ԵԹԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ,,,






Երգիծապատումներ 1989-ի հեռուստաեթերից, հեռուստասցենարներից և հեռուստատեսության կյանքից՝ առհասարակ


,

Տեխնիկական խոտան էր, չէին կարողանում եթեր դուրս գալ։ Եվ, ահա, երկնագույն էկրանին վերջապես երևաց հաղորդավարուհի Իննա Հայրապետյանը.
- Հարգելի հեռուստադիտողներ, տեխնիկական խաթարումների պատճառով ներողություն ենք խնդրում,- ասաց նա և շարունակեց հեռուստաեթերը։


,

Կադրում՝ երեխաներից որևէ մեկը արտասանում է որևէ բանաստեղծությունից որևէ քառատող։
ՙԲժիշկ-մանկավարժի մեկ օրը՚ հաղորդման սցենարից


,

Կադրում՝ թղթակիցը մտածկոտ քայլում է Ստեփանակերտի փողոցներով... Տեսախցիկը ցուցանակից շրջվելով՝ ընդգրկում է ամբողջ փողոցը և շարժվում առաջ... Փողոցը կամաց-կամաց մթնում է, ապա՝  կամաց-կամաց լուսանում։ Էկրանի վրա երևում է սեղանի մոտ նստած թղթակիցը՝ ձեռքում բռնած մի գրություն. ՙՄուկուչ Արզանյանը եղել է բացառիկ համեստ և հասարակ ընկեր՚։
ՙՄեծ պայքարի մարդիկ՚ հաղորդման սցենարից


,

Ռեժիսորին՝ Սրբազանը գալու է հինգշաբթի օրը։  նդրում եմ նկարահանման հացը արագացնել։
Մակագրություն ՙԵւ մի տանիր զմեզ ի փորձութիւն՚
հաղորդման սցենարի վրա




,

Կադրում՝ Ննգի գյուղը՝ խոշոր պլանով։ Կուժ, գավաթ, խնոցի՝ խոշոր պլանով։ Գյուղի բրուտանոցը՝ ընդհանուր պլանով։ Գյուղի ծեր կանայք՝ խոշոր պլանով։
Վարպետ Վարդանը ներկայացնում է բրուտագործական իրերը, իսկ Աշխեն տատիկը՝ խոշոր պլանով՝...
ՙՄոռացված արհեստ՚ հաղորդման սցենարից


,

Եթե ոչ հեռու անցյալում երիտասարդները դժկամորեն էին ֆերմա գալիս, կամ բոլորովին չէին ուզում, այսօր արդեն անասնապահների ու կթվորների շարքերը համալրվում են նոր ու բանիմաց կադրերով, որոնց մեծ մասը երիտասարդներ են։ Ի՜նչն է պատճառը, որ երիտասարդները հանկարծ կանգնեցին դեմքով դեպի... ֆերման։
ՙԴեմքով դեպի ֆերմա՚ հաղորդման սցենարից


,

Կադրում՝ քաղխորհրդի գործկոմի շենքը։ Ընդհանուր միջանցք։ Ընդունարանում սպասող մարդիկ։ Նրանց դեմքը։ Հետո կամերան մտնում է քաղգործկոմի նախագահի տեղակալի աշխատասենյակը։ Աշխատասենյակ է մտնում նաև մի քանի քաղաքացի, իսկ հեղինակը մի քանի խոսքով կադրի (կամերայի) հետևից ներկայացնում է տվյալ  անձնավորությանը։ Օրինակ՝ Այսինչ Այսինչյան, Ստեփանակերտ է տեղափոխվել Բաքվից 1989-ի հունվարի կեսերին, ունի չորս մասնագիտություն, երեք երեխա և մեկ կին։
ՙՄի օր քաղգործկոմում՚ հաղորդման սցենարից



,

Կադրում՝ Պողոսագոմեր գյուղը։ Կամերան գյուղամիջով գալիս-մտնում է 103-ամյա ծերունու տունը, ծերունու դեմքը։
ՙՀին զինվորը՚ հաղորդման սցենարից


,

Կադրում՝ Պողոսագոմեր գյուղը։ Պատկերներ՝ գյուղից։ Ծերունիներ՝ գյուղից։
ՙՍովորական ու անսովոր՚ հաղորդման սցենարից


,,,

Մայքլ Ջեքսոնը... Ստեփանակերտում, Մարտակերտում, Հադրութում ու... Շեխերում,- մարզի մյուս քաղաքներում, ավաններում ու գյուղերում։
ՙԱրցախյան հյուրախաղեր - 89՚ շարքից


,

Ավտովարորդ Յուրի Հակոբջանյանը պատմում է, որ Արփագետուկ գյուղում
նկարահանումների ժամանակ տեղի ունեցած այսպիսի մի խոսակցության է ականատես եղել.

- Ասում են՝ ՙդուբլյոնկաներ՚ եք ստացել ու տվել թուրքերին, ճի՜շտ է,- կոլվարչության նախագահին հարցով դիմում է հե-ռուստատեսության թղթակից Սասունիկ Ալեքսանյանը։
- Այո,- կարճ պատասխանում է նախագահը։
- Ինչո՜ւ...
- Որովհետև նրանք են աշխատում մեր ֆերմայում։ Դու երեք օրով արի փոխարինիր մեր կթվորուհիներից որևէ մեկին՝ ՙդուբլյոնկան՚ ետ վերցնեմ ու տամ քեզ։
- Չէ, չէ, չեմ կարա,- հրաժարվում է թղթակիցը։
- Դե՝ որ չես կարա...- ջղայնացած զրույցին է խառնվում Հադրութի շրջխորհրդի գործկոմի նախագահը։
- Դու սո՜ւս, թե չէ՝ հրես մի սինխրոն կտամ, կմնաս տեղդ կանգնած,- ասում է թղթակիցն ու խոսափողը մոտեցնում շրջ-խորհրդի գործկոմի նախագահի բերանին։
Նախագահը մնում է շշկլված-կանգնած...






ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ
ԽՄԿԿ 28-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Ոգևորված ԽՄԿԿ 28-րդ համագումարի պատմական որոշումներով, այս տարվա առաջին եռամսյակում Խորհրդային երկրի գյուղատնտեսական ոլորտի աշխատողներն արտադրել են շուրջ 4 մլն տոննա միս, որի վաճառման և վերավաճառման անօրինակ արարողությունը վերջացնելուց հետո երկրորդ եռամսյակում մսավաճառները գրպանել են 4 մլն ռուբլի փող, իսկ երրորդ եռամսյակում որոշել են վաճառել մնացած ոսկորները։
Սոված մարդկանց կարագով, մսով, ձվով, կաթով և այլ մթերքներով բավարարելու նպատակով որոշվել է 1990 թվականի դեկտեմբերից անցնել ինքնածախսածածկման։ Այսինքն՝ բյուրոկրատական ապարատի աշխատողներն այսուհետ աշխատելու են այնքան, որքան ուտում են։
Քանի որ խորհրդային կուսակցական լիդերներն այլևս մարզ չեն գալիս, Արցախի գյուղատնտեսության աշխատողները որոշել են այս տարի չոգևորվել ոչ մի համագումարի ոչ մի որոշմամբ և իրենց արտադրած մթերքները չուղարկել այլևս  Մութալիբովին, Սաֆոնովին, Պոլյանիչկոյին և նման այլ անկուշտ ձրիակերների։
Զարմացած այս հանգամանքից՝ կաթնատու-մսատու կովերը հավերժական ոգևորությունից ուշքի եկան և սկսեցին պոզահարել այն կթվոր-կթվորուհիներին, ովքեր իրենց տված անարատ կաթին ջուր խառնելով՝ ֆուրաժային կովի կաթնատվությունը հասցնում էին  4, 5, 6, 7, նույնիսկ՝ 8 հազար լիտրի և ուրիշի մաքրությունը կեղտոտելու հաշվին ոսկե մեդալներ շահում, կոմունիստական աշխատանքի հարվածային դառնում, իսկ լավագույն դեպքում՝  արժանանում սոցիալիստական աշխատանքի հերոսի բարձրագույն կոչման։
Ցնծության մեջ են առանձնապես՝ հավերը, որոնք դեռևս երկու տարի առաջ էին ուզում արտասահմանյան անձնագրեր ձեռք բերել և փախչել Ամերիկա։
Հիմա Կևորկովը, Ալիևը, Բրեժնևը (ողորմի նրան) էլ Արցախ չեն գա, իսկ ֆերմաների վարիչներն էլ իրենց (հավերին) չեն ստիպի հինգ կոպեկանոց կեր ուտել ու ածել… տասնհինգ կոպեկանոց ձու։
Քանի որ լուրեր են պտտվում, որ Խորհրդային Միությունում շուտով կարող է սով սկսվել և տալոնով կլինեն հացը, ջուրը, ձուկը, աղը, կաթը, պանիրը, մածունը, նույնիսկ՝ օդը (Օ2), անհրաժեշտ ենք համարում հիշեցնել բնակչությանը, որ այսուհետև պետք չէ համագումարի որոշումներ կարդալ ու նրանցով ոգևորվել։
Ավելի ճիշտ ենք համարում հողը վարձակալությամբ վերցնելն ու մշակելը։

1990, սեպտեմբեր, Ստեփանակերտ






ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐ – Ըստ ադրբեջանական բութ պատմաբանների՝ ժողովուրդ, որն ապրում է Արցախի ներկայիս տարածքում։

ԵՐԿՐԱՇԱՐԺ – Տեղի է ունենում ընդերկրյա ցնցումներից, որոնք վերջին ժամանակներս կապված են նաև քաղաքական ցնցումների հետ։

ԷՔՍՏՐԵՄԻՍՏՆԵՐ – ԽՍՀՄ-ում ապրող օկուպացված տարածքի բնակիչներ (ազգությամբ՝ հայ, քանակը՝ 3 մլն)։


ԽՍՀՄ – Լայնարձակ երկիր, որտեղից փախչելու համար նրա քաղաքացիները տասն օրը մեկ ինքնաթիռ են փախցնում։

КПСС – Капут перестройки - спасите Союз!

ԿՏՐՈՆ (նախնական պատվերի) – Ծաղկող սոցիալիզմին հատկանշական փաստաթուղթ։

КОРРУМПИРОВАННЫЕ ЭЛЕМЕНТЫ  – Ոչ քիմիական տարրեր, որոնք Մենդելեևի պարբերական աղյուսակում չկան։ Վերջերս հայտնաբերվել են Արցախի տարածքում՝ կենտրոնական իշխանությունների կողմից։ Հետաքննությունը շարունակվում է։

ՆՈՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ – Մտքերի ամբողջականություն, որին հատուկ է ցանկացած  պարագայում իր արտաքին տեսքը փոխելու և որակական նոր ձևով հանդես գալու ունակությունը։

ПЕРЕСТРОЙКА – Պետության վերափոխման իրականացումն ապահովող որոշակի համակարգ, որը կարող է ուղեկցվել перестройка - յով։

ՌԱԶՄԱԿԱՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ – Քաղաքական կարգավիճակ, որը Չիլիում կոչվում է Պինոչետի դիկտատուրա, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում՝ Պրետորիայի ռասիստական ռեժիմ, Արցախում՝ արտակարգ դրության պարետություն։

СССР – Страна страждующих Социалистической революцией..

ՍՈՒՄԳԱՅԻԹ –  որհրդային քաղաք, որտեղ բնակարանների պակասության պատճառով տեղաբնակ թուրքերը կարող են սպանել բնակարանատեր մարդկանց (ծնթ.՝ հայերին) և քաղաքին շնորհել ինտերնացիոնալիստի կոչում։

ՓՏՈՂ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ – Ինքը փտում է, հոտը մեզնից է գալիս։

1990, օգոստոս-սեպտեմբեր, Ստեփանակերտ


ՊԱՏՄՈՒՄ Է ՎՐԵԺ ԱՐԱՐԱՏՅԱՆԸ



Բախտագուշակ գնչուհին Մութալիբովին մահից հետո դրախտ է խոստանում, իսկ Սաֆոնովին՝ դըժոխք։ Այնպես է պատահում, որ մահից հետո երկուսն էլ դրախտ են ընկնում։ Մութալիբովը զարմանքով հարցնում է Սաֆոնովին.
- Ո՜նց եղավ, որ դու էլ դրախտ ընկար։
- Ձերոնց տված փողերով կաշառեցի գերեզմանոցի պահակին՝ ինձ էլ դրախտ ուղարկեց,- պատասխանում է Սաֆոնովը։



Մի արցախցի մտամոլոր քայլերով մտնում է Մոսկվայի կենտրոնական հանրախանութը և սկսում նայել ցուցափեղկերը։ Վաճառողուհին մոտենում է նրան ու հարցնում.
-Что Вы хотите, молодой человек?
-Մի-ա-ցո՜ւմ,-մտքերից չկտրվելով բացականչում է արցախցին։
-Это очень дорого стоит! - պատասխանում  վաճառողուհին։



Տարիներ անց մի լենինականցի պատահմամբ հանդիպում է Սաֆոնովին՝ մարշալի ուսադիրներով։
- Ծո՜, էս պագոննե՜րը երբ ստացար որ,- զարմացած բացականչում է լենինականցին։
- Սյասին քյա՜ս (ձայնդ կտրիր), а то прикажу повесить,- հետևում է պատասխանը։

1990, օգոստոս, Ստեփանակերտ

ԳՐԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄՆԵՐ

Հոդվածներ և գրախոսություններ


ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄ


Ընդհանրապես, այն կարծիքը կա, թե նույն՝ ամենօրյա, աշխատանքը մարդուն տաղտուկ ու միապաղաղ է թվում։ Բայց երբ սիրում ես քո մասնագիտությունը, այն քեզ այլ տեսքով է ներկայանում, նորովի ես ընկալում երևույթներն ու նոր վերաբերմունք ցուցաբերում քո ամենօրյա աշխատանքի նկատմամբ։ Իսկ երբ աշխատանքդ ներծծվում է քո էության մեջ ու դառնում նրա մի մասնիկը, այլևս անհնար է թվում անջրպետվելը։
Ասվածի անվիճելի օրինակ է մեր սիրելի դասախոսի ապրած կյանքը։ Գերազանցապես տիրապետելով ռուս-եվրոպական գրականությանը և որ ամենակարևորն է՝ սիրելով գրականագիտության իր նախընտրական բնագավառը, անկախ տրամադրությունից ու հոգեվիճակից, նա երբեք չի ձանձրանում հրաշքներով լի կախարդական այդ աշխարհն ուղեկցողի իր «դերից» և ամեն դասախոսություն սկսում ու եզրափակում է նոր երանգով, նոր իմաստավորումներով է ներկայացնում «օրվա հերոսներին», ուսանողի առաջ նոր տեսլականով բացում հին ու միջնադարյան գրական համաշխարհային երևույթները։
Օրը գումարվում է օրվան, տարին՝ տարվան։ Ժամանակը մարդուց խլում տանում է կյանքի երիտասարդ տարիները, բայց ավյունը, աշխատելու եռանդը մնում է մարդու հետ։ Եվ եթե այսօր բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լենա Գրիգորյանը վաթսուն տարեկան է՝ դա պարզապես ոչինչ չի նշանակում, նա մեր աչքին՝ նույն թեթևասահն է, գեղեցիկ խոսք ու պատմություններով պարուրված նրա հեզանազ ճեմաքայլն է միշտ մեր մտապատկերում։
Ուսանող-դասախոս՝ ինչպիսի՞ կապ ու փոխհարաբերություն պետք է լինի։ Ես կասեի՝ ընկերական, ավագի ու կրտսերի օրինակով, խորհրդատուի ու խորհրդառուի որակով։ Բայց մի՞շտ է ստացվում արդյոք և բոլորի՞ հետ է այդպես։ Լենա Գրիգորյանի օրինակում բացառությունները բացառված են, կողմնակալությունն ու հովանավորչական երանգավորումները՝ նույնպես։ Նրա նշանակածն՝ արդե՛ն իսկ գնահատական է, ուսանողի ունեցած գիտելիքների ճշգրիտ չափորոշիչ-վկայականը։ Նրա հետ ամեն նոր բացվող օրը նոր երանգ է ավելացնում ուսանողի բազմագունեղ առօրյային, դարձնում նրան ավելի բանիմաց ու մտաճկուն։ Եվ այդպես՝ 35 տարի շարունակ։
Եվ եթե այսօր փաստում ենք, որ մեր սիրելի դասախոսը վաթսուն տարեկան է, ապա դա զուտ օրացուցային առումով է այդպես, կյանքային բոլոր երանգավորումներով՝ նա միշտ նույնն է, նույն կենսախինդ ու ժպտադեմ դասախոսը՝ անխտիր բոլոր ուսանողների կողմից սիրված։
1988-ը վերափոխեց մեր կյանքի բոլոր ոլորտները, մեր մտածելակերպը, աշխատաոճը, գործողությունների ընթացքը։
Իսկ Լենա Գրիգորյանը վերափոխված էր ի սկզբանե։ Նա դեռ 1988-ի փետրվարի 13-ից շատ առաջ էր շարժման մեջ և գաղտնի հանձնարարություններ էր կատարում։ Մայր Հայաստանի հետ վերամիավորման մասին առաջին հռչակագիրը, որը պիտի իրենց ստորագրություններով վավերացնեին ավելի քան 80 հազար արցախահայեր, մշակվել և հաստատվել էր Ասկերանի շրջանի ակտիվիստների գաղտնի հավաքում, որի մասնակիցներից մեկն էլ արցախյան շարժման ամենաակտիվ գործիչ Իգոր Մուրադյանն էր։
Իր ամուսնու՝ շրջանային ընդհատակյա կազմակերպության անգամ, կուսշրջկոմի ու շրջխորհրդի գործկոմի օրգան «Կարմիր դրոշ» թերթի խմբագիր Կոմիտաս Դանիելյանի հանձնարարությամբ Լենա Գրիգորյանն սկսեց այդ գործընթացի մեջ ներգրավել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի դասախոսներին ևս, որոնց մեջ, իհարկե, կային նաև այնպիսիները, ովքեր, մեղմ ասած, անմիջապես հրաժարվեցին ստորագրել հռչակագրի տակ, կամ էլ, լավագույն դեպքում, խորհուրդ տվեցին, որ ինքը նույնպես ձեռնպահ մնա նման վտանգավոր գործերի կատարումից։ Բայց նաև եղան ոգով ամուր տղամարդիկ, ովքեր ամաչեցին ներքուստ՝ կին տեղովն ինչեր է անում, իսկ իրենք ինչպե՞ս մի կողմ քաշվեն։ Ու՝ միացան, Համլետ Գրիգորյանը, Նիկոլայ Ավագիմյանը, Արկադի Թովմասյանը, կին դասախոսներից՝ Արզիկ Մխիթարյանը (ով դեռ 60-ականների Երևանյան ցույցերի մասնակիցներից էր), մյուսները։ Եվ այսպես՝ շարժման նախնական (ընդհատակյա) փուլը մտավ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ։
Լենա Գրիգորյանն այնուհետև շատ ձեռնարկումների մասնակիցը դարձավ։ Ամենից հիշարժանը, թերևս, ուսանողներով-դասախոսներով զինվորական զրահապատնեշը ճեղքելն ու կենտրոնական հրապարակ մտնելն էր, որին հետևեց և ժողովուրդը։ Ստեփանակերտյան առաջին հանրահավաքի կազմակերպված իրականացումը ոգևորեց բոլորին, նոր ձեռնարկումների մղեց։ Լենա Գրիգորյանն այնուհետև էլ կարողանում էր ճշտությամբ կատարել բոլոր հրահանգներն ու գաղտնի առաջադրանքները՝ հաղթահարելով հատկապես այնպիսի արգելքներ, ինչպիսին, թերևս, մանկավարժական ինստիտուտում հայկական ու ադրբեջանական բաժիններում ուսուցման գործընթացների համատեղ իրականացման առկայությունն էր։ Իսկ Արցախում տիրող իրավիճակի իրական պատկերը ներկայացնող փաստաթղթերը, նամակներն ու հեռագրերը պետք էր անհապաղ Մոսկվա հասցնել՝ հանրապետական ու կենտրոնական լրատվամիջոցների կողմից խեղաթյուրված փաստերի ճշմարտացիության գոնե մի մասի վերականգնման համար։
Եվ, ահա, առիթը ներկայացավ.հայ և ադրբեջանցի դասախոսների համար էքսկուրսիա կազմակերպվեց Ստեփանակերտ-Բաքու-Մոսկվա-Վիլնյուս երթուղով։ Ընձեռված հնարավորությունը ձեռքից տալն, անշուշտ, աններելի սխալ կլիներ, ուստի, Լենա Գրիգորյանը, Համլետ Գրիգորյանն ու Նիկոլայ Ավագիմյանը հանձն առան այդ դժվարին առաջադրանքի իրագործման առաքելությունը, և, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, կարողացան տեղ հասցնել սպասված «բեռը»։
Լենա  Գրիգորյանը լայն գործունեություն ծավալեց նաև տեղական ու հայաստանյան մամուլի էջերում։ «Ողջախոհության ձայնին ունկնդիր» (համահեղինակներ՝ Համլետ Գրիգորյան և Արզիկ Մխիթարյան), «Ապրիլյան կրակոցներ», «Ընդհատակում» և շատ այլ հոդվածներ «Խորհրդային Ղարաբաղ», «Դպրություն», մյուս թերթերի միջոցով ընթերցողին ներկայացրեց արցախյան համաժողովրդական շարժման իրական պատկերը՝ արդարության ու ճշմարտացիության բոլոր վկայակոչումներով։
Անուրանալի է բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լենա  Գրիգորյանի վաստակը արցախահայ գրականագիտության զարգացման հարաճուն գործընթացում։ 1974 թվականից սկսած՝ դասախոսական գործունեությանը զուգահեռ, գրականագիտական-քննադատական հոդվածներով բազմիցս հանդես է եկել մի մեծ շարք պարբերականների էջերում, իսկ 1988-ին լույս է տեսել նրա «Արցախ աշխարհի օրհներգիչը», ուր հանգամանալիորեն ներկայացվել է ճանաչված մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի ստեղծագործության իրական պատկերը։
«Արցախի գրական ընտանիքը» բազմընդգրկուն աշխատության մեջ, որը տպագրվել է 2004 թվականին, ներկայացված է արցախահայ գրականության մի մեծ շարք ներկայացուցիչների գրական գործունեության ճշգրիտ նկարագիրը։
Գրական հրատապ հարցեր են արծարծվել նաև նրա մյուս գրքերում («Արշավիր Դարբնի»՝ 1995 թ., «Արվեստագետը 20-րդ դարի արտասահմանյան գրականության մեջ»՝ 2003 թ., «Ուսանողի կերպարը գրականության մեջ»՝ 2004 թ., «Սուրեն Այվազյան»՝ 2005 թ., «Այլանդակի գրական կերպավորումը»՝ 2005 թ., «Նահանջ բանականության»՝ 2006 թ., «Գրականությունը և կյանքը»՝ 2009 թ. և այլն)։ Լենա Գրիգորյանը նաև իրական կյանքից վերցված երգիծական բազում պատումների հեղինակ է, որոնք զետեղված են 2003 թվականին լույս ընծայված «Արցունք և ժպիտ» գրքում, որը վերահրատարակվել է 2008 թվականին։
1992-ի օգոստոսի 6-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի մերձակա բարձունքից Ստեփանակերտ հասած գույժը շատ բան փոխեց Լենա  Գրիգորյանի հոգեվիճակում։ Նա գիտեր, որ ԱրՊՀ-ի պատմության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող իր որդին՝ Նարեկ Դանիելյանը (հինգ երեխաներից՝ առաջնեկը) ճիշտ հետևություն է արել «Հայոց պատմության» դասագրքից, և համոզված էր, որ նույնիսկ վիրավոր վիճակում՝ չի լքի երբեք իր մարտադիրքը։ Ու՝ մնաց։ Անհայտ ճակատագրով...
Բայց Լենա Գրիգորյանի ոգին տոկուն եղավ ավելի։ Չկոտրվեց, թեև թախիծն այսօր մի քիչ շատացել է նրա դեմքին։
Սպասումը հոգեմաշ է անում՝ ասում են, բայց սպասումը մաշում է մարմինը միայն, իսկ հոգին չի եղծվում, չի դալկանում, մնում է ամուր ու անսասան։
Ոգու էլ ավելի տոկունություն մաղթենք մեր սիրելի դասախոսին, շնորհավորենք նրան՝ ապրած ու չապրած 60 տարիների առիթով, շնորհակալ լինենք մեզ պես քանի՜-քանի սերունդների կրթման ու դաստիարակման համար, և հավատանք, որ 60-ի մեջ էլ, թեև ճերմակասաղարթ՝ նա միշտ ջահել է հոգով, թեթևաքայլ ու հեզանազ։
Իսկ կյանքը նորից ընթանում է իր մշտական հունով ու վաղը նա կրկին կմտնի լսարան, նույն թեթևաքայլ նազանքով կրկին ուսանողներին կուղեկցի հեռո՜ւ-հեռու՝ անիրական ու իրական հերոսների մոտ։ Ամեն ինչ կսկսվի նորից։ Ամեն ինչ կլինի նույնը։ Փոխված կլինեն միայն նրա ունկնդիրները՝ նրա հերթական «ուղևորության» նոր մասնակիցները։ Եվ չի ընդհատվի երբեք այդ հավերժ ընթացող գործընթացը, որի միայն մասնակիցներն են փոփոխական, իսկ ոգին, էությունը, շունչը միշտ նույնն է, նույնը՝ իր գործի նվիրյալ Լենա Գրիգորյանի ապրածով ու ապրեցումով։…


ԳՐԱՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ՝ ՀԱՄԸՆԴԳՐԿՈՒՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐՈՎ


Զինաիդա Առաքելյան-Բալայանը  բանաստեղծությամբ մտավ գրական-գիտական աշխարհ։ Տպագրված առաջին գիրքն էլ բանաստեղծությունների ժողովածու էր՝ «Շառավիղեալն» (1995 թ.) խորագրով, երկրորդը՝ «Վիրակապ չհանդուրժող թևը» (2003 թ.)՝ պատմվածքների։ Երրորդ գրքից բացազատվեց գրականագիտական, քննավերլուծական վաղուց արդեն ի հայտ եկած առանձնահատկությունն ու լիովին ամրապնդեց դիրքերը։
Կարծում եմ, ընթերցողը ծանոթ է Զ. Առաքելյան-Բալայանի ոչ միայն գիտական, այլև գեղարվեստական ստեղծագործողի կերպարին, ուստի, չծանրանալով գեղարվեստական ստեղծագործությունների վերլուծության վրա, ուզում եմ միանգամից անցնել հեղինակի գրականագիտական, քննավերլուծական գործերին։
«Արցախը 19-րդ դարի գրականության մեջ և մշակույթում»։ 2004 թվականին էր, երբ ընթերցողի սեղանին դրեց «Արցախը 19-րդ դարի գրականության մեջ և մշակույթում» ուսումնասիրության առաջին գիրքը, որը հանդիսանում է Պլատոն Զուբովի «Ղարաբաղի աստղագետը» պատմավեպի պատմաբանասիրական քննական տեսությունը։
Ռուս հայտնի հեղինակի 1834-ին Մոսկվայում հրատարակված այդ պատմավեպը, որը հայ ընթերցողի սեփականությունն է դարձել դեռևս 1882-ին, Րաֆֆու թարգմանությամբ, ծանոթագրություններով ու ծավալուն առաջաբանով, Զինաիդա Առաքելյան-Բալայանը պատմաբանասիրական քննական վերլուծության է ենթարկում՝ «քննական զուգորդումներով բացահայտելով պատմական երկին հատուկ ժանրային ինքնատիպ միտումները, կերպարային, սյուժետային, պատմական իրողությունների ներդաշնակությունն ու գեղարվեստականացման հնարքները»։
Հայտնի է, որ ռուս հեղինակի նշված գործը ներկայացնում է Արցախի պատմության կարևորագույն շրջաններից մեկը, թերևս՝ ամենակարևորը, քանի որ այն առնչվում է այնպիսի հանգամանքների հետ, ինչպիսիք են պետականության էանիշ հանդիսացող մելիքությունների գործունեությունը, հայկական վաղնջական Շուշի բերդաքաղաքի՝ օտար տարրի կողմից տնօրինումն ու, ինչու՝ չէ, նաև, իբր, նրանց կողմից հիմնադրված լինելու հանգամանքը։
Պլատոն Զուբովը կարողացել է հավաստիորեն ներկայացնել տվյալ ժամանակաշրջանի արցախահայ կյանքը։ Պատմավիպասան Րաֆֆու բնորոշմամբ՝ «արևելյան կենաքը նկարված է իր պարզ, նահապետական գույներով» և «բաւական ճիշտ կերպարով պատկերացնում է մեզ այն աղէտալի հանգամանքները, որոնք Ղարաբաղի հայկական իշխանութիւնների քայքայման և անկման պատճառը դարձան»։
Նպատակ ունենալով՝ վանել մոռացության շղարշը պրոֆեսոր Պ. Զուբովի հայտնի գործից, որին Րաֆֆուց հետո ոչ-ոք այլևս չանդրադարձավ, Զինաիդա Առաքելյան-Բալայանը համակողմանի վերլուծության է ենթարկում այն, առաջնային ասպեկտ համարելով հայախոսական-արցախախոսական քաղաքական կշռույթի հակվածությունը, արցախագիտության վերաբերյալ մշակվող գաղափարակարգը, պատմավեպի հեղինակի ընդգծված ներքին համակրանքը արցախահայության նկատմամբ, և, ինչու չէ՝ նաև քննվող ժամանակաշրջանը, որը որքան բարդ էր ու հակասական, նույնքան էլ հերոսական էր ու հայրենասիրության ոգով տոգորված։
Զինաիդա Առաքելյան-Բալայանի ուսումնասիրությունը կատարված է լայն պատմաաշխարհագրական, հասարակական-քաղաքական, էթնիկ-ազգագրական, գրական-գիտական հարաբերություններ-առնչությունների լույսի ներքո, և միանգամայն հասկանալի է ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը, երբ ասում է. «Ինձ պարզապես զարմացրեց հսկայական այն աշխատանքը, որ կատարել է Զինաիդա Բալայանը «Ղարաբաղի աստղագետը» պատմավեպի հետ առնչվող բոլոր հարցերի, փակագծերի ու պատմական հղումների բացահայտման ուղղությամբ»։
««Զուբովի վեպը Զինաիդա Բալայանը քննաբանում է բնագրագիտական լայն առնչությունների մեջ, ստեղծելով պատմաբանասիրական մի ուսումնասիրություն, որը թեմայի ընդհանուր կառուցվածքի մաս լինելով հանդերձ, ունի ամբողջական ու վերջավորված գիտադրույթ։ Հեղինակը բացահայտում է բազմաթիվ նորահայտ էջեր գրողի կենսագրության, վեպի ստեղծագործական պատմության, ինչպես նաև՝ մելիքությունների փոխհարաբերությունների ու երկրամասի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ»,- գրախոսելով գիրքը՝ գրել է Ս. Սարինյանը, միաժամանակ՝ ավելացնելով, որ աշխատանքն, իրոք, կատարված է աղբյուրագիտական հմտությամբ և գիտական լուրջ արժեք է ներկայացնում։
Լինելով Պ. Զուբովի պատմավեպի առաջին ընդգրկուն ու համապարփակ քննախոսը (Րաֆֆու հայտնի առաջաբանից հետո), ուսումնասիրության հեղինակը կարողացել է իրականցնել իր առջև դրված խնդիրը՝ ներկայացնել քննախոսվող ժամանակաշրջանի Արցախի իրական պատկերը, համակարգել պատմավեպի սյուժեն, կերպարները։ Ուսումնասիրության մեջ համակողմանի քննավերլուծության են ենթարկվել պատմավեպի հիմնական գործող հերոսների (մելիք Շահնազար 2-րդ, աստղագետ Հասան, մելիք Ջումշուդ, Սալիհա, մելիք Հյուսեին, Փանահ խան) կերպարները, տրվել են նրանց իրական կերպավորումները։ Եվ, ինչպես գրքի խմբագիր և գրախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահրամ Բալայանն է նկատում, Զ. Առաքելյան-Բալայանը «...քննության առարկա դարձնելով նմանօրինակ հակասական մի ժամանակահատված, տարիների երկարատև պրպտումների և որոնումների շնորհիվ ընթերցողի սեղանին է դրել արժեքավոր մի գործ՝ պատմաբանասիրական ուսումնասիրություն։ Աշխատության մեջ նախանձելի բծախնդրությամբ հեղինակը հետամուտ է եղել ժամանակագրությանը։ Ամեն մի նշանավոր անձի՝ մելիքի գահակալությունն աշխատել է որոշել ժամանակագրությամբ»։ Հետաքրքիր է նաև Վ. Բալայանի հետևությունը, համոզմունքն առ այն, որ պատմությունը ուսումնասիրության հեղինակի համար ոչ թե սոսկ անցքերի դասավորություն է, «այլ մի գիրք, որտեղ իրադարձությունները պետք է լուսաբանված լինեն, անձերը՝ գնահատված, մի գիրք, որն ընթերցողին պետք է ուղեցույց լինի կյանքի մեջ, առաջնորդելով նրան դեպի առաքինություն և հայրենասիրություն»։
Համապարփակ է ասված և լիովին ներկայացնում է հեղինակի գործը։
Ավելացնենք միայն, որ գիրքը լրացված է հավելվածներով (վավերագրեր, նամակներ, վկայություններ, լուսանկարներ, այլ փաստաթղթերի լուսապատճեններ) և ծանոթագրություններով։ Հեղինակն օգտագործել է թեմայի հետ առնչվող բոլոր սկզբնաղբյուրներն ու քննական-տեսական գրականությունը, պարբերական մամուլ, արխիվներ։
Ուսումնասիրության հասցեագրման շրջանակը ևս բավականին լայն է (արցախագիտությամբ զբաղվող բանասերներ ու պատմաբաններ, ազգագրագետներ ու մշակութաբաններ, ուսանողներ ու... պարզապես՝ ընթերցողներ)։
«Մեսրոպ Մաշտոց երևույթը և հայոց ազգային գաղափարաբանության բարդույթը»։ Աշխատությունը գիտամեթոդական ձեռնարկ-ուսումնասիրություն է հանրակրթական դպրոցների աշակերտների և բուհերի ուսանողների համար, տպագրվել է Ստեփանակերտի «Սոնա» գրահրատարակչության կողմից, 2006-ին։
Զինաիդա Առաքելյան-Բալայանն այս գործով փորձել է ներկայացնել նախ այն դրդապատճառները, որոնք ստիպել են Մեսրոպ Մաշտոցին՝ ծավալել  «բուռն ու բազմաշերտ գործունեություն», որի հիմնական առանցքն ազգային գաղափարաբանությունն է, ինչպես նաև՝ քրիստոնյա ազգերի՝ մեկ միասնական գաղափարի շուրջ համախմբումը։
Թերևս ազգային պետություն չունեցող ժողովրդի համար կորստարար  երևույթ էր հունական, բյուզանդական, պարսկական ազդեցությունների ոլորտում մնալը։ Ուստի,  ժամանակի անհրաժեշտությունը մնում էր ազգային գաղափարաբանական էանիշների երևան հանումը։ Ինչպե՞ս կարող էր ժողովուրդը որպես ազգ գոյատևել առանց ազգային դիմագծի, իսկ ինչպե՞ս պահպանել ազգային դիմագիծն՝ առանց ազգային էանիշների։ Եվ, ահա, մտահղացումը ազգային գրերի գյուտի, որ գտնվեց ժամանակին, անհրաժեշտ էր իրագործել անհապաղ, այլապես՝ հապաղումը կարող էր կործանարար լինել։
Մեսրոպ Մաշտոց երևույթի և հայոց ազգային գաղափարաբանության բարդույթի համադրմանն ու գիտական վերլուծմանը զուգահեռ՝ Զ. Առաքելյան-Բալայանը ներկայացնում է Մեսրոպ Մաշտոցի կերպարի քննման, ուսուցման, ինչպես նաև՝ գնահատման ժամանակակից մեկնաբանությունը։
«Կան երեւույթներ,- գրում է հեղինակը,- որոնց ցոլացումը պատմության մեջ դառնում է ժամանակագիր, ժամանակացուց, որոնք նշանավորում են հասարակության առաջընթացը, գյուտելու մեջ գծելով հասարակականի, քաղաքականի, մշակույթի՝ ազգագրության, կրթության, դպրության (գրական այլևայլ ժանրատեսակներ), գոյատևումի օղակները, ամբողջության մեջ ամփոփելով հեղաշրջումի, հեղափոխականության բարդույթը...»։
Մեսրոպ Մաշտոցն, իրոք, այդպիսի մի երևույթ էր, որ այնպես պարզ և համակողմանիորեն ուսումնասիրվել է ուսումնասիրողի կողմից։
 «Սերգեյ Սարինյանի քննահամակարգը»։ 2006 թվականին լույս ընծայված գրքի հանձնարարականը հուշում է, որ «ուսումնասիրության մեջ առաջին անգամ մեկնության և գնահատման են ներկայացված հայ գրաքննադատական ակադեմիական դպրոցի կարկառուն և նորարար ներկայացուցչի, գրականության  պատմաբանի, տեսաբան-քննադատի, մեթոդաբան-մանկավարժի՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս. Ն. Սարինյանի քննահամակարգի սահմանները»։
Արդիական մեթոդական հրատապ հնչողություն ունեցող ուսումնասիրությունը հասցեագրված է ինչպես գիտությամբ զբաղվողներին և ուսանողությանը, այնպես էլ՝ ընթերցողական լայն շրջանակներին։
Դեռևս  ժամանակին Պարույր Սևակն է «հասկացել», որ «Ս. Սարինյանի հետ մրցել ցանկացողը առնվազն պետք է շատ զգույշ լինի» և խոստովանել, որ չի կարողանում որսալ նրա բնույթը, «ինքն է ու իր սիստեմը»։ Պարույրսևակյան հիանալի բնորոշմամբ՝ «Ս. Սարինյանի լեզուն գիտական է և կուռ, բնորոշումները՝ դիպուկ»։
Զ. Առաքելյան-Բալայանն էլ՝ իր հերթին փորձելով  պարզաբանել-ներկայացնել ակադեմիկոսի քննահամակարգը, բացահայտում է նրա նորարարական խիզախումները, գրականության որոշակի ընդհանրությունների՝ գիտականության բերելը, փորձում պատասխանել այն հարցին, թե «ո՞վ է Ս. Սարինյանը՝ ժամանակաչափակիր ու չափախախտ, չափադիր անհատականությունը» և կետ առ կետ վերլուծում նրա՝ որպես գիտնականի, «մտախառնվածքային գծակիր» ֆենոմենի, կրթական-մանկավարժական-մշակութային, հասարակական-քաղաքական գործչի կերպարը։ Հետազոտողին հաջողվել է համակողմանի ուսումնասիրության արդյունքում ստանալ իր հարցի պատասխանը և հասցնել ընթերցողին։
Հետազոտության մեջ ընթերցողի առաջ պարզորոշ դիմագծվում է բազմաշերտ մտածողությամբ ու բազմաբնույթ «հերքում-եղծումի անողոք, անկասելի ուժով առլեցուն ու թրծված» տեսաբանի ոգեղենն ու տեսլականը։
Գրքում տեղ են գտել նաև Ս. Սարինյանի՝ գրականության հարցերին ու ազգային գաղափարաբանությանը վերաբերող մի շարք ասույթներ, ինչպես նաև՝ գրականության գործիչների՝ Ս. Սարինյանի մասին արված բազմաթիվ հեղինակավոր կարծիքներ, լուսանկարներ։
Մնում է հուսալ, որ «Արցախը 19-րդ դարի գրականության մեջ և մշակույթում» ուսումնասիրության հաջորդ երեք գրքերի («Արցախը Րաֆֆու պատմաբանասիրափիլիսոփայական քննահամակարգում», «Խամսայի մելիքությունները», «Ռուզան») տպագրության գործը ևս շատ չի ուշանա, ժամանակին ընթերցողին կհասնեն նաև նրա մյուս պրպտումները գրականագիտության ոլորտում։




«ԽԱՌՆԱՓՆԹՈՐ ՄՐՄՈՒՆՋՆԵՐ»՝ ԱՐԴԱՐԱՄՏՈՒԹՅԱՆ ԱԿԱՆՋԻՆ


Կառլեն Սողոմոնյանը մեր այն երգիծաբաններից է,
ով տեսավ իր առաջին գրքի... «մահը»,
իսկ երկրորդը լույս աշխարհ եկավ նրա մահվանից հետո։

1995-ին լույս տեսած նրա առաջին գրքի («Մտերմիկ խայթեր») «մահը», թերևս, դաժան հաշվեհարդար կարելի էր համարել ոչ միայն երգիծական գրքի, այլև հեղինակի հանդեպ՝ առողջության համար ծանրագույն հետևանքներով։
Երգիծանքն, անշուշտ, հասարակության հայելին է և անաչառորեն ի ցույց է դնում առկա թերություններն ու բացթողումները։ Ինչի մասին չես կարող բացեիբաց խոսել, ստիպված ես լինում դիմել այլաբանությանը և ներկայացնել դրանք առակների, ֆելիետոնների, երգիծական մանրապատումների ու բանաստեղծությունների տեսքով։
Կառլեն Սողոմոնյան-երգիծաբանի ենթատեքստային հերոսներն, անշուշտ, իսկույն ինքնաճանաչվեցին և անմիջապես էլ... թունավորվեցին «մտերմիկ խայթոցներից», իսկ դրսևորված անհանդուրժողական վերաբերմունքը ճակատագրական դեր խաղաց ինչպես գրքի, այնպես էլ հեղինակի համար, առողջական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնելով նրան։ Ժամանակի կարող ուժերի համառ ու անզիջում ջանքերի շնորհիվ հավաքվեց գրքի ողջ տպաքանակն ու հրո ճարակ դարձավ, իսկ հեղինակը ենթարկվեց ֆիզիկական հաշվեհարդարի, որի հետևանքով Կառլեն Սողոմոնյանը մեկ տասնյակից ավելի տարիներ գրիչ չվերցրեց ձեռքը՝ ինչքան էլ թանձրացան մեր կյանքի արատավոր երևույթները։
Բարոյական ու ֆիզիկական վիրավորվածությունը հյուծեց նրա մարմինը, քայքայեց առողջական վիճակը, արդյունքում՝ երգիծական մանրապատումների երկրորդ ժողովածուն տպագրվեց հետմահու։ 54-ամյա երգիծաբանը, ով դեռ շատ անելիքներ ուներ իր նախընտրած բնագավառում և կյանքի վերջին տարիներին կրկին ստեղծագործական ուղեծիր էր վերադարձել՝ ընդմիշտ հրաժեշտ տվեց երկրային կյանքին։
Բայց արդյո՞ք մարդու կյանքը եզրափակվում է ֆիզիկական մահով։ Ամենևին։ Եվ նրա նոր գրքում տեղ գտած գործերը մրմունջներ են առողջ դատողությամբ օժտված մարդկանց ականջներին, «խառնափնթոր մրմունջներ», որոնք հաճախ են այս կամ այն ձևով հիշեցնում մեր կյանքի արատավոր կողմերն ու մարդ կոչվածների պարսավելի արարքները։ Զորօրինակ՝ «արժանավորին մերժեցին, իսկ նրա տեղի համար նոր մրցույթ կազմակերպեցին անարժանների շրջապատում»։ Կամ՝ «լավ վճարեցին և նա դադարեց ճշմարտությունն ասել»։ Կամ՝ «ավանակների զռռոցը խլացրեց առյուծի մռնչյունը և կենդանիները կորցրին զգոնությունը»։ Երգիծաբանի կարծիքով «գոռոզությունն արժեքի արժեզրկված արժեքն է»։ Իսկ ի՞նչ է վարքագիծը, «արտաքինը պարուրող հանդերձանք»՝ համոզված կասի նա։
Կառլեն Սողոմոնյանն իր կարճ, բայց հատու տողերով մշտապես ահազանգում է սպառողական զամբյուղն ու ագահության կողովը կրողների միջև առկա անդունդի անընդհատ խորացման վտանգի մասին։
Ի վերջո՝ երգիծաբան ու մարդ Կառլեն Սողոմոնյանի դիրքորոշումը մեկն է՝ ասել ճշմարտությունը, թիրախ ունենալով ստորությունն ու անարդարությունը։ Իսկ ճշմարտությունն ասելը իմաստությո՞ւն է՝ կխորհի երգիծաբանն ու կգա այն համոզման, որ ամենևին էլ՝ ոչ, այլ համարձակություն, և իր եզրակացությունը, իր կարծիքը նա կկարողանա արդարացիորեն պարտադրել անաչառ ընթերցողին։




ԵՐԿՈՒ ԽՈՍՔԻ ՓՈԽԱՐԵՆ
կամ գիրք ՝ իրական-կյանքային դրվագապատումներով

Գուրգեն Աղասարյանը գրող երևալու, առավել ևս՝ լինելու հավակնություններ չունի, բայց շարունակում է գրել։ Գրելը նրա համար հոգու պահանջ է, սրտի պարտադրանք։ Գրում է իր ապրած ժամանակաշրջանի ու շրջապատի մարդկանց մասին։
Նրա նախորդ գրքերը («Խնձրիստան գյուղի պատմությունը»՝ 2002, «Ճակատագրերը մարդկանց»՝ 2005, «Արցախի հայ ուսուցիչները Մեծ հայրենականում»՝ 2005) վաղուց գտել են իրենց ընթերցողներին։
Հանրության ուշադրությանը ներկայացվող նոր գրքում ևս հեղինակը հավատարիմ է մնացել իր նախասիրություններին ու սկզբունքներին։
Գրքի նյութը հավաքվել է ողջ կյանքի ընթացքում։ Իմաստային առումով այն բաժանվում է երկու մասի։ Առաջին մասում ներկայացված իրապատումներում նկարագրվող դեպքերը հավաստի են, հերոսները՝ իրական մարդիկ, ովքեր ապրել են հեղինակի հայրենի գյուղում, շրջակա բնակավայրերում։
Գրքի երկրորդ մասն ամբողջությամբ տրամադրված է ողջ կյանքի ընթացքում հեղինակի կողմից հավաքված, ի մի բերված երգիծապատումներին, որոնց մի ահագին մասը ստեղծագործական զուտ արգասիք լինելուց բացի՝ նաև իրական-կյանքային ամուր հիմքեր ունեն։ Իսկ եթե երգիծական որոշ կտորներ հանկարծ ծանոթ թվան ընթերցողին՝ թող շփոթության առիթ չդառնա, պարզապես տարիներ շարունակ այդ երգիծապատումներից նմուշներ են տպագրվել պարբերական մամուլում և անեկդոտների ձևով տարածվել ժողովրդի մեջ։
Գիրքն, ընդհանուր առմամբ, հետաքրքրաշարժ շատ պատումներ է պարունակում իր մեջ, ինչն էլ ստիպում է ընթերցողին՝ չկտրվել գրքից, ընթերցվում է բուռն հետաքրքրությամբ։



ԲԱՐԻ  ՆՊԱՏԱԿ

Վաստակաշատ մանկավարժ Շուրա Հասրաթյանի «Գերդաստանի ճակատագիրը» գրքում 20-րդ դարի դաժան ու անմարդկային իրականության համապատկերի վրա ընթերցողի ուշադրությանն է ներկայացվում մի համեստ ու աշխատասեր գերդաստանի ողբերգական դրվագներով լեցուն ոդիսականը։
Մեր ապրած հասարակարգն էր դա, որ աշխարհում ամենամարդկայինն էր համարվում։ Բայց մարդկության պատմության ողջ ընթացքում մարդկայնության ու բարոյականության ոչ մի կանոնագիրք չի պարունակել այնպիսի դրույթ, համաձայն որի՝ արդար աշխատանքով ձեռք բերված հարստությունը ո՛չ միայն ենթակա լինի բռնագրավման, այլև՝ որակվի որպես հայրենադավություն, սեփական ժողովրդի հանդեպ գործած ծանրագույն հանցագործություն և արժանանա ամենախիստ պատժի՝ աքսորի ու տաժանակրության (առանց դատ ու դատաստանի), և այն էլ՝ ընտանիքներով, ամբողջ տոհմ ու գերդաստանով, չխնայելով ո՛չ նորածիններին, չհարգելով ո՛չ վաստակ, ո՛չ էլ ծերություն։ Բայց այս ամենն իրականություն է և տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ։
Գոնե հիմա՛ հարգենք անհիմն կերպով բռնադատված, համաժողովրդական ատելության ու պարսավանքի արժանացած մեր այն հայրենակիցների, բարեկամների ու մերձավորների հիշատակը, ովքեր անուժ գտնվեցին դիմանալ անմարդային պայմաններին և իրենց վերջնական հանգրվանը գտան հեռավոր սիբիրների հավերժական ձյուներում։
Նրա՛նց տանք մեր հարգանքն ու աջակցությունը, ովքեր դիմացան ամեն փորձության, հաղթահարեցին ամեն դժվարություն ու վերադարձան հարազատ երկրամաս ու կրկի՛ն միացան կոմունիզմի «աշխարհաշեն» բանակին։ Թեկուզ հաշմված ու աշխատունակության մասնակի կորստով՝ կրկի՛ն վերագտան իրենց տեղը կյանքում։
Գիրքն ընթերցվում է հետաքրքրությամբ։


«ՊԱՏԳԱՄ»


Ելենա Մարտիրոսյանը երկար տարիներ աշխատել է տարբեր բնագավառներում, բայց հոգու խորքում միշտ էլ փայփայել է մի նվիրական զգացում բանաստեղծության նկատմամբ։ Իսկ պահը եկել է և նրա բանաստեղծությունը բողբոջել է, վերաճել ծաղիկների։ Այդ ծաղիկները նրա ապրած տառապալից օրերի արտացոլքերն են, դժվար տրված կյանքի վերարտադրանքը։
Եվ պոռթկացել է նրա մեջ ցավը, դարձել բանաստեղծական խոսք ու պատգամ, մտել ընթերցողի սիրտը։ Ու թեև նրա գրվածքներում որոշ առումով մասնագիտական վարպետության պակաս է զգացվում, բայց, այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ նրա բանաստեղծությունը ծնվում է հոգուց, սրտի ջերմ խոսք է նրա ամեն մի տողը և սրտից սիրտ է անցնում։



ՀԵՐԹԱԿԱՆ ՀԻՇԵՑՈՒՄ՝ ՊԱՐՏՔԻ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

Թիվ 34153 զորամասի զինծառայող
հանդիսատեսի դատին հանձնվեց«Մենք մեր սարերն ենք» ներկայացումը

Արձակագիր Կոմիտաս Դանիելյանի համանուն պիեսը, որի հիման վրա ստեղծվել է ներկայացումը, ներառում է բանակային (տվյալ դեպքում՝ պատերազմական ժամանակաշրջանի) կյանքի համարյա բոլոր ոլորտները՝ հետախուզություն, հրետակոծում, մարտի վարում, հակառակորդի զինծառայողների գերեվարում, բուժօգնության ցուցաբերում  և այլն։
Բայց ամեն ինչ՝ սկզբից։
Հայկական վաղնջական բնակավայրը հերթական ռազմագործողության ընթացքում ժամանակավորապես հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Տարհանվել է խաղաղ բնակչությունը, բայց ահա դեռատի կինը, իր փոքրիկ տղայի հետ, չի հասցրել հեռանալ գյուղից։ Պատճառներից մեկն էլ, երևի, հղիության հետևանքով կնոջ ծանրաշարժ լինելն էր։
Ծանր վիճակում հայտնված մարդկանց ամեն րոպե սպառնացող վտանգը ավելի դյուրագրգիռ է դարձնում նրանց, մինչդեռ՝ փոքրիկ տղան գործում է շատ ինքնավստահ, յուրովի հետախուզում շրջակա տարածքը, ինչպես նաև ուտելիք հայթայթում մոր համար։
Ի դեպ, այստեղ հարկ է նշել փոքրիկ տղայի դերակատար Տիգրան Աբաղյանի ինքնավստահությունը, վտանգի սպառնալիքի տակ ճիշտ կողմնորոշվել կարողանալը, մոր դերում հանդես եկող ԼՂՀ վաստակավոր արտիստ Արեգա Պետրոսյանի հետաքրքիր խաղաոճը։
Ներկայացման մեջ ցուցադրվում է ադրբեջանցիներին հարիր մի կարևոր հանգամանք ևս, որը շատ խիստ բնութագրական է նրանց համար, դա  ադրբեջանցի սպայի անողոք վերաբերմունքն է իր հայազգի մոր նկատմամբ։
Դեպքերն, իհարկե, ներկայացման մեջ շատ կտրուկ ու սրընթաց են, իսկ արդյունքում՝ մեր զինված տղաները կարողանում են տիրապետել իրադրությանը, և վտանգի մեջ հայտնված մայր ու որդին, իր ադրբեջանցի որդուց արհամարհված ու հեռացված հայազգի մայրը կարողանում են վերագտնել իրենց հանգիստն ու ապահով առօրյան։ Ավելին, այնպիսի քաջ տղաների, ինչպիսիք են հրամանատար Մարտիկը (Մարտին Ալոյան), ֆիդայիներ Համոն (Գենադի Առուշանյան) ու Սերոն (Դավիթ Ղահրամանյան), վարժ ու գրագետ գործողությունների շնորհիվ գերեվարվում  են նաև հակառակորդի բանակի սպան (ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյան) և իրենց զորքերի առաջխաղացման մասին նյութ պատրաստելու նպատակով առաջին գիծ հասած ադրբեջանցի լրագրողը (ԼՂՀ վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյան)։
Հոգեբանական երանգավորումները ներկայացման մեջ հասցված են կատարելության։ Հանձինս ադրբեջանցի սպայի՝ Քաջիկ Հարությունյանը տալիս է նրա կերպարի իրական բնութագիրը՝ դաժանություն, կոպտություն, գոռոզամտություն և այլն, նաև՝ ծուղակն ընկնելուց հետո՝ այդ ամենի համար մեղքի ուշացած զղջում, սրտի ցավ, հոգու անամոք վիշտ։
Թվում է՝ ներկայացման բոլոր դերերն են գլխավոր և կենտրոնական նշանակություն ունեցող, որովհետև երկրորդական և, մեղմ ասած, անիմաստ ու անտեղի ոչինչ չկա այստեղ։ Գալուստ քեռու կերպարը, որը հետաքրքիր երանգավորումներով հանդիսատեսին է ներկայացնում Սամվել Մկրտչյանը, հարազատներից մերժված ու ազգակիցների մոտ հանգրվանած Ծաղիկը (ԼՂՀ վաստակավոր արտիստ Սվետլանա Թովմասյան) և ընդամենը մեկ դրվագում հանդես եկող բուժքույրը (Մարիաննա Լալայան) հանդիսատեսին են ներկայանում իրենց դերերի նպատակային լինելու կարևորությամբ։
Ներկայացման թեման հանգուցալուծվում է, հակառակորդն այս անգամ էլ իր պարտության հերթական դրվագն է ապրում։ Հերթական անգամ հաղթում է բարությունն ու արդարությունը։
Իսկ զինծառայող հանդիսատեսի ոգևորված ծափերը հաստատում են այն պարզ ճշմարտությունը, որ Արցախի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերախումբը (թատերախմբի ղեկավար՝ Նարինե Պետրոսյան), իրոք, մեծ գործ է կատարել՝ բեմավորելով Կոմիտաս Դանիելյանի «Մենք մեր սարերն ենք» պիեսը (բեմադրիչ՝ Նարեկ Դուրյան), այն պարզ տրամաբանությամբ, որ հայրենի հող ու ջրի, քար ու քարափի, սար ու ձորի համար պիտի հեղվի հայ զինվորի բոսորագույն արյունը, դրանով սրբագործվի, որ ավելի հարազատ ու թանկ դառնա։ Նաև՝ ճշմարտություն է այն, որ ուրիշ ոչ մեկը նրա փոխարեն չի անի դա։
Ներկայացումը զինծառայողներին պարտքի ու պատասխանատվության կոչելու հերթական փորձ էր նաև։


ՍԻՐԱՆՈՒՅՇԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ՝ «ԵՐԿՅՈՒՂԱԾ ԼՌՈՒԹՅԱՄԲ»

Ներկայացումն սկսվեց միանգամից։ Նա դահլիճից մանկասայլակով բարձրացավ բեմ ու միանգամից հայտնվեց թանգարանի՝ մեծանուն դերասանուհու ցուցասրահում։ Ներկայացման միակ հերոսը (չհաշված՝ մանկասայլակում տեղավորված աղջնակը) արդեն մոռացվող և բժիշկների կողմից մահվան դատապարտված դերասանուհին է, ով երեխային բերել է այստեղ, ցույց տալու, թե ում անունն է կրում ինքը։
Եվ ծավալվում են դեպքերը, մեկը մյուսին հաջորդում են Սիրանույշի հիանալի կերպավորումները՝ զուգակցելով մենախոսություններով առ Ճշմարիտը, Վեհն ու Գեղեցիկը։ Դերակատարը հյուրախաղերով Ստեփանակերտում գտնվող դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանն է, ով, իրոք, այնպիսի ապշեցուցիչ երանգավորումներով ներկայացրեց Սիրանույշին, որ ասես ոգեղեն տեսլականն ու առօրեական իրականը միախառնվել-միահյուսվել են իրար։ Հանդիսատեսն, իրոք, զգում էր, որ դերակատարի շրթունքներով խոսում է ինքը Նորին Մեծություն Սիրանույշը։ Խոսում է իր ցավի ու մտատանջության, տառապանքի ու երազների մասին։ Նաև տարակուսանք կա նրա խոսքում՝ մինչև՝ հայկական բեմի Սառա Բեռնար, թեև ողջ կյանքի ընթացքում ձգտել է լինել ու մնալ Սիրանույշ։
Իրոք, ներկայացումն իրատեսական էլեգիա էր, մեծ դերասանուհու ապրածի ու չապրածի մասին, իսկ պատրանքն ու իրականը հաճախ միահյուսվում են իրար, և բժիշկների մոգական ուժի վրա այլևս հույս չունեցող, մահվան հետ հաշտված հերոսուհուն իրական աշխարհ է վերադարձնում մանկասայլակը, երեխայի ճռվողյունը, լացի ձայնը և նա, հանուն այդ երեխայի, ուզում է ապրել։ «Մենք ապրում ենք, մենք ապրելու ենք»,- ասում է նա երեխային՝ փոքրիկ Սիրանին։
Ներկայացումն ամեն դեպքում ավարտվում է դերասանուհու մահով, բայց նրա ոգևորությունը հնչում է դահլիճում. «Քեզ մենակ չենք թողնի»։ Այո,  կապրի նա՝ նոր Սիրանույշը։ Եվ գուցե՝ նույն տաղանդի ուժը ունենա։…
Կարևորն այն է, որ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի հանդիսատեսի կողմից մի խոնարհ նվիրումով հիշվեց մեծ դերասանուհի Սիրանույշի ծննդյան 150-ամյա հոբելյանը և հիշատակի տուրք մատուցվեց մահվան 75-ամյա տարելիցին։




ՈՐՊԵՍ ՂՈՂԱՆՋ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ

Եվ եղավ պատերազմ՝ սոսկալի ու ավերիչ։ Մեր երբեմնի խաղաղ բնակավայրերը վերածվեցին ռազմական հենակետերի, մի մասը՝ ասպատակվեց, կոխկրտվեց ոսոխի կրնկի տակ։ Հայոց հինավուրց Արցախ աշխարհն արյուն էր թքում, սակայն կարճ տևեց հոգեվարքը, թուրքը շատ շուտ զգաց հայ քաջարի բազկի հզոր ուժը։
Եվ սկսվեց հաղթարշավը, որը, սակայն, զոհեր շատ էր պահանջում։ Ու նահատակվեցին նրանք, քանզի գիտեին՝ միայն անձնազոհությունը կփրկի Արցախը ու բաց ճակատով գնացին դեպի «մահ իմացյալ»՝ իրենց մատաղ կյանքը նվիրաբերելով ազատության զոհասեղանին։
«Անավարտ կենսագրություն». այս վերնագիրն է կրում

(շարունակությունը տեղադրված չէ)


ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ


Հատված հուշագրությունից

Ես օրհնում եմ իմ հոգեորդու՝ Արիսի առաջին գիրքը 
և ուրախ եմ, որ նրա կյանքում ունեմ իմ վաստակը։
Գուրգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Գուրգեն Գաբրիելյանի մասին իմ հուշերն ուզում եմ սկսել հեռվից։
...Սկսնակ ստեղծագործող էի, գյուղական կյանքի մասին պատմող թղթակցություններով ու անպաճույճ բանաստեղծություններով հանդես էի գալիս Մարտակերտի շրջանային «Բարեկամություն» թերթի էջերում։ Մի օր էլ, երբ խմբագրության աշխատակիցները ծանոթացան բանաստեղծություններիս հերթական «փնջի» պարունակությանը, նամակների բաժնի վարիչ Լևոն Նանագյուլյանը բազմանշանակ ժպտաց, որին հետևեց նրա հեղինակավոր կարծիքը.
- Ոնց որ այս տղային Գուրգենի մոտ պիտի ուղարկենք։
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Ես չհասկացա, թե ում մասին է խոսքը, բայց, այնուամենայնիվ, զգում էի, որ մի լավ անակնկալ է սպասվում ինձ։ Պարզվեց, որ պետք է մեկնեմ Ստեփանակերտ և իմ բանաստեղծությունները ներկայացնեմ մարզային «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրությանը։ Եվ միայն այնտեղ կարող են համապատասխան «ախտորոշում» տալ իմ գրվածքներին։
Խոստովանեմ, որ Ստեփանակերտում մինչ այդ եղել եմ մի անգամ միայն, երբ դեռ վեց տարեկան էի, և հորս հետ մանկական հիվանդանոցում մեկ տարեկան հիվանդ քրոջս խնամող մորս էի այցի գնացել։ Հիմա, երբ առաջարկվում էր մեկնել Ստեփանակերտ,  ու թեև ես գյուղում ութամյա կրթություն ստանալուց հետո մեկնել էի Դիլիջան ու տեղի միջնակարգ պրոֆտեխուսումնարանն ավարտելու վրա էի արդեն, բոլորովին անծանոթ էի Ստեփանակերտ քաղաքին։
Համադասարանցիս՝ Սարգսյան Սուրիկը, խոստացավ օգնել։
-Գիտեմ,-ասաց,-որտեղ է գտնվում խմբագրությունը, կուղեկցեմ։
Նա մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող էր արդեն և որոշակիորեն ծանոթացել էր քաղաքին։ Ճամպրուկը հանրակացարանի իր սենյակում տեղավորելուց հետո որոշեցինք զբաղվել «իմ հարցով»։ Բայց երբ Սուրիկի հետ մոտեցանք այն շենքին, ուր, նրա կարծիքով, պետք է խմբագրությունը լիներ, պարզվեց, որ... տպարանում ենք («շրջանցելով» խմբագրությունը՝ ես ու ընկերս իմ բանաստեղծություններն ուղիղ տպարան էինք հասցրել)։
Մեզ հուշեցին և խմբագրության շենքը գտանք առանց առանձնակի դժվարության։
ՁԱԽԻՑ՝ Հրաչյա Բեգլարյան, Գուրգեն Գաբրիելյան,
Արկադի Թովմասյան, Արիս Արսենի
Խմբագրության շենքը գտանք, բայց ուր և ում մոտ գնալ՝ Սուրիկն այլևս անզոր էր օգնել ինձ։ Կանգնել էինք մուտքի դռան մոտ ու չգիտեինք ինչ անել։ Նա, որպես «քաղաքաբնակ», քաղաքում կողմնորոշվելու որոշակի փորձ արդեն ուներ, ուստի, խորհուրդ տվեց բարձրանալ աստիճաններով և բախել հենց առաջին դուռը։ Երկրորդ հարկ բարձրացող փայտե աստիճանների վերջում երևացող դուռը մատնացույց արեց։
Բարձրացա աստիճաններով ու կանգնեցի դիմացի դռան առաջ՝ «Խմբագրի տեղակալ՝ Վ.Ս.ՀԱԿՈԲՅԱՆ» ցուցանակի դիմաց։
- Ներս մտիր,- ներքևից հուշեց ընկերս։
Վախվորած բախեցի դուռն ու ներս մտա.
- Կարելի՞ է։
Դիմացինի բարյացակամ վերաբերմունքից որոշ չափով սրտապնդվեցի ու նրան մեկնեցի բանաստեղծություններիս «Բարձունք տանող արահետով» բարձրագոչ վերնագիրը կրող տետրը։ Նա թերթեց մի քիչ, ընթերցեց մի քանի էջ ու ձեռքը դեպի հեռախոսը երկարեց։ Ընկալուչում պատասխան ձայն լսվելուց հետո անմիջապես ասաց.
- Գուրգեն, մոտդ մի տղա եմ ուղարկում՝ սեփական տպարանում սարքած գիրքը ձեռքին։
Ես հասկացա, որ վերջապես... «տեղ» եմ հասել և շուտով կտեսնեմ նրան, ում մոտ ուղարկել են ինձ։
Խմբագրի տեղակալի ուղեկցությամբ երբ նրա  առանձնասենյակը մտա, անմիջապես վեր կացավ նստած տեղից ու հարազատի սրտամոտությամբ ու ջերմ ձեռքսեղումով պատասխանեց բարևիս, և հենց առաջին հայացքից զգացի, որ գործ ունեմ, իրոք, բանաստեղծությամբ ապրող մարդու հետ։ Նա ձեռքն առավ «սեփական տպարանում սարքած» գրքույկս և հենց առաջին բանաստեղծությունից սկսեց կարդալ։

Գիտեմ, որ ես չեմ ընթանա
              ասֆալտապատ պողոտայով,
Պիտ ընթանամ մացառներով,
Անմատչելի կածաններով,
Մինչև դուրս գամ լայն պողոտա...

Գրքի նախերգն  էր դա, որից հետո սկսվում էր «Քեզ համար եմ թախծում անվերջ» շարքը։

Ես չգիտեմ, թե ինչեր են
Ինձ առջևում դեռ սպասվում,
Եվ չգիտեմ՝ ճամփիս ով է
Իր վառ սիրով ինձ սպասում։
Իսկ կա՞ արդյոք նա, թե՞ զուր եմ
Իմ հւյսերը ոսկեջրում...

Էջի վերևի աջ անկյունում դրոշմվեց հավանելու նշանը, որից հետո անցավ հաջորդին։

Մի սիրիր նրան,
Ով քեզ չի սիրում,
Ով տառապում է
Ինչ-որ ուրիշի
Սրբազան սիրով։

Ընդգծեց «սրբազան» բառը, ասաց, որ տեղին չի օգտագործված, կարելի էր ավելի հարմար բառ ընտրել։ Դիտողություններ կային նաև «Քո աչքերը», «Ամեն օր ես քեզ տեսնում եմ», «Անունդ», «Շատ ման արի ու ինձ տես» բանաստեղծությունների համար։ Նկատառումներ ուներ հատկապես անընդհատ կրկնվող «ես»-երի վերաբերյալ.

Ես  անչափ գոհ եմ,
Որ կյանքում միայն
Ես քեզ ընտրեցի...

կամ՝

Ես  քեզ սիրում եմ՝
Ասել է, թե ես...  և այլն։

«Պատասխան» բանաստեղծության մեջ արդեն խմբագրողի գրիչը գործի անցավ, իսկ «Աղբյուրի մոտ»-ը այդ նույն «թեթև» գրչի մի հարվածով դարձավ... «Վերհուշ»։ Երեք երկտողերից բաղկացած բանաստեղծությունից մնաց միայն առաջին երկտողը, որը նոր բանաստեղծության մեջ դարձավ... երրորդ (եզրափակիչ) երկտող։
Իր հավանած բանաստեղծություններից «Սովետական Ղարաբաղի» 1978-ի մարտի 12-ի համարի «Գրական երիտասարդական» էջի համար նախատեսված գործերի շարքում տպագրվեցին նաև իմ երկու («Հրավեր» և «Իմ երգը») բանաստեղծությունները։ Այսօրվա պես հիշում եմ էջում տպագրված Կոմիտաս Դանիելյանի «Երամ» վիպակից առանձնացված «Չմարող լույսեր» գեղեցիկ հատվածը, Միքայել Գասպարյանի, Կիմ Գաբրիելյանի, Հոմեր Վանյանի, Թովիկ Հայրապետյանի, Առնո Դանիելյանի, մյուսների բանաստեղծությունները։
Մարզային թերթում տպագրված տեսնելով իմ բանաստեղծությունները՝ ես ավելի ինքնավստահ դարձա։ «Իմ երգը» բանաստեղծությունս տպագրվել էր առանց որևէ փոփոխության։ Իմը չէին սակայն «Հրավերի» ո՛չ վերնագիրը, ո՛չ էլ բանաստեղծության «հանգուցալուծումը»։
Իմ անվերնագիր բանաստեղծությունն այսպիսի տեսք ուներ.

Գարուն է հիմա այս ջինջ աշխարհում,
Բացվել են գարնան լույս ծաղիկները,
Ու նոր բուրմունքով բուրում է սերը...

Գնա՛նք, թափառենք դաշտ ու անտառում,
Հմայվենք գարնան լույս ծաղիկներով
Ու երգենք սիրով,
Երգենք սուրբ երգը՝
Սիրո,
Վեհության,
Հավատարմության։
Գնա՛ նք, սիրելի՜ս, կանաչ դաշտերը,
Թափառենք այնտեղ խորին հուզմունքով,
Թափառենք սիրով,
Ու գգվենք, փարվենք մենք ծաղիկներին...

...Ծաղիկներն են միշտ ինձ ուրախ պահում։
Ահա, թե ինչու՝
Ձմռանը ես միշտ տխուր եմ լինում։

Առաջին տողում նախ՝ ընդգծեց «ջինջ» բառը, «այս»-ը իմ  դարձրեց, հետո՝ «աշխարհում» բառը՝ լեռնաշխարհում, լավ չէր հնչում նաև «խորին հուզմունքով» բառակապակցությունը, ուստի՝ «խորին»-ը փոխարինվեց «անհուն»-ով։ Խմբագրվելուց հետո բանաստեղծության ավարտը ևս բոլորովին այլ տեսք ստացավ։ Ահա՝ տպագրված բանաստեղծությունն ամբողջությամբ.

ՀՐԱՎԵՐ

Գարուն է հիմա
Մեր լեռնաշխարհում,
Բացվել են գարնան
Լույս ծաղիկները,
Ու նոր բուրմունքով
Բուրում է սերը...
Գնանք, թափառենք
Դաշտ ու անտառում,
Հմայվենք գարնան
Լույս  ծաղիկներով
Ու երգենք սիրով,
Երգենք սուրբ երգը՝
Սիրո,
       Վեհության,
Հավատարմության։
Գնանք, սիրելիս,
Կանաչ դաշտերը,
Թափառենք այնտեղ
Անհուն հուզմունքով,
Թափառենք սիրով,
Ու գգվենք, փարվենք
Մենք ծաղիկներին...
Ես էլ ծաղիկ եմ,
Դու էլ ծաղիկ ես,
Գնանք, մեզանով
Փարթամացնենք
Մեր լեռնաշխարհի
Կանաչությունը...

Դա, իհարկե, ես այնքան էլ ցավագին չընդունեցի։ Կարևորն այն էր, որ իմ բանաստեղծություններին ճիշտ ախտորոշում էր տրվել արդեն և դրանք զետեղվեցին թերթի հերթական համարի՝ ստեղծագործող երիտասարդությանը տրամադրված էջում։
Երեք տարի հետո Գ.Գաբրիելյանի խորհրդով ու գործուն աջակցությամբ ես Ստեփանակերտ տեղափոխվեցի և աշխատանքի ընդունվեցի քաղաքային տպարանում։ Հետագայում մեր հարաբերություններն ավելի սերտացան, ապրեցինք աշխույժ ու լիարժեք գրական կյանքով...

ԱՆԴՐԱՆԻԿ, ԱՅՍԻՆՔՆ՝ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ


ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ,
կամ՝ նախ ծանոթացման կարգով

  Անդրանիկ Գրիգորյանծնվել է 1967-ի հունիսի  8-ին, Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում: Սովորել է տեղի միջնակարգում, այնուհետև` Ներքին Հոռաթաղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանում. մասնագիտացել է որպես էլեկտրազոդող, բայց խաղաղ աշխատանքով զբաղվելու բախտ տրված չէր նրան, քանի որ արդեն պարզ երևում էր, որ «կուտակվում են ամպերը պատերազմի ու մահի»: Հենց առաջին օրերից էլ ընկավ արցախյան շարժման հորձանուտը: Իսկ երբ սկսվեցին մարտական գործողությունները, նա արդեն իր իսկական դերի մեջ էր: Տիրապետում էր զենքի բոլոր տեսակներին և օգտագործում էր բոլորն անխտիր: Մասնակցել է մարտական բազում գործողությունների` Քելբաջարից մինչև Ղուբաթլու: Լինելով Մարտակերտի պաշտպանական շրջանի զինվոր, հիմնարար մասնակցություն է ունեցել Օմարի լեռնանցքի պաշտպանության և շրջանի գյուղերի ազատագրման գործում:
   Վիրավորվել է բազմաթիվ անգամ: Բուժման մասին երբեք չի մտածել: Չի լսել տնեցիների, հատկապես` մոր հորդորները, և վիրավոր վիճակում էլ շտապել է ճակատային գիծ` ընկերների մոտ:
   Հասանղայայի ազատագրման համար  մղվող մարտը 1994-ի ապրիլի 18-ին` վերջինն էր Անդրանիի համար: Այս անգամ էլ մարտադաշտ էր եկել դեռ բեկորները մարմնի մեջ, գնդակը` կրծքի տակ: ...Անհավասար մարտում մեր պաշտպանական ուժերը հարկադրված ետ են քաշվում, և` առանց կորստի, քանի որ անխափան էր գործում Անդրանիկի գնդացիրը: Բայց զոհ, այնուամենայնիվ, եղավ` հակառակորդի դիպուկահարի գնդակից ընկավ Անդրանիկը, իր հետ գերեզման տանելով անկատար երազների մի ամբողջ աշխարհ...

...ԵՎ ՀԵՏՈ`

  Բարև, եղբայրս:
  Ստացա նամակդ: Կարճ գրված նամակդ: Դե` կարևորը կարճն ու երկարը չէ: Կարևորը գրելն է. նստիր ու գրիր: Երկու րոպեում, երկու տողով: Երկար հարկավոր չէ: Գրիր, որ լավ ես: Ու` վերջ: Միայն ես իմանամ, որ լավ ես: Ու` վերջ: Ես էլ կարճ եմ գրում. մենք բոլորս լավ ենք: Սամվելը չարաճճիություններ է անում, ամբողջ օրը տարվում է խաղով, դասերը սովորելուն քիչ ժամանակ է հատկացնում: Սուսանը փոխադրվել է երրորդ դասարան: Ամբողջ օրը ուշքն ու միտքը դասերի վրա է, մեկ էլ տեսար` սկսում է ոտանավոր մտմտալ, բայց թղթին չի հանձնում:
   Իսկ Մարիամիկը... Ամբողջ օրը բակի երեխաների հետ է: Վազվզում է անհոգ: Դու չես տեսնում դա, չես լսում (լինե՜ր այնպես, որ տեսնեի՜ր, լսեի՜ր):
  Դու էլ գիտես երևի, եղբայրս, որ կարևորն ապրելն է, ապրիր: Ապրիր մինչև վերջ, ինչքան կհերիքի ավյունդ, կամքդ, կարողությունդ: Ու կռվիր, կռվիր մեր ոխերիմ թշնամու դեմ: Այն թշնամու, որ համարձակվել է մտնել մեր գյուղը, մեր տունը ու թալանել բոլորիս կայքը, ունեցվածքը: Բայց մի բան թալանել չի կարողացել` մեր ուժը, մեր կամքը, մեր հայրենասիրությունը: Ներիր, ես ինքս ինձ հետ եմ խոսում. չեմ կշտամբում քեզ, իսկ դու հիշիր, որ քո ցավն իմն է նաև, քո տառապանքն իմ հոգին ավելի է հողմահարում...



   ...Ես ութ տարեկան երեխա էի, երբ որպես բարի ավետիս և ի լուր ամենքի` ազդարարվեց քո ծնունդը: Դեռ մինչև այսօր ականջներիս մեջ զիլ-զանգ ծլնգում է այդ զայնը: 
Ու որոշեցի հենց այդտեղից էլ սկսել...

                          ...Հազար իննհարյուր վաթսունյոթ թվի
                          Հունիսի ութի վաղ առավոտյան
                          Դեռ քնաթաթախ գյուղի ականջում
                          Հնչում է մի ձայն:

                          Եվ կիսամութում ձայնն այդ ալիքվում,
                          Պատեպատ խփվում, փնտրում բաց դռներ.
                          - Լսեե՜ք, մեր Լենան մի ոսկեգանգուր
                          Տղա է բերեե՜լ...

                          Ձա՜յնն է ալիքվում մոր աչքերի մեջ:
                          Երկունքի ցավից կարծրացած-լցված
                          Երկու պիրկ կաթիլ իրար հրելով
                          Գլորվում են ցած...

                          Ձա՜յնն է ալիքվում...
                          Ու հայրը տուն է շտապում կրկին,
                          Հայրը` խնդության պարկը շալակած
                          Շտապում է տուն, որ իր բալիկին 
                          Տեսնի ժամ առաջ:

                          Իսկ մանկիկն անհոգ վերուվարում է
                          Ոտ ու թաթերի կապանքները պինդ,
                          Ու նայում, նայում մի լուռ հայացքով`
                          Աշխարհին անհայտ...

   Այդպես սկսեցի ու թողեցի կիսատ: Հետագայում, իհարկե, 1994-ի մայիսին: Իսկ այդ օրը` երբ դու ծնվեցիր, ես դեռ ընդամենն ութ տարեկան և իմ տղայական հրճվանքին չափ ու սահման չկար` ինձ եղբայր է ծնվել, ուրեմն` մենակ չեմ լինելու աշխարհում:
   Այդպես, օր-օրի մեծանում էիր դու անհոգ ու գեղեցիկ, նաև անհանգիստ, որի համար էլ` հանդում խոտի դեզ վառվեր կամ թե լիներ մի ուրիշ պատահար, անմիջապես քեզ մատնացույց կանեին, իբր` նա կլինի, ուրիշ` էլ ո՞վ: Ու այդպես` կռվելով քո մանկության հետ, դու մեծացար: Մեծացար` մանկությունից ճաշակելով երեխայական կռիվների դառնությունը, նաև` հաղթանակների բերկրանքը: Մի օր էլ, երբ Մարտակերտի դաշտային օթևանում լարախաղացի ծաղրածուն մարտահրավեր նետեց քո հասակակից մի խումբ տղաների` բոլորը ետ ընկրկեցին, բայց, երբ խմբից մեկը համարձակ քայլերով մոտեցավ դեպի ծաղրածուն` ժողովուրդը լարվեց` ո՞վ է, ո՞ւմ տղան է: Պատասխանն, իհարկե, պատրաստ կար` ո՞վ կլինի, Արսենի Անդրանիկ տղան: Եվ քո անունն էլ այնքա~ն սազական էր քեզ: Անդրանիկ, այսինքն` քաջ, աներկյուղ, անվարան: Անդրանիկ, այսինքն` առաջնեկ, առաջնային, առաջամարտիկ: Ամեն տեղ ու ամեն ինչում` Անդրանիկ: Ամեն տեղ ու ամեն ինչում` իր բարձրության վրա: Եվ եթե Անդրանիկ, ապա` զինվոր, որովհետև ոխերիմ է մեր թշնամին, ինչպես օձը, և թույն է նրա ամեն մի քաղցր-մեղցր սիլի-բիլին: Պատերազմ լինի, թե խաղաղ ժամանակներ: Դու գիտեիր այդ, ոչ միայն` երբ «կատարդ կարմրում էր», այլ նաև սթափ վիճակում: Ու շատ են եղել դեպքեր, երբ ընկերներիդ առաջարկում էիր. «Չգնա՞նք` թուրք ծեծելու»: Իսկ թուրք` ինչքան ասես: Մորեխի նման լցվել էին Մարտակերտի ձորերը: Լցվել էին ալիևյան-կևորկովյան կլանի «արժանի» կամակատարների` մամունցա-բադունցականների բացարձակ թողտվությամբ:
   -Այսօր ամսի քանի՞սն է,- Մարտակերտի ավտոկայանի տարածքում ընկերոջդ` Գագոյի հետ կանգնեցնում ես մի պատահական թուրք երիտասարդի:
   - Ապրիլի 24-ը:
   - Գիտե՞ս` ինչ օր է այսօր:
   - Ի՞նչ օր է,- հարցին հարցով է պատասխանում թուրքը:
   - Հիմա կասեմ,- ու փորին մի լավ որ հասցնում ես` իսկույն կուչ է գալիս տեղում: Իսկ մի հատ էլ, որ դնչին է ստանում` փռվում է գետնին: Նրան «լավ» ես հիշեցնում, թե ինչ օր է ապրիլի 24-ը, այնպես, որ մինչև կյանքի վերջը չմոռանա: 
Ու այդպես` միշտ, և դա աննկատ մնալ չէր կարող: Լրտեսական ամենատես աչքը հասցեատիրոջն էր հասցնում քո ամեն մի քայլի «ծավալուն արձանագրությունը» և մի օր էլ ամենակարող ձեռքը քեզ «վռնդեց դրախտից»: Բայց դու գիտեիր, ի սկզբանե, որ վաղ թե ուշ` կպայթի այն, ինչը պիտի պայթեր:   Տերևի համար` պիտի պայթի բողբոջը, ծաղիկ դառնալու համար` կոկոնը, սե՛րմը պիտ պայթի, որ արտում հասկը շատանա: Ազատ ու անկախ ապրելու համար` համբերության բաժակը` ժողովրդի ցասո՛ւմը պիտի պայթի:
   Եվ` պայթեց: Ի լուր աշխարհի և ամենեցուն: Ժողովուրդը հորդաց, լցվեց փողոցները: Հրապարակները ծովի էին նմանվում` մերթ խաղաղ, ալիք-ալիք կոհակվում էին, մերթ էլ այնպիսի փոթորիկ էր լինում, որ «ծովը» մակընթացություն ու տեղատվություն էր ապրում: Տեղատվությունն, իհարկե, հազվադեպ էր ու ժամանակավոր, իսկ մակընթացությունը կասեցնել հնարավոր չեղավ ոչ մի հակազդող ուժի կողմից: Եվ ինչքան տարածքներ յուրացրել էր թուրքը խորհրդային խաղաղ ժամանակներում` մակընթացության բերանն ընկան:
   Դու էլ այդ ծովի մեջ էիր, եղբայրս, մակընթացության առաջնամասում` քո գնդացրով, քո ֆագոտով, քո նռնականետով, քո... Բոլոր զենքերը քոնն էին, որովհետո արծվի սիրտ ունեիր և արծվային քո կարողություններով ամենուր եղար` Օմարից մինչև Ղուբաթլու, Լաչին, Աղդամ, Քելբաջար... Օմարի ձյուներում ցրտահարել ես ոտքերդ, Արաքսի ջրերում լվացել-տաքացրել: Երբեք չես ձգտել փառքի, պարգևի` առավել ևս: Քո պարգևն աստվածատուր էր` լինել քաջ ու համարձակորեն նետվել գրոհի: Մարտը քո տարերքն էր, թշնամուն ոչնչացնելը` ամենամեծ ցանկությունդ: Դու մինչև վերջ մնացիր այդպիսին: Ու մի օր էլ... սպառվեցիր, որովհետև կյանքում անսպատ ոչինչ չկա: Սուտ է, երբ ասում են` «ձայնդ անսպառ»: Սպառվում է ոչ միայն ձայնը, անգամ ծովի ջուրը: Անգամ հսկա ժայռերն են քայքայվում ու վերածվում մանրահատիկ ավազի: Դու բացառություն լինել չէիր կարող ու գիտեիր դա:
  Բայց ես, եղբայրս, քեզ երբեք չեմ տեսել, կներես, եթե ասեմ` դիակի «դերում»: Դու բեմական շատ դերեր ես սիրել, արտասանություն, բայց այդ մեկը քեզ համար չէր, չէր սազում պարզապես: Դրա համար էլ չեմ հավատում, թե իբր քո կյանքի մի որոշ ժամանակահատվածում դու նաև... դիակ ես եղել: Ես տեսել եմ քո գերեզմանը միայն: Պարզապես, ինձ ասել են, որ դա... քոնն է: Միայն` այդքանը: Իսկ ուսանողական ընկերս` Լյովան, մարմարի վրա դաջել է քո հերոսական կերպարն ու պահ տվել հավերժին:

   ...Ու պոռթկացել է բողոքն առ Աստված, առ Քրիստոսն.

                          Քո արածը քեզ դո՞ւր եկավ, Քրիստո՛ս,
                          Իմ եղբորը դու ո՞ւր տարար, Քրիստո՛ս:

                          Ի՞նչ խաղ էր սա, որ խաղացիր իմ գլխին,
                          Թե՞ իմ եղբոր կարիքը կար, Քրիստո՛ս:

                          Թե՞ իմ եղբոր պատկերն էիր ուզում դու
                          Դարձնել պարզ ու աստղանկար, Քրիստո՛ս:

                          Ու նայում է ինձ իր պայծառ նկարից,
                          Նկա՞ր, չէ, դա արցունքս է պաղ, Քրիստո՛ս:

                          Արցունքս է դա` կաթիլ-կաթիլ ծովացած,
                          Պիտի խեղդի ծովն այդ քեզ, գա՛ռ, Քրիստո՛ս...

   Իսկ դու անընդհատ ուզում էիր գնալ.

                          ...Ընկերներս այնտեղ`
                          Մարտադաշտում ահեղ,
                          Ես չե՛մ կարող մնալ, 
                          Ես գնո՜ւմ եմ, մայրի՛կ:

                          Չնեղանա՛ս ինձնից,
                          Որ թողի քեզ մենակ, 
                          Ես դեռ կգա՜մ մի օր,
                          Ես դեռ կգա՜մ:

                          Դու սպասի՛ր հույսով,
                          Դու սպասի՛ր, մայրի՛կ,
                          Հաղթանակի՛ն մեր մեծ
                          Ու քո որդուն:

                          Ես դեռ կգա՜մ մի օր,
                          Ես դեռ կգա՜մ:
                          Իսկ թե հանկարծ...
                          Հանկարծ եթե... չգամ`

                          Դու չլացե՜ս, մայրի՛կ,
                          Դու կսպասես հույսո՛վ,
                          Ես դեռ կգա՜մ,
                          Կգա՜մ,
                               Կգա՜մ,
                                  Կգա՜մ...

   ...Կգաս: Կգաս` որպես անուրջ, որպես քաղցր հուշ, որպես տարեմուտի քաղցր երազանք: Կգա՜ս...

                          Պատել է սիրտս մի հի՜ն դառնություն ու քե՛ն,
                          Եկել չոքել է բակում Նոր տարին արդեն:

                          Եկել` չոքել, ուր-որ է` դուռս կբախի,
                          Սամվել տղաս կբացի դուռն առանց վախի:

                          Եկել` չոքել է, սակայն եղբայրս չկա:
                          Բայց թվում է` ուր-որ է, հենց հիմա կգա:

                          Կգա ու ճիշտ վայրկյանին դուռս կբացի,
                          Եվ կարոտած տանս հետ կնստի հացի:

                          Կգա: Սակայն անցնում է վայրկյանը նշված,
                          Հին է դառնում նոր տարին, տխո՜ւր ու... անցա՛ծ:

                          Ու չի գալիս եղբայրս, դառնությո՜ւն է ծով:
                          Լուռ անցնո՜ւմ են օրերս` տխուր ու մոլոր:

                          Լուռ անցնո՜ւմ են օրերս... Սիրտս ցա՛վ է զուր,
                          Ուրախանալ չի՛ թողնում տխրությունս լուռ:

   Չես գալիս... Ուրեմն` աներկրային ես դու, բայց և` ծաղիկ ու ծիլ ես, ծառ ու հող ես դու, նաև... արձան ես: Նաև` երգ ես դու շուրթերին մանկանց և ինչ էլ պատմեն նրանք քո մասին` իրական է և լցված հավատով...

   ...Սամվելիկի պատմածից`

                          ...Իմ հորեղբայր Անդրանիկը
                          Շա՜տ է սիրել Հայրենիքը:

                          Երբ Արցախ է թուրքը մտել`
                          Նա զինվոր է իսկույն գրվել:

                          Գնդացիրն իր ուսն է առել
                          Ու Մարտակերտ իսկույն հասել:

                          Մերթ` Մաղավուզ, մերթ` Մոխրաթաղ,
                          Մեծշեն, Օմար ու Գյուլաթաղ:

                          Ուր եղել է` կռվել է նա,
                          Ուր կռվել է` հաղթել է նա:

                          Ու պարտվել է թուրքը նորից,
                          Փախել մեր շեն Կոճողոտից...

...Սուսանիկի պատմածից`

                          ...Իմ հորեղբայր Անդրանիկը
                          Զոհվել է մարտում,
                          Պաշտպանելով Հայրենիքիս
                          Սահմաններն անքուն:

                          Քա՜ջ է եղել մարտի դաշտում`
                          Գնդացրորդ արի,
                          Կռվել է, որ հի՜ն Արցախիս
                          Ծուխը չմարի:

                          Կռվել է ու... հաղթել թուրքին`
                          Զոհվելո՜վ անգամ,
                          Ու գրկել է սիրող մոր պես
                          Մայր հողը նրան...    


   ...Մարիամիկի պատմածից`

                          ...Իմ հորեղբայր Անդրանիկը
                          Ինձ Մարիամ է անվանել,
                          Պաշտել է շատ Աստվածամորն
                          Ու Աստծուն է նա պաշտել:

                          Բայց եղել է կռիվ մի մեծ,
                          Ավեր, արյուն ու թալան,
                          Ու նետվել է նա թեժ մարտի.
                          - Տեր Աստվածն ինձ պահապա՛ն...

                          Աստված, սակայն, չի պահպանել`
                          Նա զոհվել է այդ մարտում,
                          Իր արյունով փրկված հողը
                          Հայավարի է ծաղկում...

                          ...Երբ խաղում ենք ընկերներով` 
                          Սուտ չեմ խոսում ես բակում,
                          Միշտ երդվում եմ` «Աստված վկա»,
                          Ու երդումս չեմ խախտում...

   ...Անդրանիկի պատմածից`

                          ...Իմ հորեղբայր Անդրանիկը
                          Ինձ իր անունն է թողել,
                          Մեկ էլ` փրկված Հայրենիքը,
                          Որը  նա շատ է սիրել:

                          Եվ զոհել է կյանքը ջահել,
                          Որ ապրի Հող-հայրենին,
                          Ու միշտ պարտվի թուրքը վայրի`
                          Մեր ոխերիմ թշնամին:

                          ...Ես էլ շուտով կմեծանամ,
                          Իսկ թե կրկին թուրքը գա`
                          Չեմ երկնչի մարտի դաշտում
                          Լինել քեզ պես, հորեղբա՛յր...

   Մի՛ զարմացիր, եղբայրս: Այո՛, ա՛յս Անդրանիկին դու չես տեսել: Նա ծնվել է քո զոհվելուց երկու տարի հետո միայն և այսօր դեռ մեկուկես տարեկան է: Իր առաջին բառերն է թոթովում փոքրիկ Անդրանիկը, իսկ դու չես լսում, անհաղորդ ես այս ամենին ու անտարբեր, սակայն ոչ անմասն, որովիետև ամեն անգամ, երբ արտաբերում եմ նրա անունը` սիրտս կծկվում է ցավից, բայց և իսկույն զգաստանում եմ այն մտքից, որ թեկուզ գոնե այդպես` կարողանում եմ հաղորդակցվել քեզ հետ: Դու միշտ կաս, դու ապրում ես, ու ամեն օր կարողանում եմ զրուցել քեզ հետ` դիմելով այդ փոքրիկ արարածին:
   Նա էլ, քեզ նման, ոսկեգանգուր է ծնվել, և, կներես, եթե ասեմ` ապրելու է քո փոխարեն: Ո՛չ, դու քո՛ կյանքն ունես: Օրը` օրին, տարին` տարուն գումարվելով ավելանալու է տարիքդ, սակայն միշտ մնալու ես 27-ամյա երիտասարդի դիմագծերով:
Նա ապրելու է ի՛ր կյանքով, բայց` անընդհատ հիշեցնելով քո գոյությունը...



    Ներիր, եղբայրս:
   Ես ինքս ինձ հետ եմ խոսում: Իսկ դու հիշիր, որ կարևորը դիմանալն է: Դիմացիր բոլոր նկրտումներին, որ մեր դեմ նյութում է ոխերիմ թշնամին:
   Չգիտեմ` էլ ինչ գրեմ:
   Դու գրիր: Գրիր, որ լավ ես: Գրիր, որ ես էլ լավ լինեմ:
   Դու գրիր, որ ուրախ ես: Գրիր, որ ես էլ ուրախ լինեմ:
   Եվ շուտ վերադարձիր, որ նկարդ իջեցնեմ պատից` սիրտս թեթևանա, թե չէ` պատին նայել չեմ կարողանում...

   ...Հա, մոռացա ասել, որ Ալվարդն ամուսնացել է: Արդեն երեխա ունի: Տղա: Շա՜տ է երազել քո անունով կոչել նրան, որ միշտ իր կողքին լինես, չէ՞ որ քույրերի մեջ ամենաշատը նրան էիր սիրում:

                          Նա ու եղբայրը` միշտ միասին,
                          Թախծում է անվերջ եղբոր մասին,
                          Իսկ եղբայրն` անմասն այս ամենին...
                          Տխո՜ւր են անցնող օրերը սին:

   Անուշիկն ու Արևիկը վերջերս միայն կարողացան գալ ռուսաստաններից:

                          Հետամուտ էր Անուշիկին ցավը խելագար,
                          Այն աստիճան` նույնիսկ եղբոր գերեզման չկար,
                          Հեռուներում էլ չէր կարող, մի օր էլ եկավ,
                          Գերեզմանից զոհված եղբոր կարոտը առավ...

                          ...Արևիկն էլ է թախծում անվերջ,
                          Եղբայրացավը կրում իր մեջ,
                          Սակայն... մեկնել է հեռո՜ւ, հեռո՛ւ,
                          Թվում է` էլ չենք հանդիպելու...

   Եկան ու տեսան վերջապես երեք տարեկան գերեզմանդ: (Բայց դե` քույրեր են, չէ՞, նրանց արցունքներից երևի լճեր են գոյացել այնտեղ):

Իսկ Անահիտի մասին չեմ ասում...

                          ...Միշտ թեքվում էր Անահիտը եղբոր սնարին,
                          Օրորում էր, որ քնեցնի, բայց ինքն էր քնում,
                          Հիմա քնած է եղբայրը, տե՛ս, քանի՜ տարի,
                          Հիմա անհույս ցավից քրոջ քունը չի տանում...

...Դու նրան միշտ ես տեսնում` թեքված սնարիդ. մանուկ օրերից ես, չէ՞, նրա ուսերին եղել, մինչև մեծացել` տղամարդ ես դառել: Նա քեզ համար միայն քույր չէ` մայր էլ է եղել, դրա համար է, որ չի կարողանում հաշտվել հետդ` «այս ի՜նչ արիր»...

Եղբայրս, հայրիկն ու մայրիկը քո գնալուց հետո էլ ավելի են ծերացել...

                          Նկարին է նայում որդու`
                          Գուցե խոսի՞ մոր հետ թաքուն,
                          Հայրը գիտե` որդին չկա,
                          Ու... ծերանում են ակամա:

   ...Բայց դեռ դիմանում են, թեև ապրելը դժվարանում է...

   Ուրիշ է՞լ ինչ գրեմ:
   Դու գրիր: Շուտ-շուտ: Երկու ազատ րոպե գտիր ու երկու տողում երկու բառով գրիր, որ լավ ես:
   ...Որ ես էլ լավ լինեմ:
   Այսքանը:
   Գրիր:
   Սպասում եմ:
                                                Անկեզ կարոտով`
                                                                                  քո եղբայր ԱՐԻՍ
   Հ.Գ.
   Մի կշտամբիր ինձ, եղբայրս: Մի ասա, թե ավելի արժանիները կան:
   Կան, իհարկե: Իսկ դո՞ւ ինչով ես պակաս նրանցից, ընդհակառակն` գուցե ինչ որ տեղ նաև ավելին ես արել, քան նրանք, ովքեր այսօր հերոսի դափնիներով են պսակված:
   ...Ծառայությունդ սկսել ես գյուղի ֆիդայական ջոկատի տղաների հետ, բոլորի աչքի առաջ ու բոլորն էլ տեսել են քո մարտական բարձր ոգին, պատրաստակամությունդ` ցանկացած հանձնարարության կատարման համար: Նույն ձևով ես դրսևորել քեզ հակատանկային դիվիզիոնում, «Ազատագրական բանակի» Վլադիմիր Բալայանի անվան ջոկատում, և, վերջապես, «Խալաստոյի» գումարտակում:
   ...Ամեն անգամ, երբ գյուղ եմ գնում, համագյուղացիները կշտամբում են ինձ.
   - Ինչո՞ւ չես հետաքրքրվում,- ասում են,- Անդրանիկն իր արածի համար արժանի է կառավարական բարձրագույն պարգևի:
   Իսկ ես, ի պատասխան, թոթվում եմ ուսերս.
   - Ի՞նչ անեմ...
   Իսկ ո՞ւր են նրա մարտական ընկերները, մարտական կարևոր հանձնարարություններով նրան անընդհատ առաջին գծում պահող հրամանատարները...
   ...Ու թեև քո արածն ըստ արժանվույն չի գնահատվել, թեև չես արժանացել կառավարական բարձրագույն պարգևի` փույթ չէ, քանզի դու գիտեիր, որ անձնազոհության գնում ես ո՛չ հանուն փառքի, այլ` քո հայրենի երկրամասի ազատության ու անկախ գոյակցության համար: Իսկ ես այս գործին ձեռնամուխ եղա միայն ու միայն մոռացության մշուշը քո հիշատակից ցրելու նպատակով: Եվ քանի՜-քանի խիզախ քաջորդիներ, ովքեր հայրենիքի փրկության համար առանց երկմտելու զոհել են ամենաթանկը` կյանքը, այսօր հանիրավի մոռացության են մատնված: Նաև` անուշադրության: Նույնիսկ կան տղաներ, որոնց մասին երկու տող անգամ չի գրվել: Այդ գործում այսօր մեծ է մեր` ապրողների՛ս դերը, և մենք պե՛տք գտնվենք մեր բարձրության վրա, այլապես` վաղը ուշ է լինելու...
   (...Ինչո՞ւ եղբորդ մասին մի տաք-տաք բան չես գրում` տպագրենք,- հուշում է թերթի խմբագիրը):

   08.06.1997
   (Այսօր քո ծննդյան օրն է, եղբայրս: Այսօր դու 30 տարեկան ես: Այսօր էլ, ինչպես 30 տարի առաջ, ականջներիս մեջ զիլ-զանգ ծլնգում է Լիզա աքայի աղջկա զրնգուն ձայնը.
   - Մեր Լենան մի ոսկեգանգուր տղա է բերեե՜լ...
   ...Այսօր դու 30 տարեկան ես:
   Շնորհավոր ծնունդդ, եղբայրս)...