Մատս՝ ձգանին

ԷՔՍՊՐՈՄՏ

                              Իմ չորս բալիկներին,                             Հույս ու գալիքներին...

Ես առաջնեկիս կոչել եմ Սամվել՝
Անունով Սամվել Մամիկոնյանի,
Եվ պատրաստ եմ արդ դաշունահարվել՝
Վաստակեմ պիտակ թե դավաճանի։

Երկրորդին՝ Սուսան, երրորդին՝ Մարիամ,
Որ ազնիվ լինեն ու աստվածասեր,
Չորրորդն՝ Անդրանիկ, եղբորս նման,
Որ եղբայր լինի ինձ, նաև՝ ընկեր...

...Իմ բալիկները թող շուտ մեծանան,
Հայրենյաց հողի պաշտպանը դառնան...

14.05.99, Ստեփանակերտ

ԵՂԲԱՅՐՍ, ԱՐԻ...

                                                                          
                              18 ապրիլի 1994 թ., Հասանղայա։                           Կատաղի մարտում արիաբար զոհվեց               գնդացրորդ եղբայրս՝ Անդրանիկ Արսենի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։
Գիշեր է, Ամանոր, իսկ դու դեռ... չկա՛ս,
Բայց թույլ մի զգացում հուշում է՝ կգա՜ս։

Կգա՜ս ու աղմուկով դուռս կբացվի,
Կունկնդրես կարոտած պատերիս լացին։

Կգա՜ս, որ կարոտած սիրտս ջերմանա,
Երազս թողնես ինձ, թախիծս գնա՜։

Կգա՜ս, որ էլ իրար չմնանք ծարա՜վ...
( Երա՜զս, կարո՜տս, թախիծս տարա՜ր)։

Ի՜նչ «անխիղճ» տղա ես, եղբա՜յրս, արի՛,
Որ ուրախ սկսվի գոնե ա՛յս տարին։

Այստեղ էլ ձյուն տեղաց կարոտիս սրտին...
Բայց ինչ էլ լինի՝ քեզ սպասե՜նք պիտի։

Բայց ինչ էլ լինի՝ դու անպայման կգա՜ս,
Որ օ՜րս, արև՜ս, գալի՜քս դառնաս...

31.12.00, Ստեփանակերտ


ՔՈ... ՇՔԱՆՇԱՆԸ

                                                                           
...Ինչքան էլ ես քո մասին խորհեմ, եղբա՜յրս,
Թեև հեռվում՝ անկասկած ներկա՛ ես տանս...

Դու դեռ մանուկ օրերից եղել ես արի,
Խորթ են եղել քեզ անկուշտ բարքերը դարի,
Իսկ երբ ծագեց լուսարփին Արցախյան շարժման,
Անմնացորդ տրվեցիր քո կամքով նրան։

Քեզ կոչել են անունով քաջ Զորավարի    
Որ չլքի երբեք քեզ ոգին պայքարի։

Ծանր էր սակայն, մենք՝ անփորձ, թշնամին՝ ուժեղ,
Ցավ էր դառել ոսոխը, մեր տունն էր խուժել,
Գետաշենը դատարկվեց, Շահումյանն ընկավ,
Մարտակերտը պինդ էր դեռ՝ թեև արնաքամ...

...Քո գնդացրով անվարան նետվեցիր առաջ,
Որ թշնամին ճողոպրի քեզնից ահառած։

...Անունդ միշտ հավատքո՛վ կրեցիր կյանքում,
Հերոսի պես կռվեցի՛ր դու ամեն մարտում,
Եվ իմացյալ՝ գնացիր մահվա՛ն հանդիման,
Ազատագրած հողե՛րդ են քեզ շքանշան։

18.02.00, Ստեփանակերտ




                              Արցախյան պատերազմի նահատակ,
                 անվեհեր դիպուկահար Մարգարիտ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ


Իսկ առավոտն այս չքնաղ թող ցնծությամբ ճառագի,
Ապրի մեր մեջ ու մեզ հետ խաղաղության իղձը վառ,
Եվ թող հիշենք միշտ նրանց, ովքեր հանգույն ճարակի՝
Ելան արի, անվարան ու զոհվեցին մե՛զ համար...
...Եվ` քեզ, որ չե՛ս երկնչել, չե՛ս զգացել սրտի դող։ 

Այս նոր օրը նո՛ր շնչով, նո՛ր երանգով բացվի թող...

22.02.00, Ստեփանակերտ

ՓՈՔՐԻԿԸ

                                                                           
                              2 փետրվարի 1995 թ., Սեյսուլան։                                Դավադիր ականի զոհ դարձավ                         լեգենդար Փոքրիկը՝ Արթուր Օհանյանը։

Փոքրիկը պառկել է դագաղում,
Դագաղը Փոքրիկին չի սազում։

Փոքրիկին սազում են դիրքերը,
Կռիվը, պայքարը, զենքերը։

Փոքրիկն ո՜ւր ասես՝ չի եղել,
Փոքրիկն ի՜նչ ասես՝ չի տեսել։

Շահե՛լ է նա բոլոր մարտերը,
Սարսե՛լ են Փոքրիկից թուրքերը։

Բայց հիմա պարտվե՞լ է Փոքրիկը,
Ականը պայթել՝ ու... մոտի՞կ էր։

Մոտիկ էր ու հիմա... դագա՛ղ է։
Դագաղում Փոքրիկը խաղա՛ղ է։

...Փոքրիկն իր կռիվն արել է,
Սակայն մեր հողում դեռ կռիվ է։

Ու ելնում են տղերքը կրկին՝
Սրտերում վրեժը Փոքրիկի...

04.02.95, Գյուլիջա (ԿՊՇ, գործող բանակ)

ՍԵՅՍՈՒԼԱՆԻ ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՄ

                                 Թուրքն է անցել այստեղից...
                                                   Վիկտոր ՀՅՈՒԳՈ


Նորից՝ արյուն, նորից՝ թալան,
Նորից՝ մամռած տուն ու քարեր,
Դժո՞խքն է սա դանթեական,
Թե՞ «այստեղով թուրքն է անցել»։

Ուր քայլում ես՝ պատեր փլված,
Ուր նայում ես՝ մահվան հետքեր, 
Քո ճակատին ա՞յս էր գրված...
Չէ՛, այստեղով թուրքն է անցել։

Քանդված տներ, քանդված դպրոց, 
Պղծված հին-նոր գերեզմաններ, 
Ջարդված այգի ու օրորոց...
Չէ՛, այստեղով թուրքն է անցել։

Թուրքն է անցել, սակայն այսօր
Սեյսուլանում մե՛նք ենք կանգնած,
Որ ոչ մի քար չպակասի
Ու ետ չգա թուրքը հանկարծ։

Մե՛նք ենք կանգնած, որ ետ չգան,
Ավերակներն էլ չպղծեն, 
Որ շենանա՛ն օջախները,
Օրորոցներն աղմկե՛ն...

17.02.95, Սեյսուլան (ԿՊՇ, գործող բանակ)

ՃԱԿԱՏԱԳԻՐ

                                                                          
                              Կոմիտասին ու Նունեին՝
 
                                    անապական սիրով...

Նա պահում է ափը՝ մոմակալ է ասես,
Իսկ դու մոմ ես՝ վառվող աչքերի մեջ նրա,
Ամրանալու համար դեռ շա՞տ պիտի «լացես»,
Կատարյա՞լ չէ ափը, կասկածո՞ւմ ես, տղա՜...

Ու՝ կաթում ես, կաթ-կաթ, տե՜ս, արցունք է ափին,
Տե՜ս, կարոտիդ՝ նրա երազանքն է ծալվում,
Մոմակալը թախծի աչքն է հառել ճամփին...
...Մո՜մ, հերի՜ք է, այդպես մինչև ո՞ւր ես հալվում։

16.04.01, Ստեփանակերտ

ԿԱՐՃԱՏԵՎ  ՄԱՐՏ

                                                                           
                              8 հունվարի 1994 թ., Ներքին Սեիդահմեդլի։
                                          Ծանր վիրավորվեց 4-րդ վաշտի
                             քաջարի հրամանատար Ժիրայր ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ,
                      զոհվեցին դասակի հրամանատար Կարո ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ                                                                         և շարքային Արմեն ԲԱԲԱՅԱՆԸ։ 
                        Հրազենային ծանր վնասվածք է ստացել ևս 8 զինծառայող։

Իմ դեմ դաշտն է աղմկոտ՝
Մա՛հ, կոտորա՛ծ, արյո՛ւն,
Զենքերն իրար են խառնվել
Անհավասար մարտում։

- Արմենն ընկա՜վ,- Կարոն էր,-
Իսկույն առաջ նետվեց։
Հրազենից այդ պահին
Մի կարճ կրակահերթ
Նրան գետնին տապալեց
Ու նա պառկեց հանգիստ՝
Անէացած աշխարհի
Աղմուկից ու... բախտի՜ց։

Տղաները վազեցին.
-Նահանջո՜ւմ են, հասե՛ք...
-Լրբի լակո՛տ,-Ժիրայրի 
Հրազենը խոսեց, 
Ու փռվեցին թուրքերը,
Սակայն վերջին պահին
Վիրավորեց նռնակը
Հրամանատարին։

... Քիչ անց մարտն ավարտվեց,
Մի կարճ խաղաղություն
Մթնշաղի հետ ծածկեց
Այգի, փողոց ու տուն։

23.07.95, Ստեփանակերտ (ԿՊՇ, գործող բանակ)


ՊԱՏԳԱՄ ՀԱՅՐԱԿԱՆ

                                                                         
                                                             Սամվել որդուս

Այրվում է այտս՝ քո տղայական համբույրից այս տաք,
Ողջագուրման պահն անցած է, իսկ ե՞ս՝ տխո՞ւր եմ, հպա՞րտ։

Գիտե՛մ սոսկ՝ պիտի չընկրկես, լինես աննահանջ, արի՛,
Որ ընտրած ուղիդ միշտ կանաչ լինի, միշտ լինի բարի։

Այսօր սանիկ ես դու վարժարանի, իսկ վաղը՝ զինվո՛ր,
Քո վաղվա օրը իմաստավորիր այստե՛ղ ու այսօ՛ր։

Երբեք մի՛ ցանկա հարթված-տրորված ուղիով քայլել,
Հույսդ դո՛ւ եղիր, դու սովորիր քո՛ ամրությամբ փայլել։

Թույլ չե՛ս եղել դու, գիտե՛մ ես, ոգին քո չի՛ թուլանա,
Բայց այնպես արա՝ քունը քեզ հաղթել չկարողանա՛։

Ամո՛ւր եղիր միշտ, ինչպես պողպատը, որ ինչքան ծեծվում,
Այնքան ավելի կարծրանում է նա, ու այնքան թրծվում։

Իմաստություն և ուսում ձեռք բեր, ու՝ կկարողանա՛ս,
Դու պարտավո՛ր ես այս թոհուբոհում դիմանալ, տղա՛ս։

Իսկ թե թույլ եղար՝ վատ սովորույթ է գութ աղերսելը,
Սիրիր քո գործն ու պատի՛վ համարիր զինվոր լինելը։

Մատս՝ ձգանին, կսպասեմ մինչև առնականանաս,
Հերթս կփոխեմ այնժամ, երբ որ դո՛ւ հերթափոխի գաս։

Հայրենյաց պաշտպան զինվորը դառնաս՝ ապավինենք քե՛զ,
Բայց ինչ էլ լինի՝ թշնամու առաջ երբեք չընկրկե՛ս։

Եվ հիշի՛ր քո քաջ հորեղբոր կամքը ու ոգին տոկուն,
Որ ոսոխի դեմ երբեք չծնկեց, ընկավ թեժ մարտում։

Գումարի՛ր դու դա քո ոգուն, տղա՛ս, եղի՛ր աննահանջ,
Հաղթության կանաչ ճանապարհներով քայլի՛ր միշտ առաջ։

...Աղոթո՜ւմ եմ ես Աստծո ամեն օր քեզ համար, տղա՜ս,
Որ այնպես ապրես՝ մահին էլ հաղթե՛լ դու կարողանաս...

29-30.08.01, Ստեփանակերտ


ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

1. ԱՅՍ ԳԻՇԵՐ

                                                                          
Ցո՛ւրտ կլինի այս գիշեր,
Անձրև՛ կգա երևի,
«Սիփան-7»-ի դիրքերում
Մեր տղաներն են էլի։

Քամին պոկվում է տեղից,
Ծեծում քարերը սարի։
-Պի՜նդ կանգնեցեք, տղանե՛ր,
Բաճկոններդ չտանի՜...

Ծիծաղում են տղերքը,
Ու սաստկանում է քամին,
Իսկ քամու հետ անձրևը
Հորդ թափվում է գլխներին։

Շրջում եմ ես դիրքից-դիրք,
Խրամատից-խրամատ,
- Չե՛նք լքի մեր դիրքերը,
Պարո՛ն ավագ լեյտենանտ...

- Կդիմանա՛նք,- ասում են,-
Չենք կորչի այս ցրտերում,
Հայրենական օջախի
Սե՛րն է վառ մեր սրտերում...

...Տեղատարա՛փ է, անձրև՛,
Սարը ծափի՛ն է տալիս,
Իսկ թշնամու դիրքերից
Էլ ձեն-ծպտուն չի գալիս։

07.06.95, «Սիփաններ» (ԿՊՇ, գործող բանակ)


2. ԴԱԴԱՐԻ ՊԱՀԻՆ

                                                                           
                              Ռուզանիս

Միշտ եղիր այդպիսին՝
Անկաշառ ու բարի,
Ծանրաբեռ՝ հոգսերով
Այս խելառ աշխարհի։

Իսկ եթե հոգսերդ 
Սկսեն քեզ նեղել,
Դու տոկա՛, զի կյանքում
Հպարտ ես միշտ եղել։

Ու մնա՛ այդպիսին,
Միշտ՝ սրտիս բարձունքում,
Որ այնտեղ մեն-մենակ
Փայփայեմ քեզ թաքուն...

23.06.95, Ստեփանակերտ (ԿՊՇ, գործող բանակ)


3. ԼԵՅՏԵՆԱՆՏ ՀՐՈՆ, ԳԵՂԱՄԸ, ԳԻՆՈՍՅԱՆԸ
       ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ


Պար է բռնում կարտոֆիլը վառարանի վրա
Ու Գեղամն է ձեռքը տանում կրկին վառարանին.
- Հենց գալիս եմ պահակակետ՝ մտքով տանն եմ էլի,
Ի՞նչ գործ ունեմ ես բանակում՝ գնայի իմ բանին,
Պառկում էի բազմոցին ու հեռուստացույց նայում,
Կամ ողջ օրը թրև գալիս մեր Չարբախում մենակ։ 
- Ի՞նչ ես գլուխ տանում իզուր։ 
                Արտա՛կ, ի՞նչ ես անում, 
Փոխարինիր Գինոսյանին, նախաճաշը սառավ...

Արտակն իսկույն առնում է զենքն
                   ու վռազ դուրս վազում, 
Գինոսյանը ներս է մտնում ամբողջովին կապտած։
- Հը՛, սառե՞լ ես դրսում, «կիշկա՛»,-
 եյտենանտն է էլի։
- Գինոսյա՛ն, դո՞ւ ինչ ես հիշում,-
 զրույցին եմ խառնվում։
- Պարո՛ն ավագ լեյտենանտ, ես...,- կմկմում է մի քիչ, 
Ու ձեռքն առնում ճաշով լցված կաթսայիկը իսկույն։
- Իսկ ի՜նչ հիշի Գինոսյանը՝ ոչ խելք ունի, ոչ դարդ,-
Կատակում է Գեղամն էլի։

...Քիչ անց «6»-ն է կապվում.
«62՛», հերթափոխ է, տղաներին հանի՛ր...
Եվ լեյտենանտ Հրոն իսկույն հրաման է տալիս.
- Երկրորդ դասա՛կ,
          երեք շարքով իմ ետևից շարվի՜ր...

Մեքենաներն աղմկելով շտապում են առաջ
Ու բազա են վերադառնում տղաները հոգնած։

7-18.02.95, Սեյսուլան (ԿՊՇ, գործող բանակ)


4. ԶԻՆՎՈՐ ԹՈՓԱԼՅԱՆԸ

                              Դաշտային ելքում

Հենց որ կրկին հավաքվում ենք սպաներով մեկտեղ՝ 
  Սպայական վրան է վազում զինվոր Թոփալյանը։

- Ո՞վ է էլի քեֆիդ դիպել, «խելագարի» մեկը...
Ու կախում է գլուխը լուռ՝ զինվոր Թոփալյանը։

Իսկ թե ձայնդ բարձրացրիր՝ սկսում է վայել,
Հետո էլ թե՝ «մե՛ջքս է ցավում»՝ զինվոր Թոփալյանը։

Ո՞վ է վրանը ջուր բերում, վառում վառարանը,
Ե՞ս՝ չէ, դո՞ւ՝ չէ, նա՞՝ չէ, բա ո՞վ՝ զինվոր Թոփալյանը։ 

Հիշում է իր սեղանիկը ու ա՜խ քաշում մտքում,
Երևանի Ավանից է զինվոր Թոփալյանը։ 

Երազում է շուտ ավարտել ծառայությունը, 
Ու ետ դառնալ նախկին կյանքին՝
                   զինվոր Թոփալյանը։

12.02.95, Գյուլիջա (ԿՊՇ, գործող բանակ)