Ամուսնանա՞նք, թե՞... քիչ էլ սպասենք

(Ուսանողական հումորեսկներ)


Համակուրսեցիներիս` մշտավառ սիրով

1

ՆԱԽԵՐԳ

Մոռացած տարիք, կյանք ու ժամանակ,
Սրտերում մեր` սեր սուրբ ու անարատ,
Գրքերին գերի, գրքերով տարված,
Գիտության աշխետ նժույգներն հեծած`
Առաջ ենք սուրում փութով-շտապով,
Նոր բարձունքների տենչով-փափագով,
Մինչդեռ... մենք կյանքից շա՜տ ենք ետ մնում,
Թեկուզև փութով առաջ ենք սուրում։
ԼԵՆՍԵՐԻ ԴԱՍԸ
                 Լենսեր ՂԱՐԱԽԱՆՅԱՆԻՆ

...Առաջին հերթին խոսենք Լենսերից։
Ամուսնացա՞ծ է, թող որ` հետո՞ ինչ։
<<Երեկո>>-ներում այնպե՜ս է պարում,
Ասես դեռ նոր է իր սերը ճարում։

Կինը չի խանդում. ի՞նչ կա, թող պարի՛,
Միայն մի պայման` իրեն չդավի՛։

Լենսերից պիտի օրինակ առնել
Ու նրա նման սիրել սովորել։

...Սիրելը` սիրել,
Բայց այնպե՜ս անենք,
Որ նաև... սիրվենք...
ՊԱՐԳԵՎՆ ՈՒ ՆԻՆԱՆ

                 Պարգև ԱՂԱԲԵԿՅԱՆԻՆ
                 Նինա ՆԱԼԲԱՆՅԱՆԻՆ

Ա՜խ, եթե սիրեր Նինան Պարգևին`
Ես նրանց սի՛րտս կպարգևեի։

Երկուսին էլ շատ լավ եմ ճանաչում,
Ազնիվ փափագով սիրում ու պաշտում։

Պարգևին գիտեմ, քաջ տղա է նա,
Եթե պետք լինի` սարեր շուռ կտա։

Նինան էլ լավն է, համեստ է, պարկեշտ,
Էլ ինչո՞ւ իրար մերժեն այդքան հեշտ։

Էլ ինչո՞ւ ապրեն իրարից խռով,
Իրար կարոտով և ոչ թե սիրով։


ՄԵՐ ԶԻՆԱՆ

                 Զինա ՋԻՎԱՆՅԱՆԻՆ

Մեղրավանի վերին թաղի մեր Զինան
Պատրաստ է միշտ սեմինարի, քննության։
Սակայն ունի իր հոգու մեջ մի լուռ բաց`
Այն, որ մինչև հիմա մարդու չգնաց։
Ինքն էլ հալվեց գրքի ձեռքին` մոմ դառած։

Բայց մոմի լույսն անվերջ պիտի բոցկլտա,
Մինչ երազի իր ասպետը երևա...

11.04.86, Ստեփանակերտ
 ԱՇԱՆԻ ՀՄԱՅՔԸ

                 Ամալյա ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

Աշանից մի աղջիկ սովորում է մեզ հետ,
Ուշ-ուշ ենք տեսնվում, մի կուրսում ենք թեպետ։

Հմայի՜չ է այնպես, հայացքով գեղեցիկ,
Իսկ երբ որ խոսում է իր ձայնով երգեցիկ`
Թվում է` աշխարհում արև՜ է, գարո՜ւն է։
Սակայն նա սիրում է Աշանի... աշո՛ւնը։
Իսկ հետո էլ սիրեց մի սևաչ տղայի
Ու փախավ շա՜տ հեռու իր սիրած Աշանից։

Մեզ էլ է նա ուշ-ուշ այցելում, ի՞նչ անենք,
Բայց ինչքան հեռանա` նրան միշտ կհիշենք
Աշանը, աշունը ու մենք...

15.12.84, Ստեփանակերտ


ՄԵՐ  ԱՆԱՀԻՏՆԵՐԸ
                 Անահիտ ԽԱՉԻՅԱՆԻՆ
            և մյուս երկու Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐԻՆ

Անահիտները այնքա՜ն շատ են մեր`
Մարդ չգիտե, թե ում մասին գրել։

Մի Անահիտի անվանում ենք <<Ժ>>,
Մյուսին էլ` <<Դ>>։
Երրորդը` <<Խ>> է, Անո Խաչիյան,
Անուն-ազգանուն մաքուր հայկական։
(Երևի պապը Խաչ է գողացել,
Անունն էլ... Խաչիպապ է մնացել)։
- Չէ՜ մի...
           
...Լա՛վ, թողնենք նրան իր հոգսին
Ու վերադառնանք Անահիտ <<Ժ>>-ին։
ԱՆԱՀԻՏ <<Ժ>>-Ն

Եվ հրաժեշտից մինչ նոր հանդիպում`
Ապրում ենք հուշով նախորդ հանդիպման,
Բայց տարին, ինչքան դասերը գերում,
Երկու անգամ ենք այցելում իրար։
Այցի ենք գալիս իրա՞ր, թե՞ իրավ
Կան այցելելու առիթներ հարմար։
Դե, իհարկե, կան։ Ու հավաքվելով`
Գգվում ենք իրար մենք... հայացքներով։
Ու թե պատրաստ չենք քննություններին`
Թող ների դա մեզ մեր կուրսի... <<ներին>>։
Իսկ Անահիտ <<Ժ>>-ն պատրաստ է ամեն
Քննության։ Ու` միշտ։
Սակայն սիրում է շրջել քաղաքում,
Այնքան, մինչև որ գիշերը կիսվի
Ու հաջորդ օրը նորեն սկսվի...
...Բայց մի անգամ նա <<Չյորտվի մոստից>>
Ընկավ։ Քիչ մնաց... ուշքը գար... փոստից։
Ու... մնում է դեռ նա փոստի հույսին`
Բա դա վայե՞լ է, արդյոք, մեր կուրսին։

22.06.85, Ստեփանակերտ
ԱՆԱՀԻՏ <<Դ>>-Ն

Առաջին անգամ, երբ տեսա նրան`
Ասի` աղջիկն այս ինչի՞ է նման...
- Դե, կապիկ հո չի՞, աղջիկ է էլի,-
Վրա տվեցին այս ու այն կողմից։
- Լա՛վ աղջիկ է նա,- Պարգևն ասաց,- տե՛ս,
Չլինի՞ հանկարծ... սիրահարվել ես...

Այդ մասին, սակայն, դեռ չգիտեի,
Բայց այնպե՜ս լիներ... սիրահարվեի՛...

...Լա՛վ, ասենք` թե ես սիրահարվեցի,
Բայց սիրտս ինչպե՞ս դռներն իր բացի։
Թե սերս հայտնեմ մի քանի տողով,
Կհասկանա՞ նա ու կապրի՞ սիրով։
Իսկ թե չընդունի` գրողը հետը,
Թող գնա ընկնի Ախուրյան գետը։

...Պահը հարմար էր, նա դաս էր պատմում,
Իսկ ես` ինչ որ բան թղթին խզբզում։
Նա <<Բայ>> էր պատմում, բայի սեռերից`
<<Կրավորական>>, <<չեզոք>>... Իսկ ինձ ի՞նչ`
Ես լսում, ոչինչ չէի հասկանում,
Մինչդեռ... իմ սիրո տողե՜րն են ծնվում.

.Դու բայի սեռի մասին ես պատմում,
Ես լսում եմ ու.բա՜ն չեմ հասկանում։
Դու մի՛ նեղանա` չե՛մ հասկանա ես,
Ինձ ուրի՜շ հարց է հուզում պարզապես։
Դու պատմի՛ր, պատմի՛ր <<Բայ>>, թե <<Գոյական>>,
Իսկ ես լսեմ ու.բա՜ն չհասկանամ.

...Պարգևը թուղթը երբ նրան տվեց`
Կարդաց ու... <<Էլի կբերես>>,- խնդրեց։

Բայց... չհասկացավ։ Գրողը հետը։
Թող գնա՛ ընկնի... Ախուրյան գետը...


ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ

Հիմա ի՞նչ անենք, ընկերնե՛ր, ասե՛ք,
Մեզ ընկերական մի խորհո՛ւրդ տվեք։
Գործը թե այսպես մինչև վերջ գնա`
Վերջը զգո՞ւմ եք, թե ինչ կդառնա։
Սպասե՞նք։ Դե, լավ, սպասե՛նք մի քիչ։
Կյանքն առջևում է, չի փախչում, ոչի՛նչ...

11.03.82, Մարտակերտ

  
ՄԵՐ ՍՊԱՍՈՒՄԸ

Մեր սպասումը երկար չտևեց։
Մենք ամուսնացանք։ Մեր բախտը բերեց։
Մենք մտանք կյանքի իսկական ուղի,
Փնտրեցինք-գտանք մե՛զ սիրողներին։
Այդ սերը բերեց մեզ երգ ու բերկրանք`
Կյանքի կոչելով տենչ ու երազանք։

...Մեր սիրո համար հուր է ու գինի`
Մեզ վրա ազդած դասը Լենսերի...


ՄԵՆՔ ԱՄՈՒՍՆԱՆԱՆՔ,
ԴՈՒՔ ԴԵՌ ՍՊԱՍԵ՞Ք...

...Եվ ` մյուսներին

Մենք ամուսնացանք։ Օրերի փոշին
Էլ չի աղտոտում մեր կյանքի ուղին։
Ու պիտ ծերանանք մեկտեղ, մի բարձի,
Իսկ մի <<երկրորդ բարձ>> եթե սեր հայցի՞...
Երբե՛ք։ Քանզի դուք սիրում ենք նրանց`
Ամուսնյակներին ձեր, մենք` մեր կանանց,
Որոնց մեր կուրսում պիտի չընդունենք,
Սակայն միշտ պիտի պաշտենք, գուրգուրենք։
Քայլենք միասին, մեկ ճանապարհով,
Ապրենք, որ սերը մնա ապահով։

...Բայց մենք ունենք և ... չամուսնացածներ,
Իսկ դա պատիվ չի բերում կուրսին մեր...

Ասացե՛ք, խնդրեմ, հիմա ի՞նչ անենք,
Մենք ամուսնանանք, դուք դեռ սպասե՞ք...

22.06.85, Ստեփանակերտ
ՊԱՐԳԵՎԻ <<ՀԻՆԳԵՐԸ>>

Տարօրինակ է մեր այս Պարգևը`
Իրար է խառնել օրվա ժամերը։
Գիշերը մինչև լույս դաս է սերտում,
Ցերեկը հոգնած ու դադրած` ննջում։

Իսկ երբ օրերն են հասնում քննության.
- Անպայման պիտի <<հինգեր>> ստանամ...
Բայց... տուն է գալիս <<չորսեր>> ստացած
Ու գրքին թեքվում աչքերով հոգնած։

- Ի՞նչ ես ստացել,- հարցնում են տանը։
- Է՜, ի՞նչ ասեմ ձեզ, անիծվի չարը,
Երբ հերթս հասավ` մնացի մոլոր,
Վերջացել էին... <<հինգերը>> բոլոր։
Ոչինչ, կձգտեմ ես այս հունվարին
Բոլորից էլ շուտ հասնել <<հինգերին>>։

- Ա՛յ Պարգև, ի՞նչ ես <<ախ ու վիշ>> անում,
Դատարկ բաներով այդպես վշտանում։
Քառասուն տարվա բանաստեղծներ ենք,
Նոր պիտի նստենք ու դաս սովորե՞նք...

- Եվ բանաստե՞ղծ ես դու քեզ համարում,-
Կարենն է հանկարծ զրույցին խառնվում...

-Ի՞նչ, մի՞թե, իրո՞ք, դու դեռ չգիտես,
Որ ինձ բանաստեղծ չեմ համարում ես։
Երբ հարցնում են` բանաստե՞ղծ ես դու,
Ասում եմ` չէ՛ մի, բանաստեղծացո՛ւ...

10.08.82, Ստեփանակերտ
  

ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ

Քայլում ենք նորից հոգնած փողոցով
Ես ու Պարգևը։ Պարգևի ձեռքին
Լ. Հովակիմյանի <<Բարի անձրևն>> է։
Բարի՞ անձրևը...
Իսկ չա՞րս... որն է։
Անձրևը...
                        Հանկարծ խենթ որոտներով
Մթագնում է երկինքը խաղաղ,
Անձրև է տեղում,
Անձրև` հորդ ու խենթ...

- Վազե՜նք...
                        Վազում  ենք
Ու մայթերը թաց
Լուռ մտմտում են մեր ոտքերի տակ,
Իսկ անձրևն անգութ
Շարունակում է քրքրել նորից
<<Բարի անձրևի>> թրջված էջերը։
Ի՜նչ է մտածում այդ անիծյալը,
Մի՞թե նա <<բարի անձրևին>> անգամ
Հանգիստ չի տալու։
Ո՜ւր մնաց` <<չարին>>։
Կամ էլ` գուցե... մեզ։
Կամ էլ` գուցեև
Ինքն է <<չար անձրև>> կոչեցյալը հենց։

- Վազե՜նք...
Վազում ենք
Ու մայթերը թաց
Լուռ մտմտում են մեր ոտքերի տակ։
Գրախանութի շենքի մոտ ենք ու...
- Մտնե՛նք,- ասում եմ...
- Է՛հ, այս խելագար ու խենթ անձրևին
Ի՜նչ գիրք գնելու ժամանակ է ո՛ր...
- Մտնե՛նք,- նորից եմ համառում,-
Մտնե՛նք...
Մտնում ենք։ Վերցնում
Մովսես Յախշունցի <<Անձրևից հետոն>>
Ու նորից փողոց`
<<Անձրևից հետոն>>
Հորդ անձրևի տակ թերթելու համար։
Թող տեսնի խենթը ու քիչ մեղմանա,
Թող զգա, որ ինքն ինչքան համառի,
Ինչքան նենգ լինի`
Հիմա անձրև է`
Հետո... <<անձրևից հետո>> կլինի...
  

<<ԽՈՐԵՆԱՑՈՒ ՀԵՏ>>

Քառասուն տարի առա՞ջ էր։ Ե՞րբ էր...
Գրախանութում
Խորենացի էր վաճառվում նորից`
<<Հայոց պատմություն>>։
Իսկ մենք զբաղված` մի օր` ստուգարք,
Մի օր` սեմինար, մի օր` քննություն,
Ու չհասցրինք։
Իսկ մի օր էլ, երբ ժամանակ գտանք
Մենք գրախանութ մտնելու համար`
Խուլ դարակներում
Սուրբ Խորենացու
<<Հայոց պատմություն>> մատյանը չկա՜ր...

...Անցել է ուղի՜ղ... քառասո՛ւն տարի։
Գրախանութում
Հիմա էլ նորից
Խորենացի է վաճառվում...
- Պարգև՛,-
Ասում եմ,- գնա՜նք ու Խորենացի գնենք...
Պարգևն էլ.
- Զբաղված եմ, է՜, հետո՛ կգնենք...
- Հետոն գալիս է,- ասում  եմ,- այո՛,
Բայց ո՛ւշ է գալիս։
Հիմա էլ եթե չգնենք` պիտի
Սպասենք հետո՛ գնելու համար,
Քառասո՛ւն տարի հետո, լսո՞ւմ ես։
Քառասո՜ւն տարի՛...
  

ԳՐԱԽԱՆՈՒԹԻ ՄՈՏ

Ես ու Պարգևն ենք։
Գրախանութի մոտ կանգնել ենք լուռ
Ու սպասում ենք`
Կարենն, ուր որ է, պիտի երևա...

Հանկարծ մի աղջիկ
Երկու գրքույկ է ձեռքին
Դուրս գալիս գրախանութից։
Այստեղ Պարգևը չի դիմանում ու...
- Օրիո՛րդ, մի վայրկյան կարելի՞ է Ձեզ...
- Չէ՛, չի կարելի` ո՛չ մի վայրկյան էլ...
- Բայց ես անպայման պիտի ասեմ, որ...
- Դե, լա՛վ, ասացե՛ք,- տեղի է տալիս։
- Գրքերից բացի դուք պետք է նաև
Ակնո՛ց գնեիք։
- Ինչո՞ւ,- հեգնախառն ժպիտն է կախվում
Հարցումից նրա։
- Դե, որովհետև... կարճատես եք Դուք...
- Ինչի՞ց իմացաք...
- Գրախանութում <<Տերյան>> կար, ազատ,
Իսկ Դուք թողել ու... այդ ի՜նչ եք գնել...

02.08.82, Ստեփանակերտ


ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ
ԿԱՄ` PARODIA ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ
<<ԱԽՐ ԵՍ ԻՆՉՊԵ՞Ս...>> ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ

Ախր ես ինչպե՞ս թողնեմ ու գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։
Ախր ուրիշ տեղ տագնապներ չկան,
Ախր ուրիշ տեղ ստուգարք չկա,
Ախր ուրիշ տեղ քննաշրջանում
Կամա-ակամա խորովվել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա։

Ախր ես ինչպե՞ս թողնեմ ու գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։

Ախր ուրիշ տեղ Նինաներ չկան,
Սեդաներ չկան, Զինաներ չկան,
Ու <<պտըտորված>> Մարինե չկա։
Ախր ուրիշ տեղ
Մեզ թև ու թիկունք Լենսերներ չկան,
Գայանե չկա, Մարիետա չկա,
Ժ ու Դ չկա։

Ախր ուրիշ տեղ` տեղահան եղած`
Եկած` ուսերով մեր կուրսին հենված
Ուրիշ կուրս չկա։
Ախր ուրիշ տեղ, մեր դասախոսներ,
Ձեզ նման բարի, անշահախնդիր,
Պարզ ու հասարակ էակներ չկան։

Ախր ես ինչպե՞ս թողնեմ ու գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ձեզ...

10.04.86, Ստեփանակերտ