաչար տար այս նոր դավը,
Քո բարությունը կմեղմի ցավը։

Բայց մեղք ունեի՞ն երեխաները,
Եվ մի՞թե այդքան անկար էր... Տերը...

04.11.00,  Ստեփանակերտ


ԿԱՐՈՏԻ ԼԵԶՎՈՎ

                    Իսկ մանկության ընկերներս

                    ապրում են դեռ երազներիս մեջ...

Տխրում եմ միշտ՝ հիշելով մանկությունը մեր,
Միշտ թվում է, թե անհոգ երեխա ենք դեռ...

Թվում է, թե ուր որ է՝ զանգը դպրոցի
Հին ու ծանոթ ղողանջով մեզ ներս կկանչի։

Թվում է, բայց մեծ ենք արդ ու մեր հարկերում
Մեր փոքրերի մանկական խինդն է մեզ գերում։

...Բայցև կամա-ակամա կանչում են կրկին
Մեզ մանկության ոսկեգույն երազները հին։

11.05.93, Ստեփանակերտ