ԻՆՉՈՒ Է ԱՐԱՔՍԻ ՋՈՒՐԸ ՊՂՏՈՐ

Հեղինակի լուսանկարը՝    ՀՐԱՅՐ ԲԱԶԵԻ
Մեքենան դուրս եկավ Վայոց ձորի լեռնագոտուց։ Լայնատարած դաշտավայրը փայլում էր միջօրեի կիզիչ արևի ճաճանչներից։ Ռազմամարզական վարժարանի շրջանավարտներին մայրաքաղաք ուղեկցող փոխգնդապետ Առստամյանի հայացքը սլացավ հեռու։ Ներքևում երևում էր հայոց ահեղամռունչ մայր գետը, Քյարքի գյուղը, հետո՝ Երասխավանը։ Մտապատկերվեցին ոչ վաղ անցյալի դեպքերը, երբ Սադարակից հանգիստ չէին տալիս, մինչև որ չզգացվեց հայոց զենքի փայլը, հայ ռազմիկների անձնվիրությունը։  Հիշեց Մովսես Գորգիսյանին, մյուսներին։
Տղաներից մեկը նկատեց փոխգնդապետի հուզմունքը։ Ինքն էլ, առաջին անգամ հայտնվելով այդ տարածքում, անակնկալի եկած, կլանված դիտում էր շրջապատը, առաջին անգամ զգում Մասիսների ջերմ շունչը։
Տղաների հետաքրքրասիրությունը փոխգնդապետին ստիպեց տեղի տալ, բացվել։
- Իսկ գիտե՞ք, որ Արաքսի ջուրը միշտ պղտոր է լինում,- հանկարծ հարցրեց նա։
Տղաները անակնկալի եկան՝ ինչո՞ւ...
- Իսկ երբևէ կմաքրվե՞ն, կհստակվե՞ն նրա ջրերը,- հարցրին։
- Եթե հանդարտվի, հանգստանա։
- Իսկ կհանգստանա՞, կհանդարտվի՞, ե՞րբ...
...Արաքսի՝ դպրոցական նստարանից տպավորված ՙՔանի որ իմ զավակունք անվերջ կու մնան պանդուխտ...՚ դասական պատասխանը շատ սերունդների է հուզել։ Շատերն էին մտահոգված, ուստի, ոտքի ելան՝ մարտնչելու ու հաղթելու։ Որքա՛ն նվիրյալներ խոնարհեցին իրենց հպարտ գլուխները։ Զոհ գնացին նախճիրի, դավի, հերոսացան մարտադաշտերում, բայց Արաքսը դեռ շարունակում է հեծեծալ, մռնչալ, ու վազում է սևափրփուր ջրերով, փախչում իր ափերից։
Հայոց վերջին ազատամարտն Արցախում շատ հարցականներ բացահայտեց, շատ ինչուներ պատասխանավորվեցին, իսկ այս հարցը՝ ՙԻնչո՞ւ է Արաքսի ջուրը պղտոր՚, երբևէ կունենա՞ պատասխան։

ւ
Աննվաճ բարձունք։ Իսկ բարձունքի գագաթին՝ հսկայական ափսե։ Գյուղն՝ ամփոփված ափսեի հատակին։ Գյուղը՝ հին, նահապետական։ Հին նկարի պես։ Առնվազն՝ երկու հարյուրամյակի հնության։ Տները՝ իրար կիպ, իրար վրա։ Դարս-դարս։ Ամուր բռնած՝ պահում են մեկ-մեկու, որ չընկնեն, չընկրկեն։
Իսկ երբ հերթական արշավանքն սկսեց վաչկատուն ցեղը, գյուղը կրկին փորձեց իր ամրությունը։ Փորձեց ու գոհացավ.
- Փա՛ռքդ շատ, Աստվա՞ծ, որ չլքեցիր մեզ վտանգի պահին։
Իսկ թշնամին գալիս  էր ու գալիս... գյուղի ամրությունը փորձելո՞ւ։ Ո՞չ, կոխկրտելո՞ւ, խորտակելո՞ւ, ավերելո՞ւ, ավարելո՞ւ։ Ընկան շրջակա գյուղերը։ Ընկան նաև 12 կտրիճները, որ Հին Թաղերը մնա։ Եվ՝ մնա՞ց։
Արփագետուկում խորհրդային զինվորները գնդակահարեցին գյուղում մնացած բոլոր բնակիչներին։
Դոլանլարը չորրորդ անգամ հրդեհվեց։ Յասաման տատիկի դեռ թարմ գերեզմանը բուլդոզերի բերանն ընկած՝ գնաց հասավ հազա՛ր տարվա մեռելներին։ Նույն Յասաման տատիկի, ով տեսել ու միշտ հիշում էր նախորդ երեք հրդեհները, թոռներին անընդհատ հիշեցնում այդ մասին։ Գիտե՞ր, արդյոք, դոլանլարցի ծեր կինը, որ պղտոր սելավի պես արշավող չորրորդ հրդեհը երկրի երեսից պիտի ջնջի ի՞ր գերեզմանը։ Որ գաղթական դարձած Էդիկ որդին կգա հետո, կտեսնի այս ամենը, լաց կլինի ողջ  կյանքի ընթացքում կառուցած տան ավերակների վրա ու...
- Չե՞մ կարող տեսնել այս ամենը, ինչո՞ւ եկա, ինչո՞ւ տեսա,- կասի և գլխիկոր կհեռանա կրկին, այս անգամ արդեն... ինքնակամ։
...Հին Թաղերում հարսանիք է, գյուղովի։ Դպրոցի բակում լայն բացված պարահրապարակը բաց է բոլորի առաջ։ Այդպիսի հարսանիք վերջին  քանի՛ տարում չկար։ Այդպիսի պար գյուղը չի հիշում։ Արծվիկը չի լքում պարահրապարակը։ Ինքնամոռաց է նրա պարը։ Պարում է գյուղը՝ իր հին տների կղմինդրե տանիքներով, հին՝ օգտագործման ժամկետը վաղուց սպառած պատշգամբներով, հին, բայց կենսախնդությունը երբեք չկորցրած տղամարդկանցով, ժամանակից շուտ ծերացածներով... Գյուղն իր պարն է պարում, որ հին տների կողքին կառուցվեն նորերը, որ այսօրվա հարսանիքի երկսյունը՝ նորահարս Արմինեն և նորափեսա Գարունը, հավատարմորեն պահպանեն նահապետական ավանդույթները, բայց և՝ նորովի իմաստավորումներով։ Որ նորանա կյանքը՝ ջահել տղա-աղջիկների առատությամբ։
Շամոն՝ Շմավոն Սաֆարյանը, դեռ էն գլխից էր ասել, որ տղայի հարսանիքը հենց էսպես էլ պիտի լինի։ Չորս քրոջ գլխին ծնված մինուճարի։ Եվ կա՞ այնպիսի  պարունակիչ, որ իր մեջ  տեղավորեր չորս քույրերի անափ ուրախությունը։
Շամոն և Համբարձումյան Էդիկը հին ընկերներ են։ Մանկության թանձր-թանձր ծալքերում պահվող քաղցր-մեղցր հիշողություններ ունեն։ Էդիկը (ՙԳեներալը՚) ուրախ է Շամոյի համար։ Ընկերոջ ուրախությունը նաև իր ուրախությունն է։ Թեև  սրտում  թաքուն ցավ ունի պահած։ Բայց ուրախության օրը այդ մասին՝ ի՞նչ։ Ուրախության օրը պիտի ուրախանալ կարողանաս, մյուսների պես, մյուսների չափ։ Հետո էլ՝ նրանք այսպիսի օրվա համար չգնացի՞ն։ Հը՞։ ՙԳեներալ՚ Էդիկ, քո Հայկ որդին, որ 25-ը չհասցրեց բոլորել, բայց Հին Թաղերում ու Սարենշենում բազում մարտերի մասնակցած՝ գյուղամերձ ՙՏանը խութը՚ տեղամասում, թշնամու հետ անհավասար մարտում, 1992-ի հունիսի 14-ին կնքեց մահկանացուն։ Մյուս 11-ն էլ՝ նույն ձևով, անմնացորդ։ Մի փոքրիկ գյուղից... Ափսեաչափ... Թշնամու աչքը՝ վրան։ Բայց՝ փախավ այդ սարերից, իսկ աչքի ծակությունը երևի մինչև հիմա էլ զգացնել է տալիս իրեն. ՙԱխր ինչպե՛ս չկարողացանք գետնել Հին Թաղերին՚։
Էդիկը Երկրորդ աշխարհամարտում զոհված հոր՝ Հայկի անունով էր կնքել առաջնեկին, որ հոր կարոտ առնի նրանից, իսկ որդի Հայկին էլ... ա՞յս պատերազմը կլանեց։ Բայց, դե, Էդիկը շատ չի սրտնեղում արդեն, թեև հաճախ է առիթներ ունենում։ Երկրորդ որդուն՝ Արմենին, ամուսնացրեց Շամոյի աղջկա՝ Լիլիայի հետ, անխառն ընկերությանը նաև խնամիություն գումարեց։ Թոռանը կրկին Հայկ անունով կնքեց։ Թող ապրի մեծ պապի, հորեղբոր ու ի՞ր փոխարեն, Էդիկ պապիկի սրտով։
Ու թռվռում է փոքրիկ Հայկը՝ խաղալիք ինքնաձիգը ձեռքին։ Թող հիմիկվանից զենք կրել սովորի։ Էդիկը հոր ու որդու կարոտ է առնում նրա անհոգ թռվռումներից, գոհանում Աստծո տվածով.
- Փա՛ռքդ շատ, Աստվա՞ծ, որ չե՞ս լքի մեզ...
Հին Թաղերի այս մի օրն էլ այսպես անցավ։ Ուրախության դրսևորումներով ու տխուր խոհերով միախառնված։ Աշխարհի և Աստծո հետ հաշտ ու համերաշխ...

ւ
 2007-ի հունվարի 29-ի համար ևս, նախորդ օրերի նման, տաք ու արևկող եղանակ էր խոստացվել։ Սովորականի պես բացված առավոտյան նա վերջին անգամ դուրս եկավ բակ։
- Ձյուն է սպասվում,- մրմնջաց մտահոգ։
 Ոտքերն այլևս չէին դիմանում։ 73-ի մեջ էր դեռ, բայց մարմինը հյուծվել էր արդեն, իր ժամանակը սպառած ծերունու նման դժվարությամբ էր կանգնում, քայլ անում, ոտքերն իրենք իրենց ծալվում էին։ Ու այդպես, դժվարաքայլ, հազիվ մոտեցավ մահճակալի մոտ դրված աթոռին, մահճակալին հասնել չկարողացավ։ Քյոխվանց Գասպարյան Էդիկը՝ դոլանլարցի ՙԳեներալը՚, որ սիրում էր ՙքյոխվա-քյոխվա՚ զրույցներ անել, հիմա կծկված, մի բուռ դարձած (Դոլանլարից շատ հեռու, Դպրաբակ դարձած Չայքեդի նկուղանման իր բնակարանում)՝ նստել էր աթոռին, գլուխն աթոռի թիկնակին հենել ու սպասում էր...
...Դոլանլարն արդեն Արևշատ էր, բայց դրանից  արևը չշատացավ  Հադրութի լեռնային այդ գյուղի համար։ Ավելին, կատաղեցրեց թշնամուն։ Ախր ով էլ լիներ՝ ՙկկատաղեր՚, չէ՞։ Գյուղը երեք անգամ հրդեհես-ավերես, բայց դեռ էլի շարունակի ապրե՞լ, իսկ հիմա էլ՝ ՙԱրևշա՞տ՚։ Չէ՞ մի, ու... ՙԳեներալ՚ Էդիկին Դոլանլարում (իմա՝ Արևշատում) ապրելու իրավունք չտվին.
- Գնա՞,- ասացին,- ՙմիացում՚ գանչել ե՞ս, Հայաստան ուզում ե՞ս...
Ու եկան ոհմակներով։ Լկտիացած թուրքը 20 կոպեկանոցը շպրտեց սեղանին, ու՝ էս հեռուստացույցն  իմն է։ Մյուսներն արդեն անասուններն էին սեփականացրել։ Թրքաբարո  քրքիջ-հռհռոցով լցվել էր ՙԳեներալ՚ Էդիկի տունն ու բակը, ողջ գյուղը։ Էդիկն ասես մղձավանջի մեջ է. քանի՛ անգամ է հետները կիսել հացի պատառը, քիրվայությո՛ւն արել, իսկ հիմա եկել են, թե՝ ՙդու այստեղ ապրելու իրավունք չունես, քեզ Հայաստա՞ն ենք տանում, սա մե՞ր հողն է, իսկ հողից բաժին չեն հանում՚։
...Գասպարյան ՙԳեներալ՚ Էդիկի զրույցները Դոլանլարից չէին հեռանում։ Ինչից խոսում էր, չէր խոսում՝ վերջը գալիս Դոլանլար-Արևշատում էր հատվում։ Հե՛յ, օրե՞ր, օրե՞ր... Դոլանլարը, հարևան գյուղերը լրիվ դատարկվեցին, մարդկանց լցրին ավտոմեքենաներն ու Խորհրդային Հայաստանի սահմանում թափեցին... Օգտագործման ժամկետն սպառած իրերի պես։ Խնձորեսկը պատսպարեց նրանց, հետո՝ ցրվեցին, ՙբոլոր չորս կողմերով՚։
Եվ այստեղ, այս չոր լեռների արանքում ծվարած գյուղում, իր կյանքի հետագա տարիներն էր ձգտում իմաստավորել դոլանլարցի Էդիկը, նաև՝ բոլոր նրանք, ովքեր Շամքորի Բարսում և Մարտունի գյուղերում են թողել ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած իրենց կայքը, ունեցվածքը։
Ու գալիս էին՝ մեկ-մեկ, խմբերով։ Արդեն՝ հարազատացած։ Էդիկն իր հարևանների մեջ խտրություն չէր դնում, ով գալիս էր՝ աչքի վրա տեղ ունի։ Շամքորի Մարտունի ու Բարսում գյուղերից գաղթած Վարդանյան Սպարտակի, Բադալյան Արտուշի, Ստեփանյան Ռազմիկի, Թանանյան Ռազմիկի, Ջիվանի, Աբգարի, լուսահոգի Մանվելյան Գուրգենի ու նրա Արթուր որդու, Պետիկի, Կոլիկի, Մարության Բորիկի, Վարդանյան Արթուրի, Արզումանյան Արամայիսի, մյուսների երկար ձգվող զրույցներն ինքնստինքյան ՙհետին տոմարով՚ էին ստացվում։
...Խնամի Արգոն, որդու՝ Սեյրանի աները, Մարտունու գյուղական խորհրդի նախկին եռանդուն նախագահ Սպարտակ Վարդանյանը, հենց որ մտնում է զրույցի տարերքի մեջ՝ կենսախնդությունը պահանջվող մակարդակ է ձեռք բերում։ Իսկ նրա զրույցները հայրենի գյուղից են գալիս, Երևանում ու Բաքվում սովորելու տարիներից, հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումներից։ Վերջերս բոլորովին վատառողջ էր դարձել, նույնիսկ խնամի Էդիկի հուղարկավորությանը չկարողացավ ներկայանալ։
Ստեփանյան Ռազմիկն էլ գյուղից բացակայում էր, զանգեց, ցավակցեց։
Բարսումցի Արզումանյան Արամայիսը տեսնելով՝ զարմանում է.
- Էս գնացել՝ եկել ե՞ք նորից։
- Չենք գնացել,- ասում եմ,- մնացել ենք ՙյոթն՚ էլ տանք՝ նոր գնանք։ ՙՔառասունքին՚ էլի գալու ենք։
Կրկին ցավակցում է, համբերություն մաղթում ու ծանրաքայլ հեռանում. չկա այլևս իր լավ հարևանն ու զրուցակիցը, հեռացել է Դոլանլարից էլ, աշխարհից էլ՝ խռոված սրտով, չապրածի՞ համար։
Մի ժամանակ ՙիրենց՚ Սյոմայից էր հարցնում.
-Հոր՝ Խորենի հետ ծոց-ծոցի ենք մեծացել,- ասում էր։ -Բարեկամությամբ հեռու ենք, ճիշտ է, բայց մոտիկ հարևաններ էինք, որտեղ մթնում էր՝ էնտեղ էլ քնում էինք։
Ասացի, որ խստապահանջ է իր բարեկամ Սյոման՝ գեներալ-մայոր Սեմյոն Հակոբյանը, միաժամանակ՝ բարյացակամ։ (Մի անգամ էլ, երբ Պաշտպանության բանակի շտաբի պետն էր, ինձ է դիտողություն արել սանրվածքի կարգը խախտելու համար։ Եվ իմանալով, որ բանակային թերթի թղթակիցն եմ՝ հուշեց իր մասին էլ ՙգրել՚ թերթում՝ ինձ դիտողություն անելու կապակցությամբ։ Խոստացա գրել՝ հենց որ առիթը ներկայանա)։
Իսկ Գզողյան Ֆելիքսի ակորդեոնի ձայնը բարսումցի Մարության Բորիկի ունկերում է դեռ։ Հադրութի Ցոր գյուղից բանակի  ընկեր ուներ Բորիկը, Ջրակուսում՝ բարեկամներ։ Ամեն տեղ եղել է, Ղարաբաղում՝ չէ։ Դառնություն կա նրա խոստովանության մեջ։ Անդառնալի կորստյան խոստովանություն։
Նախկինում նման բան կարելի՞ էր պատկերացնել՝ դոլանլարցին ո՛ւր, Գեղարքունիքի մարզի անտառապատ այս անկյունում ծվարած Դպրաբա՞կն ուր, կամ էլ՝ բարսում-մարտունեցին։ Բարսումցիների-մարտունեցիների շրջապատում Էդիկն ասես մոռացել է իր ՙգեներալ՚ լինելը, ՙքյոխվա՚ լինելը։ Անողոք ցավն էլ խլեց Զարինե դստերը՝ կենսախինդ այդ աղջկան, որի սրտում ցավը երևի թե եռակի-քառակի անգամ էր հավաքվել-կուտակվել և ողջ գիտակցական կյանքը պայքար էր հանուն այն բանի, որ մայր կոչվելու իրավունքը ոչ ոք չհամարձակվի խլել իրենից։ Հիշո՞ւմ եք Շիրազի տողը. ՙԳրկես խլված իմ բալիկն էլ ինձ միշտ օտար մնաց...՚։ Եվ գուցե թե վերջին  պահին միայն հանգստացավ՝ Լիզա դստեր շուրթերով հավաստվեց այդ արդար ընդվզման  իրավացիությունը։ Մայր ու դուստր՝ երևի թե առաջին անգամ էին իրար այդքան մոտ ու հարազատ։ Եվ՝ վերջին անգամ։ Ճակատագրի դառն քմահաճույքով։ Պառկած էր Զարինեն, այն շրջազգեստով, որ կրում էր, երբ որովայնում խայտում էր դեռ չծնված այդ  էակը։ Եվ 19-ամյա դստեր ներկայությունն ասես չէր զգում։ Նա արդեն Յասաման տատիկի մոտ էր։ Բայց ո՞ւր է Յասաման տատիկի գերեզմանը, կա՞, արդյոք, աշխարհի երեսին։ Թողեցի՞ն բարբարոսները։ Չորրորդ անգամ հրկիզված-ավերված  Դոլանլար-Արևշատում։
Լուրն անակնկալի չբերեց. սպասումը օր-օրի ձգվում-երկարում էր։ Հիվանդությունը հյուծել էր նրա մարմինը, և, ահա, պառկած է նա՝ քնած արքայադստեր նման, նույն անսքող ու անսպառ գեղեցկությամբ։
Զարինե՞... Ցավը, ինչքան էլ դաժան, չի կարողացել դժգունացնել այդ պատկերը, որ վերջին պահի կնիքն է առել իր վրա։ Վերջին, հավերժական պահի։
Մի ժամանակ ՙքյոխվա-քյոխվա՚ զրուցներ անող, հիմա կծկված, մի բուռ դարձած ՙԳեներալ՚ Էդիկն ասես չգիտե՝ ինչ անի, ինչ ասի.
- Բա գյուղում գիտե՞ն...
Գիտեն։ Գալու են։ Համենայնդեպս՝ խոստացել են գալ։
...Զարինեն տարավ ՙգեներալ՚ Էդիկի սրտի կեսը։ Հիմա ինքն է գնում ծերունական հասակում մահացած Յասաման մայրիկի, անժամանակ հեռացած Սարգիս հոր, քույր-եղբայրների մոտ։ Գնում է՝ աշխարհից ու մարդուց խռոված, որ իրեն ծնած ու սնած հողին արժանանալ չկարողացավ։
Իսկ հունվարի 29-ի առավոտյան ժամը ութից սկսած ու երկու օր շարունակ տեղացող ձյունը, որ արդեն ձյունաճերմակ հաստ սավանով ծածկել էր ողջ Դպրաբակը, այդ օրն ավելի հանգիստ ու լայնափաթիլ էր թափվում երկնքից։ Ասես՝ յուրովի հրաժեշտ էր տալիս վերջին անգամ Դպրաբակի իր տան բակում դեմքով դեպի երկինքը պառկած և աշխարհի հետ իր բոլոր հաշիվները փակած ու երկնային ճանապարհը բռնած մարդուն։ Վերջին հրաժեշտի են գալիս բոլորը՝ անդառնալի կորստյան ցավը կիսելու։ Բայց կիսվո՞ւմ է, արդյոք, այդ ցավ կոչվածը։ Մարդկանց մխիթարական խոսքերից թեթևանո՞ւմ է մտատանջությունը։ Եվ մի՞թե կարող է քաղցր-մեղցր խոսք ու զրույցներով քաղցրանալ բաժակի այն պարունակությունը, որ արդեն օրգանիզմի մեջ է և իր դառնությամբ ողողել է շրջապատը։ Երևի՝ ոչ։
Բայց, ամեն դեպքում, ընդունված կարգ է վիշտը կիսելը։

Օրը վաղուց արդեն երեկոյացել էր։ Մտավ բակ։ Խնձորենու ճյուղից կախեց գերանդին, աչքը բանջարանոցին գցեց. ճուփ-ճուփ, մախաթակալած, լոբու ճիպոտներն ի վեր ագահորեն մագլցած թոշնող թփերը գրավեցին ուշադրությունը։
- Ջուր է պետք, շտապ,- եղավ որոշումը։
Անմիջապես ձեռքն առավ բահը։ Էդուլիկն ընկերացավ հորը։ Դեռևս յոթերորդ դասարան փոխադրված երեխան՝ Գասպարյան Էդուարդ-կրտսերը, իրեն արդեն մեծավարի է պահում, հոր հետ նաև խոտհարքի է գնում, օգնում՝ հավաքել ու դիզել արդեն չորացած խոտը։ Հիմա էլ չէր կարող հորը մենակ թողնել։
Միասին բարձրացան վերև՝ ջրի ակունքը։ Արծվաշենցին արդեն բացել էր ջրի հոսքը, բայց էլի թույլ նվվոցով էր ջուրը ներքև իջնում։ Սեյրանը փորձեց հեռացնել ակունքը փակող հսկայական քարաբեկորը։ Քիչ բարձրացնելով՝ սուր ծակոց զգաց կրծքավանդակում, աչքերը մթնեցին, ոտքերը թուլացան։
- Մի քիչ հանգստանամ՝ էլի կփորձեմ,- արդարանալու նման ասաց շվարած որդուն, նստեց, գլուխն ափերի մեջ առավ։
Հաջորդ փորձով հաջողվեց անելիքը, քարաբեկորն այլևս չէր կարող խոչընդոտել ջրի ազատ ընթացքին։ Ջուրն արդեն կոհակ-կոհակ վազում էր ներքև՝ դեպի պապակ մարգերը։
Ինքն էլ որդու հետ կամաց-կամաց շարժվեց դեպի տուն։
Ջուրը հարևան Արթուրի մոտ էր՝ կարտոֆիլի մարգերն էր ջրում։ Մտավ բակ, նստեց սրահում՝ մոր կողքին։ Արթուրն ուր որ է՝ կպրծնի, ինքը ջուրը կբերի բանջարանոց, մայրն ու կինը կջրեն, ու, օրվա եռուզեռից հոգնած, քիչ կհանգստանա։ Իսկ մինչ այդ՝ մտատանջության մեջ էր դեռ.
- Խոտից պրծնեմ՝ պապայի գերեզմանաքարով պիտի զբաղվեմ...
Չի ուզում ուշացնել։ Ի՞նչ գիտես, ձմեռն ինչպիսի՞ եղանակ կմատուցի... Հիշում է հոր հուղարկավորության օրը, երկնքից առատորեն թափվող մեծափաթիլ, բքախառն ձյան քուլաները։
Մի քանի րոպե մտատանջության մեջ մնաց, հետո նստած տեղից միանգամից գլորվեց առաջ։ Մոր ձեռքերը հազիվ հասցրին գրկել որդու գլուխը, որ հանկարծ հատակին չտա։
- Սեյրա՛ն, բալա՛ս, ի՞նչ եղավ քեզ...
Պատասխան չկար։ 42-ամյա Սեյրանն այլևս անկարող էր խոսել, շարժում անել։ Նա արդեն հավիտյան էր փակել աչքերը...
...1965-ի մայիսի 9-ը անափ ուրախությամբ լցրեց Գասպարյանների ընտանիքի անդամների ու բոլոր դոլանլարցիների սրտերը՝ չորս քրոջ վրա արու զավակ էր ծնվել ամբողջ Հադրութով մեկ ճանաչված կոմբայնավար Էդուարդ Գասպարյանի հարկի տակ։
- Էդիկ, հաղթանակի օրն է ծնվել՝ անունն էլ Հաղթանակ դիր,-հուշում էին դրկից-բարեկամները։
- Հաղթանա՛կ, չէ՞ մի...
Էդիկը վաղուց էր անվանակոչել որդուն։ Դեռ չծնված։ Գրադարանավարուհի կինը՝ Գոհարը, ընթերցող էր դարձրել նաև մշտազբաղ ամուսնուն։ Ու Շիրվանզադեի հերոսն այնպես էր արմատավորվել Էդիկի հոգու խորքում, որ որդին ծնվեց թե չէ՝ անունն արդեն հետը կար։
Օրը օրվա, տարին տարվա հետ՝ մեծանում էր Սեյրանը։ Ամենամյա մայիսիննյան տոնական միջոցառումներից հետո գյուղովի հավաքվում էին Էդիկի հարկի տակ, ճոխ սեղանի շուրջ։ Հաղթանակն ու Սեյրանն ասես երկվորյակներ լինեին։ Բայց մի տարբերություն, այնուամենայնիվ, կար։ Հաղթանակի տոնը ցերեկն էր նշվում, Սեյրանի ծննդյան տարեդարձը՝ երեկոյան։
Հայրենի գյուղում միջնակարգ կրթություն ստացավ, Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում անասնաբույժի մասնագիտություն ձեռք բերեց։ Ընթացքում՝ ծառայեց Խորհրդային բանակում։ Գյուղական մասնագիտություն ընտրած երիտասարդը, սակայն, գյուղում ապրելու ու աշխատելու հնարավորություն չունեցավ։ Նույն Խորհրդային բանակի սպառազեն ստորաբաժանումների գործուն աջակցությամբ ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատայինները Հադրութի հայաշեն ու հայաբնակ 14 գյուղերը մաքրեցին հայ բնակչությունից։ Ալան-թալանն ընկել էր Դոլանլարը, հարևան գյուղերը։ Իրենց հազարամյա բնօրրանից տեղահանված հայերի՝ ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած կայքն ու ունեցվածքը նրանց այլալեզու և այլադավան քիրվաներն էին թալանում, որոնց հետ հայր Էդիկը, որդի Սեյրանը, մյուս դոլանլարցիները ամեն օր աղ ու հաց էին կիսում։ Փոխվել էին ժամանակները, փոխվել էին բարքերը, ՙաղ ու հաց՚ հիշող չկար այլևս... Չկա՞ր...
Խնձորեսկը պատսպարեց հայրենակորուստ դոլանլարցիներին, սփոփեց նրանց։ Բայց սփոփվեցի՞ն, արդյոք, հայրենակարոտ մարդիկ, ծերերն ու կանայք, երեխաները։ Երեխաները, որոնց աչքերում դեռ վառվում էր իրենց ՙերջանիկ ու անհոգ՚ մանկությունը։
Խնձորեսկում պատսպարվեց Գասպարյանների ընտանիքը, ճակատագիրը հետո Դպրաբակ տարավ։
Սեյրանը, սակայն, կրկին Հադրութ վերադարձավ։ Մնաց քիչ՝ պատերազմական վտանգի տակ գտնվող Հայրենիքի հանդեպ իր որդիական պարտքը կատարելու համար, բայց ընտանիքը կրկին սահմանամերձ տարածքում էր հայտնվել։ Ամեն օր նորանոր հաղորդումներ էին ստացվում Վահան ու Ճամբարակ բնակավայրերի վրա կատարվող թշնամական հարձակումների մասին։ Սեյրանը չէր կարող հանգիստ պաշտպանել Հադրութը, երբ իր հարազատները, Հադրութից շատ հեռու, նույնպես հայտնվել էին վտանգավոր գոտում։ Ու... գնաց...
Իր փախստական, արդեն համագյուղացի դարձած, հասակակիցների, նաև՝ տարեցների հետ սահմանային գոտում էր հերթապահում, ու, թեև ռազմական լուրջ գործողություններ չծավալվեցին այդ տարածքում, միայն Արծվաշենը հայտնվեց հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, այնուամենայնիվ, ամենօրյա վտանգն անխուսափելի էր։
Եվ հրադադարի հաստատումից հետո միայն Սեյրանն անցավ խաղաղ աշխատանքի, ամուսնացավ, տուն-տեղ դրեց։ Նա արդեն անասնաբույժի իր իսկական դերի մեջ էր ոչ միայն Դպրաբակում։ Հարևան Ձորավանք, Բարեպատ, Կալավան, Անտառամեջ գյուղերում էլ միշտ անհամբերությամբ էին սպասում նրա այցերին, գոհունակությամբ ընդունում իր մասնագիտության անգերազանցելի ու անշահախնդիր նվիրյալի ծառայությունները։
Բայց Աստված Դպրաբակը չընծայեց Գասպարյաններին՝ որպես Հայրենիք։ Նրանք եկան այստեղ ոչ թե ապրելու-արարելու, այլ տառապելու համար։ Ու... մեռելու... Եվ առաջինն անբուժելի հիվանդությամբ տառապող քույրը՝ Զարինեն, տեղի տվեց, դաժան հիվանդությունը հյուծել էր 38-ամյա երիտասարդ մարմինը։ Ու երբ այլևս անկարող էր դիմադրել՝ կանչեց եղբորը, բարուր-մանկիկը գրկին դրեց։ Եղբայրը խոստացավ, որ քրոջ որդին երբեք որբ չի զգա իրեն։ Ու շարունակեցին ապրել միասին։ Փոքրիկ Գևորգին այնպես էր թվում, թե քեռի Սեյրանն իր հարազատ հայրն է, իսկ քեռակին Ժաննան՝ մայրը։
Զարինեի մահն անչափ ազդեց հոր ու եղբոր զգայուն ներաշխարհի վրա։ Հայրը չդիմացավ, գամվեց անկողնուն, եղբայրն ամեն ինչ տարավ ոտքի վրա։ Բայց սիրտն իր ՙհասանելիքն՚, այնուամենայնիվ, ստացավ։ Իսկ հոր երկամյա հիվանդությունից հետո վրա հասած մահն ավելի խորացրեց Սեյրանի հոգու վերքը. նրան թվում էր, թե այլևս չի դիմանա։ Այսքան մեծ ցավն ինչպե՞ս կարող էր տանել Սեյրանի փխրուն սիրտը։
Ու... չդիմացավ։
- Պի՞նդ կաց, մա՛մ...

- Իսկ դուք չե՞ք կրակում...
- Ոչ...
- Ինչո՞ւ...
- Հենց էնպես ի՞նչ կրակենք։ Ա՛յ, եթե պետք լինի՝ ուրիշ հարց է։
- Իսկ ի՞նչ եք կարծում, կրակելու առիթ լինելո՞ւ է։
- Բա հո կռիվը չպրծա՞վ... Չե՞ք տեսնում՝ թուրքը Շուշի է ուզում, Լաչին ու Քելբաջար։
- Իսկ տվո՞ղն ով է,- արհամարհանքով  շպրտում է զինվորներից մեկը։
Արշոյի գումարտակի դիրքերում զինվորների հետ  երկար զրուցեցինք։ Իհարկե, ձգձգվող բանակցությունները նրանց մտածել են տալիս գործողությունների վերսկսման հավանականության շուրջ, բայց որ կրակոցներին չեն պատասխանում, դա էլ, իհարկե, չի նշանակում, թե հոգնել են, կամ էլ...
- Պարզապես չենք ուզում գլուխ դնել հետները, - ունկերիս մեջ անընդհատ հնչում է շարքային Բաբայան Արամի խոսքը։
Մեքենան առաջ է սլանում։ Ճանապարհի երկու կողմերին արևից ու հրդեհներից խանձված խաղողայգիներ են։ Տեղ-տեղ ծիկրակին տվող կանաչ շիվեր էլ կան, որ, թվում է, կենդանության շունչ են հաղորդում աղանձված որթատունկերին։
Վաշտի հրամանատար Խաչատրյան Սերգեյը լավ կարծիք ունի իր ենթակայության տակ գտնվող զինվորների մասին։
- Պահակային ծառայությունը գերազանց են տանում,- ասում է,- անտրտունջ հաղթահարում են բոլոր դժվարությունները։
Մտնում ենք Գյուլիջա։ Գյուղամիջյան ճանապարհով մեքենան  մեզ տանում է առաջ։ Իսկ հուշերով՝ ես ոչ վաղ անցյալի Գյուլիջայում եմ արդեն...

...Կապիտան Անդրեյ  Մելքումյանը գրգռված է. ռադիոկապով հրամայել են դադարեցնել առաջխաղացումը։ Պատճա՞ռը՝ թևերը ետ են մնում։ Զինվորները ևս դժգոհությամբ են ընդունում այդ  լուրը. ՙՈւրեմն՝ էսօր էլ չմտանք Գյուլիջա՚։ Իսկ հակառակորդ զինվորները նկատելով, որ այլևս հետապնդող չունեն, մեկ-մեկ վերադառնում են խրամատներն ու կրկին դիրքավորվում, որոշ ժամանակ անց էլ՝ սկսում են կրակահերթերով սանրել մեր դիրքերը։ Հակառակորդի ՀՄՄ-2-ը կրակելով առաջ է շարժվում, գալիս ու կանգնում է՝ չնկատելով թաքստոցում գտնվող մեր տանկը։ Բայց հանկարծ կտրուկ շրջվում ու պոկվում է տեղից։ Նռնականետերից բացված կրակն արդյունք չի տալիս։
Կեսօրին մոտ՝ փոխհրաձգությունն ավելի է սաստկանում։
- Խաղողայգիներում մարդիկ են երևում,- ասում է զինվորներից մեկը՝ ետ նայելով։
- Է՛հ, առաջին գումարտակի տղաները կլինեն,- հանգիստ պատասխանում է ընկերը։
Ես ևս նկատում եմ։ Արդեն մոտիկ են, ու պարզ երևում է, որ մեր տարբերանշանները չկան նրանց համազգեստի վրա։ Իսկույն կանչում եմ գնդացրորդ Սուրիկին.
- Կրակի՞ր, թուրքեր  են...
- Չէ, մերոնցից են,- երկմտում է։
- Չե՞ս տեսնում, որ նրանք մեզ նման սպիտակ թևկապերով չեն, կրակի՞ր։
Արդեն ուշ է։ Մխիթարյան Սուրիկը ողջ պատերազմի ընթացքում առաջին անգամ հապաղում  է։ Հակառակորդի զինվորները ձախ կողմից մտնում են մեր խրամատները։ Կրակում են երեք կողմից։ Երեք կողմից սեղմվում է օղակը. ի՞նչ անենք։ Վաշտի հրամանատար նշանակված գնդացրորդ  Եփրանոսյան Տիգրանը հինգերորդ վաշտի դիրքերն է գնացել։ Այսպես ասած՝ հյուրընկալության։ Երեք ժամ է՝ չկա։ Հետը տարել է նաև ռադիոկապը։ Մնում է՝ ինքներս մի բան ձեռնարկենք։ Ես և դասակի հրամանատար Հովսեփյան Վահագնը անձնակազմը բաժանում ենք երեք խմբի ու երեք ուղղություններով միաժամանակյա կրակ բացում։ Քիչ անց Օհանյան Գրիգորին վիրավորվում է ոտքից և իրավիճակը քիչ-ինչ բարդանում է։ Նախ՝ վիրավորին կրակի գծից հանելու, և հետո, քանի որ օղակը երեք կողմից սեղմվում էր, իսկ օգնություն ակնկալելու հույս անգամ չկա, շրջափակման մեջ հայտնվելու վտանգից խուսափելու համար որոշում ենք խրամատով հեռանալ դեպի աջ։ Երկու-երեք զինվոր վերցնում են Գրիգորիին, ու, անցնելով գետը՝ հասնում ենք հինգերորդ վաշտի դիրքերը։ Խաղողայգիներում դիրքավորված հակառակորդը շարունակում է կրակել, որը մերթընդմերթ ընդմիջվում է հրթիռահրետանային համազարկերով...

...Սթափվում եմ մտքերից ու հայացքս կրկին կլանում են խանձված խաղողայգիները։ Քիչ անց՝ հերթական պահակակետում ենք։
- Եկել ենք ձեզ փոխարինելու, ուզո՞ւմ եք,- բեռնատարի թափքից կատակով  կանչում են պահակակետի տղաներին։
- Ուզո՛ւմ եք՝ էդ էլ խո՞սք է...
Հավաքում են իրերը, որ թափքը բարձրանան։
- Ո՞նց  եք, տղե՞րք,- հարցնում եմ,- կարողանո՞ւմ եք հսկել սահմանը։
- Իհարկե,- ինքնավստահ է շարքային Ավագիմյան Վազգենը,- մեր պարտքն է։ Մենք պետք է սահմանագծում շարունակենք հսկողությունն այնքան ժամանակ, ինչքան պահանջվի...

…Փորված խրամատներ չկան։ Փորելու ժամանակ ու հնարավորություն կա՞ որ... Հենց այնպես, որևէ ծառի կամ թմբի ետևից հսկում ենք մեր դիմացի  լայնատարած խաղողայգիները։ Բայց դե, խրամատներից հսկողություն իրականացնելն անվտանգ է։
- Ամենքդ ձեզ համար խրամատ փորեք,- ասում եմ տղաներին։
- Ճիշտ է ասում ՙզամպալիտը՚,- գնդացրորդ Հըրանտն է,- ես արդեն սկսել եմ փորելը։
Գալոյան Սերգեյը ևս սկսում է փորել։ Երեկոյան արդեն երկուսի խրամատներն էլ պատրաստ են, բայց տղաների միջև վեճն էլի չի դադարում։ Մեղադրողը կրկին  Բեգլարյան Հրանտն է, իսկ թիրախը` Գալստյան Հրաչիկը։
- Գիշերները վատ ես պահակություն անում, քնկոտ ես, այնպես ես խռմփացնում, որ...
- Ե՞ս,- ջղայնանում է Հրաչիկը,- կտեսնե՞նք...

...Կրկին սթափվում եմ։ Մեքենայի ղեկը ավտովարորդ Գրիգորյան Գարիկի ձեռքերում ասես խաղալիք լինի։
- Այս մեքենան էլ է ռազմավար,- հիացմունքով ասում է նա,- Սումմայի մարտում ենք առգրավել թշնամուց։
Գարիկի ՙՈւրալը՚ մռնչալով հաղթահարում է ճանապարհային խոչընդոտները` ետևում փոշու գորշավուն ամպաշերտեր թողնելով։

...Ասես երազի մեջ լինեմ, ինչ-որ անհասկանալի ձայներ են հասնում ինձ, չընդհատվող՝ ծանոթ-անծանոթ ձայներ։
- Կանգնի՞ր, կկրակե՞մ... Ո՞վ ես...
- Հրաչիկն եմ, Հրանտ, մի՞ կրակիր...
- Ի՞նչ ես վերցրել...
- ՙԶամպալիտի՚  ավտոմատը,- խոստովանում է Հրաչիկը։
- Չշարժվե՞ս, կկրակե՞մ,- Հրանտի ասածում լրջությունն այնպես խիստ է ընդգծված, որ Հրաչիկը խոսել անգամ չի համարձակվում, ուր մնաց՝ շարժվի, քայլ անի։
Անհերթափոխ դիրքապահությունում էինք ու անքնությունս չէր կարող տեղի չտալ ու նիրհել էի մի պահ։ Իսկույն մոտենում եմ Հրաչիկին, վերցնում ինքնաձիգս։
- Ի՞նչ է պատահել...
- Որոշել էի փորձել հերթափոխն ընդունած Հրանտի զգոնությունը, և, ահա, թե ինչպիսի աղմուկ բարձրացավ,- փորձում է արդարանալ Հրաչիկը։
Գուցե նաև` դիրքի չփոխարինվող պատասխանատուի՞, այսինքն՝ ի՞մ, անցնում է մտքովս։ Ինչևէ, կրքերը հանդարտվում են, վեճերը` դադարում...

Հերթափոխն իրականացնող մեքենայով հաջորդ պահակակետ ենք հասնում։ Տղաները գրգռված են, դժգոհ, որովհետև իրենց փոխարինողները չեն եկել։
-Ես մեղավո՞ր եմ, որ չեն եկել,- արդարանում է հերթափոխն ուղեկցող սպան` Սերգեյ Խաչատրյանը,- ձեր ընկերներն են, չէ՞, գային էլի, թե՞ հրամանատարությունը սխալ է վարվում պահակությունից ազատ օրերին տուն թողնելով։
- Հացը վերցրե՞ք,- կանչում են ՙՈւրալի՚ թափքից,- ջրաման է՞լ բերեք։
- Բա՛ն չկա,- կատակում են թափքում տեղավորվածները,- մի քանի օր էլ պահակություն արեք, մինչև գան։

...Կրկին նույն տեսքով ՙներկայանում են՚ անցած օրերը։ Դիրքերում ենք` անհերթափոխ։ Ամեն անգամ խուսափողական պատասխան եմ տալիս տղաներին։ Բայց` կրկին.
- Մինչև ե՞րբ ենք մնալու...
- Չգիտեմ,- կարճ եմ կապում։
Իսկ հերթափոխ չկա...

...Իջնում ենք խցիկից։ Ուղեկցողն առաջարկում է ոտքով գնալ։
- Հաջորդ պահակակետը մոտիկ է,- ասում է նա։
Կածանով շարժվում ենք առաջ։
- Վտանգավոր է,- զգուշացնում է ուղեկիցս,- կարող են խփել։
- Իսկ պատահարներ լինո՞ւմ են։
- Ոչ, տղաները շատ են զգույշ, խրամուղիներով են տեղաշարժվում։
Ցերեկային դիտակետից դիտորդը նայում է առաջ։
- Հակառակորդի դիրքերը մոտի՞կ են,- մոտենում եմ նրան։
- Մի 400-500 մետր կլինի։ Այ, տեսնո՞ւմ եք,- ձեռքը մեկնում է դեպի հակառակորդի պահակակետը։
Ուշադրությունս լարում եմ։ Քիչ անց շիֆերածածկ փոքրիկ տնակից երկու հոգի են դուրս գալիս։ Առանց զենքի։ Մեկը բաճկոնակով է, մյուսը` ոչ։
- Կրակո՞ւմ  են։
- Մե՞կ-մեկ...
Սերգեյը մտնում է բլինդաժ.
- Պատրաստվե՞ք, ձեր հերթափոխը եկել է, մեքենան ուր որ է կմոտենա...
- Երբ են, է՛, ազատելու` գնանք մեր գործին, պահակակետներն էլ հանձնենք ժամկետային ծառայողներին,- մեքենայի թափքում տեղավորվող զինվորների դժգոհությունը այնքան էլ սուր երանգներ չունի, պարզապես սովոր չեն մի դիրքում երկար մնալ, բայց քանի որ հրադադար է հաստատված` առաջ գնալ էլ չեն կարող։
Հասնում ենք Շուրաբադ։ Մեքենան գյուղամիջով սլանում է առաջ։ Շրջվելով դեպի ձախ` կանգնում է։ Պահակակետից քիչ հեռու։
- Երկու կիլոմետրանոց ճանապարհ է` ո՞նց ենք քարշ տալու մթերքները, ջուրը,- դժգոհում են տղաները,- գոնե մի քիչ մոտենայիր։
- Հո չե՞մ քշելու մինչև խրամատները,- իր հերթին վարորդն է ձայնը բարձրացնում,- չե՞ս տեսնում, որ ճանապարհը վատ է։
Անասելի սաստիկ շոգ է։ Նստած տեղդ` քրտինքը կաթիլ-կաթիլ իրար գալով` շիթ է դառնում ու հոսում ցած։ Մեքենայի ընթացքի պահին գոնե մի քիչ քամհարում է ու հաճելի խլրտոցը խաղում է մարմնիդ վրայով հոսող  քրտնքաշիթի հետ։

...Սահմանագծում հրադադար է հաստատվել։ Հակառակորդը մեր կողմից այլևս առաջխաղացում չսպասելով` կրկին լկտիության դրսևորումներ է հանդես բերում։ Ճիշտ է, առաջ գալ չի հանդգնում, բայց, դե, ո՞վ է ձեռքը բռնում` մի կուշտ կրակում է։ Ամեն գիշեր։ Ճիշտ ժամը 2-ին։ Ուղիղ տաս րոպե տևողությամբ ճարճատում են հակառակորդի ինքնաձիգներն ու գնդացիրները։ Անընդհատ։ Լուսածիրները լուսավորում են գիշերային երկինքը` ասես հաղթանակի հրավառություն լինի։ Այսինքն` նրանց համար հրադադարի պայմանագիր ձեռք բերելն էլ` արդեն իսկ հաղթանա՞կ  է։ Գուցե։ Ու այդպես` ամեն գիշեր։ Տաս րոպե տևողությամբ։ Ու հետո լռում են մինչև առավոտ։ Ովքեր տեսել են դա` դժվար թե մոռանան կյանքում...

...Մեքենան կտրուկ արգելակվում է գինեգործարանի մոտ ու կրկին սթափվում եմ մտքերից։ Տհաճ հոտը ծծվել է օդի  մեջ, համակել շրջապատը։
Գինեգործարանի պահակակետում էլ զինվորները ծառայությունից ազատվելու մասին են խոսում.
- Ես արդեն զեկուցագիր եմ ներկայացրել, սպասում եմ ազատման հրամանին,- ասում է տարեց զինվորներից մեկը։
Ըստ գումարտակի շտաբի պետի տեղակալ Ռաֆիկ Ալեքսանյանի` առաջին հերթին ազատվում են առողջական անբավարար վիճակի, ծնողների միակ խնամակալը լինելու, հինգ և ավելի երեխաներ ունենալու դեպքում։
Տղաներն ըմբռնումով են մոտենում գումհրամանատարության այդ որոշմանն ու համբերությամբ սպասում իրենց հերթին։ Իսկ մինչ այդ` ծառայությունը մնում է ծառայություն, խրամատը` իրենց ՙմշտական բնակության վայրը՚։
- Այնքա՞ն ենք կանգնելու, որքան պետք լինի,- միայն այսպիսին պիտի լինի պատասխանն այն տղաների, ովքեր ապրել են պատերազմական ողջ դառնությունը, դժվարություններն ու հաջողությունները ճաշակել լիուլի։
...Գարիկը բռնում է ետդարձի ճանապարհը։ Թափքում պահակությունը հանձնած տղաներն են, վաստակած հանգստի են գնում` իրենց տեղը թողնելով փոխարինելու եկածներին։
Ճակատային գիծը մնում է ետևում` իր հետաքրքրություններով ու դժվարություններով։
Խանձված որթատունկերի  շարքերը հերթով ետ են ընկրկում։ Գորշ համայնապատկերի վրա տեղ-տեղ ծիկրակին են տալիս կանաչ շիվերը` որպես ապացույց այն պարզ ճշմարտության, որ, իրոք, կգա մի այնպիսի ժամանակ, երբ շունչ կառնեն չորացած որթատունկերն անգամ...

ՙԱրշոյի գումարտակ՚. երբվանի՞ց և ինչո՞ւ սկսեց այդպես կոչվել։ Նախ՝ ինչո՞ւ։ Կարծում եմ, այստեղ կարևոր դեր ունի հրամանատարի հեղինակության գործոնը։ Իսկ թե Արշոն (նույն ինքը՝ Արշավիր Ղարամյանը) երբ և ինչպես է վաստակել այդ հեղինակությունը՝ հայտնի է ո՞չ միայն Արցախում։ Բայց ինքը ե՞րբ է իր մարտական լրիվ կենսագրությունը ներկայացրել ո՛ր...

...Զորամասի մշտական տեղակայման վայրը հասնելով, անմիջապես ներկայանում ենք։ Բանակային թերթի ֆոտոթղթակից Աշոտ Երամիշյանն իսկույն ՙանմահացնում է՚ գրասեղանի շուրջ բազմած հրամանատարին, իսկ ես, զինվորական լրագրողի իրավունքով զրույցի եմ հրավիրում նրան։
Զրույցը կայանում է, որին հետևում է Արշոյի խոստովանությունը.
- Ես դեռ ոչ ոքի մոտ այսպես մինչև վերջ չեմ ՙանկեղծացել՚,- և՝ քմծիծաղում է միայն իրեն հատուկ ՙառոգանությամբ՚...
...Արշավիր Ղարամյանի համար պատերազմը երևի թե ՙսկսվել՚ է 1989-ին, երբ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիկացիայի և էլեկտրոնիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողը հանկարծ որոշել է տեղափոխվել Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ՙՀաշվապահական հաշվառում՚ մասնագիտության հեռակա բաժին ու վերադառնալ Արցախ։ Նպատակը երևի թե հասկանալի է, սակայն՝ քողարկված այլևայլ պատճառներով... Կարևորն այն է, որ նա կրկին գյուղում է և բոլոր հարցերն արդեն ՙկարգավորվելու՚ են նրա՝ կոլտնտեսության նորանշանակ տնտեսագետի միջոցով։
Նույն պահից էլ, ինչպես Ակնաղբյուրում, ձորակի մյուս գյուղերում ևս սկսվել են զենք ու զինամթերքի հայթաթման համար տարվող համապատասխան աշխատանքները, քանզի արդեն պարզ երևում էր, որ առանց զինված պաշտպանության՝ հաջողության չեն հասնի։ 1990-ին, որսորդական հրացաններով ու ինքնաշեն զենքերով զինված ութ հոգանոց մարտական ջոկատը կազմ ու պատրաստ էր, իսկ ՙաշխատանքի բնույթը՚, հիմնականում, հերթապահությունն էր Ամարասի հովտում ու Քարին տակի շրջակայքում։ 1991-ի դեկտեմբերին, Ամարասի վանքի մոտ, Վերին Դիվանլար գյուղի թշնամական կրակակետերի ոչնչացման գործողությանը մասնակցելուց հետո ջոկատը սկսեց կամաց-կամաց համալրվել ու 1992-ի հունվարին, Քարին տակի մարտից հետո, վերաճեց վաշտի, իր կազմի մեջ ընդգրկելով նաև Սարուշենի՝ Կարմեն Ավետիսյանի հրամանատարությամբ գործող ջոկատի տղաներին (թվով՝ 18 հոգի)։ Արշավիր Ղարամյանի հրամանատարությամբ գործող վաշտի կազմում հաջորդ ամսվա՝ փետրվարի տվյալներով արդեն 72 ազատամարտիկ էր գրանցված։
Շարունակվում էր մարտական հերթապահությունը Սոս-Մաճկալաշեն ուղղությամբ, Ամարասի հովտում։ Ապրիլի սկզբից վաշտի մի մասը մնաց Ամարասում, իսկ մյուս մասը տեղափոխվեց Ավետարանոց՝ Չախմախ և Նաբիլար տեղամասերում հերթապահելու-հետախուզելու՝ Շուշիի ազատագրման ռազմագործողությունը նախապատրաստելու համար։ Իսկ Շուշիի ազատագրմանն Արշոյի (Ակնաղբյուրի) վաշտն ամբողջությամբ էր մասնակցում։
Մայիսի 7-ի գիշերը վաշտի տղաները շարժվեցին մշտական տեղակայման վայրից։ Ոտքով պիտի կտրեին մոտ 20 կմ ճանապարհ՝ դժվարամատչելի սարերով, և հաջորդ օրվա կեսօրին մոտ հասան նշանակված վայր ու Զարիսլու գյուղի մոտ փակեցին Շուշի-Լաչին խճուղու այդ հատվածը։ Տղաների տրամադրությունը բարձր էր, և այն համատարած ինքնավստահությունն էր իշխում, որ Շուշին անպայման կազատագրվի։
Շուշիի ազատագրումից հետո Արշոն հրաման ստացավ գրավել Զարիսլու գյուղը և դիրքեր զբաղեցնել Լաչինի ուղղությամբ։ Առաջադրանքը կատարվեց մայիսի 12-ին, իսկ հաջորդ օրը հակառակորդը մեծաքանակ տեխնիկայով ու հետևակով կրկին հակահարձակում ձեռնարկեց՝ փորձելով մտնել Զարիսլու և շարժվել դեպի Շուշի։ Բայց նախորդ գիշերվա ընթացքում մեր տղաների տեղադրած ականների վրա պայթեց հակառակորդի Տ-72 տիպի մեկ տանկ։ Ծավալված փոխհրաձգության ընթացքում կորցնելով 40-ից ավելի զինվոր՝ թշնամին ստիպված էր հրաժարվել իր մտադրությունից ու նահանջեց մինչև ելման դիրքերը։ Հերթափոխվելով Ժիրոյի ջոկատի և Քարին տակի վաշտի տղաների հետ՝ Արշոյի վաշտի անձնակազմը մինչև մայիսի 17-ը հերթապահում էր Զարիսլուի դիրքերում, որից հետո նոր առաջադրանք ստացավ գրավել Լիսագորի ՙհեռուստաաշտարակ՚ կոչվող բարձունքը և միջանցք բացել մեր զորքերի հետագա առաջխաղացման համար։ Առաջին փորձը, սակայն, անհաջող ստացվեց։ Այնուամենայնիվ, կատարվեց մարտական առաջադրանքն ու Արշոն իր տղաների հետ հաջողությամբ շարժվեց դեպի Լաչին։
Այդ, և դրան հաջորդած բոլոր ռազմագործողությունների ընթացքում Արշավիր Ղարամյանի հրամանատարությամբ գործող Ակնաղբյուրի վաշտը միշտ էլ պատվով էր կատարում մարտական բոլոր առաջադրանքները։
ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծմանը զուգընթաց՝ Ակնաղբյուրի ու շրջակա գյուղերի վաշտերի միավորումով ստեղծված գումարտակի հրամանատար ընտրվեց (իսկ այնուհետև՝ նշանակվեց) բազում մարտերում իր մարտական ու հրամանատարական բարձր վարպետությամբ աչքի ընկած Արշոն՝ Արշավիր Սուրենի Ղարամյանը։

Արշոյի համար սկսվեց  ինքնադրսևորման նոր շրջան՝ ավելի մեծ անձնակազմով, տարածքային ավելի լայն ընդգրկումներով։ Իհարկե, գումարտակը շարունակում էր նախկին վաշտի ՙորդեգրած՚ ավանդույթները՝ միշտ ստանալով ամենաբարդ հանձնարարություններն ու պատասխանատվության մեծ զգացումով կատարելով դրանք։ Եվ, իհարկե, բոլոր ձեռքբերումները մեծապես կախված էին հրամանատարի արհեստավարժ գործողություններից, ինչն էլ նպաստեց ստորաբաժանման՝ գումհրամանատարի անունով ՙԱրշոյի գումարտակ՚ մկրտվելուն։
Ասկերանի պաշտպանական շրջանի կազմավորման հենց առաջին օրվանից էլ գումարտակի անձնակազմը մարտական դիրքերում էր՝ Մարտակերտի (Չլդրան-Կիչան), Լաչինի հարավային (Լիսագոր-Սաֆյան-Ֆարաջան) և հյուսիսային (Շռլան-Ֆինգա-Սարիբաբա) ուղղություններում, մինչև 1993-ի հունվարը, իսկ փետրվարին գումարտակը կրկին տեղափոխվեց Ասկերանի ուղղություն։ Փետրվարի 7-ին անհաջող մարտեր մղվեցին Խրամորթ գյուղի ազատագրման համար։ Գյուղն ազատագրվեց միայն փետրվարի 19-ին։ Այստեղ տղաները մնացին մինչև մարտի 4-ը, որից հետո կրկին Մարտակերտի ուղղություն տեղափոխվեցին, ուր արդեն մեկ ամիս էր, ինչ հաջողությամբ իրականացվում էր շրջանի գերեվարված գյուղերի  ազատագրման գործընթացը։ Գումարտակայիններն առանց երկմտելու ցանկություն հայտնեցին իրենց մասնակցությունը բերել այդ նախաձեռնությանը, ու մարտի 5-ին արդեն Դրմբոն գյուղում էին։ Նույն օրն էլ հետախուզվեց Կուսապատի ուղղությունը, քանի որ հրամանատարության կողմից գյուղն ազատագրելու մարտական հրաման կար։ Բայց թշնամին ատամներով էր պաշտպանվում, չէր ուզում Կուսապատը հանձնել, քանի որ մարտավարական կարևոր նշանակություն ուներ։ Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումներն արդեն ձախ կողմից գրավել էին Սարսանգի ջրամբարի տարածքն ու իջել Մեծ շենի ուղղություն։ Եվ Կուսապատի բարձունքը կարծես թե թշնամու վերջին հենարանն էր, որից էլ այնպես համառորեն կառչել էր։ Բայց մարտի 6-ի առավոտյան, կատաղի մարտերից հետո, հակառակորդն, այնուամենայնիվ, ստիպված էր թողնել մարտական դիրքերն ու նահանջել։ Ոչնչացվեց մեկ ՀՄՄ-2, երկուսն՝ առգրավվեց։ Եվ, ահա, տղաները կանգնել էին Դամիրլվի բարձունքում, որտեղից, ինչպես ափիդ մեջ, երևում էին Մարտակերտն ու Աղաբեկալինջը։ Մարտն ավարտված էր արդեն, շրջակայքը՝ խաղաղված, բայց թփուտներից արձակված կրակոցները ճակատագրական դարձան երկու հայ մարտիկների համար։ Դրանք կատաղի մարտում պարտված թշնամու վերջին ճիգերն էին, իսկ արդյունքում՝ անտեղի զոհեր, և դա գումարտակի անձնակազմն ավելի համախմբեց միակ ու գերագույն նպատակի շուրջ՝ մինչև վերջ ջարդել ոխերիմ թշնամուն։
Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ մարտնչող զորամասը հաջողությամբ կատարելով  մարտական առաջադրանքը՝ գրավեց Ջանյաթաղ և Գյուլաթաղ գյուղերն ու ընդհուպ մոտեցավ ՙՊուշկեն յալ՚ բարձունքին։ Հակառակորդն անիմաստ դիմադրություն ցույց տալուց հետո ստիպված էր թողնել մարտական դիրքերը։ Բայց քանի որ Մոնթեն իր զորախմբով շուտով պիտի հեռանար դեպի Քելբաջարի ուղղություն, Արշոյի գումարտակին հրամայվեց դիրքերն առաջ տալ և պաշտպանության տակ առնել գրավյալ բարձունքները։
Դրան զուգընթաց, մարտի 20-ից նախապատրաստություն սկսվեց նաև Մարտակերտի ՙՀեռուստաաշտարակում՚ տեղակայված թշնամական կրակակետերը վերացնելու համար։  Մի քանի օր շարունակ հետախուզական մարտեր մղվեցին, իսկ մարտի 28-ին սկսվեց հիմնական գրոհը, որը, սակայն, կրկին անհաջողության մատնվեց, որովհետև հակառակորդն այստեղ հսկայական ուժ էր կուտակել և ամրապնդել պաշտպանությունը։ Տղաները, միաժամանակ, և՞ ՙՀեռուստաաշտարակի՚ մարտերին էին մասնակցում, և՞ ՙՊուշկեն յալում՚ մարտական հերթապահություն իրականացնում, բայց ապրիլի 2-ին, հակառակորդի բազմաթիվ գրոհներից հետո, Արշոն ստիպված ետ քաշվեց ՙՊուշկեն յալից՚։ Դրան նպաստեց հատկապես այն հանգամանքը, որ թշնամին աջ թևից ճեղքեց մեր պաշտպանական գիծն ու շրջանցեց՝ թիկունքից հարվածելու համար։ Ետ քաշվելով ելման դիրքերը՝ տղաները մոտ տասն օր ստիպված եղան մնալ այդտեղ, մինչև հրաման ստացվեց մշտական տեղակայման վայր տեղափոխվելու մասին։ Մի քիչ ՙշունչ առնելուց՚ ու համալրվելուց հետո գումարտակը կրկին վերադարձավ Մարտակերտի ուղղություն և մինչև հունիսի առաջին տասնօրյակի վերջը մարտական հերթապահություն իրականացրեց Ալիաղալու-Գյուլաթաղ ճակատային գծի ողջ երկայնքով, իսկ հունիսի 10-ին կրկին ետ կանչվեց՝ Աղդամի ռազմական հենակետի վնասազերծման ուղղությամբ ձեռնարկվելիք ռազմագործողությանը լրջորեն նախապատրաստվելու համար։ Առաջին գրոհներն սկսվեցին հունիսի 12-ին ու մատնվեցին անհաջողության. Աղդամի ճանապարհին, հենց ՙԳյոռոտ՚ տեղամասում, զորամասը կենդանի ուժի զգալի կորուստ կրեց։ Նույն օրը զոհվեց նաև լեգենդար Ավոն՝ Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը։ Դա, գումհրամանատար Արշավիր Ղարամյանի կարծիքով, զորամասերի միջև համագործակցության ոչ հստակ դրսևորման արդյունք էր։
Հունիսի 13-ին տեղափոխվելով Քարագլուխ, գումարտակը 4-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի հետ առաջադրանք ստացավ գրոհով մտնել ադրբեջանաբնակ Ջինլի գյուղը։ Առաջադրանքը կատարվեց։ Դրան նպաստեց և այն, որ ձախից առաջ էին շարժվում Շուշիի գնդի տղաները, ովքեր, կարելի է ասել, գերազանց էին կատարում իրենց առջև դրված խնդիրները։ Նրանք գրավեցին Ալիաղալու գյուղը, իսկ Արշոյի տղաները՝ ՙԲոզդաղ՚ բարձունքը։ Այդ շեշտակի հարվածից խուճապի մատնված հակառակորդը նահանջեց մինչև ՙԵդդիխրման՚ բարձունքը, որը Աղդամի համար մարտավարական կարևոր նշանակություն ուներ։
Թշնամին մոտ մեկ շաբաթ (ավելի կոնկրետ՝ մինչև հունիսի 18-ը) արյունահեղ մարտեր էր մղում, որպեսզի վերագրավի կորցրած դիրքերը։ Հունիսի 18-ի մարտում վերջին ճիգերը գործադրեց, բայց այլևս ոչինչ ուղղել հնարավոր չէր՝ բարձունքը մնաց Արշոյի տղաների վերահսկողության ներքո։ Մեր կողմից վիրավորվածներ կային, իսկ զոհեր՝ ոչ, որովհետև մարտադադարների ընթացքում լավ էին խրամատավորվել։ Հակառակորդից առգրավված հրանոթներն էլ արդեն գործում էին իրենց նախկին տերերի դեմ։ Անձնակազմին հանգիստ էր տրված, բայց Շահբուլաղի բարձունքին պարզ երևացող հոյակերտ տաճարն այնպե՛ս գայթակղում էր տղաներին։ Իսկ երբ գումհրամանատարը նրանց պատմում էր, որ այն կառուցել է ՙծովից ծով Հայաստանի՚ տիրակալ Տիգրան Մեծը, նաև՝ քաղաք՝ իր անունով, որի տեղանքն այսօր օտարաշունչ Շահբուլաղ է հորջորջվում, տղաներն ավելի գոտեպնդվեցին՝ օր առաջ գրավել հազարամյակներով հայ բազկի ուժին սպասող բարձունքը։
Խորհրդակցելով Պաշտպանական շրջանի հրամանատար Վիտալի Բալասանյանի հետ, գումարտակի տղաները հենց հաջորդ առավոտյան գրոհով մտան ադրբեջանաբնակ Չուլլի գյուղն ու որոշեցին շրջանցել բարձունքը, քանի որ դիմացից լիովին անմատչելի էր այն։ Բայց գյուղ մտնելուց հետո տղաների մեջ գտնվեցին նաև հնարամիտներ։ Վաշտերի հրամանատարներ Կարմեն Ավետիսյանն ու Արմեն Հայրապետյանը, գումհրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալ Արմեն Գասպարյանը որոշեցին, ինչ գնով էլ լինի, մագլցեն ժայռն ու անսպասելիորեն հայտնվեն թշնամու առաջ։ Հուլիսի 4-ի ցերեկվա ժամը մոտ 1400 -1500 -ին տղաներն իրար օգնելով մագլցում հասնում են բարձունքի գագաթը։ Դրան նպաստեց ՙԲոզդաղ՚ բարձունքում դիրքավորված տանկը, որը, տղաների պահանջով, ժամանակ առ ժամանակ արկակոծում էր հակառակորդի դիրքերը։ Բարձունքի գագաթը հասնելուն պես՝ մարտի բռնվեցին։ Տաճարի մերձակա դիրքերում գտնվող 100-ին մոտ ասկյարները խուճապի մատնվեցին ու փախան, իսկ ովքեր չհասցրին փախչել՝ խրամատում պայթեցրին նռնակներն ու վերջ տվին իրենց թշվառ կյանքին։
Երեկոյան ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբից կապվեց Սերժ Սարգսյանը։
-Ինչպե՞ս է վիճակը,- հարցեց։
-ՙԳվարդիական՚ դրոշն արդեն ծածանվում է բարձունքի վրա,- հպարտ էր հնչում գումհրամանատարի պատասխանը։
Այս անգամ էլ  ապահովված է հաղթանակն ու դիրքային առավելությունը պահպանելու համար ՙՔարհանքում՚ հակառակորդի կողմից լքված բուլդոզերներով ողջ գիշերը բարձունքի ստորոտից մինչև գագաթը ճանապարհ բացվեց և կապ հաստատվեց թիկունքի հետ, իսկ առավոտյան մեր մարտական տեխնիկան հեշտությամբ բարձրացավ անառիկ թվացող այդ բարձունքը։
Հուլիսի 5-ն ու 6-ը համեմատաբար հանգիստ անցան, իսկ 7-ի վաղ առավոտից հակառակորդը զենքի բոլոր տեսակներով սկսեց ՙկարկտահարել՚ բարձունքը։ Տասն օր շարունակ։ Զոհվեց կապավորը, մոտ 30 զինվոր կոնտուզիայով տեղափոխվեց հոսպիտալ, բայց բարձունքը շարունակ պաշտպանվում էր՝ գումարտակայինների քաջության ու նվիրվածության, Հայրենիքի ճակատագրի հանդեպ ունեցած պարտքի ու պատասխանատվության գիտակցման շնորհիվ։ Իսկ երբ թվում էր, թե այլևս ոչինչ հնարավոր չէ անել, վաշտի հրամանատար Արմեն Հայրապետյանը անմիջապես դուրս նետվեց դիրքից ու, որ հակառակորդի համար պարզ լսելի ու իասկանալի լինի՝ հրաման արձակեց վարժ ռուսերենով.
-Առաջին դասա՞կ՝ աջից, երկրորդ դասա՞կ՝ ձախից, երրորդ դասա՞կ՝ իմ ետևից, առա՛ջ...
Եվ՝ թուրքերը... խուճապահար փախան զբաղեցրած դիրքերից։
Նման հնարամտությունը շատ անգամ է օգնել վտանգի մեջ հայտնված մեր տղաներին։
Գումարտակը մարտական նույն տրամադրվածությամբ է մասնակցել նաև Աղդամում տեղակայված ռազմական հենակետերի վնասազերծման գործողությանը։ Հուլիսի 22-ին գումարտակայիններն արդեն Գիյասլի գյուղում էին, իսկ հաջորդ օրն առաջադրանք են ստացան փակել Եվլախ տանող ավտոխճուղին։ Իսկ մինչ այդ՝ թշնամին խուճապահար փախչում էր։ Հուլիսի 23-ի առավոտյան տղաներն արդեն Աթեմազլի գյուղում էին, Աղդամ-Եվլախ խճուղու վրա, ուր և՝ միացան Պաշտպանական շրջանի 33-րդ մոտոհրաձգային գումարտակին, որի անձնակազմը ռազմագործողությանը մասնակցել սկսել էր Ասկերան ավանի կողմից, Աղդամ քաղաքի միջով մինչև վերջ անցել մարտերով ու Աթեմազլի հասել։
Դրանից հետո, քանի որ արդեն վնասազերծված էր Աղդամն ու ավարտված ռազմագործողությունը, Արշոյի գումարտակը դիրքեր գրավեց Աթեմազլի գյուղից մինչև Խաչենի գետահովիտը, ներառյալ՝ Շահբուլաղի բարձունքը։ Իսկ մի քանի օրից հետո 32-րդ մոտոհրաձգային գումարտակը պիտի փոխարինելու գար, բայց հուլիսի 28-ի երեկոյան հակառակորդից առգրավված ՙԺիգուլի՚ ավտոմեքենայով վերադառնում էր գումարտակի տեղակայման վայր, երբ...
...Ճամփեզրին մի քանի մարդ նկատեց, որոնցից մեկը մոտեցող մեքենային արգելակելու նշան արեց։ Արշոն ոչինչ չկասկածելով իսկույն արգելակեց ավտոմեքենան։
-Ո՞ւր եք գնում,- ՙտեղական՚ հայերենին ՙգրական երանգներ՚ հավելելով հարցրեց նրանցից մեկը, երբ արդեն որոշակիորեն մոտ էր մեքենային։
-Աղդա՞մ։
-Մեզ չե՞ք տանի։
-Ինչո՞ւ՝ չէ,- հոժարակամ պատասխանեց Արշոն։
ՙՈւղևորները՚ տեղավորվեցին մեքենայում և անմիջապես էլ, մի ակնթարթում, հաջողվեց վնասազերծել Արշոյին։ Քիչ անց քնաբերի ազդեցությունից ուշքի գալով՝ հասկացավ ինչն ինչոց է ու սկսեց դիմադրել։ Բայց դարանակալները երևի թե չէին ցանկանա ձեռքից տալ նման ՙավարը՚։ Բազում մարտերում փառաբանված Արշոն այլևս անուժ էր, և դարանակալները նույն օրվա կեսգիշերին նրան թշնամական ռազմակայան հասցրին։ Գյաջայի (Գանձակ, Կիրովաբադ) Ղարաբաղյան ճակատի  շտաբում էր, գեներալ Սադիխովի մոտ։ Անմիջապես էլ հարցաքննեցին։ Նախ՝ ուզում էին ռազմագերու ով լինելը պարզել, իսկ անձը հաստատող փաստաթղթով նա ոչ թե Արշո է, այլ՝ Արշավիր։ ՙԶրույց-հարցաքննությունը՚ չորս ու կես ժամ տևեց, բայց այդպես էլ չհասկացան, որ իրենց մոտ, ռազմագերու կարգավիճակով, նույն ինքը՝ լեգենդար Արշոն է որ կա։
Ինչո՞ւ են հայերը գրավել Աղդամը, հետագա ի՞նչ նպատակներ են հետապնդում. գեներալի ՙհարցասիրության՚ սահմաններն անընդգրկելի էին, իսկ գործադրած ամեն ջանք՝ ապարդյուն ու անիմաստ։
Գերության մեջ մնաց մեկ ամիս, որից հետո կատարվեց փոխանակություն, մեկը՝ 33-ի դիմաց։
Արշոն կրկին գումարտակի հրամանատարն էր, և կրկին՝ ամենաթեժ կետերում։ Մինչև դեկտեմբերի վերջը դիրքային մարտեր մղվեցին Շահբուլաղ-Աղդամ-Սալահլի Քենգերլի պաշտպանական գծի ողջ երկարությամբ, իսկ 1994-ի հունվարից գումարտակը կրկին շարունակեց իր հաղթարշավը, նախ՝ Քելբաջար-Օմար, իսկ այնուհետև՝ Սումա-Գյուլիջա և Շիխլյար- Բաշ Քարվենդ ուղղություներով, հունվարի 23-ից մինչև փետրվարի 18-ը մասնակցեց Հորադիզ և Ներքին Աբդուռահմանլի գյուղերի համար մղված պաշտպանական և հարձակողական մարտերին։ Մարտի 27-ին Սալահլի Քենգերլի ուղղությամբ հակառակորդի կողմից հարձակողական գործողություններ սկսվեցին, որոնք կասեցվին գումարտակի մոտոհրաձգայինների և պաշտպանական շրջանի հրետանավորների ջանքերով։ Իսկ հաջորդ օրվա առավոտյան թշնամին փախուստի դիմեց՝ մարտադաշտում թողնելով 14 միավոր զրահատեխնիկա։ Որոշվեց ապրիլի 10-ին հակահարձակում ձեռնարկել։ Գումարտակը հանձնարարություն ստացավ գրոհել Ջավահիրլիից՝ Սալահլի Քենգերլի հատվածում։ Հարձակումն սկսվեց ապրիլի 13-ին և պսակվեց հաջողությամբ, բայց թանկ գնով՝ զոհվեց վաշտի հրամանատար Վարդան Ջիվանշիրյանը։ Երեկոյան կողմ հակառակորդը սկսեց ուժգնորեն հրետակոծել մեր տղաների դիրքերը։ Ավելորդ զոհեր չտալու նպատակով որոշվում է ետ քաշվել։ Ապրիլի 18-ին կրկին հարձակողական գործողություն սկսվեց նույն ուղղությամբ, ինչի արդյունքում վնասազերծվեցին հակառակորդի բոլոր կրակակետերը՝ թշնամուն պատճառելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստ, առգրավվեց մեծ քանակությամբ ռազմավար՝ զինամթերք, ինքնաձիգներ, մեծ տրամաչափի զենքեր, գերի վերցվեց 20 հոգուց բաղկացած հետախուզական մի դասակ։
Փոխելով հարձակման ուղղությունը, ապրիլի 26-27-ին վնասազերծվեցին Շիխլյար-Բաշ Քարվենդ-Ջավահիրլի գծի ռազմական հենակետերը, ուր թշնամու կողմից մարտնչում էին աֆղան մոջահեդներն ու չեչեն գրոհայինները՝ Շամիլ Բասաևի հրամանատարությամբ։
Մայիսի 2-ին, համալրվելով նոր ուժերով, հակառակորդի 701-րդ բրիգադի ստորաբաժանումների կողմից կրկին հարձակում ձեռնարկվեց Շիխլյար գյուղի ուղղությամբ, բայց այս անգամ էլ Ալիխան Համբարձումյանի, երկրորդ վաշտի հրամանատար, կապիտան Գրիգոր Գասպարյանի ու երկրորդ վաշտի երկրորդ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Անդրեյ Գասպարյանի հնարամտության շնորհիվ թշնամին ծուղակի մեջ ընկավ։
1994-ի մայիսյան հրադադարի հաստատումից հետո դադարեցվեցին լայնածավալ ռազմագործողությունները և գումարտակայինները շարունակեցին մարտական հերթապահություն իրականացնել սահմանագծի՝ գումարտակին հատկացված պաշտպանական հատվածի ողջ երկարությամբ։

...ԼՂՀ կառավարության որոշմամբ Արշավիր Ղարամյանը 1996-ի ապրիլի 1-ից մինչև 1997-ի հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում աշխատեց որպես Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար։ Դա ևս համարելով զինվորական հանձնարարություն, ձգտում էր անել ամեն հնարավորը՝ դժվար ժամանակաշրջան ապրող Շուշին կրկին վերակենդանացնելու ուղղությամբ։ Առաջին հերթին ուսումնասիրվում էին շուշեցիների սոցիալ-կենցաղային պայմանները։ Քաղաքի բնակչության մեծ մասը զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքներ էին, շատերն՝ անաշխատունակ, իսկ աշխատունակների համար չկային համապատասխան աշխատատեղեր, չէին գործում քաղաքի (առանց այն էլ՝ սակավաթիվ) ձեռնարկությունները։ Բարձիթողի վիճակում էր նաև շրջանի գյուղատնտեսությունը։
Իր տեղակալ Մելս Հակոբջանյանի հետ 25 տարվա զարգացման ծրագիր մշակեց, ուր հիմնական ուշադրությունը դարձվում էր վերականգնողական աշխատանքներին։ Իհարկե, երկրորդ պլան չմղվեց նաև քաղաքաբնակների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հիմնախնդիրը, առաջնահերթ էր հատկապես՝ բնակչությանն ալյուրով ապահովելու գործը, ջրամատակարարման ցանցի վերագործարկումը։ Սակավաթիվ մանր բիզնեսմեններին ու ձեռներեցներին տրվում էր ազատ ու անկաշկանդ աշխատելու հնարավորություն, մի քանի ձեռներեցների հետ էլ հացաթխման գործն էր որոշակիորեն կարգավորվում։
Երևի թե կշարունակվեին հաջողությամբ իրականացվել նախանշված ծրագրերը, եթե 1997-ի հունվարի 10-ին նոր իրողության առջև չհայտնվեր Արշավիր Ղարամյանը։ Բանն այն է, որ հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով նա այդ օրն արդեն Պաշտպանության բանակի թիվ 34153 զորամասի հրամանատար էր նշանակվել։ Այն զորամասի, որի գումարտակներից մեկի ՙգործուն մեխանիզմն՚ էր ինքը՝ արցախյան ազատամարտի ողջ ընթացքում։ Իսկ հիմա ՙկռվելու արվեստը՚ պիտի նորակոչիկ զինվորներին սովորեցներ, նախապատրաստեր նրանց վաղվա վճռական պայքարին, եթե հանկարծ կրկին նոր ռազմագործողություններ սկսվեին։
Նախկինում տարբեր վայրերում տեղակայված գումարտակները միավորվել էին և գտնվում էին մեկ միասնական տեղակայման վայրում, ու, թեև անձնակազմը գտնվում էր վրաններում, իսկ միակ քարաշեն շենքում տեղակայված էր զորամասի շտաբը միայն, այնուամենայնիվ, զինվորական առօրյան հետաքրքիր էր անցնում, սպաները պատասխանատվության առավել մեծ զգացումով էին վերաբերվում իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը՝ կրթել ու դաստիարակել արժանի հերթափոխ։ Եվ դրանում ավելի քան զգալի էր զորամասի հրամանատարի ներդրումը։

...Արցախի հերոս, ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների և ՙՇուշիի ազատագրման համար՚, ՙԱրիության համար՚, ՙՄայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին՚ մեդալների ասպետ Արշավիր Սուրենի Ղարամյանը 2004-ին ոստիկանության գեներալ-մայորի ուսադիրների արժանացավ՝ գտնվելով ԼՂՀ ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնում։ Այնուհետև ԼՂՀ Ոստիկանապետ նշանակվեց, ԼՂՀ Գլխավոր դատախազ, սակայն մի պարզ ճշմարտություն հուշում է այն, որ ինչ պաշտոն էլ զբաղեցնելիս լինի նա և ինչ կոչում էլ ունենա՝ նրա մեջ նստած է զինվորի պատրաստակամություն-պատասխանատվությունն ու հրամանատարի մտահոգությունը, որովհետև, ի վերջո, պիտի այրվես, որ լուսավորես շրջապատդ, այլապես՝ անիմաստ կլինի ապրածդ պահը, օրը, տարին։ Ինչու՝ չէ, նաև՝ կյանքդ...

Ամեն անգամ հարազատ զորամաս գալով՝ օտարության մի դառն զգացում է պաշարում ինձ։ Դառնությունը եռք է տալիս կրծքիս տակ, ու... Ես ինձ մեղավոր եմ զգում, որ հիմա այստեղ չեմ։ Լքե՞լ եմ, թե՞ դա էլ կենսական ինչ-որ անհրաժեշտություն ուներ՝ դժվար է ասել։ Դժվար է նաև համակերպվել, դրա համար էլ ծանրությունը, որ կրծքիս տակ է՝ նեղում է ներսից, իսկ դրսից... Ընկերներիս հայացքները՝ բարյացակամ ու նաև... հանդիմանող։
...Սթափվում եմ մտքերից։ Շուրջս՝ ծանոթ դեմքեր են, բայց, այնուամենայնիվ, կաշկանդվածությունս մինչև վերջ ուղեկցում է ինձ. ես ո՞նց կարող եմ հյուր լինել այստեղ։ Յուրայինների համար խո՞րթ եմ, կողմնակի մա՞րդ, ինձ պիտի այստեղ մոռանա՞ն արդեն, իսկ ե՞ս, ես կարո՞ղ եմ, արդյոք, մոռանալ, չէ՞ որ կյանքիս մի մասն այստեղ է մնացել ու հիմա դա անցյալ է դառնում ինձ համար։ Ես կարո՞ղ եմ դա անցյալ համարել՝ դժվա՞ր թե։ Ես կարո՞ղ եմ դա մոռանալ՝ դժվա՞ր թե։ Իսկ եթե հանկարծ մոռանամ՝ տղաները կներե՞ն ինձ։ Այն տղաները, ովքեր եղել են ինձ հետ միասին, թե՞ ճակատում, թե՞ զորանոցում՝ միշտ քաջ, միշտ ճշտապահ, ու հիմա չկան... Դժվա՞ր թե։
...Հոգնած եկել ենք բազա։ Լամպի թույլ լույսի տակ հազիվ նշմարվում են զինվորների դեմքերը, որը՝ նստած, որը՝ կիսապառկած, մտքերի մեջ՝ տանն են, հարազատների մոտ։ Շուտով, երկու ժամից, նոր տարի է այստեղ, իսկ մենք զրկված ենք այդ հաճույքից՝ լինել տնեցիների հետ։ Ի՞նչ անես՝ պատերազմ է։
-Ոչի՞նչ, մի՞ մտածեք մենք այստեղ էլ, թշնամու քթի տակ, նշելու ենք Նոր տարին,- վաշտի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալիս խոսքում հուսադրող ինչ-որ բան պիտի պարունակի, չէ՞։ Բայցևայնպես, Աղդամ քաղաքի կենտրոնում զարդարված է Ամանորյա տոնածառը, եկել են Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը։ Զինվորները երգում են, պարում, և ուրախ են, որ թեև այս վիճակում, բայց էլի մի երկու ժամով գոնե հնարավորություն ունեն կտրվել իրականությունից։
Շամպայն ենք ստացել, օղի, միս, յուրաքանչյուր զինվորին՝ շոկոլադի մեկական սալիկ։ Արքայություն չէ՝ ի՞նչ է։ Ո՞վ կպատկերացներ նման բան։
Ուղիղ ժամը 12-ին թռչում է շամպայնի խցանն ու արքայական փրփրահեղուկը կլթկլթալով լցվում է բաժակների մեջ։ Դասակի հրամանատար, լեյտենանտ Կարո Միքայելյանը վերցնում է շոկոլադներով լի տուփն ու.
-Ամանորդ շնորհավոր,- ասում ու հաջորդին է մոտենում։
Այսպես, մեկ-մեկ, շնորհավորում է բոլորի Ամանորն ու գալիս նստում է մոտներս՝ տխուր ու մոլորված։
-Ինչի՞ ես թթվել...
-Ես բոլորի՞ն շնորհավորեցի, իսկ ի՞նձ ով պիտի շնորհավորի։
Ծիծաղում եմ, վերցնում շոկոլադի տուփը։ Մի հատիկ է մնացել մեջը։ Տուփը ձեռքիս մոտենում եմ.
-Շնորհավո՞ր Ամանորդ, Կարո՞, թող տարին բարի լինի...
...Տարին, իհարկե, բարի եղավ՝ մայիսին հրադադար հաստատվեց, իսկ սկսվեց դժվարությամբ։ Ծանր մարտեր էին ընթանում Ֆիզուլու ուղղությամբ։ Հակառակորդն ուզում ր, ինչ գնով էլ լինի, ճեղքել մեր պաշտպանական գիծը։ Առաջին զոհերը տվեցինք հունվարի 8-ին՝ Արմեն Բաբայանն էր, Կարո Միքայելյանը, շարքից դուրս եկավ նաև ծանր վիրավորված Ժիրայր Մկրտումյանը՝ մեր վաշտի քաջարի հրամանատարը...

...Կարո Արտեմի Միքայելյանը ծնվել է 1968-ի նոյեբերի 1-ին, Ստեփանակերտում։ 1986-ին ավարտել է քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1987-89-ին՝ ծառայել Խորհրդային բանակի շարքերում, զորացրվելուց հետո աշխատել կոնդենսատորների գործարանի մեխանիկական արտադրամասում, ուր և՝ մի խումբ համախոհ ընկերներով սկսել են զբաղվել զինագործությամբ, իրենց անուրանալի ներդրումը բերելով Արցախյան ազատագրական շարժման ընդհատակյա պայքարին։ Ադրբեջանական ՄՀՆՋ-ի և ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողների վերահսկողության խիստ պայմաններում նրանց պատրաստած նռնակներն ու հրացանները բազմիցս են արդարացրել իրենց ազատամարտիկ ընկերների սպասելիքները։
Զոհվել է...
...Այս էլ ո՞րերորդ անգամ եմ կարդում կենսագրական հակիրճ տեղեկությունները։ Կարդում ու մտածում եմ. մի՞թե այս մի քանի տողերը կարող են ընդգրկել-վերջակետել մի փոթորկալից ու հախուռն կյանք, մի անչափ թանկ ճակատագիր...
Կարոն ընդամենը 26 տարի ապրեց։ Չամուսնացավ, ընտանիք չկազմեց, ամեն ինչ հետոյին թողնելով՝ գիտեր, որ պատերազմն ամենակուլ է, գիտեր ու գուցեև հոգու մի անկյունում թաքուն սպասում էր այդ պահին։ Սպասում էր, բայց երբեք տեղի չտվեց, չընկրկեց։ Միշտ առաջիններից մեկն էր մարտի նետվում, իսկ ենթակաների նկատմամբ միաժամանակ և՞ հոգատար, և՞ խստապահանջ էր։
Ընկերասիրության զգացումը նրա հոգում մանկությունից էր արմատավորված։ Թաղամասի տղաներն իրենց ձեռքով ֆուտբոլի խաղադաշտ էին պատրաստել, ազատ ժամանակն այնտեղ էին անցկացնում, մրցում քաղաքի տարբեր թաղամասերի ֆուտբոլային թիմերի հետ։ Կարոն որպես դարպասապահ՝ միշտ էլ հիանալի էր իր դերում։
Խորհրդային բանակում ծառայելու տարիներին ավելի առնականացավ, իսկ զորացրվելուց հետո, երբ կոնդենսատորների գործարանում խառատ էր աշխատում, երկաթի հետ ինչ ասես՝ անում էր։ Երկաթի հետ այնպես էր լեզու գտել, որ ինչ ուզում էր՝ անմիջապես ստացվում էր։ Այնպիսի զարմանահրաշ իրեր էր պատրաստում, որ կարելի էր նույնիսկ... թանգարաններո՞ւմ ցուցադրել։ Դա էլ ՙմատնեց՚ նրան ու տեղն իսկույն իմացան։ Կարևոր գործ էր, հայրենանվեր գործ, իսկ Կարոն՝ ուղն ու ծուծով հայրենասեր տղա, անմիջապես էլ գործի կպավ՝ հասկանալով հանձնարարության կարևորությունը։ Զինամթերքի ու զինատեսակների պատրաստումը մահացու վտանգավոր էր, երբ քաղաքում պարետային ժամ էր, իսկ ամենուր վխտում էին սանձարձակ օմոնականներն ու ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողները, ստուգում, վերահսկում։ Վերահսկողության նման խիստ պայմաններում այդ նվիրյալ տղաների պատրաստած զենքերն ու զինամթերքները բազմիցս են օգնել անելանելի իրավիճակներում հայտնված հայ մարտիկներին։ Երբ Արցախում սկսեցին ձևավորվել կանոնավոր բանակի ստորաբաժանումները, Կարոն անմիջապես ընդգրկվեց Դավիթ Առուշանյանի հրամանատարությամբ գործող զորաջոկատի (այնուհետև՝ գումարտակի) կազմում, մասնակցեց բոլոր ռազմագործողություններին, իսկ պետական գնահատման միայն հետմահու արժանացավ՝ պարգևատրվեց ՙՄարտական խաչ՚ երկրորդ աստիճանի շքանշանով։ Ժիրիկը, Սոսը, Խոսրովը, ՙԾատուրովը՚, երևանաբնակ Անդրեյ Հակոբյանը՝ Կարոյի հետ մի հրաշալի համաստեղություն էին, որ կարողացան բոլոր առաջադրանքները հաջողությամբ կատարել։
Լեյտենանտ Կարոն դասակի հրամանատար էր, սպայի այսօրվա բոլոր պահանջներին համապատասխան, հրամանատարի խոսքը միայն հրաման չէր, նաև հորդոր էր, խնդրանք, թեև նրա խնդրանքն էլ հրամանի պես էր հնչում և հրամանի ուժ ուներ՝ տղաները գիտեին դա և անում էին ամեն ինչ։ Նա իր ենթականերից ամենայն խստությամբ էր պահանջում պահպանել զենքի հետ վարվելու կանոնները՝ զենքը մաքրելու համար քանդելուց առաջ հանել պահունակն ու քաշել փակաղակը։ Եվ միայն ստուգողական կրակոց արձակելուց հետո էր իրավունք տալիս քանդել զենքը։ Ինքն էլ նստում էր տղաների հետ ու նույն ձևով վարվում, ինչպես պահանջում էր մյուսներից։ Կարևորում էր հրամանատարի անձնական օրինակը, և միշտ՝ բոլոր պարագաներում էլ, գնում էր առջևից։
Հրամանատարի կայուն ունակություններ դրսևորեց հատկապես Կույջակի (Ջաբրայիլի շրջան) 1993-ի հոկտեմբերի 10-ի մարտում։ Իր դասակի տղաների հետ նա անսպասելիորեն փակեց հակառակորդի առաջխաղացումն ավտոխճուղու կողմից, և արվեց ամեն հնարավորն ու անհնարը։ Թեև այդ օրը գումարտակից զոհեր շատ եղան, Կարոյի դասակից էլ, բայց դրությունը փրկվեց հակառակորդի ուժերի լիովին ջախջախումով, որովհետև զինվոր թե հրամանատար՝ բոլորն էլ միայն մեկ նպատակամղվածություն ունեին՝ հակառակորդի նկատմամբ բնագծային առավելության հասնել, և բոլորն էլ գիտեին իրենց տեղն ու անելիքը։
Դրանից առաջ էր, Աղդամի շրջանի Շիխբաբալի գյուղի մերձակայքում ծավալված մարտում Կարոն հերթական անգամ փայլեց իր հրամանատարական ունակություններով։ Իրեն հանձնարարված դիրքն այնպես էր պահում, որ ճանճն անգամ չէր կարող անցնել։ Իսկ գիշերը գերեվարեց հեռահար հրանոթի՝ ազգությամբ ռուս հրետանավորին, անմիջապես կապվեց ՙգրադի՚ Ժորայի հետ, թե.
-Քեզ համար լավ ՙնվեր՚ ունենք, համեցեք մեր ՙֆազենդան՚...
...Ծանր էր սկսվել 1993-ի դեկտեմբերյան վերջին շաբաթը։ Դեռևս ամսի 19-ից անընդհատ գրոհներ էին ձեռնարկվում հակառակորդի կողմից, որոնք մի քանի օրից հետո լայնածավալ հարձակման վերաճեց։ Թշնամին ամեն կերպ ուզում էր ճեղքել մեր պաշտպանական գիծը և միայն հունվարի առաջին օրերին կարողացավ որոշակի հաջողությունների հասնել ու խորանալ մեր զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ ընդհուպ մոտենալով Ֆիզուլի քաղաքի մատույցներին։
1994-ի հունվարի 7-ի երեկոյան Կենտրոնական պաշտպանական շրջանի մի շարք ստորաբաժանումներ, այդ թվում՝ մայոր Դավիթ Առուշանյանի հրամանատարությամբ գործող գումարտակը, հանվեցին զբաղեցրած դիրքերից և տեղափոխվեցին Ֆիզուլու ուղղություն։ Հունվարի 8-ի վաղ առավոտյան սկսվեց կատաղի մարտը։ Հակառակորդի գրոհը ոչ միայն ետ մղվեց, այլ՝ վերաճեց լայն հակագրոհի։ Կապիտան Ժիրայր Մկրտումյանի հրամանատարությամբ գործող վաշտի կազմում մարտնչող Կարոյի դասակի տղաներն առաջացան նշված տեղամասով՝ Ներքին Սեիդահմեդլի գյուղի ուղղությամբ նահանջող հակառակորդին հետապնդելու համար։ Բայց խաղողայգին եզերող խճուղուն հասնելով՝ շարքային Արմեն Բաբայանը հանկարծ ընկավ դարանակալ թշնամու գնդակից։ Տեսնելով զինվորի մահը՝ դասակի հրամանատարն աղաղակեց.
-Արմենն ընկա՛վ,- ու նետվեց առաջ։
Հաջորդ վայրկյանին ճարճատեց թշնամական ինքնաձիգն ու կարճ կրակահերթը գետնին տապալեց նաև Կարոյին։ Տղաները կրակի տակ առան ողջ մացառուտը, բայց դարանակալը նետեց վերջին հոգեպահուստ նռնակը, որի պայթյունի հետևանքով վիրավորվեցին ու շարքից դուրս եկան վաշտի հրամանատար Ժիրայր Մկրտումյանն ու յոթ-ութ մարտիկներ։
Մարտն ավարտված էր։ Տղաները դիրքավորվեցին՝ հակառակորդի հնարավոր հարձակումները կասեցնելու և հաջորդ առավոտյան նոր հարձակում ձեռնարկելու համար։
Իսկ Կարոն, Արմենը, վիրավոր մյուս տղաները, որ դուրս բերվեցին կրակի գծից՝ այլևս անհաղորդ էին ետմարտյա կարճատև խաղաղությանն ու հետագա նոր գրոհներին։ Մարտադաշտում նրանց տեղը նորերն զբաղեցրին, իսկ կյանքում... Եվ նրանց մարմնական բացակայությունը երիցս ապացուցվում է պարույրսևակյան այն պարզ ճշմարտությամբ, որ ՙայնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար՚...

1995 թվականի մայիսի 9-ն է։ Քաղաքամայր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Պաշտպանության բանակի զորասյուները հերթով անցնում են կենտրոնական ամբիոնի մոտով, իսկ մինչ այդ՝ բարձրախոսն արդեն ՙներկայացրել էր՚ հրապարակ մտնող հերթական զորամասը։
Հրապարակ են մտնում Արթուր Աղաբեկյանի հրամանատարությամբ գործող Առաջին պաշտպանական շրջանի քաջարի զինվորները։ Բարձրախոսը Ռուդոլֆ Մարտիրոսյանի ձայնով ՙհիշեցնում է՚, որ ՙզորամասը մասնակցել է ղարաբաղյան ռազմաճակատի երկարությամբ ծավալված բազմաթիվ մարտական գործողությունների և վստահորեն պաշտպանել Արցախի հարավ-արևելյան սահմանների անառիկությունը՚։
Եվ քայլում են զինվորները՝ հպարտ ու հաղթական։ Քայլում են ինքնավստահ։ Վերածննդի հրապարակում ժողովուրդը ցնծության մեջ է. այսպիսի շքերթ երբևէ չի տեսել։ Արցախյան բանակն առաջին անգամ է իր ողջ հզորությամբ քայլում այս հրապարակով, հանրապետության սահմաններն այսուհետ ևս անառիկ պահելու հաստատ վճռականությամբ։ Իսկ այդ բանակի հզոր օղակներից մեկն էլ հենց Առաջին պաշտպանական շրջանն է...

...Զորանոցում քիչ մարդ կա՝ դիրքերում են։ Եղածն էլ՝ անվերջ զբաղված։
-Հատուկ առաջադրանք ենք կատարում,- ասում է գումարտակի հրամանատար, կապիտան Կամո Պետրոսյանը։ -Արդեն ձեռք ենք բերել անհրաժեշտ քանակությամբ երկաթե ու փայտե հենասյուներ, մետաղալար, ցանց։
Առաջադրանքը տրվում է ամենօրյա առավոտյան տողանում։
Տողանից հետո զրուցում ենք զինվորների հետ։ Խոսում են թերացումների ու ձեռքբերումների, ծառայության ընթացքում ի հայտ եկող անհարկի դժվարությունների մասին։
Ի դեպ, ՙԳետակում՚ գումարտակը լավ է տեղավորված և միայն նախկին աշխարհազորայիններով է կազմավորված, այսինքն՝ այն տղաները, ովքեր անցնելով բազում փորձությունների, արյան ու կրակների միջով՝ հրաշքով ողջ են մնացել և արդեն ընտանիքատեր, երեխատեր, բայց էլի ծառայության մեջ են, մարտական դիրքում։ Նրանցից մեկն էլ՝ գումհրամանատար Կամոն։ Բազում դեպքեր է հիշում Մարտակերտյան ճակատում մղած մարտերից, Մեհմանայից, Կոճողոտից։
Հետաքրքրվում եմ։ Ու սկսում է պատմել։
...Այլևս անհնար էր մնալ։ Մյուս գյուղերի նման պիտի թողնեին նաև Կոճողոտը, բայց գյուղի վերջին փողոցներից մեկում Կամո Պետրոսյանի հրամանատարությամբ գործող վաշտի տղաներին դեմ-հանդիման է ելնում մի պառավ կին, ով դեռ չէր հասցրել հեռանալ գյուղից։
-Ինչի՞ չես հեռանում, ախր թուրքերը գալիս են,-հանդիմանում են նրան։
-Թորքերը՞։ Մա՞տաղ, պա հենա շենումը մելիցա կա է՛,-երևի ուզում է ասել՝ զինվորներ։
...Է՛հ, միամի՞տ պառավ, ի՞նչ գիտես դու, որ զինվորը, թեև դժվարությամբ, այնուամենայնիվ, ստիպված է լինում նաև նահանջել... Ու ասես երևում է նախկին զինվոր-հրամանատարի հոգում պահված այդ օրերի ողջ դառնությունը։
Քիչ լռելուց հետո դառնությամբ շարունակում է.
-Թուրքերով լցվում է գյուղը։ Սկսում են նվագել հարմոնի վրա, երգել...
Մեկ-մեկ երբ մենակ է մնում, խոստովանում է, վերհուշների գիրկն է ընկնում։ Անցած օրերի ձայնը հանկարծ բացում է հիշողության ծալքերը՝ պատերազմական դառն ու (երբեմն նաև՝ հաճելի) դրվագներով, Մեհմանայի անտառում մղած ձեռնամարտի տեսքով, երբ տանկի մի կողմից մեր զինվորն է բարձրանում, մյուս կողմից՝ թուրքը և հասնելով իրար՝ մեկի ավտոմատը հանկարծ երկուսի ձեռքում է հայտնվում  ու սկսում են քաշքշել, ամեն մեկն՝ իր ուղղությամբ։
-Վերջում, իհարկե, մեր զինվորն է հաղթում,-հպարտությամբ շեշտում է հրամանատարը։ Ինչպես՝ միշտ։ Ամեն մարտում ու ռազմագործողության ժամանակ։ Բայց եղել են նաև պարտության ժամանակներ։ 1992-ի հուլիսյան դառն օրերը դժվար թե մոռացվեն իր վաշտով մարտակերտյան ճակատում մարտնչած նվիրյալ զինվոր-հրամանատարի համար։
...Իրավիճակն այլ է հիմա ՙԳետակում՚։ Պատերազմը ետևում է մնացել, բայց ամեն պահի՝ պայթելու հավանականությամբ, ուստի, աշխարհազորային տղաները, համեմատաբար խաղաղ պայմաններում, շարունակում են ծառայությունը, ինչքան էլ ընտանեկան լուրջ պրոբլեմներ ունենան, որովհետև առաջին հերթին հայրենիքի անվտանգության ապահովման խնդիրն է կարևորը, հետո՝ մնացածը։
Զրուցելով տղաների հետ՝ կրկին համոզվում ենք դրանում։ Պարզ երևում է, որ գումարտակում անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտն առողջ է։ Չեն դժգոհում զորանոցային պայմաններից, իրենք են ծառայության համար հնարավոր տանելի պայմաններ ստեղծում, դիրքերում հերթափոխվելուց հետո հանգստանալու էլ են գնում, տան հոգսերով զբաղվելու ժամանակ էլ է լինում։
Կարգապահությունը պահանջվող մակարդակի վրա է, անձնակազմը գիտակցական վերաբերմունքով է վերաբերվում ծառայողական պարտականությունների կատարմանը, պահակակետերում զգոն են, աշխատելիս էլ չեն ծուլանում, որ ժամանակին կարողանան տուն գնալ, տան հոգսերով զբաղվել հասցնեն։ Բայց մեկ-մեկ նաև կարգազանցներ են լինում, որոնց պատժելու ձևն ավելի հետաքրքիր է, այսինքն՝ ծառայության վայրն ինքնակամ լքածներն ինչքան բացակայել են՝ այնքան ավելի երկար են մնում պահակակետերում։
Գումհրամանատարի կողմից սահմանված այդ պատժաձևը դրականորեն է ընդունվել նաև բանակի հրամանատարության կողմից։ Գումարտակի անձնակազմը ևս սրտանց պաշտպանում է դա, գոհ են հրամանատարի նման վերաբերմունքից։ Բայց, դե, միևնույն է, էլի դժգոհողներ լինում են, որն էլ կարգազանցության տեղիք է տալիս։
Գումարտակի հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Ալեքսանդր Ավանեսյանի ուղեկցությամբ դիրքեր ենք մեկնում։ Պահակակետերում զինվորներն իրենց իսկական դերի մեջ են։ Բայց էլի հարցերը զուտ նյութական բնույթ են կրում, հիմնականում՝ հետաքրքրվում են աշխատավարձով.
-Ֆինբաժնի պետը փողն ստացե՞լ է,- շարքային Ավագյան Լյովայի հարցը բոլորի անունից է հնչում, դրա համար էլ Ալեքսանդրը (ընկերական շրջապատում՝ Սաշան) պատասխանը բոլորին է ուղղում.
-Ստացել է, բայց մենակ է, չի հասցնում, դրա համար է ուշանում։
-Քանի՞ օր է, որ այստեղ եք,- հետաքրքրվում եմ։
-Տասը։
-Չե՞ք հոգնել։
-Չենք հոգնի...
Անցնում ենք դիրքից դիրք։ Ամենուր տղաների տրամադրվածությունը տեղն է, վճռականությունը՝ նույնպես։ Հայրենիքի սահմանում կանգնած զինվորն, ինչ էլ լինի, պիտի պաշտպանի իրեն վստահված պահակակետը։ Դրան զուգահեռ՝ նաև ինժեներական սարքավորվածությունն է կարգավորվում, հաղորդակցման գծերը, գնդակոծման հատվածները, փակ կրակակետերը, բլինդաժներն են ներկայացվող պահանջներին համապատասխանեցվում։ Պահակակետերի միջև անխափան գործում է հեռախոսակապը։
Դասակի հրամանատար Մելքումյան Միշան բաճկոնակը հագին է պահում միշտ, պահունակները՝ լիցքավորված։ Պատրաստ են նաև նրա հրամանատարության տակ գտնվող զինվորները՝ Գրիգորյան Կիման, Օհանյան Լեռնիկը, Բաղդասարյան Բեգլարը, Սահակյան Լեռնիկը, մյուսները։ Եվ խոստովանում են, որ իրենց գործը լավ գիտեն և հակառակորդի կողմից ձեռնարկված ոչ մի ոտնձգություն անպատասխան չի մնա։ Եվ նրանց խոսքը համոզիչ է, հավատացնող, ու ակամա մտածում ես, որ եթե բոլորն իրենց հանձնարարված գործն այնպես կատարեն ինչպես հարկն է, երևի ոչ մի բնագավառում թերացումներ չեն լինի։
...Կապիտան Կամո Պետրոսյանի հրամանատարությամբ գործող գումարտակի պաշտպանության տակ գտնվող վերջին պահակակետից իջնելիս ես ծառից մի նուռ պոկեցի։ Կիսելուց հետո միայն տեսա, որ նռան մեջ որդ է ընկել ու կլանում է հատիկների մեջ կուտակված քաղցրահամ հյութը և ակամա մտածեցի՝ դա է կյանքի մեծագույն չարիքը։ Մեր կյանքի չարիքը պատերազմն է, որը երիտասարդ շատ զինվորների կյանքեր է կլանել ու դեռ հարց է, թե որքան է շարունակվելու դա։ Եվ ինչքան շուտ վերջակետվի այդ չարիքը՝ այնքան քիչ կորուստներ կունենանք թե՞ մենք, թե՞ մեր խրամատների դիմաց կանգնած խրամատավորները...

Արմեն Փարավոնի Ադամյան. Ծնվել է 1969-ի մայիսի 1-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Սովորել է քաղաքի թիվ 8 դպրոցում, այնուհետեւ՝ Բաքվի ինդուստրիալ ինստիտուտում։ Սակայն դեռ առաջին կուրսում՝ զորակոչվել է Խորհրդային բանակի շարքերը։ Զորացրվելուց հետո տեղափոխվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը։ Զոհվել է, երբ հինգերորդ կուրսի ուսանող էր դեռևս...
1969-1992։ Այս երկու թվերի արանքում ամփոփված է մի ամբողջական կյանք, հավերժ տրոփող մի սիրտ, որ թպրտում է անհանգիստ՝ ժամանակի առէջքներում։
Մարտական կենսագրությունը Կրկժանով սկսվեց, հետո՝ Ղայբալիշեն, Ջամիլու, Ջանհասան, Քյոսալար, Շուշի։ (Շուշի՝ թանկ ու նվիրական անուն)։
...Կրկժանում փոխհրաձգությունն ի վերջո վերածվեց ճակատամարտի։ Այդ օրն ուրախ-ուրախ եկավ տուն՝ հաղթել էին թշնամուն, նաև ասկյարների անձնական վկայականներ առգրավել։
Ջանհասանից գնդակոծվում էր քաղաքամայր Ստեփանակերտը։ ՙԳրադի՚ հրթիռներից բռնկվել էին բնակելի ու վարչական շենքերը, այլ շինություններ։ Հակառակորդն ուժեղացրել է դիրքերը, որ կանխի մեր առաջխաղացումը դեպի Շուշի։ 1992-ի հունվարի 27-ի այդ մարտում զոհվեցին Արմենի մարտական ընկերները՝ Ռաֆիկը, Մհերը, Դավիթը։ Իսկ ինքը ծանր վիրավորների հետ էր՝ գնդակը խոցել էր  աջ թևը, խորացել մարմնի մեջ այնքան, որ վիրաբույժները դժվարությամբ կարողացան հանել ու նոր միայն՝ վիրահատության ուղարկել Երևան։ Իսկ վիրահատությունը տևեց մոտ չորս ժամ, իսկ՝ արդյունքում...
-22-ամյա հաշմանդա՞մ,- զարմացել է,- ուրեմն՝ ի՞նչ, տնային կալա՞նք, ուժերի ջլատո՞ւմ, մարտական շարքերի նոսրացո՞ւմ՝ անթույլատրելի է։
Ու, կրկին, երկար բուժումներից հետո, շարք վերադարձավ, մարտական ընկերների հետ կրկին գրոհի նետվեց։ Իսկ նոյեմբերի 22-ին մարտական ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի  հետ, դաժան մարտերի բովով անցած, և հանկարծ... ազատագրված Շուշիի խաղաղ փողոցներից մեկում... հեռահար հրետանու արկի բեկորից...
...Դա 1992-ին էր, իսկ չհայտարարված պատերազմն Արցախում շարւնակվում էր և լրիվանալու միտում չէր էլ կարող նկատվել, քանի դեռ թշնամու կրնկի տակ հեծում էին մեր շեն ու բարգավաճ գյուղերը, ավաններն ու քաղաքները, և անքնին ու անթարթ համբերությամբ սպասում իրենց  ազատարարներին։ Եվ ամեն մի թիզ հողի համար ընկնում էին  քաջարի հայորդիները՝ իրենց բոսորագույն արյամբ ցողելով հողը հայրենի։
...Հայրենիքը բարձր է գնահատել իր նվիրյալ զինվորներից մեկի՝ Արմենի մարտական ծառայությունը. նա պարգևատրվել է  ՙՄարտական խաչ՚ երկրորդ աստիճանի շքանշանով և ՙՄայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին՚ մեդալով, իսկ հայոց հինավուրց բերդաքաղաքի փողոցներից մեկը հենց այսպես էլ կոչվում է՝ ՙԱրմեն Ադամյանի փողոց՚...

Սամվել Յաշայի Ավետիսյանը (Ճուտոն) ծառայում է ՊԲ զորամասերից մեկում, որպես հակատանկային դասակի հրամանատար։ Վերջերս կրկին զգացնել էր տվել Արցախյան պատերազմի ընթացքում քայքայված առողջական վիճակը, և պաշտպանության նախարարության ուղեգրով բուժվելու մեկնել ԼՂՀ սահմաններից դուրս։
...Ծնվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում, բայց մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Իջևանի շրջանի Ազատամուտ ավանում։ Երբ Արցախի երկնակամարում կուտակվել են մահաշունչ ամպերը՝ չգալ այլևս չէր կարող։ Եկավ Ստեփանակերտ, կամավոր։ 1993-ի փետրվարի սկզբին էր։ Անմիջապես էլ ներկայացավ գումարտակի շտաբ՝ ծառայության։ Երկրորդ գումարտակի շտաբի պետ Անդրեյ Սարուխանյանը երկմտեց՝ ի՞նչ անել։ Եվ գտավ պատասխանը.
- Սպասիր գումհրամանատարը գա։
Վահան Ղարիբյանը չուշացավ։
- Ուրեմն ուզում ես կռվե՞լ։
- Այո,- վճռական էր նրա պատասխանը։
- Մինչև վե՞րջ։
- Ինչքան կհասցնեմ։
- Դե՝ զենք ստացիր, Մեհմանա ենք մեկնում։
ՙԹղթաբանությամբ՚ երկար-բարակ զբաղվելու ժամանակ չկար։ Ծառայության ընդունելու հրամանի համար անհրաժեշտ տվյալները միայն գրի առան՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվը, ծննդյան վայրը, բնակության վայրը... Ու՝ վերջ։
Մարտական կենսագրության սկիզբն էր դա՝ 1993-ի փետրվարի 10-ի Մեհմանան։ Անփորձ էր դեռևս։ Տեսավ անտառում թշնամու զինվորների խառնիճաղանչ թափված դիակները։ Անակնկալի եկավ՝ ինչքան շատ են, գրողը տանի։ Չէ, չվախեցավ։ Դիակից որ վախեցավ՝ մինչև ատամները զինված ու անընդհատ առաջ շարժվողների դեմն առնել չի կարողանա։ Ընդհակառակը, ոգևորվեց ավելի, ուրեմն՝ ուժեղը մենք ենք, որ կարողանում ենք այսպես ՙփրթել՚։ Բայց երբ գնդացրորդը կողքից սկսեց ՙաշխատել՚՝ իրենից անկախ փակեց ականջները։
- Հը՞, վախեցա՞ր, ճուտի՞կ։
- Ճուտո՞,- համեստորեն ՙուղղեց՚ ընկերոջն ու, իբր՝ նեղացած մի կողմ քաշվեց։
- Արի, արի ծառի ետևը,- կանչեց վաշտի հրամանատար Վարուժանը,- իմ պահունակները կլցնես, մինչև...
Չշարունակեց։ Բայց Ճուտոն հասկացավ նրա ակնարկը՝ մինչև ընտելանա, վարժվի։ Այդ օրվա մարտն էլ հաջողությամբ պսակվեց՝ ետ մղվեց հակառակորդի հերթական գրոհը, նույնիսկ՝ երեք ասկյար գերի վերցվեց։
Քելբաջարում վիճակը բարդանում էր։ Զորամասի հրամանատարության որոշմամբ, 30 հոգուց բաղկացած մի զորախումբ ընտրվեց և Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նշանակման վայր ուղևորվեց։ Ճուտոն էլ էր ընտրյալների հետ, գոհ էր, որ արդեն վստահում են, իսկ զորամասի հրամանատարի ներկայությունն ավելի էր ոգևորում նրան։
Տղաները Քելբաջարում դժվարությունների հանդիպեցին հատկապես Օմարի համար մղված մարտերի ժամանակ։ Շրջանցելով՝ իջան, գրավեցին հակառակորդի պահակակետը, սկսեցին շրջակա տարածքը վնասազերծել հակառակորդից։ Դիպուկ կրակոցից վերջին ասկյարն էլ ընկավ, բայց որոշ ժամանակ անց, ուժերի հարաբերակցությունը փոխվելուց հետո, թուրքերը նոր գրոհ  ձեռնարկեցին։ Պետք էր շտապ ետ քաշվել, բայց մեր տղաներից երեքը չկան։ Ի՞նչ անել։ Կրակոցները սաստկանալով՝ մոտենում էին։ Մերոնք շտապ բեռնատարի թափք բարձրացան։ Հրամանատարը խցիկ բարձրանալիս վիրավորվեց, ոտքից։ Թափքից ողջ տարածքը տեսադաշտում էր. հեռվում երևում էին դեպի յուրայինները վազող մեր տղաները, իսկ նրանց կրնկակոխ՝ թուրքի ԲՄՊ-ն ու մի ՙՈւրալ՚։ Հակառակորդի համար նույնիսկ ընթացքից՝ մեր ՙՈւրալը՚ ևս նկատելի էր, և ահա, ուր-որ է՝ ԲՄՊ-ն կխփի։ Երկու կրակոց լսվեց, տանկի։ Մեր ՙՈւրալը՚ կանգ առավ։ Թշնամու ԲՄՊ-ն շուռ եկավ հարվածից, ՙՈւրալը՚՝ նույնպես։
- Ավոյի տանկերն են,- ուրախացան տղաները։
Երկու շաբթից ավելի տևած ռազմագործողությունն ավարտված էր, տղաները, հերթափոխվելով, զորամաս վերադարձան՝ մի քիչ հանգստանալու, իսկ որոշ ժամանակ անց վերսկսվեցին մարտերը Մարտակերտի ուղղությամբ։ Եվ կրկին՝ դիրքեր։
...Հունիսի սկզբներին Ճուտոյին թույլատրվեց տուն վերադառնալ։ Իսկ այնտեղ էլ՝ սահմանային գոտի, անընդհատ կրակոցներ... Համարյա նույն պատկերն էր, ուստի, երկար մնալ չկարողացավ, համ էլ մարտընկեր տղաների կարոտն էր անչափ ձգում նրան։
Զորանոցում միայն ՙօրուժեյնիկն՚ էր՝ Աշոտ Մարտիրոսյանը, տղերքը դիրքերում էին։
- Բա, գիտե՞ս, Վիլենը... հունիսի 20-ին... Փափրավենդում...,- Աշոտի կցկտուր խոսքից հասկացավ. ընկերը չկա, կրկժանցի Վիլեն Գասպարյանը։ Ու երդվեց կռվել մինչև վերջ, վրեժխնդիր լինել։
Հուղարկավորության արարողությունից անմիջապես հետո պարենամթերքների մեքենայով դիրքեր մեկնեց՝ Մարտակերտ, ՙՊուշկեն յալ՚։ Ու կռվեց՝ երդմանը, ուխտին հավատարիմ, անմնացորդ նվիրումով։
Հետո, պատերազմական ճանապարհները նրան տարան հայրենի Հադրութի գյուղերը, Ջաբրայիլ։ Իսկ Առաքելում սեպտեմբերի 4-ին մարտական ընկերները մեծ շուքով նշեցին նրա ծննդյան 19-րդ տարեդարձը։ Ներկա էր նաև ֆրանսիական ՙԱրմենիե՚ հանդեսի ֆոտոթղթակից Մաքս Սիվասլյանը (Արշակը), ով անընդհատ լուսանկարում էր տղաներին։
Տոնը՝ տոն, պատերազմն էլ իր ուրույն օրենքներով է առաջնորդվում։ Եվ առավոտյան կրկին շարունակվեցին դիրքային մարտերը։ Մեր տղաները օրերով քայլ առ քայլ, դիրք առ դիրք առաջացանն դեպի հակառակորդի կողմից վերահսկվող տարածքի խորքը։ Դրանից ավելի կատաղեց թշնամին, հավաքեց ուժերը՝ աննախադեպ, վճռակա՞ն հակահարված տալու համար։ Եվ դա չուշացավ։
Ծանր է հիշել հոկտեմբերի 10-ի մարտը՝ Կույջակի համար։ Հատկապես, երբ տեսնում ես քիչ առաջ իրենց հերոսությամբ փայլող մարտընկերներիդ արդեն ծվատված ու անօգնական մարմինները։ Ի մի բերելով, Ճուտոն մարտադաշտից մի կերպ հանեց գումհրամանատարի տեղակալ Վարդան Գրիգորյանի դիակը։ Զոհերի թիվը իննի էր հասնում, երեք անհայտ կորած, տասնյակ վիրավորներ, բայց, այնուամենայնիվ, զինվորների մարտական ոգին մնաց իր բարձրության վրա։ Նրանց ոգևորում էր հատկապես այն հանգամանքը, որ, թեև կոտրված ձեռքով, գիպսում, առաջին գծում էր նաև գումհրամանատար Դավիթ Առուշանյանը, որն էլ թերևս հանդիսացավ մարտի դաշտում ձեռք բերված հաջողության ամենամեծ երաշխիքը։ Ու մեր տղաները, թեև արյունաքամ, բայց կարողացան այդ մարտը ևս հաղթանակով եզրափակել։
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում գումարտակը մեր առաջապահ ստորաբաժանումների կազմում դիրք առ դիրք շարժվեց դեպի հարավ-արևելք, իսկ նոյեմբերի վերջերին մարտերն արդեն Հորադիզի ուղղությամբ էին ծավալվում։
Այդ մարտերի հաջող ընթացքից հետո Ճուտոն կրկին տուն գնալու հնարավորություն ստացավ, որի հետևանքով ՙբաց թողեց՚ դեկտեմբերի վերջին հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը Ֆիզուլու ուղղությամբ, որը տևեց մինչև 1994-ի հունվարի կեսերը։ Ճուտոն գումարտակի Ֆիզուլու տեղակայման վայր հասավ ՙուշացումով՚։ Բայց  պատերազմը դեռ շարունակվում էր, և ինքնադրսևորման դեռ շատ առիթներ կունենա նա։
Դադարած ռազմագործողությանը հետևեց դիրքապահությունը, իսկ 15 օրից հետո գումարտակը տեղափոխվեց Մարտակերտի ուղղություն՝ 13-րդ պահակակետ։ Նռնակաձիգը վիրավորված էր, Ճուտոն էր փոխարինում նրան, երբ գումհրամանատարը հայտնեց ռադիոկապով, որ վաշտի հրամանատար Արթուրը վիրավորվել, բազա է տեղափոխվել։
- Վաշտը վերցրու, առա՞ջ անցիր, հապաղելու ժամանակ  չկա...
Հրամանն ու խնդրանքը չես կարողանում տարբերակել արդեն։ Իրավիճակն է այդպիսին՝ պետք է։ Ու՝ վերջ։ Շղթա կազմած՝ վաշտն առաջ շարժվեց։ Թուրքերը դիմադրելով նահանջեցին։ Բարձունքը գրավված էր, Ճուտոն կրակեց փախչող թուրքերի ետևից, մի յոթ-ութ հոգի ընկան։
- Գնդացիրը բերե՛ք, շու՛տ...
Թուրքերը նկատեցին նրան, ուստի՝ կրակոցը դիպուկ էր։
- Ո՛տքս,- ու էլ ոչինչ չէր հիշում։
1994-ի հունվարի 28-ին էր։ Հարությունյան Վիտոն էր կողքին։ Մի հինգ հոգի էլ վազելով մոտեցան։ Գցելով շինելի վրա՝ սկսեցին քարշ տալ։
-Արյունաքամ է լինում,- շտապեցնում էին մեկը մյուսին։
Հանկարծ հակառակորդի հրետանին կրկին սկսեց ՙաշխատել՚։ Քարշ տալը թողեցին ու տապ արին, մինչև վտանգն անցնի։ Հետո մի կերպ տեղ անվտանգ վայր հասցրին վիրավոր ընկերոջը։ Գումարտակի բուժակ Սամվել Գրիգորյանն առաջին բուժօգնությունը ցուցաբերեց, և ցավազրկիչ սրսկելուց հետո գումհրամանատարի ՙուազիկով՚ նրան անմիջապես Դրմբոնի դաշտային հոսպիտալ հասցրին։
-Պիտի ապրի՞,- գումհրամանատար Դավիթի պահանջն զգաստացրեց  բժիշկներին։
-Միքայելյան հիվանդանոցից բժիշկ կա գյուղում,- հուշեցին նրանք ու Դավիթն անմիջապես մեկնեց բժշկի ետևից։
Վիրաբույժ Սաշա Արամյանը դաշտային պայմաններում կատարեց առաջին վիրահատությունը, որից հետո Ճուտոյին դաշտային հոսպիտալ տեղափոխեցին, ուր տասը ժամ հետո միայն կարողացավ բացել աչքերը։ Հաջորդ օրն այցելության եկան գումհրամ Դավիթը՝ մի խումբ մարտընկերներով։
Երկու օր անց լուծվեց նաև ուղղաթիռի հարցը, Արսեն Պետրոսյանի ու Անդրեյ Սարուխանյանի համառ ջանքերով։ Ճուտոն տեղափոխվեց Երևանի Միքայելյանի անվան վնասվածքաբական հիվանդանոց, ուր չորս անգամ վիրահատելուց հետո միայն բժիշկները կարողացան հուսադրել.
-Լավ է լինելու...
...Տարիների հեռավորությունից այս ամենն այնպե՛ս զարմանահրաշ է թվում։ Պատերազմը մի սև մղձավանջ էր ասես, որ եկավ ու անցավ։ Եվ մարդ արարածն ակամայից զարմանում է, որ կարողացավ ապրել այդ մռայլ ժամանակն ու հաղթելով՝ գոյատևել։ Իսկ նրանք, ովքեր ողջ ծանրությունն իրենց մաշկի վրա զգալով՝ մարտադաշտերում նաև եղբայր ու ընկեր կորցրին, չկարողացան կտրվել զինվորական կյանքից ու շարունակում են ծառայությունը Պաշտպանության բանակի շարքերում։ Դա էլ՝ վրիժառության մի ուրույն ձև է. արժանի հերթափոխ դաստիարակել։ Սամվել Ավետիսյանը մնաց բանակի շարքերում, թեև՝ հյուծված առողջական վիճակով։ Մնաց՝ փորձելու վրիժառության այդ ձևը ևս։ Ու՝ հաջողվեց...

Ո՞րն է, ընդհանրապես, ամենախաղաղասիրական մասնագիտությունը։ Ուսուցիչը՝ կպնդի մեկը, մյուսը՝ բժիշկը, երրորդը՝ շինարարը, չորրորդը՝... Բոլորն էլ յուրովի արդարացի են. ուսուցիչը ուսուցանում է մատաղ հոգիներին, բժիշկը դարմանում է հիվանդ մարմինները, շինարարը կառուցում է մեր տները։ Իսկ եթե ասվի, որ ամենամարդասիրական մասնագիտությունը հողագործինն է՝ մեխանիզատորինը, ոչ-ոք, թերևս, չի առարկի, որովհետև նա հաց է արարում։
Մեխանիզատոր էր Շահեն Խաչատրյանը, հաց էր արարում, հետո՝ 1983-ից, աշխատանքի ընդունվեց Ստեփանակերտի ճանապարհաշինարարական վարչությունում, որովհետև ոչ միայն հացը, նաև ճանապարհներն էին կարևոր։ Ու հռնդում էր Շահենի ճապոնական հսկա ՙԿոմացուն՚ մերթ՝ Քարաշենում, մերթ՝ Գանձասարի ճանապարհին, մերթ՝ Տողում ու Ճարտարում։ Եվ իզուր չէ Շահենի ինքնախոստովանանքն այն մասին, որ Արցախում գյուղ չկա, ուր ոտք դրած չլինի։
...Արցախյան շարժման սկզբնական շրջանը դեռևս նպաստավոր էր ճանապարհաշինարարության առումով, բայց երբ գործադուլներին հաջորդեց խուլ շրջափակումը՝ շինանյութերի ու վառելիքի պակասն զգացվեց, աշխատելն այլևս անհնար դարձավ։ Ճարտարում աշխատանքը կիսատ մնաց։ Տեխնիկան կանգնեցվեց հիմնարկի հավաքակայանում, իսկ աշխատողները մշտական բնակության վայրեր վերադարձան՝ համալրելու կամավորական-ֆիդայական ջոկատների շարքերը։ Թաղավարդցի Շահենը, համագյուղացի բազում երիտասարդների հետ, ընդգրկվեց Կարմիր շուկայի՝ Կոկայի հրամանատաությամբ գործող մարտական ջոկատում, որը հիմնականում դիրքապահությամբ էր զբաղվում, թե՝ չլինի՞ հանկարծ հարևան Ղաջարից ներս սողոսկեն չարեկամները։ Հսկողության տակ էր պահվում ողջ տարածքը՝ ֆերմաները, գինեգործարանի շրջակայքը, կենսապահովման կարևոր օբյեկտները։ Իսկ երբ մարտական ջոկատի բազայի վրա նույն Կոկայի՝ Նիկոլայ Բաբայանի հրամանատարությամբ, կազմավորվեց թիվ 21 մոտոհրաձգային գումարտակը, պաշտպանականին գումարվեց նաև ազատագրական պայքարը։ Եվ դա այն բանից հետո, երբ ադրբեջանական 6 թե 7 տանկ, շարժվելով Ֆիզուլու կողմից, 1992-ի հունիսի 28-ին ընդհուպ մոտեցան Կարմիր շուկայի գինեգործարանին, մեր մարտիկները ցուցադրեցին աներեր կամք ու անկոտրում ոգի՝ ետ մղելով նախահարձակ հակառակորդին։
Իսկ մինչ այդ... Տանկերն ու հետևակը (զրահափոխադրիչի ուղեկցությամբ) մոտենում էին տարբեր ուղղություններով։ Հանդիպելով մերոնց՝ անմիջապես մարտի մեջ մտան։ Մեր մարտիկներին կարճ ժամանակամիջոցում հաջողվեց խփել մեխանիկ-վարորդին, վերցնել զրահափոխադրիչն ու կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Տանկերը դեռ անարգել առաջ էին շարժվում և բավականին խորացան մեր տարածքում։ Բայց երբ զգացին, որ առանց հետևակի են՝ շփոթված շտապեցին հեռանալ եկած ճանապարհով։ Ետդարձին տանկերից մեկը հակառակորդի դիրքերում պայթեց ականի վրա, մյուսներն անվնաս ետ քաշվեցին։
Մի քանի օրից հետո նոր կազմավորված մոտոհրաձգային գումարտակին նաև S-72 մակնիշի մեկ տանկ տրամադրվեց։ Մեխանիկ-վարորդն արդեն կար. Շահենը Խորհրդային բանակում տանկիստ էր, զորացրվելուց հետո՝ մինչև արցախյան շարժման սկիզբը, մեխանիզատոր։ Շահենն ինքն էր դիմել։ Տանկն ընդունեց, բայց դեռ ոչ նշանառու-օպերատոր կար, ոչ էլ տանկի հրամանատար։ Թաղավարդցի Ալավերդյան Համլետը նույնպես ժամկետային ծառայությունն անց էր կացրել Խորհրդային բանակի տանկային ստորաբաժանումներից մեկում։ Թեև այլ մակնիշի տանկի էր սովոր, բայց մի քանի օրվա ընթացքում հարմարվեց։ Շուտով, որպես տանկի հրամանատար, մեխանիկ-վարորդ Շահենին ու նշանառու-օպերատոր Համլետին կամավոր միացավ նաև գումարտակի հետևակայիններից մեկը՝ կիրովաբադցի Պետոն։ Տանկի անձնակազմն արդեն կար, մնում էր՝ փորձարկեն իրենց կարողությունները։
Առաջին փորձը հակառակորդի խփված տանկի վրա էր։ Երեք արկ արձակվեց, վերջինը խոցեց թիրախը։ Զգացին, որ կարող են ՙաշխատել՚ հակառակորդի վրա ու անմիջապես էլ գործի անցան։ Հադրութի ՙյալից՚ սկսվեց անձնակազմի մարտական կենսագրությունը։ Ղաջարի, Խազազի ուղղությամբ էր նրանց ՙաշխատանքը՚։
Ղաջարը գրավելուց հետո նաև հակառակորդի՝ դեռևս հունիսի 28-ին խփված տանկն ավարառվեց և վերանորոգումից հետո շարք վերադարձվեց, բայց արդեն՝ իր նախկին տերերի դեմ։
Մոտոհրաձգային գումարտակը, որի կազմում ներառված էին Շեխերի, Սարգսաշեն-Զարդանաշենի, Կարմիր շուկայի մարտական վաշտերը, տեղակայված էր Ֆիզուլի քաղաքում Պետո-Շահեն-Համլետ տանկային անձնակազմը շատ մարտերի մասնակցեց՝ Աղդամ-Ֆիզուլի մարտական գծի համարյա բոլոր գյուղերի վնասազերծման ռազմագործողություններին, ամենուր պատվով կատարեց իրենց առջև դրված մարտական բոլոր խնդիրները։ Այդ ընթացքում Շահեն Խաչատրյանին լեյտենանտի զինվորական կոչում շնորհվեց, նշանակվեց տանկային դասակի հրամանատար, իսկ, այնուհետև, երբ արդեն ավագ լեյտենանտի ուսադիրներ էր կրում՝ գումարտակի հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալն էր արդեն, բայց միշտ, բոլոր վճռական մարտերում իր անձնակազմի հետ էր, մինչև Ժդանովսկ-Բեյլականի համար 1993-ի անհաջող ռազմագործողությունը։ Մինչ այդ՝ մի քանի անգամ արդեն ՙհասցրել էր՚ կոնտուզիա ստանալ։ Իսկ միայն այդ վերջին մարտում տանկը երկու անգամ խփվեց։ Պատերազմի սկզբից բոլոր մարտերը հաղթությամբ հաղթահարած, իսկ հիմա թեև վիրավոր, բայց հաղթ հոգով զինծառայողն ինչպե՞ս կարող էր նայել բոցավառվող ֆագոտահար տանկին։
Շահեն Վարդանի Խաչատրյանը, հրադադարի հաստատումից որոշ ժամանակ անց, 1994-ի ամռանը, հետագա ծառայության տեղափոխվեց ՙՆ՚ առանձին ինժեներա-սակրավորական զորամաս, ուր և՝ առ այսօր, ավագ լեյտենանտի զինվորական կոչումով, պատվով ու պատասխանատվությամբ է շարունակում փակոցահանման դասակի հրամանատարի իր ծառայությունը, որի համար բազում անգամ է պարգևատրվել պատվոգրերով ու թանկարժեք նվերներով, իսկ 1999-ի սեպտեմբերի 2-ին, հանրապետության հռչակման հերթական տարեդարձի օրը, արժանացել է ՙԱրիության համար՚ մեդալի։

Բոլորովին պատահականորեն իմացա, որ իմ ընկերներից մեկը՝ Գուրգեն Հայրապետյանը, ստեղծագործում է։ Դեռևս ԿՊՇ-ում մեր համատեղ ծառայության տարիներին եմ նկատել նրա համակրանքը գրական ստեղծագործության ու ստեղծագործողների նկատմամբ, բայց որ ինքն էլ էր մեկ-մեկ ՙգրական փորձեր անում՚՝ բոլորովին չեմ կասկածել։ Առիթն ինքնին ներկայացավ ու այլևս նպատակահարմար չգտավ թաքցնել։ Զանգեց, ամաչկոտ-ամաչկոտ՝ թե.
-Մի քանի բանաստեղծություններ եմ ուղարկել ՙՍտեփանակերտ՚ թերթի խմբագրությանը։ Մի երկու ամիս կլինի՝ դեռ չի տպագրվել, անհարմար եմ զգում զանգել տեղեկանալ...
-Բանաստեղծությո՞ւն,- անակնկալ էր ինձ համար, բայց և հասկանալի՝ սկսնակի ամոթխածության զգացումը։ Խոստացա հետաքրքրվել։ Զանգեցի խմբագրություն։ Գլխավոր խմբագիր Անահիտ Քոչարյանը ոչ միայն ՙհաստատեց՚ փաստը, այլ, որ ավելի հետաքրքիր էր ինձ համար, գովեց հեղինակին՝ խոստանալով տպագրել առաջիկա համարում։ Համարը չուշացավ։ Կարդացի, հավանեցի, խրախուսեցի։ Առաջին տպագրված բանաստեղծությանը հետևեց երկրորդը, երրորդը...
...Երբ նրան ծառայության հրավիրեցին Կենտրոնական պաշտպանական շրջան՝ երկմտելու կարիք չուներ։ Եկավ՝ թեև 53 տարեկան էր արդեն։ ՙԿօգնեմ իմ կարողությունների չափ,- մտածեց,- պարտավոր եմ օգնել՚։ Մասնագիտությամբ կապավոր էր, պահեստազորի ավագ լեյտենանտ, իսկ տասնամյակներ շարունակ աշխատել էր կապի տեխնիկական շահագործման բաժնում, երրորդ կարգի մեխանիկից հասել մինչև գլխավոր ինժեների պաշտոնին, Արցախի ներքին գործերի նախարարությունում և շրջանային կապի հանգույցներում տեղադրել ավտոմատ հեռախոսակայաններ, բաժիններում՝ կապի հեռախոսային կառավարման կենտրոններ։ ԿՊՇ հրավիրվելն էլ հենց ավտոմատ հեռախոսակայան տեղադրելու նպատակ էր հետապնդում։ Եկավ ու աշխատանքի լծվեց ՊՇ-ի հեռախոսային դասակի հրամանատար Հենրիխ Խաչատրյանի հետ։
Մեկ լրիվ տարի միասին աշխատեցին եռանդով։ Հեռախոսակայանն արդեն աշխատում էր՝ իրար կապելով պաշտպանական շրջանի հրամանատարական ու զինվորական բոլոր օղակները։ Ու երբ աշխատանքներն ընկան նորմալ հունի մեջ, ավագ լեյտենանտ Հայրապետյանն աշխատանքը շարունակեց մենակ։ Հեռախոսակայանում ամենօրյա վերահսկողություն սահմանելով՝ նա կարևորեց հատկապես կաբելի նորացումն ու կրկնապատկումը։ Այդ էլ իրագործեց, որից հետո ձեռնամուխ եղավ վերահսկող ազդանշանիչի տեղադրմանը։ Կապի վաշտի հեռախոսային դասակի հրամանատարի տեղակալ, ենթասպա Վաղինակ Ավետիսյանի, շարքայիններ Վալերի Սիմոնյանի և Գարեգին Օհանյանի օգնությամբ ժամանակին ավարտեց հիմնական աշխատանքները՝ հեռախոսալարերի անցկացումն ու սեղմակոճակների տեղադրումը կարևոր օբեկտների դռների ու պատուհանների վրա։ Հետո հեռախոսային վերաբաշխիչ տեղադրեց, ապահովեց զորամասի հերթապահի ուղիղ կապը պահակային ծառայության, հսկիչ-անցագրային կետի հետ, կատարելագործեց հեռախոսակայանը՝ փոխելով երկու ստատիվներից մեկը։
Եվ այսպես շարունակ՝ նա ամեն օր իր համար մի նոր գործ էր գտնում և, ասեն-չասեն, կատարում՝ իր մասնագիտությանը սիրահարված, զինծառայողին վայել բարեխղճությամբ ու սրտացավությամբ։ Եվ՝ լարված, առանց հանգստյան օրերի աշխատանքից ոչ միայն չէր տրտնջում, այլև, ընդհակառակը, եռանդով էր լծվում ամեն մի նոր առաջադրանքի կատարանը։
Շուտով նորակառույց օբեկտների համար նաև հարյուրանոց կաբել անցկացվեց, ռադիոֆիկացման աշխատանքներն իրականացվեցին, վերադասավորվեցին ու համալրվեցին կապի վաշտի տեխնիկական սարքավորումները։ Իսկ դրանք իրականացնելու համար համառ ջանքեր էին պահանջվում և ավագ լեյտենանտ Գուրգեն Հայրապետյանի հրամանատարությամբ գործող հեռախոսային դասակի կապավորներն այդ խնդիրները կարողացան լուծել ժամանակին ու անթերի։
...Գուրգեն Հայրապետյանը վաղուց զորացրվել ու թեև այլևս զինվորական համազգեստ չի կրում, բայց քաղաքացիական կյանքում ևս նույնն է մնացել, զինվորականին վայել նույն պարտաճանաչն ու բարեխիղճը...

Ալեք Արմիկի Մովսիսյանը ծնվել է 1957-ին, Նորագյուղում, իսկ երկու տարի հետո ընտանիքով տեղափոխվել Ստեփանակերտ։ Ավարտել է քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցը, իսկ մասնագիտական կրթությունը ստացել է Բաքվում, որտեղից էլ զորակոչվել է Խորհրդային բանակի շարքերը, որպես տանկի հրամանատար ծառայել Մոնղոլիայում տեղակայված ստորաբաժանումներից մեկի կազմում։
Զորացրվելուց հետո երկու տարի աշխատել է Բաքվում, իսկ 1980-ին վերադարձել Ստեփանակերտ, ավարտել ավտոդպրոցը, ավտոկռունկավարի դասընթացները և որոշել հետագա կենսագրությունը շարունակել որպես արհեստավարժ ավտոկռունկավար։
...1991, ֆիդայական շարժում, Բերքաձորի ջոկատ։ Անցկացրած զինվորական կյանքի վերաիմաստավորում։ Պահակակետային աչալրջություն, զգոնություն, որ հանկարծ թուրքը չհանդգնի քայլ անգամ առաջանալ, մինչև կհասնի հակառակորդի՝ այդ գյուղերում տեղակայված կրակակետերի վնասազերծման պահը, կմաքրվեն Բերքաձորը, Մալիբեկլուն, Խոջալուն։
1992-ի հուլիսի 18-ից կրկին ապրեց տանկիստի հաճելի բերկրանքը՝ վեցերորդ վաշտում, բայց բանակում ծառայելու ժամանակ իրենց ստորաբաժանման տանկերը Տ-54 մակնիշի էին միայն, իսկ այստեղ, Տ-72-ի վրա, դժվարանում էր մի քիչ։ Ավշառյան եղբայրները՝ Մխիթարն ու Գագիկը, մեկ օրում նրան ծանոթացրին նոր տանկի բոլոր ՙբարեմասնությունների՚ հետ, այնպես, որ մարտի ժամանակ երբեք սխալ գործողություն թույլ չտրվի։
Պատերազմն իր հորձանուտի մեջ առավ Ալեքին։ Չլդրան, Գյուլաթաղ, Մեծշեն՝ ամենուր իրեն բանիմացորեն դրսևորեց, ապրեց առաջխաղացման բերկրանքն ու նահանջի դառնությունը, մարտական ընկերների կորուստը... Եվ բորբոքվում էր նրա հոգում վրեժխնդիր լինելու անմարելի մղումը, նետվում էր մարտի՝ ժամ առաջ նպատակին հասնելու համար։ Մեծշենում զոհված Սեգոյի վրեժը լուծեց անմիջապես՝ խփելով մեկ ՀՄՄ-2 և անխնա ոչնչացնելով հակառակորդի բազմաքանակ հետևակը, հետո իր տանկով շտապեց Մաղավուզ՝ օգնելու ծուղակի մեջ հայտնված ՙԿայծի՚ տղաներին։
Հակառակորդի ուժերը գործում էին նաև Քելբաջարի տարածքից, ուստի, մեր մարտիկները ստիպված էին մարտեր մղել երկու ճակատով, հաճախ՝ մի ճակատից մյուսը տեղափոխելով առկա տեխնիկայի որոշ մասը, կամ էլ՝ որևէ առանձին ջոկատ կամ վաշտ։
Սեգոյի զոհվելուց հետո հրամանատարությունն իր վրա վերցրած Սամվել Հարությունյանի գլխավորությամբ տղաները տեղափոխվեցին Հարությունագոմեր, օգոստոսի կեսերին հարմար դիրքեր զբաղեցրին գյուղի պաշտպանությունն իրականացնելու համար, իսկ հակառակորդի մի տանկ, որ պայթել էր ականի վրա, բայց էականորեն չէր տուժել՝ բերեցին գյուղ։ Հարությունագոմերի 15-օրյա պաշտպանության ընթացքում ավարառվեց ևս մեկ ՙՇիլկա՚ կայանք, խփվեց հակառակորդի մեկ տանկ, ոչնչացվեց ահագին քանակությամբ հետևակ։
Ալեքը երկու անգամ վիրավորվեց պատերազմի դաշտում։ 1992-ի օգոստոսի վերջին խփվել էր տանկը և նա ցնցակաթվածով Առաջաձորի դաշտային հոսպիտալ տեղափոխվեց, իսկ այնուհետև՝ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, ուր միամսյա բուժումների ենթարկվելուց հետո կրկին շարք վերադարձավ (երկրորդ անգամ վիրավորվեց 1994-ի ապրիլի 12-ին, Յուսիֆջանլվում)։
1992-ի հոկտեմբերի վերջերից Ալեքն իր անձնակազմով Աշանում էր, ուր, հիմնականում, դիրքային պահակություն էր իրականացվում Գյուլափլուի կողմից հակառակորդի ցանկացած հարձակում ժամանակին կանխելու նպատակով, մինչև...
Սկսվել էր Քելբաջարում տեղակայված կրակակետերի վնասազերծման ռազմագործողությունը, իսկ Ալեքի անձնակազմը, չգիտես՝ ինչու, հայտնվել էր ՙխաղից դուրս վիճակում՚։ Չորս օր անց խփվեց Մարտունու տանկերից մեկը և իրենց ՙհերթին սպասող՚ տղաները՝ տանկի հրամանատար Համլետը, նշանառու-օպերատոր Ալեքն ու մեխանիկ-վարորդ Արամը շտապեցին Քելբաջար՝ կռվելու լեգենդար Ավոյի հետ կողք-կողքի, մնացին մինչև ռազմագործողության ավարտը, մինչև Արցախի հյուսիս-արևմուտքը լիովին մաքրվեց հակառակորդ ուժերից ու տղաները վերադարձան Մարտունի։
1993-ի հուլիս-օգոստոսին վնասազերծվեցին Բաղմանլարում տեղակայված կրակակետերը, իսկ Աղդամի համար մղված ռազմագործողության ընթացքում տղաներն իրենց հսկողության տակ առան Իսմայիլբեյլի, Սայբալու, Մարզիլու, Նովրուզլու բնակավայրերը։
Երբ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերում կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին՝ ստեղծվեցին պաշտպանական շրջաններ ու առանձին զորամասեր, փորձառու տանկիստ Ալեք Մովսիսյանը ծառայությունը շարունակեց Երրորդ պաշտպանական շրջանի կազմում, մասնակցեց Կուրոպատկինոյի հունվարյան կատաղի մարտերին, պաշտպանեց հակառակորդի կողմից անընդհատ հրթիռահրետակոծությունների ու հարձակումների ենթարկվող ՙՌաֆո՚ և ՙՍևաններ՚ պահակակետերը։ Իսկ երբ ճակատային գիծը համեմատաբար ՙհանգստացավ՚, իր զինվոր ընկերների հետ շարունակեց մարտական հերթապահությունը դիրքերում։ Եվ այդպես՝ մինչև 1994-ի ապրիլի 11-ը։
Ապրիլի 12-ին հակառակորդը կրկին նոր հարձակում ձեռնարկեց, որը ևս, մեր քաջակորով տղաների ջանքերով, կրկին անհաջողության մատնվեց, թշնամին թողեց հերթական բնակավայրը՝ Յուսիֆջանլուն։ Բայց այս անգամ կրկին խփվեց Ալեքի տանկը ու նա ստիպված էր 20 օր անցկացնել հոսպիտալային պայմաններում, հետո կրկին վերադառնալ, այս անգամ՝ Արցախի հյուսիս-արևելյան հատված՝ Կարմիրավան, մարտական հերթապահության։ Արդեն՝ համեմատաբար հանգիստ, հրադադարային պայմաններում։
Իսկ հրադադարի պայմաններն էլ, հասկանալի է, իրենց առանձնահատուկ պահանջներն ունեին, այն է՝ վերադասավորել ուժերը, զբաղվել կադրերի վերապատրաստման գործով, դիրքերում կարգի բերել ինժեներական կառույցները և այլն։
Ալեքը տեղափոխվեց տանկային ուսումնական գումարտակ։ Նոր նշանակված դասակի հրամանատարին շնորհվեց լեյտենանտի զինվորական կոչում։ Նա սկսեց իր մարտական հարուստ փորձն ու տեսական կայուն  գիտելիքները փոխանցել նորակոչիկներին, ովքեր էլ պետք է, որոշակի պատրաստություն անցնելուց հետո, համալրեն Պաշտպանության բանակի զրահատանկային զորքերի շարքերը։
Հետագա տարիներին ինչ պաշտոն էլ զբաղեցրել է Ալեք Մովսիսյանը՝ վաշտի հրամանատար, գումարտակի շտաբի պետ, տանկային զորամասի հետախուզության պետ, Պաշտպանության բանակի մարտական պատրաստության բաժնի տանկային ստորաբաժանումների ու զորամասերի պատրաստման բաժանմունքի պետ, բարեխղճորեն կատարել է իր ծառայողական պարտականությունները։ Բարձրանալով ծառայության աստիճաններով, հասնելով փոխգնդապետի զինվորական կոչման ու ՊԲ ՄՊԲ բաժանմուքի պետի պաշտոնի՝ նույն համեստ ու բարեխիղճ զինվորն է մնացել, նաև համեստորեն, առանց աչքի զարնվելու մղման՝ կատարել հրամանատարության առաջադրանքները։ Եվ միայն պատահական զրույցի ընթացքում է պարզվում, որ մեր կողքին, մեզ հետ (պատերազմական իր ուրույն կենսագրությամբ) ապրում է Մարդը՝ մեր ժամանակի ու պատմության, ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանի ասպետ Ալեք Արմիկի Մովսիսյանը...


1993-ի պատերազմական դեկտեմբերը կիսվել էր արդեն։ Հայկական պաշտպանական զորամասերը հուսալիորեն վերահսկում էին իրենց տրամադրության տակ գտնվող սահմանահատվածները։ Դեկտեմբերյան վերջին օրերին, սակայն, կրկին բարդացել էր իրավիճակը, հակառակորդը լայնածավալ հարձակում էր ձեռնարկել մեր նորանկախ հանրապետության սահմանների ողջ երկայնքով, փորձելով, ի վերջո, բեկում մտցնել պատերազմի ընթացքի մեջ։ Ամեն օր ռազմաճակատային բոլոր ուղղություններում մարտեր էին՝ համառ ու անզիջում, կենաց ու մահու մարտեր։ Ոտքի ելան բոլորը՝ զինվորագրվածները և նրանք, ովքեր դեռ պահպանում էին ՙանձեռնմխելիության՚ իրենց իրավունքը։ 1994-ի հունվարին հայրենյաց պաշտպանների շարքերը համալրողների թվում էր նաև ՙՂարաբաղ՚ ֆուտբոլային թիմի փառաբանված ռմբարկու, կենտրոնական հարձակվող Վալերի Հայրիյանը...
Փոքր հասակից էր տարվել ֆուտբոլով։ Ինը տարեկան էր դեռ, երկրորդ թե՝ երրորդ դասարանի աշակերտ, երբ սկսեց պարապել սիրած մարզաձևով։ Իսկ տասներեքում արդեն ՙԿաշվե գնդակի՚ մարզային առաջնություններին էր մասնակցում, լավագույն խաղացողի անուն վաստակում, մրցանակ ստանում, որից հետո էլ՝ նաև հանրապետական մրցասպարեզ դուրս եկավ։ 1967 թվականը խոստումնալից պատանու աստեղային ժամն էր, որին նորանոր հաղթանակներ հետևեցին, իսկ Խորհրդային բանակում (1972-74 թթ.) ծառայությունն ավարտելուց հետո կրկին հարազատ միջավայր վերադարձավ, մինչև հաստատվեց թիմի հիմնական կազմում։ 1977-ին Ստեփանակերտի ՙՂարաբաղ՚ թիմը Ադրբեջանում լավագույնը ճանաչվեց՝ զբաղեցնելով առաջնության աղյուսակի ամենաբարձր հորիզոնականը, հետագա տարիների ընթացքում մի քանի անգամ ևս թիմը մրցանակային տեղեր գրավեց, և այդ գործում քիչ չէր կենտրոնական հարձակվող Վալերի Հայրիյանի ավանդը։ Ավելին, բոլոր հանդիպումներում առկա էր նրա հախուռն բնավորությունը, մարտահրավերի պատրաստ կայուն կենսակերպը։ Նա բոլոր հնարավորությունները կարողանում էր խելացիորեն օգտագործել և հասնել նպատակին։
Վ. Հայրիյանը մեծ ֆուտբոլում մնաց մինչև1990 թվականը, հընթացս՝ հասցնելով նաև միջազգային մի շարք ընկերական հանդիպումների մասնակցել։
1989-ին ՙՂարաբաղ՚ թիմը հյուրընկալվել էր Սիրիայում, ընկերական հանդիպումներ ունեցել ինչպես այդ պետության օլիմպիական թիմի ու չեմպիոնի, այնպես էլ՝ հայկական թիմերի հետ։ Ի դեպ, օլիմպիական թիմի հետ հանդիպման ընթացքում ոչ-ոքի (1։1) գրանցվեց, իսկ չեմպիոնի հետ հանդիպումը 1։0 հաշվով շահեցին ղարաբաղցիները։ Հայկական թիմերի հետ կայացած 2-3 հանդիպումներում հաղթողներ ու պարտվողներ չեղան։
 Այլ էին հանդիպումները Մալիում։ Ճիշտ է, երկրի հավաքականի հետ հանդիպման ընթացքում կրկին ոչ-ոքի (2։2) գրանցվեց, բայց ներպետական առաջնության չեմպիոն թիմը պարտության մատնվեց (աֆրիկացիները պարտվեցին 0։3 հաշվով)։
Անգլիական հանրահայտ ՙԼիվերպուլ՚ ակումբի այցը հեաքրքիր անակնկալ էր ստեփանակերտցի մարզասերների համար, Ստեփան Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտի տրիբունաները լեփ-լեցուն էին, մարզասերներն ուզում էին տեսնել իրենց հարազատ թիմի արժանի խաղը արժանավոր հակառակորդի հետ հանդիպման ընթացքում։ Եվ նրանց հույսերն արդարացան. հանրահայտ ակումբի ու մեր թիմի վետերանների հանդիպումն ավարտվեց 3։2 հաշվով՝ հօգուտ ստեփանակերտցիների։
Վալերի Հայրիյանը քանիցս արդարացրել է իր երկրպագուների սպասելիքները։ Կենտրոնական հարձակվողը պաշտոնական հանդիպումներում 183 անգամ վարպետորեն խոցել է հակառակորդի դարպասը։
...Ռմբարկուի հախուռն տարերքը, անդադրում բնավորությունը նրան հանգիստ չէր տալիս։ Նա իրեն միշտ հարձակման մեջ էր տեսնում, իսկ հիմա.. Ոնց որ ՙխաղից դուրս՚ վիճակում էր հայտնվել։ Պատերազմը գնալով ահագնանում էր ու Վալերին որոշեց թողնել ամեն ինչ։ 1994-ի հունվարն էր՝ թիվ 7 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վալերի Հայրիյանը դարձավ Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումներից մեկի զինվորը։ Եվ ասես վերագտավ իրեն, կրկին ՙկենտրոնական հարձակվողի՚ դերն ստանձնեց։ Իսկ երբ ամիսներ անց հակառակորդը ստիպված էր հրադադարի պայմանագիր աղերսել ու պաշտպանական բնագծերում դադարեցվեցին ռազմագործողությունները, Վալերին չփութաց վերադառնալ քաղաքացիական խաղաղ կյանքի, գերադասեց պահպանել զինվորականի իր կենսակերպը, բայց երբեք չկտրվեց երկրամասի մարզական կյանքից։ Ավելին, 1996-ին ԿՊՇ-ից հետագա ծառայության տեղափոխվելով ՊԲ շտաբի մարտական պատրաստության բաժնի ֆիզպատրաստության և սպորտի բաժանմունք (նախ՝ որպես ավագ սպա, իսկ այնուհետև՝ բաժանմուքի պետ՝ փոխգնդապետի զինվորական կոչումով)՝ իր կարողությունների չափով նպաստեց Պաշտպանության բանակի մարզիկ-զինծառայողների մարզական հմտությունների ու կարողությունների հետագա զարգացմանը։

Կենսուրախ ու կատակասեր տղա է Գառնիկ Պետրոսյանը, բայց երբ սկսում է վերհիշել պատերազմական դառն ու զրկանքներով լի օրերը՝ անմիջապես լրջանում է։ Պատերազմը բոլորիս տներն է ներխուժել ու իր սև ձեռագիրը թողել բոլորիս սրտերում։ Նա էլ պատերազմի դաշտում մարտական շատ խիզախ ու անձնվեր ընկերներ է կորցրել, բայց երբեք չի ընկճվել, չի ընկրկել, ընդհակառակն, ավելի է գոտեպնդվել և ընկերոջ մահվան ցավը սրտում սեղմած՝ նետվել գրոհի։ Իսկ երբ 1991-ի մայիսին Խորհրդային բանակի շարքերում ծառայող, դանակի 13 հարված ստացած Արթուր եղբոր մահվան բոթն է ստացել, դարձյալ ոխով չի լցվել, թեև ձեռագրից երևում էր սպանության ՙհեղինակը՚, նախընտրելով միայն մարտի դաշտում դեմ-դիմաց հայտնվել թշնամուն և արժանի պատիժը տալ։
Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում ծնված Գառնիկը նախ գյուղի ինքնապաշտպանական ջոկատում էր, Քարինտակում, Քիրսում՝ դիրքապահությունում ընդգրկված համագյուղացի տղաների հետ։
1992-ին տեղափոխվեց Ստեփանակերտ, զինվորագրվեց չորրորդ գումարտակին։ Գնդացրորդ էր, դիպուկահար, հրաձիգ, տիրապետում էր հրաձգային բոլոր զինատեսակներին և օգտագործում տվյալ պահին պետք եկածը։ Սառնաղբյուրի, 13-րդ պահակակետի, ՙՈւղտի մեջքի՚ ուղղությամբ մղված մարտերին է մասնակցել, հետո Մարտակերտյան ճակատ տեղափոխվել, կռվել ՙՊուշկեն յալում՚, հետո՝ Ֆիզուլիում ու Հորադիզում։
Գառնիկի երկու եղբայրները՝ Արմենն ու Հովիկը, նույնպես Արցախյան պատերազմի մասնակիցներ են։ Արմենը եղբայրներից ավագն է, վիրավորվել է և՞ Քարինտակի, և՞ Շուշիի համար մղված մարտերի ընթացքում, բայց 1992-ի մայիսի 8-ին ՀՄՄ-1-ից արձակված արկի բեկորը խիզախ մարտիկին ստիպել է ընդմիշտ թողնել մարտադաշտն ու համակերպվել պատերազմի հաշմանդամի ճակատագրի հետ։ Մյուս եղբայրը՝ Հովիկը, ծառայում էր շտաբային վաշտում, իսկ այնուհետև՝ որպես ականանետորդ, չորրորդ գումարտակ է տեղափոխվել, անցել պատերազմական դաժան փորձությունների միջով, ազատագրական ու պաշտպանական մարտերին իր արժանի ավանդը բերել։
Հրադադարի հաստատումից հետո՝ 1994-ին, Գառնիկը, որպես շարքային զինվոր, շտաբային վաշտ է տեղափոխել։ 1995-ից՝ ՊԲ շտաբի կապի բաժնի սուրհանդակափոստային ծառայությունում էր, նախ՝ շարքային-պայմանագրային էր, իսկ ենթասպայի զինվորական կոչումը նրան 2003-ի մայիսի 5-ին է շնորհվել։ Եվ շարունակել է զինվորական ծառայությունը՝ նույն զգոնությամբ ու պատրաստակամությամբ, պատասխանատության նույն զգացումով, որովհետև, եթե կրկին սպառնա թշնամին, կրկին իր գերիշխանութունն արցախահայությանը պարտադրել ցանկանա՝ զինվորը պիտի իր դիրքում լինի։
Հիմա իրավիճակը համեմատաբար կայուն է, դա ձեռք է բերվել անցած տարիների ընթացքում գործադրած համառ ջանքերի շնորհիվ։ Գառնիկը համոզված է, որ մարտադաշտում ձեռք բերված հաջողություններն ի դերև կդառնան, եթե դրանք չամրագրվեն դիվանագիտական ճակատում տարած հաղթանակով և հավատում է, որ Արցախյան ռազմաճակատի բոլոր մարադաշտերում մարտնչած զինվորների պես մեր դիվանագետները ևս հաղթանակ կտոնեն։ Իսկ ինչ վերաբերում է հուսալիորեն վերահսկվող մեր պետական սահմանից անդին հնչող ռազմատենչ հայտարարություններին, թույլ ժպտում է քթի տակ ու իրեն հատուկ տոնով ընդգծում քմծիծաղը, թե իբր ՙհաչող շունը չի կծում՚։
-Համենայնդեպս,- շարունակում է նա,- շունը շուն է մնում, ուստի չպետք է կորցնել զգոնությունը։

Բորիս Սանթուրի Ստեփանյանը ծնվել է 1967-ի մարտի 28-ին, Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։ Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ Աշխատանքային մկրտությունը ստացել է Կարմիր շուկայի խաղողագործական տնտեսությունում։ 1989-ից Թաղավարդի Հ. Բաբաջանյանի անվան տնտեսության տրակտորիստն ու կոմբայնավարն էր։ Իր գործուն մասնակցությունն է բերել Արցախյան համաժողովրդական շարժմանը՝ զենքի ու զինամթերքի հայթայթում-տեղափոխում, մարտական հերթապահություն և այլն։ Մասնակցել է մի շարք ռազմագործողությունների։
1993-ի հունվարի 3-ի Գևորգավանի ծանր մարտում իր մարտական հինգ ընկերների հետ գերվել է հակառակորդի կողմից։ Դիակը հայտնաբերվել է մոտ երեք ամիս հետո միայն։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը։
...Կենսագրական հակիրճ տեղեկություններ։ Մի քանի տողերի արանքում՝մարդկային ամբողջական ապրած կյանք։ Բոլորանվեր։ Անմնացորդ։ Եվ՝ ընդամենը 26 տարի։ Շա՞տ է, քի՞չ է՝ ասվածը համեմատական հասկացություն է սոսկ, որովհետև մարդու կյանքը միայն ապրած տարիների քանակով չի չափվում։ Բորյան հացագործի ամենախաղաղ մասնագիտությունն ուներ։ Հնձում էր հասուն հասկերի ծփանքով շորորող համայնական արտերը։ Հնձում ու ամբարում էր ցորենը, նույնիսկ՝ արկերի ու ռումբերի դղրդյունների ուղեկցությամբ։
...42-ամյա Ելենա մայրիկն արու զավակ ունեցավ, իր առաջնեկը՝ Բորյան։ Անչափ ուրախ էր նաև ամուսինը՝ Սանթուրը, ով առաջին ամուսնությունից երեք անմայր երեխա ուներ։ Բայց այդ ուրախությունը երկար վայելելու հաճույքը տրված չէր նրանց. հազիվ չորս տարեկան էր Բորյան, երբ հայրը հանկարծամահ եղավ։ Մանկահասակ Բորյայի հետ մոր խնամքի տակ մնաց նաև Ստելլան (Սենորն ու Սիլվան արդեն ամուսնացած էին)։
Ինը տարեկանից Բորյան արդեն իրեն տան տղամարդ էր զգում, օգնում էր մորը՝ վարելու տնային տնտեսությունը։ Եվ նրա ՙտղամարդկային վարք ու բարքով՚ երաշխավորվածության զգացում էին ապրում մայրն ու քույրը։ Դպրոցում էլ՝ լավ էր սովորում, դա էլ մորը հուսալու հիմք էր տալիս, որ որդին միջնակարգն ավարտելուց հետո ամպայման կշարունակի ուսումը։ Բայց... Բորյան ևս թաքուն երազանք ուներ։ Նրան իր ողջ հմայքով գերում էր գյուղատնտեսական տեխնիկան և նա անկարող էր չանսալ այդ ՙկանչին՚։ Մարտահրավերի պես էր հնչում այդ կանչը։ Բորյան անկարող էր նույնիսկ երկմտել, թե կկարողանա՞ արդյոք հասնել իր երազանքին։ Պետք է, ու՝ վերջ։ Գուցե մայրը զարմանար նաև, թե ինչո՞ւ հատկապես դա է Բորյայի ընտրությունը, բայց նա արդեն հասկանում էր, այո, այստեղ ինչ-որ նախախնամություն կար, և այդ սերը որդուն փոխանցվել էր հորից՝ հողի անդավաճան մշակ Սանթուր Ստեփանյանից։ Հայրը վաղուց չկար, բայց որդու երակներով նրա՞ արյունն էր հոսում։
Կարմիր շուկայի տնտեսության հողագործ-բանվոր Բորյան կամաց-կամաց մարմին էր տալիս երազանքին։ Իր գործին էր թեև՝ միայն իրեն հատուկ պատասխանատվության զգացումով, բայց ականջն անընդհատ մոտակայքում աշխատող տրակտորի հռնդյունին էր։ Սիրում էր երկաթը և համոզված էր, որ կգա այն օրը, երբ իրեն կենթարկեցնի երկաթե այդ հսկան՝ տրակտորը, կոմբայնը։
1984-ին 17-ամյա պատանին Աղբուրունի արտերում կոմբայնով արդեն հունձ էր անում։ Այստեղ նա ինքնահաստատման լուրջ հայտով ներկայացավ։ Եվ շատերի՞ն զարմացրեց։ Շատերն ուրախացան, իսկ մոր հրճվանքին չափ չկար։ Սահման չկար։ Այս ե՞րբ հասցրեց։ Այս ե՞րբ սովորեց։ Այս ե՞րբ այսքան առնականացավ իր երեխան։ Երեխա՛։ Հը՛մ, լսեր Բորյան՝ ծիծաղը կգար, իբր՝ ի՛նչ երեխա։ Երեխա՛... չէ՞ մի։ Նա հողի մշակ հոր արժանի ժառանգորդն էր, դրա համար էլ համեստ էր ընտրության մեջ։ Բարձրագոչ ճառեր չէր սիրում, ճառողներին՝ առավել ևս։ Ինքնահաստատման ա՞յս ձևն էր ընտրել և գոհ էր իր ընտրությունից։ Աշխարհի ամենախաղաղ մասնագիտությունը, հացագործի, և ինքը՝ խաղաղ բնավորության տեր մարդը։
Աշխարհում սակայն հաճախ են այլ նախախնամություններ գլուխ բարձրացնում, և փորձում խլացնել հողի աշխատավորի ձայնը։ Մեկ անգամ՝ գուցե հաջողվի, երկու անգամ՝ թերև՞ս։ Բայց ՙշատին հավերժ խաբել չկա՚։ Ո՞վ է ասել մեր բանաստեղծներից՝ չեմ հիշում, բայց որ դիպուկ է ասվածը՝ կասկածի տեղիք չի տալիս։ Ու Բորյան նույնպես՝ իր ձայնին արդարացի պատասխան էր ակնկալում։ Բայց խուլ էր աշխարհի ականջը, իսկ ակնկալիքները՝ ապարդյուն ջանքեր։ Ու հասկացավ ժամանակին, հասկացան ընկեր-տղաները։ Ո՞չ, գիտեի՞ն։ Ի սկզբանե՞։ Եվ գաղտնի գործող ջոկատների համար զենք ու զինամթերք էր հայթայթվում, գաղտագողի նշանակված վայրեր տեղափոխվում։ Բորյայի տրակտորով։ Ցորենով լի պարկերի տակ։ Օմոնականների աչքի առաջ։ Բայց՝ միշտ անտես ու աննկատ։ Դա՝ սկզբնական շրջանում։ Իսկ, ընդհանրապես, Արցախյան շարժման ու զինված պայքարի բոլոր տարիներին, Բորյան՝ թեև անբաժան տրակտորից ու կոմբայնից, միշտ, տղաների հետ, առաջին դիրքերում էր։ 92-ի ամռանն էլ՝ անկարող էր չմասնակցել հնձին։ Եկավ, նստեց կոմբայնի ղեկին։ Անվստահ էր մի քիչ, մատներն անսովոր ջղաձգվեցին։ Ինչո՞ւ մարդն իր սեփական հողի վրա չպիտի կարողանա ազատ ու անկաշկանդ ապրել ու աշխատել։ Ինչո՞ւ անպայման պիտի պարտադրեն մեզ իրենց բութ ու անմարդկային օրենքները։ Հարցեր, հարցեր, իսկ պատասխանը միանշանակ է՝ պայքարել մինչև վերջ։ Բայց բոլորի՞ն էր տրված մինչև գնալը, վերջնականին հասնելը։ Բորյան ևս մնաց կես ճանապարհին, բայց հաղթանակի նկատմամբ հավատը երբեք չլքեց նրան։ Իսկ Ելենա մայրիկի երազա՞նքը, հարսի, թոռների մասին անուրջնե՞րը... Բայց նրան երբեք մղձավանջ չթվաց այս ամենը, որովհետև մոր սիրտ է նրա սիրտը՝ լայն ու մեծահոգի։ Իսկ նվիրաբերումն էլ՝ թեկուզ ամենաթանկը, անափսոսանք, որովհետև Բորյայի չապրածը երևում է այսօրվա Արցախի երեխաների անհոգ աչքերում...

Իշխան Ավետիսյանը դեռեւս 13-ամյա պատանի էր, երբ խորապես հիասթափվեց խորհրդային իշխանությունից. դաժանաբարո 1937-ը կլանեց և՞ պապին, և՞ հորը։ Իսկ հոգու մեջ բույն դրած ատելությունն ուղեկցեց նրան ողջ կյանքի ընթացքում։ Եվ երբ 60-ականներին Արցախյան հարցը նոր սկիզբ ունեցավ, թվաց, թե եկել է հատուցման ժամը։ Ավաղ, նա կրկին հիասթափություն ապրեց, և ակտիվիստների շարքում Իշխանը նույնպես ՊԱԿ-ի կալանախցիկում գտնվելու ՙբախտին՚ արժանացավ։ Հիասթափվեց, բայց երբեք հուսալքություն չապրեց, արթուն պահեց հոգու մեջ հայրենասիրության զգացումը ու... շարունակեց տաքսիստի իր համեստ աշխատանքը, մինչև...
1988-ի փետրվարը նորովի իմաստավորեց ՙտաքսիստ՚ Իշխանի կյանքը. նա բոլորանվեր տրվեց համազգային շարժմանը։ Հանրահավաքներում նրա կրակոտ ելույթները նոր լիցք էին հաղորդում մայրաքաղաքի հրապարակներում արդար բողոքով պայքարի ելած հոծ բազմություններին։
...Հայրենասիրության դասերը պապից էր առել չորս տարեկանից այդ հարկի տակ ապրող թոռը՝ Սամվելը, ում 16-ը 1988-ի ապրիլի 26-ին պիտի լրանար դեռևս։ Իշխան պապն ու Ժենյա տատը ձգտում էին նրան լավագույնս նախապատրաստել մեծ կյանք մտնելու համար։ Դպրոց, հետո՝ պրոֆտեխուսումնարան, հետո... 1988-ի փետրվարը Սամվելի համար յուրովի դպրոց էր, շատ անգամ՝ նույնիսկ անհասկանալի-անբացատրելի շրջադարձումներով... Իսկ հակառակորդի հետ առճակատման առաջին փորձը 1988-ի սեպտեմբերի 26-ին էր, Խոջալվում, երբ ազերի ճանապարհահենները հարձակվել էին Հայաստանից մարդասիրական օգնություն բերող ավտոշարասյան վրա։ Կարո՞ղ էր Սամվելը չանսալ սրտի ձայնին ու օգնության չշտապել։ Կարո՞ղ էր... թեկուզ՝ առանց զենքի, բայց ոչ անզեն. նրա զենքը ատելությունն էր՝ թշնամու, և ցասումը՝ անարդարության հանդեպ։
Փորձն, ինչպես ասում են, փորձանք չէ, և առաջին հաջողությամբ ոգևորված Սամվելն սկսեց բազում փորձություններով լի մի մարտուղի։ Ու թեև վիրավորվել էր Խոջալվում (ոտքի վերքը գաղտնի էր բուժում, որ հանկարծ Մոսկվայից ժամանած քննչական խմբի ճանկը չընկնի), բայց, այնուամենայնիվ, անկարող էր Կրկժանում թշնամու կողմից նեղվող հայրենակիցներին օգնության չհասնել։ Իսկ կասկածվողների նկատմամբ վերսկսվում են զանգվածային հալածանքները։ Սամվելին նույնիսկ խոստանում են օգնել քննիչ դառնալու վաղեմի երազանքն իրականություն դարձնելու գործում, բայց խիզախ պատանին չի հրապուրվում այդ սնամեջ խոստումներով, այլ ավելի է զգուշանում և ընկերներին զգուշանալու հրահանգներ տալիս։ Ինչպե՞ս կարող էր նա իր երազանքը իրականություն դարձնել ստոր ճանապարհներով, ուստի՝ ժամանակավորապես թողնում է Արցախը, բայց օտարության մեջ կարո՞ղ էր երկար մնալ, երբ պապին ու տատին թողել էր վտանգված երկրամասում։ Վերադառնում ու անմիջապես էլ անդամագրվում է Վաչագան Իշխանյանի հրամանատարությամբ գործող զինված ստորաբաժանմանը. Արցախում արդեն սկսվել էր չհայտարարված պատերազմը։ Խիզախ հայորդիները դաժան մարտեր էին մղում Կրկժանի, Խոջալուի, Քյոսալարի, Ջանհասանի, Ղայբալիշենի թշնամական կրակակետերը լռեցնելու ուղղությամբ։ Այդ մարտերին իր անձնվեր մասնակցությունն էր բերում նաև հեղափոխական պապի արժանավոր թոռը։ Բայց Ղայբալիշենի համար մղված մարտը վերջինը եղավ  նրա համար. 10 հոգով հանձնարարություն են ստանում հետախուզել հակառակորդի հսկողության տակ գտնվող տարածքը, բայց, դեռ կես ճանապարհին՝ լուր են ստանում, որ հակառակորդը հարձակվել է Ղայբալիշենին մերձ մեր դիրքերի վրա, և անմիջապես անհավասար կռվի մեջ են մտնում, ետ մղում թշնամական հարձակումը։ Քիչ անց՝ երեք կամավորներ կրկին մտնում են կրակի գիծ՝ դուրս բերելու վիրավոր ընկերներին, ու երեքն էլ՝ Սամվելը, Սեգոն, Մուրադը, ընկնում են թշնամու կրակի տակ։
1992-ի մարտի 29-ին վերջակետ դրվեց  Սամվելի երկրային կյանքին։ Բայց Իշխան և Ժենյա Ավետիսյանների հարկի տակ նա մշտապես ներկա է՝ և՞ առօրյա խոսակցություններում, և՞ մտորումների մեջ։
Սրտի կսկիծով պատմում են Սամվելի մասին, հպարտության զգացում ապրում նրա հետմահու պարգևներով՝ ՙՄարտական խաչ՚ երկրորդ աստիճանի շքանշանով, ՙԱրիության համար՚, ՙՇուշիի ազատագրման համար՚, ՙՄայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին՚ մեդալներով։ Ու թեև ափսոսանք են ապրում 20-ը դեռ չբոլորած իրենց թոռան կորստի համար, բայց և հպարտ են, որ կարողացել են նրան այդպես դաստիարակել՝ անձնվեր ու տոկուն ոգով։ Իշխան պապը, որպես արվածի դրվատում ու գնահատանք, ԼՂՀ նախագահի 2001-ի սեպտեմբերի 2-ի հրամանագրով, ԼՂՀ անկախության գործին զգալի ավանդի  ու ջանքերի նվիրաբերման համար պարգևատրվել է ՙԵրախտագիտություն՚ մեդալով։
Իհարկե, պատիվ է կառավարական պարգևի արժանանալը, բայց ՙտաքսիստ՚ Իշխանի համար կարևորը ոչ թե պարգևն է, այլ անցածը հիշելն ու գնահատելը։
    Չմոռանանք, որ հանկարծ չարժեզրկվի արժանիքը, արժանավորը։

Կոմիտաս Արսենի Հակոբյանը ծնվել է 1972-ի հունիսի 1-ին, Արցախի Մարտունու շրջանի Քերթ գյուղում։ Տեղի միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի (այժմ՝ Արցախի պետական համալսարան) բանասիրական ֆակուլտետը։ Երբ արցախյան խաղաղ շարժումը պարտադրաբար մտել է զինված պայքարի փուլ՝ ինստիտուտի գերազանցիկ ուսանողը կամավոր մասնակցել է պաշտպանական ու ազատագրական մի շարք մարտերի, իսկ  Մաճկալաշենի գումարտակի կազմավորումից հետո՝ մարտական կենսագրությունը շարունակել այդ գումարտակի կազմում։ Իր արիությամբ ու անկոտրում կամքով նա մարտնչել է ՙԽազազի՚ բարձունքում, Դիվանլար, Ղաջար, Մարզիլու, Ամիրանլար գյուղերում ու Գևորգավանի տեղամասում գործող թշնամական կրակակետերի վնասազերծման գործողութունների ընթացքում, մասնակցել Ֆիզուլու և Աղդամի շրջանների զգալի տարածքների ազատագրմանը՝ Մաճկալաշենի գումարտակում ընդգրկվելով նախ՝ վաշտի, իսկ այնուհետև՝ գումարտակի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալի հաստիքներում։
Պատերազմական գործողություններին զուգընթաց՝ Կոմիտասը հասցնում էր կարգավորել նաև ուսման հետ կապված խնդիրները՝ հաջողությամբ հանձնում էր ընթացքային քննությունները, և, որ ամենակարևորն է՝ ստեղծագործել։ Ի դեպ, 1993-ին ՙԱրցախ՚ հրատարակչության կողմից Ստեփանակերտում տպագրվեց արդեն Գրողների միության շարքերն ընդունված Կոմիտաս Հակոբյանի բանաստեղծությունների ՙԳոյության պատրանք՚ խորագիրը կրող անդրանիկ ժողովածուն։
Հերոսաբար զոհվել է Մարտակերտի Կարմիրավան գյուղի համար մղված հերթական ազատագրական մարտում, 1994-ի մայիսի 5-ին...
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ ՙԱրիության համար՚ մեդալով։
1997-ին ՙԱռերեսում-Անի՚ հրատարակչական համալիրը Երևանի պետական համալսարանի տպարանում հետմահու... տպագրել է Կոմիտաս Հակոբյանի բանաստեղծությունների ՙՆվիրում՚ խորագրով երկրորդ ժողովածուն։ Գրքում տեղ են գտել նաև հեղինակի օրագրային գրառումները, որոնք ավելի պարզ ու ընդգրկուն են դարձնում բանաստեղծ-մարտիկի ամբողջական դիմագիծը։
...Կոմիտաս Հակոբյան բանաստեղծն իրեն զգացնել տվեց ոչ միայն ՙԳոյության պատրանք՚ առաջին գրքով, նա արդեն կա՞ր իր ձեռագրերում, որոնցից երկրային լույս էր ճառագում։ Ամեն անգամ էր այդպես, բանաստեղծությունները կարդալիս այնպես էր թվում, ասես՝ գտել ես քո ամենամոտ հարազատին, եղբորդ։
Նա մաքուր էր, անաղարտ հոգով՝ աղարտված շրջապատի մեջ, և այդ գոյությունը բնավ էլ պատրանք չէր, այլ՝ ինքնահաստատման վկայագիր դարձավ, թեև այն ՙպատրանք՚ անվանվեց։ Ինչո՞ւ՝ ՙպատրանք՚, երբ ՙգոյությունն՚ իր մեջ երկու ձև է պարունակում՝ նյութական ու ոգեղեն, և այդ երկու ձևերը փոխարինում են մեկը-մյուսին, լրացնում... Երբ նյութին փոխարինելու է գալիս ոգին՝ մարդը էլի շարունակում է ապրել, բայց արդեն գոյության մի այլ կերպում։ Ապացո՞ւյց է պետք՝ խնդրեմ։ Ահա, թերթում եմ Կոմիտասի երկրորդ գիրքը, որ ՙՆվիրում՚ խորագիրն է կրում։ Ցավոք, գիրքը հեղինակը չի կազմել։ Նա միայն ՙապահովել է՚ իր ոգեղեն ներկայությունը։ Միայն հուշել է.

Մի օր կծրարես
Իմ վարքը՝
Որպես հիշողություն...

Ես չեմ լինի...

Բանաստեղծի ՙվարքը՚ գրքի ձևով ՙծրարել է՚ նրա սիրելի Նունեն (այժմ՝ Արցախի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Նունե Խաչատրյանը)։
Ու թեև ՙայս կյանքի բարդ թոհուբոհում լոկ մի գիշեր էր Տերը պարգևել՚ նրան, սիրո մի գիշեր, բայց դա մի ամբողջ հավերժություն է, հավերժական մի կյանք՝ բնական ու անսեթևեթ։ Եվ փետրվարյան ցուրտ գիշերվա երկնքում դեռ մրսում էին աստղերը, իսկ բառընդերքում տաքանում էր... սերը։ Սակայն ՙհեռու չէր նաև... բաժանումը՚։ Ու ՙամեն ինչ մնաց հիշողության ընդերքում, և մի պառավ տատիկ մեր հուշերն է վաղուց ավլել այն փողոցից՚։
Եվ կրկին՝

Քեզ հիշելուց արյունս ցավում է։
Այլևս... արի՞...

ՙԱրի՞՚,- սակայն ՙանկյանք փողոցներում՚ զինվորներն են վխտում միայն, ովքեր ՙստվերներ են փնտրում՝ պարետատուն տանելու համար՚, և ՙթափառական շներն անգամ խույս են տալիս՚ նրանցից ու հաչում զինվորական ՙուղեղի մեջ սսկված հիստերիկ գաղափարների վրա՚։ Ներարկվա՞ծ գաղափարների։ Պարետային ժամ է, ու թեև ՙօրն այստեղ կարող է վերջանալ իրիկնամուտին, իսկ գիշերն առանց զոհի չի վերջանում՚։
Ահավասիկ՝

Ցուրտ պարետատան ներքնահարկերում
Ծխենք դողալով
Եվ հիշենք,
Որ չապրածի համար
Չի վճարելու ոչ մեկը կյանքում։

Կարդում ես բանաստեղծությունները, կարդում կրկին ու կրկին, և բոլորն՝ ապրած, իրական, մի բան միայն, որ անընդհատ կրկնվում է.

Օր,
իմ ցանկությամբ
և կամավն Աստծո
տուր ինձ ապրելու
մի ուրիշ ձև։

Կամ՝

Ես վախենում եմ,
որ մի օր չլինեմ,
և օրս,
հաշմված օրս
ավերվի իմ չգոյությունից...

Սակայն ՙուրիշ կյանքով ապրել՚ չես կարող.

Զի Աստված մի օր,
այս ճանապարհն է
իմ դեմ երկարել,
որ տառապանքով
պիտի վերծանվի։

...Այո, նա ուրիշ ճանապարհ չգիտեր։ Իմանար էլ՝ ա՞յս մեկը կընտրեր, ինչպես որ ընտրեց։ Անպայմա՞ն։ Ու մինչև վերջ ա՞յս ճանապարհով կգնար, ինչպես որ գնաց։ Եվ թող օրհնվի այդ ճանապարհը, երիցս, և տա՞ Աստված, բոլորը, նաև՝ մոլորյալները, դարձի գան ու ա՞յս մեկը ընտրեն միայն, նրա՞ նման։ Իսկ բանաստեղծությունը, որ նվիրում է, ինչպես որ նրա գոյությունն էր նվիրում, երբեք չի թվա պատրանք, այլ կլինի գոյություն՝ այսօր և միշտ։

Իսկ ինքնությունս
զննելու համար
տողերս պիտի
վկայակոչվեն։

Անպայմա՞ն կվկայակոչվեն...

Գորիսի Կոռնիձոր գյուղում երևի թե դեռ կան մարդիկ, ովքեր հիշում են Հայրապետ Բաբայանին։ Իսկ գուցե չկա՞ն այլևս՝ գուշակել չեմ ուզում։ Պարզապես շատ տարիներ են անցել։ Հայրապետի ընտանիքում ութ զավակ էր աշխարհ եկել, բայց այդ ութից միայն երկուսը մնաց։ Գրիգորին ու Ավագը։ Ի՞նչ իմանաս՝ ի՞նչ պատճառով, ժամանակները ծանր էին, ապրուստի միջոցներ հայթայթելը՝ դժվար։ Գրիգորին ու Ավագը մեծացան, առնականացան ու կարողացան դրսևորել իրենց և անխոնջ աշխատանքով մեծ հարստություն ձեռք բերել։
Ամուսնացան եղբայրները,  Գրիգորին՝ Գյուլվարդի, իսկ Ավագը՝ Վարսենիկի հետ, տուն-տեղ դրեցին։ 1922-ին ծնվեց Գրիգորիի անդրանիկ որդին՝ Ասատուրը, և ասես պակաս ոչինչ չկար՝ իրենց լիարժեք երջանիկ զգալու համար։ Բայց, ահա, իշխանության եկած ՙկարմիր վաշխառուների՚ աչքին վատ երանգներով երևաց աշխատասիրությամբ ու ջանադրաբար ձեռք բերված նրանց հարստությունն ու սկսեց ազգայնական, դաշնակցական, այլևայլ պիտակներ մոգոնվել նրանց հասցեին։ 1925-ին, արդեն սկսված կուլակաթափման գործընթացի ՙբերանն՚ ընկավ նաև Բաբայան եղբայրների ունեցվածքը՝ տոննաներով ցորենն ու ողջ անասնագլխաքանակը, իսկ Գրիգորին նույնիսկ 15 օրով կալանքի տակ վերցվեց։ Ազատվելով բանտից, նա իր և եղբոր ընտանիքների հետ փախավ Ղարաբաղ։ Ավագը տեղավորվեց Մարգուշավանում (Մարտակերտի շրջան), իսկ Գրիգորին՝ Միր-Բաշիրի շրջանի Ղափանլու գյուղում։ Կրկին սկսեցին տուն-տեղ դնել, ապրուստի միջոցներ հայթայթել՝ գոնե մի կերպ յոլա գնալու համար։ Գրիգորիի ընտանիքում 1926-ին ծնվեց Փառանձեմը, իսկ1928-ին՝ Երվանդը։ Գրիգորին ստիպված էր բատրակություն անել ադրբեջանցի Սոյուխանի համար, որպեսզի կարողանա իր երեխաների համար հանապազօրյա հաց վաստակել։ Շատ դեպքերում սակայն տանը նույնիսկ ցամաք հաց չէր լինում երեխաներին տալու համար, իսկ տան փոքրը՝ Երվանդը, այլևս չկարողանալով դիմանալ քաղցածությանն՝ ասում էր.
-Ես հաց չեմ ուզում, գոնե մի քիչ փթռուկ տվեք։
-Ալյուր չկա, ո՞նց փթռուկ եփեմ քեզ համար,- լացով պատասխանում էր մայրը։- Ասում են՝ դաշնակի երեխան պիտի սովամահ լինի...
Երբ արդեն երեխաները դպրոցահասակ դարձան՝ Գրիգորին ընտանիքով տեղափոխվեց հարևան Կարմիրավան գյուղը, որպեսզի երեխաները հայկական կրթություն ստանան։ 1926 թվականին ծնվեց ընտանիքի երրորդ երեխան՝ Սամվելը, իսկ 1940-ին՝ չորրորդը՝ Ռաֆիկը։ Ավագ որդին՝ Ասատուրը, գերազանց գնահատականներով ավարտեց գյուղի չորսամյա, իսկ այնուհետև՝ Սեյսուլանի յոթնամյա դպրոցները, իսկ Շուշիի մանկավարժական տեխնիկումի ավարտական քննությունների նախօրյակին, 1940-ին, զորակոչման ծանուցագիր ստացավ։ Շտապ վերադարձավ գյուղ՝ ծնողներին հրաժեշտ տալու, բայց ասաց, թե իբր արձակուրդ է եկել, և շուտով կգնա ավարտական քննություններ հանձնելու։ Զորակոչվեց Կարմիր բանակի շարքերն ու անմիջապես ուղարկվեց ֆիննական ճակատ, իսկ այնուհետև մասնակցեց Հայրենական պատերազմին, անցավ մահերի ու կրակների միջով։ Բայց 1942-ի օգոստոսի 5-ին Ղրիմի ռազմաճակատում մղված մարտն ավելի կատաղի բնույթ էր կրում։ Արդյունքում՝ կարմիրբանակային Ասատուր Բաբայանն ընկավ թշնամու ձեռքը, հայտնվեց Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում, որից հետո նրան տեղափոխեցին Ֆրանսիա, ուր մի խումբ համախոհների հետ կարողացավ փախուստի դիմել և միանալ հակաֆաշիստական գործողություներ ծավալող պարտիզանական խմբերից մեկին։ Պարտիզանների մոտ էլ հանդիպեց ֆաշիստական գերությունից փախած իր ուսուցչին՝ Մովսես Խաչատրյանին, ով հետագայում կապ հաստատեց Ֆրանսիայի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Մորիս Թորեզի հետ, աշխատակցեց Փարիզի կոմունիստական մամուլին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթական ավարտից որոշ ժամանակ անց Մովսեսը վերադարձավ հայրենիք, ուր և՝ հայրենիքի դավաճանի պիտակով, հետագայում աքսորվեց Սիբիր։ Իսկ Ասատուր Բաբայանի անհայտ ճակատագրի մասին առաջին տեղեկությունները Կարմիրավան հասան 1953 փրկարար թվականից հետո միայն։ Նրա մասին հիանալի հուշեր էին պահպանում Շուշիի մանկավարժական տեխնիկումի այն ժամանակվա տնօրեն Արսեն Խաչատրյանը, մանկավարժներ Սամվել Շինականյանն ու Թեմուր Ամիրջանյանը...
...1949 թվականը հայտնվել էր արդեն, 37-ից ավելի վայրագ կերպարանքով, կլանելու ժողովուրդների ընտրանին, սերուցքը։ Դեպի անհուն ու անափ հյուսիսներ էին ձգվում անմեղ մարդկանցով (կանայք, երեխաներ, ծերեր, պատերազմի վետերաններ) լեցուն շարժակազմերը, որոնց անմիջապես ՙկլանում՚ էին սիբիրյան ձյունապատ անծայրածիր տափաստանները։
Գրիգորի և Ավագ Բաբայան եղբայրների ընտանիքները (մանկահասակ երեխաներով) ևս բացառություն կազմել չէին կարող։
Թերթում եմ ինձ տրամադրված փաստաթղթերը.
ՙԽՍՀՄ պետանվտանգության նախարարությանը կից հատուկ խորհրդակցության 1949 թ. հոկտեմբերի 8-ի որոշման համաձայն, Գրիգորի Հայրապետի Բաբայանին (1891 թ. ծնվ.), նրա կնոջը՝ Գյուլվարդ Մանուչարի Բաբայանին (1899 թ. ծնվ.), որդուն՝ Երվանդ Գրիգորիի Բաբայանին (1928 թ. ծնվ.), որդու կնոջը՝ Օլգա Խաչատուրի Բաբայանին (1928 թ. ծնվ.), որդուն՝ Սամվել Գրիգորիի Բաբայանին (1936 թ. ծնվ.), որդուն՝ Ռաֆիկ Գրիգորիի Բաբայանին (1940 թ. ծնվ.), որպես դաշնակ-ազգայնականի ընտանիքի՝ 1949 թ. հուլիսի 14-ին Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղից ՆԳՆ ուժերի խիստ հսկողության ներքո աքսորել Ալթայի երկրամասի հատուկ բնակավայրեր՝ կրելու իրենց պատիժը՚։
Ավագ Բաբայանն աքսորվեց կնոջ՝ Վարսենիկի ու դստեր՝ Արուսյակի հետ։
Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամասի Ներքին գործերի վարչության տեղեկատվական վարչությունից ստացվել են արխիվային տեղեկանքներ, ուր նշված են բոլոր աքսորյալների տվյալները, վկայումներ նրանց բռնադատման ու աքսորավայրերից ազատման մասին։
Փաստաթղթերը սոսկ վկայագրեր են անցած դաժան ու մռայլ ժամանակաշրջանի մասին, և չեն կարող արտացոլել այն ամբողջ իրական պատկերը, որ հեռավոր հյուսիսներում աքսորյալներն են զգացել իրենց մաշկի վրա։ Եվ, իրոք, մարդը զարմանահրաշ երևույթ է բնական արարածների համապատկերում, որ ընդունակ է վերապրել այս ամենն ու նույնիսկ... ողջ մնալ։ Դաժան 1949-ին Ռաֆիկ Բաբայանն ընդամենը 9 տարեկան էր, Սամվելը՝ 13։ Նրանք, որ դեռ իրենց երեխայական չարաճճիություններով պիտի ուրախացնեին շրջապատի մարդկանց, միայն սառած ժպիտներ կարողացան թողնել հյուսիսի ձյուներում։ Ռաֆիկը նաև տեսողությունը վնասեց, ինչի հետևանքով էլ չկարողացավ դպրոց հաճախել։ Չդիմացավ միայն ընտանիքի հայրը՝ Գրիգորին, ու երբ 1956-ին ներվեց այդ գերդաստանի չգործած մեղքը և թույլատրվեց վերադառնալ, նրա հայրենակարոտ ոսկորները հավիտյանս մնացին սիբիյան անհալ ձյուների տակ։
Վերադարձողները կրկին շենացրին տարիներով  անտեր մնացած իրենց հայրական օջախը, հետագայում նաև առանձնատներ կառուցեցին Կարմիրավանում ու երբեք նախնիների հայրենիք չվերադարձան, Սյույաց աշխարհը նրանց համար մշտապես երազանք մնաց։ Տարիների հետ սպիացավ ցավը, սիրտ կեղեքող մորմոքը, կյանքն աստիճանաբար մտավ սովորական հունի մեջ։
Սամվել Բաբայանի ընտանիքում ծնվեց Գրիգորի Բաբայան-կրտսերը, որ հայրենի հողում գերեզմանվելու բախտին չարժանացած պապի անունը մի քանի սերունդ ևս հավերժացվի։ Հորը վերջին հրաժեշտը տված տասնութամյա պատանին՝ հիմա՝ ծերունազարդ Սամվելը նրանից է հոր կարոտն առնում...
...Արցախյան համազգային շարժումը նորովի վերադասավորեց Բաբայանների գերդաստանի ճակատագիրը։ Անխուսափելի էր առճակատումը, և լկտիացած ադրբեջանցիները հերթական անգամ ուզում էին թելադրել ՙխաղի կանոնները՚, բայց քաջազուն հայորդիները ոտքի ելան փրկելու Արցախի պատիվն ու ազատությունը։
Բազում կարմիրավանցիների հետ պատերազմի դաշտ մեկնեցին նաև Սամվել և Ռաֆիկ Բաբայան եղբայրների որդիները՝ Յաշան ու Գրիգորին, Արմենը, Մասիսն ու Հենրիկը։ Յաշան ամենատարիքովն էր և 32 տարեկանում արդեն վեց երեխայի հայր էր, Գրիգորին՝ երեք։ Արմենը, Մասիսն ու Հենրիկը դեռ չէին հասցրել ամուսնանալ։
Յաշան ադրբեջանական օմոնականների դաժանությունն առաջին անգամ 1991-ի մայիսի 15-ին զգաց, երբ ԽՍՀՄ ՆԳՆ  Ներքին զորքերի զինծառայողների ուղեկցությամբ անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով Կարմիրավան ներխուժեցին։ Արդյունքում ձերբակալվեցին Յաշա Բաբայանն ու ևս 8 կարմիրավանցիներ՝ Վոլոդյա Հասրաթյանը, Վիտյա Նավթալյանը, Կամո Սարգսյանը, Ալբերտ ու Ալիկ հայր ու որդի Ափյանները, Սեդրակ Մկրտումյանը, Ալյոշա Գալստյանը, Սերգեյ Բախշյանը։ Ձերբակալվածնեը նախ Միր-Բաշիրում ՙհյուրընկալվեցին՚, Բարդայում պահվեցին 10 օր, որից հետո ևահբուլաղի բանտ տեղափոխվեցին։ Յաշան ազատ արձակվեց երկու ամիս հետո միայն՝ հյուծված առողջական վիճակով։
Խաղաղ աշխատանքով զբաղվելու հնարավորություն չկար այլևս, թշնամին անընդհատ հրթիռահրետակոծում էր Կարմիրավանն ու շրջակա տարածքները, զինված հարձակումներ ձեռնարկում, որոնց հետևանքով գյուղն ամբողջությամբ հայտնվել էր հակառակորդի կողմից վերահսկվող տարածքի շրջագծում։ Հայ վրիժառուներն անում էին ամեն հնարավորը։ Չեմ ուզում գերագնահատել նրանց վաստակը, հատկապես՝ կարմիրավանցի Իգոր Հասրաթյանի, որը կռվել է Կարմիրավանի, Մարտակերտի, Շահումյանի գյուղերի, Կրկժանի, Խոջալուի, Ջանհասանի, Շուշիի պաշտպանական ու ազատագրական մի շարք մարտերում, կանգնել Խրամորթի, Քարագլխի, Նախիջևանիկի, Սառնաղբյուրի, մի շարք այլ գյուղերի պաշտպանների կուռ շարքերում։
Յաշա Սամվելի Բաբայանը ևս հանգիստ նստել չէր կարող։ Մասնակիորեն վերականգնելով առողջությունը, նա ծառայության անցավ ՙԱզատագրական բանակի՚ Վլադիմիր Բալայանի անվան ջոկատում և ծառայակից տղաների հետ մասնակցեց բազում մարտերի (զոհվել է 1993-ի հունիսի 26-ին, Մաղավուզի ազատագրման համար մղված մարտում)։
Հայրենիքին իր արժանի ծառայությունն է մատուցել նաև Յաշայի միջնեկ եղբայրը՝ Գրիգորին՝ ծառայելով նույն ջոկատում, մասնակցել պաշտպանական ու ազատագրական բազում մարտերի, վիրավորվել։ Այսօր էլ նա իր արժանի մասնակցությամբ օժանդակում է բանակաշինության խաղաղ գործընթացին։
Ստեփանակերտի Հուշահամալիրում կողք-կողքի հանգչում են Արմեն և Մասիս Բաբայան եղբայրները։ Ռաֆիկ Բաբայանի տան դուռը չար բոթը մեկ տարում (1994-ին) երկու անգամ է բախել, ու երկու որդիները՝ 22 և 18-ամյա հասակում, մշտապես հրաժեշտ են տվել երկրային կյանքին՝ դիմագրավելով անարգ թշնամու առաջխաղացմանը։
Իսկ հայրենի Կարմիրավան գյուղը քանի՛-քանի անգամ է ձեռքից ձեռք անցավ, քանի՛ քաջակորով կարմիրավանցիներ իրենց մատաղ կյանքը նվիրաբերեցին հայրենիքի փրկության սրբազան գործին։
Եկավ հաղթանակի բաղձալի պահը, բայց Կարմիրավանն այդպես էլ մնաց հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում։ Եվ այդ սուրբ նահատակների արժանի հուշարձանն է այսօրվա ազատ ու անկախ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, որ ամրապինդ է իր ուժեղ բանակով և կայունացող օրինական դաշտով։
Ստալինյան բռնադատության ճիրաններում հայտնված Սամվել և Ռաֆիկ Բաբայան եղբայրներն այսօր լիովին արդարացված են և ԼՂՀ արդարադատության նախարարությանը կից ստեղծված բռնադատվածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կողմից ստացել են բռնադատվածի կարգավիճակ և նախատեսված արտոնություններից օգտվելու հնարավորություն։ Նաև՝ դրամական փոխհատուցում։
Ահա հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքներից մեկը.
ՙՏրվում է բռնադատված քաղաքացի Սամվել Գրիգորիի Բաբայանին առ այն, որ համաձայն ԼՂՀ կառավարության մայիսի 16-ի (տարեթիվը նշված չէ.- հեղ.) թիվ 99 որոշման՝ նրա սեփականությունը հանդիսացող բռնագրավված գույքի, նրա կողմից վճարված տուգանքի կամ պատիժը կրելու ընթացքում չստացած աշխատավարձի դիմաց նրան ենթակա է վճարման միանվագ դրամական փոխհատուցում ԼՂՀ օրենսդրությամբ հաստատված նվազագույն աշխատավարձի տասներկուպատիկի չափով՚։
Ահա, այսպես. յոթ երկար ու ցրտաշունչ տարիների տաժանակիր աշխատանքի դիմաց՝ նորանկախ հանրապետության հնարավորությունների չափով։
Իսկ կյանքը շարունակվում է, և ամեն նոր բացվող օր նորովի է իմաստավորում տառապանքի բազում պարունակներով անցած Բաբայանների գերդաստանի հուսալի այսօրը...

Մարտակերտում մի համեստ ընտանիք էր ապրում. ուստա Խորենի ընտանիքն էր։ Իսկ ո՞վ չէր ճանաչում ուստա Խորենին. Մարտակերտում շատ տներ նրա ձեռքերով էին կառուցվել։ Կինը ռուս էր՝ ռուս Կատյա. այդպես էին ճանաչում նրան։ Երեք դուստր ու երկու ուստր էին դաստիարակվում այդ հարկի տակ։ Եվ ապրում էին առօրյա հոգս ու ցավերով։
Արցախյան շարժումը վերաիմաստավորեց այդ ընտանիքի ճակատագիրը  եւս։ Խաղաղ ցույցերին ու հանրահավաքներին հաջորդում է հերթական քայլը՝ ֆիդայական ինքնապաշտպանական ջոկատների կազմավորումը։ Մարտակերտի խորհտնտեսության տարածքում դեռևս 1990-ի հունվարից գործող ջոկատի կազմում ընդգրկվածները հիմնականում տնտեսության աշխատողներն էին. անմասն չըմնացին նաև ուստա Խորենի երկու տղաները՝ Սերգեյ և Սաշա Պետրոսյանները, ովքեր նույնպես այդ տնտեսության մեխանիզատորներից էին։
1992-ի ամռանը շրջանի մի շարք գյուղեր մեկը մյուսի ետևից ընկան։ Ժողովուրդը քամու բերանն ընկավ, ծերերը, կանայք ու երեխաները ապաստան գտան Ստեփանակերտի դպրոցներում, հյուրանոցում, մանկապարտեզներում, իսկ տղամարդիկ մնացին՝ կասեցնելու արյունռուշտ թշնամու առաջխաղացումը։
Սերգեյի ընտանիքը (ծնողների հետ) տեղավորվեց հյուրանոցում, իսկ  Սաշայինը՝ քաղաքի դպրոցներից մեկում։ Քույրերն իրենց ընտանիքներով արդեն տեղափոխվել էին Հայաստան։
Մարտադադարներից մեկի ժամանակ՝ 1992-ի օգոստոսի 13-ին, Սերգեյն արձակման գրությամբ Ստեփանակերտ հասավ՝ ընտանիքի հետ տեսակցվելու, բայց քաղաքում զինվորական պարետատան ծառայողների կողմից կալանվեց. անուշադրության մատնվեց նույնիսկ ազատման գրությունը։ Տեղում, իհարկե, հանգամանքները պարզվելուց հետո Սերգեյն ազատ արձակվեց ու եկավ հյուրանոց, բայց անարդարությունը դառնության երանգներ հաղորդեց նրա զգայուն ներաշխարհին։ Վեցամյա Էրիկը թռվռում էր ուրախությունից. հայրն էր կռվից վերադարձել կենդանի։
Հաջորդ օրը, ադամամութին, հերթական անգամ հրետակոծվում էր Ստեփանակերտը։ Արկերը պայթում էին հյուրանոցի մերձակայքում, իսկ մի արկ էլ՝ հյուրանոցի չորրորդ հարկի ճիշտ այն սենյակում, ուր խաղաղ քնով քնած էին Սերգեյն ու կինը՝ Հասմիկը՝ իրենց երեք անչափահաս երեխաների՝ Սոնյայի, Նոնայի ու Էրիկի հետ։
Հայրը՝ ուստա Խորենը, ջրի էր գնացել ու անտեղյակ էր կատարվածին, իսկ մայրը՝ ռուս Կատյան, կարկամել էր տեսածից. մի ակնթարթում՝ տղան, հարսը, երեք թոռները... Աստված իմ, այս ի՛նչ է կատարվում... Հինգից ոչ մեկը... Նրանք չտեսան օգոստոսի 14-ի արևածագը։
Նրանց թաղեցին միասին, Ստեփանակերտի Հուշահամալիրին կից գերեզմանոցում։
Իսկ դրանից ուղիղ մեկուկես ամիս առաջ՝ 1992-ի հունիսի 29-ին, Դրմբոն գյուղի պաշտպանական մարտի ընթացքում ծանր վիրավորվել ու Երևանի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոն էր տեղափոխվել Խորենի կրտսեր որդին՝ Սաշան։
Հյուրանոցում կատարվածը վախի անասելի զգացումով էր համակել Խորեն և Կատյա ամուսիններին. նրանք վերցրին Սաշայի կնոջը՝ Անուշին, երեք անչափահաս թոռնիկներին՝ Նելսոնին, Արթուրին, Ալեքսեյին, ու հեռացան Արցախի սահմաններից։ Փոքր-ինչ ապաքինվելուց հետո Սաշան ընտանիքի գիրկը վերադարձավ հաշմանդամության երկրորդ կարգով։
Արցախում վաղուց հրադադար է, իսկ նրանք նույնիսկ ճանապարհածախս չունեին վերադառնալու համար։ Ռուսաստաններում մի կերպ օրվա հաց էին վաստակում։ Սաշայի ավագ որդին՝ Նելսոնը, ծանր հիվանդ էր. սրտի արատով էր ծնվել, չէին կարողանում նույնիսկ վիրահատության համար քիչ-քիչ փող ետ գցել։ Եվ գտնվեցին բարի մարդիկ, հովանավորեցին վիրահատությունը. սրտի չորս փականներից երեքը չէին աշխատում. փոխարինվեցին արհեստականով։
Խորենը ծանր էր տանում Սերգեյի ընտանիքի կորուստը, վերադարձավ, աճյունները տեղափոխեց Մարտակերտ և փոքր-ինչ հանգստացավ։ Բայց չար դիպվածը, անմիտ պատահարը վերջակետեց նրա բովանդակալից, նաև դառնություններով լի կյանքի պատմությունը։
Նելսոնի առողջական վիճակը գնալով վատթարանում էր, իսկ կրկնակի վիրահատության հնարավորություն չկար, ու խնդրեց  ծնողներին՝ վերադառնալ հայրենիք, ամեն գնով։ Ուզում էր հայրենիքում մահանալ։ Այդպես էլ ասաց ծնողներին. ՙԻնձ այստեղ չթաղեք՚...
Ու վերադարձան։ Իսկ հայրենի Մարտակերտում նա ընդամենը յոթ ամիս ապրեց. 2002-ի փետրվարի 3-ի առավոտը կրկին անդառնալի կորստյան ցավով բացվեց այդ բազմատանջ ու բազմաչարչար գերդաստանի համար. կյանքից հեռացավ 18-ը դեռ չբոլորած պատանին, ով անվերջ տառապում էր հիվանդության մագիլներում։
Այդպես էլ ապրում են նրանք՝ պատերազմի դաժան պատկերը պատերի ներսում ամփոփած մարտակերտյան իրենց տանը։ Պատերազմի դառն հիշողությունը անզատելի, անբաժանելի է նրանց ճակատագրից։ Ապրում են այն հույսով, որ գոնե մյուս երկու որդիները կքայլեն հպարտ ու անհողդողդ՝ նորոգ հայրենիքի արևածագը դիմավորողների շարքերում...

Ստեփանակերտցի Վիլեն և Ռոմելա Աղաջանյանների ընտանիքում երեք երեխա էր մեծանում՝ երկու ուստր և մեկ դուստր։ Ունեցածով գոհ էին ու ապրում էին համեստ կյանքով։ Բայց երբ տղաները հասան զորակոչային տարիքի՝ մեկեն զգաստացան ծնողները։ Վախի զգացում չունեցան, պարզապես նրանց թվաց, թե շատ շուտ անցավ այդ ամբողջ ժամանակը։
Երկու եղբայրները հերթով ծառայեցին Խորհրդային բանակում, վերադարձան։ Ավագ որդին՝ Էդուարդը, ընտանիք կազմելու մասին դեռևս չէր մտածում, թեև զորացրվելուց հետո անմիջապես աշխատանքի անցավ քաղաքի ծայրամասում իր գործունեությունը սկսած մեքենաների կապիտալ նորոգման գործարանում։ Կրտսերը՝ Արսենը, անմիջապես ամուսնացավ, տուն-տեղ դրեց։ Առաջնեկն էլ՝ Դիանան, 1988-ին ծնվեց, արցախյան շարժման հետ։
Էդուարդի ճանապարհն այլ էր. նա արդեն աղետի գոտում էր, փրկարարների ջոկատում, որից հետո ընդգրկվեց ազգային ազատագրական շարժման մարտիկների շարքերում, իսկ մարտական մկրտությունը Գետաշեն-Շահումյանում ստացավ ու ձգվեց նրա մարտական ճանապարհը՝ Հադրութով, Ջամիլուով, Կրկժանով... մինչև Խոջալու։ Ծանր էին մարտերը, հատկապես՝ երբ զենքի ու զինամթերքի պակաս էր զգացվում, մյուս կողմից էլ, որ ադրբեջանցիներին ՙմենակ չէին թողնում՚ ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի զինծառայողները։ Բայց արիակամ հայ մարտիկները եթե պարտվում էլ էին, ապա՝ արժանապատվորեն։ Հետո հաղթանակներն սկսեցին հաջորդել մեկը մյուսին։
Շահումյանում էր վիրավորվել, ոտքից։ Ապաքինվելուց հետո կրկին շարք վերադարձավ ու 1991-ից երրորդ վաշտի կազմում կռվող ջոկի հրամանատար Էդուարդ Աղաջանյանը գիտեր իր անելիքը ու գործում էր՝ չխնայելով ոչինչ, ոչ ուժ, ոչ եռանդ, ոչ առողջություն։
Հակառակորդի կրակակետերի վնասազերծման մեկը մյուսին հաջորդած ռազմագործողությունները Ջամիլվում ու Կրկժանում՝ հաջողությամբ պսակվեցին։ Հեշտ է ասվում, բայց հաղթանակն այնքան էլ հեշտ չի տրվում խրամատում մարտնչող զինվորին։ Կրկժանի համար քանի՛ անգամ ռազմագործողություն ծրագրվեց, մարտ մղվեց։ միայն վերջին մարտում, 1992-ի հունվարի 20-ին, հայ մարտիկները կարողացան վայելել վաղուց սպասված հաղթանակի քաղցր բերկրանքը, այն, որ մայրաքաղաքի՝ Կրկժանին մերձ հայաբնակ թաղամասերը վերջնականապես ազատ շունչ կքաշեն։ Բայց ինչպե՞ս, երբ ամեն պահի իրենց ներկայությունն էին հուշում ազերի հրոսակները՝ Շուշիից ու Խոջալուից հրթիռահրետակոծելով  ԼՂ մայրաքաղաքն ու շրջակա բնակավայրերը։ Հասունացել էր պահը, և հայ ազատամարտիկների հերթական թիրախ էր ընտրվել Խոջալուն, որից հետո հերթը նաև Շուշիին պիտի հասներ։ Բայց Էդուարդի համար ամեն ինչ Խոջալվում ավարտվեց։ Ինչո՞ւ՝ ամեն ինչ։ Միայն՝ երկրային կյանքը։ Չէ՞ որ ասում են՝ կա նաև հետմահո՞ւ կյանք։ Էդուարդը Խոջալուից հետո շարունակեց ապրել իր երկրորդ՝ հետմահո՞ւ կյանքով, նաև՝ պետական գնահատանքով (ԼՂՀ ԳԽ ՙԱրցախ՚ պաշտոնաթերթի 1994-ի փետրվարի 12-ի համարում հրապարակված՝ հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Էդուարդը մի խումբ քաջազունների շարքում հետմահու պարգևատրվել է  ՙՄարտական խաչ՚ երկրորդ աստիճանի շքանշանով)։
Արսենը չէր կարող հանգիստ տանել եղբոր կորուստը։ Չցանկացավ նաև, որ նրա տեղը թափուր մնա մարտական շարքում, նախ ՙտեղավորվեց՚ Նորոգման-վերականգնման առանձին գումարտակի ստորաբաժանումներից մեկում, որպեսզի հանգստացնի մորն ու դեռատի կնոջը՝ արդեն երեք երեխաների մայր Լաուրային, հետո միայն եղբոր վաշտը տեղափոխվեց, որի կազմում մինչև 1994-ի մարտի սկիզբը մասնակցեց ազատագրական ու պաշտպանական բազում մարտերի։
Վերջին անգամ 1994-ի փետրվարի 26-ին տուն եկավ՝ եղբոր գերեզմանին այցելելու։ Ու՝ գնաց։ Իսկ մարտի 5-ի մարտը Ֆիզուլու շրջանում՝ վերջինը եղավ նրա համար։ Երկու եղբայրները մշտապես միացան իրար, նույն ճակատագրով։
Ու մղկտում է մոր սիրտը.
-Ինչո՞ւ այդպես վարվեցիր, Աստվա՞ծ իմ, գոնե երկուսից մե՞կը ողջ մնար...

Ժորա  և Բելա Պողոսյան ամուսինները չորս անգամ ապրեցին արու զավակ ունենալու բերկրանքը, բայց ընտանիքի հայրը չապրեց մինչև արցախյան զարթոնքի սկիզբը։ Տղաները շարունակեցին շեն պահել հայրական օջախը։ Իսկ երբ սկսվեց Ազատամարտը, չորսից երեքը՝ Սլավան, Սեյրանն ու Մեսրոպը, անմիջապես ընդգրկվեցին հայրենյաց պաշտպանների շարքերում։ Սամվելը, սակայն, որ հիվանդության պատճառով չէր կարող մարտադաշտ գնալ, մնաց թիկունքում և իր կարողացածին չափով ծառայություն մատուցեց. լուսանկարիչ էր, իր մասնագիտության առումով մատուցվող ծառայությունն էլ կարևոր նշանակություն ուներ. զոհված զինծառայողների լուսանկարները բազմացնելու կամ մեծացնելու անհրաժեշտությունն զգալի էր։ Իսկ ռազմաճակատի տարբեր ուղղություններում մարտնչող եղբայրները հիմնականում կենտրոնացան Հադրութում՝ իրենց պապերի հայրենիքում։ Հարազատության զգացումն անասելի մեծ էր Հադրութի նկատմամբ, ո՞նց թողնեն, որ թուրքն այնտեղ երկար նստի...
Բայց պատերազմն անողոք է և զոհեր է պահանջում։ Առաջինն այս ընտանիքից Սլավան՝ ավագ որդին ՙզիջեց՚ դիրքերն ու ՙանձնատուր՚ եղավ։ Բայց դե՝ Սլավան ողջ լիներ և թուրքի առաջ դիրքերը զիջե՞ր...
Ծնվել է 1956-ի մարտի 26-ին Ստեփանակերտում։ Սովորել է քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում, այնուհետև զորակոչվել Խորհրդային բանակի շարքերը, ուր ծառայելով տանկային զորամասում, տիրապետել է մեխանիկ-վարորդի մասնագիտությանը։ 1982-83 թվականներին աշխատել է Ռյազանի կոնդենսատորների գործարանի Ստեփանակերտի մասնաճյուղում, այնուհետև տեղափոխվել տեղի մանկավարժական ինստիտուտ և աշխատել որպես լաբորանտ։ 1983-ին ամուսնացել է, իսկ հաջորդ տարում արու զավակ ունեցել։
Երբ արցախահայությունը պատմական արդարության վերականգնման համար դիմել էր խաղաղ ցույցերի, նա կոշկի ֆաբրիկայում էր աշխատում։ Զգում էր, որ այս ամենն այլ ընթացք կունենա։
1991-ից արդեն տանը հանգիստ նստել չէր արողանում, երբ քաղաքում վայրագություններ էին անում օմոնականներն ու թուրքական ՙքաղաքակրթության՚ դպրոցն անցած ռուսազգի զինծառայողները։ Վստահելի տղաների հետ պարտիզանական գործերով էր զբաղված, ինչքան կարելի էր՝ ավելի շատ վնաս հասցնել անկոչ հյուրերին։
Հայրենիքը վտանգի մեջ էր։ Ամեն օր արյան ներարկման պահանջ էր զգացվում Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում և այդ մասին ռադիոյով անընդհատ հայտարարություններ էին եթեր հեռարձակվում, իսկ վիրավորների քանակն օր-օրի մեծանում էր։ Մի օր էլ իր անուն-ազգանունը լսեց ռադիոյով.
-Սլավա Գեորգիի Պողոսյան, շտապ ներկայանալ զինկոմիսարիատ...
Անմիջապես գնաց։ Հակառակորդից առգրավված Տ-72 մակնիշի մեկ տանկ էին բերել, նորոգեց և ծառայության անցավ առանձին տանկային վաշտում՝ որպես մեխանիկ-վարորդ։ Իր գործը լավ գիտեր նա, գումարած՝ մարդամոտությունն ու կենսասիրությունը։
Արդեն ՙիրենը դարձրած՚ Տ-72-ով բազում ռազմագործողությունների է մասնակցել։ Իսկ վերջինը՝ Կուսապատի ազատագրման համար մղված մարտն էր, 1992-ի ամռանը։ Կենաց ու մահվան մարտեր էին մղվում Մարտակերտի շրջանում։ Հայկական վաղնջական գյուղերը ձեռքից-ձեռք էին անցնում։ Սլավան նոր էր դիրքերից եկել տուն, պառկել՝ հանգստանում էր։ Հանկարծ ներս մտավ Մխոն՝ հրամանատարը, թե՝ գնում ենք։ Առանց բառ անգամ արտաբերելու՝ վեր է կացավ ու գնաց հետը։
Կուսապատը ռազմավական կարևոր նշանակություն ուներ և պետք էր անպայման ազատագրել գյուղը։ Հուլիսի 25-ին սկսվեց ռազմագործողությունը, սակայն մարտի ընթացքում վնասվել էր ընկերոջ տանկը։ Սլավան տանկով մոտեցավ, որ օգնի վտանգի մեջ հայտնված ընկերոջը՝ հենց այդ պահին պայթեց հակառակորդի կողմից արձակված արկն ու չորս մարտական ընկերները՝ երկու տանկերի մեխանիկ-վարորդներն ու հրամանատարները, որոնք դրսում ճոպանն էին կապում վնասված տանկը կրակի գծից հանելու համար, զոհվեցին անմիջապես։
Սլավայի դիակը քաղաք հասցվեց երեկոյան։ Հուղարկավորության ժամանակ կինը՝ Անահիտը,  ամուսնու գերեզմանի առաջ երդվեց վրեժն առնել թշնամուց։
Մեկ ամսից հետո Անահիտ Թամրազյանն արդեն մարտադաշտում էր՝ կանանց նորաստեղծ վաշտի կազմում։ Իր մարտական ընկերուհիների՝ Անահիտ Պետրոսյանի, Մարգարիտ Սարգսյանի, Կարինե Դանիելյանի, մյուսների հետ Անահիտը բազում ռազմագործողությունների է մասնակցել և արժանի հակահարված հասցրել հակառակորդի թշնամական նկըրտումներին...
...Պատերազմը կլանեց նաև եղբայրներից կրտսերին՝ Մեսրոպին (ծնված՝ 1962-ի սեպտեմբերի 1-ին)։ Քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում ութամյա կրթություն ստանալուց հետո պրոֆտեխուսումնարանում ավտոփականագործի մասնագիտություն է ձեռք բերել։ Աշխատելով մի քանի ամիս՝ 1981-ին զորակոչվել է Խորհրդային բանակի շարքերը, իսկ զորացրվելուց հետո, 1983-ին, կրկին նախկին աշխատավայրն է վերադարձել, ուր երեք տարի աշխատելուց հետո մեկնել է Երևան ևՙԶվարթնոց՚ օդանավակայանում որպես ակումուլյատորագործ աշխատել։ Այստեղ էլ ամուսնացել է։ Կինը՝ Սվետլանան, Մեսրոպին երկու արու զավակ է պարգևել։ Առաջնեկին վաղամեռիկ հոր անունով Ժորիկ (Ժորա) են կնքել, իսկ երկրորդին շնորհվել է Արթուր անունը։
Արցախյան շարժումն սկսվելուն պես վերադարձավ։ Կարո՞ղ էր Երևանում հանգիստ նստել, երբ հայրենի երկրամասն ընդվզման մեջ էր։ Վերադառնալուն պես էլ՝ իսկույն կամավորագրվեց հայրենյաց նվիրյալների շարքերում և բազում ռազմագործողությունների մասնակցեց, իսկ 1993-ի օգոստոսի 18-ին Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի համար մղված մարտը վերջինը եղավ Մեսրոպի համար։ Զոհվեց խիզախ զինվորը՝ հավիտյան մնալով ապրողների հիշողության մեջ...
...Իսկ կյանքը շարունակվում է։ Մյուս երկու եղբայրները՝ Սամվելն ու Սեյրանը շարունակում են ապրել քաջարի եղբայրների ու նրանց զոհված մարտընկերների արյամբ սրբագործված հողի վրա, ազատ ու անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։
Հրադադարից բազում տարիներ են անցել, իսկ Սեյրանի վերքը դեռ թարմ է, չի սպիանում նրա սրտի ցավը.
-Չեմ կարող ներել ինքս ինձ,- անընդհատ կրկնում է նա,- ինչո՞ւ թողեցի, որ Մեսրոպը գնա այդ օրը։ Եթե իմանայի, որ այդպես կստացվեր՝ ե՞ս կգնայի այդ օրը, ե՞ս...
...Ունկերիս մեջ շարունակ զրնգում է՝ ՙե՛ս...՚, և կրկնակի կորստի ցավ ապրած եղբոր տառապանքները եռք են տալիս հոգուս խորքում...

Մասիս Միքայելյանի մարտական կենսագրությունն սկսվեց ինքնապաշտպանական ջոկատների կազմում, մասնակցեց բոլոր կարևոր ռազմագործողություններին՝ հրադադարից հետո մնալով Պաշտպանության բանակի շարքերում։
Իսկ նրա համար պայքարն սկսվել էր դեռեւս 1989-ի գարնանը, երբ Բաքվում սկսվել էր հայ ուսանողների բացահայտ հետապնդումը։ Նախ ուսանող աղջիկներին օգնեցին տեղափոխվել, հետո իրենք, մի քանի տղաներով, մայիսի վերջերին կարողացան հասնել Երևան։ Բաքվի ժողտնտեսության ինստիտուտի վերջին կուրս փոխադրված ուսանողը տեղափոխվեց Երևանի համանուն ինստիտուտ, բայց ուսանողական լիարժեք կյանքով ապրելու ժամանակներն արդեն անցել էին անվերադարձ։ Մասիսն անդամագրվեց Արցախյան շարժման ուսանողական խորհրդին, ու հոկտեմբեր ամսում մոտ քառասուն հոգանոց խմբի հետ տեղափոխվեց Հադրութի շրջանի Դոլանլար գյուղը, այնուհետև՝ Արփագետուկ։ Իր  12 հոգանոց ջոկատով Մասիսը պատասխանատու էր Արփագետուկի անվտանգության ապահովման համար։
-Գյուղում վեց ընտանիք էր ապրում միայն,- հիշում է նա,- հիմնականում՝ մեծահասակներ։ Ադրբեջանցիների հետ ընդհարումները հաճախակի էին լինում, բայց ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի զինծառայողների անմիջական մասնակցությամբ օմոնականներն  իրենց գործողություններով խաղաղ բնակչությանը ստիպում էին թողնել իրենց բնօրրանն ու գաղթել Հայաստան։ Ուստի մեր գերխնդիրն էր ամեն գնով ապահովել գյուղաբնակների անվտանգությունը, չթույլատրել թշնամու ներթափանցումը գյուղի տարածք։
Հակառակորդի հարձակողական բազմաթիվ ձեռնարկումները ձախողվեցին տղաների համառ դիմադրության շնորհիվ, իսկ Մասիսի հաջորդ առաջադրանքը Ստեփանակերտի անվտանգության ապահովումն էր։ Մալիբեկլու-Ղուշչիլարի, Խոջալուի կրակակետերի ոչնչացման համար մղված գործողություններին կրկին որպես խիզախ ու հայրենասեր մարտիկ դրսեւորեց իրեն։
1990-ին ավարտելով Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ՙՖինանսներ և վարկ՚ ֆակուլտետը՝ Մասիս Միքայելյանը նշանակվեց ԼՂՀ ֆինանսների նախարարության էքսպերտ-հաշվապահի պաշտոնում։ Բայց աշխատանքն այստեղ շատ կարճ տևեց, որովհետև վտանգված էր հայրենի երկրամասի ճակատագիրը, իսկ ինքը հանգիստ ու ապահով չէր կարող նստել գրասենյակներում։
Ի դեպ, Միքայելյաններն ընտանիքով էին մասնակցում Արցախյան պատերազմին։ Ընտանիքի հայրը՝ Արկադին, առաջին օրվանից Արցախյան շարժման մեջ էր ընդգրկված, հետո զինված առճակատման առաջին մասնակիցներից մեկը դարձավ։ Ռազմաճակատային տարբեր ուղղություններում մարտնչում էին ընտանիքի մյուս տղամարդիկ՝ Մասիս, Նորայր ու Էմին եղբայրները։ Չորս տղամարդ մի ընտանիքից, ավելի ճիշտ՝ ընտանիքի բոլոր տղամարդիկ։
Մասիսի՝ Հադրութով սկսված մարտական կենսագրությունը շարունակվեց Ջանհասան-Մալիբեկլու-Խոջալուով, 1992-ի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին նա մասնակցեց Մարտունու, Ալիբալիի, Կարաչուխի, Նորշենի, Հացիի, Ճարտարի, Մաճկալաշենի ուղղությամբ մղված ռազմագործողություններին, 1993-ի մարտին կռվեց Դրմբոն-Չլդրան-Կիչան մարտագծում, իսկ օգոստոս-հոկտեմբերին ՙհայտնվեց՚ Զանգելանում, Ղուբաթլվում, Հորադիսում...
Հաշվի առնելով մասնագիտական կարողություններն ու տեսական գիտելիքների հարուստ պաշարը՝ շուտով նա հրավիրվեց Ինքնապաշտպանության ուժերի շտաբ և նշանակվեց թիկունքի ֆինանսահաշվարկային ծառայության ավագ սպա։ Մեկ տարի անց գեներալ Իվանյանի առաջարկով Մ. Միքայելյանը նշանակվեց նորաստեղծ ուսումնական զորամասի, իսկ 1995-ի սեպտեմբերի 25-ից (կազմավորման հենց առաջին օրվանից)՝ Քր. Իվանյանի հրամանատարությամբ գործող միավորման իրային ծառայության պետ։ Տարբեր ժամանակահատվածներում նա նաև թիկունքի պետի պաշտոնակատար էր։
Եթե պատերազմական շրջանում և՞ թիկունքային ծառայության սպայի պարտականություններն էր փայլուն կերպով կատարում, և՞ մարտական գործողություններին մասնակցում, ապա հրադադարի հաստատումից հետո նրա գործը միայն ու միայն թիկունքային ապահովումն անխափան իրականացնելն էր, ինչն էլ անում էր անթերի։ Եվ դա աննկատ չմնաց հրամանատարության կողմից, գնահատվեց բանակաշինության խաղաղ գործընթացին բերած նրա ավանդը, պարգևատրվեց ՙՄարշալ Բաղրամյան՚, ՙՄարտական ծառայություն՚ և ՙԱնբասիր ծառայության համար՚ մեդալներով, բազում պատվոգրերով ու շնորհակալագրերով։
1999-ի փետրվարի 18-ին ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Մ. Միքայելյանին ժամկետից շուտ շնորհվեց մայորի զինվորական կոչում։
Հատկանշական է, որ նա Արցախից առաջին ունկնդիրն էր Սանկտ Պետերբուգի թիկունքի և տրանսպորտի ռազմական ակադեմիայում։ Ուսումնառության ընթացքում (2001-2003 թթ.) իրեն դրսեւորեց լավագույն կողմերով՝ արժանանալով առաջին աստիճանի բարձրագույն ակադեմիական դիպլոմների։ Հենց ուսումնառության տարիներին էլ նրան շնորհվեց փոխգնդապետի հերթական զինվորական կոչում։
Կարմիր դիպլոմով ավարտելով ակադեմիան՝ Մ. Միքայելյանը նշանակվեց ՊԲ թիկունքի շտաբի պետի պաշտոնում, ուր նա շարունակում է պատվով կատարել ծառայողական պարտականությունները։
Մասիսի խոսքերով՝ ՙզինվորը բանակում զինվոր է մնում՝ սպա լինի, թե շարքային՚։
...2006-ի նոյեմբերի 14-ի առավոտյան ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը հրապարակեց ՀՀ պաշտպանության նախարարի հրամանն ու շարքի առաջ Մ. Միքայելյանին հանձնեց գնդապետի ուսադիրները։

Գարիկ Փարավոնի Հայրիյանը ծնվել է 1971-ի հոկտեմբերի 9-ին, Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում։ Սովորել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում։ 1989-91 թթ. ծառայել է Խորհրդային բանակի տանկային զորքերում։ Զորացրվելուց հետո կրկին շարունակել է ուսումը, միաժամանակ՝ ընդգրկվել գյուղի ֆիդայական ջոկատում։ Մասնակցել է Մարտակերտի, Հասանղայայի, Մարաղայի, Բաշ-Գյունեփայայի և Սրխավենդի թեժ մարտերին, պաշտպանել Կիչանի ու Չլդրանի դիրքերը։
Զոհվել է 1992-ի հուլիսի 30-ին, Չափար գյուղի պաշտպանության համար մղված մարտում։
...21-ը լրացավ 71 օր հետո։ Տխուր էր, անասելի տխուր։ Հետո ամեն տարի նշվեց այդ օրը. 21-ին հաջորդեց 22-ը, հետո՝ 23-ը, հետո՝ մյուս բոլոր օրերն... առանց Գարիկի։ Հոկտեմբերի 9-ի այդ օրվան գումարվեց ևս մեկը՝ հուլիսի 30, ամեն տարի նշելու հրամայականով։
Միայն իրենը չէ, գյուղում բոլորի համար տարին երկու անգամ մարդիկ գերեզմանոց են գնում՝ ծննդյան օրը և... նահատակվելու։ Պարտադիր։ Կյանքի մտոք։ Հիշատակելո՞ւ։ Նաև շնորհակալ լինելու համար, որ խաղաղ այսօր են պարգևել իրենց...
Իսկ մինչ այդ...
Ավարտելով գյուղի միջնակարգը՝ պատմական 88-ին, անմիջապես էլ ընկավ Արցախյան շարժման հորձանուտը։ Ու թեև հաջողությամբ հանձնեց ընդունելության քննություններն ու դարձավ Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի ուսանող, բայց համարյա միշտ էլ գյուղում էր, իր հասակակից տղաների հետ, ավագներից ետ չմնալու վճռականությամբ։ Ի դեպ, պարապմունքներից էլ անմասն չէր մնում։
Հետո զորակոչվեց բանակ, ծառայեց Լենինգրադում տեղակայված զորամասերից մեկում, ուր վեցամսյա դասընթացներից հետո, տանկի մեխանիկ-վարորդի մասնագիտությամբ տեղափոխվեց Լեհաստան՝ շարունակելու զինվորական ծառայությունը։ Իսկ զորացրվելուց հետո կրկին լսարան վերադարձավ։ Բայց կարո՞ղ էր լսարանում հանգիստ նստել, երբ բզկտվում է իր ժողովուրդը, հինավուրց հողը արցախական։ Երկմտելու տեղ չէր մնացել՝ Հայրենիքի սերը ձգում էր նրան իր ողջ հզորությամբ և կարո՞ղ էր չանսալ այդ կանչին։ Բնավ։ Գարիկն առանց երկմտելու նվիրվեց Արցախ աշխարհի հայության սրբազան ազատամարտին։ Հայրենի հողը տնքում էր նորօրյա թուրք հրոսակների կրնկի տակ, և նա, որպես այդ հողի քաջարի զինվորն ու զավակը՝ չէր կարող անմասն մնալ, մեկուսանալ, կամ էլ՝ հեռանալ՝ օտար ափերում երջանկություն որոնելու։ Մնաց, որ հայրենի գյուղի ֆիդայական ջոկատի քաջազունների թիվը մեկով ավել լինի, թե չէ՝ հնարավո՞ր կլինի, արդյոք, դիմակայել մինչև ատամները զինված բարբարոսներին։ Հնա՞ր, դիմակայելու-դիմանալո՞ւ... Ավելին։ Իսկ հայ մեծատաղանդ բանաստեղծը կասեր. ՙՔաջեր միշտ էլ կան, զենք է հարկավոր՚...
Զենք էլ կարելի էր ճարել, իսկ տանկ՝ դեռ չկար, ու տանկիստի իր փորձն անկարող էր ի նպաստ բերել հայրենիքին։ Իսկ Մարտակերտում, Հասանղայայում, Մարաղայում թեժ մարտեր են մղվում ու հետևակային ընկերների հետ առաջին գծում էր, պաշտպանում էր Կիչանի ու Չլդրանի դիրքերը, մասնակցում Բաշ-Գյունեփայայի, Սրխավենդի կռիվներին։
Չափար գյուղի պաշտպանության համար մղված 1992-ի հուլիսի 30-ի մարտը վերջինն էր Գարիկի մարտական կենսագրության մեջ։ Ակամա հիշում է 20 օր առաջ Չարեքտարի համար ծավալված հերթական կատաղի մարտը, ընկերների կորուստը՝ Վարդանյան Գուրգենի, մյուսների, ծանր վիրավոր Սարգսյան Մերուժանի խնդրանքը. ՙԳարի՞կ, վերջ տուր ինձ՝ դու փախիր, թշնամին քեզ էլ կխփի՚։ Հը՛մ... Փախի՞ր... Ինչպե՞ս։ Ո՞ւմ թողնեք մեր հողը, մեր գյուղը, մեր տունը՝ օտարի՞ն, քոչվորի՞ն։ Լինելո՞ւ բան է քո խնդրանքը, Մերուժա՞ն...
Վիրավոր ընկերոջն ապահով վայր հասցրեց ու կրկին դիրքեր վերադարձավ։
Հիշում է, կրճտացնում ատամները՝ քոչվորին հող պետք չէ, թող հեռու չքվի մեր տնից։ Կրկին առաջանում է, կրկին ու կրկին... Բայց... 21-ը դեռ չբոլորած... Նա էլ մյուսների պես... Իր ընկերների օրինակով... Անմնացորդ... Անշահախնդիր...
Գյուղի գերեզմանոցում նրանց բոլորի գերեզմանները կողք-կողքի են, 15 անթագակիր հերոսների, երկու շարքով, իսկ կենտրոնում՝ հայրենյաց զինվորի հավաքական հուշարձանն է։ Երկինք միտված այդ կոթողն այսօրվա խաղաղության պատվարն է ու անցած պատերազմի հիշողությունը, որ եկավ, անցավ մեր գյուղերով ու շատ ընտանիքներում թողեց սևերիզ լուսանկարներ։ Սակայն թող դա, թեև տխուր, բայցև՝ մնա որպես հիշողություն՝ մեր ծանր, տանջալից և հերոսական օրերի...



Ասկերանի  շրջանի  Խաչմաչ  գյուղում է ծնվել Գառնիկ Գուրգենի Հարությունյանը, 1968-ի նոյեմբերի 15-ին։ 1986-ին ավարտել է Կարմիր գյուղի միջնակարգ դպրոցը, Երևանում ստացել ավտովերանորոգողի, իսկ Ստեփանակերտում՝ ավտովարորդի մասնագիտություններ և որպես ավտովարորդ ծառայել ԳԴՀ-ում տեղակայված Խորհրդային զորախմբում։
...Զորացրվեց, եկավ։ Ուշքն ու միտքը՝ սիրած մասնագիտության վրա։ Որպես ավտովարորդ աշխատանքի անցավ հայրենի գյուղի տնտեսությունում, ուզում էր խաղաղ աշխատանքով զարդարել իր կենսագրության էջերը, բայց այլ ճակատագիր էր նրա համար ի վերուստ նախանշված։ Արցախում արդեն փոթորկված էր իրավիճակը, ինչն իր ալիքների մեջ առավ նաև Գառնիկին։
Սկզբից որսորդական հրացաններով էին, հատուկենտ, իսկ զգուշանալու, պաշտպանվելու անհրաժեշտությունն արդեն զգացվում էր։ Խաչմաչի ինքնապաշտպանական ջոկատի կազմում 1992-ի հունվարի սկզբներից Ամարասի հովտում արդեն մարտական գործողությունների էր մասնակցում։ Այդպես սկըսվեց Գառնիկի մարտական կենսագրությունն ու շարունակվեց Կիչանով, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերով, Շռլանով, մինչև...
Նախկին ինքնապաշտպանական ջոկատը Սարուշենի վաշտի դասակներից մեկն էր արդեն և մտնում էր Ասկերանի պաշտպանական շրջանի կազմի մեջ։ Կենտրոնացված հրամանատարության ներքո գործող ստորաբաժանումներն արդեն հեշտությամբ ու ավելի նպատակային էին իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը։
Շռլանում Գառնիկն իր զինակից ընկերների հետ կռվեց մինչև 1993-ի փետրվարը, հետո տեղափոխվեց Նախիջևանիկի ուղղություն։ Հետո հայ քաջազունները հերթական անգամ ազատագրեցին Խրամորթը և տեղափոխվեցին Մարտակերտի ճակատային գիծ։ 1993-ի հունիսին մտնելով Խաչենի հովիտ՝ ազատագրեցին փոքր և մեծ Ջիննիները, հուլիսի 4-ին՝ Շահբուլաղը (հայոց արևելյան սահմանի վաղեմի հռչակավոր Տիգրանակերտը)։ Հետո շարժվեցին դեպի Մաքսուդլու...
...Հիմա այնպե՛ս հեշտությամբ ենք թվարկում տեղանունները, նշում օրերը, իսկ այն ժամանակ... Օդը ծանրացել էր վառոդի հոտից, բայց հայ զինվորը հուսալքվելու իրավունք չուներ, որովհետև առջևում դեռ շատ ճանապարհ կար անցնելու։ Իսկ ամեն ռազմագործողություն իր դժվարությունն ու առանձնահատկությունն ուներ և մարդկային ամենալավ հատկություններով օժտված Գառնիկը միշտ էլ պատվով էր կատարում իր առջև դրված մարտական ամենաբարդ խնդիրն անգամ, օգնության հասնում ընկերներին, արկերի տարափի տակ մարտադաշտից հանում վիրավորներին։
...Ծանր օրեր էին, բայց Մաքսուդլուն, այնուամենայնիվ, հայտնվեց մեր մարտիկների վերահսկողության ներքո գտնվող տարածքում։ Նման ՙճակատագրի՚ արժանացան Աղդամի շրջանի մի շարք գյուղեր ևս, թեև՝ ծանր ռազմագործողությունների ընթացքում, թանկ զոհերի գնով։ Գառնիկն էլ ասես իր ՙհերթին՚ էր սպասում, և, ահա, 1993-ի դեկտեմբերի 29-ը եկավ լրացնելու այդ ՙբացը՚։
Մեր դիրքերն անընդմիջում ականակոծվում էին՝ տանկային ստորաբաժանմանը զգուշացնել էր պետք։ Մի օր առաջ զոհվել էր առաջին վաշտի հրամանատար Արմեն Հայրապետյանը։
Իմացա՞վ, արդյոք, Գառնիկը, որ դեկտեմբերի 29-ին հրամանատարից ստացած հերթական առաջադրանքը վերջինը կլինի իր համար։ Հասկացա՞վ, արդյոք, որ իր երկրային կյանքի վերջակետը պիտի դրվի այդ առաջադրանքի ընթացքում։ Հասցրե՞ց, արդյոք, նվիրյալ զինվորը հերթական անգամ (թեկուզև՝ վերջին) պատասխանատվության զգացման նույն չափով կատարել իր առջև դրված խնդիրը։ Հերթական անգամ (թեկուզև՝ վերջին) արդարացնել հրամանատարության վստահությունը։ Պայթյունի ահեղ ալիքը ջնջեց ամեն ինչ, խլեց մարդկային մի համեստ կյանք։ Մարտական մի համեստ կենսագրությամբ ապրած զինվոր դարձավ պատմություն ու կմնա հավերժ սերունդների երախտապատ հիշողության մեջ։ Կապրի այնքան, ինչքան՝ իր արյամբ սրբագործված երկիրը։ Եվ որպես պետական պարգև հետմահու ստացած ՙԱրիության համար՚ մեդալը նաև ապացույցն է այն բանի, որ չի մոռացվի՜ ոչ-ոք։ Չպիտի՜ մոռացվի...