Լռության րոպե
(պոեմ)

2000

Լռության րոպե
             
                Արցախյան պատերազմի նահատակ                                        համագյուղացիներիս հիշատակին

             Դուք մեզ մի՜ կոչեք անհայտ կորածներ, 
                           Խնդրո՛ւմ ենք, մարդի՜կ։ 
                           Դուք մեզ հիշեցե՛ք։ 
             Մեր անունը դուք պահեք ձեր սրտում 
                            Ու սպասեք մեզ՝ 
                            Մենք մի օր կգա՛նք։ 
                            Կգա՛նք, 
              Չէ՛ որ մենք ապրո՛ւմ ենք ու կա՛նք... 


ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ

Եվ պիրկ ձգվում է լռության րոպեն,
Անլուր ծանրանում հոգուս ծալքերում...
Սիրտ է քրքրում տվայտանքի թե՞-ն, 
Որ տառապանքս է անտարբեր քերում։

Տխուր եմ, ցավիս սարերն են փլվել,
Մենակ եմ հիմա, սակայն ոչ անհույս,
Եվ ժամանակի դավին անտարբեր
Նոր շիվ է աճում տապալված կաղնուց։

...Թուրքը եկել է հասել Կոճողոտ,
Մեր օջախին է տիրանալ ուզում,
(Օ՜, ճակատագիր՝ դառն ու անողոք,
Քմահաճորեն ո՜նց ես հանդուրժում...

Ո՜նց ես թողնում, որ սուրբ երազը մեր
Անհույս թպրտա, կրնկահարվի,
Եվ հագուրդ տալով կրքերին իր նեռ՝
Թուրքը լիաթոք հիանա, հրճվի)։

Ու ելան անվախ տղաները մեր,
Հոգում վառ սերը հայրենի հողի,
Որ ավերակեն բերդերն «անառիկ»,
Որջերը՝ մեր շենն ասպատակողի...

Ու ելան... Սակայն արյուն էր, ավեր, 
Եվ պատերազմում աշխարհակործան
Ընկան տղերքը՝ սրտերում՝ արև,
Սրտերում՝ գարուն, երազն՝ իրական...

- Արթուր Շուրայի Դանիելյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Գուրգեն Շուրայի Վարդանյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Մերուժան Սուրենի Սարգսյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Աշոտ Ռոբերտի Ավետիսյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Գարիկ  Փարավոնի Հայրիյա՛ն...
- Ե՛ս եմ...
Կարոտել եմ, մա՜...

- Հրանտ Յուրայի Խաչատրյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Ռոբերտ Ռաշիդի Շամիրյա՛ն...
- Ե՛ս եմ...
Մայրս հիվանդ էր՝ անկողնուն գամված,
Բայց հայրենիքս թանկ էր ավելի...
Հայրս դիմանալ չկարողացավ...
Մայրս էլ գնաց...

- Մեխակ Զավենի Դանիելյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Բորիս Միշայի Սիմոնյա՛ն...
- Ե՛ս եմ...
Բալե՛քս, ո՞նց եք առանց ինձ...

- Արթուր Ռազմիկի Թադևոսյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Մանվել Արտուշի Վարդանյա՛ն...
- Ե՛ս եմ...
- Ազատ Շահենի Խաչատրյա՛ն...
- Ե՛ս եմ...
Դստրիկս ծնվեց, իսկ ես... չկայի, 
Բայց ի՛մ կամքով է նա Ազատուհի...

- Կամո Ալբերտի Ադամյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Արարատ Ալեքսեյի Վանյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Անդրանիկ Արսենի Գրիգորյա՛ն...
- Ե՛ս եմ...
Ներո՞ւմ եք, որ ձեզ «խաբեցի»
Ու էլ ետ չեկա...
Ներո՞ւմ եք, ասե՛ք, թե՞ խռով եք դեռ։

...Ընկան, որ մնան,
Ընկան, որ հիշվեն։
Որ սերունդները մի՜շտ հպարտանան։
...Իսկ երկարում է լռության րոպեն։


ԵՎ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՐԹՈՒՐԸ ՀԱՆԿԱՐԾ 
ԱՌԱՋԻՆՆ ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵԼ ՍԿՍԵՑ.

                                                                                                    ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
   Արթուր Շուրայի Դանիելյանը ծնվել է 1966-ի փետրվարի 11-ին։ Միջնակարգն ավարտելուց հետո սովորել է Երևանի թիվ 11 պրոֆտեխուսումնարանում՝ տիրապետել լուսանկարչական արվեստին։ Այնուհետև զորակոչվել է Խորհրդային բանակ, ծառայել որպես զենիթահրթիռային կայանքի հրամանատար։ Երբ սկսվել է Արցախյան համազգային շարժումը՝ բոլորանվեր ձուլվել է սրբազան պայքարին։
   Զոհվել է 1992-ի մարտի 10-ին, Սրխավենդի անհավասար մարտում։
                                                                           
- Առաջին շարքում ե՛ս պիտի լինեմ,
Ես պիտի լինեմ մարտո՜ւմ առաջին։

Առաջին մարտում, ինչ էլ որ լինի, 
Ես պիտի կռվեմ շարքո՜ւմ առաջին։

Իսկ թե առաջին մարտում պիտ ընկնեմ՝
Թող ընկնեմ միայն շարքո՛ւմ առաջին...


ԵՎ ԳՈՒՐԳԵՆՆ ԱՍԱՑ.

                                                                                                    ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
   Գուրգեն Շուրայի Վարդանյանը ծնվել է 1968-ի մայիսի 18-ին, Մինգեչաուր տեղափոխված կոճողոտցու ընտանիքում։ Ավարտել է Երևանի մեքենաշինական տեխնիկումը, իսկ 1986-88-ին ծառայել  Խորհրդային  բանակում։  Զորացրվելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ, ամուսնացել ու որոշ ժամանակ անց տեղափոխվել Ստեփանակերտ, աշխատանքի անցել կոնդենսատորների գործարանում։ 1991-ից Արցախյան շարժումն իր ալիքների մեջ առավ նաև նրան։
   Զոհվել է 1992-ի հունիսի 10-ին, Չարեքտարում։

- Երջանկությունս, իմ Արցա՛խ աշխարհ,
Քո անունն է լույս՝ իմ բախտի սյունը,
Ապրել քեզ համար, կռվել քեզ համար,
Զոհվել քեզ համար՝ երջանկություն է։

Ապրում եմ կյանքում միշտ քո հավատով,
Ու քո՛ սիրով եմ շնչում ես կյանքում,
Քայլում լուսաշող քո՛ ճանապարհով,
Արցախյան երկրի հանրապետություն։

Դժվար է ապրել առանց հավատի,
Հավատը պետք է դրոշ դարձնել,
Հավատով հաղթել նենգին, տմարդին,
Եվ անհավատին հավատքի բերել։

Երջանկությունս հենց այս է, որ կա,
Երջանկությունս ազատ ապրելն է,
Երջանկությունս կյանքն է արևկա
Ու մարդկանց ճամփին միշտ արևելն է։

Դու՛ ես, Արցախ իմ, երջանկությունս,
Սե՛րս, երա՛զս, հավատս դո՛ւ ես,
Ես՝ ի՞նչ՝ նույնիսկ կես ակնթարթ չկամ, 
Իսկ դու մի ամբողջ հավերժությո՜ւն ես...


ՄԵՐՈՒԺԱՆՆ ԱՍԱՑ.

                                                                                                    ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
   Մերուժան Սուրենի Սարգսյանը ծնվել է 1966-ի հուլիսի 31-ին։ Միջնակարգն ավարտելուց հետո ծառայել է Խորհրդային բանակում, այնուհետև աշխատանքի անցել Մարտակերտի թիվ 28 շրջիկ-մեքենայացված շարասյունում։ 1990-ից գյուղի ֆիդայական ջոկատի կազմում էր։ Պահակություն է արել սահմանային գոտում, մասնակցել մի շարք մարտերի։ 
   1992-ի հունիսի 10-ին վիրավորվել է Չարեքտարում, մահացել է Երևանի Նոր-Նորքի 3-րդ զանգվածի հիվանդանոցում՝ հունիսի 21-ին։

- Ես մարտի կելնեմ առավոտ ծեգին,
Իմ ընկերներով կգնամ առաջ,
Իմ ընկերները՝ արծիվներ արի,
Չգիտեն անկում, չգիտեն նահանջ։

...Իսկ թե ինչ որ տեղ ինձ դարանակալ
Մահն է սպասում ժանիքը սրած՝
Թող շատ չշտապի՝ պարտք ունեմ ես դեռ,
Պարտքս կատարեմ՝ թող գա ինձ այցի...

(Կարծում եք՝ պարտքս լա՞վ կատարեցի)։


ԱՇՈՏԸ ՇԵՇՏԵՑ.

                                                                                                    ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
   Աշոտ Ռոբերտի Ավետիսյանը ծնվել է 1967-ի սեպտեմբերի 3-ին, Մարտակերտ քաղաքում։ Սովորել է Ներքին Հոռաթաղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանում, ծառայել խորհրդային բանակի տանկային զորքերում։ Շարժման սկզբից ընդգրկվել է մարտակերտի ինքնապաշտպանական ջոկատի կազմում։ Որպես տանկի նշանառու մասնակցել է շրջանի մի շարք գյուղերի ազատագրման համար մղված մարտերին։ 
   Զոհվել է 1992-ի հուլիսի 15-ին, Մաղավուզի բարձունքներում ծավալված մարտում։

- Մենք մարտերի մեջ կոփված 
Եղբայրությո՜ւնն ենք սիրում...

Երբ որ տված ուս-ուսի
Մարտնչում են քաջարի
Ընկերները դիրքային,
Նրանք կարող են հաղթել 
Նույնիսկ զորեղ թշնամուն։
...Ու ելնում ենք քաջաբար
Թուրքերի դեմ մոլեգնած։

Թող  չկարծեն իմ երկրի
Չարեկամները բոլոր,
Թե քնած ենք մենք այստեղ,
Նրանք թող լավ իմանան՝
Գիշերները չի քնում
Հայրենիքի զինվորը,
Զգոն աչքով հսկում է
Խաղաղությունն Արցախի։
Մենք պայքարով ձեռք բերված
Խաղաղությունն ենք սիրում։

...Այո՛, ապրում եք այսօր
Խաղաղ կյանքով, առանց... մեզ,
Եվ ոչ ոք չի՛ խանգարի
Ձեր այս խաղաղ երթը, ձե՛զ։
Բայց թե հանկարծ թուրքը սև
Բանակներով նորից գա՝
Մենք զինավառ կնետվենք՝
Գոցենք երախը նրա։

Որ արյունով ձեռք բերված
Խաղաղությունը մնա...


ԵՎ ԳԱՐԻԿՆ ԱՍԱՑ.

                                                                                                    ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
   Գարիկ Փարավոնի Հայրիյանը ծնվել է 1971-ի հոկտեմբերի 9-ին։ Միջնակարգն ավարտելուց հետո անմիջապես ընկել է Արցախյան շարժման հորձանուտը, միաժամանակ՝ սովորել Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում։ 1989-ին զորակոչվել է խորհրդային բանակի շարքերը։ Զորացրվելուց հետո գյուղի ֆիդայական ջոկատի կազմում մասնակցել է Մարտակերտի, Հասանղայայի, Մարաղայի, Բաշ-Գյունեփայայի և Սրխավենդի մարտերին։
   Զոհվել է 1992-ի հուլիսի 30-ին, Չափար գյուղի պաշտպանության համար մղված թեժ մարտում։

- Մեր հի՜ն հողի վրա թուրքի հետքե՞ր,
Մեր հի՜ն գյուղում հիմա թո՞ւրքն է նստել,
Մենք քնո՞վ ենք անցել՝ հնչե՛ք, զանգե՜ր,
Թե արթուն ենք՝ ո՞ւր է կռիվը մեր։

Հնչե՛ք, զանգե՜ր, հնչե՛ք, գնանք ի մարտ, 
Հնչե՛ք, զանգե՜ր, քանի ջահել ենք մենք,
Հնչե՛ք, զանգե՜ր, էլի թող շատանանք,
Հնչե՛ք, զանգե՜ր, մենք դեռ պետք է կռվենք։

Մեջքը մեր չի ճկվի երբեք մարտում,
Մենք դեռ պետք է կռվե՛նք, պետք է կռվե՛նք,
Ծունկ չե՛նք չոքի երբեք, զանգակատո՜ւն,
Զա՜նգ հնչեցրու, գնանք կռվենք-մեռնե՛նք։

Գնանք կռվենք-մեռնենք, հաղթենք ու գա՛նք,
(Եվ կսազի՞, արդյոք, մեզ պարտություն,
Մենք եղե՛լ ենք անպարտ, եղե՛լ ենք, կա՛նք),
Զա՜նգ հնչեցրու, գնանք, զանգակատո՜ւն...


ԵՎ ՀՐԱՆՏՆ ԱՍԱՑ.

                                                                                                    ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
   Հրանտ Յուրիի Խաչատրյանը ծնվել է 1971-ի փետրվարի 21-ին։ Միջնակարգն ավարտելուց հետո անմիջապես ընկել է Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ծառայել Խորհրդային բանակում, այնուհետև սովորել Ներքին Հոռաթաղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանում։ 1992-ից, գյուղի ֆիդայական ջոկատի կազմում, մասնակցել է մի շարք ռազմագործողությունների (Աղդաբան, Քելբաջար, Մարտակերտ, Կիչան, Չափար)։
   Զոհվել է 1992-ի օգոստոսի 22-ին, Դրմբոն գյուղի մերձակայքում։


- Ինձ ցավ տուր,
Ես ցավը հեշտ եմ տանում։
Տառապանքը, որ ծնվել է սիրուց,
Իմ սիրտն է։
Իսկ առանց սրտի՝
Մեռնելը դժվար է խիստ։
...Ապրե՞լը՝
Անիմաստ  ու սին։

...Իսկ տառապանքս՝
Իմ Արցախն է հեգ...


ՌՈԲԵՐՏՆ ԸՆԴՀԱՏԵՑ ՀՐԱՆՏԻՆ,
                                         ԱՍԱՑ.


                                                                                                    ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
   Ռոբերտ Ռաշիդի Շամիրյանը ծնվել է 1967-ի փետրվարի 12-ին։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, ծառայել Խորհրդային բանակի շարքերում։ Երբ սկսվել է Արցախյան ազգային ազատագրական շարժումը՝ անմիջապես անդամագրվել է գյուղի նոր կազմավորված կամավորական ջոկատին։ Մասնակցել է մի շարք մարտերի։
   Զոհվել է 1993-ի հունվարի 20-ին, հայրենի գյուղի պաշտպանության ժամանակ, հակառակորդի օդուժի հերթական ռմբակոծության հետևանքով։

- Արցախը հեգ չէ,
Ոսոխին տեգ է,
Ոսոխի սրտին՝ սուր ու դանակ,
Արցախը հուր է, 
Թշնամուն՝ սուր է,
Թշնամու մուխը մարող բանակ։

Անհո՛ւն է, խե՛նթ է,
Բռո՛ւնցք է, զե՛նք է,
(Արցախում՝ կռի՞վ, ավեր-ավա՞ր...)։
Եվ նա չի՛ պարտվի, 
Ոնց Ավարայրի
Մեր այն հի՜ն կռվում օրհասական։
Ո՛չ, նա չի՛ պարտվի, 
Կկանգնի ոտքի՛,
Կկապի որդու՝ Դավթի* գոտին,

Որ գետնի նրան
Մի ակնթարթում՝
«Յոթ-միլիոնանոց» իր ոսոխին...

...Տեսա՞ր, ոնց գետնեց ու չոքեց բկին։
Ասում էի, չէ՞...

______________
  *Հեղինակը նկատի ունի հայկական էպոսի գլխավոր հերոս Սասունցի Դավթին։


ՄԵԽԱԿԸ ԽՈՍԵՑ ՍԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ,                                                 ԱՍԱՑ.

                                                                                                    ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
   Մեխակ Զավենի Դանիելյանը ծնվել է 1960-ի հոկտեմբերի 18-ին։ 1978-ին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, իսկ 1980-82-ին՝ ծառայել Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո ավարտել է Մարտակերտի ավտոդպրոցը, աշխատանքի անցել շրջկենտրոնի շինարարական բրիգադում։ 1990-ից նվիրվել է Արցախյան ազատագրական պայքարին, իր ազատամարտիկ ընկերնեի հետ մասնակցել մի շարք մարտերի։
   Զոհվել է 1993-ի փետրվարի 4-ին, հայրենի գյուղի ազատագրման համար մղված մարտում։

- Մեր սարերը վեհ սարեր են,
Հրաշքներ են մեր սարերը,
Մարմնավորված երազներ են,
Մուրազներ են մեր սարերը։

Մեր սարերը վահաններ են,
Մերկ թրեր են մեր սարերը,
Մեզ համար են հավերժ կանգնել
Մեր թև-թիկունք՝ մեր սարերը...

ԲՈՐԻՍԸ ԽՈՍԵՑ ՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ,                                                ԱՍԱՑ.

                                                                                                    ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
  Բորիս Միշայի Սիմոնյանը ծնվել է 1958-ի դեկտեմբերի 19-ին։ Գյուղի ութամյա դպրոցն ավարտելուց, 1974-77-ին, սովորել է Ներքին Հոռաթաղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանի մեխանիզացիայի բաժնում, 1977-79-ին՝ ծառայել Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո ամուսնացել է և անմիջապես աշխատանքի անցել հայրենի գյուղի տնտեսությունում ու մինչև Արցախյան շարժման սկիզբը կատարել տրակտորիստ-կոմբայնավարի պարտականությունները։ Շատերի պես նվիրվել է համաժողովրդական պայքարին։
   Զոհվել է 1993-ի ապրիլի 14-ին։

- Քարե՛ր իմ, հայրենի՜ քարեր,
Ինչպե՞ս խոսեմ ձեր հանդեպ ունեցած
Իմ ապրումների, խոհերի մասին։
Բայց ինչպե՞ս լռեմ,
Չասե՞մ, որ առանց ձեզ չեմ կարող ապրել...
Որ ձեր սիրով եմ շնչում, թև առնում,
Իմ լեռնաշխարհը հոգուս հետ կապող
Հայրենի՛ քարեր...


ԻՍԿ  ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐԸ ԱՍԱՑ.

                                                                                                    ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
   Արթուր Ռազմիկի Թադևոսյանը ծնվել է 1975-ի մարտի 1-ին, Մարտակերտ քաղաքում բնակություն հաստատած կոճողոտցու ընտանիքում։ Սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Ընտանիքով Կոճողոտ տեղափոխվելուց հետո՝ 1992-ին  ավարտել գյուղի միջնակարգն ու անմիջապես էլ զինվորագրվել տեղի կամավորական ջոկատին, մասնակցել բազում մարտերի։
   Զոհվել է 1993-ի ապրիլի 15-ին։

- Եվ հավերժության խորհուրդն է ահա՝
Մեզնից առաջ են լեռներն այս ծնվել 
Ու մեզ հետ ապրում, կանգուն են հիմա,
Մեզնից հետո էլ դեռ պիտի ապրեն
Դարերում գալիք՝ հավիտյան անմահ։
...Մենք՝ մահկանացու, բայց անմահացանք
Մահո՜վ իմացյալ...


ԻՍԿ ՄԱՆՎԵԼՆ ԱՍԱՑ.

                                                                                                    ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
   Մանվել Արտուշի Վարդանյանը ծնվել է 1974-ի սեպտեմբերի 23-ին։ 1981-ից հաճախել է դպրոց, սովորել մինչև 7-րդ դասարանը։ 1992-ից  ծառայության է անցել «Միրուքի» (Ռաֆիկ Սայիյան), իսկ այնուհետև՝ «Խալաստոյի» (Արկադի Շիրինյան) գումարտակներում, կատարել բոլոր առաջադրանքները։
   Զոհվել է 1993-ի հուլիսի 5-ին, Մաղավուզի բարձունքներում մղված հերթական մարտում։

- Ծերանում են լեռները մեր, 
Կծերանանք նաև մենք,
Բայց մնում են լեռները դեռ,
Իսկ մենք կյանքից գնում ենք։

Հրաշք լիներ, այնպես լիներ՝
Մենք էլ հավերժ մնայինք,
Մեր լեռներին թիկն տված
Կյանքում անվերջ ապրեինք։

...Բայց չտրվեց ինձ ծերանալ,
Ընկա մարտի թեժ պահին,
Որ բարի օր, բարի գարուն 
Բացվի Արցախ աշխարհին...


ԻՍԿ ԱԶԱՏՆ ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵԼ ՍԿՍԵՑ,
ԴԻՄԵԼՈՎ ԿՆՈՋՆ՝ ԻՐ ԹԵՐԵԶԱՅԻՆ.

                                                                                                    ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
   Ազատ Շահենի Խաչատրյանը ծնվել է 1970-ի փետրվարի 5-ին։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ ձեռք բերել վարսավիրի մասնագիտություն։ 1988-90-ին ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ամուսնացել ու տեղափոխվել է Ստեփանակերտ։ Զինվորագրվել է ռազմական նորոգման-վերականգնման առանձին գումարտակում, մասնակցել Ղազանչի, Չլդրան, Կիչան և այլ գյուղերի համար մղված մարտերին։
   Զոհվել է 1993-ի հոկտեմբերի 17-ին, «Ցեխ-ձորում»։

- Կարծես թե երբեք ինձ չես տեսել,
Չենք սեղմվել իրար երբեք կյանքում,
Բայց... հանդիպում եմ քեզ հետ միշտ էլ 
Երազներիդ մեջ՝ քուն, թե արթուն։

Շրջում ենք մեկտեղ գիշեր-ցերեկ
Մեր Կոճողոտում՝ Աստծո թաս,
Ես պատմում եմ քեզ մարտերից թեժ,
Բայց արթնանում ես՝ թախծում՝ «չկա՜ս»։

Իսկ ասում են, թե Ցեխ-ձորում, ես...
Իբր... զոհվել եմ արկից այն կույր,
Մի՞թե ճիշտ է դա, ճի՞շտ  է, Թերե՛զ,
Ես չե՛մ հավատա երբեք կյանքում։

Ես ապրո՛ւմ եմ, կա՛մ, ես չե՛մ զոհվել,
(Ստո՛ւմ են նրանք, ստո՛ւմ, անգի՛ն),
Ես հանդիպո՛ւմ եմ քեզ հետ միշտ էլ
Քո երազների ճանապարհին...

...Բայց մոռացա՛ քեզ հիշեցնել,
Որ... լա՜վ նայես մեր երեխային...


ԵՎ ԽՈՍԵՑ ԿԱՄՈՆ.

                                                                                                    ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
  Կամո Ալբերտի Ադամյանը ծնվել է 1959-ի հոկտեմբերի 4-ին։ Ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի հաշվապահական բաժինն ու աշխատանքի անցել հայրենի գյուղի տնտեսությունում։ Արցախյան շարժման զինված պայքարի փուլն սկսվելուն պես նա ևս հայտնվել է համագյուղացի ազատամարտիկների շարքերում։ Եղել է Վանք գյուղի պաշտպանական դիրքերում, Քելբաջարի շրջանում։
   Զոհվել է 1993-ի դեկտեմբերի 27-ին, Մաղավուզի մատույցներում։

- Իմ վիրավոր աչքերի մեջ
Քո պատկերն է, հայրենի՛ք,

Քո անունը իմ շուրթերին
Դարձել է թո՜ւյլ թիթեռնիկ։

Թպրտում է, թևահարում,
Մղձավանջ է, և կարծես,
Մթնում է լուռ աշխարհն իմ դեմ
Ու... փլվում եմ հողին ես։

Բայց՝ մի վայրկյան։ Սթափվում եմ
Եվ հրազենը ձեռքիս՝
Ոտքի ելնում՝ նետվում առաջ՝
Ընկերներիս ետևից...


ԵՎ՝ ԱՐԱՐԱՏԸ.

                                                                                                    ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
  Արարատ Ալեքսեյի Վանյանը ծնվել է 1971-ի փետրվարի 2-ին։ Հայրենի գյուղի միջնակարգն ավարտելուց հետո սովորել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի անասնաբուժական բաժնում, 1989-91-ին՝ ծառայել Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո գյուղի ֆիդայական ջոկատի տղաների հետ մասնակցել է շրջանի մի շարք գյուղերի ազատագրմանը։
   Զոհվել է 1993-ի դեկտեմբերի 27-ին, Մաղավուզի մերձակայքում, ականի պայթյունից։

- Թեժ մարտերի մեջ կոփված
Տղաներով մենք արի
Կրկին ելնո՛ւմ ենք, ահա,
Թուրքերի դեմ կատաղի։

Կրկին ելնում ենք, ու թող
Լա՛վ իմանա թշնամին,
Որ ինչքան էլ համառի՝
Չի՛ տիրանա Արցախին։

Մինչև շո՛ւնչը մեր վերջին,
Վերջին կաթի՛լը արյան,

Հանուն մեր լույս գալիքի՝
Կմարտնչե՛նք անվարան...


ԻՍԿ ԱՆԴՐԱՆԻԿԸ
ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԻՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ,
ԳՆԱՑ՝ ԱՍԵԼՈՎ.

                                                                                                    ԿԱՐՃ ՏԵՂԵԿԱՆՔ.
   Անդրանիկ Արսենի Գրիգորյանը ծնվել է 1967-ի հունիսի 8-ին։ Հայրենի գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանն ավարտելուց հետո Ներքին Հոռաթաղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանում ստացել էլեկտրաեռակցողի մասնագիտություն, բայց խաղաղ աշխատանքով զբաղվելու բախտը վիճակված չէր նրան։ Արցախյան շարժման հորձանուտում էր հենց առաջին օրերից։ Տիրապետում էր զենքի բոլոր տեսակներին։ Մասնակցել է Քելբաջարից մինչև Ղուբաթլու մղված ռազմական բոլոր գործողություններին։ Վիրավորվել է բազմաթիվ անգամ։
   Զոհվել է 1994-ի ապրիլի 18-ին, Հասանղայայի համար մղված կատաղի մարտում։

- Ընկերներս այնտեղ՝
Մարտադաշտում ահեղ,
Ես չե՛մ կարող մնալ, 
Ես գնո՜ւմ եմ, մայրի՛կ։

Չնեղանա՛ս ինձնից,
Որ թողի քեզ մենակ, 
Ես ե՜տ կգամ մի օր,
Ես ե՜տ կգամ։

Դու սպասի՛ր հույսով,
Դու սպասի՛ր, մայրի՛կ,
Հաղթանակի՛ն մեր մեծ
Ու քո որդուն։

Ես ե՜տ կգամ մի օր,
Ես ե՜տ կգամ։

Իսկ թե հանկարծ...
Հանկարծ եթե... չգամ՝

Դու չլացե՜ս, մայրի՛կ,
Դու կսպասես հույսո՛վ,
Ես ե՜տ կգամ,
    Կգա՜մ,
         Կգա՜մ,
            Կգա՜մ...


...ՈՒ ԵՍ ԱՅԼԵՎՍ ՉՀԱՄԲԵՐԵՑԻ.

- «Կգա՜մ»... Չեկա՛ր սակայն։
Բայց նեղացա՞նք քեզնից,
Խռովեցի՞նք քեզնից, եղբա՜յր, զինվո՛ր...
Ո՛չ, սիրեցի՜նք մենք քեզ,
Սպասեցի՜նք միշտ քեզ՝
Հուշաքարի տեսքով եկար մի օր։

Եկար ու կանգնեցի՜ր։
Եկար ու... հառնեցի՛ր։
Եկար ու մնացի՜ր երազիս մեջ։
Եկար՝ անխոս ու լուռ,
Դու՝ իմ ցավի մրմուռ,
Որ տառապեմ երկա՜ր, անհո՜ւյս, անվե՜րջ...
Եկա՜ր, դու, իմ կարո՛տ,
Չգալ չէիր կարող,
(Չգա՞լ՝ ինչպե՜ս եմ ես... համարձակվում)...
Դու կե՛սն ես իմ սրտի,
Իմ մեջ ապրե՜ս պիտի,
Ինձ հետ քայլե՜ս պիտի իմ օրերում...


ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ  ԿԱՐԳՈՎ

...Եվ դադարում են «ընդհատումները», 
Տղաները էլ ոչինչ չեն «ասում»,
Իմաստազուրկ են թվում բառերը,
Որ... նահանջում են, քաշվում, նվազում։

Ու տղաները գնում են նորից,
Որ ամուր պահեն իրենց... դիրքերը,
Իսկ անդառնալի կորստյան ցավից
Դեռ մղկտում են հարազատները։

«Կանգնած են» տղերքն՝ անհողդողդ, անքեն,
Որ կայուն լինի խաղաղությունը...
...Եվ ավարտված է լռության րոպեն,
Բայց լռությունը շարունակվում է։

2000, Ստեփանակերտ