Հեղինակի մասին


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


                       Արիս ԱՐՍԵՆԻ                
  Արիս ԱՐՍԵՆԻ   
    
 (Արիս Արսենի Գրիգորյան)

Բանաստեղծ, լրագրող
Հայաստանի գրողների միության անդամ
(1990-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ, անդամատոմս No06141)


    Ծնվել է 1959-ի հունիսի 10-ին Արցախի Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում։ 1966-74-ին սովորել է հայրենի գյուղի ութամյա (այժմ՝ միջնակարգ) և Մարտակերտի միջնակարգ-գիշերօթիկ (1971-73) դպրոցներում։
    1977-ին ավարտել է Դիլիջանի թիվ 12 միջնակարգ պրոֆտեխուսումնարանը՝ ստանալով դերձակի մասնագիտություն և միջնակարգ կրթություն, իսկ 1986-ին՝ Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։
    1978-80-ին ծառայել է Խորհրդային բանակում։
    Աշխատանքային գործունեությունն սկսել է Մարտակերտի խաղողագործական պետտնտեսությունում, այնուհետեւ տեղափոխվել է Ստեփանակերտ, աշխատել որպես քաղաքային տպարանի գրաշար (1983), Արցախի հեռուստատեսության թղթակից (1988-90, 1996), «Արցախ» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդեսի ավագ խմբագիր (1990-93)։
    Արցախյան ազգային-ազատագրական շարժման մասնակիցներից է, 1990-91-ին Դավիթ Ջրաբերդ կուսակցական ծածկանունով խմբագրել է «Պայքար» (ընդհատակյա) հասարակական-քաղաքական, մշակութային պարբերականը՝ ՀՅԴ ժամանակի միակ խոսնակն Արցախում։
    1993-ի սեպտեմբերի 24-ից ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքերում էր, Կենտրոնական պաշտպանական շրջանի (ԿՊՇ) երկրորդ հրաձգային գումարտակի 4-րդ, իսկ այնուհետեւ՝ 6-րդ վաշտի հրամանատարի տեղակալը։ 1993-94-ին մասնակցել է Ջաբրայիլի, Աղդամի, Ֆիզուլու և Մարտակերտի շրջաններում տեղակայված թշնամական կրակակետերի վնասազերծման համար մղված մի շարք ռազմագործողությունների ու պաշտպանական մարտերի։ Վիրավորվել է Ֆիզուլու շրջանի Վերին Սեիդահմեդլի գյուղի մերձակայքում մղված 1994-ի հունվարի 15-ի պաշտպանական մարտում։
    1995-ի հուլիսի 1-ից ծառայությունը շարունակել է բանակային «Մարտիկ» թերթի խմբագրությունում՝ որպես զինվորական լրագրող։
    2009-ի օգոստոսի 1-ին, կապիտանի զինվորական կոչումով, ուղարկվել է պահեստազոր։
  2009-2010-ին աշխատել է «Դիզակ պլյուս»
 հրատարակյությունում2011-ին եղել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարը։ 2012-ի փետրվարի 1-ից«Նոր Շահումյան» երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է։
    Գրել սկսել է վեցերորդ դասարանից։ Տպագրվել է շրջանային, մարզային և հանրապետական մամուլում, գրական հանդեսներում և ալմանախներում։ Հրատարակված 16 գրքերի (չափածո և արձակ) հեղինակ է, ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան (2004, «Լրագրության բնագավառ») և Արցախի ժուռնալիստների միության (2005, «Զինվորական թեմաներով լավագույն հրապարակումների համար») ամենամյա մրցանակների դափնեկիր։
    Պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն»
 (2012), ԱՀ «Վաչագան Բարեպաշտ» (2018), ՀՀ պաշտպանության նախարարության «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի (2006) և ԼՂՀ «Մայրություն» հասարակական կազմակերպության «Մայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին» (2008) մեդալներով, ՀամԼԿԵՄ կենտկոմի և ԽՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության (1975), ՀամԼԿԵՄ կենտկոմի և Նախարարների խորհրդի պրոֆտեխնիկական կրթության պետական կոմիտեի (1977) կրծքանշաններով, ԽՍՀՄ զինված ուժերի թիվ 78684 զորամասի հրամանատարության (1980), ՀամԼԿԵՄ Մարտակերտի շրջկոմի (1981), Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ռեկտորատի (1984), ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարության (2001), ԼՂՀ պաշտպանության նախարարության (2006) և ՀՀ մշակույթի նախարարության (2008) պատվոգրերով։
    Ամուսնացած է, ունի չորս զավակ (երկու ուստր, երկու դուստր) և վեց թոռ։

Լենա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԶՆԻՎ ՄՂՈՒՄՆԵՐԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ
  Արիս Գրիգորյանի (Արսենի) քնարերգության շուրջը մտորելիս, չգիտես ինչու, ուզում ես կրկնել Նեկրասովի բանաստեղծական տողերը.
           Պոետ կարող ես և՜ չլինել,
            Բայց քաղաքացի պարտավոր ես միշտ։
  Երևի պատճառը նրա կյանքի թողած հետագիծն է, անցած ճանապարհի աշխարհագրական քարտեզը` Կոճողոտի դպրոց, Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ, խորհրդային բանակ, Արցախյան գոյապայքար.
  Նեկրասովյան պոետական սկզբունքը` <<Նախ քաղաքացի՜, ապա` պոետ>>, Արիսին առաջնորդել է ոչ միայն պատերազմական թոհուբոհում, այլ` նաև խաղաղ օրերում, ամեն մի քայլի. Այդ սկզբունքը մենտորի դեր է խաղացել նաև բանաստեղծական տողերում, արդյունքում` գտածն անհամեմատ շատ է, քան` կորցրածը։ Իսկական բանաստեղծ լինելու կոչումն անհանգստացրել է նաև Արիս Գրիգորյանին.
        Ինչքա՜ն դժվար է լավ երգը գրվում,
                                                                        Չգիտեի՞ ես.
  Իսկ այս պարզ պոետական վարվելակերպը գիտակցելուց հետո հազիվ թե ծնվեին ժամանակավրեպ, ծամծմված տողեր։ Եվ բանաստեղծի հոգին գեղարվեստորեն վերարտադրվել է` ստեղծելով բնորոշ, յուրօրինակ մի բանաստեղծական  աշխարհ, ուր ինքնայրումի ցոլանք են բանատողերն ու գույների խայտաբղետությունը, ասել է` անիմաստ է կյանքը` առանց պոեզիայի.
                                                          Բանաստեղծությունն իմ էություն է,
                                                          Ես առանց դրա չեմ կարող ապրել։
 Միանվագ, միապաղաղ չեն Արիս Գրիգորյանի բանաստեղծությունները, քանզի հարուստ ներաշխարհ ունի դրանք արարողը։ Թեմատիկ բազմազանությունը, կառուցվածքային նրբություններն ու պոետական ասելիքը շոյում են ընթերցողի ունկերը և նրա հոգում արթնացնում հուշերի, կարոտի զգացումներ.
                                                          Իմ երգը լայնարձակ է,
                                                          Իմ երգը սահման չունի,
                                                          Անսահման իմ հոգու պես.
 Անգամ պատերազմի երախում ժպտալ գիտե բանաստեղծը, քանզի սերը և ժպիտը կարող են ծնկել մահին.
                                                          Ես միշտ ժպտում եմ.
                                                          Երբ որ ապրելը դժվար է թվում։
Արիս Գրիգորյանի բանաստեղծական աշխարհում իշխողը խոհականությունն է, և երազներն ու կարոտները խոհական լեզվով են փոխանցվում ընթերցողին` մերթ ապրեցնելով հուշերի ջերմությամբ, մերթ` արթնացնելով հայրենիքը կորցնելու ահասարսուռ միտքը։
                                                          Իմ առաջին ճիչը, որ լսել է տունը
                                                          Մեր այն հեռո՜ւ գյուղում ադամանդյա,
                                                          Հրդեհվել է տան հետ, ավերվել է, ավա՜ղ,
                                                          Ու էլ չկա՜ տունս, ճիչս չկա.
Հայրենիքի ու պատերազմի թեման անցնում է նրա քնարերգության միջով` սկզբից մինչև վերջ։ Հայրենիք ասածը զուտ առարկա չէ, այլ դարերի խորքից աղաղակող կյանքեր, պապերի ու ապուպապերի գերեզմաններ ու կանչե՜ր, կանչե՜ր. Արցախն ամփոփված է բանաստեղծի պապի կերպարում, իսկ հետո փոխանցվում է հորը, որդուն, թոռանը, ծոռանը.
                                                          Իմ պապը Խաչունց Անդրին է,
                                                          Ականջս նրա կանչին է։
 Ճշմարիտ է նկատում բանաստեղծը, որ <<մի կյանքն էլ քիչ չէ>>, եթե ապրես լիարյուն կյանքով, իմաստալից, ավելի շատ ունեցածդ տաս այդ կյանքին, հայրենիքին ու ժողովրդին, քան ինքդ պոկես կյանքից։ Արարելն ավելի պատվական է, քան` վատնելն անիմաստ.
                                                          Մի կյանքն էլ հերիք է մարդուն,
                                                          Միայն թե մարդո՜ւ պես ապրի
                                                          Ու կյանքն իր չվատնի իզուր.
   Եվ փույթ չէ, որ իր` միայն մի անգամ տրված, կյանքը քնարական հերոսը պատրաստ է զոհաբերել հանուն հայրենի հողի, հանուն մայր ժողովրդի.
                                                          Առաջին մարտում, ինչ էլ որ լինի,
                                                          Ես պիտի կռվեմ շարքո՜ւմ առաջին։
                                                          Իսկ թե առաջին մարտում պիտ ընկնեմ`
                                                          Թող ընկնեմ միայն շարքում առաջի՜ն.
   Հայրենիքը քաղցրանում է նաև <<Մինա մայրիկներով>>, ում հինգ զավակները երկրորդ աշխարհամարտում զոհվել են, և փոխարենը հինգ <<սև թղթերն>> են մոր դուռը բախել։ Արցախը սրբանում է այն բոլոր քաջարի տղաներով ու աղջիկներով, ովքեր նահատակվեցին, որ ապրենք մենք` ապրողներս։ Արցախյան Ազատամարտի նահատակ Մարգարիտ Սարգսյանին ձոնած բանաստեղծության մեջ Ա. Գրիգորյանը գրում է.
                                                          Եվ թո՜ղ հիշենք միշտ նրանց, ովքեր հանգույն ճարակի`
                                                          Ելան արի, անվարան ու զոհվեցին մե՜զ համար.
                                                          Եվ քեզ, որ չես երկնչել, չե՜ս զգացել սրտի դող.
    Ի դեպ, բանաստեղծի եղբայր Անդրանիկն էլ թշնամու գնդակին զոհ գնաց, ում <<գրկել է սիրող մոր պես մայր հողը>>։
  Կորուստների ցավը տանջում է բանաստեղծին, բայց և նրան սփոփում է այն գաղափարը, որ հայրենիքի համար նահատակվողները երբեք չեն մեռնում, այլ նրանց անունները տարիների հետ ավելի պայծառ են շողում, ամոքում կորուսյալների անափ վիշտն ու կսկիծը։
  Արիսը հավատում է Արցախի լուսե ապագային, քանզի այս փոքրիկ երկրամասն արծիվ որդիներ ունի, ովքեր լեռնածին են, իսկ <<լեռները չեն խոնարհվում, լեռները խոնարհվել չգիտեն>>։
  Բազմագույն ու բազմաբույր են հայրենի բնությանը ներբողած երգերը։ Նրանցում կան խոր կարոտ, մանկութ օրերի քաղցրություն, արարչագործության անզուգական պատկերներ։ Կարոտների և հուշերի գրկում քնարական հերոսը սիրում է շրջել մեն-մենակ, որ ոչ մեկը չխանգարի իրեն` հիշելու, ըմբոշխնելու քաղցր անցյալը, տառապանքների քաղցրությունը.
                                                          Կարոտներիս կանաչ հովտում` թափառում եմ մեն-մենակ,
                                                          Աշխարհի չափ բարությամբ լի, հուր բաղձանքով մի համակ։
  Նա լռության մեջ ավելի խորն է ճաշակում հայրենի բնությունը, Խաչունց աղբյուրի ջրի սառնությունը,  Արցախին է կարոտով փարվում, անպարտելի է դառնում Արցախը, իրենից` անբաժանելի բնության անգամ ամենափոքրիկ մասնիկը.
                                                          Իմ հայրենի անտառնե՜ր, զմրուխտե դաշտեր,
                                                          Նորից այցի կգամ ձեզ` ինչ էլ որ լինի.
  Այս բանատողերը խորհրդանշում են հաղթանակի երանգներ, անկոտրում կամք, հավաստի հավատ։ Եվ բանաստեղծն ընթերցողի առաջ բացում է իր հոգու գաղտնարանը, ոչինչ չթողնելով քողարկված։ Նա սիրում է անկեղծ ու ազնիվ լինել և իր տողերն էլ խմորում է անապական զգացումներից, երազային մաքրություն է քարոզում թե՜ հայրենիքի հանդեպ տածած սիրո մեջ, թե՜ աղջկա, թե՜ հարազատի, թե՜ անծանոթի։ Ահա թե ինչու, սիրած աղջկան դիմելիս չի վարանում` նրան անգամ Աստված անվանել, որովհետև կատարյալն Աստվածն է լոկ, ինչպես կասեր Եղիշե Չարենցը։

                                                          Դու երազակերտ իմ սրբապատկեր,
                                                          Դու` իմ լուսաշխարհ,
                                                          Իմ Աստված, իմ Սե՜ր։
  Արիս Գրիգորյանի քնարերգությունը հարուստ է բնանկարներով, խոհափիլիսոփայական մտորումներով, բանատողերի  ռիթմիկ խաղերով ու բազմանախշ պատկերներով։
  Արվեստի հանդեպ տածած սիրո գեղարվեստական արտահայտություն են Խ. Աբովյանին, Հովհ. Թումանյանին, Ավ. Իսահակյանին, Հովհ. Շիրազին, Պ. Սևակին, Հ.Սահյանին և այլոց նվիրած բանաստեղծությունները, որոնցում ոչ միայն դասականների արվեստի նկատմամբ խորին ակնածանք ու երկրպագություն են ընդգծվում, այլև շեշտվում են նաև նրանց պոետական որոշակի առանձնահատկություններն ու լեզվաոճական յուրահատկությունները։
  Արիսի պոետական աշխարհում բանաստեղծական նորույթ է նրա <<Պահի վկայումներ>> շարքը, որտեղ յուրաքանչյուր վկայում կյանքից նրբորեն քաղած մի անմոռանալի պահ է, նա էլ հանդես է գալիս որպես օրվա մի պահի գեղարվեստական վերարտադրող, նշենք, դրանք բանաստեղծական յուրօրինակ ընկալումներ են, եղածի և զգացածի զուգադրում.
                                                          Պատուհանիս տակ շրշում է քամին,
                                                          Ի՞նչ է որոնում նա այս ուշ ժամին։
                                                Կամ`
                                                          Այնպես լիներ,
                                                          Հունից շեղված առուն
                                                          Նախկին հունը գտներ։
  Այսպիսին է բանաստեղծ Արիս Գրիգորյանի` վեհ ձգտումներից ծնված պոեզիան, ուր հեղինակը ցավով է տեսնում վատը, երազում լավի մասին։ Նրա հոգին բզկտում է ոչ միայն մարդու, այլ նաև բնության տառապանքը. <<Ու ծառի ցավով տառապում եմ. ես>>։
  Անհանգիստ է բանաստեղծը ոչ միայն տողեր արարելիս, այլ, ընդհանրապես, խաղաղության մեջ էլ պատերազմի որոտներ է լսում, քանզի ռազմադաշտում քանիցս է նայել մահվան աչքերին.
                                                          Կապույտ են լինում հորիզոնները։
                                                          Իսկ երբ ցերեկվա հոգսերից հոգնած
                                                          Դեպ մայրամուտ է թեքվում արևը`
                                                          Ինչո՞ւ են հաճախ
                                                          Հորիզոնները կարմիրով ներկվում,
                                                          Ես ի՞նչ իմանամ,
                                                          Գուցե ինչ-որ տեղ արյո՜ւն է հեղվում։
  Արիս Գրիգորյանը ձեռք է զարկել նաև պոեմի ժանրին, գրելով` <<Ցնորք>>, <<Պաբլո Ներուդայի մենախոսությունը>>, <<1988, փետրվար 27-29>>, <<Լռության րոպե>> գործերը, որոնցում միախառնված են անձնական վիշտն ու անանձնական մաքառումը հանուն հայրենի եզերքի, հանուն մարդու նվիրական իղձերի իրականացման։ Պոեմներում գերակշիռը խոհն է, բանաստեղծի մտորումը և հոգու ճիչը։
  Բարդ ու խորհրդավոր է կյանքը, խորհրդավոր են մարդու ապրումները, բանաստեղծի ընկալումներն ու գեղարվեստական վերարտադրումները, և տերյանական է Արիս Գրիգորյանի խոհը կյանքի մասին.
                                                          Կյա՜նք, շատ ես նման դու կարուսելի,
                                                          Ու պտտվում ես ճիշտ որ` նրա պես,
                                                          Մարդիկ բարձրանում, իջնում են էլի։
  Նոր է բոլորել Արիս Գրիգորյանի հիսուն տարին։ Ցանկանք, որ նրա բանաստեղծական աշխարհը հարստանա նորանոր գույներով, լուսեղեն թեմաներով, ընթերցողին  ներկայանա պոետական ընկալումների առավել խորությամբ, ընդգրկման լայնությամբ ու միշտ պահպանի իր քնարերգությանը հատուկ ազնիվ մղումները։
Լենա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
<<Ազատ Արցախ>> (հանրապետական թերթ),
թիվ 33 (2603), 22 մարտի 2011 թ. (էջ 8)



Սոկրատ ԽԱՆՅԱՆ
ՋԵՐՄ ՈՒ ԱՌԻՆՔՆՈՂ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ

(ԱՐԻՍ ԱՐՍԵՆԻ-50)
 
Մեծանուն Հ. Սահյանն իր <<Կյանքս դժվար է>> բանաստեղծության մեջ կատարում է այսպիսի փիլիսոփայական ընդհանրացում. <<Կյանքս դժվար է մտնում տողի մեջ, // Տողս կյանք մտնել չի կարողանում>>։ Անմահ արվեստագետը դրանով ընդգծում էր այն իմաստությունը, որ տողը, երգը ապրում են միայն այն դեպքում, եթե դրանք բխում են սրտից` ժամանակի հրամայականով և շոյում են սրտերը կյանքի հարուցած բոլոր պահերին` ուրախության և տխրության, մաքառման և արարման, կարոտի և հույսի։ Նա ոչ միայն մատնացույց է արել այս ճշմարտությունը, այլև ինքը` իր տաղանդի լուսարձակներն ուղղել է ժամանակի և ժամանակակցի պահանջներին ու իրական կացությանը, հյուսել այնպիսի քնարերգություն, որով դարձել է Աստծո քարտուղարն ու ժողովրդի պատգամախոսը, ինչպես նաև դաս ու դպրոց ստեղծագործող նոր սերունդների համար։ Եվ այդ նոր սերունդների ներկայացուցիչներից Արիս Գրիգորյանը (Արսենի) հենց էն գլխից հասկացել է կյանքի և արվեստի փոխկապակցության սահյանական պահանջը` գրելով մեծ բանաստեղծին նվիրված <<Գազել մտերմության>> երգը.

Քեզ Որոտանն է տվել աշխարհին,
Իսկ ես ծնվել եմ ափին Թարթառի։

Մեր ծնունդին նույն նվագն է հնչել,-
Միևնույն լարից միևնույն թառի։

Ես ապրում եմ իմ Արցախի սիրով,
Դու` քո սիգապանծ Սյունյաց աշխարհի։

Ու նույն ոգով դեռ երգեր ենք գրում,-
Ես` լույս հավատով իմ լուսաշաղի,

Դու` իմաստնացած քո ոսկե աշնան
Տաք կարոտներով լի մթնշաղի։
            
Եվ Արիսն ընթացավ` հավատալով իր լուսաշաղին, թիկունքին միշտ զգալով Մեծն Սահյանի տաք շունչը։
Արիս Արսենիի լուրջ հանդիպումը խստապահանջ ընթերցողի հետ տեղի ունեցավ 1988 թվականին` Երևանում տպագրված <<Գրական Ղարաբաղ>> ալմանախում զետեղված բանաստեղծական շարքով։ Արձագանքը դրական էր թե° ալմանախի և թե° Արիսի երգերի մասին։ Առաջին գրախոսներից մեկը ես էի, որ երիտասարդ բանաստեղծի երգերի շարքում տեսա սահյանական ավանդույթին հետևող, բայց պատկերավորության իր երանգներն ունեցող խոստումնալից պոետին։
Հայրենի տան հանդեպ ունեցած կարոտի և հեռացումի պատճառած ցավի բանաստեղծականացումը այնքան անմիջական և հոգեբանական այնպիսի խորությամբ են բացահայտված <<Տունը>> հյուսվածքում, որ մնում էր միայն ողջունել նրա մուտքը և հավատ ընծայել պոետական նոր հունձքի հանդեպ։ Այդ ստեղծագործությունը սովորական համարել չի կարելի։ Դա ոչ միայն կարոտի ճիչ է, այլև արմատների ետկանչ, որի արանքում տառապում է որդու սիրտը, կրակվում տուն անունով ծնողների հոգին։ Հենց այդ երկկողմանի հրդեհված հոգիների չխամրող ճիչն է, որ ելնում է քնարական հերոսի սրտից.

Իմ առաջին ճիչը, որ լսել է տունը,
Իմ առաջին ճիչը վաղո՛ւց չկա,
Բայց հիշո°ւմ է տունը։ Ու ապրո°ւմ է տունը
Մեր այն հեռո՛ւ գյուղում ադամանդյա։
              
Տան հիշողությունը գտնված մետաֆոր է, որդուն այցի կանչող տեսիլք, որ իրական է, շոշափելի, բայց և անհասանելի, որ դարձել էր Արցախյան գյուղերի ճակատագիր, տան` անուրջները լացող պատեր, <<միշտ մի անհույս հառաչ>>։
Քնարական հերոսի ցավը խորն է, որ իր փոխարեն իր <<նկարն է տանն այս լոկ տիրություն անում>>։ Գտնված պատկեր է, որ ճշմարտացիորեն ներկայացնում է Լենինի և Ստալինի կողմից նորաթուխ Ադրբեջանի հայակուլ երախը նետված արցախյան գյուղի ճակատագիրը, որ խոցում է տանտիրոջ սիրտը.

Ու մնում եմ շվար։ Հիմա ի՞նչ եմ, տանտե՞ր,
Հիմա դաղձն է ձգվում տանս պատին,
Տանս անքուն պատին ձգվում եղինջն անտեր,-
Սպառնում է անգամ... ժամանակին։
              
Եվ ժամանակները դաժան էին։ Այդ ծանր ժամանակներից վրեժ առնելու ելք է որոնում բանաստեղծը և ինչ-որ չափով գտնում` <<Գազել պապիս>> երգի մեջ։ Դա պապի կերպարն է, նրա թողած ավանդն է։ Հայկ Նահապետի ժամանակներից սկսած հայը իր կյանքի ճանապարհն ապահովել է հայկյան նետի ուժով, հարատևել հայրենի հողի սիրտը շոյելով ու բարիքներ ստեղծելով։ Այդպիսին էր նաև բանաստեղծի պապը` Խաչունց Անդրին։ Բայց նա միայն Արիսի պապը չէ, իմ պապն է, քո պապն է, նրա պապն է, Արցախի հավերժախոս ավանդույթն ու ներկան է։ Նա գրողի անձնական և անանձնական մտորումների խտացումն է։ Բանաստեղծությունը գաղափարի և կատարման առումով հոգիներ շարժելու, անցյալի հրաշալիքներն ի տես բերելու ուժ ունի։ Պոետը նախ ծանոթացնում է իր պապ-հերոսին.

Նա մեծ պապ-ապա Խաչունց Անդրին էր,
Ականջը ձայնի, աչքը հանդին էր։

Նա հանդի կանչը զգում էր անձայն,
Գնում էր` ճամփան հողի կանչին էր։
Այստեղ խոսուն մետաֆորներ են հանդը, հողը, ճամփան, որ փռվում էր պապի ոտքերի տակ։ Իսկ այդ ճամփան արարման և հացի ուղեցույց էր, որի հետդարձը ուղիղ տուն էր բերում։ Պապը`

Բանում էր հանդում մինչև ուշ գիշեր,-
Մենակ չէր, ընկեր կար` Ծիր-կաթինն էր,-

Պատահում էր և` քնում էր հանդում,
Իսկ թոռան աչքը միշտ էլ ճամփին էր։
          
Պապի տունդարձին սպասող թոռը սակայն խզում է կապը հազարամյակների ավանդույթ դարձած պապի հույսից. <<Թոռան երազը հանդից անդին էր...>>։ Պապի գալուստով թոռն իրեն երջանիկ էր զգում, <<բայց հանդ չէր գնում, հանդը... պապինն էր>>։
Բանաստեղծության ավարտը ևս գյուտ է` հողապաշտ անցյալի և հողից խռոված ներկայի ընդգծումով.

Պապը աշխարհում այլևս չկա,
Թոռը մեծացել, աչքը... հանդին է։
          
Ասել է թե` թոռը կարոտ է պապի ավանդած հանդին, որ միայն հանդ չէ, պապաբույր կենցաղ է, արմատապահ գիրկ, կարոտի ցավ, ետդարձի կանչ։
Հայտնի համոզմունք է, որ երգը ծնվում է կարոտից։ Սակայն ավելացնենք, որ կարոտից հյուսվում են տեսիլքն ու պատրանքը` ոչ վերացական, այլ շոշափելի ու կոնկրետ` ակունքված բանաստեղծի և° ստեղծագործական նախասիրություններից, և° անմարում կարոտից։ Կարոտածին պատրանքի և տեսիլքի պոետական հնարանքը հատուկ է նաև Արիսի պոեզիային։ Վկան` նրա <<Գազել պատրանքի>> պատկերը։ Բանաստեղծը մենախոսում է` կոպերի տակ հայրենի բնաշխարհը, որտեղ <<էլ չի կարկաչում Դնգդնգան ձորը>> և իր <<մանկության սիրած աղբյուրը>>։ Չկա <<մեղրահամ ջուրը>>։ Աղբյուրը լուռ է։ Բայց խոսքը միայն աղբյուրի մասին չէ, այլ նրա կարկաչի հետ երազ դառած մանկության։ Քնարական հերոսին մի պահ պարուրում է անհուսությունը, սակայն պատրանքը սփոփում է նրան։ Դա վերացական հույզերի ծփանք չէ, այլ մանկության բնօրրանը, հայրենի եզերքը շենացնելու երազանք.

Անհույս նայում եմ լռած աղբյուրին
(Ի՛նչ ծանր է նրա այդ լռությունը)։

Աչքերս են հանկարծ ծանրանում տխուր,
Ու ջուր է դառնում աչքերիս հուրը։

Եվ արթնանում են քարերը կարծես,
Կոտրում աղբյուրի քար լռությունը։
          
Պատրանքի թելերից են հյուսված նաև <<Գիշերային նվագ>> բանաստեղծությունը, որտեղ պատկեր-կերպարներ են պոետի հուշերն ու գիշերը։ Հուշերը անձնավորված են, հանգիստ չեն տալիս քնարական հերոսին, որին չեն օգնում փողոցն ու քամին։ Սակայն նա մենության խավարը ցրելու համար վառում է լույսերը, որ <<լույսի հետ վառվեն խավարած հույսերը>>։ Բանաստեղծության ընդհանրացումը, որ հրաշալի մի պատկեր է, ասես հյուսված է Մեծ Լոռեցու խորհուրդով, որ տվել է նա 1917թ. սկսնակ բանաստեղծներին, որ երբեք չհուսալքվեն, լույս երգեն ու արև։
Թումանյանի այդ խորհուրդը հայ բոլոր պոետները չեն մոռացել երբեք, և այդ թումանյանական լավատեսությունը զգում ենք նաև Արիսի <<Գիշերային նվագի>> մեջ, որ ավարտվում է այսպես.

Իմ հույսը իմ տունն է` սերաշխարհս անծայր,
ինչքան էլ նենգ լինի գիշերս ու խավար։
Եվ թեկուզ մենակ եմ, բայց նորից իմ տանն եմ,
իսկ հուշս իմ հոգու արևոտ հնձանն է,
նրանից եմ առնում երազս, կարոտս,
և արև նկարում նրանով մինչև լույս,
որ խաղա՛ղ, անաղմո՛ւկ լուսանա գիշերը,
լույսի հետ տունս գա ու մնա իմ սերը։

...Իսկ հիմա դեռ մութ է, հիմա դեռ գիշեր է,
Բայց... տանս մենակ չեմ, ինձ հետ են... հուշերս։
                  
Այսպես, Արիս Արսենին գրական աշխարհ մտավ հայ դասական  պոեզիայի լավագույն ավանդույթների լույսով ջերմացած` աչքը հայրենի հողին, ականջը նրա կանչին, երազը հյուսած երգին, ու Արցախյան ազգային ազատագրական պայքարին զինվորագրվեց առանց երդումի, որովհետև հայրենիքի պատկերը նրա արյանն էր անցել մոր կաթի հետ։ Նա զենք վերցրեց, սպայի աստղեր կրեց ուսերին, գրիչը ցած չդրեց, որպեսզի ամբողջությամբ զինվորյալ դարձած ժողովրդի հետ մեկտեղ վերականգներ հավատը` Արցախը փրկելու և անկախ ու ազատ ապրելու վճռականությամբ։ Արիսը ևս, ինչպես Ն. Գասպարյանը, Հ. Ալեքսանյանը, Ժ. Բեգլարյանը և այլ երիտասարդներ, Գ. Գաբրիելյանի, Վ. Հակոբյանի, Հր. Բեգլարյանի, Ա. Հովհաննիսյանի, Ս. Խանյանի, Ն. Ավագյանի և մյուս ճանաչված պոետների հետ ծառայեցին Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու սրբազան գաղափարին ու գործին։
Զինվոր-լրագրող-բանաստեղծ Ա. Արսենին կանգնեցրեց պոետական իր շենքը ամուր հիմքերի վրա։ Նկատի եմ առնում նրա բանաստեղծությունների վերոնշյալ մնայուն արժեք ներկայացնող շարքը։ 1993թ. նա ընթերցողի սեղանին դրեց <<Ճաքած լռություն>>, 1997-ին` <<Անդրանիկ, այսինքն` առաջամարտիկ, <<Ուշացած երկխոսություն Արարատ Ղազարյանի հետ>>, 1998-ին` <<...Եվ այսպիսի ճակատագիր>>, 2000-ին` <<Ղողանջ հիշատակի>>, <<Լռության րոպե>>, 2001-ին` <<Ծովածաղկի աչքեր>>, 2003-ին` <<Անտառի ձայնից ինչու եմ հուզվում>>, 2005-ին` <<Համանվագ>>, 2007-ին` <<Ափ>>, 2008-ին` <<Արի սիրենք մենք մեկմեկու...>>, <<Չափածո և արձակ երգիծանք>> գրքերը։
Արիսն աճում էր նկատելիորեն` նույն ստեղծագործական խառնվածքով, նախասիրություններով, բազմազան թեմաների մեջ` քնարական շնչով, միշտ որոնումների ու գտնումների ծարավով։
Բազմազան թեմաների դաշտում Արիսը, առաջին հերթին, հայրենասեր է։ Եվ դա բնական է։ Արցախում ստեղծվող գրականությունը 1988-ից սկսած, առաջին հերթին ազատաբաղձ ոգու արտահայտություն է, երկիրը ազերի-թուրքերից փրկելու կոչ, իհարկե, գեղարվեստական արցախապատկեր հնարանքներով։ <<Ճաքած լռություն>> - վերնագիրն անգամ խոսում է իր մասին։ Նրանում հեղինակը զետեղել էր և° <<Գրական Ղարաբաղ>> ալմանախում տպագրված երգերը, և° նոր ստեղծագործությունները` նվիրված մեր ժողովրդի անցյալին ու ներկային։ Այս առումով հատկանշական է <<Հայ ժողովրդի ճակատագիրը>> բանաստեղծությունը։ Բնութագրական ընդգծումներով բանաստեղծը ուրվագծում է մեր ժողովրդի և° ծանր ճակատագիրը, և° կամքի անսպառ ուժը։ Դրա շնորհիվ է, որ նրա <<տխրությունը երազներ>> է ծնել, կարոտները եղել են <<մաքուր ու բարի>>, սիրտը` մեծ, միտքը` ծովածուփ։ Միաժամանակ նշում է, որ մեր <<նախնիները ձեռքեր ունեին ծնկներին հասնող>>, բայց, ավաղ, դարերի հետ փոխվել է ամեն ինչ, սակայն չեն փոխվել հարատևելու նրա վճռականությունն ու արարելու ծարավը. և օրինական հպարտությամբ ասում է.

Իմ ճանապարհին
Վերելքներ եղան ու նեռ անկումներ,-
Ինչքան բարձրացա`
Այնքան կորցրի,
Ինչքան կորցրի`
Այնքան երկնեցի,
Այնքան կերտեցի...
      
Կերտելուն հաջորդել են նոր կորուստները, նոր անկումներն ու հառնելու տենչը։ Եվ բանաստեղծը կրկին անդրադառնում է Հայոց պատմությանը, դիմում Մխիթար սպարապետին, կոչ անում, որ Նոր Հալիձորները այպանեն դավաճաններին, որ Սյունիքն ու Արցախը չառնի օսմանլուն։ Պատմությունը շարունակվում է, բայց այս անգամ բախտը ուրիշ անակնկալներ է մատուցում` ելել են Արցախն ու Սյունիքը, ամբողջ հայությունն է ոտքի ելել` փրկելու ազգային արժանապատվությունը։ <<Իզաբելլային>> բանաստեղծության մեջ` գրված 1991թ., Արիսն ընդհանրացնում է.

Դու ասում ես... Ու ելնում են տղաները ծուռ,
Ելնում են, որ հայ քարերը հայ մնան կրկին,
Ելնում են, որ վերակերտեն ավեր տունը մեր,
Որ մոռացվի դանթեական առասպելն այն հին։

Արիսի պոետական երևակայությունը մասունքներ է փնջում աշխարհասփյուռ հայության երազներից, ցավից ու արցախածուփ հույսից։ Այդ են վկայում բեյրութցի դաշնակահար Իզաբելլային նվիրված երգերը, որոնցում ծփանք են առել Հայոց նոր ազատամարտի կոչերն ու հորդորանքները։ <<Կանչե, կռունկ>> բանաստեղծությունը յուրօրինակ կոչ է` ուղղված մարտի ելնող քաջազուններին.

Կանչե, կռունկ, կանչե` գնանք ի մարտ,
Կանչե, կռունկ`  քանի  ջահել ենք մենք...
...Մեջքը մեր չի ճկվի երբեք մարտում,
Մենք դեռ պետք է կռվենք, պետք է կռվենք...
              
<<Ճաքած լռություն>> գրքի հետաքրքիր էջերից է <<Շիրազականչ>> շարքը, որտեղ առաջին հերթին ընդգծվում է մեծ բանաստեղծի շիրազված հայրենապատումը, որի փառավոր նմուշներից է <<Ղարաբաղի ողբը>> ստեղծագործությունը։ Մեջբերելով Շիրազի հայրենաշունչ, թևավոր արտահայտությունները, Արիսը անմահ պոետի հավատով նշում է.

Իմ ազգը հեգ չէ,
Ոսոխին` տեգ է,
Ոսոխի սրտին սուր ու դանակ,
Իմ ազգը հուր է,
Թշնամուն` սուր է,
Թշնամու մուխը մարող բանակ։

Ապա մեջբերելով Արցախում ընթացող գոյամարտը, Արիսը հավատով բացականչում է.

Ոչ, նա չի պարտվի,
Կկանգնի ոտքի,
Կկապի որդու` Դավթի գոտին,
Որ գետնի նրան
Մի ակնթարթում-
<<Յոթ միլիոնանոց>> իր ոսոխին։
          
Անկախության շրջանի հայ պոեզիայում, որ սկսվում է 1991թ. սեպտեմբերից, մեծ տեղ են գրավում մեր սուրբ նահատակներին ձոնված բանաստեղծությունները, պոեմները, լեգենդներն ու ասքերը։ Արիս Արսենին ևս անմասն չի մնացել նման երկերի ստեղծման գործընթացից։ Մարտական ստորաբաժանման կազմում, որպես վաշտի հրամանատարի տեղակալ, մասնակցելով մարտերին` լինելով ռազմաճակատի թեժ կետերում, իսկ այնուհետև, հրադադարի հաստատումից հետո, զինծառայությունը շարունակելով որպես զինվորական թղթակից, նա մոտիկից իմացել է ոչ քիչ քաջազունների, ունեցել է մտերիմ ընկերներ, որոնց մի մասը հայրենիքի ազատությանն է նվիրել ամենաթանկը` կյանքը։ Արիսի ստեղծագործության մեջ մի առանձին բաժին են կազմում զոհյալների հիշատակին նվիրված երգերը։ Դրանցից են <<Ես կուզեի լինել>>, <<Ժամադրություն>>, <<Երջանկություն>>, <<Դու ապրում ես>> հյուսվածքները` ընծայված Գագիկ Պատվականյանի, Արթուր Դանիելյանի, Գուրգեն Վարդանյանի, Արթուր Խաչատրյանի սուրբ հիշատակին։ Արիսի սրտի մեջ կայծակել է նաև անհուն մի ցավ, երբ զոհվել է նրա կրտսեր եղբայրը` Անդրանիկը։ 1993թ. նոր տարվա առաջին օրը գրված <<Տխուր նոր տարի>> բանաստեղծությունը սրտառուչ մի ռեքվիեմ է, որ յուրաքանչյուր զոհյալի հարազատ կարող է այն համարել իր ցաված սրտի խոսքը։ Այն հոգեհարազատ է նաև ինձ, որովհետև իմ ավագ եղբայրը` բանաստեղծ Սուրեն Խանյանը, նահատակվել է Մեծ հայրենականում` գերմանական ֆաշիզմի դեմ մղված կռիվներում։ Արիսն ասես հենց իմ անունից է գրել այդ երկի տողերը, որ արտահայտում են անձնական և անանձնական ցավ ու կարոտ։
Պատերազմի թեման պոետական պատկերների թարմությամբ լայն տեղ գտավ նաև <<Համանվագ>> ժողովածուում։ Մի ամբողջ շարք են կազմում հայրենասիրական ստեղծագործությունները, խմբված` <<Մատս` ձգանին>> վերնագրի տակ։
Արիս Արսենին այստեղ արդեն խոսում է և° ավագ, և° նոր սերնդի անունից։ Որպես բնաբան բերված է հոր խոսքը` հերթափոխի սպասող որդուն.

Մատս ձգանին`
Կսպասեմ, տղաս,
Առնականանաս։
Հերթս կփոխեմ այնժամ,
Երբ որ դո°ւ
Հերթափոխի գաս։

Շարքը ոչ միայն բանաստեղծական զգացումների հաջող փունջ է, այլ նաև յուրովի մի տարեգրություն։ Այսպես, որպես <<Կարճատև մարտ>> երգի բնաբան` կարդում ենք. <<1994-ի հունվարի 8։ Ներքին Սեիդահմեդլի։ Ծանր վիրավորվեց 4-րդ վաշտի քաջարի հրամանատար Ժիրայր Մկրտումյանը, զոհվեցին դասակի հրամանատար Կարո Միքայելյանը և շարքային Արմեն Բաբայանը>>։ <<Փոքրիկը>> երգի բնաբանն ազդարարում է. <<1995-ի փետրվարի 2, Սեյսուլան։ Դավադիր ականի զոհ դարձավ լեգենդար Փոքրիկը` Արթուր Օհանյանը>>։ <<Եղբայրս, արի...>> երգի բնաբանը հայտնում է. <<1994-ի ապրիլի 18, Հասանղայա։ Կատաղի մարտում հերոսաբար զոհվեց գնդացրորդ եղբայրս` Անդրանիկ Արսենի Գրիգորյանը>>։ Կցանկանայի բանաստեղծությունը բերել ամբողջությամբ.

Գիշեր է, Ամանոր, իսկ դու դեռ... չկա°ս,
Բայց թույլ մի զգացում հուշում է` կգա՛ս։
Կգա՛ս ու աղմուկով դուռս կբացվի,
Կունկնդրես կարոտած պատերիս լացին։
Կգա՛ս, որ կարոտած սիրտս ջերմանա,
Երազս թողնես ինձ, թախիծս գնա՛։
Կգա՛ս, որ էլ իրար չմնանք ծարա՛վ...
(Երա՛զս, կարո՛տս, թախիծս տարա՛ր)։
Ի՛նչ <<անխիղճ>> տղա ես, եղբա՛յրս, արի°,
Որ ուրախ սկսվի գոնե ա°յս տարին։
Այստեղ էլ ձյուն տեղաց կարոտիս սրտին...
Բայց ինչ էլ լինի` քեզ սպասե՛նք պիտի։
Բայց ինչ էլ լինի` դու անպայման կգա՛ս,
Որ օ՛րս, արև՛ս, գալի՛քս դառնաս...
              
Արիսը ցասումի չափածո իր խոսքն է ասել Սումգայիթյան ցեղասպանության դեմ։ Հինգ մասից բաղկացած քնարական պոեմում արտահատելով իր զայրույթն ու ցավը, բանաստեղծը բնութագրում է հայոց դարերը և ճչում.

Դու` հայոց վերջին ցեղասպանություն,
Մարդկության վերջին ոճի՛րը լինես...
          
Արիս Արսենին բանաստեղծական ձևերի մեջ միշտ անհանգիստ է, որոնում է խոսքն ասելու թարմ միջոցներ, և նշեմ, որ հաջողվում է գտնել։ Որպես օրինակ կարելի է բերել <<Լռության րոպե>> պոեմը, որը նվիրել է իր հայրենի Կոճողոտ գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակին։ Պոեմի վերնագիրը <<Լռության րոպե>> է կոչվում, սակայն զոհյալների շրթերին հնչում է հավերժության ձայնը` իրենց անունից, անունից ժողովրդի և նոր սերունդների։ Այդ գաղափարը բանաստեղծն ընդգծել է պոեմի վերջում` <<Հետգրության կարգով>> վերտառությամբ.

Ու տղաները գնում են նորից,
Որ ամուր պահեն իրենց... դիրքերը,
Իսկ անդառնալի կորստյան ցավից
Դեռ մղկտում են հարազատները։
<<Կանգնած են>> տղերքն անհողդողդ, անքեն,
Որ կայուն լինի խաղաղությունը...
...Եվ ավարտված է լռության րոպեն,
Բայց լռությունը շարունակվում է։



***
Կյանքին սիրահարված բանաստեղծի համար սերը աստվածային պարգև է, առանց որի` մարդ արարածը չի կարող համտես անել երջանկությունը, չի կարող երջանկացնել նույնիսկ հարազատներին, վերջապես, առանց սիրո քաղցր զգացումի` համ չի ունենա նրա սերը` կյանքի, մարդկանց, երկրի, աշխարհի, տիեզերքի հանդեպ։ Նման զգացումի արտահայտություններ են համաշխարհային պոեզիայի դասական ներկայացուցիչների սիրային երգերը։
Արիսը ճիշտ է ընկալել Աստծո պարգևած սիրո էությունը դեռևս գրական-ստեղծագործական առաջին քայլերը կատարելիս։ Այդ են վկայում <<Գրական Ղարաբաղ>> ալմանախում զետեղված այն երգերը, որոնք պատանեկան ազնիվ ապրումների  խոստովանություններ են։ <<Գազել սիրո>> ստեղծագործությունը սիրո նվագների հրաշալի մի նմուշ է։ Արիսի սիրային բանաստեղծություններում սիրո էակը ներկայացվում է որպես երջանկաբեր Դիցուհի, որպես հոգու սյուն, ընտանիքի ճրագ։ Դեռ ավելին, գարունը քնարական հերոսի համար ամբողջ էությամբ սեր է, <<Սիրո բարի լույս ու սեր գիշեր է>>, առանց սիրո նա չի պատկերացնում, թե ինչ է բերկրանքը, իրեն ամենուրեք զգում է մենակ ու մերժված։ Բայց և այնպես` նա հավատում է սիրո այցելությանը, նրա պարգևած հրաշալիքներին, ու, երբ գտնում է իր սերը, ցնծությամբ բացականչում է.

Դու եկար մի օր։ Թախծաբույր տանս
Երջանկությունս արդեն տանտեր է։
Եվ բարուրում ես անմեղությունս,
Իսկ ցավս արդեն յոթ սարից դեն է։

Արիսի երգերում բացառված է սիրո մոռացումը, քանզի ըստ նրա` սերը ամբողջացնում է սիրողի աշխարհը և ներկայացնում որպես <<կանչող հյուղ>>։ Հավատարմության խոստովանություններ են Արիսի սիրային նվագները։ Բանաստեղծն այստեղ իրեն ներկայացնում է որպես արցախցի` պապենական ավանդույթներին հավատարիմ։ Բերենք <<Նվագ հավաստիացման>> երգը.

Ինձ քո աչքերի կապույտում` թաղիր,
Թաղիր շուրթերիդ ադամանդ ծովում,
Քո երազները ինձ համար պահիր,
Քո երազները ինձ շատ են թովում։

Քեզ հետ` աշխարհը հրաշք է ասես,
Առանց քեզ` հողմ է, քամին է լալիս,
Քեզ հետ` մի խենթ եմ, և գիշերն ի լույս
Քունը կոպերիս այցի չի գալիս...

Գրքից-գիրք Արիսի սիրերգությունն ավելի հարստացավ ու հասունացավ։ Այն ձեռք բերեց և° հոգսի, և° նվիրումի երանգներ։ 2001թ. հրատարակված <<Ծովածաղկի աչքեր>> գրքույկը ամբողջությամբ կազմված են սիրո երգերից։ Այստեղ Սերը ներկայանում է <<աստղաշուրթ ու աստղազարդ>> տեսքով, որին, ամեն դեպքում, փնտրում է քնարական հերոսը, և երազում, որ նրան միշտ ունենա իր կողքին։ Դա միայն երազ է, որովհետև վախենում է, որ սիրտը չբացի։ Քնարական հերոսը տենչում է, որ սիրած էակը միշտ ժպտա իրեն, աչքերի հուրը նվիրի։
<<Ծովածաղկի աչքեր>> գրքույկի ընդհանրացումը փոխադարձ սիրո բաղձանք է.

Եթե չգաս` կմոխրանամ կարոտից,
Եթե չգաս` հետո էլ ո՞նց նայես ինձ։

Չգա՛ս... Ցավի ճիչ է` սիրտս չցավի՞,
Չգա՛ս... Իմս քի՞չ է` քո՞նն էլ գումարվի...

Աշխարհի բոլոր սիրերգակները աստվածանվեր իրենց սիրո զգացումները արտահայտել են կոնկրետ` այն էակի անունով, ում հետ կապել են իրենց ճակատագրերը։ Սակայն նրանց խոսքը անձնական շրջանակներից դուրս է եկել ու դարձել անանձնական։ Ասել է թե` բանաստեղծն իր <<ես>>-ի միջոցով արտահայտել է սիրո այն բնույթը, որ հատուկ է բոլորին և բոլորի անունից է։ Այս առումով որոշակի արժեք ունի սիրո երգերի այն շարքը, որ Արիսը նվիրել է իր կնոջը` Ռուզանին։ Ծանոթանալով այդ երգերին, ապրում ես մաքուր ու անբիծ մի զգացում` քո սիրելիի հանդեպ, ում հետ անցել ես և անցնելու ես կյանքի քո ուղին, ում հետ տուն ու տեղ ես դրել, ուրախացել երեխաներիդ ճիչով, պահել-շահել ու նվիրել ժողովրդին։
Վերջին հաշվով, երբ զննում ես Աստծո որդիների` Ադամի և Եվայի աշխարհ գալն ու մարդկության կյանքի լուսավոր ուղին օրհնելով սիրո խորհուրդով, գալիս ես մի եզրակացության, որ անհրաժեշտ է աղոթել Աստծուն և պաշտել նրան` ընտանիքի լույսը վառելու համար` հանձինս իրար երջանկացնող զույգերի։ Առանց երկմտանքի, կարող ենք ընդգծել Արիսի սիրո բանաստեղծությունների մեջ արտահայտված այս միտումն ու գաղափարը։ <<Արի սիրենք մենք մեկմեկու...>> գրքի <<Սիրո տողերից` նախերգանքի փոխարեն>> բանաստեղծության մեջ քնարական հերոսը բացում է կյանքի առեղծվածները և դրանց խաչմերուկներում` սիրո վեհությունն ու լույսը։
Սիրո քաղցրությունն ու աշխարհաստեղծ էությունն է ծփում շարքի <<Առաջին սերը>>, <<Ջանգյուլումներ>>, <<Նվագ հավաստիացման>> և այլ երգերում։ Անմիջական զգացումներով, խոսքի պատկերավորությամբ ու առինքնող գաղափարի առկայությամբ գեղագիտական հաճույք են պատճառում ժողովածուի քառյակները։ Բանաստեղծը փառաբանում է ծովածավալ սերը, որից երբեք չի հագենում սիրտը։ Քնարական հերոսը խոստովանում է, որ ինքը <<սիրում է լուռ>>, <<կարոտում է լուռ>>, որ իր <<կարոտը թռչուն է անթև>>։ Դա պոետի հավատն է, ջերմ սիրելով հանդերձ, կրկին հարցնում է, թե <<ի՞նչ է սերը>>, և ասես` գտնում է պատասխանը յուրովի` սերը գտնում են, բայց էլի սպասում են, և հենց դա է աստվածանվեր սիրո էությունը.

Նորից կգաս ու կլցվի
Սիրտս երգերով,
Սիրո համար էլ չեմ թախծի`
Կործանված սիրո։

Ու քո սերը կպարգևի
Ինձ մի մեծ աշխարհ,
Մի մեծ աշխարհ` սիրո, կյանքի
Եվ երջանկության։

Նորից կերգի առվակը լուրթ
Մեր սիրո մասին.
Ու երգերով իր քաղցրաշուրթ
Նա մեզ կհուզի։

Կմոռանանք մեր վիշտը հին`
Լցված երազով,
Կգաս նորից ու կլցվի
Կյանքս քո սիրով...

Չես կարող չընդունել բանաստեղծի այս խորհուրդը և չհիշել անմահ Սայաթ-Նովայի իմաստությունը` <<Սերը սեր կու բերե>>։
***
Ա. Արսենիի քնարերգության մեջ նկատելի տեղ են գրավում խոհական երգերը։ Մի դեպքում` դրանք բնապաշտական հյուսվածքներն են, մյուս դեպքում` այն գործերը, որ նվիրված են հարազատներին, ժողովրդին, կյանքի առեղծվածներին։
Այս առումով, նախ բերենք հարազատներին նվիրված երգերը, որոնց շարքում հատկանշական են <<Գազել տատիս>>, <<Գազել մորս>>, <<Գազել մոռացման>> գործերը։ Թոռն ապրում է քաղաքում, իսկ տատը ննջում է գյուղի գերեզմանոցում։ Սակայն չեն մոռացվում տատի քնքշանքներն ու թոռան չարությունները, որ ձուլված էին միմյանց։ Թոռը տարիներ անց մեղանչում է տատին չլսելու համար և իրեն համարում է պարտք և խնդրում է, որ տատի հոգին ների իրեն։

Մոռացել ես երևի չարություններս բոլոր,-
Դու ներող ես եղել միշտ, այս անգամ էլ, տատ, ների°ր։

Բայց դրանով չի մեղմանում թոռան ցավը, կրկնապատկվում է, որ տատի գերեզմանը մնացել է անշիրմաքար։
Որդիական խղճի և սիրո վառող խոստովանություն է մորը նվիրված գազելը։ Որդին պատրաստ է հառնելու չարի դեմ, ցրելու մոր թախիծը, սրբելու նրա արցունքները ու չթողնել մենակ։
Կարոտների հոսքը քնարական հերոսին տանում է դեպի գյուղ, որտեղ նրա հոգում ծփում է ափսոսանքի ծովը, որ իրենց տան բակում այլևս չի կանաչում թթենին, չի հառաչում, չի երգում։ Բայց չի մարում հույսը, կյանքը պիտի ժպտա հայրենի բակում.

Թթենու մի շիվ է այսօր կանաչում նորից մեր բակում,
Նա հույսի շողն է մեր բակի` հուշերիս կանաչ թթենին։

Բնության և հասարակական կյանքի աստվածային փոխկապակցվածության մի երանգ է <<Ժայռի ճակատին>> պատկերը, որ բերում եմ ամբողջությամբ.

Ժայռի ճակատին ստվեր կար ամպի,
Արևը` երգել երգն իր կարապի,
Գնում էր` օրվա հոգսերից հոգնած,
Ժայռածերպերում հանգստանալու։
Այնպես էր գնում,
Ասես էլ երբեք ետ չի դառնալու։

Խոհական լիրիկայի հուզող նմուշներից է <<Վաղվա մասին, և` այսօրվա>> բանաստեղծությունը, գրված պոետի` իր իսկ 40-ամյակի նախօրյակին։ Դա գնահատումն է անցածի, ակնկալիքի, միաժամանակ երախտիքի արտահայտությունը նրանց հանդեպ, ովքեր տասնութամյա հասակում իրենց կյանքն են տվել այսօրվա և վաղվա համար։

***
Արիս Արսենիի քնարերգությունը արժանացել է և° ընթերցողների, և° մի շարք գրականագետների ու գրողների դրական գնահատականին։ Հաճելի է նշել, որ դեռևս 1989թ. Սիրիայում հայտնի գրականագետ Հակոբ Չոլաքյանը ընդհանրության մեջ գնահատել է <<Գրական Ղարաբաղ>> ալմանախում տեղ գտած երգերը, դրանք համարելով Արցախի <<ինքնաճանաչման>> արտահայտություն։ Նա նկատում է, որ առանց այդ համընդհանուր ինքնաճանաչման հասնելու, հնարավոր չէր լինի Արցախյան շարժումը։ Եվ որպես քնարական հերոսի ներաշխարհի բացահայտման հաջող օրինակներ, բերում է Արիսի բանաստեղծությունները։ Բնութագրելով կոնկրետ Արիսի` Համո Սահյանին նվիրած երգը, Հ. Չոլաքյանն ընդհանրացնում է. <<Արցախցին իր խիղճը, շրջապատը, իր տոհմային զրույցներն ու պատմությունը պրպտելով կհավերժվի ապրող ու մեռած իր բոլոր ազգականների և հայրենի եզերքների հետ` հայերենով, խաչքարով, նույն հավատով ու երազով, Հայկ Նահապետով, Սուրբ Գրիգոր Լուսավորիչով, Սուրբ Մեսրոպով, Ավարայրով։ Հասկանալի է, որ սրանք մեր ժողովրդի էությունն են, Հայաստան աշխարհի ու հայ ժողովրդի <<հիշողությունը>> կազմող հիմնական տարրերը։ Արցախցին այսպես է, որ հայության կրողն է դառնում, իսկ Արցախը` Հայաստանի մի մասը։ Միայն այս ըմբռնումներով է, որ արցախյան բանաստեղծությունը հասնում է հայրենիք և ազգ ըմբռնումների ձևի և բովանդակության դաշնության և ամբողջականության։ Հայ բանաստեղծությունը արցախյան ներշնչում լինի, թե Սյունյաց աշխարհի, Թարթառի ափին վարարող հավատի երգ լինի, թե Որոտանի ափին հեծեծող կարոտի երգ` նույն նվագն է` <<միևնույն լարից միևնույն թառի>> (<<Արցախեան ինքնաճանաչման բանաստեղծութիւնը>>, Հալեպ, 1990, էջ 68)։
Արիսի քնարերգության առանձնահատկությունների դրական գնահատականն ենք կարդում գրականագետներ  Լ. Գրիգորյանի <<Ազնիվ մղումների բանաստեղծը>>, Ս. Խաչատրյանի <<Արիս Գրիգորյանի բանաստեղծական աշխարհը>>, բանաստեղծ Ռ. Եսայանի <<Համանվագ>>, <<Ապրում է տարածությունը, որպես միջոց լույսի>> գրախոսություններում։ Իսկ Արցախի գրողների միության վարչության նախագահ, տաղանդավոր բանաստեղծ Վ. Հակոբյանը գրել է. <<Արիս Գրիգորյանի գրիչը խոպաններ է հերկում, այսպես ասած, հերկված դաշտերում, հաստատելով, որ նորույթը ասելիքի մեջ է, որ ասելիքն է կարևորում թեմայի հրատապությունը։ Եվ դրա գեղեցիկ վկայությունը Արցախի մարտական կյանքը պատկերող նրա զուլալ երգերն են>> (<<Եղիցի լույս>>, 2001թ. թիվ 2)։
Արիս Արսենիի պոեզիան, որ բազմալար է թեմատիկ առումով, արժանի է լուրջ ուսումնասիրության։

Սոկրատ ԽԱՆՅԱՆ
Բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԼՂՀ Գիտության վաստակավոր գործիչ

<<Լրատու>> (Մեսրոպ Մաշտոց Համալսարանի գիտական հանդես),
N 2 (11), էջ 146-158, Ստեփանակերտ, <<Դիզակ պլյուս>> հր. տպ., 2011

Ընտիր երկեր 10 հատորով, հ.10, Ստեփանակերտ, <<Դիզակ պլյուս>> հր., 2011 (էջ 274-289)



<<ՀԱՄԱՆՎԱԳ>>

Արիս Արսենի, Համանվագ։ Բանաստեղծություններ և պոեմներ։ Ստեփանակերտ, <<Վաչագան Բարեպաշտ>> հրատ., <<Դիզակ պլյուս>> հրատ. տպարան, 2005, 96 էջ, տպ.` 250 օր.։

Դեռևս <<Գրական Ղարաբաղ>> տարեգրքի բանաստեղծություններով հեղինակը` Արիս Արսենին, ստեղծում է ջերմ, հուզական մթնոլորտ, որը նկատում է տարեգրքի խմբագիր Արմեն Շեկոյանը` արտահայտելով այն կարծիքը, որ բանաստեղծի պոեզիան գրավիչ է իր պարզությամբ ու անմիջականությամբ։ <<Համանվագ>> գիրքը, որը լույս է ընծայել <<Վաչագան Բարեպաշտ>> հրատարակչությունը, ավելի է ընդլայնում բանաստեղծի ստեղծագործական դաշտը։
<<Գազել>>-ը, իբրև բանաստեղծական կառուցվածք ու արտահայտման միջոց, նորովի է կիրառվել բանաստեղծի ստեղծագործական մղումներում։ Ահա պապը` Խաչունց Անդրին.

Նա հանդի կանչը զգում էր անձայն,
Գնում էր` ճամփան հողի կանչին էր։

Բանում էր հանդում մինչև ուշ գիշեր,
Մենակ չէր, ընկեր կար` Ծիր-Կաթինն էր։

...Պապը աշխարհում այլևս չկա,
Թոռը մեծացել, աչքը... հանդին է։

<<Գազել պատրանքի>> բանաստեղծության մեջ հեղինակը կերպավորում է մանկության հիշողությունները, <<ծանր լռությունից>> հանում հոգու մաքրամաքուր նվագները, ամբողջացնում մարդկային ձգտումները։

Լուռ քարացել է քարերի վրա`
Քարերին թառած ջրի փրփուրը։

Աչքերս են հանկարծ ծանրանում տխուր,
Ու... ջուր է դառնում աչքերիս հուրը։

Եվ արթնանում են քարերը կարծես`
Կոտրում աղբյուրի լուռ քարությունը...

Շահեն Օհանջանյանը 1978 թ. <<Բարեկամություն>> թերթում գրել է. <<Անպաճույճ տողեր են, պարզ պատկերներ, ամենագլխավորը` մաքրամաքուր զգացումներ։ Հայրենի եզերքի լեռն ու դաշտը, գետն ու առվակը, անշուշտ, Արիսի բանաստեղծական աշխարհի հիմնական բնակիչներն են։ Սակայն մի զարմանալի ու շնորհաշատ երակով են տրոփում նրա գործերը։ Դա մարդու հանդեպ ունեցած սիրո արտահայտությունն է։ Արիսը բանաստեղծել գիտե ու նաև բնության ձայնը ունկնդրել>>։
Սիրո թեման մշտապես հուզում է բանաստեղծին։ Նա թափանցում է երազի խորքերը և հանում այնտեղից ապրումի ու հույզի պարսեր։

Դու ինձ աչքերիդ կապույտո°ւմ թաղիր,
Թաղի°ր շուրթերիդ ադամանդ ծովում,
Քո երազները ինձ համա°ր պահիր,
Քո երազները ինձ շա°տ են թովում։

Սերը վերափոխում է բանաստեղծի հոգեաշխարհը, պահերը դարձնում ավելի զգայուն ու թրթռուն։ Այն, ինչ որ փնտրում է երազող բանաստեղծը, պահվում է ամենախորքում։ Ձգտե՛լ, հասնե՛լ, լինե՛լ. դա են հուշում սիրո ներաշխարհի զգայարանները.

Դու իմ աչքերին բնավ մի° նայիր,
Դու խո°րքը նայիր իմ խռով հոգու,
Ուր կրակված են և° սեր, և° երազ,
Ուր կարոտո՛ւմ են աչքերս անքուն։

Գրականագետ Սիլվա Խաչատրյանը գրում է. <<Արիս Գրիգորյանը դասական շնչի ստեղծագործող է և նրա ոչ մի տողում չկան ճիգեր` բարդ ու խրթին երևալու։ Ինչպես կյանքում, իր գրքերում էլ նա պարզ ու հասարակ է, ազնիվ ու անմիջական, ընթերցողն իսկույն զգում է, որ գործ ունի մաքուր հոգու հետ, որի ցոլանքները տեսնում ենք տարբեր տարիների գրած նրա չափածո և արձակ երկերում>>։
Պատերազմի հրով անցած գրողը ստեղծում է մաքառումի ու պայքարի պոեզիա, որտեղ ոգին հաղթում է մահին։ Խրամատները երկրի սահմաններն են, որոնք նաև զոհված ազատամարտիկների հուշարձաններ են։ <<Ցավն ու կսկիծը, վիշտն ու մորմոքը հեղինակի գրչի տակ դարձել են նամակ ու դիմում, բանաստեղծական տող ու հուշապատում,- նկատել է Նորայր Ավետիսյանը>>։
<<Մատս` ձգանին>> շարքում Արիս Արսենին արտահայտել է հոգու խռովքն ու հուզումները, ստեղծել կարոտի և մաքառումի պատկերներ, որոնք հուզիչ են և գրավիչ, ինչպես ժամանակի շնչառությունը։

Նորից` արյուն, նորից` թալան,
Նորից` մամռած տուն ու քարեր,
Դժո՞խքն է սա դանթեական,
Թե՞ <<այստեղով թուրքն է անցել>>։

Պատերազմը մի չարիք է, որ ավերում է երազի դեմքը, ոտնատակ տալիս ժամանակի ավանդույթներն ու սրբությունները.

Քանդված տներ, քանդված դպրոց,
Պղծված հին-նոր գերեզմաններ,
Ջարդված այգի ու օրորոց...
Չէ°, այստեղով թուրքն է անցել։

Զոհված ազատամարտիկ և բանաստեղծ Կոմիտաս Հակոբյանին և նրա սիրած աղջկան` Նունեին նվիրված տողերում բաբախում են հիշատակի լույսն ու կարոտի թրթիռները, հիշողության ափի մեջ շողշողում է սիրո արցունքը.

Նա պահում է ափը` մոմակալ է ասես,
Իսկ դու մոմ ես` վառվող աչքերի մեջ նրա,
Ամրանալու համար դեռ շա՞տ պիտի <<լացես>>,
Կատարյա՞լ չէ ափը, կասկածո՞ւմ ես, տղա՛...

Ու` կաթում ես, կաթ-կաթ, տե՛ս, արցունք է ափիդ,
Տե՛ս, կարոտիդ`  նրա երազանքն է ծալվում,
Մոմակալը թախծի աչքն է հառել ճամփիդ...
...Մո՛մ, հերի՛ք է, այդպես մինչև ո՞ւր ես հալվում։

Արիս Արսենին իր <<Համանվագ>> ժողովածուում անդրադառնալով ժամանակի իրադարձություններին` յուրովի խորհրդածություններ է անում մեր ժողովրդի ճակատագրի մասին, պայքարի ու մաքառումի պատկերներով հարստացնում ընթերցողի հոգեաշխարհը։

Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
Բանաստեղծ
<<Ազատ Արցախ>> (հանրապետական թերթ),
N 142 (1957), 28 նոյեմբերի 2006 թ. (էջ 7)




ԱՊՐՈՒՄ Է ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ,
ՈՐՊԵՍ ՄԻՋՈՑ ԼՈՒՅՍԻ

Արիս Արսենի, Արի սիրենք մենք մեկմեկու... Բանաստեղծություններ։ Ստեփանակերտ, <<Պոլիգրաֆ>> ՓԲԸ, 2008, 136 էջ, տպ.` 500 օր.։

Վերջերս Արիս Արսենին ընթերցողի սեղանին է դրել մի նոր գիրք` <<Արի սիրենք մենք մեկմեկու…>> խորագրով։ Գրքի կազմը ձևավորել է նկարիչ Լիանա Քոչարյանը, ում ուրույն ստեղծագործությունները խոսուն կերպով ու ներքին դրամատիզմով բնորոշում են արցախցի հեղինակների (Դավիթ Միքայելյան, Անահիտ Քոչարյան) գրքերի էությունը։ Գրքի համակարգչային ձևավորումը կատարել է հեղինակի դուստրը` Մարիամը, և պիտի ասեմ, որ նրան հաջողվել է այդ գործում <<ընդգծել իր ասելիքը>>։
Սերը այնպիսի մի թեմա է, որը երբեք հնարավոր չէ սպառել, հասնել վերջին շերտին… Որովհետև այդ մթնոլորտը հոգու ուժ ունի և երկնային շնչառություն։ Մահը թեև ուղեկից է սիրո ճանապարհին, բայց նրա ներկայությունը բանաստեղծությունից դուրս է... Բանաստեղծի բառերն ասպետներ են, որ սիրո կրակից վառվելով, անխոնջ որոնում են այն բարձունքները, որտեղ բուսնում են երազի ծաղիկները։ <<Արի սիրենք մենք մեկմեկու...>>,- սա բանաստեղծի ձայնն է, որ փորձում է բացել մի նոր ասպարեզ լույսի, հավատի և սիրո համար։
Գիրքը նվիրված է սիրելի կնոջը` Ռուզանին, ով ոչ միայն բանաստեղծի կյանքի ընկերն է, այլև խոհակիցն ու մտերիմը։ Արիս Արսենին փորձում է <<կոնկրետացնել և հունավորել>> այն զգացողությունը, որը անսանձ է, անափ և անսահման...

Իմ սիրելի°, իմ լա՛վ Ռուզան,
Ի՞նչ ցանկանամ քեզ այսօր,
Ասեմ` քո լավ օրե՞րը գան,
Բարի լուրեր նորից-նո՞ր։

Թե՞ պարզապես նստեմ քո դեմ
Եվ քո առաջ, հիացքով,
Իմ երազի լույսը փռեմ,
Ու... աչքերին  նայեմ քո։

Աչքերին նայելը խորհրդավոր արարողություն է, որը հյուսվում է ծիածանի գույներով, հուշի և ապրումի թելերով, մտքի ճառագայթներով, որոնցով ջերմանում է հոգին և կառչում... Անհայտի խոսուն արձագանքից։

Քո աչքերը առանց կրակ ինձ վառո՛ւմ են,
Մոխրանո՛ւմ եմ,
Ու... աշխարհից վերանո՛ւմ եմ։

Բանաստեղծը սիրած էակին ուզում է փաթաթել իր երազներով։ Միաժամանակ կարիք է զգում, որ իրեն փայփայեն թեկուզ... պատրանքի թևերով։ <<Դու ինձ աչքերիդ կապույտում թաղիր>>։ Սիրո հրավերն է արթնանում օդում։ <<Ես քո մաքրության//Վկա՛ն եմ միակ>>,- մրմնջում է հեռվից։ Հեռուն դառնում է ընդհանրացում.

Գնո°ւմ եմ մենակ
Իմ երազ-հեռուն,
Ուր դու անընկեր
Ի°նձ ես երազում...

Սերը դառնում է Աստված և լուսավորում նաև այն ճանապարհը, որը աշխարհից դուրս է, ապրում է Ոգու տարածքում, որպես սրբագործություն։

Եվ ուխտավորի մոլեռանդությամբ
Որերորդ անգամ խոնարհվում եմ լուռ
Քո առաջ, ահա,
Ու լուռ աղոթում,
Դու` երազակերտ իմ սրբապատկեր,
Դու` իմ լուսաշխարհ,
Իմ Աստվա°ծ, իմ Սե°ր...

Հետո բանաստեղծը լուռ աղոթում է, առանց բառերի։ Շուրթերը շշնջում են` ների°ր... Լռության մեջ արթնանում են չկատարված երազները և կապույտով ներկում... բաբախող խոստումները, որոնք շրջանցում են բառերի պատյանները և մուտք գործում հնոցը զգացմունքի։

Ծոցիդ մեջ մի զույգ գերված
        սևկտուց ճերմակ աղավնի`
Ուզում են դուրս պրծնել, որ
        վայելեն համբո՛ւյրն արևի...

Սիրո այս գիրքը ընթերցվում է... առանց արհեստական միջամտությունների։ Տողերը թեժ են ու կենսունակ։ Բառային մթնոլորտը հագեցած է կյանքային ազդակներով։ Մեզ մնում է միայն շնորհավորել բանաստեղծին` այս նոր գրքի կապակցությամբ, և մաղթել ստեղծագործական նորանոր հաջողություններ։ <<Արի սիրենք մենք մեկմեկու>>։ Ընթերցողի սեփականությունն է արդեն։ Ոգու ճանապարհ։ Եթե սիրենք` կփրկվի՛ խիղճը մեր... Կապրի տարածությունը, որպես միջոց լույսի։
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
Բանաստեղծ
<<Մարտիկ>> (ԼՂՀ ՊԲ պաշտոնաթերթ),
N 33 (794), 16-23 օգոստոսի 2008 թ. (էջ 6)



ԱՐԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

Արիս Գրիգորյան, Ճաքած լռություն։ Բանաստեղծություններ։ Ստեփանակերտ, <<Արցախ>> հրատ., 1993, 48 էջ, տպ.` 500 օր.։
Արիս Գրիգորյան, Անդրանիկ, այսինքն` առաջամարտիկ։ Ակնարկ` նամակով ու բանաստեղծություններով միահյուս։ Ստեփանակերտ, <<Հորիզոն>> հրատ., 1997, 32 էջ, տպ.` 1000 օր.։
Արիս Գրիգորյան, Լռության րոպե։ Պոեմ։ Ստեփանակերտ, <<Ազատ Արցախ>> հրատ., 2000, 24 էջ, տպ.` 500 օր.։

Սեղանիս Արցախի գրական ընտանիքի համեստ գրիչներից մեկի` Արիս Գրիգորյանի <<Ճաքած լռություն>>, <<Անդրանիկ, այսինքն` առաջամարտիկ>> և <<Լռության րոպե>> գրքույկներն են։ Սկզբից ևեթ ասենք, որ Արիս Գրիգորյանը դասական շնչի ստեղծագործող է և նրա ոչ մի տողում չկան ճիգեր` բարդ ու խրթին երևալու։ Ինչպես կյանքում, իր գրքերում էլ նա պարզ ու հասարակ է, ազնիվ ու անմիջական, ընթերցողն իսկույն զգում է, որ գործ ունի մաքուր հոգու հետ, որի ցոլանքները տեսնում ենք տարբեր տարիների գրած նրա չափածո և արձակ  երկերում։ Արցախի գրական ընտանիքը եթե համեմատելու լինենք պարտեզի հետ, Արիսն այդ պարտեզում ոչ հուրհրան վարդ, և ոչ էլ անցորդների ուշադրությունն իր վրա  հրավիրող-կանչող մեխակ է, նա համեստ մանուշակի բուրումնավետ թուփ է, որին շատ հաճախ չեն նկատում մարդիկ...
Արիս Գրիգորյանը գրչի այն մարդկանցից է, ովքեր հայրենիքի սոսկ երգիչներ չեն, զինվոր են ամենից առաջ և հարկ եղած դեպքում գրիչը կարող են փոխարինել զենքով։ Նա տեսել է պատերազմի դժնդակ դեմքը և ունեցել թանկ կորուստ` 27-ամյա եղբայրն է զոհվել, ում էլ նվիրված է նրա <<Անդրանիկ, այսինքն` առաջամարտիկ>> գրքույկը։ Եվ պատահական չէ, որ Ա.Գրիգորյանի ստեղծագործության մեջ առյուծի բաժին է կազմում հայրենիքի և հայրենասիրության թեման։
Եղբորը` Անդրանիկին նվիրված գրքույկում, ուր չափածոն և արձակը հաջորդում և միահյուսված են իրար, իշխողը կորստի կսկիծն ու կարոտի կանչն է։

...Ու չի գալիս եղբայրս։ Դառնություն է ծով։
Լուռ անցնում են օրերս` տխուր ու մոլոր։

Թարմ ու յուրօրինակ է մոտեցման ձևը. եղբորը նվիրած գրքում իր փոքրիկի լուսանկարն է և թոթովանքը.
Իմ հորեղբայր Անդրանիկը
Ինձ իր անունն է թողել,
Մեկ էլ` փրկված Հայրենիքը,
Որը  նա շատ է սիրել։

...Ես էլ շուտով կմեծանամ,
Իսկ թե կրկին թուրքը գա`
Չեմ երկնչի մարտի դաշտում
Լինել քեզ պես, հորեղբա°յր...

<<Ես այս գործին ձեռնամուխ եղա միայն ու միայն մոռացության մշուշը քո հիշատակից ցրելու նպատակով։ ...Կան տղաներ, որոնց մասին երկու տող անգամ չի գրվել։ Այդ գործում այսօր մեծ է մեր` ապրողներիս դերը, և մենք պետք է գտնվենք մեր բարձրության վրա, այլապես` վաղը ուշ է լինելու...>>,- գրում է Արիս Գրիգորյանը։ Այսինքն, ապրողներս պետք է ներկա և գալիք սերունդներին պատմենք այն կտրիճների մասին, որոնց արյան գնով Արցախ աշխարհը թոթափեց բռնության շղթաները։ Դա մեր սրբազան պարտքն է, քանզի ապրելու մեր իրավունքը մայրենի հողի վրա նրանք են նվաճել իրենց իսկ արյամբ։ Եվ ի հաստատումն իր ասածի, հրատարակում է հաջորդ գրքույկը` <<Լռության րոպե>> պոեմը, նվիրված <<այն գեղեցկադեմ տղաներին, ովքեր գնացին ու այլևս չվերադարձան>>։ Պոեմը բացվում է <<Իբրև սկիզբ>> վերնագիրը կրող սքանչելի հատվածով։

Տխուր եմ, ցավիս սարերն են փլվել,
Մենակ եմ հիմա, սակայն ոչ անհույս,
Եվ ժամանակի դավին անտարբեր
Նոր շիվ է աճում տապալված կաղնուց։

...Թուրքը եկել է հասել Կոճողոտ,
Մեր օջախին է տիրանալ ուզում...

Անվեհեր տղաները մարտի են նետվում և հավերժանում... Գրական հետաքրքիր հնարանքի է դիմել Արիս Գրիգորյանը։ Բոլոր նահատակները հերթով ներկայանում են ընթերցողին` մենախոսությամբ (լուսանկարով ու կարճ կենսագրականով)։
Ահավասիկ`

ԵՎ  ԳՈՒՐԳԵՆՆ  ԱՍԱՑ.

- Երջանկությունս, իմ Արցա°խ աշխարհ,
Քո անունն է լույս` իմ բախտի սյունը,
Ապրել քեզ համար, կռվել քեզ համար,
Զոհվել քեզ համար` երջանկություն է...
Կամ`
ԵՎ  ԳԱՐԻԿՆ ԱՍԱՑ.

- Մեր հի՛ն գյուղում հիմա թուրքի կրո՞ւնկ,
Մեր հի՛ն հողի վրա թուրքի հետքե՞ր...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Կանչե°, կռո՛ւնկ, կանչե, գնանք ի մարտ,
Կանչե°, կռո՛ւնկ, քանի ջահել ենք մենք...
Եվ այսպես, մեկ-մեկ <<խոսում են>> բոլոր նահատակները Ա.Գրիգորյանի տողերով, որոնք բնական ու անմիջական են։ Իսկ վերջում հրաժեշտ է տալիս Անդրանիկը` հեղինակի արի եղբայրը, հավատացնելով, որ անպայման հաղթանակով կվերադառնա...
Գրքույկը, նվիրված համագյուղացի նահատակներին, եզրափակում է <<Հետգրության կարգով>> վերնագիրը կրող հատվածը։
...Եվ դադարում են <<ընդհատումները>>,
Տղաները էլ ոչինչ չեն <<ասում>>,
Իմաստազուրկ են թվում բառերը,
Որ... նահանջում են, քաշվում, նվազում։

Ու տղաները գնում են նորից,
Որ ամուր պահեն իրենց... դիրքերը,
Իսկ անդառնալի կորստյան ցավից
Դեռ մղկտում են հարազատները։

Բովանդակությամբ` հագեցած և ձևով` հիմնականում ներդաշնակ` Արիս Գրիգորյանի չափածոն ստանում է նոր իմաստ ու նոր երանգներ, երբ հնչում է զոհվածների շուրթերից։ Անշուշտ, օրինակելի և քաջալերանքի արժանի գործ է կատարել Արիսը։ Մեր սուրբ հողի համար նահատակվածների թեման միշտ էլ առաջինն է և մնալու է առաջինը։ Այդ թեման անսպառ է և միշտ արդիական, ոչ միայն այն պատճառով, որ մեր կռիվը դեռ չի վերջացել։ Եվ ամենաճշմարիտ ու առաջին դասը, որ մենք պիտի ուսուցանենք բոլոր սերունդներին, նահատակվածներին` իրենց իսկ կյանքով հաստատած դասն է։ Այս կենսական գաղափարն է արտահայտում Արիս Գրիգորյանն իր երեք գրքույկներում, գրված տարբեր տարիների։
Ի դեպ, շտապենք իրազեկել նրա ընթերցողներին, որ տպագրության պատրաստ են հեղինակի <<Ապրած օրերի արձագանքումներ>> (գիրք առաջին և երկրորդ). <<Անտառի ձայնից ինչու եմ հուզվում>>, <<Արի սիրենք մենք մեկմեկու...>>, <<Իմ պապը Խաչունց Անդրին է>> (մանկական բանաստեղծություններ) և <<Նամակ, որը դու երբեք չես կարդալու>> (ակնարկներ) գրքերը։ Կանաչ ճանապարհ մաղթենք Արիսի նոր գրքերին։

Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
<<Եղիցի լույս>> (ԼՂՀ Գրողների միության թերթ),
N 6, 2001թ. (էջ 3)



Կարծիքներ


ԲԱՐԻ ԼՈՒՅՍ
   Արիս Գրիգորյանը 18-ի մեջ է, մասնագիտությամբ` դերձակ։ Սակայն նրա մեջ նստած է որոնողը, բանաստեղծը։ Սրտի թրթիռով կազմել է իր առաջին ժողովածուն (ձեռագիր) ու վերնագրել <<Բարձունք տանող արահետով>>։ Իրոք, բանաստեղծական է։ Անպաճույճ տողեր են, պարզ պատկերներ, ամենագլխավորը` մաքրամաքուր զգացումներ։ Հայրենի եզերքի լեռն ու դաշտը, գետն ու առվակը, անշուշտ, Արիսի բանաստեղծական աշխարհի հիմնական բնակիչներն են։ Սակայն մի զարմանալի ու շնորհաշատ երակով են տրոփում նրա գործերը։ Դա մարդու հանդեպ ունեցած սիրո արտահայտությունն է։ Արիսը բանաստեղծել գիտե ու նաև բնության ձայնը ունկնդրել։ Ուժեղ ու տպավորիչ է երկրորդի դեպքում։ Պարզ է, երբ ցանկանում է ընդօրինակել, նմանվել` թուլանում է, կորցնելով ասելիքի տուտը։ Նրա բանաստեղծական աշխարհը հագեցած է Արամայիս Սահակյանով ու Համո Սահյանով։ Սակայն բոլոր գործերում էլ ունի սեփական ոտնահետք, կածան։ Ցանկանք, որ նրա արահետը սկիզբ առնի մարդու սրտից և ձգվի բարձունքներ։

<<Բարեկամություն>> (Օրգան Ադրբեջանի ԿԿ Մարտակերտի շրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջսովետի գործկոմի),
N 6 (1611), 12 հունվարի 1978 թ. (էջ 4)
ՄԵԿ-ԵՐԿՈՒ ՏՈՂՈՎ...

   Համեստ է, կարգապահ, պարտաճանաչ փոքրիկ Արիսը։ Հաճախ իր համեստության ու փոքրիկ հասակի համար նրա ներկայությունը չի զգացվում դասարանում։ Դասարանի ամենալավ աշակերտներից մեկն է։ Պստիկ է, բայց ճստիկ է։

Նորա ՂՈՒԼՅԱՆ
Առաջին ուսուցչուհի
Առաջին դասարանի տարեվերջյան բնութագրից, 30 մայիսի 1967թ.


   Կարդալով Ձեր բանաստեղծությունները` ես գերագույն հաճույք ստացա։ Նրանցում արտահայտված տրամադրություններն անչափ հոգեհարազատ թվացին ինձ։ Շնորհավորում եմ Ձեզ։ Դուք հաջողության կհասնեք պոեզիայի բնագավառում։ Ցանկանում եմ Ձեզ ստեղծագործական նոր բարձունքներ։

Նարինե ԳԱՍՊԱՐՅԱՆ
1983 թ., ամառ, ք. Աբովյան


   Այսօր <<Բարեկամությունը>> բարեկամաբար, հոգատարորեն, մեծ սիրով ու պատասխանատվությամբ իր շուրջն է համախմբել մեկ տասնյակի հասնող երիտասարդ ստեղծագործողների, որոնցից գրական որոշակի հույս են ներշնչում Վերա Սեինյանը (արդեն գրքի հեղինակ), Սլավիկ Հարությունյանը, Արիս Գրիգորյանը, Նինա Ավանեսյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Ամալյա Համբարձումյանը և ուրիշներ։

<<Բարեկամություն>> (Օրգան Ադրբեջանի ԿԿ Մարտակերտի շրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջսովետի գործկոմի),
N 16 (4968), 5 փետրվարի 1983 թ. (էջ 2)


   <<Ճաքած լռություն>> բանաստեղծությունների ժողովածուն Արիս Գրիգորյանի անդրանիկ գիրքն է։ Այն լույս է տեսել Ստեփանակերտում` <<Արցախ>> հրատարակչության կողմից։
   Բանաստեղծը զգացմունքային, նուրբ քնարական շնչով է երգում հայրենիքի սերը, արցախահայության ազգային ազատագրական պայքարը, հայրենի հրաշագեղ բնությունը։

<<Ուրբաթ>> (հասարակական-քաղաքական, մշակութային անկախ շաբաթաթերթ), N 29 (165), 30 հուլիսի 1993 թ. (էջ 5)


   Ես օրհնում եմ իմ հոգեորդու` Արիսի առաջին գիրքը և ուրախ եմ, որ նրա կյանքում ունեմ իմ վաստակը։

Գուրգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
17 ապրիլի 1993 թ.

Հրաչյա ԲԵԳԼԱՐՅԱՆ
<<Պըլը-Պուղի>> (ԼՂՀ Գրողների միության ամենամսյա երգիծական հանդես),
N 1-2, 1993 թ. (էջ 7)

   Արիս Գրիգորյանի գրիչը խոպաններ է հերկում, այսպես ասած, հերկված դաշտերում, հաստատելով, որ նորույթը ասելիքի մեջ է, որ ասելիքն է կարևորում թեմայի հրատապությունը։ Եվ դրա գեղեցիկ վկայությունը Արցախի մարտական կյանքը պատկերող նրա զուլալ երգերն են։
Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
Արցախի գրողների միության վարչության նախագահ
(Արցախի գրողների երկրորդ համագումարի հաշվետու զեկուցումից)
<<Եղիցի լույս>> (ԼՂՀ Գրողների միության թերթ),
N 2 (20), 2001 թ. (էջ 2)
   Արիս Գրիգորյանը հավատարիմ է հայ ավանդական բանաստեղծության քնարականությանը։
Ժաննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Բանաստեղծուհի, դոցենտ
<<Ազատ Արցախ>> (ԼՂՀ Ազգային ժողովի և կառավարության պաշտոնաթերթ), N 1, 6 հունվարի 2004 թ. (էջ 2)
   Լույս է տեսել Արիս Արսենիի (Գրիգորյան) բանաստեղծությունների ու պոեմների նոր ժողովածուն, որ կոչվում է <<Համանվագ>>։ Անմիջական, անպաճույճ տողերով ու չափով` հեղինակը անդրադառնում է ներկա ու մոտ ժամանակների իրադարձություններին, խորհրդածում մեր ժողովրդի ճակատագրի մասին, սիրո խոստովանություններ սփռում նվիրական անուններով։ Բանաստեղծական պարզ լեզուն ու անկեղծությունը հաճախ են կաշառում ընթերցողին, շոշափելի դարձնում հեղինակային մարդամոտությունն ու սրտացավությունը։

<<ԳԵՂarm>>
N 29, հունվար-փետրվար, 2006 թ. (էջ 10)
   Լրացավ բանաստեղծ Արիս ԳՐԻԳՈՐՅԱՆԻ (Արիս Արսենի) ծննդյան 50-ամյակը։ Տարիքային մի հերթական հանգրվան, որից հետո սովորաբար բանաստեղծի համար <<գրական այգեկութի>> ժամանակաշրջանն է սկսվում։ Բայց եթե ընդհանրական գնահատելու լինենք Արիս Գրիգորյանի գրական ժառանգությունը, ապա պիտի հատկանշենք նաև նրա ուրույն վաստակը լրագրության մեջ, քանզի տևական ժամանակ նա իրեն նվիրել է ժուռնալիստիկային` աշխատելով <<Արցախ>> հանդեսում, Արցախի հանրային հեռուստատեսությունում և վերջապես` <<Մարտիկ>> բանակային թերթում։ Այս վերջին պարագան կարելի է դիտարկել իբրև ազատամարտիկ-բանաստեղծի կենսագրության մարտական ուղու շարունակություն։ Զենքը կրկին փոխարինելով գրչով` նա հայրենի Արցախին ծառայելը արժեվորում է նաև այս կերպ` հայ սպայի հպարտ ուսադիրների տակ պահպանելով բանաստեղծի զգայուն հոգին։ Արիս Գրիգորյանը ներկայումս զինծառայության թոշակառու է, և համոզված ենք, իր վաստակած հանգիստը դարձյալ կնվիրաբերի Գրչին։ Այս համոզմունքով էլ նրան շնորհավորելով հոբելյանի առթիվ`  արևշատություն մաղթենք ու ստեղծագործական նոր վերելքներ։

<<Լուսարար>> (գիտակրթական թերթ),
N 34 (219), 12 դեկտեմբերի 2009 թ. (էջ 8)
ՀՈԲԵԼՅԱՆ
Լրացավ բանաստեղծ, լրագրող, Հայաստանի և ԼՂՀ գրողների  և Արցախի ժուռնալիստների միությունների անդամ  ԱՐԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ (ԱՐԻՍ ԱՐՍԵՆԻ) ծննդյան 50 ամյակը։
   Ծնվել է 1959-ի հունիսի 10-ին Արցախի Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում։ 1966-74-ին սովորել է հայրենի գյուղի ութամյա (այժմ` միջնակարգ) և Մարտակերտի միջնակարգ-գիշերօթիկ (1971-73) դպրոցներում։
  1977-ին ավարտել է Դիլիջանի թիվ 12 միջնակարգ պրոֆտեխուսումնարանը` ստանալով դերձակի մասնագիտություն և միջնակարգ կրթություն, իսկ 1986-ին` Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։
   1978-80-ին ծառայել է Խորհրդային բանակում։
  Աշխատանքային գործունեությունն սկսել է Մարտակերտի խաղողագործական պետտնտեսությունում, այնուհետեւ տեղափոխվել է Ստեփանակերտ, աշխատել որպես մարզային տպարանի գրաշար (1983), Արցախի հեռուստատեսության թղթակից (1988-90, 1996), <<Արցախ>> գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդեսի ավագ խմբագիր (1990-93)։
   Արցախյան ազգային-ազատագրական շարժման մասնակիցներից է, 1990-91-ին Դավիթ Ջրաբերդ կուսակցական ծածկանունով խմբագրել է <<Պայքար>> (ընդհատակյա) հասարակական-քաղաքական, մշակութային պարբերականը` այն ժամանակ ՀՅԴ-ի միակ խոսնակն Արցախում։ 1993-ի սեպտեմբերի 24-ից մինչև 2009-ի հուլիսի 21-ը ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքերում, եղել է Կենտրոնական պաշտպանական շրջանի (ԿՊՇ) երկրորդ հրաձգային  գումարտակի  4-րդ,  իսկ  այնուհետև`  6-րդ վաշտի հրամանատարի տեղակալը, մասնակցել է Ջաբրայիլի, Աղդամի, Ֆիզուլու և Մարտակերտի շրջաններում  տեղակայված  թշնամական կրակակետերի վնասազերծման համար մղված մի շարք ռազմագործողությունների ու պաշտպանական մարտերի, վիրավորվել է 1994-ի հունվարի 15-ին` Ֆիզուլու շրջանի Վերին Սեիդահմեդլի գյուղի մերձակայքում մղված պաշտպանական մարտում։ 1995-ի հուլիսի 1-ից մինչև Զինված ուժերի պահեստազոր ուղարկվելը (1 օգոստոսի 2009 թ.) ծառայությունը շարունակել է բանակային <<Մարտիկ>> թերթի խմբագրությունում` որպես զինվորական լրագրող։
  ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան (<<Լրագրության բնագավառ>>, 2004) և Արցախի ժուռնալիստների միության (<<Զինվորական թեմաներով լավագույն հրապարակումների համար>>, 2005) ամենամյա մրցանակների դափնեկիր է։
  Պարգևատրվել է ԼՂՀ <<Մայրություն>> հիմնադրամի <<Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին>> (2008) և ՀՀ պաշտպանության նախարարության <<Անբասիր ծառայության համար>> առաջին աստիճանի (2006) մեդալներով, ՀՀ մշակույթի նախարարության (2008), ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարության (2001) և ԼՂՀ պաշտպանության նախարարության (2006) պատվոգրերով։ Հրատարակել է մեկ տասնյակից ավելի գրքեր (չափածո և արձակ)։
    Շնորհավորում ենք հոբելյարին և մաղթում ստեղծագործական նորանոր լիցքներ։

<<Քաղաքացիական ծառայություն>> (ԼՂՀ Քաղաքացիական ծառայության
խորհրդի պաշտոնաթերթ), N 6 (35), նոյեմբեր, 2009 թ. (էջ 4)
   Ձեր գրվածքները շատ հավանեցի։ Արտակարգ բնանկարներ, անասելի թարմություն ու անմիջականություն է ծորում յուրաքանչյուր տողից։  Ձեր հայրենի գյուղի պատկերն այնքան լավ եք վրձնել, որ մենք՝ ընթերցողներս, ակամայից դառնում ենք Ձեր խոհերի կրողը։
  Սիրո մեղեդին շատ ուժգին եք հնչեցնում, այնքա¯ն ուժգին, որ ընթերցողն էլ է ուզում սիրել Ձեզ պես։   Շատ շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, իրոք, արտակարգ զգացողություններ պարգևեցիք, ստիպեցիք վերապրել անցյալում թողած քաղցր հուշերս։

Տաթևիկ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ
ք. Սպիտակ
23 հոկտեմբերի 2011 թ.



ՄԵԿ ՀԱՐՑ
ԲԱՆԱՍՏԵՂԾ ԱՐԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

    - Ի՞նչ դեր ունի բանաստեղծությունը Ձեր կյանքում։
  - Լրագրողական աշխատանքի բերումով հաճախ ինքս եմ հարցեր առաջադրում զրուցակիցներիս։ Այսօր սակայն ստիպված եմ ե՛ս պատասխանել։ Ի՞նչ է իսկապես բանաստեղծությունն ինձ համար։ Գիտե՞ք, հաճախ եմ ինքս ինձ նույն հարցն առաջադրել, բայց, պատկերացրեք, դժվարացել եմ գտնել ճիշտ պատասխանը։ Բանաստեղծությունն ինձ համար հա՞ց է, ջո՞ւր, օ՞դ` գուցե շատերը չհավատան, բայց որ յուրաքանչյուր անցնող ակնթարթն առանց բանաստեղծության չի պատկերանում ինձ` ինչպե՞ս ասեմ, որ հավատաք։ Որովհետև դա, իրոք, այդպես է։
   Հաճախ են լռակյաց մարդուն ինքնամփոփ համարում։ Ես էլ համաձայն եմ նման ձևակերպման հետ։ Որոշ (և` լուրջ) վերապահումով սակայն, որովհետև ես էլ` <<լռակյացությամբ ախտահարվածս>>` բոլորովին էլ <<ինքնամփոփ>> չեմ, այլ` <<ներամփոփված եմ բանաստեղծության մեջ>> և անիմաստ է այլևս բացազատման սահման կամ սահմանագիծ փնտրելը։ Մարդկային կյանքի յուրաքանչյուր պահը մի ուրույն ստեղծագործություն է, եթե ընկալվում է։ Իսկ աննկատ անցնող վայրկյանները մեր կորուստներն են, որ չենք զգում, կամ` զգում ենք ուշացումով։ Դժվար է, անշուշտ, բոլորը նկատելը, այստեղից էլ` <<ներամփոփվածության>> փոխարեն օգտագործվող <<ինքնամփոփի>> շատ հաճախ տեղին թվալը։
   Իսկ ճշմարիտ բանաստեղծը միայն մեկ ցանկություն պիտի ունենա`  ԼԻՆԵԼ և ոչ թե` ԹՎԱԼ։

<<Եղիցի լույս>> (ԼՂՀ Գրողների միության թերթ),
N 7 (25), 2001 թ.. (էջ 1)