40-ից հետո

40-ից հետո

ՎԱՂՎԱ ՄԱՍԻՆ, ԵՎ՝ ԱՅՍՕՐՎԱ

                            40-ամյակիս նախօրյակին

Ես վաղը դառնում եմ քառասուն տարեկան,
Իսկ այսօր դեռ փոքր եմ, քառասուն դեռ չկամ։ 

Քառասո՞ւն՝ զարմացած հայացքս մաղում է, 
Կրծքիս տակ արյունս թվում է՝ պաղո՛ւմ է,
Զարկերը դառնում են չափավոր ավելի, 
Ես այս ե՞րբ՝ քառասուն, գժվե՞լ եմ, երևի՜...

Ատո՛ւմ եմ ես թիվը, տարիքը՝ առավել,
Ասում եք, որ հասուն տղամա՞րդ եմ արդեն։

Ուզում եք, որ չափե՞մ, հաշվարկե՞մ քայլերս,
Խոհե՛րս, գիշե՛րս, ցերե՛կս, ցավե՛րս։
Չե՛մ ուզում, չե՛մ կարող հաշվարկել տարիքս,
Տվա՛ծս, առա՛ծս, պարտքե՛րս, տալի՜քս...

...Քառասուն տարեկան դեռ վա՛ղն եմ դառնալու,
Իսկ հիմա դեռ փոքր եմ, գնում եմ... խաղալու։

Անհոգ եմ, օրերս օրորի թող քամին,
Եվ նման այն խիզախ, անձնազոհ տղային,
Որ ընկավ՝ տասնութը դեռ հազիվ բոլորած,
Ու փրկեց մեր ոգին, անունը մեր կորած...

09.06.99, երեկո,  Ստեփանակերտ


ԽՈՍԵՆՔ ՇՇՈՒԿՈՎ

                                                                           
Մի քիչ կամա՛ց,
Այնպե՛ս խոսիր, որ չարթնանամ,
Բայց հարցրու, թե երազում
Ի՞նչ եմ տեսնում ես այս անգամ։
Եվ կամ էլ՝ ո՞ւմ։
Գուցե մեկը քեզնից ծածուկ
Մտել է իմ երազի մե՞ջ,
Բա չիմանա՞ս։
Բա՜, կիմանա՛ս...

Տխրությունս թաց է այնքան,
Որ թե մզեմ՝
Չոր օրերս
Անշուշտ պիտի խոնավանան։
Բայց ո՛չ գարնան անձրևներից։
Գարուններս երանի՜ թե
Միշտ մնային ջրոտ-կանաչ՝
Անձրևային-արևային...
Տաք օրերս գարնան նման
Ժամանակի՛ն ժամանեին։
Գայի՛ն։
Գայի՜ն...

...Էլ չի լսվում շշուկը քո՝ 
Քնո՞վ անցար։
Դե, օրորիր՝ ես էլ քնեմ։
Մի՛ խանգարիր։
Մի՛ փախցրու քունս իզուր։
Ի՞նչ, չքնե՞մ...
Բա երազիս մյո՞ւս կեսը...
Ո՞ւմ վստահեմ։
Մի՞թե... նրան։

06.06.02,  Ստեփանակերտ




Ժայռի ճակատին ստվեր կար ամպի,
Արևը երգել երգն իր կարապի,
Գնում էր՝ օրվա հոգսերից հոգնած,
Ժայռածերպերում հանգստանալու։

Այնպես էր գնում,
Ասես էլ երբեք ետ չի դառնալու...

03.11.00,  Ստեփանակերտ 


ՃԱՆԱՊԱՐՀԻՆ...

                                                                           
Այնպես ստվա՜ր է ծառերի շարքը,                        
Այնպես ամո՜ւր են իրար գրկել,
Որ ոչ մի սամում, ոչ մի փոթորիկ 
Չի՛ կարողանա նրանց ծնկել։

Անհանգիստ Թարթառն արդեն հանգիստ է, 
Լենկթեմուրները կարող են գալ,
Բայց թող չփորձեն, հիմա դժվա՛ր թե
Նրանք մեզ հաղթել կարողանան։

Ձորը լցվե՛լ է, մշո՛ւշ է, մե՛գ է,
Ձորից բարձրացող մուժը բարակ
Եկել լցվե՛լ է, շուրջը դարձրել է
Աստղահանդեսի համաճարա՛կ։

...Իսկ կողքիս նստած այս աղջնակը
Ամուր գրկել է իր փոքրիկին։
Այնպե՜ս մատղաշ է նազուկ էակը,
Որ դժվա՛ր նրան համարես կին...

24.06.01, Կոճողոտ-Ստեփանակերտ (ավտոբուսում)


ԲԱԺԱՆՎՈ՜ՒՄ ԷԻՆ...
    

                                                                           
Բոլորն իրարից բաժանվում էին։
Անձրևն էր անվերջ ծեծում վերևից,
Քարափը՝ ամպից, ծառը՝ կեղևից,
Անցավ, անաղմուկ բաժանվում էին։

Այնպե՜ս տխուր էր այդ տարաժամին,
Նույնիսկ թախծում  էր կարապը անբառ,
Նա, որ երգում էր միայն մի անգամ,
Այն էլ՝ վերջին օրն ու վերջին ժամին։

Բոլորն իրարից բաժանվում էին...
Խորհրդավոր էր՝ ցավն էլ, թախիծն էլ,
Բաժանվո՜ւմ էին... Բաժանվելիս էլ՝
Նրանք միացման խորհուրդն ունեին...

03.11.00,  Ստեփանակերտ 


ԳԱՐՆԱՆ... ՓՈԽԱՐԵՆ

                                                                         
Գարունը նոր է հունի մեջ մտնում,
Բայց ի՞նչ՝ ոչ աշուն, ոչ էլ ամառ է,
Մառախուղ-անձրև օրն է լուռ մթնում,
Արևն՝ անզիջում-այրող-համա՛ռ է։

Հավատի որմին թախիծը թառել՝
Մահվան կորստից փրկվել է ուզում,
Իր համար մի պուտ արև է ճարել,
Ու էլ աշխարհի ցավից չի հուզվում։

Երեկոն կախվել օձիքից օրվա,
Ողջ վաստակածը խլում տանում է,
Իսկ մնացածը, բաժինքը նրա,
Գիշերը առել ու կլանում է։

19.05.01,  Ստեփանակերտ


ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

                     Ստելլային՝ հոր՝ բազմավաստակ մանկավարժ                            

                     Սերգեյ Գրիգորյանի հիշատակի համար

Աչքերիս առաջ հեթանոսափայլ քո մարմինն է, Տե՛ր,    
Տխուր նայում եմ մարմինը կորցրած նրա աչքերին,
Պառկած է՝ մարմինն անզգա, անէ, իսկ աչքերն ամպել,
Ոչինչ չեն տեսնում, չեն զգում ոչինչ...

Մարմինն՝ անզգա, ամպոտ աչքերով նայում է հեռուն,
Ափսոսանքի թույլ մի շի՛թ է կախվել հայացքից նրա,
Հիմա նրան ա՛յլ հեռաստանների թովչանք է գերում,
Եվ դեռ ափսոսա՞նք՝ թողածի՞ վրա...

Մարմինն՝ անզգա, իսկ հոգին արդեն սլանում է վեր,
Հոգին ազատ է, մարմին-պատյանի կարիքն էլ չկա,
Գալի՜ս է։ Դու քո արքայությունում պատվի՜ր նրան, 
Տե՛ր...
Գալիս է՝ որպես Սուրբ Դարձի վկա՛։

14.08.00, 03.07.02, Ստեփանակերտ 


ԵՐԿՐԱՇԱՐԺ

                            <<Հռոդոսյան կոթողը>> կինոնկարը դիտելիս

                            ակամա հիշեցի 1988-ի դեկտեմբերյոթյան
                            Սպիտակը, Գյումրին, Ստեփանավանը...

Սյուները էլ չեն դիմանում,
Սյուները տեղի են տալիս,
Պատերը ճոճվում են օդում,
Պատերը իրար են գալիս։

Օդ ու ջուր խառնվել են իրար,
Արհավիրք-աղմուկ է չորս դին,
Մթնել է օրը ցավագար
Ու չոքել աշխարհի բկին։

15.09.00, 20.03.02, Ստեփանակերտ 


ԼԱՎ ՄԱՐԴՈՒՆ՝ ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

                         Ուշացած խոսք՝ Բագրատ Մկրտումյանին

...Իսկ ծերությունն իրեն զգացնել է տալիս,
Իսկ ծերությունն արդեն անում է իր սև գործը։
Իսկ փողոցը բանուկ է՝
Գալիս են, գնում են,
Խմբերով, մեկ-մեկ, երկու-երկու,
Ամեն մեկն իր գործով,
Իր հոգսով ծանրաբեռնված։

Քայլում է Բագրատ Մկրտումյանը
Հարևան մայթով։
Քայլում ու չի էլ նկատում
Հակադարձ մայթով քայլողներիս,
Ծանոթներին նույնիսկ։
Դե, ի՞նչ անես, ճակատագիրն անողոք է,
Ուզես-չուզես։
Իսկ Բագրատ Մկրտումյանը երիտասարդ է դեռ՝
Ընդամենը... վաթսուն և մի քանի տարեկան։

07.07.90, Ստեփանակերտ


ԲԱՅՑ՝ ՈՉ ԱՓՍՈՍԱՆՔ

Դեղին ծաղիկներ ես քեզ բերեցի,
Ի նշան՝ սիրո, ոչ ատելության,
Բայց դու նվերս արհամարհեցիր
Ու նախընտրեցիր սիրո մեջ նրան։

Դասավորվեցի՞ր, չգիտեմ... Ի դեպ՝
Քեզ կորցնելուց չեմ տուժել բնավ,
Բախտը շռայլ է եղել իմ հանդեպ,
Ինձ նվիրել է մի չքնաղ Ռուզան։

Կյանքի ժխորում աղջամուղջային
Հաճախ անհարկի զրկանք ենք կրել,
Սակայն տոկուն ենք եղել ավելի,
Եվ ստիպված ենք եղել համառել։

...Իսկ քեզ՝ հիշեցի ոչ հանուն ցավի,
Թող սպիացած վերքս չնվա,
Եվ թող քո հիշվող թովչանքը ծավի
Ինձ ափսոսանքի պատրանք թվա...

23.09.00, Ստեփանակերտ


ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ

                            Պրոֆտեխուսումնարանական ընկերոջս՝                                             Աշոտ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ

Ինչո՞ւ են պատանեկան
Մեր օրերն այսպես անցել...
Ցրվել ենք տարբեր կողմեր՝
Անանուն ու անհասցե։

Ցրվել ենք... Բայց գիտեի՞,
Որ մի օր ինձ կգտնես,
Եվ հուզմունքն այսքան տարվա
Կպոռթկա հանդիպելիս։

Տխրության նման մի բան
Կաթում է դեմքիս նորից,
Երեսուն տարի հետո
Այս ինչպե՜ս հանդիպեցինք։

Երեսուն տարին՝ ասես
Մի երկա՜ր դասամիջոց,
Կտրել է մեզանից մեզ,
Թողել ենք դաս ու դպրոց։

Թողել ենք՝ ինչ ունեինք,
Կարոտներ, սեր ու թախիծ...
Մեր ապրած լավ օրերի
Հուզմունքն է խեղդում նորից։

Ուզում եմ... Սակայն ինչպե՞ս
Անցյալը վերադառնա,
Մեր տարիքն այդ՝ տեսնում ենք
Մեր որդոց դեմքի վրա։

Հասակ ենք առել արդեն,
Մեծ ենք մենք՝ տուն-տեղ դրած,
Բայց հոգով ջահել ենք դեռ՝
Կնճռազարդ ու ճերմակած...

...Նայում ենք իրար դեմքի՝
Անցյալի սրտով կարոտ,
Այս ինչքա՜ն ցավ կար կյանքում,
Որ տարանք մենք անտրտունջ...

29.05.07, Ստեփանակերտ


ՄԱՂԹԱՆՔ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ

                            Մարիամիկ դստրիկիս

Իմ սրտի ջերմ խոսքն եմ բերում
Գարնանային այս լավ տոնին,
Ասում սրտանց՝
Շնորհավո՜ր ղողանջյունը
Վերջին զանգի։

Վերջին զանգի տոնն այս պայծառ
Թող ջերմությա՜մբ սիրտդ լցնի։
Քեզ ամենայն լա՜վն եմ մաղթում,
Բարեմաղթում ամեն բարի՜ն,
Որովհետև հո՛ւրը սրտիդ՝
Լույս է կյանքի ու ջերմություն,
Երջանկության նշա՜ն բարի...

...Թող ամենայն լավն ու բարին
Լինեն կյանքիդ ճանապարհին...

25.05.07, Ստեփանակերտ 


ՀԱՐՄԱՐ ԱՌԻԹՈՎ

                  Նրան, որ... Է՛Ր, բայց դարձավ... ՈՉԻՆՉ...

Քամահրվա՞ծ են քո նկարները,
Բայց ե՞րբ ենք կրկին համակրելու,
Ինչո՞ւ դու, ասա՛, չդարձար մերը,
Զո՞ւր չէր վճիռը քո՝ լքելու...

Մենք ուզում էինք, և հավատալը
Այնքա՜ն դյուրին էր ու այնքա՜ն հեշտ,
Բայց վրա հասավ հարմար այդ պահը,
Որ լքի քեզ քո վարքը պարկեշտ։

Քո հեռանալու <<մեղավորնե՞րը>>...
Դու չե՞ս վախենում միթե Աստծուց։
...Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ այս <<ներոնները>>
Չեն խորշում սուտ աստվածանալուց։

18.10.01,  Ստեփանակերտ


ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍԵՎԱՆՈՒՄ

                            Միշա Անտոնյանին

Դիլիջանը մնաց ձորում,
Վեր բարձրացանք կեռմաններով,
Սեմյոնովկան մեր առջևում
Բռնկվել էր... կապույտ հրով...

Ջուրը սառն է Սևանի,
Բայց Սամվելը ի՞նչ անի,
Որ չլողանա,
Անհանգիստ է, վազում ափ,
Ու հենց այնպես, հապշտապ
Ջուրն է նետվում նա։

Անդրանիկն էլ է ուզում,
Բայց մայրը շատ է հուզվում՝
Հանկարծ կմրսի...
Արևը կախ է ընկել,
Օրը իրեն սպառել՝
Գնում է... ննջի։

Միշա քեռին Սևանում
Ակրոբատ է ձևանում,
Գրգռում է մեզ,
Ջուրն է նետվում և Լիզոն,
Ու հենց այնպես, շորերով, 
Լողանում է, տե՛ս...

Սևանը տաք է, հանգիստ,
Իսկ դրսում ցուրտ է սաստիկ,
Ջրից ո՞նց դուրս գանք,
Լավ  չէ՞ թողնենք ամեն ինչ,
Ե՛վ հոգս, և՛ ցավ, և՛ թախիծ,
Ու... ջրում մնանք։

20.08.00, Սևանա լիճ


ՄԵՐ ՀԻ՜Ն, ՀՆԱՄՅԱ՜...

                                                                        
Մեր հի՜ն, հնամյա՜, մեր երկի՜ր հայոց,
Չես դառնա երբեք այլևս վայոց։

Չե՜ս անթեղվի էլ մոխիրների տակ,
Չե՜ս եղեռնվի էլ՝ կարմիր թե ճերմակ։

Էլ զոհ չե՜ս գնա նախճիրին վայրի,
Էլ կուլ չե՜ս գնա երախում գայլի։

Ոսոխն էլ հազի՛վ կգա քեզ վրա,-
Ջարդվե՛ց մարտի մեջ մռութը նրա։

...Մեր հի՜ն, հնամյա՜, երկի՜ր մեր հայոց,
Էլ չե՜ս կորչի դու ոտքի տակ այլոց։

13.05.09, Երևան


ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ

                            Կանադայի Վանկուվեր քաղաքում ապրող                                   իմ անվանակից Արիս Գրիգորյանին 

Թեև նավը մեր կենաց չի էլ խորտակվել,
Բայց տառապյալ մեր հոգին այլ ափ է նետվել։

Եվ ի հեճուկս չարի՝ այսօր ես ու դու
Նույն անունն ենք կրում դեռ, ազգանունը նույն։

Ու դեռ կապրենք մենք այսպես,
կապրենք շարունակ,
Նույն երազով, նույն ցավով՝ նույն արևի տակ։

Թեև՝ հեռու իրարից, իրար անծանոթ,
Բայց իրար հետ, իրար մեջ ու միշտ իրար... մոտ։

18.05.93, Ստեփանակերտ



Ծաղկած տխրություն
ՀՈՐՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ

                                                                           
Քո գնալուց հետո
Իմ ու մահվան միջև
Սահմանը բաց մնաց...

Հա՛յր, նման եմ հիմա
Այն մենավոր ծառին,
Որ կանգնել բաց դաշտում
Եվ օրորվում  է
Թույլ քամիների՛ց անգամ...

20.04.04, Կոճողոտ


Ո՞ՒՐ  ԵՍ, ՀԱՅՐԻ՛Կ

                                                                         

        
Քո ծաղկած դեմքին
Գարո՜ւն էր, հայրի՛կ,
Բայց դու... հո՛ղ դարձար
Հունդերին գալիք...

Պահը հավերժ է,
Կյանքը՝ անցողիկ,
Անցյալը հուշ է,
Անհունը՝ գալիք...

Քո ծաղկած դեմքին
Գարունն է նիրհում,
Իսկ դո՞ւ... դու... չկա՜ս
Այս ծաղկանիրհում...

26.01.05,  Ստեփանակերտ 


ԵՍ ՔՈ ՈՐԴԻՆ ԵՄ ՆՈՐԻՑ ԼԻՆԵԼՈՒ
                                                                          

                    2008-ի մայիսի 21-ին դաժան մահով նահատակված         սիրասուն մորս` Ելենա (Լենա) Ներսեսի  Գրիգորյանի (Մակյանի)                             անմար հիշատակին, անամոք ցավով

1
Ես կհամբուրեմ, մայր իմ, ձեռքերդ`
Երբ հորիզոնը աչքիս դեմ մթնի,
Երբ հոգնած միտքս հանգիստն իր գտնի`
Ես կհամբուրեմ, մայր իմ, ոտքերդ։

Ամեն ինչ ունայն, դատարկ է, թերի,
Անգամ… ածխացած ակնախորշերդ,
Ես կհամբուրեմ, մայր իմ, աչքերդ`
Երբ հորիզոնը աչքիս դեմ մթնի։

2
Երբ հորիզոնը աչքիս դեմ մթնի`
Ես ո՞ւմ որդին եմ, ասա, լինելու,
Ե՞րբ ես ինձ նորից անուշ ժպտալու,
Երբ հորիզոնը աչքիս դեմ մթնի՞...

Մթության միջով երբ քայլեմ հեռու`
Ինձ քո երազը նորից կգտնի՞,
Երբ հորիզոնը հանգիստն իր գտնի,
Մայր իմ, բա ինձ հետ ի՞նչ է լինելու։

3
Մայր իմ, բա ինձ հետ ի՞նչ է լինելու,
Նորից կվազեմ գիրկդ երևի`
Կորչեմ օղակում քո գիրգ ձեռքերի,
Այնպե՜ս ամուր ես դու ինձ գրկելու...

...Մեզ էլ ոչ մի ուժ չի բաժանելու`
Քո գրկի մեջ թող մանկանամ կրկին,
Կարոտ չմնամ մայրական գրկի,
Ես քո՛ որդին եմ նորից լինելու...

4
Ես քո որդի՛ն եմ նորից լինելու՝
Ինչքան էլ բախտը մեր լինի դաժան,
Ինչքան էլ, մայր իմ, Աստված անարժան
Հնար որոնի կրկին պատժելու։

Վաղ թե ուշ, մեկ է, քո գիրկն եմ գալու,
Կտեսնե՞մ նորից աչքերդ բարի,
Որ գգվի խինդդ ինձ մայրավարի,
Թե՞ մենք այլևս... չենք հանդիպելու...

5
Թե մենք այլևս չենք հանդիպելու`
Էլ չե՞մ նայելու աչքերիդ թովիչ,
Ինձ աչքերիդ մեջ փնտրելու եմ միշտ`
Թեև էլ երբեք քեզ չեմ տեսնելու։

Մի՞թե էլ երբեք
 քեզ չեմ տեսնելու,
Կպահվեք տարբեր պարունակներո՞ւմ...
...Առանց քեզ, մայր իմ, ինչպե՞ս եմ ապրում,
Ե՞րբ եմ քեզ կրկի՛ն որդի լինելու...

14.04.2012 թ.,Ստեփանակերտ

ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏԻՍ
            
                    Եղբորս հիշատակին

...Հազար իննհարյուր վաթսունյոթ թվի
Հունիսի ութի վաղ առավոտյան
Դեռ քնաթաթախ գյուղի ականջում
Հնչում է մի ձայն։

Եվ կիսամութում ձայնն այդ ալիքվում,
Պատեպատ խփվում, փնտրում բաց դռներ.
- Լսե՜ք, մեր Լենան մի ոսկեգանգուր
Տղա է բերե՜լ...

Ձա՜յնն է ալիքվում մոր աչքերի մեջ։
Երկունքի ցավից կարծրացած-լցված
Երկու պիրկ կաթիլ իրար հրելով
Գլորվում են ցած...

Ձա՜յնն է ալիքվում...
Ու հայրը տուն է շտապում կրկին,
Հայրը՝ խնդության պարկը շալակած
Շտապում է տուն, որ իր բալիկին 
Տեսնի ժամ առաջ։

Իսկ մանկիկն անհոգ վերուվարում է
Ոտ ու թաթերի կապանքները պինդ,
Ու նայում, նայում մի լուռ հայացքով՝
Աշխարհին անհայտ...

12.05.94, Շուրաբադ (ԿՊՇ, գործող բանակ)


ԿԳԱ

                    Գաղթի օրերից

Տեսնես որտե՞ղ է հիմա փոքրիկ Նելսոնը,
Դպրոցի զանգն էլ նրան դասի չի կանչում,
Մարտակերտում ավեր է դեռ իրենց տունը,
Մարտակերտում՝ դեռ կրակ, ավար ու արյուն։

Բայց ետ կգա նա մի օր՝ ինչ էլ որ լինի,
Ինչ էլ լինի՝ նա հեռվում երկար չի մնա,
Կգա, որ շեն պահի իր տունը հայրենի,
Մարտակերտի նորակերտ հավատը դառնա...

15.09.93, Ստեփանակերտ


ԽԱՂԱՂ ԷՐ ՊԱՀԸ...

                    Քրոջս առաջնեկի՝
             Նելսոնի թարմ հիշատակին


Օտար ձեռքը քեզ ճի՛շտ դեղ էր տալիս,
Բայց սրտիդ ցավը... սրտիցդ էր գալիս։

Եվ հիվանդության անունն էր... կարոտ...
Ու հեռվում մնալ էլ չէիր կարող։

Եկա՛ր... Երկիրը շատ էր բարեհաճ,
Մարտակերտը՝ շեն, խաղաղ, բարգավաճ։

Սակայն... կարոտդ տանջանք էր դառել,
Եվ այնպե՜ս էր քեզ մահը ծարավել...

Իսկ դու, որ պիտի դառնայիր գալիք,
Հողեղեն էիր՝ հո՛ղ դարձար, բալի՛կ։

Աստված քեզ սիրեց ու տարավ իր մոտ,
Կբուժվի՛ այնտեղ սիրտդ հիվանդոտ...

16.02.02, Ստեփանակերտ


ԿԱՐՈՏԻ ԱՆՐՋԱՆՔ

1. ԱԿՐՈՍՏԻՔՈՍ՝  ԵՂԲՈՐՍ

Այնպե՜ս տխուր, հանգիստ ու լուռ
Նայում ես դու աշխարհին,
Դողում է սիրտն իմ անհագուրդ,
Րոպեն թվում է տարի,
Անցնում ես ու... ինձ չես նայում,
Նայի՛ր, սրտիս պաղ ալիք,
Ինձ թվում է՝ խաղ ես անում,
Կյա՜նքս դարձրած խաղալիք...

18.02.86, Կոճողոտ

2. ԱՆԱՀԻՏԸ

Միշտ թեքվում էր Անահիտը եղբոր սնարին,
Օրորում էր, որ քնեցնի, բայց ինքն էր քնում,
Հիմա քնած է եղբայրը, տե՛ս, քանի՜ տարի,
Հիմա անհույս ցավից քրոջ քունը չի տանում...

3. ԱՆՈՒՇԻԿԸ

Հետամուտ էր Անուշիկին ցավը խելագար,
Այն աստիճան՝ նույնիսկ եղբոր գերեզման չկար,
Հեռուներում էլ չէր կարող, մի օր էլ եկավ,
Գերեզմանից զոհված եղբոր կարոտը առավ...

20.12.01, Ստեփանակերտ

4. ԱԼՎԱՐԴԸ

Նա ու եղբայրը՝ միշտ միասին,
Թախծում է անվերջ եղբոր մասին,
Իսկ եղբայրն՝ անմասն այս ամենին...
Տխո՜ւր են անցնող օրերը սին։

5. ԱՐԵՎԻԿԸ

Արևիկն էլ է թախծում անվերջ,
Եղբայրացավը կրում իր մեջ,
Սակայն... մեկնել է հեռո՜ւ, հեռո՛ւ,
Թվում է՝ էլ չենք հանդիպելու...

6. ԾՆՈՂՆԵՐԻ ՑԱՎԸ

Նկարին է նայում որդու՝
Գուցե խոսի՞ մոր հետ թաքուն,
Հայրը գիտե՝ որդին չկա,
Ու... ծերանում են ակամա։

7. ԵՎ... ԵՍ

Ցրի՛ր մշուշ իմ սրտից
Դառնություն ու վիշտ,
Թե եղբայր ես եղել ինձ՝
Եղբայր եղիր միշտ։

Ճակատագրով դառնացած
Քո եղբայրն եմ ես,
Ինչ էլ լինի՝ ինձ երբեք
Մտահան չանե՛ս...

19.04.93, Ստեփանակերտ


ԵՂԲՈՐՍ <<ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻՑ>>

1. Դեռ պատանյակ՝ այս նկարում, 
Բայց հայացքից հուր է ցայում։

2. Քեզ թվում է՝ մեծ ես արդեն,
Բայց ինձ համար շատ փոքր ես դեռ։

3. ...Որպես մի վերջի՜ն լուսանկար՝
Հայացքը խոսուն, իսկ հույսը՝ մա՛ռ։
 

ԱՅԼ... <<ՊԱՏԿԵՐՆԵՐ>>


1. Մեր ավեր տունը՝ Կոճողոտում
Դեռ հուշն է պահում քո մանկության,
Իսկ սիրտս ցավի որդն է ուտում,
Որ չկաս էլ դու, իմ լա՛վ եղբայր։

2. Թուրքը տեսել է մեր գյուղը ծաղկուն,
Թուրքը տեսել է Մռավն հաղթապանծ,
Հրճվել է վայրի հոգին վաչկատուն,
Բայցև ... չքվել է նա անվերադարձ...

3. Այստեղ ես հանգչում։ Դիրքավորված՝
Ընկերներիդ հետ՝ երկու շարքով,
<<Գրաված>> վերջին բարձունքից այս՝
Հսկում եք կրկին քուն ու անդորր...

1997, ամառ, Ստեփանակերտ


ՏԽՈՒՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ

                    Մոխրաթաղցի Սլավիկին

Լավ առիթով չէր մեր հանդիպումը,
Աստված կպարզի ողջ իսկությունը։

Դու անհիշաչար տար այս նոր դավը,
Քո բարությունը կմեղմի ցավը։

Բայց մեղք ունեի՞ն երեխաները,
Եվ մի՞թե այդքան անկար էր... Տերը...

04.11.00,  Ստեփանակերտ


ԿԱՐՈՏԻ ԼԵԶՎՈՎ

                    Իսկ մանկության ընկերներս
                 ապրում են դեռ երազներիս մեջ...


Տխրում եմ միշտ՝ հիշելով մանկությունը մեր,
Միշտ թվում է, թե անհոգ երեխա ենք դեռ...

Թվում է, թե ուր որ է՝ զանգը դպրոցի
Հին ու ծանոթ ղողանջով մեզ ներս կկանչի։

Թվում է, բայց մեծ ենք արդ ու մեր հարկերում
Մեր փոքրերի մանկական խինդն է մեզ գերում։

...Բայցև կամա-ակամա կանչում են կրկին
Մեզ մանկության ոսկեգույն երազները հին։

11.05.93, Ստեփանակերտ



Մտերմիկ տողեր
Մակագրություններ գրքի վրա





 Գեղանկարիչ Լավրենտ ՂԱԼԱՅԱՆԻՆ

Գրքիս վրա ի՞նչ մակագրեմ,
Ի՞նչ բառ ընտրեմ, որ չզգաս թերին,
Դու այս ինչպե՜ս ես գունազարդել,
Որ ինչ գրում եմ՝ քիչ է էլի...




Մանկագիր Գուրգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ

Խոսքի մեջ շռայլ չեմ,
Խնդրո՜ւմ եմ, ների՛ր,
Առաջին գիրքս է՝
Նվեր ընդունիր...




Ձևավորող-նկարիչ Ռաֆիկին

Քե՛զ եմ նվիրում իմ գիրքը, տե՛ս,
Թեև քո կազմից դժգոհ եմ ես...




Տպագրիչ Վլադիկին

Թող <<ճաքի>> ամեն լռություն,
Ու անգամ քա՛րը թող խոսի,
Քո ձեռքերի մեջ թուղթը թող
Գիրք դառնա ու սրտեր հուզի...

19.04.93, Ստեփանակերտ




        Աշոտ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ

Գիրքս՝ նվեր Աշոտին,
Այն <<բերանը ճաշոտին>>,
Որ... դժգոհում էլ է դեռ.
- Ես այնքա՜ն եմ ծառայել,
Բայց... Արի՛սն է սպա դառել...




Ռաֆիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ

Իմ նորահայտ համերկրացուն,
Որ... պոետիս հետ է մրցում։





Իմ անծանոթ ու իմ... ծանոթ ԻԶԱԲԵԼԼԱՅԻՆ՝
Սիրով, ցավով ու տխրությամբ, կարոտներով մեծ։

Ապրի՛ր, սիրի՛ր... Ու միշտ հիշիր դու ամեն վայրկյան,
Որ հիշում  է քեզ արցախցի մի հայ բանաստեղծ...




Իմ նոր ծանոթ Նվարդին

Թե Նուարդն ես դու գեղիրան՝
Ես չեմ Արադ Գեղեցիկ...




Սուսան ՄՈՒՍՈԼՑՅԱՆԻՆ

Դու ռուսերե՞ն ես կարդում, ափսո՜ս,
Իսկ ես հայերեն եմ գրում,
Բայց այս գրքույկն իմ կկարդաս, Սո՛ւս,
Ես այնտեղ քո սիրտն եմ փնտրում։



                Գոհարին

Միշտ այդպե՛ս եղիր, ինչպես կաս,
Գոհար ես՝ գոհար էլ մնաս...




Ռենտգենոլոգ Վլադիկ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ

Հոսպիտալում քիչ հանդիպենք,
Մարտադաշտում միշտ շա՜տ լինենք,
Որ թշնամուն մեր բարբարոս
Ժամանակից շո՛ւտ ջախջախենք...




Սրբագրիչ  Էլմիրային

Դուրսը ցուրտ է, ներսը՝ տաք,
Որ... ծիծաղե՛ս շարունակ։




Բելլա ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻՆ

Իսկ դու շարում ես կրկին տողը տողին, բառ առ բառ,
Ու երգերս քո ձեռքում դառնում են... <<կիրթ>> ու բարի,
Լո՛ւյսն ուղեկից լինի քեզ, երազներդ՝ ի կատար,
Այնպես ապրես՝ քո շնչից պակասի ցա՜վն աշխարհի...

02.05.00, Ստեփանակերտ




Ռեգինե Ղ-ին

Օր-օրի դու լավանում ես,
Իսկ ե՞ս, ծերանա՞մ, չե՞ս խոսում,
Ու չե՞ս նկատում, երբ... անցնում ես,
Եվ ինչո՞ւ ինձ չե՛ս... ափսոսում։




Գիրքս՝ բժիշկ ԱԴԱՄՅԱՆԻՆ։
Թող աշխարհում լինի բարին,
Արև՛ լինի, գարո՛ւն լինի
Միշտ Ձեր կյանքի ճանապարհին...




Գիրքս՝ Համոյին և իր կնոջը՝
Ձեր ընտանիքում ողջ լինեն ողջը...




Գիրքս՝ Ռայիկին, Հրանտին նաև ...
Ուզում եմ միշտ Ձեր... աչքերի՛ն նայել։




Ատամնաբույժ Աշոտին

Ատամնաբույժ էր ընկերս,
Բայց չբուժեց ատամներս,
Այժմ՝ դու ես, դու կբուժե՞ս,
Որ լավ մարսեմ ծամած <<կերս>>։




             Զինային

Զվա՜րթ, քնքո՜ւշ աղջիկ՝
Իմ երազի՜ ստվեր,
Նազուկ ժպտա՛ այդպես,
Ապրի՛ր երազ ու սեր...

02.05.00, Ստեփանակերտ




Քնքշագին Աստղիկին,
Դեռ՝ ոչ կին Աստղիկին,
Կուզեի տեսնել կին,
Աստղի՛ կին, աստղի՛ կին։

02.10.08, Ստեփանակերտ




Ասում են՝ Անո՛ւշ ես դու,
Չգիտեմ՝ անո՞ւշ ես դու,
Քանի դեռ չեն համտեսել՝
Ի՞նչ գիտեն՝ անո՛ւշ ես դու։

08.11.08, Ստեփանակերտ




          Իննային

Իսկ դու գարնան ծաղիկ ես զառ,
Նայվածքով՝ նուրբ, առնացի,
Նազիկ-մազիկ դյութո՜ւմ ես մառ՝
Անո՜ւշ հմայք կանացի...

1993-2002, Ստեփանակերտ - Մարտակերտ - Կոճողոտ - 
                      Երևան - Նոր Հաճըն - Ստեփանակերտ