1988, փետրվար 27-29
(պոեմ)




                    Սումգայիթյան ցեղասպանության զոհերի հիշատակին

Ա

Հոգնածությունս զգում եմ արդեն,
Հոգնած ոտքերս նվում են արդեն,
Հոգնած ձեռքերս ճչում են արդեն
-Հերիք է հոգնած օրերդ ճոճե՛ս,
Հերիք է... ննջե՛ս,    
Հերիք է դու քեզ քո ձեռքով... ջնջե՛ս,
Տե՛ր կանգնիր ոգուդ, հողիդ ու քարի՛դ,
Տե՛ր կանգնիր հոգնած, հյուծված աշխարհիդ...

Հոգնած բառերս չեն արտաբերվում,
Տառ-տառ գալիս են, կուտակվում, պայթում,
Քարս, անունս, հողս, կարոտս,
Ո՞նց է՝ իրարից էլ չեն տարբերվում։
Արցախ եմ ասում՝ կարոտ է լսվում,
Կարոտ եմ ասում՝ հող է զգացվում,
Իսկ հող ասելիս՝ քար է հասկացվում,
Իսկ քար ասելիս՝ հոգնում է շուրթս,
Շանթվում է շուրթս՝ մնում եմ... թլոր։

Բ

Հոգնածությունս զգում եմ արդեն,
Հոգնած օրերս նվում են արդեն,
Հոգնած ձեռքերս ճչում են արդեն...
...Հոգնած ոտքերս մի կերպ քարշ տալով
Ես հավաքում եմ հուշերս անցած,
Անցած-չկորսված,
Ու ոխերիմին ձգտում այսօր էլ
Ոխով չնայել,
Բայց միշտ ոսոխին՝ արյունով հարբած,
Ճանապարհները իմ տունն են բերել
Ու գրիչ-որդիդ մատյանը թողել՝
Զինվոր է գրվել,
Ու մաճկալ-որդիդ լծկանը թողել՝
Զինվոր է գրվել,
Ու կատաղել է ոսոխն ավելի,
Ու... ավերվել է իմ հողն ավելի,
Ու ավարայրվել-պարտվել է էլի
Երկիրս խուժած խուժանը խուժդուժ,
Հեռացել անուժ։

...Բոլոր դարերում այդպե՛ս է եղել։
Բոլոր դարերում արյո՜ւն է հեղվել։
Բոլոր դարերում՝ կոտորած-եղե՛ռն։
Բոլոր դարերում՝ մահ-թալան-ավե՛ր։

Բոլոր դարերում հրդեհվել-վառվել
Ու ավերվել են քարե՜րը հայոց։
Բոլոր դարերում հրդեհվել-վառվել
Ու ավերվել են... դարե՛րը հայոց։
Բոլոր դարերում հայ շինականը
Զոհել է իրեն՝ գի՜րքը փրկելով,
Որ հարատևեն տառե՛րը հայոց։
Այդպե՜ս է եղել բոլոր դարերում...
Այդպե՜ս ենք ապրել բոլոր դարերում...

Գ

Հոգնածությունս զգում եմ արդեն,
Հոգնած ոտքերս նվում են արդեն,
Հոգնած օրերս ճոճվում են արդեն,
Հոգնած ձեռքերս ճչում են արդեն.
Հայ գլխին կախված դու հի՜ն արհավիրք,
Որ ապրում ես դեռ վայրի մոլուցքո՜վ,
Մեր դարավերջի՝
Դարասկզբյան նորացված չարիք,
Դու՝ հայոց բախտի փլուզում մի նոր,
Դու՝ նորակերպված Համիդ ու Թալեա՜թ։
Ես էլ ի՞նչ սրտով դիմեմ քեզ այսօր,
Դու ի՞նչ երեսով նայես ինձ այսօր,
Եվ ինչպե՞ս ապրենք միասին, այսօր։
Ես հանգիստ խղճով ապրում եմ այսօր,
Եվ հանգիստ նայում սև կերպարանքիդ,
Ու իմ ապրելուց դու... ցա՛վ ես զգում։
Դու ավերում ես, իսկ ես՝ արարում,
Իմ արարումից դու ցա՜վ ես զգում։
Իմ արարումից գայլանում էլի,
Իմ արարումից մոլեգնու՛մ ես դու,
Ու... որոշեցիր սպանել էլի,
Սպանել, որ ես դեռ... հա՜յ եմ այսօր,
Բայց ես չմեռա՛,
Ինչպես չմեռա բոլո՜ր դարերում...

Դ

...Այդպե՜ս է եղել բոլոր դարերում,
Արյո՜ւն է հեղվել բոլոր դարերում,
Կոտորած-եղեռն՝ բոլոր դարերում,
Մահ-թալան-ավե՛ր՝ բոլոր դարերում։
Այդպես ենք ապրել բոլոր դարերում։
Բայց մի նոր ցավով այրվում է հոգիս
Մեր ամենդարյա ցավին լրացում՝
Մեր դարավերջյա՜ն կոտորածներից։
Եվ, այդուհանդերձ,
Հպարտ եմ այսօր, որ հա՜յ եմ այսօր,
Անպարտ եմ այսօր, որ... հա՜յ եմ այսօր,
Ու թող իմ չկամն այսօր իմանա,
Որ ինչ էլ լինի՝ չեմ... գայլանա ես՝
Գա՜յլը մարդանա...

Ե

...Հոգնածությունս զգում եմ արդեն,
Հոգնած ոտքերս նվում են արդեն,
Հոգնած օրերս ճոճվում են արդեն,
Հոգնած ձեռքերս երկինք բռունցքված
Հոգնածությունից ճչում են արդեն.
- ԴՈՒ՝ ՀԱՅՈՑ ՎԵՐՋԻ՜Ն ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ,
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻ՜Ն ՈՃԻՐԸ ԼԻՆԵՍ...
Հոգնած բառերս չեն արտաբերվում,
Տառ-տառ գալիս են՝
Կուտակվո՜ւմ, պայթո՜ւմ...

13.03.88, Ստեփանակերտ