ԽՈՍՔ՝
ԸՆԹԵՐՑՈՂԻՍ
Ահա` նորից հանդիպեցինք,
Իմ սիրելի ընթերցող,
Ապրումներս ու հույզերս
Քո մեջ նաև ապրեն թող:
Գուցե դրանք մի քիչ նանիր,
Դատարկաբան թվան քեզ,
Բայց դու, ի՞նչ է ասել, հիշիր,
Մեր բանաստեղծ մարգարեն.
-Զգացմունքն է գերիշխանը,
Խելքը` նրա լոկ ծառան...
...Ես էլ` հաճախ թերանալով,
Բայց լսել եմ միշտ նրան:
Ոմանց նման ձգտել փառքի՞,
Կամ էլ... <<հանճար երևա՞լ>>...
Գրել եմ այն, ինչ հոգուս մեջ
Ու իմ սրտում, իրոք, կար:
Հաճախ գուցե այն չեմ գրել,
Ինչ որ պիտի գրեի,
Չգրածիս մեջ էլ սակայն,
Անշուշտ, միշտ էլ ես էի:
Իմ մեջ միայն ես եմ նստած,
Իմ մեջ <<ուրիշ մարդ>> չկա,
Ես չեմ կարող ո՜չ ինձ խաբել,
Ո՜չ կեղծավոր երևալ:
Ահա և ես, ամբողջությամբ,
Ընդունիր ինձ` ինչպես կամ,
Սիրտս բաց է միշտ քո առաջ,
Իմ ընթերցող բարեկամ:
16.03.07, Ստեփանակերտ