Մտածումներ

*
Ի՞նչ է իսկապես բանաստեղծությունն ինձ համար։ Գիտե՞ք, հաճախ եմ ինքս ինձ նույն հարցն առաջադրել, բայց, պատկերացրեք, դժվարացել եմ գտնել ճիշտ պատասխանը։ Բանաստեղծությունն ինձ համար հա՞ց է, ջո՞ւր, օ՞դ` գուցե շատերը չհավատան, բայց որ յուրաքանչյուր անցնող ակնթարթն առանց բանաստեղծության չի պատկերանում ինձ` ինչպե՞ս ասեմ, որ հավատաք։ Որովհետև դա, իրոք, այդպես է։

*
Հաճախ են լռակյաց մարդուն ինքնամփոփ համարում։ Ես էլ համաձայն եմ նման ձևակերպման հետ։ Որոշ (և` լուրջ) վերապահումով սակայն, որովհետև ես էլ` «լռակյացությամբ ախտահարվածս»` բոլորովին էլ «ինքնամփոփ» չեմ, այլ` «ներամփոփված եմ բանաստեղծության մեջ» և անիմաստ է այլևս բացազատման սահման կամ սահմանագիծ փնտրելը։

*
Մարդկային կյանքի յուրաքանչյուր պահը մի ուրույն ստեղծագործություն է, եթե ընկալվում է։ Իսկ աննկատ անցնող վայրկյանները մեր կորուստներն են, որ չենք զգում, կամ` զգում ենք ուշացումով։ Դժվար է, անշուշտ, բոլորը նկատելը, այստեղից էլ` «ներամփոփվածության» փոխարեն օգտագործվող «ինքնամփոփի» շատ հաճախ տեղին թվալը։

*
Ճշմարիտ բանաստեղծը միայն մեկ ցանկություն պիտի ունենա`  ԼԻՆԵԼ և ոչ թե` ԹՎԱԼ։

*
Գրողը չի կարող անտարբեր անցնել կյանքի որոշ երևույթների կողքով, հատկապես՝ սոցիալական անարդարության։ Անպայման համերաշխության իր ձայնը պիտի հնչեցնի։ Ես ևս այդ բանակի մի համեստ զինվորն եմ։

*
Պատերազմն առանց կորուստների չի լինում, մենք բոլորս էլ հարազատներ ու մարտական ընկերներ ենք կորցրել Արցախյան պատերազմում, բայց դե, ինչպես ընդունված է ասել, կյանքը շարունակվում է։

*
Կյանքը դժվարությունների ու խոչնդոտների մի մեծ շղթա է և այն պիտի հաղթահարվի՝ ինչ էլ որ լինի։ Դժվարություններից չպետք է խուսափել, ավելին՝ վախենալ։

*
Գրականության գործառույթը միայն իրականությունը ցույց տալը չէ, թեև ասվում է, թե գրականությունը կյանքի հայելին է։ Գրականությունն արտացոլում է իրականությունը՝ և ոչ միայն։ Այն նաև փարոսի դեր պիտի կատարի՝ նշի ճիշտ ուղին։

*
Գրողը ոչ թե պետք է համընթաց քայլի ընթերցողի հետ։ Գրողը պետք է միշտ առջևում լինի, իր ետևից տանի ընթերցողին։

*
Ընդհանրապես՝ հեղինակներն իրենց գրվածքները չեն սիրում և ընտրություն կատարելիս միշտ ընտրում են թույլ գործերը։ Ես նույնպես բացառություն չեմ։ Հաճախ, բանաստեղծություններս կարդալիս թվում է, թե որոշակիորեն պարզել եմ, գոնե ինձ համար, իմ լավ ու, այսպես ասած, թույլ գործերը, նաև՝ որոնք են ինձ համար ընդունելի ու սիրելի, իսկ որոնք՝ ոչ։ Լինում են նաև պահեր, երբ թվում է, թե ես «մարդամեջ» հանելու գործ չունեմ ընդհանրապես։ Կարծում եմ՝ ստեղծագործող մարդը չպիտի հավանի իր ստեղծածն ու մշտապես որոնումների մեջ լինի։

*
Հայ դասականներից ում գործերն եք սիրում ընթերցե՞լ: Ասում ենք` դասական, ու դրանով ամեն ինչ է ասված։ Ես, իհարկե, հիմնականում նախընտրում եմ պոեզիան ու իմ սեղանին միշտ Շիրազն ու Չարենցն են, Սահյանն ու Սևակը։

*
Պոեզիան հարմարվում է ժամանակի պարտադրանքներին և ինքնարտահայտվում է նաև նոր պայմանների ընձեռած հնարավորություններով։

*
Ես մի առիթով ասել եմ՝ մեր կյանքի ամեն ակնթարթը մի ուրույն ստեղծագործություն է։ Ցավոք, մեր ապրած բոլոր պահերը չէ, որ բանաստեղծություն են դառնում, բայց ապրումը մնում է ու միշտ հիշեցնում իր մասին։ Մեր ամեն մի քայլն ուղեկցվում է բանաստեղծությամբ։ Ինչպես ասացի՝ թեև շատ հաճախ չի գրվում։

*
Այսօր մենք ունենք գրականություն և ունենք ընթերցող։ Պարզապես մեր կյանքի մի հատվածում այդ կապը թուլացել է, իսկ վերականգնելու համար շատ ջանքեր են պահանջվում։ Բժշկական լեզվով ասած՝ հիվանդության կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը։ Մենք արդեն «բուժվելու» ճանապարհին ենք։

*
Մերօրյա երիտասարդության մասին իմ կարծիքը հուսադրող է։ Արդյո՞ք նրանք արդարացնում են մեր սպասելիքները։ Արդյո՞ք կարդարացնեն։ Կարևորն այն է, որ սպասելիքներ կան։ Այսօրվա հարցերի հարցը գրականություն-ընթերցող փոխհարաբերություններն ուղիղ համեմատական իրավիճակից մեկ զուգահեռի վրա տեղավորելն է։ Գիրք ընթերցելուն, լինի պոեզիա կամ արձակ, այսօր խանգարում է համացանցը։ Կարելի է ասել՝ համացանցն ընթերցողին կտրել է գրքից (առարկայական իմաստով), այնինչ՝ համացանցը զգալիորեն օգնում է՝ ցանկացած գործ ցանկացած պահի կարող ես գտնել և ընթերցել, ու էլ չես նետում քեզ գրադարաններ և գրքերի կույտերում որոնում քեզ պետք եկած բանաստեղծությունը։ Փույթ չէ, որ գրադարաններից պակասում են այցելուները, կարևոր է՝ չի նոսրանում ընթերցողական բանակը, որն այսօրվա երիտասարդությունն է։ Այո, այսօրվա երիտասարդությունն ավագների արժանի փոխարինողն է։

*
Ի՞նչ կցանկանայի փոխանցել նոր սերնդին։ Ապրել ու ապրեցնել՝ ինչ էլ որ լինի։ Իսկ դրա համար պետք է սիրել կյանքը։ Այն, ինչ մենք ստեղծում ենք՝ ժառանգել ենք մեր պապերից, մեր հետնորդներն էլ թող ժառանգեն մեզնից, այդ կապն ավելի կսերտանա ու մեր հողին կկապվենք ավելի ամուր կապերով։