Արփին խաղում է բակում

 Արիս Արսենի, Արփին խաղում է բակում (մանկական բանաստեղծություններ), նկարազարդ, Երևան, «Նովել» հրատ., 2026, 16 էջ, տպ. 150 օր.։

«Արփին խաղում է բակում» մանկական բանաստեղծությունների ժողովածուն հեղինակի 26-րդ գիրքն է, մանուկների համար գրված՝ 2-րդը, նախատեսված է նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար:


________________________________________________________________


ՀԱՃԵԼԻ ԵՂԱՆԱԿ

Այսօր գարնան
Վերջին օրն է,
Մաքուր օդ:

Վաղն ամառ է,
Վաղն արև է,
Տապ ու տոթ:

Ես գնում եմ
Բակում կրկին
Խաղալու:
 
Դրսում վաղն է
Դեռ տապ ու տոթ
Լինելու:



ՁՅՈՒՆ-ԾԱՂԻԿԸ՝ ՁՆԾԱՂԻԿԸ

Ձյունն ու գարունն
Իրար դեմ են,
Համարյա թե՝ թշնամի,
Բայց մի ծաղկում
Միացել են՝
Դարձել քնքուշ ձնծաղիկ:

Ձմեռն ինչքան
Կոպիտ, դաժան՝
Ջուր է գարնան աչքերում,
Բարի լուրը
Հաղթած գարնան՝
Ձնծաղիկն է միշտ բերում:



ԱՐՓԻԻ «ՊԱՀՄՏՈՑԻՆ»

Եկեք խաղանք
Պահմտոցի,
Պահվենք շենքում
Հին դպրոցի:

Դուք թաքնվեք,
Իսկ ես գնամ,
Իմ քեռիենց
Տանը մնամ:

Տեղս չասեմ,
Թող չիմանան,
Փնտրեն երկար,
Անվերջ ման գան:

Պապի՛, տատի՛,
Լավ կփնտրեք,
Այնպես փնտրեք,
Որ ինձ գտնեք:

Չգտնեք էլ`
Ոչինչ, ոչինչ,
Չեմ կորչելու,
Տուն եմ գալու:



ԱՐՓԻՆ ԵՄ ԵՍ

Բակ եմ իջնում
Ես խաղալու,
Համ էլ մարդկանց
Բարևելու:
 
Մոտենում եմ`
Ասում.
— Բարև,
Ես Արփին եմ`
Ձեր հարևան,
Պե՞տք է` բերեմ
Ձեզ ինչ որ բան,-
Վազեմ խանութ,
Գնամ ջրի,
Դա ձեզ համար
Կանեմ ձրի՛:

- Դու Արփի ես,
Իսկը` արև,-
Բոլորն են ինձ
Այդպես ասում:
Իմ անունն ինձ
Շա¯տ է սազում:

...Արփին խաղում է բակում,
Բակում էլ չեն կրակում:



ՓՈՔՐԻԿ ԱՅԳԵՊԱՆԸ

Այգուն մոտիկ մեր աղբյուրից
Այնքան ջուր եմ կրել,-
Թառամում են ծաղիկները,
Չեմ հասցնում ջրել:

Լուռ կախել են աչիկները
Ծաղիկները այգում,
Ջուր հասցրեք, ծաղիկները
Տառապում են անքուն:

Սոսե, Վիկա, Մանե, ո՞ւր եք,
Ո՜նց եք հանգիստ քնել,
Թառամում են ծաղիկները,
Պետք է շտապ ջրել:

Ծաղիկներ ջան, մի թառամեք,
Ջուր ենք արդեն բերել,
Դե, մի քիչ էլ որ համբերեք`
Կարող ենք լա՜վ ջրել:

Ու արթնացան ծաղիկները,
Բացին աչիկները,
Իսկ վերևից շփոթահար
Նայում էր արևը:



ԻՄ ՄԱՅՐԻԿԸ

Իմ մայրիկը շատ լավ գիտի`
Տանը ինչ կա,
Տանն ինչ չկա,
Բայց ես էլ եմ, չէ՞, հետևում,
Մեծ աղջիկ եմ,
Փոքր հո չե՞մ:

Միասին ենք խանութ գնում,
Հարցնում եմ.
- Տանն ի՞նչ չկա,
Տանը դեղձ կա՞,
Բանա՞ն,
Խնձո՞ր,
Տատին կիտրոն
Ուզե՞լ է,
Չէ՞:

Ու առնում ենք մրգեր պես-պես՝
Դեղձ ու սալոր,
Բանան, խնձոր...
Միրգ եմ ուտում ամեն օր ես,
Վիտամին է ինձ հարկավոր:

Ձմերուկն է՛լ չմոռանանք,
Ուտենք,
Ուտենք ու կշտանանք:

Ձմերուկի՞ց:
Ո՜նց կշտանանք:



ԱՐՓԻԻ ՊԱՏՄԱԾԻՑ

Գիտե՞ք, ես արդեն
Մեկ տարեկան եմ,
Ոտքերիս վրա
Լավ էլ վստահ եմ:

Մի քանի բառ էլ
Արդեն սերտել եմ,
Ես իմ ապագան
Արդեն կերտել եմ:



ԱՐՓԻՆ ՈՒ ԾԻՏԸ

Մի ծիտ տեսա ճամփի վրա,-
Մոլորվե՞լ էր, շփոթվե՞լ,
Մոտեցա, որ քշեմ գնա,
Բայց նա տեղից չի շարժվել:

Խղճալի էր տեսքը նրա,-
Հազիվ կտուցն իր բացել
Եվ հայացքը՝ ջուր աղերսող,
Երկնքին էր լուռ հառել:

Ջուր տվեցի հսկույն նրան,
Խմեց՝ մի քիչ հովացավ,
Ուժ հավաքեց, թևավորվեց,
Թևին տվեց՝ հեռացավ:



ՍԱՐԴ-ՄԱՐԴԻԿ

Սարդը մա՞րդ է, թե՞ մարդն է սարդ,
Չեմ հասկանում ես կարգին,
Ո՞վ է հյուսում սարդոստայնը`
Մարդու համար իր դրկից:

Եվ ինչո՞ւ են մարդիկ իրար
Անում միայն վատություն,
Մտածում եմ` չեմ հասկանում
Վարքն ու հոգին ես մարդու:



ԿԱՏՈՒՆ ԵՎ ՇՈՒՆԸ

Կատուն նստել է քարին,
Լուռ նայում է նկարին:

...Հեռվում կատու նկատած
Շունն աչքերը լայն բացել,
Եվ պատրաստվում էր ցատկել
Այդ... յուղաներկ նկարից:

...Զարմանում ես ակամա`
Կատվի հանգիստ պահվածքից:



ՔԱՆԻ ՕՐ ԵՄ ԱՊՐԵ՞Լ...

— Քանի՞ օր եմ,- ինձ են հարցնում,
Ապրել Արցախ իմ աշխարհում:
 
Աշխարհ չէի եկել ես դեռ`
Իմ աշխարհն էր շրջափակվել:
Ես ծնվել եմ այդ օղակում,
Չարով լցված այդ ծուղակում:
 
Տասնինն օրս էլ երբ լրացավ`
Պատերազմը վրա հասավ:
Չար աշխարհը լուռ նայում էր,
Իսկ աշխարհս կործանվում էր:

Տուն ու տեղը մեր թողեցինք
Ու բռնա-տե-ղա-հան-վեցինք:
Բայց դեռ ետ եմ գալու նորից
Արցախն` իմ սերն` ծնված օրից:

...Վա¯յ, չասացի` քանի օր եմ...
      ...Քսաներեք,
              Ընդամենը:



ՈՒՄ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ

Զարմանում եմ ես հաճախ բայց`
Ո՜նց են տալիս ինձ նման հարց,-
Ում եմ սիրում ամենից շա՞տ,
Չե՞ք հասկացել, իրո՞ք,
հաստա՞տ:

Այս աշխարհում՝ կյանքով լիքը,
Ինձ կյանք տվեց իմ մայրիկը,
Ձեռքս բռնեց, որ չընկնեի,
Ինձ օրորեց, որ քնեի,
Ինձ ջա՜նք տվեց իմ մայրիկը,
Ապրելո՜ւ ջանք՝ իմ մայրիկը:

Եվ ուրեմն՝ ամենից շատ,
Բոլորից շատ,
Ես սիրում եմ իմ մայրիկին:

Իմ մայրիկն է ինձ օրորել
Եվ սիրելու ձիրք շնորհել:



ԱՐՓԻԻՍ
     Ծննդյան երրորդ տարեդարձի առիթով

             Դու մեծանում ես,
             Ես ծերանում եմ:

Ես մեծացել եմ՝
Էլ ո՜ւր մեծանամ,
Վաթսունյոթն անց եմ,
Շուտով կգնամ:

Դու երեք ես դեռ,
Արդե՛ն երեք ես,
Փոքրի՜կ իմ թիթեռ,
Ամեն ինչ գիտես:

Դու վաղ գարուն ես՝
Ես ուշ աշուն եմ,
Դու ինչ ասում ես՝
Ես միշտ հիշում եմ:

Ապրում՝ քո ամեն
Ժպիտով, բառով,
Քո արտասանած
Ամեն մի տառով:

Ծաղկի՛ր դու, ապրի՛ր,
Ցնծա՛, ի՜մ բալիկ,
Քեզ՝ լույս արևներ,
Քեզ՝ լուսե գալիք: