Զերվոն Վարդանյանի կյանքն ու անմահությունը


 Հիշատակի խոսք

Ծանր, երկարատև հիվանդությունը անողոք մահվան պատճառ դարձավ։ 2002-ի մարտի 4-ին մեզնից ընդմիշտ հեռացավ մի մարդ, ում անվերապահորեն կարելի է բարության և նվիրվածության խորհրդանիշ համարել։

Իր ապրած 66 տարիների ընթացքում նա արեց ավելին, քան հնարավոր էր, և երբեք չգնաց տրորված ճանապարհով, այլ, սևակյան լեզվով ասած, գերադասեց «ճամփա շինել»։ Նրա կառուցած ճանապարհը մարդկանց սրտերով էր անցնում և բարություն ու նվիրվածություն, ազնվություն ու արդարամտություն սերմանում մատաղ հոգիներում, իր բարի ու առաքինի հատկություններով վարակում ոչ միայն հարազատ զավակներին ու մերձավորներին, նաև բոլոր նրանց, ում հետ փոքրիշատե առնչություն էր ունենում։

Նրա ապրած կյանքը երազ էր։ Ապրեց իր բաժին երազ կյանքն ու անցավ։ Գարնան ավետաբեր մարտ ամսվա առաջին երկուշաբթին փորձեց վերջակետել նրա կյանքը, բայց դա՝ միայն երկրային իմաստով։ Նա գնաց, բայց մշտապես մնաց մեզ հետ։

Մեր՝ երազների ասպետը։

Մեր՝ մանկան պես պարզամիտ դյուցազն-մարզիկը։

Գյուղատնտեսության հմուտ մասնագետը։

Մեր՝ Զերվոն Վարդանյանը...

...Եվ հավերժ է հիշատակը նրա։


Որպես սկիզբ

Երբ աչք ենք բացել` մեր դիմաց Մռավ սարի հավերժական ժպիտն էր, որ կենարար ավիշ էր հաղորդում բոլորիս։ Ու ծաղկուն էր միշտ Կոճողոտը՝ Մռավի հավերժական հայացքի ներքո։

Մեզնից մեկն էլ՝ Զերվոն Սամսոնի Վարդանյանն էր, որ աչք բացեց գարնան առաջին օրը և տեսավ ծաղկուն-ծաղկափթիթ Կոճողոտը։ Տեսավ ու հիացավ Հիացավ ու սիրեց։ Սիրեց ու մշտապես կապվեց հայրենի գյուղին։ Գյուղ, որ դարերի պատմություն ունի ամբարած իր սևահողի հարուստ շերտերում։ 1936-ի մարտի 1-ի կիրակի առավոտյան Սամսոն և Զառի Վարդանյանների ընտանիքում ծնված առաջին կենսունակ որդու համար Զերվոն անունն այդպես էլ գրոց անուն մնաց։ Ամուսնության յոթերորդ տարում ծնված մանկիկին ծնողները, հին սովորության համաձայն, ստիպված էին օտարաշունչ (Վիլայաթ, կարճ՝ Վլյաթ) անուն տալ, որ մնա (մինչ այդ ծնված երեխաները մահանում էին)։

Եվ հուրախություն ծնողների ու հարազատության՝ Զերվոն-Վլյաթը ապրեց։ Օր-օրի աճեց ու մեծացավ, սիրեց իր հայրենի բնաշխարհը, հայկական խաչքարերով լի գյուղը, երկիրը, որ հայաշունչ էր ու հայաբարբառ, բայց «Հայաստան» կոչվելու իրավունք չուներ, խորհրդային պետությունն այնպիսի «ամուր հիմքերի» վրա էր դրել, այսպես կոչված՝ լենինյան ազգային քաղաքականությունը, որ ակամա Խորհրդային Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված Արցախ-Ղարաբաղը երազում անգամ երբեք դեպի Հայաստան չպիտի նայեր։

Իրավամբ, զարմանալի էր աշխարհի «ամենամարդասիրական» երկրի նման երկակի վերաբերմունքը, թեև գյուղի մերձակա դաշտերն ու անտառները լցված են խաչքարերով, ամենուր՝ հին հայկական գերեզմանատներ են, եկեղեցիների ու պարիսպների ավերակներ, բնակատեղիներ՝ տեղանքի ու բնակչության ազգային պատկանելիության ու վաղնջականության անհերքելի ապացույցներով։ Նույնիսկ շատ տեղանուններ իրենց մեջ «խաչ» բաղադրամաս են պարունակում (Խչերեն սեռ, Բղրամա Խաչ, Էլչին Խաչ, Ճոխտակ Խաչ, Մռամունց հարթեն Խաչ, Էրկու ճրին ղաթե Խաչ և այլն)։ Այնուամենայնիվ, խորհրդային պետական իշխանության մարմինների կողմից տասնամյակներ շարունակ կասկածի տակ էր պահվում դրանց հայկականությունը։ Ինչպե՞ս չզարմանային Զերվոնն ու իր հասակակիցները, նախորդ ու հաջորդ սերունդները, երբ շրջապատն ամենուր հայկականությամբ է շնչում...

...Եվ մի՞թե զարմանալի չէր իր իսկ ճակատագիրը, երբ իր «Արցախ-Ղարաբաղ» երկանուն երկրամասի պես ինքն էլ պարտադրված էր հարազատ-օտար երկանուն կրել ծննդյան օրից մինչև մահ՝ «Զերվոն-Վլյաթ»...


Մի քիչ պատմություն

Ներկայիս Կոճողոտի շրջակայքում գտնվող պատմաճարտարապետական հուշարձաններն ու բնակատեղիների ավերակները հուշում են տարբեր ժամանակաշրջաններում այդ տարածքի բազում անգամ վերաբնակեցման մասին։

Ամեն անգամ նոր անուն տալով բնակավայրին (Մաչեղ, Պմենշեն, Թխախոռ, Շահբազ, Խորաստան, Երե և Ներքե Ղամշոտ ծով և այլն)` բնակչությունը կրկին սկսել է իր խաղաղ ու ստեղծագործ աշխատանքը, մինչև վերստին զգացվել է պատերազմի վտանգը, և նա հերթական անգամ ելել է կենաց-մահու պայքարի։ Այդպես՝ միշտ։ Դարեր շարունակ։

Իսկ թե երբ է հիմնադրվել նոր Կոճողոտը՝ կարծիքներն իրարամերժ են։ Ընդունելի և անընդունելի։

Նախ՝ գյուղի անվանման մասին։ Գործածության մեջ երկու հիմնական կարծիք կա այդ առնչությամբ և դժվար է դրանցից որևէ մեկին առավելություն տալն ու մյուսը պակաս կարևոր համարելը, որովհետև երկու տարբերակներն էլ արժանահավատություն են ներշնչում։ Պատմաբան Շահեն Մկրտչյանը գրում է. «Պատմում են, որ հին, ավերված բնակավայրում եղել են երեք կիսաքանդ եկեղեցիներ, որոնց մոտ կային թափված 8 գերաններ՝ կոճղեր։ Այս պատճառով էլ գյուղը կոչվել է Կոճողոտ»1։

Գյուղի անվանման մյուս վարկածը գրական և գիտական շրջանառության մեջ է դրել անցյալ դարի 70-80-ական թվականներին Մարտակերտում և հայրենի երկրամասում հայտնի մտավորական Շահեն Օհանջանյանը։ Իր «Արմատ և սաղարթ» հոդվածաշարի Կոճողոտի հիմնադրման մասին պատմող հատվածում նա գրում է. «Գյուղի անունը կապված է վանքեցիների` արդի գյուղի տեղամասում անտառահատման հետ։ Հեկեղենի քարահանքում աշխատում էին վարձու բանվորներ, որոնց մեծ մասը ապաստանում էր անտառներում։ Նրանք ժամանակավոր կացարաններ պատրաստելու համար մեծ տարածքների վրա անտառ էին հատում, և տեղամասը կոչվում է Կոճողոտ, այսինքն` կոճղերի ( կոճղի) հատման վայր»2։

Դժվար է ասել, թե հնարավոր ճիշտ տարբերակն առաջինն է (ավերակ եկեղեցիների մոտ կոտրատված գերանների առկայության հետ կապված), քանի որ անտառապատ տարածքում բնակավայր հիմնադրելու, ինչպես նաև՝ վարուցանք անելու նպատակով հողահանդակներ բացելու համար, հասկանալի է, պետք է անպայման անտառահատում կատարվեր։ Կտրտված ծառերի տեղում մնացել են կոճղեր (այսինքն՝ կոճղոտ տարածք)։ Այստեղից էլ կարելի է ենթադրել գյուղի Կոճողոտ անունը։

Վիճահարույց է նաև նոր բնակավայրի հիմնադրման կոնկրետ թվականի հարցը, որովհետև փաստացի ապացույցներ չկան, ավերված են հին գերեզմանատները, իսկ գյուղի հնավայրում պեղումներ նախաձեռնելն ու իրագործելը, թերևս, այսօրվա պայմաններում՝ քիչ հավանական ու դժվար իրագործելի։ Հրապարակի վրա գտնվող գրավոր տեղեկություններն էլ զուտ տեղագրական-վիմագրական, ազգագրական-երկրագիտական բնույթ ունեն3։

Նոր Կոճողոտի հիմնադրման վերաբերյալ պատմաբան Շահեն Մկրտչյանի մոտ առկա որոշ տեղեկություններ հիմնականում կապվում են 16-րդ դարի հետ։ Նա գրում է. «Գանձասարի Սարգիս կաթողիկոսի կոնդակով, 16-րդ դարում թուրք-սելջուկներից (՞ - Ա.Ա.) նեղված փախստականներին իրավունք է վերապահվել բնակատեղ ընտրել ներկայիս Կոճղոտի տեղում»4։ Իսկ թե ինչպես է կոչվել նոր բնակավայրը՝ ուսումնասիրողը կոնկրետ ոչ մի անվանում չի նշում։

Կասկածի տեղիք է տալիս նաև Սարգիս կաթողիկոսի անվան հիշատակումը, որովհետև Գանձասարում Սարգիս անունով երկու կաթողիկոս է գահակալել։ Բայց քանի որ մատնանշված է հատկապես 16-րդ դարը, ուրեմն Շ. Մկրտչյանի հիշատակումն, անշուշտ, Հատիր-Մելիքի որդուն՝ Աղվանից Սարգիս կաթողիկոսին պիտի վերաբերվի, որ նստում էր Գանձասարում և մահացել է 1555 թվականի մայիսի 17-ին5։ («Քրիստոնյա այաստան» հանրագիտարանում նշված է 1554 թվականը)։

Ամեն դեպքում, այդ բնակավայրը ևս ավերվել է ժամանակի ընթացքում, իսկ բնակչությունը կամ բռնել է գաղթի ճանապարհը, կամ էլ կոտորածի ենթարկվել։ Համենայն դեպս՝ ներկայումս գոյություն ունեցող Կոճողոտ գյուղի բնակիչների տոհմաազգակցական կապը 16-րդ դարում նույն տեղանքում իրենցից առաջ ապրածների միջև հաստատող վավերագրեր ու վկայություններ մեզ հաջողվեց գտնել, ինչը հիմք է տալիս ենթադրել այ այդ կապի իսպառ բացակայությունը։

Գյուղի հնաբնակների պատմածներն էլ հաճախ հակասում են մեկը մյուսին։ Նրանց մի մասը պնդում է, թե իբր ներկայիս գյուղը (Կոճողոտ՝ անվանումով) հիմնադրվել է 18-րդ դարի սկզբին, մյուսը նույն դարավերջն է հիմնադրման հավանական ժամանակաշրջանը համարում։

Կարելի է ենթադրել, որ, ամեն դեպքում, գյուղի հիմնադրման ճիշտ ժամանակաշրջանը 18-րդ դարավերջն է, որովհետև մի քանի տոհմերի օրինակով, ըստ սերունդների դեպի պատմության խորքը գնալու բոլոր «վարժություններն» այդ ժամանակաշրջանից (1790-1795թթ.) առաջ չեն անցել։

Տարակարծությունների առիթ է տալիս և այն, որ ապրուստի միջոցներ հայթայթելու գործում առկա դժվարություններից խուսափելու համար բնակչության տեղաշարժն ավելի հավանական է (թերևս՝ անխուսափելի), ուստի՝ պիտի կարծել, որ հենց 18-րդ դարի 90-ականների այդ դժվար ժամանակաշրջանում, երբ միայն Աղա Մահմեդ Շահ Ղաջարը երկու արշավանք է ձեռնարկել դեպի Անդրկովկաս (հատկապես՝ Շուշի և Թիֆլիս), հասկանալի կլինի ժողովրդի սոցիալական ծանր վիճակը (հնարավորություն չէր լինում նույնիսկ հնձել ցորենի հասուն արտերը)։ «Ղարաբաղում գերեզմանային լռություն էր տիրում»,- գրում է Լեոն6։ Մարդիկ ստիպված էին բնակության նոր վայրեր ու ապրուստի նոր միջոցներ փնտրել։ Եվ ահա, թերևս, հենց այդ ժամանակներում էլ պետք է, որ առաջին վանքաշենցիները7 Հեկեղանի բարձունքից իջած լինեին դեպի Թարթառի հովիտ։ Դա նաև համընկնում է Մելիք բեկի որդի Սարգիս Հասան-Ջալալյանցի 1792-ի (ըստ Լեոյի՝ 1791) դեկտեմբերի 8-ին Գանձակում օծված կաթողիկոսի (Հայոց Արևելից կողմանց վերջին հայրապետի)՝ Գանձասարում գահակալության առաջին շրջանին, որը տևել է մինչև 1798 թվականը` սովի ու ժանտախտի տարին8։

Թերևս, ավելի ճշմարտանման է այն վարկածը, որն առաջ է քաշում Շ. Օհանջանյանը. նա նոր Կոճողոտի հիմնադրման ժամանակաշրջանը միանշանակորեն 19-րդ դարի սկիզբն է համարում9։

Մի շարք պատմաբանների մոտ կա այն փաստարկը, որ 1806-ին «բացահայտ ուխտադրժության համար» Իբրահիմ խանի՝ Կովկասում ռուսական զորքերի հրամանատար Լիսանևիչի կողմից սպանվելուց որոշ ժամանակ անց վտարանդի հայ մելիքները հպատակների հոծ խմբերով սկսեցին իրենց ավերված բնակավայրերը վերադառնալ10։ Քանի որ 1805-ի մայիսի 14-ին Քուրակ գետի ափին կնքված ռուս-պարսկական պայմանագրով Ռուսաստանին էր անցել Ղարաբաղի խանությունը, և անտեսվել էին հայ մելիքների իրավունքներն ու շահերը։ Փաստորեն վերջ էր տրվել նաև մելիքական գործունեությանը և շատ հայ մելիքներ հարկադրաբար հեռացել էին հայրենի եզերքից։

Սարգիս Հասան-Ջալալյանցը, որ ամենայն Հայոց Ղուկաս Կարնեցի կաթողիկոսի կամեցողությամբ զրկվել էր կաթողիկոսական գահից և արքեպիսկոպոսի տիտղոսով առաջնորդ էր կարգվել Հաղպատի վանքում, Թիֆլիսից Գանձասար ուղարկեց Շուշիի բանտում տանջամահ արված եղբոր՝ Դանիել-բեկի որդի Բաղդասար վարդապետին, Գանձասարի վանքային համալիրը կարգի բերելու և կրկին կաթողիկոսական նստավայր դարձնելու համար։ Բագրատ Ուլուբաբյանը վկայաբերում է Լեոյին՝ «տաճարը լցված էր աղբով, դռներն՝ այրված, շինությունները՝ քարուքանդ»11։

Եթե հայտնի է, որ այս Սարգիսը որպես կաթողիկոս կրկին հինավուրց կաթողիկոսարան է վերադարձել 1810 թվականին 12, ապա պիտի կարծել, որ ներկայիս Կոճողոտի տարածքում վերաբնակեցման թույլտվության վերաբերյալ իր կոնդակը նա պետք է հռչակած լինի այդ թվականին կամ դրանից ոչ շատ հետո, բայց՝ ոչ երբեք դրանից առաջ։

Ուստիև՝ այդ տարածքում հերթական անգամ վերաբնակեցումը կամ նոր Կոճողոտի հիմնադրումը, ամենայն հավանականությամբ, պետք է 19-րդ դարի առաջին տասնամյակը համարել։

Տարեց կոճողոտցիների պատմածներից երևում է, որ նոր բնակատեղ փնտրողներն ամենևին էլ վանքաշենցիներ չէին (ոչ բոլորն, իհարկե), թեև եկել էին Վանքաշենից, այլ ապրուստի միջոցներ փնտրելով՝ տարբեր վայրերից են Վանքաշեն հասել, այնտեղից էլ՝ նոր բնակատեղ հիմնադրելու համար անտառապատ լեռնանցքով իջել Թարթառի հովիտ։

Այդ ժամանակներից անցել է երկու լրիվ դար, բայց ժողովրդի մեջ մինչև այսօր էլ որպես մականուն-տոհմանուն պահպանվում է Խոյլուվանք (խոյեցիներ) անվանումը՝ միանշանակորեն հաստատելով ասվածը։

Իսկ թե ով էր իսկապես Վանքաշենից Կոճողոտի ներկայիս տարածք ոտք դրած առաջին մարդը՝ մեզ կրկին հարցականի առաջ է կանգնեցնում։ Կոճողոտցի Մարկլեն Մխիթարյանի կարծիքով, համեմատաբար խաղաղ իրադրությունը նպաստավոր պայմաններ էր ստեղծում Վանքաշենից 25-30 կմ հեռավորության վրա գտնվող այդ տարածքները վանքաշենցի անասնապահների անարգել մուտքի համար։ Եվ ըստ նրա՝ առաջին վանքաշենցին, որ իսկապես այդ տարածք է ոտք դրել, դա անասնապահ Սահարն էր։ Նա հարմար բնակատեղ էր ընտրել, իսկ խոշոր եղջերավոր անասուններն ամեն առավոտյան քշում էր Թարթառի հովիտը, ուր և՛ կերն էր առատ, և՛ ջուրը։

Մեկ այլ կարծիքով, Սահարը մենակ չի եկել Վանքաշենից։ 94-ամյա կոճողոտցի Մխիթար Գրիգորյանը պնդում է, որ Սահարի հետ վերաբնակման նպատակով եկել էին նաև Գևորգն ու Սարակը (մինչև այսօր էլ գյուղամերձ տարածքներում պահպանվում են Սարականց տափ և Սահարին տեղ հանդամասերը՝ իրենց նախնական անվանումներով։ Ի դեպ, «Սարականց» անվանումը նաև «Հասարակաց» ձևով է վերծանվում13, և ասում են, որ բաժանված էր սակավահող ընտանիքների միջև)։ Բայց այդպես էլ նրանք չեն կարողացել այդ տարածքն իրենց մշտական բնակատեղը դարձնել, որովհետև անասունները (գոմեշները) Թարթառի հովտից երեկոյան դժվարությամբ էին հաղթահարում վերելքը, շատ անգամ էլ բնակատեղ չէին բարձրանում, ուստի, բնակիչները ստիպված էին իջնել գետահովիտ, մոտ տարածքում անասնագոմեր կառուցել, բնակության մշտական վայր ունենալով Վանքաշենը։

Ոչ-ոք, թերևս, չի կարող ճշտորեն վերարտադրել այն պատկերը, որ առնվազն 200 տարվա վաղեմություն ունի։ Բայց եզրահանգումներ անելու իրավունք բոլորին էլ վերապահվում է։ Նշենք, թեկուզ, մի հանգամանք, պատմում են, որ այն ժամանակներում նոր բնակավայր հիմնադրելիս առաջին հերթին քահանա էր ուղարկվում, և, որ վերաբնակներից մեկի՝ Խաչոյի ավագ որդի Միքայելն արդեն ձեռնադրված քահանա էր, կասկածից վեր է։ Մի հանգամանք ևս. շատ կոճողոտցիներ միանշանակ պնդում են, որ գյուղի ամենաարգավանդ հողահանդակները պատկանում են Խաչովանց տոհմին։ Եվ այս երկու փաստարկներն առիթ են տալիս պնդելու, որ Կոճողոտի ներկայիս տարածքում առաջինը բնակություն է հաստատել Խաչոն։ Իսկ նոր բնակատեղում հաստատվելուց հետո Տեր-Միքայել քահանա Մխիթարյանն անմիջապես անցել է իր հոգևոր պարտականությունների կատարմանը։

Մարկլեն Մխիթարյանը տալիս է Խաչոյից հետո վերաբնակվածների հետևյալ մոտավոր հերթականությունը։ Ըստ նրա՝ երկրորդ մարդը Կոպալ-Վերդին էր, որ մշտական բնակություն հաստատելու նպատակով նոր Կոճողոտի տարածք է ոտք դրել, երրորդը՝ Աթասունց Տանիելը, հաջորդը՝ Մելին, հետո՝ Խալափը, Սևին, Առուշանը, Թաթոսը, Քոչարին։ Նրանք տարբեր ժամանակներում հաստատվելով նոր բնակատեղում՝ իրենց համար նախ՝ ժամանակավոր կացարաններ, իսկ այնուհետև՝ մշտական ղարադամներ 14 են պատրաստել ու սկսել են վարել իրենց անհատական տնտեսությունները։

Բնակատեղերն ընտրվում էին առանձին-առանձին վայրերում, իրարից բավական հեռավորության վրա։ Անտառահատում կատարելով՝ նրանք հողատարածքներ էին բացում և՛ դարադամներն ու անասնագոմերը կառուցելու, և՛ որպես վարելահող օգտագործելու նպատակով։

Նորաբնակները սեփական տնտեսությունները վարելուն զուգընթաց՝ վերականգնում էին եկեղեցիները, կամ էլ՝ ավերվածների տեղում նորերն էին կառուցում, որովհետև նրանք այստեղ ամեն ինչ ավերված էին գտել՝ և՛ պատմաճարտարապետական հուշարձանները (գյուղամիջի Կարմիր եկեղեցին, Խորաստանի Մատուռը, Մատուռի Անապատ եկեղեցին, Սարականց տափի եկեղեցին, գերեզմանատները, խաչքարերը, ջրաղացները), և՛ բնակավայրերը։


Ճյուղ առաջին
ԿՈՊԱԼ-ՎԵՐԴԻ

Զերվոն Վարդանյանի մանկությունն անցել է հայրենի գյուղի գեղատեսիլ բնության գրկում։ Լինելով ուժեղ ու առույց երեխա՝ մեծ սեր է տածել դեպի ուժային մարզաձևերը, և դեռ մանկության տարիներից է դրսևորվել նրա այդ ձգտումը։

Նա Աստվածաշնչյան Սամսոնի առասպելական ուժն ուներ, որն իր նախապապ ԿոպալՎերդուց էր սերել։

Զերվոնի հայրը՝ Սամսոնը՝ համեստ բնավորության ու զբաղմունքի տեր մարդ, միշտ բարի խորհուրդներ էր տալիս որդուն։ Իսկ Զառի մայրիկի հետաքրքրություն շարժող անվերջ պատմությունները նախնիների մասին, որ ոգևորում էին եռանդուն երեխային, պատմության խորքերն էին թափանցում...

...Վերդին որբ երեխա էր ու միայնակ։ Թերևս այդպես էլ՝ նա բնակություն հաստատելու նպատակով հայտնվեց Խոյինի լանջին։ Գետաշենի կողմերից էր հասել Վանքաշեն։ Բայց ասում են նաև, որ Կոճողոտի տարածքում բնակություն հաստատած իններորդ մարդը՝ Քոչարին, որից սերում են գյուղում ներկայումս ապրող Քոչարյաններն ու Աթայանները, իբր եղել է Վերդու եղբայրը։ Վերդու մյուս կարծեցյալ եղբայրը՝ Դավիթը, երբեք այդ տարածքում չի եղել։

Իսկ ո՞վ էր Վարդանը, որի անունով Վերդունք Վարդանյան են կոչվում՝ ոչ-ոք ստույգ ասել չի կարող, թեև հավանական են առաջարկվող վարկածները, որոնցից մեկի համաձայն՝ Վարդանը Վերդու հայրն էր և ուներ Ասատուր անունով մի եղբայր։ Դավիթն ու Քոչարին էլ ոչ թե Վերդու հարազատ եղբայրներն էին, այլ հորեղբոր (այսինքն` Ասատուրի) որդիները։ (Վերդու թոռ Սամսոնի կինը` Զառի Առուշանյան-Վարդանյանը հին պատմությունների լավ գիտակ էր, իսկ նրա պատմածներից հայտնի է, որ Վերդին իր եղբայրներին գտել է շատ ավելի ուշ՝ 1915-ի կոտորածներից հետո, երբ բոլորն արդեն տարիք առած մարդիկ էին)։

Ի դեպ, այնքան տպավորիչ էին Զառի մայրիկի պատմությունները և այնպես էին տպավորվում ունկընդրի պատկերացումներում, որ թվում էր, թե անձամբ տեսել է այդ ամենն ինչ-որ տեղ և ինչ-որ ժամանակ...

Վերդունց տոհմի նահապետ Վերդի Վարդանյանի ծննդյան ստույգ թվականը հայտնի չէ։ Բայց եթե հաշվի առնենք որոշ գիտակների այն կարծիքը, որ նա ապրել է առնվազն 140-145 տարի և մահացել 1930-ական թվականներին (ոչ ստույգ տվյալներով՝ 1933-ին), ուստի պարզ կդառնա, որ նա ծնված պետք է լինի մոտավորապես 1790-1795 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Իսկ քանի որ Կոճողոտի ներկայիս տարածք գալու ժամանակ նա «ուժեղ ու հաղթանդամ երիտասարդ էր» (առնվազն՝ 15 տարեկանից բարձր), ենթադրելի է, որ այդ ժամանակը համընկնում է մոտավորապես 1810-ական թվականներին։ (Մի այլ կարծիքով, Վերդին մահացել է 126 տարեկանում)։

Վերդու հաղթանդամ և ուժեղ լինելը շատերն են հաստատում։ Ասում են՝ մի աժդահա էր, ինչպես աշխատում, այնպես էլ ուտում-խմում էր։ «Ղամշոտ ծով» տեղամասում անտառահատում կատարելիս գինով լի կուպրունը 15 գոտկատեղից կախարած էր պահում, երբ ծարավում էր՝ ջրի փոխարեն գինի էր խմում։

Նա շատ աշխատասեր էր և չէր կարող աննկատ մնալ գյուղում արդեն բնակություն հաստատած (Վերդուց՝ բավական ուշ) դալլաք Առուշանի կողմից, ով յոթ արու զավակ և մի չքնաղ դուստր ուներ և Վերդին ամուսնացավ գեղեցկուհի Աննմանի հետ։ Աննմանն իր ամուսնուն երեք արու զավակ և մի դուստր պարգևեց։

Ժողովրդի մեջ պատմվում է Վերդու բարեսրտության, քաջագործությունների, ինչպես նաև՝ հարստության մասին։

Գյուղի առաջին ունևորը Վերդին էր։ Նրանն էր առաջին քարաշեն տունը Կոճողոտում։ Ասում են, թե իբր նա կոպալ 18 մահակներ էր պատրաստում ու վաճառում քոչվոր խաշնարածներին, և դա ոչ միայն համարվում էր նրա հարստացման հիմնական աղբյուրը։ Այդ զբաղմունքը նաև մականուն տվեց նրան ու այդպես էլ կոչվեց՝ Կոպալ-Վերդի։

Պատմում են նաև, որ Վերդին «Խչերեն սեռ» տեղամասում իբր թե ոսկի է գտել։

Իսկ մի ուրիշ պատմություն էլ հուշում է, թե իբր մի դաստա 17 կոպալ-մահակներով տուն վերադառնալու ճանապարհին Սուրբ Ամենափրկիչ վանքի մերձակայքում մեծ քանակությամբ ոսկի գտած մարդկանց է հանդիպել ու ակամա փորձել խույս տալ նրանցից։ Բայց անծանոթները, նկատելով նրան՝ կանչել են, որ մոտենա։ Նրանք նույնիսկ ուզում էին սպանել վկային, բայց, ի վերջո, մտածելով, թե ի՞նչ վտանգ կարելի է սպասել այդ ծերուկից՝ մի բուռ ոսկի են թողել նրա համար և խաղաղ հեռացել, որից հետո միայն հեռվում սպասող Վերդին մոտեցել ու վերցրել է թողած ոսկին։

Եվ հարստացել է։

Բայց նա երբեք չի հպարտացել իր հարստությամբ։ Երբեք ի չարը չի գործադրել ուրիշների նկատմամբ ունեցած նյութական առավելությունը՝ դասակարգային երանգներ չհաղորդելով իրավիճակին, չի հարստահարել աղքատներին։ Ընդհակառակը, օգնել է՝ ում ինչպես և ինչքանով կարողացել է։

Թեև արդեն բավական տարիքն առած մարդ էր, սիրում էր իրեն երիտասարդության շրջանում պահել։ Հաճախ նաև հետներն ուժ էր չափում։ Բայց մի անգամ անտրամադիր գտնելով նրանց՝ ուզում էր պատճառն իմանալ։ Պարզվեց, որ գյուղում մոտ 20-30 տնտեսություն ի վիճակի չէ վճարել հարկերը։ Իսկ հարկահավաքները շատ դաժան էին վարվում նրանց հետ։ Վերդին հարցնում էր նրանց, թե ինչո՞ւ են տանջում ժողովրդին, պատասխանը միանշանակ էր՝ ինչ գնով էլ լինի, հարկերը պետք է վճարեն։ Նա բացում է ոսկու քսակն ու վճարում բոլորի փոխարեն։

Մարդիկ էլ` վարձահատույց լինելու նպատակով խումբ-խումբ գնում էին աշխատելու Վերդու ցանկատարածություններում։ Լսելով այդ մասին, Վերդին հրահանգում էր մի ցուլ մորթել՝ նրանց կերակրելու համար, իսկ օրվա վերջում՝ յուրաքանչյուրին նաև օրավճար տալ։ Ու տարակուսում են մարդիկ, ինչո՞ւ է Վերդին իրենց սևերես անում, ինչպե՞ս վարձահատույց լինեն նրան... (Նման դեպքեր շատ են հիշվում տարեց համագյուղացիների զրույցներում, և դրանք փոխանցվում են սերնդե-սերունդ ու չեն ջնջվում երբեք սերունդների հիշողությունից)։

Պատմում են, որ Վերդին շատ հասուն տարիքում է ամուսնացել, ուստի, երեխաներն էլ ծնվել են որոշակի ուշացումով, և, ենթադրաբար, նրանց հասունացման շրջանը պետք է որ համընկներ 1840-1860-ական թվականների հետ։

Իսկ հասունանալով՝ նրանք հոր աջ ձեռքը դարձան. գյուղի շրջակայքում շատ հողատարածքներ ազատեցին անտառային ծածկույթից ու վարելահող դարձրին (Ղամշոտ ծովում՝ 9 հա, Քամհար խութում՝ 6 հա, Մրեն ծյորում՝ 12 հա, Միրումաքարում՝ 4 հա, Մարյանեն բոստանում՝ 4 հա, Կյուրըհողերում՝ 6 հա և այլն)18, որոնց մեծ մասը հետագա (խորհրդային) տարիներին կրկին մացառներով պատվեցին։

Վերդու կրտսեր որդին՝ Թյունին, Մռամունց հարթից մինչև Թարթառի գետահովիտը պատվաստներ է կատարել։ Դրանով երևի թե փորձել է լրացնել այն բացը, որ կնոջ՝ Շահումի հետ չկարողացան արու զավակ ունենալ։ Իսկ երբ ակնարկում էին դա՝ նա մեծահոգաբար ասում էր, թե իր ամեն մի պատվաստը մի տղա է...

...Իսկ գարնանային մի օր էլ նա տանձենու ու խնձորենու մատղաշ շիվերը դրեց թևի տակ, առավ բահն ու գնաց Քամհար խութ։ Բաց դաշտում հարմար տեղ ընտրեց և գեղեցիկ շարքերով տնկեց շիվերն ու ջրեց։ Երբ բոլորեց տարին, պատվաստեց տնկիներն ու շարունակեց խնամել։ Մի օր էլ Քամհար խութի ծառերը ստվերներ ձգեցին, ծաղկեցին, և աշնան այգին լցվեց անուշահամ մրգերով։

Մի անգամ եղբայրներով վիճել էին։ Մուսան կծու խոսքեր էր ասել նրան, շեշտել արու զավակ չունենալը19։ Թյունին կուլ է տվել դրանք, բայց, այնուամենայնիվ, հիշեցրել է եղբորը, որ ոչ միայն արու զավակների շնորհիվ կարող ես մնալ մարդկանց հուշերի մեջ, բարի գործերով ավելի երկար ես հիշվում, և մատնացույց է արել «Քամհար խութի» ծառերը, որոնք հարազատ զավակների պես վառ են պահելու իր բարի անունն ու հիշատակը, և անընդհատ հիշեցնելու են մարդկանց իր մասին20։

Մոտավոր հաշվարկներով՝ Կոպալ-Վերդու թոռները պետք է, որ ծնված լինեն 1870-1910-ական թվականներն ընդգկող ժամանակահատվածում։

Թյունին գյուղապետ էր, աշխատասեր, իր գործին նվիրված մարդ։ Ամուսնացել էր դրմբոնցի Շահում Ասլանյանի հետ։ Երկար ժամանակ երեխա չունեին, միայն 1880 թվականին մի դուստր ծնվեց այդ ընտանիքում, մի արծիվ։ Նրան Ջավահիր անունով մկրտեցին։ Ջավահիր՝ նշանակում է գոհար, ադամանդ, շողակն, այսինքն՝ թանկագին, շատ սիրելի։ Եվ, ընտանիքում միակ երեխան լինելով, նա, իրոք, շատ սիրվեց ծնողների կողմից։ Իսկ չափահաս տարիքի հասնելով՝ ամուսնացավ գյուլաթաղցի Թոխունց Իշխանի հետ, որից հինգ երեխա ունեցավ՝ Գոհարը, Կոլյան (Գոլդենբերգ), Իշխանուհին, Շահում և Ղումաշ երկվորյակները։ Բազմազավակ ընտանիքի մայր դառնալով, Ջավահիրն` ասես վրեժ էր լուծում ճակատագրից, ծնողների փոխարեն։

Կոպալ-Վերդու մյուս երկու տղաներն էին Միքայելն (Մուքին) ու Մուսան, իսկ դստեր անունը, ոմանց կարծիքով, Թելլի էր, մյուսները պնդում են «Փարի» տարբերակը։ Քանի որ հայտնի է Վերդու կնոջ՝ Աննմանի արտակարգ գեղեցիկ լինելու փաստը, ուստի՝ նրանց դուստրն էլ երևի թե իսկական փերու գեղեցկություն ունեցած կլիներ։

(Ի դեպ, Աննմանից հետո Վերդին երկու անգամ ևս ամուսնացավ։ Վերջին ամուսնության ժամանակ նա արդեն 120 տարեկան էր)։

Միքայելի կնոջ անունը Մարիամ էր։ Նրանց ամուսնությունից ծնվեցին Տիգրանը, Աբրահամն ու Մանուշակը։

Տիգրանի մասին հայտնի է միայն այն, որ կնոջ անունը Հայկա էր, երեխաներինը՝ Մուշեղ, Սեդա ու Համեստ։ Նաև հին մի զրույց է պատմվում սերնդե-սերունդ (մի ուշացած սիրավեպ), թե ինչպես Հայկան, թողնելով ամուսնուն ու երեխաներին՝ փախել է իր սիրեցյալի՝ համագյուղացի Վոլոդյա Հարությունյանի հետ և ամիսներ շարունակ թաքնվել գյուղամերձ մի քարայրում, որը հետագայում ժողովրդի կողմից «Հայկայի քար» է անվանվել21։

Ընդհանրապես, գյուղի մերձակայքում Վերդունց տոհմանվան հետ կապված շատ տեղանուններ կան՝ «Կոպալեն տեղը» (Ղամշոտ ծովում), «Վերդունց կրավերը», Վերդունց տափը», «Վերդունց տանձուտը» (Սրականց տափում) և այլն։ Իսկ ամեն հանդամաս իր անվան ուրույն պատմությունն ունի, բայց ոչ բոլորն է հիշվում այսօր։

Աբրահամը զոհվեց Հայրենական մեծ պատերազմում։ Այրի կինը` Արաքսին, առանց հայրական հոգատարության ու խնամքի մեծացրեց իր երեք երեխաներին՝ Ամալյային, Ասյային և Արտուշին։ Պատերազմի ժամանակ մահացել է նաև Աբրահամի մայրը՝ Մարիամը (1887-1942)։

Մանուշակն ամուսնացել ու ապրում էր Ներքին Հոռաթաղում։ Նա տառապում էր ծաղիկ հիվանդությամբ, ուստի բաժանվեց ամուսնուց։ Երեք դուստր ուներ, որոնցից երկուսը մահացել են փոքր հասակում, իսկ երրորդը՝ Ռիման, ամուսնացել ու ապրում էր Առաջաձոր գյուղում (ուներ հինգ երեխա՝ Վալերիկ, Տիգրան, Էմմա, Սվետա, Իվետա)։ Մանուշակ Միքայելի Վարդանյանը (ծնվ. 1919 թ.) մահացել է 1949 թվականին և հանգչում է Կոճողոտի նոր գերեզմանատանը։


Ճյուղ երկրորդ

ՄՈՒՍԱ

Առաջաձորցի Մաքունց Առուշանն Անուշկա, Անագյուլ, Գյուլխաս և Սոնա անուններով չորս դուստր ուներ։ Անուշկան ամուսնացավ Կոպալ-Վերդու միջնեկ տղայի Մուսայի, իսկ Անագյուլը՝ համագյուղացի մի երիտասարդի հետ (վեց ամսվա հարս էր, երբ ինքնասպան եղավ)։ Սոնան երեք տարեկան էր, երբ մահացավ մայրը։ Առուշանը կրկին ամուսնացավ։ Երկրորդ կինը՝ Վառին, Վանք գյուղից էր։ Այդ ամուսնությունից արու զավակ ծնվեց՝ Վաղարշակը, իսկ առաջին կնոջ մահից երկու տարի անց մահացավ նաև Առուշանը (մոտավորապես 1895 թվականին), երկու անչափահաս դստրերին թողնելով խորթ մոր խնամքին։

Մուսան և Անուշկան ինն երեխա ունեցան (Նախշուն, Հակոբջան, Աթանես, Ավանես, Սոլթի, Հուռի, Սոնա, Գուրգեն, Սամսոն)։

Մուսայի երկու որդիները՝ Հակոբջանն ու Աթանեսը, որ քաջ ու գեղեցկադեմ տղաներ էին, երիտասարդ հասակում հրաժեշտ տվեցին երկրային կյանքին։

19-րդ դարը վաղուց արդեն զիջել էր դիրքերը, բայց նահապետական բարքերը դեռ ուժի մեջ էին, հատկապես՝ ինքնադատաստանի դեպքերը, որոնք իրականացվում էին վրեժխնդրության հողի վրա՝ թշնամանք սերմանելով ինչպես հարևան գյուղերի, այնպես էլ՝ առանձին տոհմերի միջև։ Դրանք, հիմնականում, կատարվում էին անպաշտպան ու միայնակ ճամփորդներին ահաբեկելու, անասնագողության, մի շարք այլ դեպքերին՝ ի պատասխան։

Նման հարձակման ենթարկվեց նաև Մուսայի որդիներից մեկը՝ Հակոբջանը, ով իր խաղաղ գործով էր զբաղված։

Դեպքը տեղի է ունեցել 1918 թվականին22։

Վերդունք ապրում էին Կյուրըհողերում։ Շատ խոզեր ունեին, որոնք հիմնականում Հակոբջանի հսկողության տակ էին լինում։ Նոր էր ամուսնացել նա Դալլաքանց Լիզայի դստեր` Նախշունի հետ (ըստ որոշ վկայությունների՝ ուներ մի տղա)։ Այդ օրը որոշել էր խոզերը Ղզրգյումի տեղանքը տանել (դա Հաթերքի Սև-կապի դիմացն է, Թարթառ գետի աջ ափին)։ Հակոբջանը «Տուրեցկի» 23 հրացան ուներ, որ շատերի նախանձն էր շարժում։ Հաթերքցի Փարունց Սևի, Մարգարա և Իվան եղբայրները որոշում են պահը բաց չթողնել և, ինչ գնով էլ լինի, այս անգամ անպայման տիրանալ հրացանին։ Մարգարան նստել էր գետի հանդիպակած ափին գտնվող Սև-կապի քարում, Հակոբջանից մոտ 50 մետր հեռավորության վրա։ Իսկ Սևին ու Իվանը շրջանցելով՝ սկսում են թիկունքից մոտենալ։ Հակոբջանի օգնականը՝ Բախշի դային, որ նույնպես հրացան ուներ ձեռքին, թողնում է վտանգված ընկերոջն ու ճողոպրում գյուղ, իբր լուրը ժամանակին տեղ հասցնելու համար։ Առիթից օգտվելով, Սևին ու Իվանը թիկունքից ընդհուպ մոտենում են Հակոբջանին։ Դրանից ոգևորված, Սարգարան հրահանգում է հակառակորդին՝ վայր դնել զենքը, որ դեպի իրեն էր ուղղված, իսկ Սևիին ու Իվանին՝ խանչալն անմիջապես գործի դնել։ Խանչալահար Հակոբջանն իրեն չի կորցնում, և ցուցամատը սեղմում է ձգանը, իսկ հրացանի փողից արձակված գնդակը հասնում է նպատակակետին և նրա աչքի առաջ գետնին է տապալվում իր ոխերիմ թշնամին՝ Մարգարան։ Երկուսն էլ մահանում են՝ Հակոբջանն ու Մարգարան, իսկ Սևին ու Իվանը վերցնում են Հակոբջանի հրացանն ու փամփշտակալը և ծլկում։

Արդեն մթնժոռել էր, երբ կոճողոտցիները մեծ ու փոքրով շտապում էին դեպի գետահովիտ՝ կտրելու Սև-կապի վերին ու ներքին մուտքերը։ Մյուս կողմից էլ հաթեքցի Փարունք էին օգնության շտապում։ Երկու հակառակորդ կողմերը դիրքավորվել էին հանդիպակաց բլրակներին և միայն Թարթառն էր, որ հոսում էր անխռով ու բաժանում իրար նկատմամբ թշնամաբար տրամադրված հարևան գյուղերի բնակիչներին։

Արդարադատ ու խաղաղասեր մարդ էր հաթերքցի Աղաբաբյան Սիմոնը։ Սա, ինչ-ինչ պատճառներով դժգոհելով համագյուղացիներից, ընտանիքով եկել, Կյուրըհողերում էր ապրում։ Սիմոնին խնդրեցին միջնորդել երկու կողմերի միջև, որ հնարավորություն տրվի գոնե դիակները դուրս բերել կրակի գծից։ Հակոբջանին հուղարկավորեցին գյուղովի, բայց վրեժի ցասումն այրում էր Մուսայի սիրտը։ Նա քուն ու դադար չուներ։ Եվ կարո՞ղ էր, արդյոք, հանգիստ ունենալ, երբ իր ջահել-ջիվան որդին սև հողի գերին էր դարձել արդեն։

Ղոչաղ մարդ էր Մուսան։ Եթե աշխատանքում հանգիստ չուներ, կռվի մեջ նույնպես չէր թողնի, որ մեկնումեկն առաջ անցնի իրենից։ Եվ ուսեց հրացանն ու գնաց։

Գետի մյուս ափն արդեն, ամեն քար ու թուփ, ամեն ծառ անգամ, թշնամի էր թվում աչքին։ Ատելությունն ու քենը տակնուվրա էին անում նրա ալեկոծ հոգին։ Անհուն ու անափ վրեժով լի՝ գնում էր դեպի թշնամին, գտնելու և հոշոտելու վճռական մտադրությամբ։ Գետի հոսանքով քիչ ներքև իջավ ու դարանակալեց Հաթերք բարձրացող ճանապարհի վրա։ Շուտով խաղաղ կյանքով ապրող մի երիտասարդ երևաց (Սևիի բարեկամներից)՝ խուրջինն ուսած, իսկ խուրջինի մեջ՝ երկու թոնրահաց։ Սա հրացանը դեմ արեց և հրահանգեց առաջ անցնել։ Բերեց Կյուրըհողեր։ Գերվածին նախ պահում էին գոմում, իսկ այնուհետև՝ կրահորում, կապոտած վիճակում։ Մուսայի կնոջ՝ Անուշկայի հանդիմանությունից հետո միայն նրան ղարադամ են տեղափոխում։ Մուսան ժամանակ էր նշանակել և պահանջում էր հակառակորդ կողմից՝ ետ տալ սպանված որդու՝ Հակոբջանի հրացանն ու փամփշտակալը։ Իսկ երբ տեսնում է, որ ուշացնում են՝ ուզում է վրեժխնդիր լինել և սպանել գերված երիտասարդին, որը լրիվ անտեղյակ էր Հակոբջանի սպանությանը։

Անուշկան խելոք կին էր։ Հանդիմանեց ամուսնուն, որ հետևել էր այն սկզբունքին, թե արյունն արնով կլվանան։ Բայց՝ թշնամու, այլ ոչ թե... ով պատահի...

Կրկին միջնորդի իր դերն ստանձնած Սիմոնի ջանքերով լարվածությունը երկու հակադիր կողմերի միջև թուլանում է և հաթերքցիները տեղի են տալիս՝ վերադարձնում են Հակոբջանի զենքն ու զինամթերքը, փոխարենը՝ ստանալով իրենց արդեն մահվան դուռը հասած տոհմակցին։

...Խաղաղությունը կրկին վերահաստատվեց, բայց, թեև Մարգարան չկար այլևս, Իվանն ու Սևին դեռ շարունակում էին իրենց սև գործը՝ ահաբեկել շրջակա գյուղերի բնակչությանը, զբաղվել գողությամբ։ Բայց կյանքում ամեն ինչ վերջ ունի, և Իվանն էլ հարությունագոմերցի Բենիամինի վրեժխնդրության արդյունքում իր վերջը գտավ Վետած աղբյուրի մերձակա կաթնապրանքային ֆերմայի անասնագոմում, ուր եկել էր հերթական անգամ անասնագողություն կատարելու մտադրությամբ։

20-րդ դարասկիզբը նշանավորվեց ռուսական առաջին և երկրորդ հեղափոխություններով, որոնք ավելի լայնացրին անարխիայի (ամենաթողության) շրջանակները, բայց տիրող իշխանությունները (ժամանակավոր կառավարությունը և հետո՝ Ռուսաստանում հաղթանակած Խորհրդային կարգերը) եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե որոշ չափով կարողացան նաև կայսրության ծայրամասերում հետզհետե վերատիրանալ իրավիճակին։

Ղաչաղ դարձած և տուն ու տեղ թողած Սևին նույնպես մահվան դատաստանի արժանացավ։ Հին պատմությունների քաջ գիտակ Զառի մայրիկը և նրա եղբայր Մուխայելը (Միքայել Համբարձումի Առուշանյան) երկար զրույցներ էին պատմում այն մասին, թե ինչպես է բազում սև գործերի հեղինակ Սևին վերջապես ձերբակալվել ՆԳԺԿ բանդիտիզմի դեմ պայքարի տեղական մարմինների կողմից և գնդակահարության դատապարտվել։ Մուսան պայմանավորվում է օրինապահների հետ, որ գնդակահարության ժամանակ ներկա լինի նաև իր որդիներից մեկը։ Այդպես էլ արվում է։ Իսկ քանի որ գնդակահարությունը ի կատար էր ածվում հատուկ նշանակված վայրում (Գյոյ-Գյոլ լճի մերձակայքում), ուստի պիտի մի քանի օրվա ճանապարհ անցնեին ձիով, կալանավորին ձիու վրա կապոտած էին տանում։ Ճամփորդության երրորդ օրը Սևին փախչելու փորձ է անում և մի կամրջով անցնելիս՝ ձիուց ցատկում է գետի մեջ։ Զինված ուղեկցողներն սկսում են կրակել փախուստի դիմած հանցագործի վրա։ Ի վերջո՝ Սևին ես զրկվում է կյանքից և զինված պահակախմբի կազմում գտնվող Վերդունց ներկայացուցիչը գյուղ է վերադառնում և Մուսային ու համագյուղացիներին հավաստիացնում, որ Հակոբջանի վրեժը լուծված է վերջնականապես։

Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես դասավորվեցին Մուսայի մյուս երեխաների ճակատագրերը։

Ավանես Մուսայի Վարդանյանը ծնվել է 1895 թվականին, ապրում էր Բաքվում, բանվորություն էր անում այնտեղ։ Ամուսնացել էր պապի աներոջ՝ Աոռւշանի որդու՝ Հաթամի Փարի դստեր հետ, ուներ երկու դուստր Վարդանուշ և Զարդարիկ անուններով։

Հետագայում Վարդանուշն ամուսնացավ Խաչունց Գրիգոր Միրզոյանի հետ, ով ապրում էր պատմական Շիրվանի Մեսարի գյուղում, իսկ Զարդարիկը՝ Թմարանց Տիգրան Գրիգորյանի հետ՝ հայրենի գյուղում։ Երկու քույրերն, ընդհանուր հաշվով, տասնհինգ երեխա լույս աշխարհ բերեցին, յոթը՝ Վարդանուշը (Զոյա, Զաբել, Մանյա, Արտուշ, Ալյոշա, Լյուդմիլա, Ռիմա), իսկ ութը՝ Զարդարիկը (Յուրա, Շուրա, Նաիրա, Վալյա, Ալվինա, Սլավիկ, Մարինե, Սուրեն)։

Ավանեսը մահացել է 1943 թվականին, իսկ Փարին (ծնվ. 1903 թ.)՝ 20 տարի հետո (1963 թ.)։

Մուսայի ավագ դուստը՝ Նախշունը, ով հարևան Դրմբոն գյուղ էր հարս գնացել, Շաբոյանների ընտանիքում յոթ երեխա ունեցավ (Արփենիկ, Խաչի, Աստղիկ, Ասծատուր, Սուրեն, Շաբո, Թամարա)։

Սոլթին ամուսնացավ մեծշենցու հետ, ունեցավ երեք երեխա։

Հուռու ամուսինը Մելունց Բալասանի գերդաստանից Վանյան Հակոբն էր։ Այդ ամուսնութունից հինգ երեխա լույս աշխարհ եկավ (Զարվարդը, Գրիշան, Մարգոն, Ալյոշան, Ժորան)։ Իսկ Շուրան ծնվեց երկրորդ ամուսնությունից, նրա հայրը Մելունց Կարապետի որդի Յոլչին էր։

Սոնան (ծնվ. 1901 թ.) ամուսնացավ Սանթրի Հաթամյանի հետ և հինգ երեխա ունեցավ (Անգին, Եսթեր, Ժորա, Բենիկ, Ասյա)։ Նա մահացավ 1949 թ., երբ ամուսինը դեռևս գտնվում էր զինվորական ծառայության մեջ։

Զորացրվելուց հետո Սանթրին հայրենի գյուղ վերադարձավ, իսկ որոշ ժամանակ անց տեղափոխվեց Զագլիկ և ամուսնացավ պատերազմի դաշտում ամուսին կորցրած Մարուսյայի հետ։ Իր հետ նա Զագլիկ տարավ միայն կրտսեր երեխաներին՝ Բենիկին ու Ասյային, որովհետև ավագ երեխաներն արդեն ամուսնացել էին։ Սանթրին հայրություն արեց նաև Մարուսյայի առաջին ամուսնությունից ծնված երեխային՝ Արկադիին։ Հետո Սանթրին Զագլիկ տարավ իր Կոլյա և Բարմեն եղբայրներին։ Այդպես, Հաթամանց տոհմի մի մասը Կոճողոտից տեղափոխվեց ու արմատավորվեց Զագլիկ գյուղում։

Երկրորդ աշխարհարմարտի տարբեր ռազմաճակատներում մարտնչեցին նաև Մուսայի երկու որդիները՝ Գուրգենը և Սամսոնը։ Պատերազմի դաշտից վերադարձավ միայն Սամսոնը, իսկ Գուրգենը, ով դեռ չէր հասցրել նույնիսկ ամուսնանալ, ընկավ պատերազմի դաշտում, անցավ՝ անհիշատակ, բայց չմոռացվեց երբեք, նրա անունը որպես արթուն հիշողություն մնաց հարազատների՝ քույրերի ու եղբայրների շուրթերին ու սրտերում։


Ճյուղ երրորդ

ՍԱՄՍՈՆ

Սամսոն Մուսայի Վարդանյանը ծնվել է 1914 թվականին։ Մանկության տարիները համընկել են հին (նահապետական) աշխարհի ավերման ու նորի ստեղծման պատմական ժամանակաշրջանին։

Ի դեպ, 1917-ի Հոկտեմբերյան հեղաշրջման հետևանքով երկրամասում Խորհրդային կարգերի ստեղծման հետ կրկին խարխլվեցին հավատո տաճարի հիմքերը։ Եթե թուրք-սելջուկները, մոնղոլ-թաթարները, մյուս բարբարոս ցեղերը, ասպատակելով Հայոց հինավուրց երկիրը՝ հիմնահատակ ավերում էին մեր վանքներն ու եկեղեցիները, գեղաքանդակ խաչքարերը, ապա նորօրյա զավթիչները շինություների հետ ավերում էին նաև մարդկանց հոգու ամրոցները։ (Գյուղի վերջին եկեղեցին քանդվեց գառնաքարցի Դավիթ Մանգասարյանի հրահանգով, ով 1928-30 թվականներին Կոճողոտի գյուղական խորհրդի գործկոմի նախագահն էր)։

Ի հակակշիռ բոլոր թեր ու դեմ կարծիքների (կապված հատկապես երկու կարևոր հանգամանքների հետ. առաջինը՝ ժողովրդի հոգևոր ամլացումը և, երկրորդը՝ համատարած պարտադիր կոլեկտիվացումը, որով փաստորեն գյուղացին վերջնականապես կտրվեց սեփական հողից), հանուն արդարության պետք է խոստովանել, որ Խորհրդային կարգերի հաստատումով զարգացման նոր հեռանկարներ բացվեցին։

Անգրագիտության զանգվածային վերացման գործընթացը ոգևորության նոր ալիք առաջացրեց բնակչության շրջանում։ 1924 թվականից սկսեց գործել գյուղի տարրական դպրոցը, որը տեղավորված էր Տվիթանց Պետրոսի քարաշեն տան մի սենյակում, իսկ երկու տարուց հետո այն տեղափոխվեց Խաչունց թաղը։

Դպրոցի համար առանձին շենք կառուցվեց միայն 1932-ին, երբ այն արդեն յոթնամյա էր (1965-ից Կոճողոտի դպրոցն ութամյա է, իսկ 1977-ից՝ միջնակարգ)։

Սամսոն Վարդանյանն ամուսնացավ 1929 թվականին։ Կինը՝ Ջառին (նույնպես՝ 1914 թ. ծնված), Առուշանյան Համբարձումի դուստրն էր, մի շատ լավ ու առաքինի անձնավորություն։

(Ի դեպ, այդ ամուսնությամբ կրկնակի ամրապնդվեցին խնամիական կապերը Առուշանի հետնորդների հետ։ Այդ ավանդույթը սկսվեց վարդանյանների նախապապ Կոպալ-Վերդու և Առուշանի դստեր՝ չքնաղ Աննմանի ամուսնությամբ, որը հետագայում ևս շարունակվեց. Ջերվոնն ընդօրինակեց հորն ու նախապապին և ամուսնացավ Շահրամանանց տոհմից Հայրենական մեծ պատերազմում զոհված Ասատուրի դստեր Վիկտորյայի հետ, իսկ Սամսոնի թոռ Գուրգենը չորրորդեց այդ բարեկամությունը՝ ամուսնանալով նույն Ասատուրի թոռան` Արմետայի հետ)։

Սամսոն Մուսայի Վարդանյանի և Զառի Համբարձումի Առուշանյանի ամուսնության արդյունքում Կոճողոտի համերաշխ ու օրինակելի ընտանիքների թիվը մեկով էլ ավելացավ։ Մի ցավ կար, սակայն, որ թվում էր, թե չի դարմանվի. անպտուղ չէին, բայց ծնվածն էլ չէր ապրում։ Տարիներ շարունակ։ Միայն ամուսնության յոթերորդ գարնան առաջին օրը լույս աշխարհ եկած մանչուկը պիտի հերքեր կյանքի ու մահվան խնդիրը կարգավորել կամեցող գրբացների ու կախարդների ստոր ու սնամեջ կանոնները։ Նորածինը, որին այս անգամ, ըստ սովորության՝ օտարաշունչ անուն տվին, կենսական ավիշով էր լցված և ամենևին էլ մտադիր չէր դեռ կյանք չմտած՝ հրաժեշտ տալ այս աշխարհին։

Սամսոն և Զառի ամուսինների առաջին կենսունակ զավակն էր նա՝ Զերվոնը (օտարաշունչ Վլյաթ անունով), ով օր օրի ավելի էր առույգանում և ուրախությամբ լցնում ծնողների սրտերը։

Զերվոնին հաջորդեցին Շուրան, Յուրան, Լաուրան և Անուշը։

Սամսոնը համեստ ու բարեխիղճ աշխատող էր։ Արդեն երկու երեխայի հայր էր, քսանյոթ տարեկան, երբ պատերազմի բոթը Կոճողոտ հասավ, և առաջինների թվում ռազմաճակատ մեկնեց։ Գուրգենը զոհվեց պատերազմի դաշտում, իսկ Սամսոնը 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի կազմում մասնակցեց մի շարք ռազմագործողությունների, վիրավորվեց Կերչում, ապաքինվելուց հետո կրկին շարք վերդարձավ։ Ու թեև հետագա մարտերի ընթացքում վիրավորվեց ևս երկու անգամ, շարունակեց իր կռիվը մինչև Հայրենական պատերազմի հաղթական ավարտը։

Երկրորդ աշխարհամարտի ռազմաճակատներում թրծված նրա կամքն ու ոգին խաղաղ աշխատանքների հորձանուտը նետվեց, աշխատեց որպես կոլտնտեսության պահեստապետ բրիգադավար, ֆերմայի վարիչ և այլն։ Աշխատեց ուժերի գերագույն լարումով ու պատասխանատվության զգացումով, եղավ մարդասեր ու բարեսիրտ, նեցուկ դարձավ պատերազմական խրամատներում մարտնչած ու նահատակված համագյուղացի զինվորների ընտանիքներին, քանի որ հատկապես այդ խավը, որը զրկված էր կերակրողից, համատարած սովի էր մատնված։ Սամսոնը շատ դեպքերում՝ թաքուն, հաճախ նաև՝ բոլորի աչքի առաջ, հաց էր բաժանում նրանց՝ սովից փրկելու համար։ Իսկ խստությունն ահավոր էր և մի բառի համար անգամ մարդիկ կարող էին հեռավոր սիբիրներ քշվել։ Տեղական իշխանավորներն օգտվում էին ընձեռված հնարավորություններից և ազատվում խելոք ու լայն ժողովրդականություն վայելող մարդկանցից։

Սամսոն Վարդանյանն, իհարկե, երջանիկ պատահականությամբ ստիպված չէր լքել հարազատ վայրերը։ Նա ապրեց ընդամենը 63 տարի, մահացավ 1977-ի մարտի 22-ի երեքշաբթի օրը, բարի անունը թողնելով սերունդների հիշողության մեջ։ Իսկ յոթ տարի անց, 1984-ի նոյեմբերի 25-ի սառնաշունչ կիրակի օրվա երեկոյան ժամը 6-ին մահացավ նաև կինը՝ Զառի Առուշանյան-Վարդանյանը, իր հետ գերեզման տանելով հետաքրքիր զրույցների մի անհատնում շտեմարան։

Սամսոն և Զառի Վարդանյանների ավագ որդու՝ Զերվոնի ծննդից երկու տարի հետո՝ 1938-ի փետրվարի 7-ի երկուշաբթի օրը, ծնվեց ընտանիքի երկրորդ զավակը, որին Շուրա անունով մկրտեցին։

Շուրան տեքստիլ արդյունաբերության գծով մասնագիտական կրթություն ստացավ Բաքվում, ուր կուսակցական-պետական բարձր պաշտոններ էր զբաղեցնում մորեղբայրը՝ Միքայել (Մուխայել) Համբարձումի Առուշանյանը (նա գյուղում առանձնատուն էր կառուցել, ուր իջևանում էր ամռան ամիսներին)։ Մուխայելը դեռևս երիտասարդ տարիքում որպես անհնազանդ տարր է նկատվել կոլտնտեսության նախագահ Գրիգոր Վանյանի կողմից, և ոչ միայն վտարվել է հայրենի գյուղից, այլև՝ ազատազրկվել։ Բայց բանտում վեց ամիս մնալուց հետո ազատ է արձակվել, ավարտել հաշվապահական դասընթացներ, մասնագիտական բարձրագույն կրթություն ստացել Լենինգրադում և շարքային հաշվապահից հասել մինչև Ադրբեջանի նախարարների խորհրդի վերստուգիչ հանձնաժողովի բաժնի վարիչի պաշտոնը։ Նա շատ է օգնել բոլորին՝ բարեկամներին, ընկերներին, համագյուղացիներին։ Երեխաներ չի ունեցել, բայց անչափ սիրել է քրոջ ու եղբոր երեխաներին, հատկապես կապված էր քրոջ՝ Զառիի ընտանիքի հետ։ Երբ քրոջ ամուսին Սամսոնը կոլտնտեսությունում աշխատելու ժամանակ ավտովթարի էր ենթարկվել և ծանր վիճակում էր, Մուխայելի միջոցներով Մարտակերտի շրջանում առաջին անգամ ուղղաթիռ է վայրէջք կատարել և Սամսոնին տեղափոխել Բաքվի հիվանդանոցներից մեկը, ուր բժիշկները փրկել են նրա կյանքը։ Արցախյան շարժման տարիներին Մուխայելը տեղափոխվել է Ստավրոպոլի երկրամաս, ուր և՝ Շպակովկա գյուղում, 1993-ին կնքել է իր մահկանացուն։

Շուրան ամուսնացավ Շիրվանի Մեսարի գյուղում (Շամախիի շրջան) բնակվող Խաչունց Գրիգոր Միրզոյանի ավագ դստեր՝ Զոյայի հետ։ (Ի դեպ, Խաչունց Ղևոնդն իր ավագ որդուն՝ Գրիգորին ամուսնացրել էր Վերդունց Մուսայի Ավանես անունով որդու դստեր՝ Վարդանուշի հետ։ Ղևոնդի և Մուսայի բարեկամությունն ամրապնդվեց նաև նրանց թոռների՝ Զոյայի ու Շուրայի ամուսնությամբ։ Այդ բարեկամությունը հետագայում նոր ճյուղավորում ստացավ. Ղևոնդի թոռան՝ Ռոզա Աբրահամի Միրզոյանի ու Մուսայի ծոռան` Սերժիկ Զերվոնի Վարդանյանի ամուսնությունը երրորդեց կապը այդ երկու տոհմերի միջև)։

Շուրա և Զոյա ամուսնական զույգը 1965-ից մշտական բնակություն հաստատեց Մինգեչաուր քաղաքում։ Այդ թվականից էլ (նախ՝ որպես ենթավարպետ և ապա՝ վարպետ) Շուրան աշխատել է բամբակագործվածքային ֆաբրիկայում։ Նրա հարկի տակ երկուական դուստր և ուստր ծնվեցին՝ Աիդան, Գուրգենը, Անժելան ու Գենադին։

Երկրորդի՝ արու զավակի ծննդյան լուրն անչափ ուրախացրել էր Սամսոն պապիկին։ Նա վերջապես կարող էր իրականացած տեսնել իր նվիրական երազանքը՝ Հայրենական պատերազմում զոհված կրտսեր եղբոր անունով կոչել նրան։ Նորածին Գուրգենը՝ Սամսոն Վարդանյանի համար ոչ միայն թոռան, այլ նաև եղբոր պակասը պիտի լրացներ։ Արու թոռներ արդեն ուներ (Զերվոնի երեք տղաները՝ Սերժիկը, Գարիկը և Արթուրը), բայց ինչո՞ւ էր Սամսոն պապիկն ուզում, որ Գուրգեն անունով թոռնիկը ծնվեր Շուրայի ընտանիքում։ Բանն այն է, որ Հայրենական պատերազմում զոհված Գուրգեն Մուսայի Վարդանյանը ոչ միայն Շուրայի հոր, նաև կնոջ՝ Զոյայի մորապապ Ավանեսի կրտսեր եղբայրն էր։ Եվ Սամսոնն ուզում էր հատկապես այդ ընտանիքում Գուրգեն անունով թոռ ունենալ։

Շուրան Կոճողոտում էր մեծացել, Զոյան՝ հայաշունչ ու հայահոծ Շիրվանի Մեսարի գյուղում։ Մինգեչաուրում ևս հայությունը հոծաբնակ էր, ուստի՝ այլազգիների ազդեցությունն այնքան էլ նկատելի չէր։

Վարդանյանների ընտանիքն ամեն տարի ամռան ամիսներին գալիս էր Կոճողոտ, լիցքաթափվում քաղաքային եռուզեռից։ Երբ սկսվեց Արցախյան ազգային-ազատագական շարժումը, Մինգեչաուրում ևս գլուխ բարձրացրեց հակահայկական հիստերիան, և Շուրա Վարդանյանի ընտանիքը ստիպված էր տեղահանվել։ Նրանք ընտանիքով տեղափոխվեցին Ստեփանակերտ, Շուրան աշխատանքի անցավ կոշկի ֆաբրիկայում, իսկ Զոյան ու Գուրգենը՝ կոնդենսատորների գործարանում։ Ապրում էին վարձու բնակարանում և հույս ունեին, որ Գուրգենի հերթագրվելը գործարանի բնակարանային հերթում կենցաղային պայմանների բարելավում կբերի ընտանիքին։ Բայց հուսալքվեցին ու վերադարձան հայրենի գյուղ, տեղավորվեցին Մուխայելի առանձնատանը։

Չափահաս երեխաներն արդեն ամուսնացել էին. Աիդան՝ Մարկլեն Մխիթարյանի որդու՝ Գրիշայի (ունի երեք երեխա), իսկ Գուրգենը՝ Ապրես Շահրամանյանի դստեր՝ Արմետայի հետ։

Շուրայի մյուս երկու երեխաները՝ Անժելան ու Գենադին ևս, չափահաս դառնալով, որոշ ժամանակ անց ընտանիքավորվեցին։ Անժելան ամուսնացավ Սիմոնյան Սամվելի որդու՝ Սերոբի (ունի երկու արու զավակ), իսկ Գենադին՝ Սամսոն պապի քրոջ՝ Նախշունի ծոռան` Դիանա Ռաֆիկի Շաբոյանի հետ (ունի չորս երեխա՝ երկու ուստր և երկու դուստր)։

Գուրգեն Շուրայի Վարդանյանն, ինչպես ասվեց, իր ծննդով ուրախացրեց Սամսոն պապիկին, և նրա երազանքն իրականություն դարձավ։ Դա 1968-ի մայիսի 18-ին էր։ Այդ շաբաթվա վերջին աշխատանքային օրը անափ ուրախություն էր Մինգեչաուր քաղաքում բնակվող Վարդանյանների ընտանիքում, Սամսոնը կրտսեր եղբորն էր գտել, Շուրան՝ հորեղբորը, Ջոյան՝ մորապապի եղբորը։ Իսկ որ ավելի կարևոր էր՝ փոքրիկ Աիդան եղբայր ունեցավ։ Գուրգենը նախնական կրթությունն ստացավ Մինգեչաուր քաղաքում, այնուհետև ավարտեց Երևանի մեքենաշինական տեխնիկումը, իսկ 1986-88 թվականներին ծառայեց Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո վերադարձավ հայրենի գյուղ, ամուսնացավ Արմետա Շահրամանյանի հետ։ Արմետան Գուրգենի հորեղբոր՝ Զերվոնի աներոջ որդու՝ Ապրեսի ավագ դուստրն էր, այդ տոհմից չորրորդ հարսնացուն, որ մշտական գրանցումով մտավ Վերդունց գերդաստանի կազմի մեջ։

Մեկ տարուց հետո, 1989-ին, երիտասարդ ընտանիքը տեղափոխվեց Ստեփանակերտ, Գուրգենն աշխատանքի անցավ կոնդենսատորների գործարանում։ Արմետան ու Գուրգենը երկու դուստր ունեցան՝ Արինան ու Ջոյան։

1991-ին Արցախյան ազատամարտն իր ալիքների մեջ առավ նաև Գուրգենին, և նա բոլորանվեր տրվեց Արցախի հայության արդարացի պայքարին։ Անմիջապես վերադարձավ հայրենի գյուղ և անդամագրվեց ֆիդայական ջոկատին։ Համագյուղացի տղաների հետ նա պաշտպանական շատ մարտերի մասնակցեց, իսկ վերջինը՝ 1992-ի հունիսի 10-ին (չորեքշաբթի) Չարեքտար գյուղի պաշտպանության համար մղված անհավասար մարտը անանց վշտով լցրեց բոլորի սրտերը, չկար այլևս Գուրգենը, նա գնաց՝ հանուն իր երկու դուստրերի ու Արցախի բոլոր երեխաների խաղաղ առավոտների ու անհոգ մանկության։

Եթե երկրորդ աշխարհամարտում զոհված Գուրգեն Մուսայի Վարդանյանի մասին ոչ մի հիշատակում չմնաց, ապա Արցախյան պատերազմի նահատակ Գուրգեն Շուրայի Վարդանյանի սխրանքն ու անձնվիրությունը Հայրենիքի կողմից ըստ արժանվույն գնահատվեց. Գուրգենը հետմահու պարգևատրվեց ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, նրա մասին բազմաթիվ ակնարկներ տպագրվեցին պարբերական մամուլում, ետպատերազմյան Ստեփանակերտում լույս ընծայված մի շարք գրքերում առանձին էջեր նվիրվեցին նրան։ Նաև բանաստեղծություններ ձոնվեցին։ Նա դարձավ ասք ու պատմություն՝ սերունդների հիշողության մեջ։

...«Այս խաղաղ առավոտի համար» ակնարկը, որը տպագրվել է «Մարտիկ» բանակային թերթի 1999-ի թիվ 43-ում, չծրարված նամակի տեսք ունի։ Եվ, ճիշտն ասած, մտածե՞լ ենք երբևէ, թե կգա մի այնպիսի ժամանակ, երբ մեր մտերիմներից ու հարազատներից շատերն այլևս չեն լինի, և ստիպված կլինենք նրանց հետ գրավոր խոսել։ Ինչևէ, կրկին սկսենք «բարևից»...

«Բարև, Գուրգեն... Ծնվել ես Մինգեչաուր տեղափոխված կոճողոտցու ընտանիքում, բայց հայրենի գյուղը միշտ ապրում էր քո մեջ, քո կյանքի ամեն ակնթարթում։ Ու գալիս էիր գյուղ։ Գալիս էիր` ամառային օրերին միայն։ Որպես՝ հովեկ։ Գալիս էիր` եղբորդ, բույրերիդ, ծնողներիդ հետ։ Իսկ ի՜նչ հրաշալի էին մեր մանկության ամառները։ Եվ ինչպիսի՜ բերկրալի երանգներ էր ներարկում ձեր՝ քաղաքաբնակներիդ ներկայությունը։

Վերդունց Սամսոնի (քո պապի) տան բակում երեխաներիս խաղը վերջ չէր ունենում։ Մեզ միանում էին հորաքրոջդ, հորեղբայրներիդ երեխաները, որ գալիս էին Հրազդանից ու Ստեփանակերտից, մի մասն էլ գյուղում էին ապրում։ Նաև` իմ քույրերն ու եղբայրս։ Հարևաններ էինք... Այնպես ազատ ու անկաշկանդ էինք երեխաներով, չկար բակերն իրարից անջատող սահման ու ցանկապատ։ Հետո կամաց-կամաց մենք մեծացանք, ու ժամանակի հետ փոխվեց նաև մեր շրջապատը։ Նաև` ցանկապատերն ավելացան ու բաժանեցին բակերն իրարից, բայց մեր մանկությունները մշտապես մնացին միասին։

Դու, Մինգեչաուրում ավարտելով միջնակարգը, տեղափոխվեցիր Երևան` ուսումդ շարունակելու մեքենաշինական տեխնիկումում, հետո ծառայեցիր Խորհրդային բանակում, հետո եկավ բաղձալի 1988-ը...

Եվ վերադարձար գյուղ՝ հայրական օջախդ շենացնելու։ Եկար ու նո՞ր միայն նկատեցիր Արմետային, թե՞ վաղուց էիր աչքադրել` չգիտեմ, բայց մի բան հաստատ է դուք երկուսով էլ համոզված էիք, որ ձեր համատեղ կյանքը կլինի հետաքրքիր ու բովանդակալից։ Իսկ երբ ծնողներդ ևս վերջնականապես վերադարձան գյուղ, նորաստեղծ ընտանիքդ տեղափոխվեց Ստեփանակերտ։ Ոչ թե քաղաքային ասֆալտի նկատմամբ ունեցած կարոտն էր արթանցել քո մեջ, այլ տան «մեծերը» ձեզ՝ երիտասարդներիդ ազատ ու ինքնուրույն ապրելու հնարավորություն տվեցին։

1989-ին էր, աշխատանքի ընդունվեցիր Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում և քո խելացի ու բարի բնավորությամբ կարճ ժամանակաընթացքում արժանացար աշխատանքային ընկերներիդ հարգանքին ու վստահությանը, քո ազնվությամբ համակեցիր բոլորին։ Բայց հարազատացած կոլեկտիվում աշխատեցիր ընդամենը երկու տարի. արդեն ալեկոծված Արցախյան շարժումը 1991-ին իր ալիքների մեջ առավ նաև քեզ, և դու աներկբայորեն տրվեցիր նրան` անդամագրվելով գյուղի կամավորականների ջոկատին։ Ու վերաիմաստավորվեց քո կենսագրությունը. մարտական ընկերներիդ հետ անընդհատ դիրքերում էիր։

1992-ի հունիսը սկսվեց հակառակորդի մեծաքանակ հետևակի ու զրահատեխնիկայի՝ Հաթերքի ու հարակից գյուղերի ուղղությամբ անընդմեջ ձեռնարկվող հարձակումներով։ Առաջին գիծ շտապեցին շրջակա գյուղերի ֆիդայական ջոկատները։ Սկսված կատաղի մարտը շարունակվեց մի քանի օր։ Հունիսի 10-ին հակառակորդի դիմահար կրակից վնասվեց մեր զրահամեքենաներից մեկը, և անմիջապես էլ շատ ծանոթ մի ձայն հասավ ունկերիդ. - Օգնեցե՛ք, ես վիրավոր եմ…

Ո՞վ կարող է լինել` հանկարծ լարվեցիր, բայց հիշողությանը զոռ տալու ժամանակ չկար, պետք էր շտապել, ու վազեցիր ձայնի ուղղությամբ։ Իսկ այդ պահին հակառակորդի հրետանին կրկին խոցեց նույն նշանակետը. բոցավառվեց զրահամեքենան` իր կրակների մեջ առնելով վիրավոր ընկերոջդ ու քեզ։ …Հայրենիքը բարձր է գնահատել անձնվեր արարքդ. դու պարգևատրվել ես «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Դա քո վերջին «դասին» ստացած գնահատականն է` «դասանյութը» գերազանց յուրացնելու համար։ Իսկ տանը քեզ սպասում էին ծնողներդ, եղբայրդ, սիրասուն կինդ։ Եվ երկու դստրիկներդ, որ անթարթ աչքերով նայում են պատի մեծադիր լուսանկարին ու մեծավարի հասկանում, թե ինչքա՜ն մեծ սեր պետք է ունենալ հայրենիքի նկատմամբ, որ նրա անվան համար նաև ողջակիզվել կարողանաս։

Իսկ վերջում (ներիր, պարզապես ուզում եմ իմանաս), ավելացնեմ, որ իմ ծննդյան օրը ես առաջին հերթին հիշում եմ քեզ, որովհետև այդ օրը նույնքան էլ քոնն է, որքան որ իմն է. «վերջակետն» է քո երկրային կյանքի և սկիզբը մշտնջենականի… Հիշում եմ այս խաղաղ առավոտի համար, որ նաև քո արյունով է լուսավորված»...

…Գուրգենը հերթագրված էր գործարանում՝ բնակարան ստանալու համար։ Սկսված էր բնակելի շենքի շինարարությունը։ Նրա զոհվելուց հետո հերթը փոխանցվեց նույն գործարանում աշխատող մորը, բայց խուլ շրջափակումը խանգարեց, շենքը մնաց անավարտ։ Այդ վիճակում էլ բնակարանները բաշխվեցին հերթագրվածներին։ Ով հնարավորություն ունեցավ՝ շարունակեց, ավարտին հասցրեց կիսատ մնացած աշխատանքները, իսկ ով չուներ՝ այդպես էլ մնաց վարձու բնակարանում։

Գուրգենի հայրը՝ Շուրան, իր միջոցներով սկսեց վերակառուցել բնակարանը, բայց քանի գնում՝ ծախսերն ավելի էին շատանում։

Սկսված էր ԼՂՀ նախագահական հերթական ընտրությունների նախընտական քարոզարշավը։ 2002 թ. օգոստոսի սկզբներին Շուրան համարձակվեց օգնության խնդրանքով դիմել ԼՂՀ գործող նախագահ, ԼՂՀ նախագահի թեկնածու Արկադի Ղուկասյանին, հույս ունենալով, թե համապատասխան օգնություն կստանա. չէ՞ որ իր որդին նույնիսկ կյանքը չի խնայել, որ իր զավակներն այսօր ոչնչի կարիք չունենան։

2002 թ. օգոստոսի 11-ին, ձայների բացարձակ մեծամասնությամբ Արկադի Ղուկասյանը ԼՂՀ նախագահ վերընտրվեց, բայց Շուրա Վարդանյանն այդպես էլ չիմացավ, հասա՞վ, արդյոք, նամակը հասցեատիրոջը, թե՞ չկարողացավ հաղթահարել իր ճանապարհի խոչընդոտները։ Հետևապես՝ ոչ միայն նյութական օգնություն, նույնիսկ նամակի պատասխանը չստացավ։ Եվ միայն եղբորորդու՝ Գարիկի նյութական օժանդակությամբ Շուրան կարողացավ ավարտին հասցնել բնակարանի շիննորոգման աշխատանքները, և Արմետան իր երեխաների հետ ապրում է այդ բնակարանում...

Արցախյան գոյապայքարին իր մասնակցությունն է բերել նաև Գուրգենի կրտսեր եղբայր Գենադին։ Նա Մինգեչաուրում միջնակարգ կրթություն ստանալուց հետո ծառայել է Խորհրդային բանակում, ամուսնացել և ապրում է հայրենի գյուղում։

Նա ծանր տարավ եղբոր կորուստը։ Եվ երբ առաջնեկն արու ծնվեց, անվանակոչման հարցում երկմտելու կարիք չկար. Վերդունց գերդաստանում ծնվել էր երրորդ Գուրգեն Վարդանյանը։ Փոքրիկ Գուրգենից հետո այդ հարկի տակ երկու դուստր ևս ծնվեցին՝ Աննան ու Բելան։ Իսկ պապի ծննդյան օրը ծնված նրա չորրորդ երեխան պապի անունով էլ Շուրա անվանակոչվեց։

Սամսոն Վարդանյանի կրտսեր որդին՝ Յուրան, ծնվել է 1941 թվականին, ծառայել է Խորհրդային բանակում, իսկ զորացվելուց հետո ավարտել Քաջարանի շինարարական տեխնիկումն ու աշխատանքի անցել Մարտակերտ ավանի (այժմ՝ քաղաք) շինարարական կազմակերպություններից մեկում՝ որպես աշխղեկ։ Այդ տարիներին էր, որ պլանավորվեց Կոճողոտում մշակույթի պալատի նոր շենքի կառուցումը, և Յուրան անմիջապես ստանձնեց և իր ենթակայության տակ գտնվող շինբրիգադի ուժերով կատարեց այդ կարևոր ու պատասխանատու գործը։

Եթե մինչ այդ նկուղային անհարմարավետ շինությունում էին կինոնկարներ ցուցադրվում, մշակույթի պալատի առկայությունը մի նոր շքեղություն հաղորդեց կոճողոտցիների առօրյային։

Յուրան ամուսնացավ Խաչովանց Ասըհակի (նշանավոր թառահար Սահակ Մխիթարյանի) դստեր՝ Մարգո Մխիթարյանի հետ և մշտական բնակություն հաստատեց Հրազդան քաղաքում։ Նա երեք երեխա ունեցավ՝ Նվերը, Մհերն ու Տաթևիկը։

Մհերն իններորդ դասարանի աշակերտ էր, երբ դժբախտ պատահարի զոհ դարձավ։ Դա 1993 թվականի հուլիսի 14+ին էր, չորեքշաբթի օրը, նա ջրախեղդ եղավ 58 Հրազդանի ջրանցքում լողանալու ժամանակ։

Նվերը՝ Յուրայի ավագ որդին, Խորհրդային բանակում ծառայելուց հետո ավարտեց Հրազդանի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումն ու ամուսնացավ։ Կինը՝ Լիանան, նրան մի արու զավակ և երկու դուստր պարգևեց։ (Արու զավակը վաղաժամ մահացած հորեղբոր անունով Մհեր անվանակոչվեց)։

1993-ին Նվերը տեղափոխվել է Պենզա, իսկ 1995-ին՝ իր մոտ տեղափոխել նաև ընտանիքի մյուս անդամներին։

2003-ից ընտանիքով ապրում է ՌԴ Պյատիգորսկ քաղաքում։

Յուրայի դուստրը՝ Տաթևիկը նույնպես ապրում է Պյատիգորսկ քաղաքում։ Ամուսնացել է Զերվոն Վարդանյանի կնոջ՝ Վիկտորյայի կրտսեր եղբոր` Գրիշայի կրտսեր որդու՝ Արարատի հետ, ունի մեկ դուստր՝ Նարա անունով։

1948թ. հոկտեմբերի 1-ի ուրբաթը հերթական ուրախությամբ լցրեց Վարդանյանների օջախը. երեք արու զավակից հետո Վերդունց Սամսոնը դուստր ունեցավ, որին Լաուրա անունը տվեցին։

Լաուրան ութամյա կրթությունն ստացավ ծննդավայրի, իսկ միջնակարգը՝ հարևան Չլդրան գյուղի դպրոցում, որից հետո՝ 1965-68 թվականներին սովորեց Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում և ավարտեց ագրոտեխնիկական բաժինը։

Տեխնիկումում սովորելու տարիներին մոտիկից ծանոթացավ նույն բաժնում սովորող Սերգեյ Ապրեսյանի հետ, ով ծնվել է 1942-ի փետրվարի 6-ին, ուրբաթ օրը, Ստեփանակերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանի Ղլիժբաղ գյուղում, և տեխնիկումն ավարտելուց հետո նույն տարվա օգոստոսի 10-ին ամուսնացան։ Միասին էլ աշխատանքի ընդունվեցին Ստեփանակերտի զոնալ փորձակայանում, ուր նրանց համատեղ աշխատանքը տևեց ութ տարի։

1971-75 թվականներին Սերգեյը մասնագիտական կրթությունը շարունակեց Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, այժմ դասախոսում է Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջում, իսկ Լաուրան շարունակում է իր երկարամյա աշխատանքը՝ նույն աշխատավայրում։

1976 թ. հուլիսի 31-ի շաբաթ օրը լիակատար ցնծություն էր Սերգեյ Ապրեսյանի հարկի տակ. վերջապես, ամուսնության ութերորդ տարում, ծնվեց նրանց սիրո արդյունքը՝ այնքան սպասված մանկիկը, որը պիտի ավելի ամրապնդեր Լաուրայի և Սերգեյի ամուսնական (առանց այդ էլ՝ ամրապինդ) կապը։ Լիանան այդպես էլ ընտանիքի միակ զավակը մնաց։ Բարձրագույն կրթությունն ստացավ Ստեփանակերտում (1996-ին ավարտեց Արցախի պետական համալսարանի աշխարհագրության բաժինը) և աշխատանքի ընդունվեց Երևանի պետական համալսարանին առընթեր ակադեմիկոս Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական գիշերօթիկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում։ Այժմ աշխատում է մայրաքաղաքի՝ ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում։

1999-ին Լիանան ամուսնացավ նույն համալսարանի շրջանավարտ, Պաշտպանության բանակի սպա Արա Ավագյանի հետ, ունի երկու երեխա՝ Աշոտ և էթերի անուններով։

Սամսոն Վարդանյանի երկրորդ դուստրն ու ընտանիքի կրտսեր երեխան Անուշն է, ում ծնունդն ավետվեց 1953-ի հունվարի 2-ին, շաբաթ օրը։ Ութամյա կրթությունն Անուշը ստացավ հայրենի գյուղում, միջնակարգը՝ Ստեփանակերտում, իսկ բժշկական ուսումնարանն ավարտեց Հրազդանում ու ստացավ բուժքրոջ մասնագիտություն։

Ամուսնացել է համագյուղացի Բաբանց Սամսոնի որդու՝ Ռաֆիկ Առուշանյանի հետ, բայց երեխա չունենալու պատճառով բաժանվել են, որից հետո Անուշը մեկնել է Հրազդան և 1972-ից մշտական բնակություն հաստատել այնտեղ, ուր երկրորդ անգամ է ամուսնացել։ Ամուսինը՝ Հայկազը, առաջին ամուսնությունից ուներ չորս երեխա (Անուշ, Աշոտ, Անդրանիկ, Սուսան)։ Կինը մահացել էր տարիներ առաջ և ստիպված էր մենակ՝ դաստիարակել ու կրթել երեխաներին։ Անուշի հետ ամուսնանալը զգալիորեն հեշտացրեց նրա գործն ու կենցաղը, միասին մեծացրին երեխաներին, ամուսնացրին, երջանիկ պապիկ ու տատիկ դարձան...

Անուշն արդեն ավելի քան տասնհինգ տարի է, ինչ որպես բուժքույր աշխատում է Հրազդանի քաղաքային պոլիկլինիկայում։

Հայկազը մահացավ 2001 թվականի օգոստոսի 21-ի հինգշաբթի օրը, անանց տխրությամբ համակելով բոլորին։

Անուշի ու նրա հարազատների սրտերում գերիշխում էր ցավն անդարձ կորստյան...


Ճյուղ չորրորդ

ԶԵՐՎՈՆ

Զերվոն Վարդանյանը ծնվեց մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ սոցիալիստական գյուղը տնտեսական հարաբերությունների զարգացման հերթական փուլն էր ապրում։ Խորհրդային անծայրածիր երկրով մեկ սկսվել էր կոլեկտիվացման անկասելի գործընթացը, որը դժվարությամբ էր ընդունվում ժողովրդի կողմից, բայցև ստիպողաբար կատարվում էր ժամանակի պարտադրանքը։ Գյուղացիներին արդեն հասկացրել էին, որ ուզեն-չուզեն՝ պիտի ենթարկվեն։ Մարդիկ սկսեցին հարմարվել նոր կենսապայմաններին, իրենց հետագա զարգացման գործընթացին, թեև 1930-ական թվականներին, ընդհուպ մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, լայն «գործածության» մեջ էին մարդկանց հետապնդումներն ու աքսորը (դրանք շարունակվեցին նաև պատերազմի ավարտից հետո, իսկ առավել մոլեգին բնույթ ստացան 1949 թվականին)։

Զառի մայրիկը պատմում էր, որ երբ հաստատվեց Խորհրդային իշխանությունը, դրամական միավորները ևս համապատասխանեցվեցին տիրող պետական կարգերին։ Ուստի, հին թղթադրամները, որոնք այլևս ոչ մի արժեք չունեին, անիմաստ էր պահելը։ Իսկ երբ տեսնում էր դրանք վառելիս, Վերդին վերցնում էր խոշոր չափսերով 30-անոց թղթադրամներն ու.

— Գիտե՞ք,- ասում էր,- սրանցից ամեն մեկը մի կռապոզ կով է, ձի է, խոզ է...

Ու լալիս էր փոքրիկ երեխայի պես։ Լալիս էր՝ անսփոփ ու անմխիթար։ Այնպես տպավորիչ էին Զառի մայրիկի պատմածները նախիների մասին, որ Զերվոնը, նույնիսկ հասուն տարիքում, վստահորեն պնդում էր, թե տեսել է իր նախապապ Կոպալ-Վերդուն։

1936 թվականն առաջնեկի ծննդյան ուրախությամբ լցրեց Վերդունց Սամսոնի բարեպաշտ օջախը, բայց շատ համագյուղացիների համար սգի ու անդարձ կորստյան տարի դարձավ։ Գյուղացիների ունեցվածքի՝ հողահանդակների ու անասնագլխաքանակի, արդեն սկսված համայնացումը մարդկանց նոր իրողությունների ու երևույթների առջև կանգնեցրեց։ Նրանք դժվարությամբ էին բաժանվում սեփականությունից։ Ընդդիմացողները պատժվում էին անխնա, մինչև իսկ՝ «սիբիրներ» քշվում։ Կոճողոտից այդ դառն ճակատագրին արժանացան ոչ միայն Բախշի ու Ղևոնդ Խաչատրյան եղբայրները, նաև՝ Խաչի Դանիելյանը, Աթա Պողոսյանը, Հայրապետ Աթայանը, Պետրոս Դավթյանը, Հարություն Վարդանյանը և Ասատուր Թևոսյանը։ Նրանցից և ոչ մեկը վերադարձի մասին մտածել անգամ չէր կարող։ Նրանցից և ոչ մեկն այդպես էլ վերադարձավ։

Զերվոնը հինգ տարեկան էր, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, որը յուրովի ընկալվեց կոճողոտցիների կողմից։ նոր ապրելակերպին հետզհետե ընտելացող ժողովուրդը կանգնեց բոլորովին նոր փորձության առաջ, գերմանաֆաշիստական հորդաները ստրկության շղթաներ էին բերում երկրագնդի մեկ վեցերորդն զբաղեցնող` աշխարհի ամենաբազմազգ պետությանը, որը համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ ստանձնել էր սոցիալիստական հասարակարգ կառուցողի դերը։ Եղբայրացած ժողովուրդները (100-ից ավելի ազգ ու ազգություն24) մեկ միասնական բռունցք դարձան՝ ուխտադրուժ թշնամուն արժանի հակահարված տալու համար։ Պատերազմի տարբեր ռազմակաճակատներ մեկնողների շարքերում էին նաև Զերվոնի հայրն ու հորեղբայրը՝ Սամսոն ու Գուրգեն Վարդանյանները։ 144 հոգուց 78-ն իրենց մահկանացուն կնքեցին պատերազմի դաշտում, թեկուզ մահվան գնով մոտեցրին հաղթանակի բաղձալի օրը։ Շատերի հետ չվերադարձավ նաև Գուրգենը, իսկ Սամսոնը վերադարձավ հաշմանդամ դարձած։

Թանկ գնով վերահաստատվեց խաղաղությունը, բայց միայն պատերազմող տերությունների միջև, իսկ մարդկանց սրտերում ու ճակատագրերում այն դեռ երկար էր շարունակվելու։ Մարդկային այդ ծանր տառապանքներին գումարվեցին նորերը, 1949-ին ձեռնարկված նոր բռնությունները։

Զերվոնն սկսեց դպրոց հաճախել պատերազմի ավարտից հետո։ Սկզբնական կրթությունն ստացավ հայրենի գյուղի յոթնամյա դպրոցում, 8-րդ և 9-րդ դասարաններն ավարտեց Հաթերքում, իսկ այնուհետև, փոխադրվելով 10-րդ դասարան, տեղափոխվեց Հարությունագոմեր, ուր և ավարտեց միջնակարգը։ Հաթերքում սովորելու տարիներին ապրում էր Անուշկա տատի քրոջ՝ Գյուլխասի տանը։ Ուժեղ, ճարպիկ և համարձակ պատանի էր։

Ուսման մեջ առաջավոր էր (միայն «գերազանց» գնահատականներ էր ստանում), իսկ ուժն ու ճարպկությունը բացահայտվում էին երթերի ժամանակ, հատկապես, երբ միայն ինքը կարողացավ բարձրանալ Մռովի ամենաբարձր գագաթը։

Ավելի հետաքրքիր էր Հարությունագոմերի դպրոցում սովորելու ժամանակ, մի խումբ տղաներ ու աղջիկներ, համարյա ամեն օր կատակներով ու խաղերով էին անցնում միջգյուղային այդ ճանապարհահատվածն ու հաճախում դպրոց։ Զերվոնն աղջիկներին ստիպում էր եղինջ քաղել ու կոլոլել, և ուտում էին ճանապարհին, որն էլ յուրօրինակ հաճույք էր պատճառում նրանց։ Իսկ երբ ճանապարհը հատող առուները մայիսյան հեղեղներից հորդանում էին` Զերվոնը դասընկերներին կռնատակերին էր առնում ու երկու-երկու մյուս ափն անցկացնում։ Նաև ընկուզենիներն էր թափ տալիս և հավաքված ընկույզը բաժանում բոլորին, իսկ իր գաղտնի սիրուն՝ Վիկտորյային չէր տալիս։ Այդ մի տարվա մասին իրենց հոգու խորքում թանկ հուշեր են պահպանում Ալյոշա, Ամալյա և Վալյա (Գենյա) Գրիգորյանները, Ալինա Դանիելյանը, Ազնիվ Թադևոսյանը, Ռաֆիկ Սարգսյանը, Զերվոնի ապագա կինը՝ Վիկտորյա Շահրամանյանը (ամուսնական ազգանունը Վարդանյան)։

Միջնակարգն ավարտելուց հետո Զերվոն Վարդանյանը նույն տարում` 1957 թվականին ընդունվեց Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի «Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում» բաժինը։

Մասնագիտական ունակությունների ձեռքբերմանը զուգընթաց, նա ընդգրկված էր տեխնիկումի ազատ ըմբշամարտի թիմի կազմում և կիսածանր ու ծանր քաշային կարգերում մասնակցում էր քաղաքային, մարզային ու հանրապետական առաջնություններին։ Մարզային մրցումներում միշտ էլ անգերազանցելի էր, իսկ հանրապետականում առաջին տեղին մեկ-մեկ նաև երկրորդն էր «փոխարինում»։

Թիմային հաշվարկով՝ տեխնիկումի թիմը բոլոր առաջնություններում մշտապես առաջին տեղն էր գրավում։ Ի դեպ, այդ թիմն էլ կազմում էր Լեռնային Ղարաբաղի մարզային հավաքականի հիմնական կորիզը, ուր ընդգրկված էին կոճողոտցիներ Զերվոն Վարդանյանը (կիսածանր, ծանր), Ռաֆայել Հայրիյանը (միջին, կիսածանր), Հրայր Վանյանը (միջին, կիսածանր), Զավեն Վանյանը (միջին), դրմբոնցի Գրիշա (Գիրո) Ասլանյանը, Լավրենտ Ղալայանը, ստեփանակերտցի Բորիս Բարսեղյանը (կիսաթեթև), մարտակերտցի Սենիկ Գրիգորյանը (կիսածանր, ծանր), առաջաձորցի Կառլեն Շահբարյանը (կիսաթեթև, թեթև), հաթերքցի Վիլեն Դանիելյանը (կիսամիջին, միջին), չափարցի Արտո Դավթյանը (կիսամիջին), Բորիս Սաղյանը, հարությունագոմերցի Ռոբիկ Միքայելյանը, վաղուհասցի Սուրեն (Ջաբի) Միքայելյանը, չլդրանցիներ Մռավ և Գրիշա Հարությունյանները։ Զերվոնի մարզիչն էր սարդարաշենցի Ալիխան Մուրադյանը։

(Բորիս Սաղյանը հետագայում լուրջ ձեռքբերումների է հասել մանկավարժության բնագավառում և արժանացել ակադեմիկոսի կոչման։ Հաճախակի է այցելում Ստեփանակերտ, ներկա լինում Ալիխան Մուրադյանի՝ Արցախյան պատերազմում զոհված որդիների հիշատակին նվիրված ամենամյա հուշամրցաշարերին, որոնք անց են կացվում ամեն տարվա հոկտեմբեր ամսին)։

Հանրապետական առաջնություններն անց էին կացվում ինչպես՝ Բաքվում, այնպես էլ՝ հանրապետության մյուս քաղաքներում՝ Կիրովաբադում (Գանձակ), Շամախիում, Խանլարում, Աղդաշում, Նուխիում (Շաքի), Ֆիզուլիում, Թովուզում և այլուր։ Նաև ընկերական հանդիպումներ էին կազմակերպվում, որոնց ընթացքում տեխնիկումի թիմը միշտ էլ պատշաճ մակարդակով էր հանդես գալիս՝ բարձր պահելով Արցախի մարզական պատիվը։ Ընկերական հանդիպումներ էին անցկացվում նաև երևանյան մարզիկների հետ՝ ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ՝ Երևանում։ Այդ տարիների մարզական կյանքն արտացոլված է «Սովետական Ղարաբաղ» մարզային թերթի էջերում։ «Ֆիզկուլտուրա և սպորտ» խորագրի տակ (թերթի 4-րդ էջում) պարբերաբար տպագրվում էին մարզային ու հանրապետական մրցումների, ընկերական հանդիպումների արդյունքները, ինչպես նաև՝ գյուղական երիտասարդության շրջանում մարզական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին պատմող թղթակցություններով հանդես էին գալիս մարզիկներ ու մարզական կազմակերպությունների պատասախանտու մասնագետ-աշխատողներ։


Զերվոն Վարդանյանը 1960 թվականին ավարտեց տեխնիկումն ու հայրենի գյուղ վերադարձավ, բայց էլի չկտրվեց թիմից, անընդհատ մրցումների էր կանչվում։ Իսկ երբ ըմբիշներ Զերվոնը, Ռազմիկը, Գիրոն, Մռավը, Գավրուշան, մյուսները՝ խմբով Մարտակերտից հասնում էին Ստեփանակերտ, իսկույն հայտարարվում էր՝ «արջերը» եկել են։


Հիշում է
Ռաֆայել Հայրիյանը («Զվեր» Ռաֆիկը)

Թիմում Զերվոնն ամենաբարձրահասակն էր ու ամենատարիքավորը, ուստի` նրա դիտողությունները սիրով էին ընդունվում թիմակիցների կողմից։ Իր բարի խորհուրդներով նա բոլորին ճիշտ ճանապարհ էր ցույց տալիս, ուղղում թույլ տրված սխալները։ Համեստ էր ու կարգապահ, ինչի համար էլ սիրված անձ էր թիմի կազմում։


Հիշում է
Գրիշա Ասլանյանը (Գիրոն)

Տղերքի մեջ միշտ էլ ամենաակնառուն Զերվոն Վարդանյանն էր։ Միասին շատ առաջնությունների ենք մասնակցել` Մարտակերտում, Ստեփանակերտում, Բաքվում։ Հիշարժան դեպքեր շատ են եղել։ Նաև խտրական քաղաքականության դրսևորման դեպքեր, որովհետև թուրքը երբեք էլ իր թրքությունից չի հրաժարվել Բայց մենք միշտ վարվել ենք մեր ձևով՝ և՛ մարդկային վերաբերմունք ենք ցուցաբերել, և՛ իրադրության պահանջածն ենք կատարել։ Լինում էին դեպքեր, երբ Ղարաբաղից ժամանած մարզիկներին չէին ուզում թույլ տալ մասնակցել մրցումներին։

— Որ մասնակցեք,- ասում էին,- մերոնց հաղթելու եք։

Չցանկանալով բարդացնել իրավիճակը` Զերվոնն ասում էր.

— Ա խոխեք, եկեք ղրաղ կենանք։

Բայց՝ ինչո՞ւ ճակատներս դեմ էինք տալիս ու մասնակցում։ Եվ կրկին հաղթող ճանաչվում։


Հիշում է
Բորիս Բարսեղյանը

Գյուղատնտեսական տեխնիկումի ազատ ըմբշամարտի թիմը տարիներ շարունակ հանրապետական առաջնություններում առաջին տեղն էր գրավում։ Հակառակորդն ինչքան էլ ուժեղ լիներ, Զերվոնը չէր վախենում, մենամարտում էր` օգտագործելով բոլոր հնարավորությունները։ Եվ՝ հաղթում էր։ Տեխնիկապես հասուն հնարքներին նա հակադրում էր իր ֆիզիկական ուժը։ Արդյունքում` հակառակորդի օգտագործած և ոչ մի հնարք ավարտին հասցնել չէր հաջողվում։ Ասվածը չի նշանակում, թե Զերվոնը հնարքներ չգիտեր, կամ` չէր օգտագործում։ Ճիշտ է, նրա հնարքների «պայուսակն» այնքան էլ լիքը չէր, նաև կարելի է ասել` աղքատիկ էր, բայց դրան հակակշիռ` հանդես էր բերում իր հոգեբանական որակը, հայրենասիրությունը, հայրենի հողի պատիվը բարձր պահելու ձգտումը։

Մեր շատ մարզիկներ Ադրբեջանի հավաքականի կազմում նաև համամիութենական մի շարք առաջնությունների են մասնակցել, բայց գյուղական վայրերի աշխատավորությունը միավորող արհմիութենական կամավոր մարզական ընկերության հանրապետական վարչությունն ամեն միջոց գործադրում էր հանրապետության հավաքական թիմի կազմից հայկական տարրի դուրս մղումն արագացնելու համար։ Սակայն, մենք կարողանում էինք հակադրվել, ու, ինչ-որ տեղ, նաև մեր «եսն» առաջ տանում։


Հիշում է
Լավրենտ Ղալայանը (գեղանկարիչ, քանդակագործ)

Բաքվում անցկացվող հանրապետական հերթական առաջնությանը մասնակցելու համար Ադրբեջանի բոլոր շրջաններն իրենց թիմերն էին ուղարկել։ Մասնակցության իրավունք էր վերապահվել նաև Բաքվի քաղաքային շրջանների թիմերին, իսկ Արցախից միայն մարզային հավաքական թիմն էր մասնակցում։

Զերվոն Վարդանյանի քաշային կարգում 8-9 ըմբշամարտիկ էր գրանցվել և ահա, սկսված մրցապայքարի ընթացքում մեկը մյուսի ետևից դուրս մղվեցին նրա մրցակիցները։

Եզրափակիչում, վերջնախաղի ժամանակ, առաջին կարգային Զերվոնի մրցակիցը Ադրբեջանի կրկնակի չեմպիոն, սպորտի վարպետ Դադաշևն էր (որքան հիշում եմ՝ Մուխտար Դադաշև)։ Այդ քաշային կարգի վերջին հանդիպումն էր և կրկին զգացվում էր Զերվոն Վարդանյանի ֆիզիկական հնարավորությունների առավելությունը։ Պիտի խոստովանել նաև Դադաշևի տեխնիկական առավելությունը, քանի որ նա մշտապես լավ մարզավիճակում էր, մասնակցում էր համամիութենական բոլոր առաջնություններին։

Եվ, ահա, հանդիպումն սկսվեց։ Դադաշևն անմիջապես հարձակման անցավ։ Նպատակ ուներ Զերվոնին գետնել հենց առաջին հարձակումով, բայց ստացվեց հակառակը. Զերվոնը նրան գրկեց և իսկույն էլ խեղճացրեց, որից հետո պայքարը շարունակվեց հեռավորության վրա։ Զերվոնը ոչ միայն չէր զիջում նրան, այլև լիովին հարձակման էր անցել հակառակորդին, թողնելով միայն պաշտպանվելու հնարավորությունը։ Բայց Ղադաշևը դեռևս չէր հուսալքվում, ջանում էր ձեռքը գցել Զերվոն ոտքերին ու տեխնիկական որևէ հնարքի միջոցով գետնին տապալել նրան։ Զերվոնը հասցրեց բռնել նրա ոտքերից մեկն ու վեր քաշել, և այդ պահն էլ նպաստեց հակառակորդի համապատասխան հնարքի ձախողմանը։ Ադրբեջանցի մրցավարները բոլոր ջանքերն ի գործ էին դնում, միայն թե Դադաշևին շնորհելու փոքրիշատե հնարավորություն ընձեռվեր, ուստի, Զերվոնը մրցավարական որոշմամբ նաև պարտեր նստեցվեց, բայց այդ ժամանակամիջոցն էլ չկարողացավ արդյունավետ օգտագործել ադրբեջանցի հովանավորյալ ընբշամարտիկը։

Պարտերի ժամանակը լրանալուն պես Զերվոնն անմիջապես ոտքի կանգնեց և Դադաշևի մեջտեղից բռնեց և սուֆլեկսով գետնին տապալեց նրան, չեմ հիշում` ձախ, թե աջ կողքի վրա։ Զերվոնն այս անգամ լիովին վճռական էր ու հաստատակամ, մրցավարն արգելեց Զերվոնի մտահղացման իրականացումը, որը, երևի թե, վերջնական պարտության կմատներ` ադրբեջանցի չեմպիոնին։

Զերվոնի մարզիչը՝ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արտյոմ Տերյանը, տեղից, առարկեց Զերվոնին՝ բա չեղավ։ Զերվոնը նորից քաշեց և Դադաշևն ընկավ պարտեր, Զերվոնը` վրայից։ Այս ու այն կողմ էր քաշում, հրել էր համարյա և երկու թիակները հասցրել մարզաներքնակին, բայց ոչ մի սուլոց չկա։ Զերվոնն աջ ձեռքն էլ տարավ դեպի հակառակորդի ծոծրակը, աքցանեց նրան` գլուխը դեպի կուրծքը հրելով, զույգ թիակները վերևից իջեցրեց ուղիղ մարզաներքնակի վրա։ Դարձյալ՝ սուլոց չկա։ Եվ Ա.Տերյանի «հուպ տուր»-ից ոգևորված այնպես հուպ տվեց, որ Ռադաշևն ամբողջովին թուլացավ ու երբ Զերվոնը բաց թողեց նրան՝ ընկավ մարզաներքնակի վրա ու էլ չշարժվեց։

Այդպես ըմբշամարտիկ Ջերվոն Վարդանյանն առաջին անգամ դարձավ Ադրբեջանի չեմպիոն։ Ադրբեջանցի մրցավարները ստիպված էին ճանաչել նրա հաղթանակը։

Զերվոնն Ադրբեջանի հավաքականի կազմում մասնակցել է համամիութենական մի շարք առաջնությունների և միշտ էլ առաջնակարգ տեղեր զբաղեցրել։ Մարզական բնագավառում նրան ավելի լուրջ հաջողություններ էին սպասվում՝ հրավիրում էին և՛ Ստեփանակերտի սպորտկոմիտեից, և՛ Երևանի ֆիզկուլտուրայի ու սպորտի ինստիտուտից, բայց նա ավարտելով գյուղատնտեսական տեխնիկումը՝ Ստեփանակերտից անմիջապես տեղափոխվեց գյուղ և որպես ինժեներ-մեխանիկ աշխատանքի ընդունվեց կոլտնտեսության մեքենատրակտորային հավաքակայանում։

Պատմում են, որ մի անգամ, երբ Երևանի ֆիզկուլտուրայի ու սպորտի ինստիտուտի մի խումբ պատասխանատու աշխատողներ կրկին Կոճողոտ էին հասել, գյուղում մեքենայով շարժվելն անհնար էր բոլորովին ու նրանք մի կերպ ոտքով տուն հասան՝ Զերվոնին կրկին համոզելու ու Երևան տեղափոխելու համար, Զերվոնի հայրը՝ Սամսոնը, այլևս չհամբերեց ու ջղայնացավ նրանց վրա.

— Ես տղա չեմ պահել, որ տանեք ձեռն ու ոտը ջարդեք։ Մի տուն լիքը երեխեք են, ինքն էլ՝ մեջների մեծը, ինձ ո՞վ պիտի օգնի՝ պահելու-մեծացնելու նրանց։

Զերվոնը չէր կարող հոր խոսքից դուրս գալ, և, ինչպես եկել էին, այնպես էլ գնացին։ Բայց Երևան հասնելով՝ նրանք ըմշամարտի ներքնակներ ուղարկեցին, որ Զերվոնը ոչ միայն չկտրվի սպորտից, այլև՝ պարապի երիտասարդների հետ։ Նա մարզիկների մի ստվար խումբ կազմեց գյուղի երիտասարդներից ու սկսեց հասարակական կարգով պարապել նրանց հետ։

Այդ տարիներին նույնիսկ շրջկենտրոնում ըմբշամարտի նման ներքնակներ չկային։ Կոճողոտցիների համար դա բացառություն էր՝ շնորհիվ Զերվոն Վարդանյանի։ Եվ նա բազմիցս արդարացրեց իրեն հավատացողների վստահությունը, խմբի հետ պարապում էր անընդհատ և մարզային ու հանրապետական առաջնություններին մասնակցում, իսկ հարսանքին հույնիսկ քիչ մնաց բացակայեր։ Տանն արդեն լուրջ անհանգստություն էր տիրում՝ հարսանիքը բռնած, իսկ փեսան դեռ չկա։ և, ահա, վերջապես վերադարձավ իր հարսանքի նախօրյակին՝ 1958 թվականի նոյեմբերի 6-ի հինգշաբթի օրը, Կիրովաբադ քաղաքում անցկացված հերթական առաջնությունից, վաստակած երկու գավաթով։ Հարսանքի ժամանակ գինի խմեցին և շնորհավորեցին Զերվոնին՝ հարսանյաց հանդեսին նվեր բերած հաղթանակի առթիվ։

(Ընդհանրապես, Ջերվոն Վարդանյանն իր մարզական կենսագրության ընթացքում մեծաքանակ գավաթների, մեդալների, պատվոգրերի և այլ պարգևների է արժանացել, որոնց հիմնական մասը պահվում է գյուղի առանձնատան յուրովի թանգարանի վերածված ամենամեծ ու լուսավոր սենյակում, իսկ մի մասը տրամադրվել է դեռևս 4 տարեկանից պապի մարզական ուղին բռնած թոռանը՝ Արթուր Վաչիկի Վարդանյանին)։

Զերվոն Վարդանյանն ամուսնացավ 22 տարեկան հասակում, 1958 թվականի նոյեմբերի 7-ի ուրբաթ օրը։ Կինը՝ Վիկտորյա Ասատուրի Շահրամանյանը 21 տարեկան էր. ծնվել է 1937 թ. հունիսի 16-ի չորեքշաբթի օրը ու դեռևս դպրոցական տարիքից էր հարգանքի զգացում տածում Վարդանյանների ընտանիքի նկատմամբ։ Իսկ այդ տարիներից մի դեպք, որ տպավորվել է հոգու մեջ, երբեք մոռանալ չի կարողանում։ Եվ՝ պատմում է...

...Սամսոն Վարդանյանը կոլտնտեսության պահեստապետն էր։ Եգիպտացորենի բերքահավաքն ավարտվել էր արդեն, իսկ ամբողջ բերքը դեռ պահեստի բակում էր։ Բերքահավաքին մասնակցում էին նաև դպրոցականնեը, և, որպես փոխհատուցում, պահեստապետը եգիպտացորենով լցված տոպրակներ էր բաժանում Մեծ Հայրենականում զոհված համագյուղացիների դպրոցահասակ երեխաներին։ Վիկտորյային ևս բաժին հասավ, ու երբ եգիպտացորենով լի տոպրակը տուն տարավ, Մարյան մայրիկը դառն արտասվեց ու շնորհակալ եղավ բարի վերաբերմունքի համար։

Արդեն ծնվել էր անդրանիկ զավակը, երբ Զերվոնը Խորհրդային բանակի շարքերը զորակոչվեց։ Ծառայում էր Բելոռուսիայում տեղակայված տանկային զորամասերից մեկում, ուր 3-4 ամիս մնալուց հետո մարզական վաշտ տեղափոխվեց։ Որոշ ժամանակ անց, երբ ստացվեց երկրորդ երեխայի ծննդյան լուրը, Զերվոնն ազատվեց զինվորական ծառայությունից ու հայրենի գյուղ վերադարձավ ու շարունակեց աշխականքը կոլտնտեսության մեքենատրակտորային հավաքակայանում, նաև՝ չկորցրեց իր մարզական կեցվածքը։

15 տարի շարունակ Զերվոնն աշխատեց հայրենի գյուղի տնտեսությունում։ Աշխատեց ջանադրաբար և բանիմացորեն կատարեց իր պարտականությունները, երբեք չկտրվելով մարզական միջոցառումներից։ Ընդհուպ մինչև 1970-ական թվականները, անընդհատ հրավիրվում էր մարզային ու հանրապետական առաջնություններին և միշտ էլ մրցանակային տեղեր էր գրավում։

Մարզական կոփվածությունը նրան առօրյա կյանքում շատ անգամ է օգնել։ Պատմում են դեպքեր, երբ ստիպված է եղել ուժ գործադրելու միջոցով հարթել հիմնախնդիրը։ Օրինակ, մի անգամ դրմբոնցի Միսակ անունով մեկի բեռնատարով վառելափայտ էր տանում Մարտունի։ Գետավան-Մարտակերտ խճուղու Մեհմանա գյուղի մերձակա լեռնանցքում անտառապահները մոտոցիկլով հասան մեքենայի հետևից ու առգրավեցին վարորդի փաստաթղթերը։ Զերվոնը, չգիտես ինչու, չմիջամտեց։

— Արա, Վլյաթ (խոսակցական լեզվում այդպես էին դիմում Զերվոնին), ինչո՞ւ լռեցիր,- տարակուսեց Միսակը,- եթե այդ փաստաթղթերը հասցնեն Մարտակերտ՝ մեր բանը բուրդ կլինի։

Զերվոնն անմիջապես բռնեց մոտոցիկլի ետնամասից ու բարձրացրեց՝ կանգնեցնելով ընթացքը։

— Ի՞նչ է պատահել,- հանկարծակիի եկան անտառապահները։

— Փաստաթղթերը ետ տվեք։

Վախից վերադարձրին փաստաթղթերն ու հեռացան։

Մի ուրիշ դեպք էլ են պատմում, թե ինչպես Զերվոնն իր բազկի ուժով դաս տվեց ադրբեջանաբնակ Իթովշար գյուղի կոլտնտեսության նախագահ Սատթարին...

…Կուրոպատկինոյի տափաստանում մասնաբաժին ուներ նաև Կոճողոտի տնտեսությունը։ Մի օր լուր ստացվեց, թե տնտեսության իրավասության տակ գտնվող հողատարածության 10 տոկոսը վտանգի տակ է։ Իթովշարի ղեկավարության ինքնագլուխ որոշմամբ այդ հատվածը պետք է սեփականեին ու շուտով պիտի սկսվեր արդեն հասուն արտի հունձը, եթե...

Կոճողոտի մերձակա Նարեշտար ադրբեջանաբնակ գյուղի տնտեսության նախագահ Աժդարը Զերվոնի ուսանողական ընկերն էր (նույնպես ըմբշամարտիկ)։ Սա խոստացավ Կոճողոտի տնտեսության ներկայացուցիչների հետ գնալ Կուրոպատկինո և աջակցել հարցի դրական լուծմանը։

Երբ տեղ հասան, քանի որ Զերվոնն Իթովշարի նախագահ Սատթարին դեմքով չէր ճանաչում, Աժդարը հրահանգեց քայլել իր ետևից։ Ու երբ բարևելու հերթը Սատթարինն էր, բարձրաձայնեց անունը, հասկացնելով դիմացինի ով լինելը։ Զերվոնը Սատթարի բարևի պատրաստ ձեռքն այնպես սեղմեց, որ իթովշարցու ոտքերը գետնից կտրվեցին։

— Ձեռքս պոկեցի՜ր,- ձայն չէր, աղաղակ էր, որ հնչեց նրա ռունգերից։

— Բա դու էլ մեր հողն ես մեզնից պոկում,- թեև զուսպ, բայց հանդիմանություն կար պատասխանի մեջ, որն էլ ստիպեց տեղի տալ։

— Այս աժդահան որ ձեզ հետ է` վիճելի հարց չունենք...

Նրանց հետ էր նաև Հայաստանից նկած և այդ տարիներին Մարտակերտի շրջանում հողաչափ աշխատող ոմն Մանուկյան։ Սա ծոցագրպանում դաշույն ուներ պահած և անընդհատ կրկնում էր, թե պիտի թուրք սպանի։

— Բայց, դե, «սովետի ժամանակ» թուրք ո՞նց սպանես,- դառնությամբ հիշում է դեպքերի ականատեսը՝ Կոճողոտի տնտեսության երկարամյա ավտովարորդ Արմեն Գրիգորյանը։

Տեսնելով, որ Զերվոնը հարցը լուծեց «գեղական կարգով», Մանուկյանի «եռացող արյունը» հանդարտվեց...

Զերվոնը շինարարական շատ արհեստների էր տիրապետում՝ որմնադիր էր, հյուսն։ Տանն ամեն գործ իր ձեռքով էր անում։ Իր ընտանիքով նա շարունակում էր հայրական տանն ապրել։ Թեև շատ նեղվածք էր ու նյութական եկամուտն էլ՝ քիչ, բայց երջանիկ էին այդ մեծ ու համերաշխ ընտանիքում։ Գյուղի տնտեսության վարչությունը խոստացավ աջակցել առանձին տուն կառուցելու համար, վարպետներ ու շինանյութ տրամադրեց։ Դա 1963 թվականին էր։

Նոր տան կառուցման հետ նոր հարևանություն սկսվեց Զերվոն Վարդանյանի, Վահան Ստեփանյանի, Գուրգեն Դավթյանի, Հենրիկ Հաթամյանի և Արմեն Թադևոսյանի ընտանիքների միջև, որը միշտ, որպես օրինակելի հարևանություն, անընդհատ շեշտվում էր գյուղում, օրինակ բերվում։ Երեխաներն էլ էին համերաշխ ու մտերիմ։ Իսկ երբ ընտանիքի ծանրաբեռնվածությունը մեծացավ, 1974-ից ստիպված էր անցնել արտագնա աշխատանքի ու մեկնեց Ռուսաստան և ընդհուպ մինչև 1986-ը շարունակ աշխատեց միևնույն բնակավայրում։ Եվ, ինչպես հայրենի գյուղի տնտեսությունում, այնտեղ էլ (Պենզայի մարզի Բերյոզովկա գյուղում)՝ իր աշխատանքային պարտականությունները կատարեց անթերի, նվիրվածության ու պատասխանատվության մեծ զգացումով, սիրվեց բոլորի կողմից, արժանի վստահություն և հեղինակություն ձեռք բերեց։

Իսկ 1980-ական թվականների երկրորդ կեսին արդեն հասունացած որդիների հետ էր արտագնա աշխատանքների մեկնում։

Զերվոն Վարդանյանի անդրանիկ որդին՝ Սերժիկը, ծնվել է 1959-ի սեպտեմբերի 25-ի ուրբաթ օրը։ Հայրենի գյուղում ութամյա կրթություն ստանալուց հետո, 1975-ին տեղափոխվել է Հրազդան և ուսումը շարունակել տեղի թիվ 9 միջնակարգ դպրոցում (ավարտել է գերազանց գնահատականներով)։ 1978-80ին ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ (Զորամասի հրամանատարության կողմից երկու անգամ շնորհակալական նամակ է ուղարկվել ծնողներին)։ Զորացրվելուց հետո կրկին վերադարձել է Հրազդան, աշխատանքի ընդունվել։

Ամուսնացել է հորեղբոր կնոջ՝ Զոյայի հորեղբոր դստեր՝ Ռոզա Աբրահամի Միրզոյանի հետ (Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի շրջանավարտ), 1982-ի նոյեմբերի 10-ին։ Բայց քանի որ այդ նույն չորեքշաբթի օրը Մոսկվայում վախճանվել էր ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Լ. Ի. Բրեժնևը, և հնգօրյա համատարած սուգ էր հայտարարվել ոչ միայն Խորհրդային լայնարձակ երկրով մեկ, այլև սոցիալիստական ողջ ճամբարում, հրահանգվել էր ընդհանրապես երաժշտություն չմիացնել, փեսա-քավորին էլ՝ տոնականորեն չհանդերձավորել։ Հարսանիքն, այնուամենայնիվ, կայացել է, բայց այդ օրը՝ թեև առանց երաժշտության, Խաչունց տոհմի հերթական շառավիղը, որ նույնպես ծնվել ու դաստիարակություն էր ստացել Շիրվանի Մեսարի գյուղում, հարսնացել է հայրենի Կոճողոտում։ Իսկ հաջորդ երկուշաբթի օրվանից (նոյեմբերի 15-ից) հարսանիքը նոր շարունակություն ու թափ է ստացել։ Այս անգամ արդեն Վերդունց օջախը լցվել է բուռն ու առինքնող ուրախությամբ ու ողջ Կոճողոտը թնդացել է ցնծալի երաժշտության հորձանքից։

1983-ի հոկտեմբերի 22-ին, շաբաթ օրը, այս ընտանիքում ծնվել է Զերվոն և Վիկտորյա Վարդանյանների անդրանիկ թոռը՝ Արտակը, իսկ 1991-ի դեկտեմբերի 27-ին, ուրբաթ օրը, կրկին Վարդանյանների օջախն ուրախությամբ է լցվել, այս անգամ էլ՝ Սերժիկի դստեր՝ Զարուհու ծննդյան բարի լուրով։ (Արտակն այժմ սովորում է Պենզայի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետում)։

Ընտանիքի միակ դուստրը՝ Վալյան, ծնվել է 1960-ի դեկտեմբերի 15-ին, հինգշաբթի օրը։ Սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում (նրա համադասարանցիները միջնակարգի առաջին շրջանավարտներն էին), իսկ այնուհետև` 1979-ից սկսել է սովորել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժնում, որն ավարտել է 1983 թվականին։

Նույն՝ 1983-ի նոյեմբերի 19-ի շաբաթ օրը ամուսնացել է համագյուղացի Աբրահամ և Հարիսակ Ադամյանների ընտանիքի միակ արու զավակի՝ Սերյոժայի հետ։

Վալյան 1984-88-ին աշխատել է մարզսոցապի թոշակների ու նպաստների վճարման մարզային կենտրոնում, իսկ 1989-ից առայսօր մաթեմատիկայի ուսուցչուհի է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցում։

Վալյայի ամուսինը՝ Սերյոժան, Ադամյանների ընտանիքի վեցերորդ երեխան է և ծնվել է հինգ քույրերից հետո, ըստ ծննդյան վկայականի՝ 1959-ի հունվարի 2-ի ուրբաթ օրը (իրականում նրա ծննդյան ճիշտ թվականը 1958-ն է, օրը՝ դեկտեմբերի 24-ի չորեքշաբթին)։ Հայրենի գյուղում ութամյա կրթություն ստանալուց հետո տեղափոխվել է Չարենցավան, ուր ավարտել է միջնակարգը և ընդունվել Երևանի Կ. Մարքսի անվան ճարտարագիտական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետի ավտոմոբիլային ու տրակտորային բաժինը։ Ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1983-ին, անմիջապես աշխատանքի է անցել Ստեփանակերտի ավտոբազայում՝ որպես ավագ ինժեներ, իսկ 1986-ից՝ դասախոսական աշխատանքի տեղափոխվել սովխոզտեխնիկում։

1991-ին Սերյոժան ծառայության է անցել Արցախի ինքնապաշտպանական ուժերում, մասնակցել պատերազմական մի շարք գործողությունների, իսկ հրադադարի հաստատումից հետո՝ բանակաշինության գործընթացին։ Զորացրվել է 2003-ի ամռանը ու կրկին հարազատ կրթօջախ վերադարձել, որն արդեն գյուղատնտեսական քոլեջ էր վերանվանվել։ Վալյայի ու Սերյոժայի առաջնեկը՝ Ռուզաննան, ծնվել է 1984-ի օգոստոսի 12-ի կիրակի օրը, իսկ Արուսն ու Աբրահամը երկվորյակներ են, ծնվել են 1985-ի նոյեմբերի 13-ի չորեքշաբթի օրը։ Երեքն էլ Արցախի պետական համալսարանի ուսանողներ են. Ռուզաննան՝ տնտեսագիտական, Արուսը՝ սոցիալ-մշակութային ծառայության և զբոսաշրջության, Աբրահամը՝ էներգետիկայի ֆակուլտետներում են սովորում։

Զերվոն Վարդանյանի ընտանիքում 1962 թվականին ծնված երրորդ երեխային՝ Սամվելին, ի վերուստ շատ կարճ կյանք էր վերապահված և մահացավ՝ մեկ տարեկանը դեռ չլրացած։

Գարիկ Զերվոնի Վարդանյանը ծնվել է 1964-ի սեպտեմբերի 25-ի հինգշաբթի օրը։ Հանրակրթական դպրոցից հետո իր վրա զգալով հոր՝ ազատ ըմբշամարտիկի ազդեցությունը, ուսումը շարունակել է Երևանի ֆիզկուլտուրայի տեխնիկումում, որն ավարտելուց հետո որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ է աշխատել հայրենի գյուղի դպրոցում, և երբ լրացել է 18 տարեկանը՝ զորակոչվել Խորհրդային բանակի շարքերը։

Զորացրվելուց հետո, 1985-ին, առանց ընդունելության քննություններ հանձնելու նա կարող էր ուսումը շարունակել Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտում, սակայն ստացած մասնագիտական գիտելիքներն ու մարզական կազմվածքով արտաքինը բավարար չէին` նրան մարզական փայլուն ապագա գուշակելու համար, նրա մեջ ի ծնե նստած էր կառուցողի, ստեղծագործողի արթուն միտքն ու անհանգիստ ոգին, ուստի՝ թողել է մարզաշխարհն ու նվիրվել շինարարությանը, ձեռնամուխ եղել շինարարական կոոպերատիվ ձեռնարկության ստեղծմանը` դառնալով Խորհրդային անծայրածիր երկրով մեկ ծավալված կոոպերատիվ շարժման տեղական առաջին ծիծեռնակը։ (1986-ին ընդունվել է Պենզայի պետական շինարարական-ճարտարապետական ակադեմիան և, հաղթահարելով բազում դժվարություններ, հատկապես՝ ոչ ռուսական կրթություն ունենալը, մասնագիտական հիմնարար կրթություն ստացել)։

Գարիկի հիմնադրած «Գանձասարշին» կոոպերատիվը գործել սկսել է 1988-ի հենց տարեսկզբից և մոտ 200 բանվոր է ընդգրկել շինարարական-նորոգման աշխատանքներում։ Կոոպերատիվի ուժերով հիմնականում նորոգվել են շրջանի Կոճողոտ, Զարդախաչ գյուղերի դպրոցների վթարային շենքերը, ընդլայնվել է Դրմբոնի միջնակարգ դպրոցի շենքը։ Մշակույթի տան շենքերի նորոգման ու վերակառուցման աշխատանքներ են կատարվել Չլդրան, Կոճողոտ ու Պողոսագոմեր գյուղերում։ Կառուցվել են նաև շինանյութերի կոմբինատի (Ներքին Հոռաթաղում), կաշվի-գալանտերեայի ֆաբրիկայի (Չափարում), մետաղյա իրերի արտադրամասի և այլ տիպային մասնաշենքեր։

Միաժամանակ, «Գանձասարշին» կոոպերատիվը զբաղվում էր նաև բարեգործությամբ ու նվիրատվություններով։ Այսպես, գյուղում յուրաքանչյուր նոր տուն կառուցողին միանվագ տրվում էր 4000 ռուբլի դրամական օգնություն, կամ էլ՝ շինանյութ էր տրամադրվում, իսկ ընտանիքի առաջին երեխայի ծնվելու դեպքում ծնողներին միանվագ տրվում էր 200-ական, երկրորդի՝ 500-ական, երրորդի՝ 1000-ական, չորրորդի՝ 3000-ական, իսկ հինգ և ավելի երեխաներ ունեցողներին՝ 5000-ական ռուբլու դրամական օգնություն։

Կոոպերատիվը լուծարվել է գյուղի անկման հետ։ Ազերի ավարառուները թալանել են «Գանձասարշինի» ողջ ունեցվածքը՝ մեքենատրակտորային հավաքակազմը՝ շուրջ երկու տասնյակ միավոր տեխնիկայով, պատրաստի շինանյութերը, հումքը և այլն։

Գարիկն ամուսնացել է 1988-ի հուլիսի 21-ի հինգշաբթի օրը, իր համադասարանցի Զարինե Զավենի Հարությունյանի հետ (Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ)։ 1987-ին, բարձրագույնն ավարտելուց հետո, Զարինեն աշխատանքի է անցել հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի։

Այդ ամուսնությունից երեք դուստր է ծնվել։ Գարիկի առաջնեկը՝ Վիկտորյան, ծնվել է 1989-ի մայիսի 23-ի չորեքշաբթի օրը և ժառանգել տատիկի անունը։

Տիրուհու ծնունդը 1990-ի հուլիսի 29-ի կիրակի օրը, հորեղբոր` Արթուրի մահվան քառասունքից 10 օր անց, որոշակիորեն սփոփել է վշտահար ընտանիքին։

Գարիկի երրորդ դուստրը` Քրիստինեն, ծնվել է 1994-ի հոկտեմբերի 18-ի երեքշաբթի օրը, Պենզա քաղաքում։

Գարիկի ավագ դուստրը՝ Վիկտորյան, հանրակրթական դպրոցին զուգընթաց, սովորում է Մոսկվայի բարձրագույն տնտեսագիտական դպրոցի նախապատրաստական խմբում։

Մյուս երեխաները նունպես սովորում են գերազանց գնահատականներով։

Զարինեի ծնողները՝ Զավեն Գերասիմի Հարությունյանը և Սոնյա Անդրեյի Միքայելյանը, ճանաչված բուժաշխատողներ են հայրենի գյուղում և Հաթերքի ենթաշրջանում։ Մեծ է նրանց ներդրումը այդ տարածքի բնակչության առողջության պահպանման համար։

Արթուր Զերվոնի Վարդանյանը ծնվել է 1966-ի օգոստոսի 24-ի չորեքշաբթի օրը։ Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, ծառայել Խորհրդային բանակի շարքերում։ Հորից ժառանգել է բնավորության բոլոր գծերը, ֆիզկուլտուրայի և սպորտի նկատմամբ ունեցած սերը, սիրում էր զբաղվել բոլոր մարզաձևերով, բացի լողից, ինչը ճակատագրական եղավ նրա համար։

Պատմում են, որ Արթուրը Աստծո նշանով է ծնվել, լողացնելիս՝ ճակատին բութ մատի մատնահետք էր կարմրին տալիս։ Իսկ մորը երազում հայտնվում էր Աստծո հրեշտակն ու հայտնում որդու հետ կատարվելիք կարևոր իրադարձությունները, դեռևս ծննդից շատ առաջ ավետվել է նրա ծննդյան բարի լուրը, միաժամանակ հիշեցվել, որ կարճ կյանք է ունենալու, և՝ մահվան տարեսկզբին, որ՝ սահմանված ժամկետը լրանում է։

Աշխատում էր եղբոր` Գարիկի մոտ, «Գանձասարշին» կոոպերատիվում՝ որպես պետի տեղակալ, իսկ մինչ այդ` հոր հետ արտագնա աշխատանքի էր մեկնում։

Փաստաթղթերն արդեն պատրաստ էին և շուտով պիտի մասնակցեր Պենզայի պետական շինարարական-ճարտարապետական ակադեմիայի ընդունելության քննություններին, բայց...

1990-ի հունիսի 8-ի ուրբաթ օրվա առավոտը վերջին անգամ բացվեց նրա համար։ Այդ օրը պետք է կատարվեր Աստծո կամքը։ Թարթառի ջրերը խեղդամահ արին 24-ամյա Արթուրի բազում երազներով լի ապագան։

Ամուսնացած չէր, անցավ անժառանգ, իսկ հուշն ու հիշատակը` հարազատների սրտերում՝ միշտ թարմ, միշտ անսփոփ։ Բայց՝ ոչ անհույս. Վաչիկ եղբոր որդին՝ Արթուրը, նրա հիշատակի հավերժացումն է, նաև` չարածը ապագայում իրականություն դարձնողը, հատկապես՝ ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում։

Զերվոն Վարդանյանի կրտսեր որդին՝ Վաչիկը, ծնվել է 1968-ի օգոստոսի 10-ի ուրբաթ օրը։ Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցն ու Երևանի ֆիզկուլտուրայի տեխնիկումը։ Խորհրդային բանակի շարքերից զորացրվելուց հետո վերադարձել և աշխատանքի է անցել հայրենի գյուղում։ Մասնակցել է Արցախյան խաղաղ շարժմանն ու հերոսական Ազատամարտին։

Ամուսնացել է 1992-ի գարնանը, սեյսուլանցի (Մարտակերտի շրջան) Ռաֆիկ Դավթյանի դստեր՝ Լիլիայի հետ։ 1993-ի հոկտեմբերի 14-ի հինգշաբթի օրը ծնվել է նրանց առաջնեկը՝ Անին, իսկ 1995-ի սեպտեմբերի 1-ի ուրբաթ օրը՝ արու զավակը, որը պիտի կրեր վաղամեռիկ հորեղբոր՝ Արթուրի անունը, նաև սերեր նրա բոլոր նախասիրությունները։


Ճյուղ հինգերորդ

ԳԱՐԻԿ

Արցախյան շարժումն արդեն իր տարերքի մեջ էր, որին իրենց անձնուրաց մասնակցությունն էին բերում նաև Զերվոն Վարդանյանի Գարիկ ու Վաչիկ որդիները։ Գարիկն ընդգրկվել էր գյուղի ինքնապաշտպանական ջոկատի շտաբում, և 1989-90-ին, 8 ամսով, գլխավորել այն, միաժամանակ՝ ղեկավարել «Գանձասարշին» կոոպերատիվի գործունեությունը, պահպանել ինքնապաշտպանական ջոկատներում ընդգրկված իր բանվորների աշխատավարձը։ Արթուրի մահից հետո մայրը շատ էր անհանգստանում Գարիկի համար, անընդհատ հորդորում էր թողնել շտաբի պետի ծառայությունը։

— Բնավորությունդ լավ գիտեմ, չես կարող մակերեսորեն վերաբերվել քո ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, պիտի խորանաս, իսկ դա վտանգավոր է։ Արթուրին կորցրի, քո կորուստը չեմ կարող տանել,- անընդհատ ասում էր որդուն։

Գարիկը մոլորության մեջ էր, մի ամիս շարունակ չգիտեր ինչպես վարվել։ Ի վերջո, մոր արցունքները նրան համոզեցին ու նա ժամանակավորապես թողեց շտաբի պետի պաշտոնը, սկսեց ավելի շատ զբաղվել «Գանձասարշին» կոոպերատիվի գործունեությամբ։

Ինքնապաշտպանական ջոկատներում ընդգրկված իր բանվորների աշխատավարձը պահպանելուն զուգընթաց՝ ջոկատներին օգնում էր տեխնիկայով, վառելիքով, զենք ու զինամթերք ձեռք բերելու համար դրամական միջոցներ էր տրամադրում։ Իսկ երբ պատերազմական ահագնացող գործողությունների հետևանքով բնակչությունն ստիպված էր լքել հարազատ վայրերը, Գարիկը, կոոպերատիվի տեխնիկայով օգնեց, որ հայրենի գյուղի, Մարտակերտի ու Շահումյանի բնակչությունը դուրս գա կրակի գծից։ Իր ընտանիքը թողնելով հոր ուսերին, նա զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքներն էր ապահով վայրեր փոխադրում։

Զերվոնն արդեն թողել էր արտագնա աշխատանքը, թեև Բերյոզովկայում՝ իր համար նույնքան հարազատ գյուղում, միշտ էլ բարեհաճ էին վերաբերվում և պատրաստակամ՝ աշխատանք տրամադրելու հարցում։ Աշխատանքային եռուզեռի մեջ չէր նկատում ոչինչ, բայց երբ արդեն որոշակիորեն հանգիստ վիճակում էր, զգաց, որ այլևս նախկինը չէ։ Առավել անհանգստացնում էր տարիներ առաջ (1988-ի ամռանը) ախտորոշված ու վիրահատված ստամոքսի խոցը։ Որոշակիորեն բարելավվեց առողջական վիճակը, իսկ որոշ ժամանակ անց՝ 1990-ի հունիսի 8-ի ուրբաթ օրվա (որդու Արթուրի հետ կապված) դեպքը դաժանորեն խոցեց նրա գերզգայուն սիրտը։

Օր օրի շիկանում էր իրադրությունն Արցախում, և խաղաղ ցույցերին ու երթերին փոխարինելու էր գալիս բոլորովին նոր իրավիճակ՝ արցախահայությանը պարտադրված պատերազմը։ Մարտադաշտում հերոսաբար զոհված եղբորորդու` Գուրգենի ողբերգական մահն ավելի խորացրեց նրա ցավը։

1992-ի հուլիսի 4-ի շաբաթ օրը ընդմիշտ սևով գրվեց Մարտակերտի պատմության մեջ, ազերի հրոսակներն իրար ետևից խժռում էին հայկական վաղնջական բնակավայրերը։ Հաթերքի ենթաշրջանի գյուղերի շարքում Կոճողոտը ևս հայտնվեց թշնամու կողմից վերահսկվող տարածքում։ Հայ բնակչությունը, մահվան սպառնալիքի տակ ստիպված էր թողնել ամեն ինչ ու տեղահանվելով՝ ժամանակավոր ապաստան գտնել ինքնահռչակ ու նորանկախ հանրապետության քաղաքամայր Ստեփանակերտում, Ասկերանի շրջանի համեմատաբար անվտանգ բնակավայրերում, համայն հայության մայրաքաղաք Երևանում, Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում։ Իսկ Արցախի տարածքում ապահով ու անվտանգ վայր փետրելը նույնքան անհնար էր, որքան որ անիմաստ, քանզի հանրապետության համարյա բոլոր բնակավայրերը գտնվում էին թշնամու կրակի տակ, հատկապես՝ Ստեփանակերտը, որը մշտական թիրախ էր թշնամու օդուժի համար։ Քաղաքի նկուղներում ու ինքնաշեն ապաստարաններում պատսպարվածներն անգամ ռմբակոծությունների հավանական զոհեր էին։

Համագյուղացիների հետ Զերվոն Վարդանյանի գերդաստանը ևս թողնելով տուն ու տեղ, նախնիների ու նորօրյա զոհերի գերեզմանները՝ ստիպված էր լքել հարազատ բնակավայրը և ապաստանել Ստեփանակերտում։ Այնուհետև ընտանիքի երեխաներն ու կանայք ուղարկվեցին Հրազդան քաղաք, բայց Վիկտորյան մնաց տղամարդկանց՝ ամուսնու և որդիների, հետ։

Պատերազմական 92-ի աշունը ծանրորեն նստել էր Արցախի վրա, իսկ այդ համապատկերում ավելի խիստ ձմեռ էր ակնկալվում։ Ուստի, Զերվոնը հրահանգեց Գարիկին՝ գնալ Հայաստան և տիրություն անել նրանց, որովհետև արդեն իսկ չկային էլեկտրական հոսանք, ջուր, գազ, ջեռուցում և կենցաղային այլ անհրաժեշտ պայմաններ։ Դժվար էր նաև սննդամթերքի հայթայթման գործը, ժամերով հերթ էին կանգնում չնչին կես հաց ստանալու համար, և դա տրվում էր միայն երեխաներին։

Գարիկն անմիջապես հեռախոսով տեղեկացրեց հորը ողջ իրավիճակի մասին և նրա հրահանգով անմիջապես մեկնեց Պենզա, որպեսզի հնարավորություն ստեղծի երեխաներն այնտեղ տեղափոխելու համար։ Պենզայի մարզի Կոնդոլի շրջանի Բերյոզովկա գյուղում, ուր իր երկար տարիների հարուստ կենսագրությունն էր գրել Զերվոնը, կոլտնտեսության նախագահ Վասիլի Նիկոլաևիչ Դմիտրին՝ Զերվոնի մոտիկ ընկերն ու ընտանիքի մեծ բարեկամը, սիրով ընդունեց Գարիկին, մի տասնյակ առանձնատուն հատկացրեց, հնարավորության սահմաններում օգնեց նաև գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով, հուսադրեց, որ կօգնի ամեն ինչով, միայն թե Զերվոնն իր ընտանիքով ու բարեկամներով հնարավորինս շուտ տեղափոխվի իրենց մոտ։

Նույն ձևով էր վարվում նաև Բերյոզովկայի բնակչության մեծամասնությունը, բայց դե, գյուղացի մարդիկ էին՝ սրտաբաց, հնարավորությունները՝ սուղ։ Նրանք չէին կարողանում մոռանալ Զերվոնի՝ այդ ազնիվ ու աշխատասեր մարդու հոգատար ու անշահախնդիր վերաբերմունքը։

Գարիկն սկսեց նորոգել տրամադրված բնակարանները, միաժամանակ նաև «Պերսպեկտիվա» անհատական բազմաճյուղ ձեռնարկությունը հիմնադրել Կոնդոլի շրջկենտրոնում, բայց շրջանային բանկում վարկ չտրամադրվեց, գրավ դնելու ոչինչ էլ չուներ։ Ստիպված էր գնալ մարզկենտրոն։ Հանդիպեց «Ագրոբանկի» Պենզայի մարզային մասնաճյուղի ղեկավարի հետ, պատմեց ողջ իրողությունը, միաժամանակ հավաստիացրեց, որ բիզնեսն իր համար նորություն չէ, պարզապես ստիպված է զրոյից սկսել։

Վարկը ստացավ, որի միայն մի մասը հաջողվեց գործի մեջ դնել, մյուս մասը ծախսվեց ընտանիքի անդամների, մյուս բարեկամների տեղափոխելու համար։ 1993-ի հունվարի 1-ի դրությամբ արդեն 10 ընտանիք էր բնակավորվել Բերյոզովկայում, մի քանի տասնյակ ընտանիքներ էլ Նոր տարուց հետո տեղ հասան։ (Բերյոզովկան կատակով հայկական գյուղ էր անվանվում՝ Պենզաշեն)։ Հետո մի քանի ընտանիք տեղափոխվեցին Ռուսաստանի հարավային մարզերը, Մոսկվա, Պենզա մարզկենտրոն, ոմանք էլ՝ որոշ ժամանակ անց, երբ Մարտակերտի շրջանի բռնազավթված գյուղերն ազատագրվեցին, հայրենիք վերադարձան։

Զերվոնը կնոջ՝ Վիկտորյայի հետ Արցախում էր մնացել, չէին ուզում Ռուսաստան գնալ, միայն թե՝ երեխաները ապահով լինեն։ Գարիկը հրահանգեց, որ եթե չգան, իրենք են բոլորը միասին վերադառնալու։

Գարիկը չկարողացավ վերադառնալ ուստի՝ որոշեց շարունակել կիսատ թողած ուսումը Պենզայի շինարարական-ճարտարապետական ակադեմիայում, աշխատեց, իր աշխատասիրությամբ ու գործունյա վարքով լուրջ հաջողությունների հասավ և աձնական միջոցներով սկսեց օգնել Ռուսաստան գաղթած համագյուղացիներին, ընդհանուր հաշվով՝ շուրջ 30 ընտանիքի, ինչպես և՝ որպես նյութական օժանդակություն, որոշակի գումար ուղարկեց հայրենի գյուղից զոհված ազատամարտիկների ու կռվի դաշտում մարտնչողների ընտանիքների համար։

Իսկ ահագնացող պատերազմը զոհեր էր պահանջում։ Գնում էին տղաները՝ կանգնելու, կռվելու ու հաղթելու։ Ու զոհվում էին մեկը մյուսի ետևից 18 տարեկանում` Արթուր Ռազմիկի Թադևոսյանը, 19-ում` Մանվել Արտուշի Վարդանյանը, 21-ում՝ Գարիկ Փարավոնի Հայրիյանն ու Հրանտ Յուրիի Խաչատրյանը, 22-ում՝ Արարատ Ալեքսեյի Վանյանը, 23-ում՝ Ազատ Շահենի Խաչատրյանը, 24-ում՝ Գուրգեն Շուրայի Վարդանյանը, 25-ում Աշոտ Ռոբերտի Ավետիսյանը, 26-ում Արթուր Շուրայի Դանիելյանը, Մերուժան Սուրենի Սարգսյանն ու Ռոբերտ Ռաշիդի Շամիրյանը, 27-ում Անդրանիկ Արսենի Գրիգորյանը, 33-ում Մեխակ Ջավենի Դանիելյանը, 34-ում Կամո Ալբերտի Աղամյանը, 35-ում՝ Բորիս Միքայի Սիմոնյանը։ Նրանք թափեցին իրենց բոսորագույն արյունը, որ մնա գյուղը հայրենի, շարունակի ապրել հայերեն ու հայեցի։

Այցելելով գյուղ, Գարիկ Վարդանյանը կրկին նյութապես օժանդակեց զոհված զինծառայողների ընտանիքներին ու կրկին իր գործին վերադարձավ։ Գյուղ էին եկել նաև Զերվոն ու Վիկտորյա Վարդանյանները։ Թշնամու նկրտումներից ազատագրված հայրենի հողն ու քարը նորովի էր շնչում, նոր եռանդ ու ոգի հաղորդում նրանց։

Գարիկն ու եղբայրները սիրով ու պատասխանատվության զգացումով են ըմբռնել հոր խրատները, հասկացել դրանց իմաստը։ Զրույցների ընթացքում միշտ ի ցույց էր դրվում ցախավելի դասական օրինակը, որ չի կոտրվում, նաև՝ մետաղաճոպանը հնարավոր չէ կտրել, իսկ քանդված վիճակում, առանձին-առանձին, դրանք հեշտությամբ կարելի է ոչնչացնել։

Հայրը որդիներին խորհուրդ ու խրատ էր տալիս ապրել համերաշխ ու գործել միասին։ Պատմում էր հին մի զրույց՝ երկու եղբոր մասին, օտար մարդկանց դրդմամբ թշնամաբար տրամադրված մեկը մյուսի նկատմամբ։ Իսկ մի անգամ ավագ եղբայրն, ի վերջո, որոշեց փորձել ընկերներին, որոնց հետ նա համարյա ամեն օր կերուխումի մեջ էր։ Ընկերներին ասաց, որ մարդ է սպանել, խնդրեց օգնել դիակը թաքցնելու հարցում։ Բոլորը երես դարձրին նրանից։ Իսկ երբ եղբորը դիմեց՝ ընդառաջեց անմիջապես։ Ավագ եղբայրը հասկացավ վերջապես, որ ամեն ինչ իր տեղն ունի այս երկրի վրա, նաև՝ ընկերությունն ու բարեկամությունը, իսկ եղբայրների հարազատությանը ոչինչ չի հասնի։

Որդիների մեջ ավագության իրավունքը, պարզ է, առաջնեկին` Սերժիկին էր վերապահում Զերվոնը, բայց հուշում էր, որ երբ ինքը չլինի, ընտանիքում միշտ լսեն Գարիկին՝ որպես գրագետ ու խելոք խորհրդատուի։

Գործարար աշխարհի արհեստավարժ ներկայացուցիչ Գարիկ Վարդանյանը միաժամանակ սահմանափակ պատասխանատվությամբ երկու առևտրա-արդյունաբերական ընկերակցության («ՎիկտորիաԱ» և «Ռուսիա») գլխավոր տնօրեն է, Ռուսաստանի հայերի միության Պենզայի մարզային մասնաճյուղի վարչության անդամ։

Պատգամավորի կարգավիճակով մասնակցել է 2002 թ. նոյեմբերի 9-13-ին անցկացված Համաշխարհային հայկական առաջին համաժողովի աշխատանքներին, իսկ որպես «Սուպեր մարկետի» ղեկավար, 2003-ին միամսյա ստաժավորման էր մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Զերվոն Վարդանյանի առողջական վիճակն օր օրի վատթարանում էր։ 2001-ի տարեվերջին Գարիկը հրահանգեց այլես չպասել և անհապաղ մեկնել իրենց մոտ` Պենզա։ Դեկտեմբերի 15-ի շաբաթ օրը Զերվոնը հեռացավ Կոճողոտից։ Նա երբեք էլ չէր կարող պատկերացնել, թե վերջին անգամ է նայում գյուղի վրա լայն բացված հորիզոնին, հարազատ բնաշխարհին։ Գնում էր՝ կրկին վերադառնալու-հանդիպելու ակնկալիքով, բայց...

Գարիկին անակնկալի բերեց ախտորոշման արդյունքը։ Ինչպե՞ս թե... Քաղցկե՞ղ... Անմիջապես ահազանգեց գյուղ՝ անալիզի պատասխանները լավ չեն։ Չուզեց նշել հիվանդությունը։ Հորն էլ չասաց։ Հուսադրեց՝ ամեն ինչ լավ կլինի։ Բայց հոգու մեջ թանկ մի զգացում կոտրվեց, ծվեն-ծվեն եղավ, հայրը կա, բայց ինչքա՞ն ժամանակով։

2002-ի հունվարի 9-ի չորեքշաբթի առավոտյան Զերվոն Վարդանյանի կինն ու դուստրը՝ Վիկտորյան ու Վալյան, հեռացան գյուղից։ Հեռացան՝ հուսահատ։ Բերյոզովկայում տեսան հիվանդին։ Որդիներն ամեն ինչ անում էին, որ նրա առողջական վիճակը գոնե փոքր-ինչ բարելավվի, բայց ոչ մի բժշկի դեմքին հույսի փոքր նշույլ անգամ չէր նշմարվում։

Գարիկին անվերջ այն միտքն էր տանջում, թե կարո՞ղ էր, արդյոք, հայրը մտածել, որ հնարավոր էր ինչ-որ բան անել, իսկ որդիները չկարողացան… Մխիթարանքի պես մի բան էր Արթուր թոռան հաղթանակը, մահվան մահճին գամված պապին նա նվեր էր բերել Ուֆա քաղաքում կարատեի գծով անցկացված՝ Բաշկիրիայի առաջնության հաղթողի ոսկե մեդալը։ Մահամերձ Զերվոնն այդ մեդալի մեջ իր մարզական երջանիկ երիտասարդությունը տեսավ, կինոժապավենի պես նրա աչքերի առաջ պատկերացան երջանկությամբ առլեցուն օրերը, իր հաղթանակներից թնդացող մրցասպարեզները և անասելի տխրությամբ պարուրվեց նրա հոգին, մի՞թե այդ ամենն անդարձ անցյալ է այլևս։ Բայց և՝ հպարտության զգացումով պատվեց, մրցասպարեզներում իր տեղը թափուր չի մնա, պապի փոխարեն Արթուր թոռը հաղթանակներ կտանի՝ բազում-բազում։

Հիվանդությունից հյուծված 66-ամյա Զերվոնն այլևս անզոր էր դիմագրավել ցավին։

Մահից մի օր առաջ նա կանչեց։

— Իմ հիվանդությունը եթե բուժվող լիներ, քո ձեռքից չէր պրծնի։ Զգում եմ, որ երկար չեմ ապրի, վիճակս էլ օր օրի ծանրանում է։ Քանի դեռ ողջ եմ, ինձ մեր տուն տարեք։ Գարնան սկզբի հետ, եթե Աստված հաճենա՝ կլավանամ, իսկ եթե չէ՝ ես կորցնելու բան չունեմ, բոլորիցդ էլ արխային եմ՝ այսքան տարի գետի վրա նստած ալյուր չեմ մաղել։

Գարիկը տուն հրավիրեց վիրահատող բժշկին, խնդրեց կրկին զննել հիվանդին և հայրենիք տեղափոխելու համար խորհուրդ տալ։ Նա զննեց հիվանդին ու... Իր աշխատանքային ողջ գործունեության ընթացքում նման կարգի մոտ 15000 վիրահատություն է կատարել, բայց նրանցից միայն 34 հոգի են Զերվոնի պես այդքան զորեղ կամքի ուժ ունեցել։ Այդ ի՜նչ օրգանիզմ է, զարմանում էր բժիշկը, որ հիվանդության դեմ այդպես անզիջում պայքարել գիտի։

Նա զննեց հիվանդին ու խորհուրդ տվեց սպասել ևս հինգ օր և Երևան թռչել Սարատովից, որն ավելի մոտ է Պենզայից, քան Սամարան ու Մոսկվան։ Գարիկը պայմանավորվել էր նաև շտապ օգնության բժիշկների խմբի հետ հիվանդ հորը մինչև գյուղ ուղեկցելու համար, բայց, ավաղ, ճակատագիրը բոլորովին այլ կերպ վարվեց։

Զերվոնի կինը՝ Վիկտորյան, համոզված էր, որ որդիները հեռուներում չեն թողնի նրա անկենդան մարմինը։ Հողին կհանձնեն հայրենի գյուղի գերեզմանատանը՝ 24-ամյա որդու, 63-ամյա հոր և 70-ամյա մոր շիրիմների հարևանությամբ։

Հայրենի Կոճողոտում անասելի ցավով ընդունվեց Զերվոնի մահվան լուրը։ Մի մարդու, որի շուրթերը երբեք չէին պղծվել հայհոյանքներով։ Եթե կշտամբում էր մեկին՝ ծայրահեղ դեպքում բավարարվում էր «ա լակուտ» 25 ասելով, ու վերջ։ Նրա շուրթերը «քե մատաղ» բառերն արտաբերելուն էին միայն սովոր։

Զերվոն Վարդանյանը մահվան ու թաղման ծեսի մասին չէր մտածում երբեք։ Նույնիսկ մահվան մահճում նա մտածում էր կյանքի, իր որդիների ու թոռների ապագայի մասին, քանզի գիտեր, որ մահից հետո էլ շարունակելու է ապրել նրանց սրտի թրթիռներում ու խոհերի մեջ։

Հոծ էր բազմությունը, անսկիզբ ու անվերջ։ Նման թաղում տեսե՞լ էր Կոճողոտը երբևէ։ Զերվոն Վարդանյանը, այդ հսկա դյուցազնը, որ մրցասպարեզում իր բազկի ուժի շնորհիվ ծնկի էր բերում նույնիսկ ամենազորեղ ախոյանին, հիմա տեղավորվել էր դագաղի մեջ և գնում էր երկրային իր վերջին ճանապարհը։ Դռնբաց գերեզմանատունն ասես հյուրընկալորեն սպասում էր նրան։

...Պատերազմն այստեղ՝ գերեզմանատունն էլ է մտել, ամենուր գնդակահարված են գերեզմանաքարերը, տապալված, կոտրատված։ Ազերի հրոսակը կարծում էր, թե հավերժ է իր տիրապետությունն այս չնաշխարհիկ լեռնաշխարհում։ Բայց զգալով հայ բազկի ուժն ու անկոտրում ոգին՝ ճողոպրեց։

Հրո ճարակ էր դարձել նաև գյուղական գերեզմանատանը կից սգո արարողությունների շենքը՝ իր սեղաններով, նստարաններով, սպասքով, անհրաժեշտ այլ պարագաներով։

Զերվոն Վարդանյանի հոգեհացը տրվեց նախկին կոլտնտեսությունից ժառանգություն մնացած կիսածածկ շինության անհարմարավետ սրահում։ Գարիկն անհրաժեշտ գումարը տրամադրեց գյուղապետարանին, պայմանով, որ մինչև հոր մահվան քառասունքի օրը հանդիսությունների նոր շենք կառուցվի գյուղամիջում։

Տրված գումարը ծառայեց նպատակին։ Գյուղապետ Վելիկո Կոլյայի Սարգսյանը և Զերվոնի ընկերը՝ շինարարական բազում մասնագիտությունների գիտակ Էդիկ Խոսրովի Մխիթարյանը, ամեն ինչ արին, որ շենքը կառուցվի ժամանակին։ Եվ քանի որ նորակառույց շենքը պիտի ծառայի ոչ միայն տխուր առիթների համար, այլ, ավելի շատ ուրախության հավաքույթներ պիտի անցկացվեն այդտեղ, ուստի, Գարիկը հոր քառասունքի նախորդ օրը մոտ 80 հոգու համար սեղան պատրաստեց, հրավիրեց շինարարներին, համագյուղացիներին, իրար հետ բաժակ-բաժակի խփելով նրանք օրհնեցին շենքի ծնունդը, մաղթեցին, որ այդ կամարների տակ միշտ ուրախ առիթներով հնչեն կենացները։ Իսկ եթե մահն անխուսափելի է, ապա լինի ժամանակին։

Այսօր կոճողոտցիները երախտագիտության ջերմ խոսքեր են հղում նրան ամեն անգամ, երբ այդ շենքի կամարների տակ ուրախության թե տխրության հերթական հավաքույթն է կազմակերպվում։

Մարդ արարածը ծնվում է, հասակ առնում ու մի օր էլ՝ հեռանում այս աշխարհից։ Բայց ընդիշտ հեռանում է նա, ով ոչ մի հիշատակ չի թողնում իրենից հետո։

Զերվոն Վարդանյանն ապրեց իր երկրային կյանքը, իսկ մահանալով՝ հայտնվեց անմահության ճանապարհին։ Մահացավ միայն նյութը, մարմինը, իսկ հոգին մնաց կենդանի։ Հավերժ կենդանի է այն մարդը, ով մահից հետո էլ շարունակում է ապրել ողջերի մեջ։

Այո, կա հետմահու կյանք, որ նաև անմահություն է կոչվում։ Զերվոն Վարդանյանի երկրային կյանքը սկիզբ առավ 1936-ի մարտի 1-ին, իսկ անմահությունը՝ 2002-ի մարտի 4-ին։ Երկու սկիզբն էլ գարնանամուտի հետ է կապված։ Բնության հետ նա էլ բողբոջեց գարնանամուտին, ծաղկեց և առատ բերքն ու բարիքը շռայլորեն բաշխեց մարդկանց՝ փոխարենը ոչինչ չակըկալելով։

Փոխարենը՝ բարի անուն, որ թանկ է աշխարհի բոլոր գանձերից։ Եվ՝ միակ գանձը, որ դրամային իմաստով փոխարժեք ու գին չունի։

Զերվոն Վարդանյանի մահը դառնացրել է ոչ միայն նրա զավակներին ու մյուս հարազատներին։ Բոլոր նրանք, ովքեր փոքրիշատե առնչություն են ունեցել այդ մարդու հետ, վշտացել են դառնորեն։

Ասում են՝ ժամանակը բուժում է բոլոր վերքերը, փարատում վիշտը։ Ճի՞շտ է, արդյոք, դա։ Մի բան անհերքելիորեն պարզ է սակայն. մարդը ժամանակի ընթացքում հարմարվում է ճակատագրի հարվածներին, ինչ ձևով էլ դրանք արտահայտված լինեն։


ՀԵՂԻՆԱԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ես՝ նվաստս, Արիս անվանյալ, նախապապ Խալափի, նրա որդի Վանեսի, թոռան՝ Խաչիի սերնդից, որդին Արսեն Գրիգորյանի, թոռը Խաչունց Անդրիի, ծոռն Իսաջանի, կոռը Գրիգորի, ծննդով՝ Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղից, բնակության վայրս՝ Ստեփանակերտ քաղաք, գրեցի այս գիրքը` ի պատիվ երջանկահիշատակ Զերվոն Սամսոնի Վարդանյանի և ի հիշատակ Վերդունց արժանավոր տոհմի։

Երախտապարտ որդին` Գարիկը, իր Սերժիկ և Վաչիկ եղբայրների, քրոջ` Վալյայի, մոր` Վիկտորյայի հետ արժանի հուշարձան կանգնեցրեց Զերվոն Վարդանյանի շիրմի վրա։

Գարիկը ծանր տարավ հոր մահը։ Նրանք, ովքեր դեռևս չեն ըմպել այդ բաժակի դառը պարունակությունը, չգիտեն, թե ինչ բան է հոր կորստյան կսկիծը։ Բայց ես, որ նույնպես ճաշակել եմ այդ ցավը, հասկանում եմ նրան։ Մեր հայրերը հրաժեշտ են տվել երկրային կյանքին և շարունակում են ապրել մի այլ կենսակերպում։ Անընդհատ հետևում են մեզ, ու թեև չենք տեսնում, բայց հաճախ ենք զգում նրանց ներկայությունը։

Գարիկն ուզում է բազում ձևերով հավերժացնել հոր հիշատակը, նաև ա՛յս ձևով։ Մահն ընդհատել է հոր երկրային կյանքը միայն, անմահությանը խոչընդոտելու զորություն չունի։

Գարիկն ասում է՝ հայրս ապրում է մեզ հետ, մեր աչքերով նայում աշխարհին ու հիանում՝ կենսական բարիքներով։ Նա կապրի նաև մեր սերունդների հետ ու նրանց աչքերով կշարունակի նայել կյանքին ու աշխարհին։

Անխամր է հիշատակը քո, Մարդ Աստծո՝ Զերվոն Սամսոնի Վարդանյան։

Դու, որ ապրեցիր նվիրյալի պես ու մահացար որդոցդ անունը շուրթերիդ վրա, արդ թող անմահ լինի անունը քո, իսկ ընդհատված երկրային կյանքդ շարունակվի սերունդներիդ սրտերում ու հիշողության թանձր ծալքերի մեջ այսօր, վաղը, հավիտյանս...

ԱՄԵՆ...


Այս գրքի և նրա հեղինակի մասին կամ ՈՎ Է ԿՈՃՈՂՈՏՑԻՆ

Հոմեր ՎԱՆՅԱՆ

Բարի նախանձով համակվեցի, երբ իմ հայրենակից և կրտսեր գրչեղբայր Արիս Արսենին (Արիս Գրիգորյան) ինձ հայտնեց մեր գյուղի հնագույն տոհմերից մեկի՝ Վերդունց տոհմի պատմությունը գրելու մտադրության մասին և առաջարկեց այդ տոհմածառ-գրքի խմբագիրը լինել։ Բարի նախանձով լցվեցի՝քանզի վաղուց ինքս էի հղացում-երազանք փայփայում` ստեղծել իմ տոհմի և նրա հենքի վրա էլ՝ Կոճողոտ գյուղի պատմությունը, սակայն... ճակատագրի կամոք դա այդպես էլ մնաց երազանք...

Ինչևէ, գոհանամ զԱստծոյ, որ «խոպանի» առաջին ակոսը գցող եղավ, այն էլ՝ մեր գյուղի ամենաարժանավոր տոհմածառերից մեկի, գումարած՝ նրա ամենաարժանավոր ճյուղերից մեկի՝ Զերվոնի կյանքի պատմությամբ։ Գիրքը գրելու համար անհրաժեշտ է եղել ահռելի ծավալով պրպտումներ կատարել, հավաքած փաստերն ու նյութերը համակարգել և դրանք ներկայացնել գեղարվեստական հյութեղությամբ։ Դա, ըստ իս, հաջողվել է Ա. Արսենիին, նա (հաշվի առնելով նաև ժանրի նորությունը իր համար), պետք է ասել, պատվով է բռնել քննությունը։ Ափսոսալ պետք է միայն, որ վաղուց արդեն ողջ չեն նախորդ՝ գոնե վերջին երկու սերունդների ներկայացուցիչները, որոնք ժամանակի առումով ավելի մոտ լինելով արմատներին, կարող էին առավել շատ ու հարուստ փաստեր ու տեղեկություններ հաղորդել ինչպես, ամբողջությամբ վերցրած՝ Կոճողոտ գյուղի, այնպես էլ Վերդունց տոհմի պատմության վերաբերյալ։ Ավա՜ղ։ Նրանք պատմություն-մարգարիտներ են անվերադարձ տարել իրենց հետ, իսկ հաջորդ սերունդները միայն ընդհանուր պատկերն ուրվագծորեն ներկայացնող ասք-փաստեր են ժառանգություն ստացել։ Այդ է պատճառը, որ Ա. Արսենիի գրքում (նաև՝ այդ ասպարեզում ավագ գրչակիցների կատարած փորձում) այնքան շատ են իրարամերժ կարծիքներն ու ենթադրությունները։

Այո, Կոճողոտ գյուղի և Վերդունց տոհմի պատմությունն ամբողջացնելու առաջին փորձն է «Զերվոն Վարդանյանի կյանքն ու անմահությունը» գիրքը, որը խիզախել է կատարել Ա. Արսենին։

Ո՞վ է կոճողոտցին։ Հողին կապված հողվոր կամ անասնապահ, սակայն՝ միշտ երաժշտասեր, արվեստասեր ու գրասեր մարդ, ու նաև՝ խոսքի մեջ ճարտար։ Կոճողոտցու շնորհալիությունը, նրա տաղանդավորությունը դրսևորվում է տառացիորեն այն ամենում, ինչի ձեռք է զարկվում։ Ամեն մի արհեստ նրան սրտամոտ է և ամեն բանում դրսևորում է հմտություն, ճշտապահություն, արհեստավարժություն, գործի նրբություններին խորամուխ լինելու կարողություն։ Մաճկալ է և այգեգործ, հնձվոր ու շինարար, անասնաբույծ ու մեղվաբույծ, հյուսն և բժիշկ, երաժիշտ ու ստեղծագործող... Եվ նա օժտված է սիրո և ընտանիքի ամրության, օջախի հաստատության, հարազատ հողի պաշտպանության համար պատասխանատվության, պատվի ու արժանապատվության մեծ զգացումով։

Արվեստներից հատկապես երաժշտությունն է հատուկ կոճողոտցուն, բնածին երաժիշտ տաղանդներ շատ է ծնել այս գյուղը, որոնք հռչակվել են իրենց վիրտուոզ արվեստով։ Ներկա սերնդին էլ են հայտնի վիրտուոզ զուռնաչի Մելունց Ջումշուդ Վանյանի (19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ), թառահար և այդ լարային գործիքի պատրաստման վարպետ Բախտի Հաթամյանի, անցյալ դարի 30-40-ական թվականների ամբողջ հանրապետությունում չգերազանցված ինքնուս վիրտուոզ թառահար ու քամանչահար, գեղարվեստական ինքնագործունեության բազում փառատոնների և մրցույթների մասնակից ու մշտական դափնեկիր Սահակ Մխիթարյանի, թառի պատրաստման ճանաչված վարպետ Երվանդ Վանյանի և ուրիշների անունները։

Գյուղի հնաբնակները պատմում են, որ Մելունց Ջումշուդը մասնակցել է յուր ժամանակին Փարիզում անցկացված միջազգային փառատոնի և նույնիսկ նրա նվագի գրամոֆոնային ձայնասկավառակներ են թողարկվել, որոնք, ավաղ, չեն պահպանվել ու մեզ չեն հասել։ Իսկ Սահակ Մխիթարյանին, Բաքվում կայացած մրցույթում ելույթ ունենալուց առաջ՝ ազերիները փորձել են սպանել, լավ իմանալով, որ նա անպայման կհաղթի իրենց ցեղակիցներին։ Եվ Սահակը թողել ու վերադարձել է տուն։

Երվանդ Վանյանի որդի Վալերիկը ներկայումս էլ շարունակում է զբաղվել հոր արհեստով... Եվ իզուր չէ, որ նախապատերազմյան (Մեծ հայրենականից առաջ) տարիներին Կոճողոտում հիմնված է եղել արևելյան երաժշտական գործիքների պատրաստման արտել։ Կոճողոտում ու ամբողջ շրջանում հայտնի է եղել այս գյուղի տարբեր տոհմերից սերած մի շարք ժողովրդական բժիշկների հմտությունը։ Իսկ կոճողոտցի ամենահայտնի արհեստավարժ բժիշկն է հանդիսանում վիրաբույժ, Ստեփանակերտի ուռուցքաբանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Փարավոն Ադամյանը, ով հանրապետության առաջատար մասնագետներից մեկի անունն ու հեղինակությունն է վայելում։

Կոճողոտցուն բնորոշ է հումորը, պատկերավոր, սրամիտ ու խորիմաստ խոսքը` շաղախված, շատ հաճախ, կծու սարկազմով, հատկապես՝ երբ խայթելու նախատրամադրվածություն կա և դրա առիթը ներկայանում է։ Ասես՝ կոճողոտցիների միջև մրցակցություն կա` փիլիսոփայելու ունակությամբ, խոսքի պատկերավորությամբ, պաթետիկ, նույնիսկ աննկատ չմնացող փքուն ոճով փայլելու։ Դա արտահայտվում է և՛ առոգանության (մի տեսակ` դերասանական), և՛ տրամաբանական շեշտադրության, և՛ ձայնային երանգների մեջ։ Այդ ամենը, սակայն, անկեղծ է ու անքեն, ինքնաբուխ ու ինքնատիպ...

Ժողովրդական բառ ու բանը ամեն մի կոճողոտցու հոգու և արյան մեջ է, նրա էության շունչն ու գույնը։ Սովորական զրույցի մեջ էլ, նույնիսկ առօրեական որևէ դեպքի, իրադրության մասին պատմելիս էլ՝ կոճողոտցին, ինքն էլ դա չզգալով ու չնկատելով, կարող է հանպատրաստից ստեղծել ցայտուն պատկերներ, ընդգծված կերպարներ ու ինչպես նա ինքը կասի՝ «լուն ուղտ շինել, իսկ ուղտը՝ լու», պատմածը դարձնելով զվարճալի, կենսախինդ ու զվարթ, գունեղ ու հյութեղ՝ ինչպես որ իր հոգին է ու իրեն շրջապատող լեռնային շռայլ բնությունը...

Այս հատկանիշները, թվում է, պետք է ծնեին շատ արվեստագետներ, գրողներ և այլ նշանավոր դեմքեր, սակայն, ավաղ, Կոճողոտը մնացել է, համարյա, ինքն իրենը, կոճողոտցին՝ բանավոր ստեղծագործող։ Անհետևողականությո՞ւնն է պատճառը, թե՞ ծուլությունը՝ գրավոր ստեղծագործելու ասպարեզում, մշտապես նրա շլնքին ծանրացած սոցիալական բե՞ռը (կոճողոտցու արտահայտությամբ՝ «հացին մոհթաջ» լինելը), թե՞... Չէ որ գրելում էլ նա ծույլ չէ, նույնիսկ կոճողոտցիներին «մատերիալիստ» մականունն են կպցրել (անեկդոտ են պատմում, թե իբր, մի կոճողոտցի Մարտակերտ գնալու ճանապարհին մի տռուզ պայուսակ է գտնում և, ուրախացած բացելով` տեսնում է, որ այն փողով է լցված։ «Թյո՜ւ,- ասում է,- ես էլ կարծեցի, թե «մատերիալի» թուղթ է)։ Այնուամենայնիվ, «գրի ու գրչի մարդ»՝ Կոճողոտում շատ է եղել, սակայն` նրանցից միայն երկուսն է գիրք տպագրել՝ Աբգար Դանիելյանը (լրագրող, արձակագիր և դրամատուրգ) և Արիս Արսենին։

Աբգար Սիրականի Դանիելյանը երկար տարիներ աշխատել է կուսակցական մարմիններում, Մարտակերտի շրջանային թերթի խմբագիր, «Սովետական Ղարաբաղ» մարզային թերթի խմբագրի տեղակալ, ռադիոհաղորդումների մարզային կոմիտեի նախագահ։ Նրա գրչին են պատկանում «Գոհար» վիպակը, շուրջ երեք տասնյակ պատմվածքներ, չորս պիես («Այրվող պատիվ» դրաման 1973 թ. բեմադրվել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում և մի քանի տարի չէր իջնում բեմից), բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ ու բանաստեղծություններ, ևս հինգ անտիպ վիպակ և գրական գեղարվեստական այլ ժառանգություն։ Սակայն, Ա.Դանիելյանի գրական գեղարվեստական ստեղծագործություններն այդպես էլ մնացել են առանձին գրքով չհրատարակված, հրատարակված նրա երկու գրքերը նվիրված են Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի և գյուղատնտեսական տեխնիկումի պատմությանը։

Կոճողոտցի գիտական աշխատողների թվում իր արժանի տեղն ունի Արցախի Պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արզիկ Միքայելի Մխիթարյանը, ինչպես նաև տնտեսագիտության թեկնածու Մելիք Աթաջանյանը։

...Բազմափորձ լրագրող է ու բանաստեղծ Արիս Արսենին։ Եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ (1990 թ.)։ Այժմ նաև՝ Արցախի (1994 թ.) և Հայաստանի (2004 թ.) գրողների միությունների անդամ է, ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա (2004 թ.) մրցանակի դափնեկիր։ Ծնվել է 1959 թ. հունիսի 10-ին, ԼՂ Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում։ 1977-ին ավարտել է Դիլիջանի թիվ 12 միջնակարգ պրոֆտեխուսումնարանի դերձակի բաժինը, իսկ 1986-ին՝ Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1978-80-ին ծառայել է Խորհրդային բանակում։ Աշխատանքային գործունեությունն սկսելով Մարտակերտի խաղողագործական սովխոզում, տեղափոխվել է Ստեփանակերտ, աշխատել քաղաքային տպարանում (1983, գրաշար), կոնդենսատորների գործարանում (1986-88, բանվոր), Արցախի հեռուստատեսությունում (1988-90, 1996, թղթակից), «Արցախ» գրական հանդեսի խմբագրությունում (1990-93, ավագ խմբագիր)։

Արցախյան ազգային ազատագրական շարժման ընդհատակյա պայքարի մասնակիցներից է։ 1990-91 թթ. «Դավիթ Ջրաբերդ» ծածկանունով խմբագրել է «Պայքար» ընդհատակյա հասարակական-քաղաքական, մշակութային պարբերականը։

1993-ի սեպտեմբերի 24-ից ծառայում է ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքերում։ Կենտրոնական պաշտպանական շրջանի երկրորդ հրաձգային գումարտակի կազմում, որպես չորրորդ վաշտի հրամանատարի տեղակալ մասնակցել է Ջաբրայիլի, Աղդամի, Մարտակերտի ու Ֆիզուլու շրջաններում տեղակայված թշնամական կրակակետերի վնասազերծման համար մղված մի շարք ռազմագործողությունների ու պաշտպանական մարտերի։ 1994-ի հունվարի 15-ին վիրավորվել է, ապաքինվելուց հետո շարունակել ծառայությունը։ 1995-ի հուլիսի 1-ից ծառայում է բանակային «Մարտիկ» թերթի խմբագրությունում`որպես թղթակից։

Ա. Արսենին գրել սկսել է 6-րդ դասարանից, տպագրվել շրջանային, մարզային, հանրապետական մամուլում, գրական հանդեսներում ու ալմանախներում։ Նա արդեն 8 գրքի հեղինակ է։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ («Ճաքած լռություն») լույս է տեսել 1993 թ.։ Դրան հաջորդած գրքույկը ակնարկ է՝ չափածոյով համեմված։ Առավելապես գեղարվեստական շնչով գրված ակնարկները տեղ են գտել նրա 3-րդ, 4-րդ, 5-րդ գրքույկներում, իսկ զոհված համագյուղացիներին նվիրված «Լռության րոպե» պոեմն ամբողջությամբ զբաղեցրել է 6-րդ գրքույկը։ Վերջին երկու փոքրածավալ գրքերն էլ Ս. Արսենիի բանաստեղծությունների ժողովածուներն են։

Եվ, ահա, հրապարակի վրա է Ա. Արսենի 9-րդ գիրքը, որն իր ժանրային տեսակով յուրատիպ է, մի գրավոր հուշարձան`հարազատ գյուղի պատմությանը, նրա նահապետների ու Վերդունց տոհմի ննջեցյալների, այդ թվում՝ կոճողոտցի դյուցազուն Զերվոն Վարդանյանի հիշատակին։ Այդ հուշարձանը, որն, անշուշտ, պատիվ կբերի իր ստեղծողին՝ Ա. Արսենիին, և նրան կարժանացնի ոչ միայն Վարդունց տոհմի, այլև բոլոր համագյուղացիների խորին հարգանքին, թերևս, ամենամնայունն է և խոսունը, քանզի քարը կարող է մաշվել, փշրվել, ավերվել կամ անհետանալ, իսկ գիրը՝ երբե՛ք։


Գրականություն

1. Առստանյան Գալյա, Իմ սերը ձեզ հետ է. ողջեր և նահատակներ։ Երևան, «Ամարաս», 1998։
2. Բարխուդարյան Մակար, Արցախ։ Երևան, տպ «Ամարաս», 1996։
3. Բարխուդարյան Սեդրակ, Դիվան հայ վիմագրության, պր. V (Արցախ)։ Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1982։
4. Բարխուդարեանց Մակար, Արցախ։ Բաքու, տպ. «Արօր», 1895։
5. Բարխուտարեանց Մակար, Արցախ, Աղուանից երկիր և դրացիք։ Երևան, «Գանձասար», 1999։
6. Բարխուտարեանց Մակար, Պատմութիւն Աղուանից, Բ։
7. Գրիգորյան Արիս, Բարի անուն ու հիշատակ։ «Կոմունիստ» հանրապետական թերթ, Բաքու, թիվ 47 (16380), 26 փետրվարի 1978։
8. Գրիգորյան Արիս, Հավատի զգացում։ «Բարեկամություն» ԼՂ շրջանային թերթ, Մարտակերտ, թիվ 20 (1625), 14 փետրվարի 1978։
9. Գրիգորյան Արիս, Հարազատ զավակները։ «Գրական Ադրբեջան», գրողների միության երկամսյա հանդես, Բաքու, թիվ 5 (սեպտեմբեր հոկտեմբեր), 1978։
10. Գրիգորյան Արիս, Ճաքած լռություն (բանաստեղծություններ)։ Ստեփանակերտ, «Արցախ» հրատ., 1993։
11. Գրիգորյան Արիս, Լռության րոպե (պոեմ)։ Ստեփանակերտ, 2000։
12. Լեո, Հայոց պատմություն, երրորդ հատոր, գիրք երկրորդ։ Երկերի ժողովածու տասը հատորով, հատոր երրորդ։ Երևան, «Հայաստան» հրատ., 1973։
13. Հակոբյան Փաշա, Դրմբոն գյուղի պատմությունը։ Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ» ՊՓԲԸ, 1999։
14. Հայկական սովետական հանրագիտարան, հ. 10։ Երևան, ՀՍՀ գլխավոր խմբագրություն, 1984։
15. Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները (երկրորդ վերամշակված և լրացված հրատարակություն)։ Երևան, «Հայաստան» հրատ., 1985։
16. Мкртчян Шаген, Историко-архитектурные памятники Нагорного Карабаха։ Ереван, изд. «Айастан», 1988։
17. Մեսրովբ Արքեպ. Սմբատեանց, Նկարագիր Սուրբ Կարապետի վանից Երնջակայ։ Տփղիս, 1904։
18. Ուլուբաբյան Բագրատ, Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը։ Երևան, «Մ. Վարանդեան» հրատ., 1994։
19. Ուլուբաբյան Բագրատ, Խաչենի իշխանությունը 10-16-րդ դարերում։ Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1975։
20. Ուլուբաբյան Բագրատ, Հայոց Արևելից կողմանց եկեղեցին և մշակույթը։ Երևան, «Տիգրան Մեծ» հրատ., 1998։
21. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան։ Երևան, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 2002։
22. Օհանջանյան Շահեն, Արմատ և սաղարթ (Կոճողոտ, Դրմբոն)։ «Բարեկամություն» ԼՂ շրջանային թերթ, Մարտակերտ, թիվ 6 (5123), 12 հունվարի 1984։


__________________
1 Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները (երկրորդ վերամշակված և լրացված հրատարակություն)։ Երևան, «Հայաստան» հրատ., 1985, էջ 61։
2 Շահեն Օհանջանյան, Արմատ և սաղարթ (Կոճողոտ, Դրմբոն)։ Մարտակերտի «Բարեկամություն» շրջանային թերթ, թիվ 6 (5123), 12 hունվարի 1984 թ. էջ 2։
3 Մակար Բարխուտարեանց, Արցախ։ Բագու, տպ. «Արօր», 1895, վերահրատ, Երևան, տպ. «Ամարաս», 1996, 122-123 էջերում։
Սեդրակ Բարխուդարյան, Դիվան հայ վիմագրության, պր. V (Արցախ)։ Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1982, 91-92 էջերում։
Շ. Սկրտչյան, նշվ. աշխատությունը, 59-62 էջերում։
Շ. Օհանջանյան, նշվ. հոդվածաշարը։
Սերգեյ Սելքումյան, Լեռնային Ղարաբաղ (պատմատնտեսաաշխարհագրական ուսումնասիրություն)։ Երևան, «Լույս» հրատ., 1990, 303 էջ, տպ 15000, 188-189 էջերում։
Փաշա Հակոբյան, Դրմբոն գյուղի պատմությունը։ Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ» ՊՓԲԸ, 1999, 14, 20-22, 25, 43-50, 54, 60, 93 էջերում։
4 Շ. Մկրտչյան, նշվ. աշխ., էջ 61։
5 Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը 10-16-րդ դարերում։ Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ, 1975, էջ 355։
Մակար Բարխուտարեանց, Պատմութիւն Աղուանից, Բ. էջ 21։
Մեսրովբ Արքեպ. Սմբատեանց, նկարագիր սուրբ Կարապետի վանից Երնջակայ, Տփղիս, 1904, էջ 146։
6 Լեո, Երկերի ժողովածու տասը հատորով, երրորդ հատոր (Հայոց պատմություն, երրորդ հատոր, գիրք երկրորդ)։ Երևան «Հայաստան» հրատ., 1973, էջ 404, 408։
7 Գյուղանունն՝ ըստ Մակար Բարխուտարեանցի։ 8 Բ. Ուլուբաբյան, նշվ. աշխ., էջ 247։
Լեո, նշվ. աշխատ., էջ 370։
9 Շ. Օհանջանյան, նույն տեղում։
10 Բագրատ Ուլուբաբյան, Հայոց Արևելից կողմանց եկեղեցին և մշակույթը։ Երևան, «Տիգրան Մեծ», 1998, էջ 257։
11 Նույն տեղում։
12 «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան։ Երևան, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 2002, էջ 44։
13 Ըստ Վելիկո Սարգսյանի պատմածի։
14 Ղարադամը (թուրքական լեզուներում՝ «մեծ տուն», «գլխատուն») շինություն է մարդկանց բնակվելու համար, որի ընդհանուր մակերեսը 100 մ է, հաճախ՝ ավելի։ Կոճողոտցի Մխիթար Գրիգորյանը (1910 թ. ծնվ.) պատմում է, որ մեկ ղարադամում կարող է տեղավորվել մոտ երեք տասնյակ մարդ։ Թաթոսանց ղարադամն, օրինակ, ամենամեծն էր համարվում, ուր 26 մարդ էր տեղավորվում։
Հետաքրքիր էր նաև ղարադամի կառուցման ձևը, գետնափոր տարածքի վերևում (տանիքին) չորսական հավասարաչափ գերաններ էին դրվում, քառակուսաձև, իսկ այնուհետև դրանց զուգահեռ, եզրերից դեպի կենտրոն շարվող գերաններն աստիճանաբար կարճանում էին (կենտրոնում մնում էր 60 x 60 սմ բաց տարածք, որը որպես դարադամի երդիկ էր ծառայում), հետո գերանների վրա մեկ մետր հաստությամբ հող էր լցվում։
Վառելափայտը բերվում էր եզներով, գերանների ձևով։ Գերանը մտցվում էր դարաղամի ներսը, մի ծայրը դրվում էր (երդիկի ուղղությամբ հատակին արված կրակի վրա)։
(Տե՛ս նաև Փաշա Հակոբյանի նշվ. գիրքը, էջ 9)։
15 Կուպրունը ներսից կուպր քսած պատերով տիկ է գինու և օղու համար։                                 16 Կոպալ՝ հաստ գլխով գավազան, մահակ։
17 Դաստա՝ մի ձեռքում բռնելի (քանակի չափման միավոր)։
18 Տվյալներն՝ ըստ Մխիթար Գրիգորյանի։
19 Ըստ Մխիթար Գրիգորյանի պատմածի։
20 Արիս Գրիգորյան, Հավատի զգացում, «Բարեկամություն» (Մարտակերտի շրջանային թերթ), թիվ 20 (1625) փետրվարի 1978թ. (էջ 4)։
Նույնի՝ Բարի անուն ու հիշատակ, «Կոմունիստ», թիվ 47 (16380), 26 փետրվարի 1978 թ. (էջ 4)։
Նույնի՝ Հարազատ զավակները, «Գրական Ադրբեջան» (Ադրբեջանի գրողների միության երկամսյա հանդես), թիվ 5 (սեպտեմբեր-հոկտեմբեր), 1978 թ. (էջ 44)։
(Տեղանուններն ու անձնանունները փոփոխված են)
21 Ըստ Ելենա Գրիգորյանի պատմածի։
22 Ըստ Արմեն Գրիգորյանի պատմածի։
23 Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գործածված թուրքական արտադրության հնգալիցք մարտական հրացան։
24 Հայկական սովետական հանրագիտարան, 10, ՀՍՀ գլխավոր խմբագրություն, 1984, 736 էջ (էջ 554)։
25 Դիմելաձև կրտսերներին (ավագի իրավունքով)։

2003-2005 թթ., Ստեփանակերտ